Արմեն Սարգսյանն Արարատում մասնակցել է Բանակի օրվան նվիրված տոնական միջոցառմանը

ՀՀ նախագահի լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ Արմեն Սարգսյանն այսօր Արարատի մարզում մասնակցել է Բանակի օրվան՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմավորման 28-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառմանը:

Հանրապետության նախագահը Արարատում ծաղիկներ է դրել Հայաստանի Հանրապետության Ազգային հերոս, Արցախի հերոս Վազգեն Սարգսյանի հուշարձանին և հարգանքի տուրք մատուցել նրա հիշատակին: Այնուհետև նախագահ Սարգսյանը մասնակցել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմավորման 28-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր նիստին:

Հանրապետության նախագահը շնորհավորել է բոլորին Բանակի օրվա առթիվ՝ մասնավորապես նշելով. «Ուզում եմ մաղթել, որ մեր բանակը, մեր զինվորները, մեր ողջ ժողովուրդը առաջիկա տարիներին վայելել են խաղաղությունը, որը մեր բանակի քրտնաջան, ամենօրյա աշխատանքի արդյունքն է։ Եթե հանկարծ խաղաղությունը խախտվի, մենք՝ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ և որպես հայ ժողովուրդ, միայն մեկ ակնկալիք ունենք՝ նոր հաղթանակ։ Ուրիշ այլընտրանք չկա, քանի որ մեր բանակը ստեղծման օրից իր մեջ կրում է հաղթանակի ոգին։

Մեր բանակը դարերով երազած, սպասված մանուկ է եղել։ Հարյուրավոր տարիներ պետականություն չենք ունեցել, բայց մեզնից յուրաքանչյուրի մեջ եղել է այն երազանքը, որ մեկ օր պետություն և հաղթական բանակ կունենանք։ Այդ երազանքն արտահայտվել է պատմական վեպերի, լեգենդների, իրական պատմությունների, հերոսացած, սրբացած հերոսների՝ Վարդան Մամիկոնյանից մինչև Տիգրան Մեծի մասին պատմությունների մեջ։ Մեզնից յուրաքանչյուրի մեջ միշտ եղել է հզոր բանակ ունենալու երազանքը։ 19-րդ դարի վերջից, երբ հայ ժողովուրդը բաժանված է եղել երեք, այնուհետ երկու կայսրությունների միջև, այդ երազանքն օրեցօր ավելի և ավելի է զորացել։ 19-րդ դարի վերջին մեր ժողովուրդը, որը գտնվում էր կեղեքման, ճնշման տակ, իր գոյատևման համար ամենօրյա պայքարի մեջ բարձրացնում էր իր ձայնը, սակայն այն խառնվում էր համաշխարհային տարբեր ժողովուրդների ձայների աղմուկին և չէր լսվում։

Ամենամեծ աղաղակը, հոգու և սրտի բողոքը մեր ողջ ժողովուրդն արտահայտել է 1915 թվականին՝ Մեծ եղեռնի ժամանակ։ Այդ տարիներին մեր ձայնը համաշխարհային պատերազմի աղմուկի մեջ լսվեց, բայց չընկալվեց մեծ տերությունների կողմից։ Սա իր հերթին, կրկին ամրապնդեց մեր բոլորի երազանքը՝ ունենալ սեփական պետություն և սեփական բանակ, որպեսզի մեր ապագա բախտը մեր ձեռքերում լինի, որ մյուս անգամ մենք կարողանանք ինքներս պաշտպանել մեզ, որ ինքներս կերտենք մեր ապագան և միայն հաղթանակի ձայն բարձրացնենք՝ գոչելով․ «Փա՛ռք, հայոց բանակին»։

Այս երազանքները սկսեցին իրականանալ Սարդարապատում, Բաշ Ապարանում, Ղարաքիլիսայում, և իհարկե, հետագայում, երբ պատմական Հայաստանի մի մասը դարձավ Խորհրդային Հայաստան։

Անպայման ուզում եմ հիշատակել նաև Առաջին Հանրապետության հերոսներին։ Այսօր Եռաբլուրում ծաղիկներ խոնարհեցի Անդրանիկ զորավարի գերեզմանին՝ իմ և մեր բոլորի երախտագիտությունը հայտնելով մեր բոլոր հերոսներին՝ սկսած ազատամարտիկներից, ֆիդայիններից, ռուսական կայսերական բանակում ծառայած հայ գնդապետներից, սպաներից և գեներալներից, որոնք վերադարձան հայրենիք և ծառայեցին հայրենիքին։

Հաջորդեցին խորհրդային տարիները․ Երկրորդ համաշխարհային պատերազմ, որին 600 հազար հայ է մասնակցել, որից 300 հազարը իրենց կյանքը տվեցին ֆաշիզմի դեմ պայքարին, կյանքը տվեցին՝ նաև պաշտպանելով իրենց հայրենիքը, ազատագրելով Եվրոպան, կյանքը տվեցին՝ հասկանալով նաև, որ, հավանաբար, եթե Ստալինգրադը կորցնեինք, թուրքական բանակը կմտներ Հայաստան և կփորձեր ավարտել այն, ինչ չկարողացավ անել 1915-ին։ Մենք պետք է հպարտ լինենք, որովհետև Մեծ աշխարհամարտի հաղթանակում մեր կայուն տեղն ունենք։

20-րդ դարի 90-ականների սկիզբ․պայքար ազատության, անկախության, Արցախի համար։ Մոտ էր թվում այն երազանքը, որ մենք պետք է ունենանք ազատ և անկախ երկիր ու հզոր բանակ։ Բանակ կառուցելը մանկան ծննդյան նման է՝ երկունք պետք է լինի։

Այստեղ՝ Արարատում է ինչ-որ իմաստով ծնվել մեր բանակը։ Խոսքս Հայաստանի Հանրապետության տարածքում առաջին մարտերի մասին է։ Երասխում ձեզնից շատերը, Արարատի բանկիչները նույն օրը դարձան ազատամարտիկ, մեր ապագա հայկական բանակի հիմքը։ Դուք ցույց տվեցիք ձեր ուժը, և թշնամին իր առաջին պարտություններից մեկը կրեց»:

Նախագահ Սարգսյանը նշել է, որ գալով Արարատ, չէր կարող նախ և առաջ չայցելել իր ընկերոջ՝ Վազգեն Սարգսյանի տուն։ Նախագահն ասել է, որ 20-րդ դարի 90-ականների սկզբին, լինելով դիվանագիտական աշխատանքի մեջ, ծանոթացել է շատ բանակների և նրանց պատմությանը, որոշակի տեղեկություններ, գաղափարներ, մտքեր, շատ հաճախ նաև որոշակի տեխնիկա փոխանցել Հայաստան, Արցախ։ «Վազգեն Սարգսյանի հետ մենք ինչ-որ իմաստով բանակային ընկերներ ենք: Այցելելով Արարատ՝ չէի կարող չգնալ այն տունը, որտեղ ծնվել է սպարապետը, իմ ընկերը»,- ասել է նախագահ Սարգսյանը։

Մեր բանակն իրականում կրում է Վազգեն Սարգսյանի հոգին։ Իզուր չէր, որ 1991 թվականի դեկտեմբերի 5-ին, ՀՀ նախագահի հրամանագրով Վազգեն Սարգսյանը դարձավ պաշտպանության նախարար, մի նախարարության ղեկավար, որը դեռևս չկար: ՀՀ կառավարության որոշմամբ՝ հաջորդ տարվա հունվարի 28-ին ստեղծվեց պաշտպանության նախարարությունը՝ դրվեց մեր բանակի իրավական հիմքը: Հենց առաջին օրվանից Վազգենն իր ոգին, անսահման լավատեսությունը, հախուռն բնավորությունը, անվերապահ հավատը, նվիրվածությունը և շատ հաճախ թայֆունի նման իր հակասական բնավորությունը ներդրեց հանուն հաղթանակի:

Բանակն ունի երկու հիմնական բաղադրիչ: Այդ բաղադրիչներից մեկը, իմ կարծիքով, բանակի ոգին է, մյուսը՝ միտքը: Հաղթելու համար այս երկուսը պետք է համատեղել: 21-րդ դարում կհաղթի այն բանակը, որն ունի ոչ միայն ոգի, այլ նաև՝ միտք: Երկար տարիներ մենք Վազգենի հետ կապի մեջ էինք, և ես անընդհատ նրան տեղեկություն էի փոխանցում: Նա իմ ուղարկած հաստափոր փաստաթղթերը, որոնք վերաբերում էին այս կամ այն երկրին, բանակի կառուցվածքին, ոչ միայն կարդում էր, այլև մենք երկար քննարկումներ էինք ունենում: Վազգենը և ոգի էր, և միտք: Այդ ոգին իրենից հետո փոխանցվել է մեր բանակին, այդ միտքը՝ նույնպես:

Այս բանակը պարտություն չի կարող կրել: Մեր բանակը ոչ միայն հաղթանակած բանակ է, այլ՝ հաղթական: Մենք բոլորս պետք է հպարտ լինենք, որ ունենք աշխարհի լավագույն բանակներից մեկը: Սա զգացական կոչ չէ միայն. ես, իսկապես, հավատում եմ դրան: Դա ցույց է տվել երկար տարիների իմ փորձը»:

Իր խորին երախտագիտությունը հայտնելով բոլոր նրանց, ովքեր իրենց կյանքը տվեցին Հայաստանի և Արցախի ազատության պայքարում, հանրապետության նախագահը խնդրել է մեկ րոպե լռությամբ հիշել մեր հերոսներին:

«Ես մեծ լավատեսությամբ եմ նայում ապագային: Ես վստահ եմ, որ 21-րդ դարը մեր ժողովրդի դարն է՝ փոքր պետության, համաշխարհային ազգի դարը, որտեղ յուրաքանչյուր հայ, անկախ նրանից, թե որտեղ է ապրում, իր ներդրումը պետք է ունենա, -շարունակելով խոսքը՝ ասել է Արմեն Սարգսյանը:- Ես հավատում եմ, որ 21-րդ դարում, որտեղ ոչ թե բնական հանածոներն են լինելու կարևոր, այլ՝ մարդկային արժեքը, միտքը, մեր ժողովուրդն ունի բազմակի հնարավորություն՝ լինել առաջիններից մեկը: Աշխարհը փոխվում է. ծովերի փոխարեն լինելու են տեղեկատվության ծովեր, նավթի փոխարեն լինելու են նոր տեխնոլոգիաներ, զուտ եռանդի փոխարեն լինելու է միտքը: 21-րդ դարում պետք է ծառայեցնենք մեր միտքը, ժամանակակից տեխնոլոգիաները, գիտության և տեխնիկայի բոլոր հնարավոր նորույթները նախ և առաջ մեր բանակի հզորացմանը: Ես վստահ եմ, որ հերթական անգամ հաջողելու ենք:

Ես վստահ եմ, որ սրանից ևս 28 տարի անց Հայաստանի Հանրապետության հաջորդ նախագահը կգա այստեղ՝ Արարատ, կբարձրանա շատ ավելի մեծ ամբիոն, քանի որ մարզը շատ ավելի մեծ և բարեկեցիկ կլինի, կհիշի այն լեգենդար հսկաներին, որոնք կառուցել են մեր բանակը, կհիշի ձեզ, որ ամուր պահեցիք հայրենիքը և հպարտորեն կասի. «Փառք Հայաստանի Հանրապետությանը, փառք Արցախին, փառք հայոց անհաղթ բանակին»:

Տպել
1567 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին