Անհրաժեշտ է հիմնական դերակատարների փոփոխություն՝ սկսած ինձնից, վաղը հրաժարական կներկայացնեմ. ԼՂ նախագահ

31/08/2023 schedule12:52

Վաղը ես Արցախի Հանրապետության ժողովրդին ու Ազգային ժողովին եմ ներկայացնելու Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնից հրաժարականի դիմումս:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ԼՂ նախագահ Արայիկ Հարությունյանը՝ նշելով, որ այս վերջնական որոշումը կայացրել է երկու օր առաջ՝ հաշվի առնելով վերջին շաբաթների իր շփումները բոլոր ներքին ու արտաքին դերակատարների և լայն հանրության հետ:

Ըստ Հարությունյանի՝ սա կշռադատված որոշում է՝ կայացված բացառապես իր կողմից:

Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Արցախի ժողովրդի կողմից Արցախի Հանրապետության նախագահ ընտրվելու արդյունքում 2020թ. մայիսի 21-ին ստանձնել եմ Նախագահի լիազորությունները: Հաջորդ իսկ օրվանից անցել եմ Արցախի պաշտպանունակությունն ամրապնդելու, Արցախի սահմանների անառիկությունն ապահովելու գործին: Ցավոք, ընդամենը չորս ամիս անց Ադրբեջանի կողմից սանձազերծվեց 44-օրյա պատերազմը, որն ավարտվեց մեր պարտությամբ: Իհարկե, կարելի է պարտության ողջ մեղավորությունը բարդել Արցախի չորսամսյա նախագահի վրա, և ես ամենևին չեմ հրաժարվում պատասխանատվությունից, բայց, հավատացեք, մեզանից յուրաքանչյուրն ուներ պատասխանատվության իր բաժինը՝ ամեն մեկն իր կարգավիճակի ու կարողությունների չափով: Բոլոր դեպքերում, ես մի քանի անգամ հայտարարել եմ, հիմա հրապարակայնորեն կրկին ներողություն եմ հայցում հայ ժողովրդից՝ մեղավորության իմ բաժնի համար, բայցև նորից հավաստիացնում եմ, որ 2020թ. 44-օրյա պատերազմի ընթացքում ես ձեռնարկել եմ բոլոր քայլերն իմ ուժերի ու փաստացի լիազորությունների սահմաններում, գուցեև ավելին:

Հավատացնում եմ, որ իրավիճակը ոչ պակաս բարդ էր նաև 44-օրյա պատերազմից հետո, և ստեղծված իրավիճակը պակաս պատասխանատվություն չէր պահանջում: Արցախը կանգնած էր կործանման եզրին, և կրկին ներքին կայունությունն ու ամրությունն ապահովելու ծայրահեղ անհրաժեշտություն կար: Թվում էր, թե հետպատերազմյան հոգեճնշող վիճակը և հոգեֆիզիոլոգիական ծանրաբեռնվածությունը պետք է հաղթած լինեին ինձ, բայց ես ուժ գտա պատասխանատվություն ստանձնելու նաև այդ ժամանակ: Այդ ողջ ընթացքում ես իմ ամբողջ ներուժն ուղղել եմ Արցախում ներքին կայունությունն ամրապնդելուն, այդ պայմաններում ենթադրվող հանցավորության աճը կանխելուն, արցախցիների հայրենադարձությունն ապահովելուն, երկրի սահմանադրական կարգն ու պետականության սյուները կանգուն պահելուն: Այո, որոշ հարցերում հաջողություններ չենք ունեցել, բայց, ընդհանուր առմամբ, ամենակարճ ժամկետում ոչ միայն ուղղել ենք երկրի կորացած մեջքը, այլև կյանքը կրկին վերադարձրել որոշակի կայուն հուն:

Գուցե հենց նաև դա էր պատճառը, որ ամեն գնով մեզ ոչնչացնելուն, ցեղասպանելուն պատրաստ Ադրբեջանը 2022թ. դեկտեմբերի 12-ից սկսեց Արցախի շրջափակումը, իսկ 2023թ. հունիսի 15-ից՝ նաև լիակատար պաշարումը: Դա տեղի ունեցավ նաև այն պատճառով, որ, չնայած Արցախի ժողովրդի հանդեպ իրականացվող ամենօրյա սադրանքներին ու բռնաճնշումներին, մեր ժողովուրդը շարունակում էր Արցախը շենացնելու իր սուրբ գործը:

Արդեն գրեթե ինն ամիս է՝ Արցախը գտնվում է ադրբեջանական շրջափակման մեջ, իսկ Արցախի պատանդառված ժողովուրդը ենթարկվում է անթաքույց ցեղասպանության: Այս ընթացքում մենք մեր կարողությունների սահմաններում ձեռնարկել ենք բոլոր հնարավոր միջոցները ստեղծված իրավիճակը աշխարհին ներկայացնելու և միջազգային հանրության աջակցությունը ստանալու համար, երկու անգամ հարցը քննարկման առարկա էր դարձել նույնիսկ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, երկուական անգամներ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը և Մարդու իրավունքների եվրոպական դատարանը կայացրել են Արցախն ապաշրջափակելու վերաբերյալ որոշումներ, բազմաթիվ հայտարարություններ ու կոչեր են հնչել հարյուրավոր միջազգային սուբյեկտների կողմից: Սակայն ադրբեջանական ագրեսիվ վարքագիծը որևէ կերպ չի կանխվել:

Այսօր աշխարհում ձևավորված աշխարհաքաղաքական անկայուն վիճակը, տարածաշրջանային իրադարձություններն ու կանխատեսվող զարգացումները, Արցախում և դրա շուրջ տեղի ունեցող երևույթները, արցախյան ներքաղաքական ու ներհասարակական մթնոլորտն ուղղակիորեն հուշում են, որ առկա է մոտեցումների ու քայլերի փոփոխության, ճկունություն դրսևորելու անհրաժեշտություն: Նշվածին հասնելու համար Արցախում անհրաժեշտ է հիմնական դերակատարների փոփոխություն՝ սկսած ինձնից:

Իմ կենսագրությունը և դրա հանդեպ Ադրբեջանի վերաբերմունքը արհեստականորեն ձևավորում են մի շարք պայմաններ, որոնք էական խնդիրներ են հարուցում մեր հետագա քայլերի կառուցման և ճկուն քաղաքականության վարման տեսանկյունից: Բացի դրանից, պատերազմում պարտությունը և դրանից հետո երկրում ստեղծված դժվարություններն էականորեն նվազեցրել են նաև իշխանությունների, հատկապես՝ Նախագահի նկատմամբ վստահությունը, ինչը լրջագույնս խոչընդոտել է պատշաճ կառավարման հետագա ընթացքին: Հետևաբար, պետք է փոփոխությունը սկսել հենց ինձնից: Վաղը ես Արցախի Հանրապետության ժողովրդին ու Ազգային ժողովին եմ ներկայացնելու Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնից հրաժարականի դիմումս: Այս վերջնական որոշումը ես կայացրել եմ երկու օր առաջ՝ հաշվի առնելով վերջին շաբաթների իմ շփումները բոլոր ներքին ու արտաքին դերակատարների և լայն հանրության հետ: Սա իմ ունեցած տվյալների վերլուծության արդյունքների հիման վրա կշռադատված որոշում է՝ կայացված բացառապես իմ կողմից:

Նախքան այդ, այսօրվա իմ հրամանագրով Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից և պետական նախարար է նշանակվել Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Սերգեյի Շահրամանյանը, ում տրվել են լայն լիազորություններ: Սամվել Շահրամանյանի ընտրությունը կատարելիս հաշվի եմ առել նրա սկզբունքայնությունը, ճկունությունը, տարբեր պատասխանատու դիրքերում նրա աշխատանքային փորձը և կուտակած գիտելիքները, որոնք անմիջականորեն առնչվում են թե՛ ազգային անվտանգությանը և թե՛ պետական կառավարմանը:

Իմ երախտագիտությունն եմ հայտնում Գուրգեն Ներսիսյանին և ուզում եմ հատուկ շեշտել, որ անգնահատելի է 2020թ. 44-օրյա պատերազմի օրերին, դրան հաջորդող ժամանակահատվածում և շրջափակման ընթացքում նրա կատարած աշխատանքի նշանակությունը պետության համար: Նա պետական նախարարի պաշտոնը ստանձնել է Արցախի համար ծանրագույն ժամանակներում, տքնաջան ու թափանցիկ աշխատանք է կատարել այդ դժվարին պայմաններում Արցախի ժողովրդին պատուհասած ծանրությունը մեղմելու ուղղությամբ և պայքարելու, համառորեն ու խիզախորեն առաջ գնալու իր բնավորությամբ կարողացել է հաղթահարել բազմաթիվ խնդիրներ: Համոզված եմ, որ նրա գիտելիքները և սկզբունքային, արդարացի, անզիջում ու հաստատակամ տեսակը շարունակելու են ծառայել Արցախին ու մեր ժողովրդին:

Սիրելի՛ հայրենակիցներ, ես շարունակելու եմ ընտանիքիս՝ Արցախում գտնվող անդամների հետ ապրել Արցախում, առավելապես ընդգրկվելու եմ Արցախի անվտանգության ապահովման գործում, շարունակելու եմ կրել իմ բաժին պատասխանատվությունը Արցախի ապագայի նկատմամբ և աջակցելու եմ երկրի գործող իշխանություններին: Իմ այս քայլն ուղղված է նաև Արցախում ներքին կայունությունն ու հասարակական ամուր կարգն ապահովելուն: Ի հեճուկս բոլոր դժվարությունների, մեր ներքին կայունությունն ու հանրային համերաշխությունը բոլոր հաջողությունների նախապայմանն է, որից ցանկացած շեղում կամ շեղման փորձ պետք է բացառվի:

Խաղաղություն, բարօրություն ու հավերժականություն Արցախ աշխարհին ու հայ ազգին»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1548 դիտում

Բարձր ենք գնահատում ՄԹ աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին․ վարչապետը՝ Քիր Սթարմերին

Աշխարհի առաջատար համալսարանների հարգելի շրջանավարտներ, հրավիրում եմ ընդգրկվել Կառավարության կադրային բանկում

Որպես անհետ կորած որոնվում է 1964թ. ծնված Կարապետ Մարգարյանը

Ռուսաստանի ԶՈՒ-ն առաջ է գնում, Ուկրաինան չի կարողանում զսպել գրոհը, անցնում է ահաբեկչական մեթոդների. Պուտին

Դեյվիդ Բեքհեմը աստղ է ստացել Հոլիվուդի «Փառքի ծառուղում»

Իսրայելը շարունակում է հարվածել Լիբանանին․ հարավային շրջանում զոհեր կան

Հայտնի է՝ երբ ԿՀԸ-ն կհրապարակի ընտրությունների վերջնական արդյունքները

Գիտելիքի արտահոսքից՝ գիտելիքի վերադարձ․ պետական աջակցությամբ ՀՀ եկած հետազոտողները նոր բացահայտումներ են անում

ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել Միացյալ Թագավորության Ազգային տոնի առթիվ

Կանանց իրավունքների լիարժեք իրացման ճանապարհին կարծրատիպերը շարունակում են լուրջ մարտահրավեր մնալ. ՄԻՊ

Հայաստանը վերահաստատել է ISA-ի շրջանակում համագործակցությունը խորացնելու պատրաստակամությունը

Հայտնի է՝ երբ տեղի կունենան Ալի Խամենեիի հրաժեշտի և հուղարկավորության արարողությունները

14-ամյա երեխան տան բակում հրացանով ծառին է կրակել, գնդակը հետադարձ է կատարել, կպել կրծքավանդակին

Ուկրաինայում ռուսերենը հանվել է պաշտպանության տակ գտնվող լեզուների ցանկից

Մեկնարկել է «Նորդիկ օրեր Երևան 2026» փառատոնը

Վանաձորում մեքենաներ են բախվել․ մեկը կողաշրջվել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 3-4 աստիճանով․ անձրևային եղանակը կպահպանվի

Հնդկաստանում ռազմական տրանսպորտային ինքնաթիռ է կործանվել

Էկոնոմիկայի փոխնախարարն այցելել է պետական ծրագրից օգտված Էջմիածնի խեցգետնաբուծական համալիր

Վարդահովիտի «Դզեր» կոչվող տարածքում քաղաքացիներն անցել են գետի մյուս կողմ և չեն կարողացել հետ վերադառնալ

Սար բարձրանալիս «ՈւԱԶ»-ը գլորվել է ձորը․ կա զոհ

ԱՄՆ-Իրան խաղաղության շուրջ փաստաթղթի վերջնական տեքստը համաձայնեցվել է․ Պակիստանի վարչապետ

Բարձր ենք գնահատում Նորդիկ երկրների ներդրումը համաշխարհային խաղաղության գործում․ Մհեր Գրիգորյան

«Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալվել է բլոգեր և մաթեմատիկոս Միխայիլ Վերբիցկին

Սև ծովի շրջաններից ակտիվ ցիկլոն կներթափանցի․ Սուրենյանը սպասվող եղանակի մասին տեսանյութ է հրապարակել

«Հմի դու Գագոյի թիմում ե՞ս», «Ամսի 1-ին հանեց 800 հազար փող տվեց»․ ընտրակաշառքի նոր ձայնագրություն ԲՀԿ-ից

Կայծակի հետևանքով վթարվել է Ալագյազ ենթակայանի տրանսֆորմատորը․ Արագածոտնում հոսանքազրկված բնակավայրեր կան

Զերծ մնալ գետեր, լճեր, այլ բնական ջրային միջավայր կենդանական տեսակներ ինքնակամ բաց թողնելուց․ ՇՄՆ

Վերահաստատվել է Հայաստանի աջակցությունը UNDP-ին և UNFPA-ին, կարևորվել ծրագրային երկրների հետ գործընկերությունը

2 դատախազի նկատմամբ կարգապահական տույժ է նշանակվել

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Թիկունքում Աղստևն է․ լավ օր բոլորիդ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

ՌԴ-ն երբեք կասկածի տակ չի դրել և չի դնում ՀՀ-ի ինքնիշխան արտաքին քաղաքականություն վարելու անվիճելի իրավունքը

Հայաստանն աջակցում է երկրում կայունության վերականգմանը միտված Լիբանանի կառավարության ջանքերին․ Անանյան

Հայտնի է՝ ինչ խափանման միջոց է ընտրվել «Ուժեղ Հայաստան»-ի համակիր, ձերբակալված դասախոս Ալեն Ղևոնդյանի նկատմամբ

ԿԸՀ-ն ամփոփել է վերահաշվարկի արդյունքները․ տվյալներ

Սելավային հոսք՝ Նարեկ գյուղի հատվածում․ տեսանյութ

ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագիրը մոտ է ավարտին․ Արաղչի

Նարեկ Կարապետյան, ինչո՞ւ էիր հասնում Վերին Լարս, «կառավարության նիստ» հրավիրեիք, հարցին ուժեղ լուծում տայիք

Գագիկ Խաչատրյանի որդին՝ Արտյոմ Խաչատրյանը, կկալանավորվի․ հայտարարվել է հետախուզում