Երևան
12 °C
Արագածոտնի մարզի Գեղաձոր համայնքում Ֆերոյանների տան բակում կայանած տրակտորի անիվի պայթյունից առաջացած օդի ալիքն այնքան հզոր է եղել, որ ջարդուփշուր է արել ոչ միայն նրանց տան դռների ու պատուհանների ապակիները, այլեւ հարեւանների տներին է վնաս հասցրել: Կան նաեւ մարմնական վնասվածքներ ստացածներ։ Դեպքը տեղի է ունեցել հուլիսի 21-ին:
Գյուղում բոլորը զարմացած են, ասում են՝ առաջին անգամ են նման բան տեսնում, որ անիվի պայթունը ավերածությունների պատճառ դառնա։ 30-ամյա Հրանտ Ֆերոյանը ժամը 17։45-ի մոտակայքում փորձել է տեղից շարժել կայանած տրակտորը։ Պատմում է՝ մեքենան շարժի է գցել բանալու միջոցով, բայց թե դրանից հետո ինչ է եղել, Հրանտը չի հիշում։

«Աշխատացրել էինք մեքենան, գյուղի ջրի կետն էինք մաքրում, ցեխոտվել էր, բերել էի տուն, որ լվանայի, հետո «խոդ» տվեցի, շարժիչը միացրի, որ տեխնիկան հետ շրջեմ. ճանապարհի վրա էր կանգնած, ու էլ բան չեմ հիշում։ Մեկ էլ հիշում եմ արդեն, որ ինձ հիվանդանոց էին տանում»,- մեզ հետ զրույցում պատմեց նա ։
Տրակտորը գյուղի միակ տեխնիկան է, գնվել է համայնքապետարանի միջոցներով 2019 թվականին։ 3-4 օր առաջ անվադողերից մեկը խնդիր է ունեցել, նորով են փոխարինել։ Հրանտն ասում է՝ փոխելուց հետո երկու օր օգտագործել են, ոչ մի խնդիր չի եղել։ Նույն այդ անիվը հետո պայթել է: Մեկ ու կես ամիս է՝ ինչ նա է վարում տրակտորը։ Կազմակերպությունը, որից գնել են տրակտորը, Հրանտի խոսքով՝ այն ստուգում է, երբ որ լրանում է դրա օգտագործման 1750 ժամը․ «Սահմանված ժամկետը հենց լիանում է, կանգնացնում ենք, մինչև իրենք գան և ստուգեն։ Սա ստուգել են, օգտագործվել է արդեն 1980 ժամ։ Ինքը նոր մեքենա էր, 2019 թվականին են ձեռք բերել»,- ասաց նա։

Տրակտորի ակի պայթունի հետևանքով Հրանտը սալջարդեր է ստացել, գլխուղեղի ցնցում, ձեռքի վնասվածք ու քերծվածքներ։ Նրան առաջին բուժօգնությունը ցուցաբերել են Ապարանի և Արագածոտնի բժիշկները, հետո տեղափոխել Երևան։ Այստեղ հետազոտվելուց հետո նույն օրն էլ դուրս է գրվել։
Թե պայթունն ինչպես է եղել, չի հիշում նաև Հրանտի կինը՝ Սոնա Ֆերոյանը: Մեզ հետ զրույցում Սոնան պատմեց. «Փոքր տղաս դուրս վազեց, ես էլ հետեւից գնացի, որ նայեմ մեքենա չգա, ուշադիր լինի։ Հասա իր մոտ, ձեռքը բռնեցի ու ես էլ ոչինչ չեմ հիշում, միայն որ փոշի էր ու ուժեղ ձայն։ Սկեսուրիս գյուղի բժշկուհին սիստեմա էր միացրել, իր գնալուց 15 րոպե հետո եղել է պայթունը»:

Հրանտի մայրը՝ Արևիկ Ֆերոյանն էլ ասաց՝ պայթունի ձայն չի լսել, իրեն թվացել է ջահն է պոկվում առաստաղից։ «Հեռախոսով էի խոսում մյուս հարսիս հետ, աղջիկ թոռս լաց եղավ, վախեցա, գրկեցի իրեն ու չգիտեի՝ որ սենյակը մտնեմ, ուր գնամ, ոչինչ չէի հասկանում։ Հետո հասկացա, որ ամբողջ տունը ապակիներով է լցված, հետո պատուհաններին նայեցի, երևաց՝ դուրսն ամբողջությամբ փոշի էր, ոչինչ չէր երևում։ Ամուսինս էլ բաղնիքից պայթունի պահին է դուրս եկել, բայց պատուհանին չէր մոտեցել, եթե մոտենար հետևանքները վատ կլիներ»,- կատարվածը նկարագրեց տիկին Արեւիկը:

Պայթյունի ձայնը լսել են ոչ միայն Գեղաձոր գյուղի բնակիչները, այլ նաև հարևան համայնքների։ Ընտանիքը պատմում է՝ դեպքի օրը իրենց տուն հարյուրավոր մարդիկ էին եկել տարբեր գյուղերից։ Բոլորն էլ զարմացած են եղել՝ ինչպես է պայթյունը տեղի ունեցել։ Սոնայի մայրը մեզ հետ զրույցում պատմեց՝ իրենք ապրում են գյուղի վերջում, պայթյունի ձայնը լսել են, սկզբում թվացել է, թե կրակոցներ են․ «Ռուսական ռազմաբազան մեզ մոտ է, էնտեղից միշտ կրակոցների ձայն է լսվում, էս անգամ էլ մտածեցինք՝ իրենք են, նորից կրակում են, բայց զանգեցին, ասեցին՝ աղջկաս տան դիմաց պայթուն է եղել։ Արագ հավաքվեցինք ես, ամուսինս ու մյուս աղջիկս, եկանք, որ երեխուս տեսնեինք, տարել էին հիվանդանոց։ Այդ պահին իրենց տուն մտնել անհնար էր, փոշի, մեխեր ու ապակու կտորներ էին ոտքի տակ, տեղ չկար շարժվելու»: Նա նույնպես նույն օրը դուրս է գրվել հիվանդանոցից։ Պայթյունից ստացած հարվածի հետևանքով վնասվել է նրա ձեռքը, բժիշկներն այն վիրակապել են։

Պայթյունի հետևանքով ամբողջությամբ վնասվել է Ֆերոյանների սենյակների դռների ապակիները։ Դրսի և ներսի պատուհանների ապակիները։ Պայթյունի հետևանքով առաջացած օդի ալիքը վնասել է նաև նրանց «Նիվա» մակնիշի մեքենան։ Տրակտորն ամբողջությամբ վնասված է։ Վնասներ է կրել նաև նրանց հարևանը, որի տունը գտնվում է մի քանի մետր այն կողմ․ «Ես Երևանում էի թոռանս մոտ, զանգեցին ասեցին՝ Հրանտենց տունը պայթել է, արագ տաքսի կանչեցի, եկա։ Կոտրվել է իմ տան մի պատուհանի ապակին, մեկ էլ թոռանս տան (ինքն էստեղ էլ տուն ունի)։ Հիմա հագուստ եմ քաշել վրան, որ անձրև գա, չլցվի տուն, մինչև տեսնենք՝ ինչ կլինի։ Փառք Աստծո, հարևանիս մահ չեկավ»,- մեզ հետ զրույցում ասաց Ֆերոյանների հարևան Գուզալեվան։ Նրա խոսքերով՝ Հրանտը բոլոր հարևաններին միշտ օգնել է, հասել է, երբ օգնություն է պետք եկել․ «Ինչի էր ուզում Աստված էս ճրագը մարեր, չգիտեմ»։


Պայթյունից անմիջապես հետո Ֆերոյանների տուն է եկել Գեղաձոր գյուղի համայնքի վարչական ղեկավար Սմբատ Պետրոսյանը։ Մեզ հետ զրույցում Պետրոսյանը պատմեց ՝ ինքը նույնպես ձայն լսելով մտածել է, թե ռուսական ռազմաբազան է կրակում, հետո երևացող փոշուց հասկացել է՝ մի բան այն չէ․ «Եկանք, տեսանք՝ անիվը չկա, կտորները տարբեր տեղեր էին տարածվել։ Երկու օր առաջ գործ էինք արել, մաքրել էինք գյուղի ջրի կենտրոնը, որ գյուղը ջուր ունենա, մեքենան ցեխոտվել էր, ռադիատորը փչացել էր, դա փոխեց, հետո ուզում էր լվանալ, բայց տրաքել էր։ Հրաշքով է փրկվել, գուցե ուրիշը լիներ, ողջ չմնար»։ Ըստ նրա՝ առայժմ չեն կարող ասել, թե անիվի պայթունի պատճառը որն էր, բայց նշում է՝ տրակտորը մինչև այդ աշխատել է քարքարոտ, ժայռոտ վայրերում ու ոչ մի խնդիր չի եղել։

Հիմա Գեղաձոր գյուղում բոլորը սպասում են արտակարգ իրավիճակների նախարարության մասնագետների կողմից իրականացվող փորձաքննության պատասխանին՝ պարզելու համար հանելուկը։ Մինչ այդ Պետրոսյանի խոսքով՝ համայնքը ամեն ինչ կանի, որպեսզի օգնի ընտանիքին, որը թե նյութական, թե ֆիզիկական վնասներ է կրել․ «Գուցե ավագանու նիստ անենք վնասի չափը որոշենք և օգնություն տրամադրենք, բայց մեր ուժերի չափով ամեն ինչ կանենք, որ օգնենք»,- ասաց համայնքի ղեկավարը:

Հրդեh Նորապատ բնակավայրում․ կանխվել է կրակի տարածումը
Ոչ ոք չոր չի մնալու. ինչ է սպասվում Վարդավառին Երևանում
Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքի մի շարք հասցեներում
Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, Արեգակի տեսանելի տրամագիծը կլինի տարվա ամենափոքրը
Եվրոպան հիմա հազիվ թե ի վիճակի լինի կառուցողական գաղափարներ առաջարկել ուկրաինական կարգավորման մասին․ Գալուզին
Վայոց ձորում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և բեռնատարը․ կա վիրավոր
Միշուստինն ու Փաշինյանը Եկատերինբուրգում բանակցություններ կունենան
Գյումրի-Երևան ավտոճանապարհին բախվել են մեքենաներ․ կա վիրավոր
Թող Սահմանադրությունը շարունակի ծառայել որպես մեր պետականության հուսալի հենարան. ՍԴ նախագահ
Հունիսի 7-ին ժողովուրդը կրկին ապացուցեց ինքնիշխան, ազատ, ժողովրդավարական պետություն ունենալու կամքը. Սիմոնյան
Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ. Վահագն Խաչատուրյան
Սահմանադրական ոգին Հայաստանում ուժեղ է և հաստատուն, իսկ սահմանադիրը՝ ժողովուրդը, ազատ և երջանիկ. վարչապետ
Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը
Սառը հաշվարկն ու ռուսական բենզինը. ինչու իրականում Իսրայելը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս․ Սրբուհի Գալյան
ՀՀ Սահմանադրական դատարանը ուժի մեջ թողեց ԿԸՀ-ի որոշումը. ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն
Վարչապետն այցելել է Վեդիի ջրամբար և Արարատի մարզի մի քանի բնակավայր, ծանոթացել իրականացվող ծրագրերի ընթացքին
Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում․ տեսանյութ
Վեդի համայնքի Եղեգնավան բնակավայրում ևս մանկապարտեզ է կառուցվում․ վարչապետ
Խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր չեն ճանաչվի․ ՍԴ-ն հրապարակեց որոշումը
Գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել․ առաջին անգամ պաշտոն ստանձնող դատախազները երդվել են
Գոռավան բնակավայրի մանկապարտեզը կառուցվում է․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Հայտնի է՝ ժամը քանիսին ՍԴ-ն կհրապարակի ԱԺ ընտրությունների վերաբերյալ որոշումը
Սյունիքում քննարկվել են հանրակրթական դպրոցների ենթակայության փոփոխությունը, կառավարման նոր մոդելը
Հուլիսի 5-ին Հայոց ցեղասպանության թանգարանը փակ է լինելու
Նիկոլ Փաշինյանն այցելել է Դաշտաքար բնակավայր․ տեսանյութ
Հայաստանը և ԱՄՆ-ն վայելում են երկկողմ հարաբերությունների պատմական հանգրվանը․ ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել
Իրանն ու Պակիստանը ձգտում են ընդլայնել ռազմական համագործակցությունը
Մենք աշխարհի ամենաուժեղ և ամենահզոր երկիրն ենք․ Թրամփը ելույթ է ունեցել ԱՄՆ անկախության 250-ամյակի միջոցառմանը
Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով․ անձրևներ կտեղան, առանձին հատվածներում՝ հորդառատ
Վարչապետն այցելել է Վեդիի ջրամբար․ կապահովվի Արարատյան դաշտավայրի շուրջ 3220 հա հողերի ոռոգումը․ տեսանյութ
ԲՏԱ նախարարը ներկայացրել է մրցունակ, պատասխանատու և ներառական ԱԲ էկոհամակարգ ձևավորելու Հայաստանի տեսլականը
«Վարչաֆեստ 2026». երիտասարդական երաժշտական փառատոն՝ Սևանա լճի ափին․ ինչպես մասնակցել
Հայաստանն ու Ադրբեջանն ապրում են խաղաղության մեջ. Ալիևը շնորհավորել է Թրամփին՝ անկախության 250-ամյակի առիթով
Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Ինտեգրացիայի լատինամերիկյան ասոցիացիայի գլխավոր քարտուղարը քննարկում են ունեցել
Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի դագաղը դուրս է բերվել Մեծ Մոսալայից․ տեսանյութ
Թեհրան-Երևան հարաբերությունները պետք է զերծ մնան արտաքին միջամտությունից, առաջնորդվեն երկրների անկախ կամքով
ԱՄՆ-ն տոնում է անկախության հռչակագրի 250-ամյա հոբելյանը
Քննարկվել են հայրենական տեխնոլոգիական լուծումների ներդրման հնարավորությունները ՆԳՆ համակարգում
Երևանում և Գեղարքունիքում քամին ավերածություններ է գործել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT