Երևան
12 °C
Դուդուկահար Ջիվան Գասպարյան կրտսերը 15 տարեկան էր, երբ պապիկը՝ դուդուկահար Ջիվան Գասպարյանը, նրան Հայաստանից ժամանակավոր իր հետ տարավ ԱՄՆ՝ այնտեղ կրթություն ստանալու նպատակով: Դեղագետ դառնալու մտադրությամբ ԱՄՆ մեկնած պատանին, սակայն, որոշեց, որ իր առաքելությունը պապիկի գործը շարունակելը պետք է լինի:
«Հայկական ժամանակի» հարցազրույցը Ջիվան Գասպարյան կրտսերի հետ՝ ստորև.
- Ջիվան, Ձեր պապիկի՝ մաեստրո Ջիվան Գասպարյանի մահից հետո կարծես նրա գործը շարունակելն ավելի պարտավորեցնող է թվում: Իսկապե՞ս դա այդպես է, ինչպե՞ս եք լրացնում վարպետի բացը Ձեր կյանքում:
- Երբ նոր էի սկսել դուդուկ նվագել, պապիկս ասաց՝ դա պաշտոն չէ, որ ես քեզ տամ, քեզ ներկայացրել եմ ժողովրդին, հիմա դու պիտի հասկանաս՝ սա քոնն է, թե չէ, քո նվագով պիտի փորձես ինչ-որ բան մարդկանց հասցնել: Կա՛մ կհավանեն, կա՛մ՝ չէ: Բայց ինքը շատ էր հավանում իմ նվագը, վստահ ներկայացնում էր ինձ հանդիսատեսին: Պատասխանատվությունը միշտ է եղել. Ջիվան Գասպարյան անուն-ազգանունը կրելն արդեն իսկ ինձ համար պարտավորեցնող է: Առաջին հերթին մարդ լինելն է, որ ձգտել եմ պատվով մնալ, իսկ նվագն արդեն շնորհ է, ու եթե կարողանաս մարդկանց դուր գալ, արդեն այլ է: Շուտով մեկ տարին կլրանա, որ պապիկն ինձ հետ չէ: Ինձ համար դժվար եւ ծանր տարի էր, որովհետեւ շատ մեծ բան եմ կորցրել կյանքում: Ես նոր-նոր եմ սկսել ինչ-որ չափով վերականգնվել: Կարծես նոր եմ հասկանում, թե ինչ է կատարվում, բայց ուժերս հավաքում եմ, որովհետեւ ժամանակը գնում է, եւ ես իրավունք չունեմ լռելու, անտեսվելու եւ մի կողմ քաշվելու: Դու կարող ես սգալ, հիշել, բայց կարեւոր է, որ այդ ամենը տեւական չլինի: Իզուր չէ, որ այդ անունն ու դպրոցն ինձ փոխանցել է պապիկս:
- 15 տարեկանում որոշել էիք, որ դեղագործ եք դառնալու, սակայն այդ տարիքում շրջադարձային փոփոխություն կատարվեց, եւ Ձեր մտադրությունները փոխվեցին. ի՞նչն էր պատճառը, ինչպե՞ս ստացվեց, որ որոշեցիք երաժշտությամբ զբաղվել:
- Պապիկս ինձ իր մոտ էր տարել ԱՄՆ, եւ հիշում եմ՝ «Գլադիատոր» ֆիլմի համար պետք է նվագեր, այդ օրն իմ մեջ ամեն ինչ փոխվեց. կարոտը իմ ընկերների, հայրենիքի ու հարազատների հանդեպ այնքան ցայտուն էր, որ վերցրի դուդուկն ու սկսեցի նվագել առանց մտածելու: Պապիկը զարմացել էր: Սկսել եմ նվագել 17 տարեկանից՝ մեծ էի: Սկզբում ասում էր՝ ուշ է արդեն, բայց հետո տեսավ իմ մեծ սերը այդ գործիքի ու երաժշտության հանդեպ: Երբեք չեմ մտածել՝ պապիկս հայտնի է, ես էլ անեմ, իր քողի տակ առաջ գնամ: Նպատակս եղել է ներսիս սերն ու կուտակվածը փոխանցել իմ ժողովրդին: Այդ սերն իմ մեջ սերմանել է պապիկս, դուդուկը, երաժշտությունը եւս սիրել եմ իր մեկնաբանման շնորհիվ, դա հենց այն է, ինչով հոգիդ պիտի սնվի: Դուդուկը տխուր գործիք չէ, այն շատ հետաքրքիր մարդկային ձայն ունի, կարող ես այնպես նվագել, որ մարդը հալչի, անպայման չէ՝ լացի, դուդուկը լացի գործիք չէ:
Պապս ինձ ասում էր՝ քեզ չեմ գովի, չեմ ուզում ապագադ խորտակել, եթե տեսնեմ՝ չես կարողանում նվագել, կասեմ՝ Ջիվան ջան, ուրիշ մասնագիտություն ընտիր, ուրիշ գործով զբաղվիր:
- Գիտեմ, որ աննկարագրելի մտերմություն եք ունեցել վարպետի հետ: Հաճա՞խ էիք միասին Հայաստան գալիս:
- 25 տարի իր կողքին եմ եղել, աշխարհը ման ենք եկել: Յուրի Վարդանյանի մահվան օրը Կոմիտասի պանթեոնում էինք, քայլում էինք միասին, ասում էր՝ Ջիվան ջան, այս մարդկանց տեսնո՞ւմ ես, շատ-շատերի հետ այնքան մեծ կյանք եմ ապրել, ընկերություն ենք արել, միասին հաց կիսել՝ Վիլյամ Սարոյանից ու Արամ Խաչատրյանից սկսած: Ինքն ինձ ասում էր՝ սա թանգարան է, որտեղ մեր մեծերն են, եւ այդ օրը ես շատ-շատ եմ հիշում: Հայրս այնքան շատ էր պապիկիս սիրում ու հարգում, որ իր մոտ նույնիսկ չէր ծխում: Անունս դրել է Ջիվան՝ պապիկիս պատվին, սակայն ազգանունս հորս ազգանունով էր՝ Ղարիբյան: Հետո պապիկս ասել է, Գագո ջան, (հորս անունը Գագիկ է), ես տղա չունեմ, երկու դուստր ունեմ, ազգանունս չի շարունակվում, դուք էլ Ղարիբյաններով շատ եք: Հայրս ասել է՝ ձյաձ Ջիվան, ես իմ որդու ազգանունը տալիս եմ քեզ: Պապիկս ինձ «որդեգրել» է, ու հիմա իմ ազգանունը գրվում է Ջիվան Գասպարյան Ջիվանի: Այդ քայլը երկուսով են արել, ես էլ, բնականաբար, դեմ չեմ եղել:
Ջիվան Գասպարյանն իր կյանքում ամեն ինչ տեսել էր՝ որբություն, աղքատություն, անհույս վիճակ, սակայն հետո նաեւ ուրախություն, հարստություն եւ փառք է տեսել:
- Ջիվան, հետեւո՞ւմ եք հայաստանյան մշակութային կյանքին, երգարվեստին: Ձեր կարծիքով՝ առաջխաղացում ունե՞նք:
- Շփվել եմ եւ ծանոթ եմ մեր շատ տաղանդավոր երիտասարդների հետ՝ Վահագն Հայրապետյան, Արմեն Հյուսնունց, Նարեկ Հախնազարյան, Արտյոմ Մանուկյան: Մեր այդ երաժիշտների մակարդակը, բնականաբար, շատ բարձր է: Երգիչներին, տեղի երգարվեստին այդքան շատ չեմ հետեւում, գիտեմ, որ մեր օպերային երգիչները մեծ բեմեր են նվաճում աշխարհում: Ամեն մեկն իր տեղը լավն է: Ասպարեզ նոր եկողներ էլ կան, որ կրկնում են այն, ինչ լսում են, չեն ուզում իրենցը ստեղծել: Երաժշտության մեջ էլ մաքրություն կա, որ պիտի պահես: Այսօր ժողովուրդը մի փոքր թեթեւացել է, լրջություն չի տալիս, ինչ երգեն, կլսեն, ինչ նվագեն, դրա տակ կպարեն:
Ջիվան Գասպարյանը հաճախ էր մեր տարբեր երգիչների հետ մեծ համերգներ ունենում՝ թե՛ էստրադային, թե՛ ժողովրդական: Երբ նստում էինք սեղանի շուրջ, ասում էր՝ տղե՛րք ջան, աղջիկնե՛ր ջան, այսօրվա նման ձայներ մենք երբեք չենք ունեցել, բայց ձեր երգի ոճը չեմ սիրում, շատերիդ ռեպերտուարը թիթեռնիկի կյանքով երգ է: Նայում էր համերգները, ու երբ մեր երգիչները ասում էին՝ դե՛ ծափ տվեք, այնքան էր նեղվում, նյարդայնանում, ասում էր՝ ինչպես կարելի է հանդիսատեսին ստիպել, որ քեզ ծափահարեն: Կա՛մ ծափ կտան, կա՛մ չեն տա:
- Իսկ ի՞նչ էր ասում Ջիվան Գասպարյանը Հայաստանի մասին, այն իր աչքերում ինչպիսի՞ն էր, ի՞նչ մտահոգություններ ուներ:
- Ասում էր՝ երկիրը մեղք չունի, որ վատ ղեկավարներ է ունենում, կամ ժողովուրդը իրեն այլ կերպ է պահում, հողն ու ջուրը մեղք չունեն՝ հողը սուրբ է: Ասում էր, որ հայրենիքը մոր կաթից էլ քաղցր է, ու զարմանալիորեն հուզվում էր, այդ նախադասությունն այնպես էր արտաբերում, որ ես ինձնից անկախ փշաքաղվում էի: Բացի Հայաստանից, ոչ մի տեղ չի պատկերացրել, որ կապրի: Եղել են հատվածներ, երբ ԱՄՆ-ում է ապրել, բայց միշտ վերադարձել է հայրենիք: Մինչեւ պատերազմը միշտ ասում էր՝ տղերք, դարը փոխվել է, կնոպկայի դար է, կնոպկան սեղմելով՝ աշխարհը կարելի է տրաքացնել, այլեւս էն թվերը չեն, որ մի զենքով հարյուր հոգի կռվի:
- Իսկ պատերազմից հետո ի՞նչ էր ասում:
- Պատերազմի ելքը շատ ծանր էր տանում, ասում էր՝ սա մի հոգու սխալ չէ: Մտածում էր՝ Հայաստանը փոքր երկիր է ու մեծ եղբոր կարիք ունի: Ոչ թե քննադատում էր այս ամենը, այլ վերլուծում՝ ըստ իր պատկերացրածի: Ասում էր՝ անկախ բառը կոմպլիմենտ է, ինչպե՞ս կարող ես անկախ լինել, երբ կախված ես մեկ այլ երկրից, անկախ չես կարող լինել, երբ փոքր պետություն ես՝ շրջապատված թշնամիներով, որոնք ավելի մեծ հնարավորությունների տեր են: Դու ուզում ես անկախ լինել, ամենքից կտրվել, բայց ոչինչ չունես: Ասում էր՝ խառնողները խառնեցին, մի կողմ քաշվեցին, ապրողները ապրեցին, տուժողները մինչեւ հիմա տուժում են, իսկ ամեն ինչից զատ՝ երկիրն է տուժում: Մարդիկ (ղեկավարները) գալիս, ուտում-խմում, քանդում գնում են՝ չմտածելով, որ իրենցից հետո ապրողներ կան:
- Այսինքն, ըստ վարպետի, հայրենիքին նեղացնո՞ւմ էին:
- Ջիվանն ասում էր՝ մարդիկ վատ օրին դիմանում են, չեն փոխվում, բայց լավից խելագարվում են: Ասում էր՝ մարդ պետք է մնա 36.6 աստիճան, 37-ն արդեն տաքություն է: Ասում էր՝ փող հավաքելու հիվանդությունը ձիահից վատ է, մարդիկ հավաքում են միլիարդներ, բայց ո՞վ է ինչ տարել, մերկ գալիս են այս աշխարհ, մերկ՝ գնում: Պնդում էր՝ մեծ փողեր միայն կրթության վրա է պետք ծախսել, որ մեր սերունդները գնան, սովորեն, զարգանան, գան երկրին ծառայեն:
- Իսկ դուք հետեւում եք Հայաստանի ներքաղաքական զարգացումներին:
- Գլուխ չեմ հանում, թե ինչ է կատարվում: Ուզում եմ՝ լավ լինի, բայց չգիտեմ, թե ինչ է լինելու, ինչի համար է այս ամենն արվում: Եթե այդքան հայրենասեր են բոլոր ղեկավարները, կամ այն մարդիկ, որոնք ուզում են իշխանության գալ, ուրեմն թող միավորվեն ու միասին հարցերին լուծում գտնեն: ԱՄՆ-ն ինչպես է տասնամյակներով ճիշտ առաջ գնում, որովհետեւ այն չարաճճի հայերն էլ, որ գալիս են այստեղ, մեքենաները իրար վրա չեն վարում, անիմաստ ազդանշան չեն տալիս, արեցին՝ կպատժվեն: Այսինքն՝ օրենքը գործում է բոլորի համար, լավ գործերն էլ գնահատվում են:
- Ինչպիսի՞ տրամադրություններ են այսօր Սփյուռքում:
- Մարդկանց այնքա՜ն դժվար է հիմա հասկանալ, որովհետեւ իրենք իրենց չեն հասկանում: Նրանք էլ են խառնվել, չգիտեն, թե ում հավատան: Սուտը շատ-շատ է այսօր: Մի խոսք կա՝ խալխի սուտը շատացել է, իմ ճիշտը ճամփա չի գնում: Ամեն դեպքում, կարծում եմ, ամեն մեկը պատասխանատվություն պիտի կրի իր ազգի, երկրի համար:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Թուրքիայի տրանսպորտի ու ենթակառուցվածքների նախարարի հետ․ ինչ է քննարկվել
Ճանապարհաշինական նոր էջ է բացվում Գյումրիում․ վարչապետի հանձնարարականի պատշաճ կատարումը առաջնահերթություն է
Ալեն Սիմոնյանը հրապարակել է պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը․ այն շուտով կդրվի քվեարկության
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 2-3 աստիճանով․ առանձին շրջաններում հորդառատ տեղումներ կլինեն
Շիրակի մարզպետն ու Ճանապարհային դեպարտամենտի տնօրենը շրջայցով եղել են Գյումրու Շիրակացի փողոցում
Ուրսուլա ֆոն դեր Լայենը պլանավորում է այցելել Հայաստան. Politico
Իջևան համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել 2,4 մլն դրամ արժեքով հերթական հողամասի նկատմամբ
Սաղաթելյանի հայտարարագրի գույքը եղել է առգրավման ենթակա. նրա կնոջ մեքենաներում հայտնաբերվել են զարդեր և փողեր
Յունիբանկը և Unisport ակումբը մասնակցել են «Tricolor» Yerevan Beat Run վազքին
Վերջին 3 ամսում ՀԷՑ-ի վթարային անջատումների միջին տևողության ցուցանիշը բարելավվել է շուրջ 36,7%-ով. Պետրոսյան
Հաստատվել է Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը
BSTDB-ն և IDBank-ը ստորագրել են 10 մլն եվրոյի ֆինանսավորման փաթեթ՝ ՀՀ-ում ՓՄՁ-ներին և առևտրին աջակցելու համար
ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտումներ՝ ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով
Մեր սուր ելույթին պետք է սուր ելույթով պատասխանել. Գրիգորյանը՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի մասին
Ռուս-հայկական համալսարանը փոխել է պաշտոնական անվանումը
Կաշիներդ քերթվելու է, բոլորինդ՝ բոլոր ընտրակաշառք բաժանողներինը. չեք պատկերացնում՝ ինչ է սպասվում. Ավինյան
300 հազար ադրբեջանցու թեզի տակից դուրս չեք գալու, քաղաքական պատասխանատվության ճանապարհ եք անցնելու. Սիմոնյան
Բագրատունյաց 16 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը
Ազնիվ տարբերակով չեն կարողանում ասել, որ վազելով գալու են խորհրդարան, հիմա փորձում են դա փաթեթավորել կեղծիքով
Երևանի Արզումանյան փողոցի չորրորդ կարգի վթարային 2 շենքի փոխարեն նոր բազմահարկ շենքեր կկառուցվեն. Ավինյան
Յուրայիններին կհավատացնեն, թե թեժ պայքար են տանում հայրենիքի համար, ՀՀ տեղափոխվող կոկորդիլոսների դեմ. Չախոյան
Բաքվում պահվող հայ գերիների բանտարկության 1000-րդ օրվա կապակցությամբ ԱՄՆ Կոնգրեսում ասուլիս կկայանա
Հունիսի 28-ին Երևանի կենտրոնական մի շարք փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը
Ստեղծվել է կարկտահարությունների դեպքերի ուսումնասիրման աշխատանքային խումբ
Իրավապահները առգրավել են Իշխան Սաղաթելյանի զարդերը, գումար. նա ԴԱՀԿ պարտավորությունները չի կատարել
Վառելիք տեղափոխող բեռնատարը Դալարիկի մոտ բախվել է գնացքին. կա տուժած
Ժաննա Անդրեասյանը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին
Աշխարհի առաջատար համալսարանների փիլիսոփայության դեպարտամենտների պրոֆեսորները Երևանում են. Աննա Հակոբյան
Հուլիսի 1-ից որոշ ապրանքների ներմուծման համար մաքսային մարմնին պետք է ներկայացվի համապատասխանության փաստաթուղթ
Նիկոլ Փաշինյանի Մոսկվա այցի վերաբերյալ դեռևս կոնկրետություն չկա. Ուշակով
«Արան դու ես, դավայ ստուց». վիճաբանություն ու ծեծկռտուք Երևանի ավագանու նիստի ժամանակ
Վարչապետի որոշմամբ՝ նշանակվել է Լոռու փոխմարզպետ
Փամբակում վարժանքների ժամանակ զինծառայող է վիրավորում ստացել
Ամիրյան փողոցն այսուհետև կրելու է Պապ թագավորի անունը
Ադրբեջանի տարածքով ռուսական պարարտանյութ կուղարկվի Հայաստան
Կատարվում են գործողություններ. ՔԿ-ն՝ Իշխան Սաղաթելյանի տան խուզարկության մասին
Իրավապահները մտել են Իշխան Սաղաթելյանի տուն
Սևանա լճի մակարդակը կրկին բարձրացել է՝ արդեն գերազանցելով նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշը
Արմավիրի մարզի քրեական և համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու, օգտագործելու դեպքեր են բացահայտել
Արմավիրի մարզի Ակնաշեն բնակավայրի համայնքային փոքր տունը կառուցված է. վարչապետ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT