Երևան
12 °C
Ամուլսարի ոսկեբեր հանքի հնարավոր շահագործման վերաբերյալ քննարկումները չեն հանդարտվում։ Քննարկումների հոսքից, իհարկե, զերծ չեն մնացել նաեւ խորհրդարանական «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները, եւ հետաքրքիրն այն է, որ խմբակցության ներսում կարծես հարցի շուրջ չկա կոնսենսուս, ավելին՝ պատգամավորներն իրար հակադարձում են նույնիսկ ֆեյսբուքյան գրառումների ու մեկնաբանությունների տիրույթում։
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը նախօրեին մի գրառում կատարեց, որտեղ խոսում էր որոշում կայացնելու ծանր պատասխանատվության մասին։ Թունյանը գրել էր, որ իր ամբողջ գիտակցական կյանքի ընթացքում եղել են շատ պահեր, երբ կողքից նայելով՝ ներքուստ էգոիստաբար ուրախացել է, որ որոշում կայացնելու պատասխանատվությունն իրենը չէ, ուրախացել է, որովհետեւ թեկուզեւ ամբողջական ինֆորմացիա չունենալով՝ հասկացել է, որ լինում են պահեր, երբ պիտի վատի եւ վատագույնի միջեւ ընտրություն կատարել, ու այդ որոշման հետեւանքի համար պատասխան է տալու որոշում ընդունողը։ Պատգամավորը նաեւ անկեղծ ասել է, որ եղել են պահեր, երբ զուտ մարդկայնորեն հասկացել է նաեւ նախկին ղեկավարների պատասխանատվությունը կարեւոր որոշումներ կայացնելիս, ու դրա համար քննադատությունների մեջ եղել է զուսպ ու հնարավորինս օբյեկտիվ․
«Վերջին 6 ամիսը, արդեն ինքս լինելով որոշում ընդունողներից մեկը՝ որպես ԱԺ պատգամավոր եւ առանցքային տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, արդեն ներսից զգացել եմ այդ պատասխանատվության ամբողջ ծանրությունը։ Եղել են օրեր, երբ գիշերները չեմ քնել՝ վերլուծելով, թե արդյոք ճի՞շտ եմ վարվում, թե՞ ոչ։ Ու փառք Աստծո, մինչ օրս խղճիս հետ մաքուր եմ։ Նաեւ այն պատճառով, որ ամենախնդրահարույց հարցերում մեր քաղաքական թիմի ղեկավարի՝ Նիկոլ Փաշինյանի մոտեցումը եղել է շատ հստակ. հիմնվել օբյեկտիվ տվյալների վրա եւ կայացնել հիմնավորված որոշում՝ հաշվի չառնելով քաղաքական, խմբային կամ անձնական որեւէ շահեր»,- գրել է պատգամավորը՝ ապա վերադառնալով Ամուլսարին՝ նշել, որ այս հարցում որոշում կայացնելը «բարդ, ծանր, չափազանց ծանր պատասխանատվություն է ենթադրում»։
Թունյանը գրել է, որ մեկ գրամ չի կասկածում, որ վարչապետն ընտրել է այն տարբերակը, որը մեր երկրի համար ամենաճիշտն է։ Իսկ ինչ վերաբերում է հանրաքվեի տարբերակին՝ պատգամավորը կոշտ ձեւակերպում է արել՝ «որոշումը թողնում ես ժողովրդին ու դրա հետեւանքների պատասխանատվությունն էլ ժողովրդի ուսերին։ Անձամբ ինձ համար հանրաքվեն լավագույն տարբերակը չէ, որովհետեւ կկայացվի թվացյալ արդար, բայց ոչ պարտադիր է, որ ճիշտ որոշում։ Ժողովուրդը երբեմն կարող է սխալվել կոնկրետ հարցերում՝ կոնկրետ խնդրի մասին ոչ բավարար գիտելիք կամ տեղեկություններ ունենալու պատճառով։
Ես չեմ ուզում, որ իմ հարեւան անգրագետ Պողոսը՝ իր անգրագետ բազմամարդ ընտանիքով, ավելի մեծ դեր խաղա կոնկրետ էս հարցում որոշում կայացնելու գործում, քան ես։ Ամեն դեպքում, անկախ նրանից թե ինչ որոշում կկայացնի վարչապետը՝ ինքնուրույն, թե հանրաքվեի միջոցով, ես կիսում եմ իր հետ այդ պատասխանատվությունը»,- գրել է պատգամավորը՝ հավելելով, որ եթե վարչապետի որոշումը այսպիսի կարեւոր հարցում տրամագծորեն տարբերվեր իր մոտեցումից, ապա ինքը մանդատը վայր կդներ ու կքննադատեր այդ մոտեցումը։
Նրա այս գրառումը համացանցում բուռն քննադատությունների առիթ դարձավ. գրառմանն արձագանքեց նույնիսկ նույն խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը: Նա այսպես է մեկնաբանել Թունյանի այս գրառումը․ «Եթե հարկ համարեիր ուշադիր լսել այն մարդկանց, որոնք մատնանշում են խնդիրները, կնկատեիր, որ երեկ վարչապետն արդեն իսկ կայացրեց մի որոշում, որի մասին մարդիկ խոսում էին։ Լավ է, որ վարչապետի ականջները բաց են», եւ երբ Թունյանը պատասխանել է, թե ինքն էլ է նույնն ասում՝ վարչապետի ականջներն էլ, աչքերն էլ բաց են, մնում է՝ դա տեսնենք, Լենա Նազարյանն արձագանքել է․ «Իր երեկվա որոշումը քո ասածին հակասում է։ Գոնե դա նկատիր գործընկերներիդ մասին նման բաներ գրելուց առաջ»։
Թեմայի շուրջ մեր հարցերին է պատասխանել քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը։
- Պարոն Սաֆարյան, Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ ամենատարբեր քննադատություններ են հնչում իշխանության հասցեին, դրանք հիմնավորվում են, պատահում է նաեւ հակառակը։ Ի՞նչ խնդրի առաջ է կանգնել վարչապետը, ինչպիսի որոշում պետք է կայացնի։
- Խնդիրն այսպես բարդացել է, որովհետեւ բանը հասել է քաղաքական որոշման կայացմանը։ Եթե, օրինակ, պարզվեր, որ «Լիդիան Արմենիա»-ն օրենքի խախտումներով կամ սահմանված ընթացակարգերի խախտումներով է ձեռք բերել հանքի շահագործման թույլտվությունը, կազմել ՇՄԱԳ-ը, այդ դեպքում խնդիրն ավելի հեշտ կլիներ։ Նշանակված փորձաքննությունը ցույց տվեց, որ որքան էլ «ԷԼԱՐԴ»-ը նշել է հանքի շահագործման դեպքում տարբեր ռիսկերի կառավարման մասին, այնուամենայնիվ, որեւէ կերպ չի խոտանվել նախկին ՇՄԱԳ-ը, թեպետ վարչապետն ինքը նախօրեին հանձնարարություն է տվել Շրջակա միջավայրի նախարարությանը՝ պարզել արդյոք եզրակացության մեջ ի հայտ եկած հանգամանքները նոր ՇՄԱԳ-ի անհրաժեշտություն չե՞ն առաջացնում։ Կարծես թե «Լիդիանի» կողմից հանքի շահագործման իրավական մասով լուրջ կասկածներ չկան, եւ դրա համար խնդիրը մնացել է քաղաքական որոշման մակարդակում։ Բնականաբար, մեր բազմաթիվ համաքաղաքացիներ իրենց կարծիքն են հայտնում, այդ թվում՝ դեմ արտահայտվելով, բայց բուն կառավարությունն, իհարկե, կաշկանդված է հանրության շահը առաջին դիրքում դնելու հանգամանքով, բայց մենք ունենք խնդիրներ, որոնց մասին նույնպես պարտավոր են մտածել։ Դրանք այն ռիսկերն են, որոնք կարող են առաջանալ հանքի չփակման դեպքում, եթե իհարկե շահագործման ռիսկերը կառավարելի են։ Եւ, բնականաբար, երկու դաշտում կան ռիսկեր, ըստ այդմ՝ կառավարության համար հեշտ չէ քաղաքական որոշումը կայացնելը, որովհետեւ ոմանք դեմ են, քանի որ գտնում են՝ դա ուղղակի առողջարանային գոտի է ու կապ չունի՝ ռիսկեր կան, թե ոչ, ոմանք դեմ են, որովհետեւ գտնում են, որ ռիսկերը կառավարելի չեն, մանավանդ որ տասնյակ տարիների մասին է խոսքը։ Այսինքն՝ խնդրի դեմ արտահայտվողների բանակը շատ տարասեռ է, ու ի տարբերություն կառավարությանը՝ մարդիկ կաշկանդված չեն մտածել, թե դա ինչպես կազդի երկրի հեռանկարների, միջազգային հարաբերություններում ընկալումների վրա եւ այլն։ Անկախ նրանից՝ ինչ դիրքորոշում ունենք, որովհետեւ ինքս էլ երկարաժամկետ կտրվածքով տեսնում եմ ոչ հանքարդյունահանող Հայաստան, եւ վստահ եմ, որ Նիկոլ Փաշինյանը նույնպես այդ Հայաստանն է տեսնում, բայց այս պահին՝ որպես իշխանության պատասխանատու, նա պարտավոր է բազում գործոններ հաշվի առնել եւ կայացնել այդ դժվարին քաղաքական որոշումը։ Մենք ունենք նաեւ բավականին շատ մանիպուլյացիաներ եւ հեռուն գնացող խաղեր, որոնք ցանկանում են Ամուլսարը դարձնել ցատկահարթակ՝ անգամ իշխանությանը տապալելու կոնտեքստում, եւ կարծում եմ՝ մենք պիտի կարողանանք զատել՝ ովքեր են իրապես մաքուր քաղաքացիական դիրքորոշում հայտնում, ովքեր ինչու են դեմ կամ կողմ։
- Ակնհայտ է, որ նաեւ «Իմ քայլը» խմբակցության ներսում կան տարբեր ընկալումներ ու ոչ միանշանակ մոտեցում, սա որոշում կայացնելու համար խանգարո՞ղ հանգամանք է։
- Ընդհանուր առմամբ մեծ թիմ է, մինչեւ վերջանական որոշման կայացումը շատ տարաձայնություններ կարող են լինել, բայց նաեւ մի ուրիշ խնդիր կա, եւ ռիսկ, որի մասին ես խոսել եմ դեռ խորհրդարանական ընտրությունների ժամանակ, դա հստակ գաղափարախոսական հենքի ապահովումն է ծրագրի մակարդակով, երբ կոնկրետ խնդիրների լուծման չափանիշներ կան՝ ինչ սկզբունքներ պիտի հաշվի առնվեն ու հարգվեն այս կամ այն որոշումն ընդունելիս։ Չեմ ասում՝ դիրքորոշումներ ձեւակերպեին Ամուլսարի կամ այլ կոնրետ հարցերի վերաբերյալ, այլ, ասենք, «հանքարդյունաբերության ապագա, թե՞ կանաչ տնտեսություն» համատեքստում։ Այդ դեպքում, կարծում եմ, խմբակցությունն այսօր ավելի ճիշտ որոշում կկայացներ։ Սա «իզմերի ժամանակը անցել է» մտքի հետեւանք է, որովհետեւ -իզմերը հենց այս պահին էլ աշխատում են, մի մասն իր -իզմով է առաջնորդվում, մյուս մասը՝ իր։ Ամուլսարի հարցում դեռ հնարավոր էր պայմանավորվել, բա ի՞նչ ասել խնդիրների մասին, որոնք ապագայում են ծագելու եւ պահանջելու են դիրքորոշում։
- Շատ պաշտոնյաներ հայտարարեցին, որ անվերապահորեն աջակցում են Նիկոլ Փաշինյանին եւ կիսում են հարցի ողջ պատասխանատվությունը։ Բայց չէ՞ որ հանքի շահագործումը տասնյակ տարիների խնդիր է, իսկ դրա հետեւանքները հարյուրավոր տարիներ կարող են մնալ, իսկ ներկա կառավարության կյանքը կանխատեսելի չէ, գուցե հինգ տարի հետո այլեւս իրենք չլինեն։
- Հենց նաեւ դա է պատճառը, որ ես առաջարկում եմ հանրաքվեի գաղափարը։ Խոսքն իսկապես մեկ իշխանավարման տարիների մասին չէ, եւ այս առումով ցանկալի է, որպեսզի ժողովուրդն ինքն այդ պատասխանատվությունը կիսի, լավ է, որ վարչապետն ու նրա թիմի զգալի մասը չեն խուսափում ծանրագույն որոշումներ ընդունելուց, բայց, իրավացի եք, կա տասնյակ տարիների խնդիր, որի ընթացքում կարող են պաշտոնավարել մի քանի իշխանություններ։ Այս պարագայում ես կարծում եմ պատասխանատվությունը պիտի լինի կոլեկտիվ, հավաքական, այո, թող իշխանությունը հայտնի իր դիրքորոշումը, «Լիդիանը» հայտնի իր հավաստիացումները, հասարակությունն էլ իր դիրքորոշումը, դա լավագույն եղանակը կլինի։ Ես իհարկե տեսնում եմ, գիտակցում, որ նախկին իշխանության որոշ ուժեր, որոնք ամենամեծ պատասխանատվությունն են կրում իրավիճակի համար, նույնպես փորձում են թռչել պատասխանատվությունից եւ խնդիրը վերածել կառավարության վստահության հանրաքվեի, բայց պիտի հասկանանք, որ այդ վստահությունը առավելապես նախկին իշխանությունների նկատմամբ է լինելու, ոչ թե նոր իշխանության։ Եւ ես կցանականայի, որ հանրաքվեի ընթացքում ոչ միայն Ամուլսարի խնդիրը դրվեր, այլ շատ ավելի լայն հարց․ նաեւ երկրի տնտեսական ապագան՝ գնալ հանքարդունաբերությունը կրճատելու ճանապարհով, թե՞ կոնսերվացնել եղած հանքավայրները։ Եւ այս որոշման դեպքում հասարակությունը շատ ավելի կօգնի կառավարությանը, եւ երկիրը շահած դուրս կգա։
- Ըստ որոշ մեկնաբանությունների՝ հարցը հանրաքավեի տարբերակով լուծելը սխալ կլինի, քանի որ այդ դեպքում խնդիր կառաջանա երկիր եկող ներդրումների հետ։
- Ներդումների համար ավելի կարեւոր է երկրի կանխատեսելիությունը, երբ իմանան, որ հանրությունը չի հանդուրժում հանքարդյունաբերություն եւ ուզում է կրճատել, քան եթե հիմա միջազգային մակարադակներում իմանան, որ ռիսկերը կառավարելի են եղել, բայց նոր կառավարությունը առանց համոզիչ բացատրության արգելել է հանքի շահագործումը։ Խաղի կանոնների բացակայությունը պակաս վտանգավոր չէ, քան կանխատեսելիությունը, եթե իմանան, որ ՀՀ-ում հանքարդյունաբերության հնարավորությունները սահմամափակ են, որովհետեւ հանրությունը չի ցանկանում խորացնել կամ զարգացնել այդ ուղղությունը։ Սա ավելի ազնիվ մոտեցում կլինի, եւ ներդրողները գոնե կիմանան, որ այդ դաշտում խաղի կանոները հստակ են, պարզապես պոտենցիալ չկա եւ կորոշեն ուրիշ որ դաշտում խաղան։ Իրականում կառավարության խնդիրը հենց այս դաշտում է եւ հանրությունը պետք է դա հասկանա։ Իհարկե որեւէ մեկը չի ցանկանա, որ երկիրը դառնա շահագործվող հանքավայրերի հանքարան, ես վստահ եմ, բայց իրավիճակն այնպիսին է, որ ունենք խնդիր եւ վարչապետը գտնվում է այն լուծելու հրամայականի առջեւ։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ
Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը
Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ
Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել
Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել
Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ
Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու համար․ մանրամասներ
Թրամփը լրացուցիչ 50 տոկոս մաքսատուրք է սահմանել կանադական որոշ ապրանքների ներմուծման համար
Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար մեղադրվող Արեյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը դատարանում են
Վենետիկում ՀՀ պատվավոր հյուպատոսարանում քննարկվել է ՀՀ-Իտալիա տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարը
ՌԴ-ն հարվածել է Ուկրաինայի ԶՈՒ-ի կողմից օգտագործվող ուկրաինական նավահանգիստներին, Սումիի «Էպիկենտրոն»-ին
ՄԻՊ-ն այցելել է Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր, առանձնազրույցներ են ունեցել բուժառուների հետ
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնած Էդվարդ Միլիբենդին
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ ինչ եղանակ է կանխատեսվում
Դատարան են հանձնվել «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի ընտրակաշառքի քրվարույթի նյութերը
Սարիկ Մինասյանը դադարեցրել է Գյումրու ավագանու անդամի լիազորությունները
Ձկան և ձկնամթերքի արտահանման նոր հնարավորություն․ արտադրողները հրավիրվում են առցանց հանդիպման
Հորդառատ անձրևները հեղեղել են Թբիլիսին․ տեսանյութ
ՀԷՑ-ը 2026-ի 1-ին կիսամյակում 2025-ի նույն ժամանակաշրջանի համեմատ շուրջ 62%-ով ավել հարկ ու տուրք է վճարել
ՖԻՖԱ-ն հետաքննում է արգենտինացիների պահվածքը ԱԱ-2026-ի եզրափակչից հետո․ կկիրառվեն խիստ պատժամիջոցներ
ՊԵԿ-ը շարունակում է իրականացնել հարկ վճարողների իրազեկման և աջակցման ծրագիրը
Քաղաքացիները տարբեր վայրերում զենք-զինամթերք են թողել, զանգել ոստիկանություն, հայտնել դրանց տեղերը
Գագիկ Ծառուկյանը ոստիկանության մեքենայով բերվել է Քննչական կոմիտե
Մեքենան բախվել է ավտոբուսին, ապա էլեկտրասյանը․ վարորդը Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում է
6.7 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում․ հասցեներ
Ով է Երևանում հանդիպակաց երթևեկող վարորդը և ինչու է դիմել նման քայլի. ՆԳՆ-ից պարզաբանում են
Հունիսի 1-ից հուլիսի 19-ը ՀՀ-ից արտահանվել է 7654 տոննա ծիրան․ Իսպանիա, նաև Պորտուգալիա արտահանում չունենք
Բարձր եմ գնահատում Բելգիայի աջակցությունը ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանը․ վարչապետի ուղերձը Բարտ դե Վևերին
Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը պաշտոնը ստանձնելուց հետո հայտնել է կառավարութան կազմը
Կոտայքի մարզի բազմաթիվ բնակավայրերում գազ չի լինի
Մալիշկա գյուղի համայնքային նշանակության հողատարածքում ապօրինի արդյունահանվել է հրաբխային բազալտ․ տեսանյութ
«Գորիս» ՔԿՀ-ի շենքային պայմանները չեն համապատասխանում ոլորտում գործող միջազգային չափանիշներին․ ՄԻՊ
Լույս աշխարհ է եկել փոքրիկ Տիգրանը․ Արփինե Սարգսյանն այցելել է Մարմարիկ՝ Պետրոսյանների ընտանիք
Անհամբեր սպասում եմ Ձեզ հետ սերտ համագործակցությանը․ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ՄԹ նորընտիր վարչապետին
Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT