Եկել էր Ապրիլյան պատերազմի թեման փակելու

Սերժ Սարգսյանը երեկ որպես Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի հյուր՝ Ազգային ժողով եկավ ուղիղ 2 տարի անց այն բանից հետո, երբ նույն Ազգային ժողովում 77 կողմ, 17 դեմ ձայներով ընտրվեց վարչապետ: Հիշեցնենք, որ 2018-ի ապրիլի 17-ին ԱԺ շենքի լիակատար ոստիկանական շրջափակման պայմաններում նա ընտրվեց վարչապետ եւ դրանից ընդամենը 6 օր անց հրաժարական տվեց ու հեռացավ իշխանությունից:

10 տարվա իր պաշտոնավարման ընթացքում գրեթե որեւէ ասուլիս չտված եւ լրագրողների հարցերին խիստ հազվադեպ դեպքերում պատասխանող նախկին պաշտոնյան երեկ ակնհայտորեն շատ սիրալիր էր: Անգամ մերժելով երեկվա իր հարցազրույցը՝ նա խոստացավ առաջիկայում ասուլիս հրավիրել եւ մանրամասնորեն պատասխանել Ապրիլյան պատերազմին վերաբերող բոլոր հարցերին:

Այդ ընթացքում Սարգսյանի գրասենյակը հայտարարություն տարածեց, որում նշվում էր, թե նա համաձայնել է մասնակցել ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստին, քանի որ իր պարտքն է համարում փակել Ապրիլյան քառօրյա պատերազմի հետ կապված բոլոր տեսակի շահարկումների թեման:

Ի հակառակ թեման փակելու մասին նրա գրասենյակի այս հայտարարության՝ Սարգսյանի խոսքում նշվում էր, թե ինքն էլ չպարզված հարցեր ունի. «Ինքս էլ հարցեր ունեմ պատերազմի բոլոր կանոնների համաձայն՝ հայոց բանակի հաղթանակի վերաբերյալ որոշ ուժերի կողմից հասարակության մեջ մութ կասկածներ սերմանելու, զանազան շահարկումների, Ապրիլյան պատերազմի խնդրով խորհրդարանական քննիչ հանձնաժողովի ստեղծման նպատակի եւ մի շարք այլ թեմաներով: Սրանց դեռ միասին կանդրադառնանք եւ եզրակացություններ կանենք:

Իսկ այսօր այդ հանձնաժողովի նիստում պատրաստվում եմ ուղիղ նայելով հանձնաժողովականների աչքերին՝ ասել այն, ինչ գիտեմ ու նաեւ այն, ինչ մտածում եմ…»,-ասվում էր Սարգսյանի հայտարարության մեջ:

Ու թեեւ այս հայտարարությունից տպավորություն էր, որ Սարգսյանն իր այդ հարցերի պատասխանը հանձնաժողովից է ստանալու, սակայն երբ նիստի ընդմիջմանը լրագրողներն Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանից հետաքրքրվեցին՝ Սարգսյանն իրենց հարցեր տվե՞լ է, նա պատասխանեց.

«Հարցե՞ր: Սերժ Սարգսյանը մեզ չի կարող հարցեր տալ: Հարցեր տվողը քննիչ հանձնաժողովն է: Սերժ Սարգսյանը պատասխանում է մեր հարցերին: Իր իրավունքն է՝ պատասխանե՞լ, թե՞ չպատասխանել»:

Նիստը տեւեց 5 ժամ: Նիստի սենյակը նախ լքեցին հանձնաժողովի անդամները: ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Արմեն Խաչատրյանը տեղեկացրեց, որ Սերժ Սարգսյանը որոշ հարցերի պատասխաններ տվել է, որոշ հարցերի պատասխաններ՝ ոչ, հետո փորձել են այլ հարցերի միջոցով ավելի սպառիչ դարձնել նրա պատասխանները: Պատգամավորը վաղ համարեց Սարգսյանի պատասխանների հիման վրա հանձնաժողովի աշխատանքը ամբողջացնելու միտքը՝ ընդգծելով, որ գործընթացը շարունակվում է, երբ բոլորին լսեն, այդ ժամանակ միայն վերջնական արդյունքները կլինեն:

Կան հարցեր, որոնց Սերժ Սարգսյանը չէր տիրապետում, այլ անձանցի՞ց պետք է ճշտեք՝ խնդրեց հստակեցնել լրագրողներից մեկը. «Ցանկացած փաստ պետք է նաեւ ստուգվի մի քանի ձեւ, ցանկացած տվյալ դեռեւս հաստատված հանգամանք չէ, քանի դեռ մի քանի հոգի չի հաստատել, դա սովորական քննության մեթոդ է, եւ բոլոր փաստերը ստուգվում են մի քանի աղբյուրներից»,- պատասխանեց Խաչատրյանը՝ հավելելով.

«Իհարկե, ես Ապրիլյան հանձնաժողովի քննության արդյունքների մասին դեռ չեմ հայտնի, դա որոշակի ժամանակ անց եզրակացությամբ կամփոփվի, ամփոփելուց հետո բոլորին պարզ կլինի այն ամենը, որը պետական գաղտնիք չի պարունակում, թե որ կասկածներն են փարատվել, որը՝ ոչ»:

Ապաեւ նիստերի սենյակից դուրս եկավ Սերժ Սարգսյանը, որը հրավիրվել էր հանձնաժողով՝ պարզաբանումներ ներկայացնելու 2016-ի Ապրիլյան քառօրյա պատերազմին նախորդող, դրա ընթացքում տեղի ունեցած, ինչպես նաեւ հաջորդող իրադարձությունների, կայացված որոշումների մասին՝ որպես այդ ժամանակվա գերագույն գլխավոր հրամանատար:

Նիստից հետո լրագրողների հետ զրույցում Սերժ Սարգսյանը հայտարարեց. «Ես համոզվեցի, որ իմ որոշումը՝ գալ հանձնաժողովի նիստին, ամբողջովին արդարացվեց: Նիստը ընթացել է շատ նորմալ պայմաններում, փոխադարձ հարգանքի մթնոլորտում, եւ ես շատ ուրախ եմ, որ կարողացել եմ նաեւ լրացուցիչ տեղեկություններ հայտնել Ապրիլյան ռազմական գործողությունների մասին»։ Սարգսյանը հրաժարվեց մանրամասներ հայտնել նիստից՝ կրկին խոստանալով, որ առաջիկայում ասուլիս կհրավիրի եւ հանգիստ պայմաններում կպատասխանի պատերազմի վերաբերյալ բոլոր հարցերին: Այնուհետեւ ընդգծեց.

«Իմ նպատակը շատ պարզ է՝ հասցնել մեր հանրությանը իրական, հավաստի տեղեկություններ ռազմական գործողությունների մասին, որի ընթացքում մենք՝ ես նկատի ունեմ Զինված ուժերը, քաղաքացիական հասարակությունը, ընդհանրապես մեր հանրությունը հաղթել է, հաղթել է ոչ միայն մարտի դաշտում, այլ նաեւ դիվանագիտական ասպարեզում»:

Իսկ տարածքային կորուստնե՞րը՝ հետաքրքրվեց լրագրողներից մեկը՝ փորձելով պարզել, թե  ինչո՞ւ է ավելի վաղ հայտարարել, որ 800 հեկտար հող ենք կորցրել այդ պատերազմի ժամանակ, իսկ հեռուստաընկերություններից մեկով հեռարձակվող ֆիլմում ասվում է, որ կորցրել ենք ոչ թե 800, այլ 400 հեկտար:

«Երբ արտակարգ դրությունը կվերանա, ես մանրամասն, խոստանում եմ, բոլորիդ, ցանկացած հարց, տրամաբանական, անտրամաբանական, տեղին, թե անտեղի, եւ ինչքան ժամանակ կցանկանաք, ես հաճույքով կտրամադրեմ»: 

Չնայած Սարգսյանը որոշել էր որեւէ հարցի չպատասխանել, սակայն լրագրողները շարունակում էին հարցերը: Մասնավորապես հարց հնչեց տարածված այն տեղեկությունների մասին, թե Ապրիլյան պատերազմը դավադրության արդյո՞ւնք է եղել. 

«Ես որեւէ կերպ չեմ ներքաշվելու այստեղ հարցուպատասխանի մեջ: Ուղղակի ասեմ, որ ես երբեք, որեւէ պարագայում չեմ ղեկավարվել ո՛չ դավադրությունների տեսություններով, ո՛չ, ենթադրում եմ, որ ամբողջ աշխարհը, այդ թվում՝ մեր դաշնակիցները, մեր գործընկերները դավադրություններ են նյութում մեր երկրի շուրջ: Չկա էդպիսի բան: Որ մենք ունենք թշնամիներ, ակնհայտ է, բայց մենք ունենք բազմաթիվ բարեկամներ, եւ բոլորին էլ խորհուրդ եմ տալիս այդ դավադրությունների տեսություններով չղեկավարվել, եւ այն, ինչ լսում եք կամ կարդում եք որեւէ ինտերնետային էջում կամ կայքում, փորձեք մեկ այլ կայքերից, մեկ այլ ինֆորմացիայի աղբյուրներից դա ստուգել, այնուհետեւ անել սեփական եզրակացությունները: Ես ձեզ շնորհակալություն եմ հայտնում եւ նորից ու նորից խոստանում եմ՝ ինչքան ժամանակ կցանկանաք, ինչպիսի հարց կցանկանաք, բոլոր հարցերին պատասխանելու եմ»,- եզրափակեց Սարգսյանը եւ շնորհակալություն հայտնելով՝ հեռացավ:

Սարգսյանից հետո լրագրողների հարցերին պատասխանեց նաեւ Անդրանիկ Քոչարյանը: Նա համաձայնեց Սարգսյանի դիտարկմանը, որ ճիշտ էր այդ նիստին նրա մասնակցելը եւ ասաց, որ «Սերժ Սարգսյանի հետ հանդիպումը որոշակի նոր բացահայտումների հանգեցրեց». «Նա բավականին պատրաստված էր եկել, ներածական խոսք ասաց, որը կկցվի զեկույցին: Նա ասաց, որ մինչեւ 2050 թվականն այս տեղեկությունները չի հանրայնացնի, քանի որ դրա իրավունքը չունի»,- հայտարարեց Քոչարյանը՝ հավելելով, որ հանդիպման ձայնագրությունը Սերժ Սարգսյանին կտրամադրվի մի քանի օրից:   

Հիշեցնենք, որ նիստին մասնակցելու Սարգսյանի պայմանն էր ձայնագրության մեկ օրինակ տրամադրել իրեն: 

Անդրադառնալով Սերժ Սարգսյանին ուղղված հարցերին՝ Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ իրենք տվել են բոլոր հարցերը, դրանք բավականին շատ էին։ Հարցին՝ ստացե՞լ են բոլոր հարցերի պատասխանները՝ Քոչարյանն ասաց. 

«Իհարկե ոչ: Ստացել ենք հարցերի պատասխաններ, որոնք մեզ փոխանցել է Սերժ Սարգսյանը, սակայն դրանք բոլոր հարցերի պատասխանները չեն։ Հարցերն ամբողջական կլինեն, երբ մենք կլսենք նաեւ այլ պաշտոնյաների։ Մենք նախանշեցինք, եւ պարոն Սարգսյանն ինքն էլ ասաց նաեւ այն պաշտոնյաների անունները, որոնց մոտ գտնվում են մեր մի շարք հարցերի պատասխանները։ Եվ մենք կլսենք նաեւ նրանց: Մենք տվել ենք այն հարցերը, որոնք իրեն կարող էինք ուղղել։ Նա իր մասով պատասխանել է այդ հարցերին այնքանով, ինչքանով որ տիրապետում է, սակայն կան բաներ, որ կարող է ինքը չհիշել կամ իրեն զեկուցած չլինեն։ Հիմա մեզ հետաքրքիր է՝ չեն զեկուցե՞լ, թե՞ չի հիշում: Բնականաբար, մեր աշխատանքային մթնոլորտը եղել է այնպիսին, որ կգա մի օր, որ այս ձայնագրությունները, որոնք հարստացնում են Ապրիլյան դեպքերի ուսումնասիրությունները, նրանք այնքան ամբողջական կլինեն եւ մեր հանրությանը հասանելի կլինեն, որ մենք վերջին հաշվով կհասկանանք մեր թերությունները, դրանց վերացման հետեւանքները։ Դրանք միտված են լինելու մեր Զինված ուժերի կարողությունների ավելացմանը, հզորացմանը, որպեսզի այլեւս չկրկնվեն այն իրադարձությունները, որ տեսանք 2016 թվականի ապրիլի 2-ին»:

Հարցին, թե կայի՞ն բաներ, որոնք Սերժ Սարգսյանը չէր հիշում, Քոչարյանը պատասխանեց, որ հիմնականում հիշում էր շատ բաներ, դեռ մի բան էլ իրենց հարցերի մեջ նաեւ ավելացրեց, որ հիշում է այլ թվերի շրջանակում, քան այն, որ քննիչ հանձնաժողովին փոխանցել է մեր պաշտպանական գերատեսչությունը։

Խոսելով Ապրիլյան պատերազմում կորցրած տարածքների մասին եւ պատասխանելով հարցին, թե արդյոք Սերժ Սարգսյանից պարզաբանում խնդրե՞լ են՝ ի վերջո կորցրել ենք 800 հեկտար, թե 400, հանձնաժողովի նախագահն ասաց. 

«Պարոն Սարգսյանը ֆիքսեց, որ դա ընդամենը ֆիլմ էր, որպեսզի ֆիլմը դառնա վավերագրական, ֆիլմը նկարահանողը պիտի տիրապետի այն տեղեկատվությանը, որը գտնվում է այն սենյակի պատերի հետեւում։ Բնականաբար, Ֆիլմում հնչեցված բազմաթիվ փաստեր փորձել ենք ճշտել պարոն Սարգսյանից, եւ պարոն Սարգսյանի պատասխանը, որ դա ֆիլմի ռեժիսորի կողմից իրացված ֆիլմ է, որտեղ ինքը պատասխանում է հարցերի: Մենք ավելի լուրջ հարց ենք տվել, ոչ թե 400-ի եւ 800-ի մեջ է։ Մենք ուղղակի ճշտել ենք՝ պարոն Սարգսյանն ի՞նչ է կարծում՝ հակառակորդը իր առջեւ դրված ռազմական խնդիրը լուծե՞լ է, թե՞ ոչ, այդտեղ կա՞ քաղաքական բաղադրիչ, թե՞ ոչ, մենք ինչքա՞ն ենք պատրաստ եղել դրանից առաջ, հետախուզության տվյալները ամբողջությամբ արտացոլո՞ւմ են այն տեղեկատվությունը, որը գտնվում է շրջանառության մեջ»։ 

Հարցին՝ Սարգսյանն արդյոք ընդունե՞լ է, որ ունեցել է բացթողումներ, Անդրանիկ Քոչարյանն ասաց. «Իհարկե»։

Քոչարյանը տեղեկացրեց նաեւ, որ Սերժ Սարգսյանի հետ խոսել են 2016-ին Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնը զբաղեցրած Յուրի Խաչատուրովի՝ հանձնաժողովի նիստին մասնակցությունից հրաժարվելու մասին: Ըստ Քոչարյանի՝ Սերժ Սարգսյանն ընդունել է, որ Խաչատուրովի չգալը սխալ էր, եւ երեկ նրա հետ ունեցած զրույցում հորդորել է գալ հանձնաժողով։

Հանձնաժողովի նախագահը նշեց նաեւ, որ հանձնաժողովի աշխատանքներին մասնակցության պատրաստակամություն են հայտնել Արցախի գործող նախագահ Բակո Սահակյանը, այլ պաշտոնյաներ: Քոչարյանն ասաց, որ մինչեւ հանձնաժողովի՝ աշխատանքների ավարտը՝ հունիսի 4-ը, հանձնաժողովը կլսի եւս 4-5 անձի, որից հետո կկազմի զեկույց:

Հիշեցնենք, որ ԱԺ հատուկ հանձնաժողովը գործում է շուրջ մեկ տարի։ Այն արդեն բազմաթիվ նիստեր է գումարել, լսել մեծ թվով զինվորականների, նախկին ու ներկա բարձրաստիճան պաշտոնյաների, ուսումնասիրել բազմաթիվ փաստաթղթեր, այդ թվում՝ գաղտնի, կուտակել շուրջ 100 ժամ տեսաձայնագրություն։ Հանձնաժողովն իր աշխատանքներն ամփոփելու է հունիսին: ՀՀ վարչապետը, վերջերս անդրադառնալով այս հանձնաժողովի գործունեությանը, հայտարարեց, որ իր կարծիքով երբ Սերժ Սարգսյանն ու Յուրի Խաչատուրովը ներկայանան հանձնաժողով, դա արդեն կլինի հանձնաժողովի աշխատանքի կուլմինացիան:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3702 դիտում

Ռուբեն Ռուբինյանն ու Մագդալենա Գրոնոն քննարկել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

Ռուսաստանը նոր զանգվածային հարված է հասցրել Կիևին. կան զոhեր և վիրավորներ

Ամիրյան փողոցը վերանվանվել է Պապ թագավորի փողոց, գործարարներին կոչ է արվում թարմացնել հասցեները

ԵԱՏՄ արդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստը նպաստավոր հնարավորություն է ստեղծում համագործակցելու համար

Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով կուղարկվի պրոպան գազ

Հիշում եք, չէ՞, կալուգացու մանկապարտեզը ուզում էր 1 դրամով աշխատել. քանի՞սն են 1 դրամով պատգամավոր աշխատելու

Դատախազությունը միջնորդագիր է ներկայացրել Սևանի ափին 3100 քմ մակերեսով հողամասի պայմանագրի դադարեցման համար

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Եկատերինբուրգ

Քրեական վարույթների շրջանակում 70-ից ավելի հասցեներում կատարվում են միաժամանակյա խուզարկություններ

Վարորդական իրավունքից զրկման ժամկետը պետք է լրանա ցանկացած դեպքում. 1 տարի անց կարող են դիմել, վերականգնել

«Արմատ մեդիա»-ի անձնակազմը հրավիրվել է Քննչական կոմիտե

Մեկը մանդատ վերցնելն արդարացնում է, թե՝ «զենք է», մյուսը, թե՝ «պայքարի միջոց»․ էդքան «շուստրի» քանի՞ հոգի եք

Ավտովթար-հրդեհ Երևանում. մեքենան բախվել է բազալտե եզրաքարին, ապա կոտրել երկաթե էլեկտրասյունը. կա վիրավոր

«Ուժեղ Հայաստանը» հայտնվել է իր իսկ ստեղծած ծուղակում, բայց ելք կա. Ռուբինյան

Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք

650 մլն դոլար է հատկացվում Դալմայի նոր այգիների, մետրոյի նոր կայարանի կառուցման և տրանսպորտի համար. Ավինյան

«Հայաստան» դաշինքը կվերցնի պատգամավորական մանդատները

Վերին Խոտանանի տարածքում բեռնատարը մկրատաձև դիրք է ընդունել և փակել ճանապարհը. ստեղծվել է մեծ խցանում

Քարաթափում Երևան-Սևան ավտոճանապարհին

Դդմաշենում 34-ամյա տղամարդը հnսանքահարվել է և հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել

Հուլիսի 9-ից ցիկլոնը կկորցնի իր ուժը, և տեղումները կդադարեն, ջերմաստիճանը կբարձրանա. Սուրենյան

Իրավապահները խուզարկություններ են կատարում Գագիկ Ծառուկյանի տանը և «Մուլտի Գրուպ» կոնցեռնի ընկերություններում

Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը

Վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն

Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին մեքենան մասամբ հայտնվել է ձորակում

Ուկրաինան հրաժարվել է իր զինծառայողների մարմինները վերցնել Կոնստանտինովկայից․ ՌԴ ՊՆ

Կարսից Նախիջևան կառուցվող երկաթուղին կնպաստի Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի կապերի ամրապնդմանը. Ուրալօղլու

Ալինա Չարաևան այսուհետև հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո

Ամեն թուղթ ՀԴՄ չէ. վարչապետը տեսանյութ է հրապարակել՝ պարզաբանելով սրճարանում տրվող թղթերի նշանակությունը

Կալուգացիները կվերցնեն մանդատները, որպեսզի դրանք օգտագործելով փորձեն խուսափել արդարադատությունից. չի ստացվելու

Ազգային ժողովը ձեզ համար կրկեսի արենան չէ․ սև «պոպոխուծյուն» կբերենք. Չախոյանը՝ ընդդիմությանը

Իյա, լո՞ւրջ. իսկ կա՞ր մեկը, որ կասկածում էր, թե մանդատները չէիք վերցնելու. Ստեփանյանը՝ Կարապետյանին

Սյունիքի սրտում համախմբվել են համաշխարհային երաժշտարվեստի նշանավոր ներկայացուցիչներ. կայացել է «Կապան Ֆեստ»-ը

Երևանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ

DAF բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշին ու կողաշրջվել

Երևանում իրանցի տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատակիցների աշխատանքը

Մարզերում ու Երևանում սպասվում են ամպրոպ, անձրևներ, առանձին վայրերում՝ կարկուտ

«Ուժեղ Հայաստանը» կվերցնի պատգամավորական մանդատները. Նարեկ Կարապետյան

Միլիոնավոր իրանցիներ հարգանքի տուրք են մատուցել Խամենեի ընտանիքին. սգացողների թվում նաև առաջնորդի որդիներն են

Սահմանադրությունը պետք է լինի յուրաքանչյուրիս գիտակցված ընտրությունը. Սրբուհի Գալյան