Մեկը ստացել է դանակի 13 հարված վզին եւ թոքերին, մյուսը՝ սրտին. Գավառում տուժած եղբայրների փաստաբանը մանրամասնում է

Օրեր առաջ Գավառում տեղի ունեցած արյունալի միջադեպերի հետեւանքով վիրավորում ստացածներից երկուսը, որոնք գործով ունեն վկայի կարգավիճակ, հորեղբոր որդիներ են՝ Գավառի բնակիչներ Արմեն եւ Դավիթ Հայթյանները:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նրանց փաստաբան Արմեն Մուխսիկարոյանը տեղեկացրեց, որ Արմեն Հայթյանը նախ Ազատության փողոցում է ստացել հրազենային վիրավորում ոտքի եւ որովայնի հատվածում, ապա հարձակման ենթարկվելով նաեւ հիվանդանոցում՝ ստացել է դանակի 13 հարված վզին եւ թոքերին: Մյուս եղբայրը՝ Դավիթ Հայթյանը, ըստ փաստաբանի, Ազատության փողոցի միջադեպին մասնակից չի եղել եւ որեւէ մեկի հետ կոնֆլիկտ չի ունեցել.  նա հիվանդանոց է գնացել եղբորը խնամելու, եւ հարձակման պահին գտնվելով նրա կողքին՝ ստացել է դանակի հարվածներ սրտի հատվածում:

Հիշեցնենք՝ ապրիլի 28-ին Գավառի Ազատության պողոտայում հնչել էին կրակոցներ, ինչի հետեւանքով սպանվել էր 2, վիրավորվել՝ 4 հոգի: Վիրավորներից 2-ը տեղափոխվել էին Գավառի, 2-ը՝ Երեւանի հիվանդանոցներ: Դրանից հետո, սակայն, իրավիճակը չէր հանդարտվել, եւ մարզի բնակիչները, մարզպետի խոսքով՝ մոտ 500 հոգի, շտապել էին հիվանդանոց՝ վիրավորների հետ սպանվածների համար հաշվեհարդար տեսնելու: Հիվանդանոցում գրանցվել էր 2-րդ միջադեպը. կոտրելով դռներն ու պատուհանները՝ նրանք ներխուժել էին հիվանդասենյակներ եւ վնասվածքներ հասցրել վիրավորներից մի քանիսին: Ընդհանուր առմամբ, վիրավորվել էր 5 հոգի: Առաջին բուժօգնություն ցուցաբերելուց հետո նրանք տեղափոխվել էին Երեւան: Դեպքի առթիվ Քննչական կոմիտեում հարուցվել է քրգործ սպանության, սպանության փորձի, ապօրինի զենք-զինամթերքի, գույքը դիտավորությամբ վնասելու կամ ոչնչացնելու եւ զանգվածային անկարգությունների փաստերի առթիվ: ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանի հանձնարարությամբ էլ Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում շարունակվում է ծառայողական քննությունը:

Մեր զրույցում Հայթյանների փաստաբան Արմեն Մուխսիկարոյանը որոշ մանրամասներ ներկայացրեց դեպքի հանգամանքներից՝ նշելով, որ կատարվածը կապ չունի նախկինում գրանցված սպանությունների հետ եւ չունի նաեւ քաղաքական պատճառաբանություններ. «Սա մարզում հանցավոր խմբավորման գոյություն ունենալու արդյունքն է, Վլադիմիր Գասպարյանը (ՀՀ նախկին ոստիկանապետն է,- խմբ.) եւ Վարդան Նադարյանն են (Գավառի նախկին ոստիկանապետ, Գեղարքունիքի մարզային վարչության նախկին պետ,- խմբ.) սերտ կապեր ունեցել եւ թողել, որ այս հանցավոր խումբը 1993-ից մինչ օրս գոյություն ունենա Նորատուսում»: Մուխսիկարոյանը նշեց, որ անուններ չի տալու, բայց տեւական ժամանակ եղել են սպառնալիքներ, որ «կամ պիտի մեզ հետ լինեք, կամ ոչնչանաք». «Չասեմ՝ նորատուսցիներ, ինչ-որ խմբավորում է, որ ուզել է՝ մերոնք զինվորագրվեն իրենց կլանին, հավատարիմ ծառայեն իրենց, հարկ եղած դեպքում կատարեն հանցագործության հրամաններ, բայց Արմենը հրաժարվել է, ասել է՝ ես կապ չունեմ»:

Մուխսիկարոյանի խոսքով՝ դեպքից մոտ 30-40 օր առաջ միջադեպ է եղել, որը հանգեցրել է արյունալի հետեւանքների: Թե կոնկրետ ինչ միջադեպ եւ ում միջեւ, նա չմանրամասնեց՝ նախաքննության շահերից ելնելով, միայն նշեց, որ այդ դեպքի առթիվ եւս հարուցված է քրեական գործ Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի հատկանիշներով ՝ մի խումբ անձանց կողմից դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու համար: Մուխսիկարոյանի տվյալներով՝ այդ գործով կարգավիճակ ունեցող անձ դեռեւս չկա. «Ես ուզում եմ, որ այդ գործը եվս քննվի Քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերով քննության վարչությունում, բայց դա չի արվում, կարծում եմ՝ դիտավորյալ չեն միացնում, որպեսզի կարողանան պարտակել իրենց այն գործողությունները, որոնք հանգեցրին այսպիսի բարդության»: Փաստաբանի խոսքով՝ ապրիլի 28-ին հանդիպման նախնական պայմանավորվածություն կողմերի միջեւ չի եղել. «Արմեն Հայթյանը աշխատանքի ճանապարհին է եղել,  դիմացը կտրել են 5-6 մեքենայով, եւ այդ հարձակումը եղել է, եկել են, որ նրան պատժեն, վախի մեջ պահեն, նրանք եղել են շատ, մոտ 20-25, իսկ գավառցիները՝ 2-3 հոգի, թող չասեն, թե երկկողմանի, մեծ բախում է եղել»:

Ըստ փաստաբանի՝ նրա վրա կրակել են այն սեւ մեքենայից, որը, ինչպես երեւում է տեսանյութում, գալիս է դեպքի վայր, ընթացքը դանդաղեցնում, կրակոցներ արձակում եւ հեռանում.  «Պատի վրա կա չորս գնդակ, կրակել ու անցել են, հենց պատասխան կրակոցներ են ստացել, դիմել են փախուստի, Արմենի մի ոտքը այդ ժամանակ, կարելի է ասել, չկար, լրիվ փշրված էր, դրա համար նա ի վիճակի չէր մյուս տուժածներին հիվանդանոց տանելու»: Փաստաբանի խոսքով՝ փոխհրաձգության հետեւանքով մահացածները վիրավորվելուց հետո առժամանակ ողջ են մնացել, ըստ նրա՝ եթե Շտապ օգնությունը կես ժամ հետո չգար, այլ ավելի վաղ, գուցե կարողանային նաեւ նրանց կյանքը փրկել:

Արմեն Հայթյանը եւս իր մոտ ատրճանակ է ունեցել, որը, ըստ փաստաբանի, նրան չի պատկանում. «Դա իր սեփականությունը չէ, դա նա վերցրել է ուրիշից՝ սպասելով նման իրադարձությունների, նա գիտեր, որ իր վրա հարձակվելու են, եւ եթե նախապատրաստված չլիներ, ապա նրան էլ տեղում սպանելու էին, նա դիմել է ինքնապաշտպանության. եթե Սյունիքի մարզպետի վրա կրակոցների գործով գտել են, որ կա անհրաժեշտ պաշտպանության, ապա Արմեն Հայթյանը, որի վրա զինված գալիս էին, չպիտի քրեական պատասխանատվության ենթակա անձ լինի»: Հայթյանի արձակած կրակոցից վիրավորում ստացած կա թե ոչ՝ փաստաբանը չգիտեր, ասաց՝ դա դատաձգաբանական փորձաքննությունը կպարզի. «Ամեն դեպքում, այդտեղ ոչ մի օրինական զենք չի եղել, օրինականը հաշվառված է, եւ եթե հաշվառված զենք եղել է, ապա դրա տերը եւս պիտի պատասխան տա նրա համար, որ իր օրինական զենքը հայտնվել է ուրիշի մոտ»:

Ինչ վերաբերում է հիվանդանոցի վրա հարձակման դեպքին, Արմեն Մուխսիկարոյանի խոսքով՝ չափազանցնում են, երբ ասում են, թե հավաքվածները մոտ 500-ն եղել. «Ականատես ունենք հիվանդանոցում, որ ասում է՝ եղել են 50-80 հոգի, որոնցից ներս են մտել 10-20 հոգին, մենք հիմնավոր կասկածներ ունենք, որ 1-2 ոստիկանի կողմից աջակցություն է եղել, զանգել են, կանչել հաշվեհարդար տեսնողներին, ասել՝ չուշանաք, եկեք ձեր գործն արեք, 1-2 ոստիկան, որոնք չպիտի լինեն այդ համակարգում»: Հարցին՝ դա հավաստող ապացույցներ իրենք ունե՞ն, Մուխսիկարոյանը պատասխանեց. «Չունեմ, բայց դրանք մարդկանց կողմից ասված բաներ են, նրանք  պատահական մարդիկ չեն»: Փաստաբանը իրավասու մարմիններին խնդրում է՝ Ոստիկանության Գավառի վարչությունում եւ տվյալ բաժնում աշխատող բոլոր ոստիկանների՝ այդ օրվա 17:03-22:00 ժամանակահատվածի հեռախոսազանգերի քաղվածքները ուսումնասիրել, ստուգել, թե նրանցից ովքեր են կապվել այս գործով անցնող անձանց հետ, եթե զանգել են, ապա ինչ են խոսել եւ ինչքան. «Այդ դեպքում ամեն ինչ կպարզվի, եւ մենք կիմանանք այն մարդկանց անունները, որոնք աշխատել են այդ վրեժի միջոցառումների համար, իսկ ոստիկանապետի աշխատանքը գնահատում եմ շատ բարձր, շատ համարձակ եւ պրոֆեսիոնալ է գործել, պարզապես 1-2 ոստիկան կա, որ աշխատավարձ է ստանում հայրենիքից, բայց աշխատում է Նորատուսի որոշ անձանց համար, անուններ չտամ»:

Դավիթ Հայթյանը, ըստ փաստաբանի, հարվածի տակ է ընկել միայն նրա համար, որ Արմեն Հայթյանի հորեղբոր որդին է եւ նրան խնամելիս է եղել. «Նա պատահական է ընկել այդ հարվածի տակ. դաժան ծեծ, դանակահարություններ, դանակը թողել են սրտի մեջ, իր վիճակը ավելի ծանր է, դեռ վերակենդանացման բաժանմունքում է, արդեն սկսել են հույս տալ, Աստված է օգնել, նրա մատը խառն է եղել, ես զարմանում եմ, որ այսքանից հետո նրանք կենդանի են մնացել, որովհետեւ դանակի 13 հարվածը կատակ բան չէ»: Փաստաբանը հատուկ շնորհակալություն հայտնեց Գավառի բժիշկներից մեկին, որը փրկել է եղբայրների կյանքը:  Այժմ նրանք Երեւանի հիվանդանոցներից մեկում են, փաստաբանի խոսքով՝ հիվանդանոցը ոստիկանների կողմից այնպես է հսկվում, որ անգամ ինքն է դժվարությամբ տեսակցել նրանց. «20 տարի է՝ երկու եղբայր սարերում խոտ են քաղում, նրանք դառը քրտինքով ապրող եւ հանցավոր գործերին չխառնվող մարդիկ են, սակայն ոստիկաններին, քննիչին չեն վստահում, հատկապես հիվանդանոցի վրա այդ հարձակումից հետո, եւ այդ պատճառով է, որ Արմեն Հայթյանը, օգտվելով իր իրավունքներից, հրաժարվել է ցուցմունք տալ»:

Մուխսիկարոյանը նաեւ ազգակցական կապ ունի Հայթյանների հետ, այդ պատճառով է, որ վտանգ է տեսնում նաեւ իր անձի հանդեպ. «Ես դիմել եմ Փաստաբանների պալատի նախագահին, հայտնել այդ մասին, նա զանգել է Ոստիկանապետին, շնորհակալություն երկուսին էլ, այժմ նրանց շնորհիվ ապահովվում է իմ անձնական անվտանգությունը. կա ոստիկանության համապատասխան անձ, որին ես 24 ժամ կարող եմ զանգել այդ հարցով»:

«Պատահական անցնելիս է եղել»

Ազատության փողոցի միջադեպին ներկա եղածներից մեկն էլ Նորատուսի բնակիչ Սասուն Մելոյանն է, որը, փաստաբան Հովսեփ Սարգսյանի խոսքով, ունի վկայի կարգավիճակ. «Նա կատարվածի հետ որեւէ առնչություն չունի, պատահական անցնելիս է եղել իր ընկերոջ հետ, դե, Նորատուսն ու Գավառը իրար մոտ են, մարդ գուցե օրական 7-8 անգամ գնա-գա, եթե գործեր ունի, անցնելիս է եղել, փողոցում իր համագյուղացիներին է տեսել, իջել է, ու կրակել են ոտքի վրա ու քշում գնում. այդպես վիրավորվել է, փախել, դաշտով իջել հիվանդանոց»:

Հովսեփ Սարգսյանի խոսքով՝ Մելոյանը երեկ հարցաքննվել է եւ այդ հանգամանքները հայտնել քննիչին. «Նա ուրիշ բան չուներ էլ հայտնելու, միջադեպի հանգամանքները նրան հայտնի չեն, ոչ կռվող է, ոչ կրակող, հետեւաբար, նրա հետեւից ոչ էլ հիվանդանոց պիտի գային»:

Մելոյանը եվս այժմ Երեւանի հիվանդանոցներից մեկում է, ոստիկանների հսկողության ներքո. «Հասկանում ենք, որ անվտանգություն պիտի ապահովեն, գործի հանգամանքները լրիվ եւ օբյեկտիվ բացահայտեն, բայց տարրական իրավունքներից չպիտի զրկեն. քանի օր է՝ նա զրկված է հեռախոսից, հեռուստացույցից, տեղեկություններ ստանալուց, անգամ հարազատները չեն կարողանում տեսակցել»: Հարցին՝ տեսակցությունների վրա արգե՞լք է դրվել, Սարգսյանը պատասխանեց, որ պաշտոնապես դրված չէ, բայց ոստիկանները թույլ չեն տալիս տեսակցել. «Ես էլ գնացել եմ, ասում եմ՝ փաստաբանն եմ, ոստիկանն ասում է՝ քննիչը պիտի թողնի, քննիչին զանգում եմ, արգելում է՝ ոչ մի պատճառաբանություն չներկայացնելով, սկսում եմ կասկածել նրանց պրոֆեսիոնալության վրա»: Հովսեփ Սարգսյանը տեղեկացրեց, որ այդ խնդրով դիմել է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ եւ ի վերջո կարողացել է տեսակցել իր վստահորդին:

«Կյանքին վտանգ չի սպառնում»

Մեր զրույցում Երեւանի հիվանդանոցներից մեկի վիրաբուժական գծով տնօրենն ասաց, որ իրենց մոտ գտնվող 2 քաղաքացիների վիճակը գնահատվում է միջին ծանրության. «Ստաբիլ վիճակում են, այլեւս ռեանիմացիոն բաժանմունքում չեն, տեղափոխվել են տրավմատոլոգիայի եւ օրթոպեդիայի բաժանմունք, երկուսն էլ գտնվում են հսկողության տակ, ստանում՝ պլանային բուժում»: Նրա խոսքով՝ նրանց կյանքին այլեւս վտանգ չի սպառնում, բայց դեռ երկար ժամանակ նրանք մնալու են հիվանդանոցում, գուցե նոր վիրահատության անհրաժեշտություն լինի:

Մյուս հիվանդանոցից մամուլի խոսնակը մեր հարցին ի պատասխան տեղեկացրեց, որ իրենց մոտ գտնվող երկու վիրավորների վիճակը բավարար է, մեկինը՝ միջին ծանրության: Նրանք կյանքին այդ պահի տվյալներով վտանգ չէր սպառնում:

Նշենք նաեւ, որ Քննչական կոմիտեի վերջին տվյալներով՝ հարուցված քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 16 անձի, որոնցից 13-ը կալանավորվել են,  եվս 2 անձի ձերբակալման որոշում է կայացվել: Մեր հարցին, թե ինչ խափանման միջոց է ընտրվել մյուս մեղադրյալների նկատմամբ, եւ կան արդյոք հետախուզվող կամ որոնվող անձինք, Քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից չցանկացան տեղեկություն հաղորդել՝ հայտնելով, որ նախաքննությունը շարունակվում է:

«Հայկական ժամանակ»-ը պատրաստ է հրապարակել նաեւ մյուս կողմերի տեսակետները:

 

Տպել
5739 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին