Անատոլիայի հայ որբերի լուսավոր անկյունը Թուրքիայում. «Քամփ Արմենը» վերակառուցվելու է

Ստամբուլի Թուզլայի շրջանում գտնվող Գեդիկփաշայի Հայ ավետարանական եկեղեցու «Քամփ Արմեն» երբեմնի որբանոց-ճամբարի վերակառուցման աշխատանքները կմեկնարկեն այս տարվա հոկտեմբերին։ Տասնամյակներ հետո այն վերստին կգործի՝  Թուրքիայում դառնալով միակ զարգացման կենտրոն-ճամբարը։

Հուլիսի 19-ին Ստամբուլի Թուզլայի շրջանում գտնվող Գեդիկփաշայի Հայ ավետարանական  եկեղեցու «Քամփ Արմեն» ճամբարի վերակառուցման ծրագրի համակարգող ներհամայնքային հանձնախումբը՝ Գեդիկփաշայի Հայ ավետարանական եկեղեցու հովիվ, Վերապատվելի Գրիգոր Աղաբալօղլուի և այս օրերին պաշտոնական այցով Պոլիս ժամանած՝ Ամերիկայի Հայ ավետարանչական ընկերակցության գործադիր տնօրեն Զավեն Խանջյանի և տիկնոջ՝ Սոնա Խանջյանի ուղեկցությամբ այցելեցին «Քամփ Արմեն» և տեղում ընթացիկ աշխատանքների մասին մանրամասներ հաղորդեցին։

295231091_410400401065686_4549825884778620939_n.jpg (272 KB)

Հայկական և թուրքական լրատվամիջոցների հետ ունեցած զրույցի ընթացքում Զավեն Խանջյանը նշեց, որ Ամերիկայի Հայ ավետարանչական ընկերակցությունն իր աջակցությունն է հայտնում «Քամփ Արմենի» վերակառուցման ծրագրին՝ հավելելով. «Հուզիչ փորձառություն էր զգալ «Քամփ Արմենի» հերոսների և հերոսուհիների թողած ժառանգությունը և համայնքային նոր ճամբարի խոստումը, որը հավերժացնում է այդ ժառանգությունը՝ Պոլսում առաջ բերելով նոր, ինքնագիտակից, ազգային և հոգևոր արժեքներին հավատարիմ երիտասարդ սերունդ։ Ավետարանչականն իր ձեռքը պարզում է Հայ առաքելական և Կաթողիկե եկեղեցիներին՝ խոստանալով աջակցել նոր ճամբարի վերակառուցման աշխատանքներին՝ ի շահ համայնքի երեխաների և երիտասարդների»։

294692083_1269916660504368_6139534323889412329_n.jpg (105 KB)

Ավելին՝ իրենց ներկայությամբ երբեմնի հայկական ճամբարին, որից այժմ փլատակներն են մնացել և մուտքի ցուցանակը՝ «Քամփ Արմենը», նոր շունչ ու կենդանություն հաղորդեցին Ստամբուլի «Հրանտ Դինք» վարժարանի հայաստանցի աշակերտները, որոնք ասես օրվա գլխավոր հաղորդագրությունն էին փոխանցում՝ «Անատոլիայի հայ երեխաների ձեռքով կառուցված ճամբարը՝ հազարավոր հայ որբերի երազանքների լուսավոր անկյունը վերածնվելու է՝ դառնալով Թուրքիայում և աշխարհի չորս ծագերում ապրող հայ երեխաների հանդիպման սպասված վայրը»։ Ներկաները մեծ երախտիքով հիշեցին ճամբարի հիմնադիր Հրանտ Գյուզելյանին, ինչպես նաև Հրանտ Դինքին, որը անմնացորդ նվիրումով տեր կանգնեց ճամբարին ամենադժվար ժամանակներում։

294868378_601136571355322_1150229459877624229_n (1).jpg (294 KB)

Ստամբուլի Գեդիկփաշայի Հայ ավետարանական եկեղեցու հովիվ, Վերապատվելի Գրիգոր Աղաբալօղլուն ներկաներին պատմեց ճամբարի անցյալի պատմությունն ու կարևորությունը հատկապես  Անատոլիայի տարբեր շրջաններում եղեռնից մազապուրծ եղած՝ իրենց ինքնությունը կորցրած հայ ընտանիքների կյանքում, որոնց երեխաներին, ճամբարն իր գիրկն առնելով և կրթելով, փրկեց իսլամացման և ձուլման վտանգից. «Այսօր շատերը, որոնք տարիներ առաջ ապրել են այս ճամբարում, վկայում են՝ եթե «Քամփ Արմենը» չլիներ, մենք ինչպե՞ս պետք է բացահայտեինք մեր ինքնությունը, որտե՞ղ պետք է սովորեինք մեր հայերենը։ «Քամփ Արմենի» շնորհիվ ճանաչեցինք մեր ազգությունն ու միացանք հայությանը։

Այս նախագծի իրագործումը պատմական իրադարձություն է, ուստի երախտապարտ ենք բոլոր նրանց, ովքեր մեզ հետ են այս ճանապարհին և ովքեր դեռ նոր պետք է միանան մեզ՝ Թուրքիայում տեր կանգնելու մեր պատմական ժառանգությանը և միասնաբար կերտելու «Քամփ Արմենի» նորօրյա պատմությունը»։

Ավելի վաղ՝ ապրիլի 28-ին, Ն. Ա. Տ. Սահակ Բ. Պատրիարք հայրը  «Քամփ Արմենի» համար խորհրդակցական հանդիպմանն ընդունել էր Ստամբուլի Հայ ավետարանական  եկեղեցու հովիվ Գրիգոր Աղաբալօղլուին և Թուրքիայի Հայ կաթողիկե եկեղեցու առաջնորդ, Գերապայծառ Տեր Լևոն արքեպիսկոպոս Զեքիյանին, որի ընթացքում քննարկվել էին ճամբարի վերակառուցման աշխատանքների արդյունավետ կազմակերպման առաջնահերթությունները՝ ներհամայնքային հանձնաժողովի ձևավորման անհրաժեշտությունը, ինչպես նաև պոլսահայ համայնքի անհատների՝ այս գործընթացին իրենց կարողության ներածի չափով նյութական ներդրում ունենալը՝ ի նշան միասնականության։

294930525_584146766629062_2815990911357184718_n (1).jpg (95 KB)

Ըստ Պոլսո Հայոց պատրիարքարանի տարածած մամլո հաղորդագրության՝ հուլիսի 7-ին  Հայ առաքելական, Հայ կաթողիկե և Հայ ավետարանական համայնքներից ձևավորված  «Քամփ Արմենի» վերակառուցման նորաստեղծ հանձնախումբը Ն. Ա. Տ. Սահակ Բ. Պատրիարք հորը ներկայացրեց առաջիկա անելիքները՝ խնդրելով Նորին Ամենապատվության օրհնությունն ու աղոթքը։

Պատրիարք հայրն իր գոհունակությունը հայտնեց կատարվելիք աշխատանքի առիթով և հիշեցրեց, որ հաստատության իրավատերը Պոլսի Հայ ավետարանական համայնքն է, և քանի որ այն առանց դավանական խտրության պիտի օգտագործեն հայ համայնքի անդամները, ուստի կատարված աշխատանքը արժանանում է Պատրիարքական աթոռի և Հայ կաթողիկե Արքեպիսկոպոսարանի հետաքրքրությանը։ Այսպիսով՝ կարգադրություններ տրվեց սկսելու նվիրահավաքման և վարչության ընթացիկ աշխատանքները։

Տեր կանգնենք հայ որբերի ժառանգությանը Թուրքիայում, չմոռանանք միասնական պայքարի օրերը

Հարցազրույց Պոլսի «Նոր Զարթոնք» կազմակերպության համանախագահ Սայաթ Թեքիրի հետ

«Պոլսի «Նոր Զարթոնք» կազմակերպության երիտասարդները շատ լավ գործ սկսեցին։ Երբ 2015 թվականի ապրիլի 24-ին տարածվեց հաղորդագրություն այն մասին, որ «Քամփ Արմենը» ծախված է, և պետք է շենքը փլուզեն, այս երիտասարդները բոլորին ոտքի հանեցին և 175 օր ցույցերով, երթերով, որին նաև միացան թուրքեր ու քուրդեր, մեծ դիմադրության ալիք բարձրացրին Թուրքիայում։ Այս ամենի համար նաև քաջություն, հավատք ու հույս էր պետք։

295034425_1061723171430574_7888321083791593519_n (2).jpg (132 KB)

Մեր ժողովուրդն ավելի շատ սիրում է լռել, հեռու մնալ նման նախաձեռնություններից, մինչդեռ երիտասարդները չլռեցին և հիանալի գործ արեցին․ երանի թե Թուրքիայում ապրող բոլոր հայերը այս երիտասարդներին հետևեին, քաջալերեին՝ ասելով՝ կեցցե՛ն նրանք, կարևոր գործեր արեցին, կեցցե՛ երիտասարդների այս տեսակը, հետևենք նրանց, թև ու թիկունք լինենք, օգնենք բարոյապես կամ նյութապես, բայց, ցավոք, նման բան չպատահեց։

Մեր համայնքը դեռ փակված է, դրսում՝ հանրային կյանքում, պայքարում բացվել չի ուզում։ Ավելին՝ եկեղեցիներն էլ չեն ուզում բացվել․ երբ մենք այստեղ՝ մեր եկեղեցու հարկի տակ սկսեցինք հայաստանցի երեխաների կրթությունը կազմակերպելու գործը, մյուսներն ի՞նչ ասացին․ տեղ ունեին, բայց չտվեցին, չտվեցին, որովհետև դյուրին բան չէր, և քաջություն ու հավատք էր պետք»։

Պոլսի Գեդիկփաշայի Հայ ավետարանական եկեղեցու հովիվ, Վերապատվելի Գրիգոր Աղաբալօղլու

- Հարգելի Սայաթ, ինչպե՞ս սկսվեց «Քամփ Արմենի» դիմադրությունը։ «Նոր Զարթոնքն» ի՞նչ նշանակալի դեր խաղաց այս պայքարում։

- «Քամփ Արմենի» դիմադրությունը սկսվեց 2015 թվականի ապրիլի 24-ին՝ Ցեղասպանության 100-ամյակի օրը, երբ մենք՝ «Նոր Զարթոնք» կազմակերպության անդամներս, քայլարշավ էինք կազմակերպել Ստամբուլում։ Հենց այդ օրը տեղեկություն ստացանք, որ «Քամփ Արմենի» շենքը ծախված է. այն ուզում են փլել և հյուրանոց դարձնել։ Անմիջապես մտածեցինք մեր անելիքների մասին։ «Քամփի» շրջանավարտներն այնտեղ այդ օրերին վերջին էքսկուրսիան նախաձեռնեցին, որին նաև մեր կազմակերպությունը մասնակցեց՝ ցանկանալով միասին վերջին անգամ վերապրել այդ մթնոլորտը։ Այստեղ միասին վերհիշեցինք հայկական ճամբարի անցյալի լուսավոր էջերը. հայկական պարեր պարեցինք, ապա խորհեցինք ելքերի մասին: Սկսեցինք մեր մեջ ժողովներ անել և որոշում առանք, որ «Քամփ Արմենը» պիտի գրավենք, պիտի բողոքենք, որ չծախվի և չփլուզվի: Բայց էքսկուրսիայից հետո ինքնակոչ տերը ուզեց վերջնականապես փլել հայկական կալվածքը և շինարարության մեքենաներն ուղղեց դեպի ճամբար: 

Այսպիսով՝ 2015 թվականի մայիսի 6-ին սկսեցին շենքը փլել։ Լուրն առնելուն պես «Նոր Զարթոնքի» անդամներով գնացինք Կարո Փայլանի մոտ և տեղեկացրինք պատահածի մասին, ինչից հետո վերջինս և Թուրքիայի քրդամետ, ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) անդամները միասին դեպքի վայր եկան: Մենք մարդապատնեշ ստեղծեցինք մեքենաների առջև և փլուզումը միահամուռ ուժերով կանգնեցրինք:

Դրանից հետո ամեն մարդ տուն վերադարձավ, բայց մենք մնացինք այնտեղ, որովհետև որոշել էինք, որ մինչև «Քամփ Արմենը» հայերին չվերադարձնեն, մենք պիտի շարունակենք պայքարել։ «Նոր Զարթոնքի» 175 օրվա դիմադրությունն այսպես սկսվեց: Այդ օրերի ընթացքում «Քամփ Արմենը» վերածեցինք հայերի և Թուրքիայում բնակվող այլ ազգային փոքրամասնությունների մշակույթի և պատմության կենտրոնը և «մուլտիկուլտուրիլիզմ» մասին համաժողովներ կազմակերպեցինք, որի շրջանակներում երկխոսություններ, ֆիլմերի ցուցադրություններ իրականացրինք։ Մեր շարժմանն այդ օրերին միացան բազմաթիվ մարդիկ Եվրոպայից, Հայաստանից: Շատ ստամբուլահայեր և այլազգիներ այցելեցին ճամբար՝ աջակցելով մեզ: Իսկ 100-րդ օրը թուրք ազգայնականները հարձակվեցին մեզ վրա:

294997772_3064497470529646_1893933782910242532_n (1).jpg (47 KB)

Երբ ապրիլի 24-ին քայլարշավ կազմակերպեցինք և «Ցեղասպանությունը շարունակվում է»  գրությամբ մեծ պաստառներ բացեցինք և հետո այդ պաստառները «Քամփ Արմենի» պատերին փակցրինք, պաստառներն իշխանությանը վրդովվեցրին, և մի քանի սադրանք տեղի ունեցավ։ Ի վերջո, խաղաղ ձևով ամեն բան վերջացավ:

175 օր հետո Պոլսի Գեդիկփաշայի Հայ ավետարանական եկեղեցու որբանոցի ճամբարը ետ տրվեց իրական տերերին:

- Թուրքական կառավարությունն ինչպե՞ս արձագանքեց։ Հատկապես ովքե՞ր նպաստեցին ապօրինի զավթված հայկական կալվածքի սեփականության իրավունքի վերականգնմանը։

- Եթե Թուրքիայի ուժի և հնարավորությունների տեսադաշտից նայենք, թեև «Քամփի» ետ տալը մեծ բան չէր, սակայն հակառակ դեպքում այն կդառնար պետության մեծ գլխացավանքը։ Բողոքի բուռն ալիքը ներխուժեց Թուրքիայի մեծ մեդիադաշտ: Ամենօրյա քայլարշավներին  հայերիս բողոքին միացած շատ թուրքեր, այլազգիներ միաձայն ասում էին՝ սա որբանոցի ճամփան է, որբանոցի կալվածքն է, ինչպե՞ս կարող եք առնել: Անշուշտ, ճամբարի պատմության մեջ Հրանտ Դինքի անունը կար: Թուրքիայի մտավորականները, դեմոկրատները հարգանք ունեն նրա հանդեպ։ Երբ նրա ապրած, աշխատած տեղը հայերի ձեռքից վերցվեց, նրանք էլ բարկացան:

Միշտ կասեին ցեղասպանություն չի եղել, բայց ասելիք չունեին, որովհետև պետությունն ինքը ասելիք չուներ այն պայմաններում, երբ նույնիսկ հայերի ճամբարը կարող է գողացվել: Թուրքիայի մեջ մեծ բանավեճ մեջտեղ եկավ՝ ինչպե՞ս կարելի է այս որբանոցի ճամբարը յուրացնել։ Եվ ոչ միայն հայերի, այլև Թուրքայի այլ փոքրամասնությունների դեմ տարվող քաղաքականությունը սկսվեց քննարկվել: Շատ մեծ ալիք բարձրացավ, և պետությունը չուզեց, որ այն տարածվի: Այդ ժամանակ Թուրքիան Եվրամիության հետ լավ հարաբերություններ ուներ. իբր ժողովրդավարություն կար երկրում, չէր ուզում՝ եվրոպական լուրերում այս թեման շրջանառվեր: Ուզեցին դիմադրությունը խոչընդոտել, բայց մեզ միացան երիտասարդներ, բանվորներ, ազգային փոքրամասնություններ, պահպանողականներ: Ծայրահեղ աջակողմյան մարդիկ էլ եկան՝ տեսնելու կատարվածը, սակայն ոչինչ չարեցին: Թուրքիայում մեծ հետաքրքրություն առաջացրած «Քամփ Արմենի» դիմադրությունը տևեց 175 օր՝ գրեթե 6 ամիս:

Երբ ցույցերը սկսեցինք, ամառը նոր էր սկսվում, որոշեցինք վառարան գնել, որովհետև առջևում ձմեռ էր, իսկ մենք այնտեղ էինք բնակվում: Ցույցի 25-րդ օրը մամուլի ասուլիսին ասացի՝ 25 օր էլ լինի, 125 օր էլ լինի՝ մինչև «Քամփ Արմենի» վերադարձը, պետք է պայքարենք և այդպես էլ արեցինք։ «Նոր Զարթոնք»-ը իր շուրջը համախմբված համախոհների օգնությամբ պայքարեց, և ճամբարը ետ վերադարձավ:

Թեև սկզբում ստահոդ լուրեր տարածեցին կալվածքը իրական տերերին վերադարձնելու որոշման մասին, սակայն երբ տեսան, որ դիմադրությունը շարունակվում է, ճամբարի «տիրոջը» ուրիշ հողամաս տվեցին, իսկ ճամբարի մեծամասնությունը վերադարձվեց: Այժմ ճամբարը մերն է և պետք է կառուցվի:

295349335_741708603823062_1604790741272671572_n (1).jpg (82 KB)

- Թուրքիայում միասնության և ինքնակազմակերպվածության գործոնն ազդո՞ւմ է փոքրամասնությունների հանդեպ կատարված իրավախախտումների սրբագրմանը։

- Բոլոր ժողովուրդների՝ փոքրամասնությունների, աշխատավորների, բանվորների, բժիշկների համար կազմակերպված լինելը կարևոր է, առավելևս՝ Թուրքիայում, որպեսզի իրավունքները չոտնահարվեն: Եթե մեծամասնությունը խոսում է, ցույց է անում, ինչ-որ բաներ փոխվում են, փոխվում են, որովհետև կազմակերպվածությունը միշտ շահում է: Երիտասարդների միտքը, ուղեղը ավելի բաց է, ուստի նրանք ավելի ակտիվ են և ուզում են փոխել աշխարհը:

Կազմակերպվածության վառ օրինակը 175 օր միասնական դիմադրությունից հետո դրական արդյունք արձանագրելն էր, մյուս կողմից, իշխանության, թաղապետարանի, քաղաքապետարանի հետ էլ էինք բանակցում, միայն ցույցերը չէին և միայն մեր պայքարով չէր՝ տարբեր մարդկանց՝ համայնքային և պատկան այրերի աջակցությամբ «Քամփ Արմենը» վերջնականապես վերադարձվեց: Ցեղասպանությունից հետո նաև մեր ջանքերով էր, որ մանավանդ Թուրքիայում մեր հասանելիքը կարողացանք ետ առնել, ինչն ամբողջ աշխարհում մեծ արձագանք գտավ՝ լայն տարածում գտնելով նաև սփյուռքահայության շրջանում։ Մենք ցանկացանք ցույց տալ, որ կազմակերպված ժողովուրդը չի կարող պարտվել։ Եվ իսկապես պատմության մեջ միշտ կազմակերպված ժողովուրդները հաղթում են:

- Հավատո՞ւմ եք, որ հայ-թուրքական հաշտեցումը կարող է դրականորեն իրականություն դառնալ և նպաստել տարածաշրջանում խաղաղության հաստատմանը։

- Անշուշտ, ամենավատ հաշտությունն անգամ լավ է, քանի որ մեր երիտասարդները չեն մեռնի։ Եվ եթե վերջին երեսուն տարվա քաղաքականությանը նայենք, մեր առջև ծառացած բոլոր հարցերը չլուծեցինք և գորգի տակը նետեցինք։ Ի վերջո, այս հարցերը մեր առջև եկան, առերեսվեցինք, իսկ սրա արդյունքը շատ երիտասարդների սպանությունը եղավ: Մեզ համար մարդը կարևոր է, որովհետև մենք ցեղասպանության ենթարկված ժողովուրդ ենք և աշխարհում՝ թվով  քիչ: Երեսուն տարի տեսանք այլ քաղաքականություն և պարտվեցինք,  հիմա էլ նոր ճամփա, քաղաքականություն պիտի տեսնենք: Պետք է փորձենք, ընդունենք և տեսնենք՝ ինչ պետք է լինի:

Անշուշտ, «Նոր Զարթոնքն» ուրախությամբ պիտի դիմավորի այս հաշտությունը։ Թուրքիայում շատ նախապաշարումների ենք ենթարկվել: Եվ մեր պատմության նյութերի հետ առերեսվելու համար պետք է երկու ժողովուրդները դեմառդեմ գան ու խոսեն: Երկխոսությունը Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների դեպքում դրական ազդեցություն կունենա: Առանց միմյանց տեսնելու չենք կարող իրար մասին խոսել, հատկապես պատմության դժվար հարցերը լուծելու և այդ հարցերի հետ առերեսվելու համար հարաբերությունը կարևոր է:

Մի կողմից, այս գործընթացը լավ ենք տեսնում և մտահոգություններ ունենք, որովհետև հարաբերությունները պետք է զարգանան. անխուսափելի է Թուրքիայի և Ադրբեջանի հետ հաշտությունը: Մյուս կողմից, այս երկու երկրների մեջ ներկայիս ժողովրդավարության վիճակն անհանգստացնող է, և երկուսում էլ դիկտատուրա է. քաղաքականությունը երկու կողմում էլ օլիգարխների ձեռքին է:

Այսպիսի կառավարությունների հետ հաշտությունը կարող է լինել կարճաժամկետ, որովհետև նրանց քաղաքականությունը մեկ հոգու բերանի մեջ է և կարող է մեկից մեկ փոխվել: Մենք փափագում էինք այս հաշտությունը պատերազմից առաջ՝ ավելի ժողովրդավար ճամփաներով, և եթե այսպես լիներ, ավելի երկար կլիներ հաշտությունը: Մեր մտահոգությունն այն է, որ երկու երկրների՝ Թուրքիայի և Ադրբեջանի մեջ էլ ոչ ժողովրդավար քաղաքականություններ կան. ինչպե՞ս են վարվելու. սա է մեծ հարցը։

Այս շրջանում Հայաստանը պետք է զարգացնի և ամրապնդի իր կապերը սփյուռքի հետ, որը դրական ձևով կարող է ազդել հաշտության վրա։ Թեև սփյուռքում հաշտություն չուզողներ էլ կան, միևնույն է, Հայաստանը պետք է իր հարաբերությունները է՛լ ավելի զորացնի սփյուռքի հետ, որովհետև այն մեր հենասյունն է:

295805576_1703564730003666_241537687128904818_n.jpg (103 KB)

Լիլիթ Պողոսյան, Թուրքիա

Տպել
1929 դիտում

2 վավերագրական, 17 գեղարվեստական ֆիլմեր, 1 անիմացիոն մուլտֆիլմ և ոչ մի մրցանակ․ Ջանիբեկյանը գրառում է արել

Նաիրա Զոհրաբյանը «գտել է» իրեն հոգեհարազատ արժեհամակարգի կրողին ու բացել խոսքի համար պատասխանատու օրգանը

Հանգամանքներն այլ են, Արևմուտքը չի կարող Ուկրաինային տրամադրել նույն օգնությունը, ինչ Իսրայելին․ Բորել

Սամվել Վարդանյանը ՄԻՊ ներկայացուցիչների հետ առանձնազրույցում իր հետ տեղի ունեցածին առնչվող մանրամասներ է հայտնել

«Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ը հայտարարություն է տարածել

«Մեղրաձոր Գոլդ»-ի աշխատակիցը շուրջ 3 տարի գաղտնի մտել է հանքավայր, հափշտակել մի քանի միլիոն դրամի ոսկու հանքանյութ

Ինչ է նշանակում՝ իմ հանդեպ դատաստան ես տեսնում՝ օրենքո՞վ, թե՞ տնեցիքով եք որոշել. Սուքիասյան

Վրաստանում կրքերը չեն հանդարտվում․ խորհրդարանի մուտքի մոտ բախում է եղել ցուցարարների և ոստիկանության միջև (տեսանյութ)

Երևանի քաղաքապետի որոշմամբ Շենգավիթում 22 ավտոտնակ կքանդվի

ԱՄՆ-ԵՄ հարաբերությունների խորացումն ու զարգացումը չենք հակադրում մեր տարածաշրջանային հարաբերություններին․ Նիկոլ Փաշինյան

Սամվել Վարդանյանի ծեծի ենթարկվելու վերաբերյալ հայտարարությունների առթիվ ծառայողական քննություն է նշանակվել

Ժաննա Անդրեասյանը կգործուղվի Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն

37-ամյա տղամարդը խորտկարանում «կերել-խմել», առանց վճարելու փախել է

Կոստանյանը ՀՀ-ում նորանշանակ ՄԱԿ մշտական համակարգողին է ներկայացրել բռնի տեղահանվածներին առնչվող հումանիտար հարցերը

Պենտագոնի ղեկավարն առաջին հեռախոսազրույցն է ունեցել Չինաստանի պաշտպանության նոր նախարարի հետ

ՀՀ նախագահն ու «Մոդեքս»-ի տնօրենը պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել համագործակցությունը

Դուբայում հորդառատ անձրևները չեն դադարում․ հեղեղվել են ճանապարհներ ու մետրոներ (լուսանկարներ)

Գևորգ Պապոյանն ու Ռայմունդ Յելեն սննդի արդյունաբերության ոլորտում հետագա համագործակցության վերաբերյալ մտքեր են փոխանակել

Պռոշյան գյուղի Չաուշի խճուղում պայթեցման աշխատանքներ կիրականացվեն․ մայրուղին փակ կլինի

Մեկ դար անց եզդիների նահատակությունը կրկնությունն է հայերի՝ 1915 թվականի նահատակության․ Ֆրանսիայի դեսպան

Աշխատավարձերի մասին խեղաթյուրված տվյալներ ներկայացնելով ՍՊԸ-ն պետությունից շուրջ 50 մլն դրամի հարկ է թաքցրել

Արայիկ Հարությունյանը ներկայացրել է հաղորդակցության նոր ճարտարապետության հիմքում դրված առաջնահերթություններն ու ծրագրերը

Հայկավան-Բամբակաշատ ճանապարհին մեքենաներ են բախվել․ տուժածները հոսպիտալացվել են

Ադրբեջանը խախտում է հայ գերիների կեցության միջազգայնորեն սահմանված նորմերը․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Իրանը դեմ է տարածաշրջանում լարվածության հնարավոր աճին և միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխությանը․ Սոբհանի

Արարատ Միրզոյանը կմեկնի Սաուդյան Արաբիա․ ինչ հանդիպումներ են նախատեսված

ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին

Չփորձել Հայաստանը ներքաշել աշխարհաքաղաքական հակամարտությունների մեջ․ ՀՀ-ում Իրանի դեսպան

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 16-ին

Աբովյանում առերևույթ զենքի գործադրմամբ խուլիգանության դեպքի նախաքննությունը, կալանավորված 4 անձի մասով, ավարտվել է

Կարող է կոպիտ բան ասեմ, բայց ուզում ենք՝ ոստիկանի երեխան ծնողին ասի՝ իսկ ինչո՞ւ աշխատավարձդ կրկնակի բարձր չէ. Փաշինյան

Մոռացել եք՝ ումից եք սերում, ով է Քոչարյանը, «շունը հաչա, քամին փչի, էլի»․ Ավինյանը՝ ավագանու ընդդիմադիր անդամներին

Ինչ վիճակում են «Ուրալ»-ի վթարից տուժած զինծառայողները․ մանրամասներ

Առողջապահության նախարարության երեխաների առողջության պահպանման բաժնի պետը հրավիրվել է հարցաքննության

Իրանի նախագահը սպառնում է «սարսափելի պատասխան տալ» երկրի շահերին հակասող ցանկացած գործողության

9-ամյա երեխան պատշգամբում խաղալիս քարեր է նետել՝ վնասելով բակում կայանված 2 ավտոմեքենա

Իսրայելը մտադիր է «ցավոտ ազդանշան» ուղարկել Իրանին

Մամուլից եմ ծանոթացել․ Ավանեսյանը՝ նախարարությունում խուզարկությունների մասին

Հունվարին միջին ամսական աշխատավարձը կազմել է 267 հազար դրամ. Թունյան

Քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի «յաշիկը» երթևեկում է հանդիպակաց գոտով