Երևան
12 °C
Դերասանուհի Տաթեւ Հովակիմյանը վերջին շրջանում բուռն ստեղծագործական կյանքով է ապրում, ստանում տարբեր ֆիլմերում նկարահանվելու եւ ներկայացումներում խաղալու հրավերներ: 2018 թվականից դերասանուհին իրականացնում է հեղինակային «Պոեմէ» նախագիծը, որի շրջանակում վիդեո տարբերակով կարդում է հայ ժամանակակից հեղինակների գործերը:
Տաթև Հովակիմյանի հետ «Հայկական ժամանակի» զրույցը՝ ստորեւ.
- Տաթեւ, թատրոն, կինո, ապա՝ նաեւ «Պոեմէ». ի՞նչ է Ձեզ համար վերջինը:
- Իրականում վերջինն էմոցիաների արտահայտման միջոց դարձավ ինձ համար, և հասկացա, որ ուզում եմ կարդալ հատկապես հայ ժամանակակից գրողների ստեղծագործությունները: Իհարկե, ունենք շատ ֆանտաստիկ գրողներ, որոնց գործերը չեն զետեղվում, քանի որ էմոցիոնալ առումով ես այդ պահին իրնեց կարդալու կարիք չեմ ունենում: «Պոեմէ»-ը երեւի միջոց էր մարդկանց տալու այն սիրո պակասը, որն առավել ակտիվացավ պատերազմից հետո: Երեւի դրա համար էլ սա արդեն դարձավ նախագիծ հեռուստատեսության (Հանրային հեռուստաընկերություն) համար: Այնտեղ ես չեմ խաղում, որեւէ կերպար չեմ կերտում, պարզապես կարդում եմ տեքստեր, որոնք գեղեցիկ են գրված, որոնք մարդկանց հետաքրքիր են. դրանք հատվածներ են գրքերից եւ պոեզիա է: Ես անում եմ դա, որովհետեւ ինձ հետաքրքիր է, իմ ներսից է գալիս:
Ես ունեմ էմոցիաներ փոխանցելու եւ հետո դրանք ստանալու կարիք, իսկ «Պոեմէ»-ի միջոցով կարողանում եմ այդ ամենն անել: Շատ հաճախ մարդիկ նեղանում են, որ իրենց գործերը չեմ ընտրում, բայց դա չի նշանակում, որ ինչ-որ մեկի գործը վատն է կամ արժանի չէ: Վերջերս մի գրող էր նման բան գրել: Նա այնքան է ատելությամբ լցված, որ իմ յուրաքանչյուր ներկայացմանը գալուց հետո անպայման փորձում է շատ վատ բաներ ասել իմ մասին:
Չեմ ուզում, որ «Պոեմէ»-ն դառնա առուծախի միջոց: Սա այն նախագիծն է, որ եկել է իմ ներսից: Ընտրում եմ այն, ինչ այդ պահին զգում եմ: Ես եթե կարդամ մի բան, որը շատ լավ գրական հիմք է, բայց ես դա չեմ զգում էմոցիոնալ առումով, ես ե՛ւ ինձ հետ անկեղծ չեմ լինի, ե՛ւ այդ տեքստի հետ: Նույնն իմ մարմնավորած կերպարների դեպքում է. երբեք չեմ հայտնվել սերիալներում, որովհետեւ գիտեմ, որ որեւէ կերպար չեմ կարող տանել ամիսներ շարունակ, տարի՜: Չեմ կարող դերիս վրա քիչ աշխատել, իսկ մենք գիտենք, որ մեր սերիալներում չունենք այդ ժամանակը: Իսկ կարդալիս ընտրում եմ այն տեքստը, որն ինձ կտա անկեղծանալու միջոց, թույլ կտա արտահայտել իմ ներքին ապրումները, լինի սիրո մասին, ծնողին ուղղված խոսք, այն, ինչ կուզեի ասել մորս, հորս կամ ինչ-որ մի սիրահար զույգի:
- Ձեզ հանդիսատեսը բնութագրում է որպես հետաքրքիր, ինտրիգային և համարձակ կերպարի: Դուք չեք խուսափում նկարահանվել համարձակ դերերում, ինչու ոչ՝ հայկական կինոարվեստում ոչ հաճախակի հանդիպող բաց տեսարաններում: Ինչպես Ձեր մարմնավորած կերպարներում եք համարձակ ու վճռական, նույնպես կյանքո՞ւմ եք, թե՞ կյանքում եւ բեմում Տաթեւը տարբեր է:
- Կարծում եմ՝ տարբերվում է նրանով, որ երբեք ոչ մեկից չեք լսի իմ անձնական կյանքի մասին եւ չեք գտնի որեւէ բան: Տաթեւը՝ որպես Տաթեւ, շատ ինքնամփոփ է: Ես ունեմ հազարավոր ծանոթներ, բայց շատ քիչ ընկերներ, որոնք ինձ իսկապես հարազատ են եւ գիտեն: Ես փակ մարդ եմ իմ անձնական կյանքում, որպես Տաթեւ՝ այդպիսին էլ մնում եմ, բայց որպես դերասանուհի՝ բաց եմ մինչեւ վերջ թե՛ բեմում, թե՛ ֆիլմում:
Եթե ես որեւէ սահմանափակում զգամ բեմի վրա, պարզապես խաղալ չեմ կարողանա: Ես ազատ եմ: Բայց, ըստ իս, ազատությունն էլ ունի սահմաններ. այդ սահմանը ճաշակն է: Եթե որեւէ սիրո տեսարան ինքնանպատակ է դրված նկարահանման՝ ցույց տալու, որ դու դա նկարահանել ես, կամ պարզապես խաղալ համբույրի տեսարան՝ ցույց տալու համար, որ ազատ դերասանուհի ես, ուղղակի իմաստ չունի: Դա պիտի լինի արվեստի ինքնաբուխ վիճակ, այն, ինչ գալիս է ներսից, տեսարանում պիտի հասնի այն պիկին, որ դու այլեւս խոսք չունես ասելու ու պետք է համբուրես այդ մարդուն (տվյալ պարագայում՝ քո խաղընկերոջը): Եթե իսկապես գալիս-հասնում է այդ կետին, դա պիտի անպայման տեղի ունենա:
Եթե դու ուզում ես ապացուցել, որ կարող ես միանգամից մերկանալ բեմի վրա, դա հետաքրքիր չէ, բայց երբ գալիս-հասնում է նրան, որ դու տեղ չունես, պիտի մերկանաս, որովհետեւ այդ մերկությունդ արտահայտելու է շատ կարեւոր մի բան, ուրեմն պիտի անես: Սրանք խորքային, բարդ հարցեր են, որոնք Հայաստանում դեռ այնքան էլ հասկացված չեն:
- 2020 թվականը մեզ համար ծանր տարի էր՝ համավարակ, պատերազմ...: Տարվա ավարտին Դուք հայտարարեցիք, որ չեք պատրաստվում արտագաղթել և այդ մասին գրառում կատարեցիք, որտեղ մի այսպիսի միտք կար Հայաստանի մասին. «Եթե անգամ կարողանամ փակել վերքերիցդ գոնե մեկը կամ ուղղակի պահել ամուր զարկերակդ, կմնամ»: Ի՞նչն էր նման գրառման դրդապատճառը: Ձեր գործունեությամբ երկիրը բուժելու համար ո՞ր վիրակապն եք կապում:
- Միանշանակ արվեստի: Փորձում եմ արվեստի վիրակապը կապել, որն ամենակարեւոր հիմքերից մեկն է առհասարակ ազգերի, ժողովրդի, երկրի մնայուն լինելու համար: Եթե խոսենք մեր տաղանդների, մեծ մարդկանց մասին, մենք ամբողջ աշխարհում հպարտանում էինք Շառլ Ազնավուրով, Ֆրանսիայում մեր ձայնն Ազնավուրն էր, հետեւաբար՝ արվեստը: Իսկ այն ժամանակ նման գրառման առիթը երկրից գնալու համատարած հոդվածներն էին: Անընդհատ գրում էին, որ մարդիկ հեռանում են, արտագաղթում:
Զարմանալի է՝ մի քանի օր առաջ ընկերներով խոսում էինք, որ մեր շրջապատում չկան նման մարդիկ, բայց այդ հոդվածները, թե՝ արտագաղթ է, կամ Հայաստանը ծերացող երկիր է, անընդհատ են: Համատարած արտագաղթի խոսակցությունների ժամանակ ես հասկացա, որ անգամ ամենակրիտիկական պահին երբեք չեմ լքի: Սա նման է նրան, որ հասուն դառնալուց հետո ծնողիդ տանում ես ծերանոց, լքում:
Հայաստանը շատ ծանր վիճակում էր (չնայած դա հիմա էլ է շարունակվում), բայց ես, ամեն դեպքում, գնացողը չեմ այս երկրից, որովհետեւ արմատներով շատ խորն եմ կպած այս հողին: Կարծում եմ՝ միշտ այդպես կլինի: Կուզեմ, որ իմ սերունդներն էլ այդքան ամուր կպած լինեն: Պատրաստ եմ իմ աշխատանքով երկրի զարկերակը պինդ պահել, ու յուրաքանչյուրը պիտի իր ոլորտում նման կերպ անի: Գնալու խոսակցություններն անիմաստ են ու շատ տգեղ ինձ համար:
- Չնայած բազմազբաղ լինելուն՝ Դուք նաեւ ժամանակ էիք գտնում զինվորների համար. այցելում էիք հիվանդանոցներ, վիրավորների հետ շփվում, նրանց հարցերը բարձրաձայնում: Դժվար չէ՞ր հաղթահարել այդ ապրումները, տղաների հետ շփումն ու այդ օրերն ի՞նչ են փոխել Ձեր ներսում:
- Իմ մեջ առաջին հերթին շատ բան փոխեց պատերազմը, այն ինձ այնքան հասունացրեց, որ հնարավոր չէ ասել: Մազերիս մեջ սպիտակ մի փունջ է հայտնվել: Ինչքան չներկեմ մազերս, այդ սպիտակ փունջն ինձ հիշեցնելու է պատերազմը: Իրականում ես ավելի շատ սկսեցի վախենալ մարդկանց կորցնելուց, սկսեցի ավելի շատ գնահատել: Հասկացա, որ չի կարելի աննշան բաների համար իրար նեղացնել, որովհետեւ վաղն իսկապես շատ ուշ է լինելու: Մարդիկ կան, որ իրենց լավ բաներ ավելի շատ եմ ասում. առաջ չէի ասում, պահում էի իմ մեջ:
Տղաների հետ ես հիմա էլ շատ ամուր կապ ունեմ. շփումը միշտ է: Մի փուլ կար, երբ ես անդադար գրառումներ էի անում զինվորների մասին, որովհետեւ իրականում այդ գրառումների շնորհիվ այդ տղաներին ճանաչում էին, օգնում, ինչը նման դեպքերում սոցցանցերի լավագույն դերն է: Սկզբում դա այնքան էլ լավ չէր համակարգվում, քանի որ անսպառ էր այդ մարդկանց թիվը՝ թե՛ վիրավոր զինվորների, թե՛ Արցախից տեղահանվածների: Հիմա ավելի լուռ եմ այդ ամենն անում, և անհամեմատ ավելի քիչ է թիվը. ամեն ինչ համակարգվել է արդեն: Ինքս էլ այժմ փորձում եմ զերծ մնալ սոցցանցերում ակտիվությունից: Այնքան տհաճ են քաղաքական հայացքների զզվելի ու կեղտոտ քննարկումները: Էական չեն այդ խաղերը. պետք է իրար ասել միայն ամենակարեւոր բաները ու թողնել մի կողմ այդ քաղաքական գզվռտոցն ու կեղտը: Ես հիմա ընդհանրապես չունեմ որեւէ քաղաքական հայացք:
- Քաղաքականությունից խոսեցիք. պատերազմի ելքից հետո, երբ խիստ լարվել էր նաեւ ներքաղաքական իրավիճակը՝ հանրահավաքներ և բողոքի ցույցեր էին ընթանում տարբեր պահանջներով, այդ օրերին գրառում էիք կատարել, որ Ձեր հայրն Ազատության հրապարակում է, իսկ մայրը՝ Հանրապետության: Ձեր ծնողների քաղաքական եւ գաղափարական հայացքները միավորվե՞լ են, թե՞ նրանք շարունակում են գտնվել տարբեր «հրապարակներում»:
- Ծնողներիս քաղաքական հայացքներն ինձ հետ միասին հավասարվել են նրան, որ մենք անտեսում ենք քաղաքականության մեջ գտնվող յուրաքանչյուր անձի: Մենք չենք ընկալում քաղաքականությունը, մեր տանն այլեւս չեն միացվում այն հեռուստաալիքները, որտեղ լուրերի հեռարձակում է, որովհետեւ մենք չենք հավատում ոչ մեկին: Եկել-հասել է նրան, որ մենք ուղղակի ատում ենք քաղաքականությունը: Սովորական մարդկային հավատ որեւէ մեկը մեզ չի ներշնչում:
Այն ժամանակ հայրս մտածում էր, որ գուցե փրկությունը նրանք են, որովհետեւ երկիրը ծանրագույն վիճակի մեջ է, իսկ մայրս վստահ էր՝ պետք չէ անցյալը նորից առաջ բերել: Բայց ես չեմ ուզում խորանալ ու խոսել, պարզապես ուզում եմ քաղաքականությունը ջնջվի մեր կյանքից, որ մենք մոռանանք դրա մասին: Ուզում եմ անդադար խոսենք հաճելի, նորմալ թեմաների մասին, որ քաղաքականությունն ուղղակի մեր կողքով անցնի: Ուզում եմ մեր երկիրը դառնա այն երկիրը, որտեղ կարող ենք խոսել շատ գեղեցիկ բաների մասին, իսկ քաղաքականությունն ամենագեղեցիկ վերջին բանն է, որ կարելի է դրա մասին խոսել:
Ամենավատն այն է, որ բոլորին թվում է, թե իրենք ամեն ինչ գիտեն: Քաղաքականությունը դարձել է հեշտ թեմա մարդկանց համար: Դրանում մեղավոր են բոլոր ժամանակների ղեկավարներն ու Կառավարությունը, այն նույն քաղաքական գործիչները, որ քաղաքականությունը դարձրեցին այդքան հանրամատչելի. քաղաքականությունն աշխարհի ամենաբարդ ոլորտներից մեկնն է, արվեստի ճյուղ է: Բայց դա էլ սարքեցին մասաններին հարիր քննարկելու թեմա՝ իջեցնելով ու դարձնելով կլոունադա:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ՌԴ-ն երբեք կասկածի տակ չի դրել և չի դնում ՀՀ-ի ինքնիշխան արտաքին քաղաքականություն վարելու անվիճելի իրավունքը
Հայաստանն աջակցում է երկրում կայունության վերականգմանը միտված Լիբանանի կառավարության ջանքերին․ Անանյան
Հայտնի է՝ ինչ խափանման միջոց է ընտրվել «Ուժեղ Հայաստան»-ի համակիր, ձերբակալված դասախոս Ալեն Ղևոնդյանի նկատմամբ
ԿԸՀ-ն ամփոփել է վերահաշվարկի արդյունքները․ տվյալներ
Սելավային հոսք՝ Նարեկ գյուղի հատվածում․ տեսանյութ
ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագիրը մոտ է ավարտին․ Արաղչի
Նարեկ Կարապետյան, ինչո՞ւ էիր հասնում Վերին Լարս, «կառավարության նիստ» հրավիրեիք, հարցին ուժեղ լուծում տայիք
Գագիկ Խաչատրյանի որդին՝ Արտյոմ Խաչատրյանը, կկալանավորվի․ հայտարարվել է հետախուզում
Հայ-թուրքական սահմանի Մարգարայի անցակետով Լիբանան են ուղևորվել Հայաստանի հումանիտար օգնության բեռնատարները
ՌԴ-ն այս պարտության հետ չի համակերպվի. մեզնից իր կամքով չի հրաժարվի, ՀՀ-ն պետք է պատրաստ լինի. տեսանյութ
Ապարանի ջրամբարի լցվածության ծավալով պայմանավորված կաշխատի ջրամբարի հեղեղային ջրթողը․ ցուցաբերել զգոնություն
24 ծրագիր՝ 234 միջոցառումով, կատարողականը՝ 93.5 տոկոս․ ԿԳՄՍ նախարարը ներկայացրել է 2025-ի կատարողականը
ԱՄԷ նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում հաղթանակի առթիվ
Իրար հերթ չտալով փորձում են ճողոպրել․ ասում էինք, չէ՞, երազելու եք ՀՀ-ից փախնելու մասին, բայց չեք կարողանալու
Առևանգել են ՍՊԸ աշխատակցին, ազատելու դիմաց տնօրենից պահանջել ունեցած պարտքը․ քրվարույթի նյութերը դատարանում են
Facebook, Instagram և Messenger-ի աշխատանքում այս պահին լայնածավալ խափանումներ են
Ազատի կացարանում զոհված զինծառայողների գործով մեղադրյալ Եղիշե Հակոբյանի կալանքը երկարաձգվել է
Ուժեղ կարկուտ և տեղատարափ Նահապետավանում․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Նախկինում դատապարտված անձը հափշտակել է շուրջ 120 մլն դրամ. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Կիևյան կամուրջը տևական ժամանակ փակ է լինելու
«5-րդ ալիք»-ի և «Հ2»-ի նկատմամբ կիրառվել են վարչական տույժեր․ ՀՌԸ նիստին մասնակցել է նաև ԺՀՄԻԳ ներկայացուցիչը
Դավիթ Խուդաթյանն այցելել է Երևան-Սևան ճանապարհի՝ կայծակից փլուզված կամրջի հատված
Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ հորդառատ անձրևային եղանակը կպահպանվի
Ընտրությունների արդյունքները ժողովրդի կողմից Ձեր քաղաքականության նկատմամբ վստահության հավաստումն են․ Միրզիյոև
Թիվ 12/13 ընտրական տեղամասի քվեարկության արդյունքներն անվավեր են ճանաչվել
Ուժգին երկրաշարժ Ադրբեջանում. ցնցումները զգացվել են ՀՀ տարածքում
Ընտրակաշառքի բուրգը պետք է բացահայտվի․ Ռուբինյան
Իշխանությունը զավթելու և սահմանադրական կարգը բռնի տապալելու մասին կոչեր են հնչեցրել, նախաձեռնվել են վարույթներ
2025-ին Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը գյուղատնտեսության ոլորտին հատկացրել է 43 մլրդ դրամ. Պապոյան
Ամենադարդն էն ա, որ 1,5 միլիոնն օգնեց Փաշինյանին, այսինքն՝ մեզ խաբեցին էդ միլիոնուկեսով. Կարապետյան
Վերջնականացրել ենք դիզայնը. ՆԳ նախարարը՝ կենսաչափական անձնագրերի մասին
Դատարանը Սեյրան Օհանյանին բերման ենթարկելու որոշում է կայացրել
Ձերբակալվել է ԵՊՀ դասախոս, «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիր Ալեն Ղևոնդյանը
Ընկերուհուս մաման ա, ասում ա նենց չլնի՝ սաղ օրը կանգնենք, 20 հազար դրամ տան. ԲՀԿ-ին առնչվող նոր ձայնագրություն
Սամվել Կարապետյանն ընդունում է ընտրություններում իր պարտությունը
Վրաերթ Արմավիրի մարզում. տուժածը մահացել է
Մեր աշխատանքը չի ավարտվում միայն ընտրության օրով, շարունակում ենք աշխատել, կլինեն նոր բացահայտումներ․ Սարգսյան
Սահմանապահները թույլ չեն տվել, որ Նարեկ Կարապետյանը հատի ՀՀ սահմանը
«FLYONE ARMENIA» ավիաընկերությունը մեկնարկել է Երևան-Ալմաթի-Երևան երթուղով չվերթերը
Պարզում ենք՝ արդյո՞ք գործ ունենք թմրամիջոցի հետ․ ՆԳ նախարարը՝ 12-ամյա երեխային ենթադրյալ թմրամիջոց տալու մասին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT