Ինձ և տղայիս 3 րոպե կանգնեցնում էր պլիտային, չէինք անում՝ ժամանակը երկարում էր. մոր և երեխաների փախուստը՝ բռնանար հորից

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ. Նյարդերից թույլ մարդկանց, հղիներին, երեխաներին խորհուրդ է տրվում չկարդալ նյութը՝ հաշվի առնելով բովանդակության մեջ առկա գերզգայուն նկարագրությունները:

Մեկ տարի առաջ այս օրը 36-ամյա Անին (անունը փոխված է, զրուցակիցը չի ցանկացել իրական անուն-ազգանունը հրապարակվի) իր 4 անչափահաս երեխաների հետ կարողացավ փախչել ՀՀ գյուղերից մեկում գտնվող բռնարար ամուսնու տնից:

2021-ի ցուրտ ու քամոտ աշնանային այս օրը՝ առանց վերարկու, տնային հողաթափերով մայրն ու երեխաները դուրս էին նետվել տնից, տաքսի նստել ու հասել մարզկենտրոն, ապա՝ այնտեղից տեղափոխվել Երեւանի կանանց աջակցման կենտրոն. այդ օրվանից նոր սկիզբ դրվեց Անիի 20 տարի «ընդհատված» կյանքին:

Նրան 16 տարեկանում փախցրել էր բոլորովին անծանոթ, 5 տարով իրենից մեծ մի երիտասարդ:

«Քեռիս իրենց գյուղում էր ապրում, արձակուրդներին նրա տուն հյուր էի գնում, հետագայում ամուսինս դարձած անձն ինձ այնտեղ էր տեսել, հետո փախցրեց: Ինձ սկզբում այլ մարզ տարան՝ նրա քեռու տուն. այնտեղ էին պահում: Գրեթե մեկ շաբաթ էր անցել, երբ մերոնք իմացել էին տեղս ու եկել՝ հետ տանելու: Ծնողներիս հետ եկել էր նաեւ մեծ եղբայրս, որն ինձ տարավ՝ առանձին խոսելու ու ասաց, որ մոռանամ հայրական տունս, եթե մեկ շաբաթ մնացել եմ իր (ամուսնուն նկատի ունի) հետ, ուրեմն ետդարձի ճամփա չունեմ: Ինչքան էլ եղբորս բացատրեցի, որ նա ինձ մատով անգամ չի կպել, միեւնույն է, չհասկացավ...»,- հիշում է Անին ու հավելում՝ ամուսնու «ձեռք չտալը» պայմանավորված է եղել ոչ հարմարավետ պայմաններով. տղայի քեռու ընտանիքը բազմանդամ է եղել:

Նրա խոսքով՝ հենց առաջին շաբաթն արդեն տարօրինակություններ է նկատել ամուսնու մոտ, սակայն չի գիտակցել կամ գուցե չի պատկերացրել, որ հնարավոր է՝ վերջինս հետագայում է՛լ ավելի ագրեսիվ վարքագիծ դրսեւորի: «Ես իրավունք չունեի իր հետ սեղան նստելու, հաց ուտելու, ինքը պետք է վեր կենար, հետո նոր ես նստեի: Իրեն երբեք չեմ հավանել, հենց սկզբից. հավանելու բան չէր»,- դառնությունից քմծիծաղ տալով՝ ասում է 36-ամյա կինը:

«Ինքը ո՛չ շնորհք ուներ, ո՛չ պահվածք: Ճիշտ է, առաջին երեխայի ծնվելուց հետո փորձում էի համակերպվել, աշխատում հնարավորինս լավ մայր, լավ կին լինել, բայց այն տեսակ մարդ, ինչպիսին ինքն է, հնարավոր չէ սիրել կամ ընդունել: Համարյա 20 տարի ապրել եմ իր հետ, բայց առաջին օրվանից մինչեւ վերջին օրը իմ ու իր սեռական հարաբերությունները եղել են բռնի, ծեծով, ջարդով, բռնաբարություններով»,- մտաբերում է Անին՝ ամենայն ցավով հիշելով, որ անգամ առաջին սեռական հարաբերությունից հետո երկար ժամանակ՝ շուրջ մեկ ամիս, չի կարողացել նորմալ քայլել:

Առաջնեկի ծնվելուց հետո տեսնելով ամուսնու հետզհետե անկառավարելի վարքագիծը՝ Անին չի ցանկացել այլեւս երեխաներ ունենալ, սակայն թե՛ ամուսինը, թե՛ վերջինիս ընտանիքի անդամները պնդել են, որ ծննդաբերի. «Միանվագ գումարների, բազմազավակության ու սոցիալապես անապահով լինելու համար ստացվող գումարների համար էին ուզում, որ երեխաները ծնվեն: Ինքը միշտ կեսկատակ, կեսլուրջ ասում էր՝ կարանք ծախենք»:

Ամուսնությունից որոշ ժամանակ անց ամուսինը կնոջը եւ երկու երեխային տարել է Ռուսաստանի Դաշնություն, որտեղ մնացել են շուրջ 6 տարի:

Պատմելով ՌԴ-ում անցկացրած ժամանակաշրջանի մասին՝ կինն ասում է՝ լավ օրեր այնտեղ էլ չի ունեցել. «Խախոլ, ցիգան, ում ասես բերում էր տուն, սեռական կարիքները բավարարում, ինձ էլ ասում էր՝ նայիր, որ սովորես: Երկու մեծս՝ որդիս ու դուստրս, տեսել են այդ ամենը, դրա համար էլ առողջական խնդիրներ ունեն»:

Հայաստան վերադառնալուց հետո, սակայն, Անիի ընտանիքը չի իմացել նրանց գալու մասին՝ կարծելով, թե դուստրը եւ թոռները ՌԴ-ում են, իսկ Անիին արգելվել է ընտանիքի հետ որեւէ առնչություն ունենալ. լվացքը գիշերով է միայն թույլատրվել կախել, իսկ ցերեկային ժամերին սենյակից դուրս գալը խստիվ արգելված է եղել: «Երեւի գիտեր, որ հանկարծ մեկին կպատմեմ, կամ մերոնք կտեսնեին, կիմանային՝ ինձ ինչ օր է տալիս, հետ կտանեին... չնայած տանող լինեին՝ վաղուց կտանեին: Ընտանիքս շատ բաներ էր հասկացել ու իմացել, պարզապես չիմանալու էր տալիս»,- ասում է ընտանիքից պաշտպանություն չզգացած կինը:

Ամուսնու ծնողները եւս վատ են վերաբերվել հարսի հետ: Երեխաներին վաճառելու գաղափարին նրանք էլ են կողմ եղել. «Մեկ անգամ հակադարձեցի՝ հարձակվեցին վրաս ու փոքր երեխու նման ինձ ծեծեցին, նկուղ էին գցել՝ իբր պատժում էին»:

Անիի խոսքով՝ այն ընտանիքում, որտեղ հարս է եղել, ընդունված չի եղել, որ կինը կանացի զգեստներ հագնի. պետք էր տան տղամարդկանց հին հագուստները հագներ. «Երեխեքս ինձ փախչելուց հետո են կնոջ շորով տեսել. պիտի զարմացած ու հիացական հայացքները տեսնեիք»:

Ասում է՝ ամուսնու հայրը հարբեցող է եղել, իսկ մայրը Սպիտակի ավերիչ երկրաշարժի ժամանակ է մահացել, երբ ամուսինը 7 տարեկան է եղել. նրան խորթ մայրն է մեծացրել: Կնոջ դիտարկմամբ, սակայն, անմայր մեծանալու տրավման դժվար թե ազդած լինի ամուսնու վրա: «Եթե դա լիներ պատճառը, թող իմ հանդեպ ագրեսիվ լիներ, ոչ թե իր մանկահասակ երեխաների»,- ասում է նա:

Վերջինս համոզված է՝ բռնարարին ոչինչ չի կարող փոխել. իր դառը փորձը դրա վկայությունն է: «Իրենք կարող է մեկ կամ երկու ժամ ցույց տան, թե ընդունակ են փոխվելու, բայց նորից ագրեսիվանան ու ավելի դաժան բաներ անեն: Իրենց մոտ դադար չկա, իրենք դրանով են սնվում, իրենց երեխաներին էլ չեն սիրում: Իրենք մեզ վրա ինքնահաստատվում են»,- շեշտում է երիտասարդ կինն ու իր հետ պատահած հերթական զարհուրելի դեպքը վերհիշում.

«Մի անգամ իրեն դրսում նեղացրել էին, ջղայնացած եկավ տուն, մի քանի րոպե հետո պլիտան միացրեց ու ասաց, որ ես եւ տղաս պետք է հերթով երեք րոպե բոբիկ կանգնեք վրան: Եթե միանգամից չկանգնեինք, եւս երեք րոպե էր ավելանում: Գիտեի, եթե չանեի, շալվարի գոտին էր հանելու ու սկսեր երեխայիս աչքիս առաջ ծեծել. դրա համար անկախ ինձնից՝ երեք էլ, տասներեք էլ էի կանգնում, միայն թե երեխայիս ձեռք չտար»:

Անիի խոսքով՝ ամուսնու մոտ նաեւ խանդի անառողջ դրսեւորումներ են եղել, ընդհուպ՝ երեխաների հանդեպ. «Որդուս, որ համբուրում էի, ասում էր՝ էլ չտեսնեմ իրեն համբուրես, թե չէ վատ կլինի երկուսիդ համար էլ: Նախքան այստեղ գալս երազում էի մեծ տղայիս գրկելու, մայրական գուրգուրանք տալու մասին»:

Թե ամուսնու հատկապես ո՞ր արարքն է պատճառ դարձել եւ ստիպել համարձակություն գտնել ու փախչել տնից, վերջինս պատմում է. «Դանակը դրել էր փոքր երեխուս վզին, ինձ ասում էր՝ համակարգչով հիմա գրում եմ p***օ, ու ինչ անում են, պետք է անես, չկարողացար՝ երեխուդ կմորթեմ: Ամբողջովին մերկ էր տան մեջ, մեծ դուստրս վախեցած վազեց ընդառաջ, փաթաթվել էր ոտքին ու աղաչում էր, որ չսպանի իր քրոջը»:

36-ամյա կնոջ մոտ նաեւ ներքին վախեր ու կասկածներ են առաջացել այն բանից հետո, երբ ամուսինն իր հարազատ քրոջ դստեր հասցեին է որոշ ակնարկներ արել: (Փոխանցած խոսույթը չենք ներկայացնում, քանի որ այն հրապարակման ենթակա չէ). «Ինչ տարբերություն՝ քո՞ երեխան, թե՞ քրոջդ: Երեւի դա էլ ինձ ստիպեց, որ մեջս համարձակություն գտնեմ ու երեխաներիս իր ձեռքից ազատեմ: Չնայած երեխաներին երբեք չէի վստահում իրեն, ներքին վախ կար մեջս, մանավանդ՝ փոքրիս. 3 տարեկան է: Միշտ ասում էր՝ պետք է ծախեմ, կասեմ՝ մահացել է, որ մի հատ էլ երեխա ունենաս: Մեծ դստերս հետ հսկում էինք գիշեր-ցերեկ»:

Կորոնավիրուսային համավարակի գերլարված ընթացքում, երբ դպրոցներն անցել են հեռավար ուսուցման, այն դպրոցում, որտեղ սովորել են Անիի երեխաները, հեռախոս են տրամադրել, եւ դրա միջոցով սոցիալական ցանցում դուստրը նկատել է «Կանանց աջակցման կենտրոն» հ/կ-ի հայտարարությունը, համարներ գտնել ու ասել մորը:

«Եթե տանն էր, հեռախոսը տալիս էր, որ երեխան դաս անի, բայց եթե որոշում էր որ գնալու է ընկերներով խմելու, քեֆ անելու, երեխան զրկվում էր դասերին մասնակցելուց»,- պատմում է կինը՝ նշելով՝ մի օր ամուսինը ալկոհոլի ազդեցության տակ քնած է եղել, եւ ինքը պահն օգտագործել է ու զանգել աջակցման կենտրոն:

Կենտրոն զանգահարելուց օրեր անց մայրը երեխաների հետ փախչել է տնից: Փախուստից 10 ամիս անց ամուսինը գտել է կնոջը: Գնացել է այնտեղ, որտեղ աշխատանքի է անցած եղել Անին: Այդ ժամանակ կինն անմիջապես ոստիկանություն է զանգահարել: Ոստիկանները տղամարդուն զգուշացրել են, որ 100 մետրից ավելի չի կարող մոտենալ կնոջը եւ երեխաներին, որից հետո, ըստ Անիի, բռնարարը չի հետապնդել իրենց:

Զրույցի ավարտին Անին ժպիտով արձանագրում է՝ առաջին անգամ կարողացավ իր կյանքի պատմությունը լիարժեք պատմել ու դրա մասին խոսել առանց լացի: Վերջինս նկատում է, որ նախկինում ատելություն է զգացել երեխաների հոր նկատմամբ, շատ անգամներ նրա մահն է ցանկացել, իսկ հիմա. «Կուզեմ ապրի, ու տանջվի, եթե, իհարկե, գիտակցի: Անգամ խղճում եմ իրեն, նույնիսկ սեփական երեխաներն են ատում: Նրա պատճառով է, որ այսօր մեծ երեխաներս առողջական խնդիրներ ունեն»:

Անիի առաջնեկը՝ տղան, 18 տարեկան է: Վերջինս պարբերաբար բռնությունների պատճառով նյարդային եւ հոգեբանական խնդիրներ է ձեռք բերել: Չնայած զորակոչային տարիքին՝ տղան այս պահին առողջական խնդիրների պատճառով գտնվում է տարկետման մեջ: Նրա 15-ամյա քրոջ մոտ մանկական նեւրոզ է ախտորոշվել: Աղջիկը եւս բուժումների կարիք ունի: Անիի փոքր երեխաները 9 եւ 3 տարեկան աղջիկներ են: Մոր խոսքով՝ վերջիններիս մոտ առողջական խնդիրներ չեն նկատվում: Անին այժմ իր չորս զավակի հետ ապրում է «Կանանց աջակցման կենտրոն» հ/կ-ի օժանդակությամբ գտած տներից մեկում:

Նկատենք, որ բռնությունների ենթարկված կինը զրույցի ամբողջ ընթացքում չտվեց ամուսնու անունը՝ նրան միայն կոչելով ինքը:

Իրավապաշտպան, «Կանանց աջակցման կենտրոն» հ/կ-ի հանրային կապերի պատասխանատու Զարուհի Հովհաննիսյանի խոսքով՝ միայն այս տարի Հայաստանի Հանրապետությունում կնոջ սպանության 10 դեպք է գրանցվել արդեն, որոնք ընտանեկան բռնության զոհ են դարձել: Հովհաննիսյանը մտահոգիչ է համարում այս ցուցանիշը՝ ընդգծելով, որ տարեցտարի դիմողների թիվը զգալի ավելանում է:

«Մեր թեժ գծերի հեռախոսազանգերը եւս շատացել են. մասնավորապես՝ «Ընդդեմ կանանց դեմ բռնության կոալիցիա» հ/կ-ն ամեն տարի 5000 հեռախոսազանգ է ունենում, սակայն այս տարի 6 ամսվա ընթացքում է եղել գրեթե 5000 ահազանգ: Ինչ վերաբերում է «Կանանց աջակցման կենտրոն»-ին, ապա ամեն տարի այնտեղ եղել է 300 շահառու, այս տարի կես տարվա ընթացքում շահառուների թիվը 550 է: Այս տվյալները վկայում են, որ ծառայությունների եւ աջակցման կարիք բավականաչափ անձինք են ունենում իրենց երեխաների հետ միասին: Սա նաեւ նշանակում է, որ խնդիրը մեր երկրում բավականին ծանր է եւ պետական մակարդակով լուրջ ուշադրության կարիք ունի»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում արձանագրում է իրավապաշտպանը:

Հովհաննիսյանի փաստմամբ՝ այս թվերի զգալի փոփոխությունը ինչ-որ չափով պայմանավորված է իրազեկվածության մակարդակի բարձրացմամբ: Միևնույն ժամանակ նա մտահոգություն է հայտնում, որ հետազոտությունները ցույց են տալիս՝ հասարակական գիտակցության փոփոխման կարիք ունենք. «Ակնհայտ է, որ մեր երկրում դեռեւս մարդիկ չեն գիտակցում, որ բռնությունը չարիք է, որի դեմ պետք է պայքարել»:

Ըստ Հովհաննիսյանի՝ ոստիկանությունը եւս ցանկացած ահազանգի դեպքում այց է կատարում, հաշվառում բռնարարին, նախազգուշացնում կամ օրենքով սահմանված կարգով՝ այլ միջոց կիրառում: Նա մեջբերում է ՀՀ քննչական կոմիտեի տվյալները, ըստ որոնց՝ ընտանեկան բռնության համար այս տարի՝ առաջին 6 ամսում, 391 քրեական գործ է հարուցվել. «Եթե սա համեմատենք նախորդ տարվա հետ, տարբերությունը զգալի է. նախորդ ամբողջ տարվա ընթացքում եղել է 566»:

Խոսելով ընտանեկան բռնությունների տեսանկյունից ամենախնդրահարույց բնակավայրերի մասին՝ զրուցակիցը նկատում է. «Երեւանն ինքնին շատ մեծ է, ու բնակչության թվով արդեն իսկ շատ են դիմողները: Արմավիրի մարզից են շատ լինում դեպքերը: Տարօրինակ է, Երեւանին մերձ մարզ է, սակայն այդքան խնդրահարույց է: Սյունիքում է բավականին վատ վիճակ, Գեղարքունիքում եւ այլն»:

Բռնությանը զոհ դարձած կանայք ամենատարբեր հոգեբանական վիճակներում են գտնվում, ասում է Հովհաննիսյանը: Կանայք կան, որոնք աջակցման կենտրոն տեղափոխվելուց հետո անդադար քնում են, կանայք կան, որ ոչ մի կերպ չեն կարողանում հաղթահարել վախերը, անընդհատ մտածում են, որ իրենց կգտնեն, կվնասեն: Կանայք էլ կան, որ որոշակի վստահություն են ձեռք բերել՝ ամեն բան անցյալում է:

«Մեծ աշխատանք են կատարում հոգեբանները, քանի որ կանայք կան, որոնք դատական գործընթացներում առերեսվում են բռնարարների հետ, սա նրանց համար հուզական մեծ սթրեսի պատճառ է դառնում: Շատերը դժվար են դատարանում ներկա գտնվում, չեն կարողանում խոսել՝ տեսնելով այնտեղ մարդու, որը տարիներ շարունակ եղել է իրենց ամենամեծ վախի պատճառը»,- ասում է նա:

Զարուհի Հովհաննիսյանը աներկբա վստահ է՝ պետությունը պետք է լուրջ մեխանիզմներ ներդնի՝ բռնությունները կանխարգելելու առումով, քանի որ ոստիկանությունն իր՝ այսօր ունեցած լիազորություններով հաճախ չի կարողանում կանխել ընտանեկան բռնություններն ու դրա առաջացրած հետեւանքները: Վերջինս օրինակ է բերում ամիսներ առաջ Երեւանում տեղի ունեցած ողբերգական դեպքը, երբ նախկին ամուսինը նռնակով պայթեցրել էր իրեն եւ կնոջ:

Տպել
4164 դիտում

Ֆարերյան կղզիներ-Հայաստան հանդիպումն ավարտվեց 2-2 հաշվով

Իրենց սահմանը, Ոսկեպարը, Կիրանցը, Արցախն էլ չէր հետաքրքրում, ուղղակի չեն կարող իրական օրակարգը բերել հրապարակ. Սաֆարյան

Կարևոր է հստակեցնել՝ ովքեր են ՀՀ ռազմավարական դաշնակիցները, աշխարհին ուղղված մեր ազդանշանները պիտի հստակ լինեն. Սաֆարյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ. ինչ է քննարկվել

Թուրք գեներալին զրկել են կոչումից և ձերբակալել. ինչի համար է մեղադրվում Բիլալ Չոքայը

Քննարկվել է Հայաստանում «FIRST Global Challenge» օլիմպիական ոճի միջազգային ռոբոտաշինության մրցույթ անցկացնելու գաղափարը

Աջափնյակ վարչական շրջանում գազ չի լինի. հասցեներ

Իսրայելը հարվածներ է հասցրել Բեյրութի կենտրոնի շենքերին. կան զոհետ, խուճապ է սկսվել

ՆԱՏՕ-ն խոշոր միջուկային զորավարժություններ կանցկացնի

Պուտինը նախատեսում է ԲՐԻԿՍ-ի շրջանակում շուրջ 20 երկկողմ հանդիպում ունենալ

Կարեն Գիլոյանը Եվրոպայի Խորհրդի կողմից նշանակվել է Համաշխարհային հակադոպինգային գործակալության հիմնադիր խորհրդի անդամ

Ծղուկ գյուղի լեռան մոտակայքում հրդեհ է բռնկվել

Մեկ ամսում՝ 800 դոլարի տնտեսում․ ՀՀ-ում էլեկտրական շարժիչով մեքենաների քանակն ավելանում է. ինչ առավելություններ ունի այն

Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանն ազատման դիմում է ներկայացրել

Սևան-Գավառ ճանապարհին «Օպել»-ներ են բախվել. վարորդներից մեկը հիվանդանոցում է

Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Տաջիկստանում է (լուսանկարներ)

ՀՀ նախագահը նոր դատավորներ է նշանակել

Բռնի տեղահանվածների կողմից փաստացի շահագործվող մեքենաների սեփականության իրավունքի գրանցման արտոնյալ ընթացակարգ կգործի

Սյունիքում եղբայրներ են ծեծի ենթարկվել․ բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար

Երկրների խոր պատմական կապերը մշակութային համագործակցության ներուժ են ի հայտ բերում. Ալի Աբդուլքարեմ Ուտավին՝ Դանիելյանին

Ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի դիմացի հրապարակում

Հակոբ Արշակյանն առցանց մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ հանձնաժողովների նիստերին. ներկայացվել են հայկական կողմի առաջարկները

ՀՀ-ում չվերթների ավելացման հնարավորություն և ոչ միայն. Պապոյանը հանդիպում է ունեցել Wizz Air-ի ներկայացուցիչների հետ

6 զոհ, հեղեղված «Դիսնեյլենդ», առանց էլեկտրականության մնացած 3 մլն ամերիկացի. «Միլթոն» փոթորիկը շարունակում է մոլեգնել

2024 թվականին «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ում ստուգումներ չեն իրականացվել. ՊԵԿ

Տարածաշրջանի համար կարող է լավ օրինակ լինել ՀՀ ժողովրդագրության ռազմավարությունը. Նարեկ Մկրտչյանը՝ Ֆլորենս Բաուերին

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Տիգրան Մեծի պողոտա-Խանջյան խաչմերուկում

Պուտինը Վրաստանի քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմն ընդլայնել է

Թիվ 20 դպրոցում կատարվածի առնչությամբ ՄԻՊ աշխատակազմում ուսումնասիրություն է սկսվել

Ձորակում հայտնաբերվել է 1 ուղևորի դի և «Գազել»-ը՝ գլխիվայր շրջված. պարզվում են Երևան-Սևան ճանապարհի վթարի հանգամանքները

Հայտնի է՝ երբ ԱԺ հանձնաժողովը կքննարկի սահմանազատման կանոնակարգը

Արփի Դավոյանի թեկնածությունն արդարադատության նախարարի պաշտոնում չի հաստատվել. Աղազարյան

«Արթկոսմեդ»-ի տնօրենը հայտարարություն է տարածել բուժառուի մահվան դեպքի վերաբերյալ

Բարձր ենք գնահատում Ճապոնիայի օժանդակությունը՝ ուղղված Հայաստանի զարգացմանը. վարչապետը ուղերձ է հղել Շիգերու Իշիբային

ԿԳՄՍ նախարարությունը հայտարարություն է տարածել թիվ 20 դպրոցում հատուկ գործողություն իրականացնելու առնչությամբ

Քննչական կոմիտեն թիվ 20 դպրոցում կատարվածի վերաբերյալ հրապարակումների հարցով դիմել է լրագրողներին և օգտատերերին

Ամիօ բանկի UBPay արագ դրամական փոխանցումներ ՌԴ-ից և դեպի ՌԴ, ինչպես նաև ՀՀ տարածքում

Համագործակցության շրջանակն ընդլայնելու պայմանավորվածություն է ձեռք բերվել. Արփինե Սարգսյանն ընդունել է Ֆլորենս Բաուերին

Ինչ վիճակում են Երևան-Սևան ճանապարհի վթարի հետևանքով տուժածները