Արխիվային փաստաթուղթ. ինչպես էր Քոչարյանը փորձում հանձնել Մեղրին

«Հայկական ժամանակը» վերահրապարակում է 2008 թվականի փետրվարի 9-ի համարում գաղտնազերծված փաստաթուղթը՝ Քոչարյանի իշխանության կողմից Մեղրին Ադրբեջանին հանձնելու համաձայնագրի մասին:

Համաձայնագիրը, որի գոյությունը տարիներ շարունակ հերքվել էր Քոչարյանի ու նրա իշխանության կողմից, ի թիվս այլ փաստաթղթերի 2008-ին ստացել էր նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի շտաբը:

Փաստաթղթում խոսքը Քոչարյանի առաջարկության հիման վրա համանախագահների կազմած ԼՂ հարցի կարգավորման այն ծրագրի մասին է, որի համաձայն՝ Մեղրիի շրջանը  պետք է զիջվեր Ադրբեջանին՝ Լաչինի փոխարեն:

2008-ին հրապարակելով իր ձեռքի տակ հայտնված այդ փաստաթուղթը՝ ՀԺ-ն գրել էր, որ 1999 թվականի աշնանը, երբ Քոչարյանը այն ներկայացրել է Անվտանգության խորհրդում, Քոչարյանին կտրուկ ու կոպիտ դեմ են արտահայտվել Վազգեն Սարգսյանը եւ Կարեն Դեմիրճյանը՝ դուրս գալով եւ դուռը խփելով նրա երեսին: «Իսկ մի քանի շաբաթ հետո կատարվեց Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը: Որոշ վերլուծաբաններ այս երկու փաստերի մեջ պատճառահետեւանքային կապ են տեսնում»,- ասվում է ՀԺ-ի 2008-ի փետրվարի 9-ի համարում:

Ստորեւ ներկայացնում ենք փաստաթուղթն ամբողջությամբ.

Ադրբեջանի Հանրապետությունը եւ Հայաստանի Հանրապետությունը իրենց միջեւ առկա հակամարտությունը մշտական հիմքի վրա լուծելու, ինչպես նաեւ անկախ ազգային զարգացման ու խաղաղության, կայունության ու իրենց ժողովուրդների եւ իրենց տարածաշրջանի բարգավաճման ապահովման համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու նպատակով պայմանավորվեցին ներքոշարադրյալի մասին.

հոդված 1

Սույն Համաձայնագիրը ուժի մեջ մտնելուց հետո նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի տարածքը, Շուշիի շրջանն ու Լաչինի շրջանը (1988 թ. եղած սահմաններում, ինչպես նշված է Ա հավելվածում) փոխանցվում են Հայաստանի Հանրապետությանը: Սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո Մեղրիի շրջանը (1988 թ. եղած սահմաններում, ինչպես նշված է Ա հավելվածում) փոխանցվում է Ադրբեջանի Հանրապետությանը:

հոդված 2

Աղդամի, Ֆիզուլիի, Ջեբրայիլի, Կուբաթլիի, Զանգելանի, Քելբաջարի, Ղազախի եւ Շահումյանի գրավյալ տարածքները (1988 թ. եղած սահմաններում, ինչպես նշված է Ա հավելվածում) անհապաղ փոխանցվում են Ադրբեջանի Հանրապետության քաղաքական եւ վարչական վերահսկողության ներքո:

հոդված 3

Սույն Համաձայնագիրը ուժի մեջ մտնելուց հետո ցանկացած պետության բոլոր ոչ սահմանակից տարածքները (անկլավները) փոխանցվում են այն պետությանը, որը շրջապատում է դրանք:

հոդված  4

Սույն Համաձայնագիրը ուժի մեջ մտնելուց անմիջապես հետո Հայաստանը սկսում է իրականացնել իր զինված ուժերի դուրսբերումը ադրբեջանական բոլոր գրավյալ տարածքներից, ներառյալ Աղդամի, Ֆիզուլիի, Ջեբրայիլի, Կուբաթլիի, Շահումյանի, Քելբաջարի, Զանգելանի եւ Ղազախի շրջանները: Զինուժի դուրսբերումը պետք է ավարտվի սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո վաթսուն օրվա ընթացքում: Այդ ուժերի հետքաշման եւ տեղափոխման պլանավորումն ու իրականացումը կկատարվի միջազգային դիտորդական ուժերի աջակցությամբ՝ 10-11 հոդվածների դրույթներին համապատասխան:

հոդված 5

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց անմիջապես հետո սկսվում է Մեղրիի շրջանի բնակչության եւ ներկայումս Աղդամի, Ֆիզուլիի, Ջեբրայիլի, Կուբաթլիի, Զանգելանի,  Քելբաջարի եւ Շահումյանի շրջաններում բնակվող հայերի անվտանգ եւ կամավոր տեղափոխումը Հայաստանի Հանրապետության տարածք: Այդ տեղափոխությունը պետք է ավարտվի սույն Համաձայնագիրն ուժի մեջ  մտնելուց հետո վաթսուն օրվա ընթացքում: Այդ տեղափոխության պլանավորումն ու  իրականացումը պետք է կատարվի միջազգային դիտորդական առաքելության հսկողությամբ, որը նախատեսված է սույն Համաձայնագրի 10-11 հոդվածներին համապատասխան: Մեղրիի շրջանը առաջին հերթին կբնակեցվի այդ հակամարտության հետեւանքով տեղահանված Ադրբեջանի քաղաքացիներով: Յուրաքանչյուր պետություն պատասխանատու է իր քաղաքացիների տեղափոխման համար եւ պետք է համագործակցի մյուս պետության եւ միջազգային դիտորդական առաքելության հետ: Յուրաքանչյուր պետություն պետք է ապահովի բնակավայրերի եւ մյուս ենթակառուցվածքների պաշտպանությունը փոխանցվող շրջաններում՝ նպատակ ունենալով կանխել դրանց ապամոնտաժումը, վնասումը կամ ավերումը:

հոդված  6

Ադրբեջանը եւ Հայաստանը ողջունում են միջազգային հանրության պարտավորությունը՝ աջակցելու այն ռեսուրսների համախմբմանը, որոնք անհրաժեշտ են ներքին մակարդակով տեղափոխվող անձանց շուտափույթ վերադարձը ապահովելու համար: Յուրաքանչյուր պետություն ջանքեր է գործադրում երկրի ներսում վերաբնակված իր քաղաքացիների արագ վերադարձին աջակցելու ուղղությամբ: Յուրաքանչյուր պետություն հրավիրում է Փախստականների գործերով գերագույն հանձնակատարին (ՓԳԳՀ), Կարմիր խաչի միջազգային կազմակերպությանը (ԿԽՄԿ) եւ այլ համապատասխան կազմակերպությունների՝ մոնիտորինգ իրականացնելու, այդ տեղափոխությունների կատարման գործում օգնություն եւ աջակցություն ցուցաբերելու համար: 

հոդված  7

Սույն Համաձայնագրի ստորագրումից անմիջապես հետո երկու պետություններն էլ կիրականացնեն ականազերծման միջոցառումներ՝ նպատակ ունենալով պայմաններ ստեղծել միջազգային դիտորդական առաքելության  գործունեության ծավալման եւ քաղաքացիական բնակչության անվտանգ վերադարձի ապահովման համար: Երկու  պետություններն էլ, ըստ անհրաժեշտության, դիմում են միջազգային դիտորդական առաքելությանը եւ միջազգային այլ մարմինների՝ ականազերծմանը լրացուցիչ աջակցություն ցուցաբերելու համար: Միջազգային դիտորդական առաքելությունը երկու պետություններին էլ աջակցություն կցուցաբերի ականազերծման միջոցառումներ իրականացնելու գործում՝  տեխնիկական աջակցության եւ գործունեության կոորդինացման միջոցով: Երկու պետություններն էլ միջազգային դիտորդական առաքելությանը կտրամադրեն ականների տեղաբաշխման եւ դրանց տեսակների մասին իրենց տրամադրության տակ եղած տեղեկությունները:

հոդված 8

Յուրաքանչյուր պետություն հրաժարվում է մյուս պետության հանդեպ ունեցած այն պահանջներից, որոնք բխում են Ադրբեջանի եւ Հայաստանի հակամարտությունից: Յուրաքանչյուր պետություն պատասխանատվություն է ստանձնում մյուս պետության հանդեպ իր քաղաքացիների ունեցած այն պահանջների կարգավորման համար, որոնք բխում են այդ հակամարտությունից, ինչպես նաեւ ծագում են սույն Համաձայնագրի կատարման շրջանակներում:

հոդված 9

Սույն Համաձայնագիրը ուժի մեջ մտնելուց հետո վաթսուն օրվա ընթացքում վերացվում են բոլոր տեսակի արգելանքներն ու շրջափակումները: Ադրբեջանն ու Հայաստանը մյուս պետություններին կոչ են անում վարվել նույն կերպ:

հոդված 10

Սույն Համաձայնագրի ժամանակին իրականացումն ապահովելու նպատակով երկու պետություններն էլ սույնով Եվրոպայի անվտանգության ու համագործակցության կազմակերպությանը (ԵԱՀԿ) եւ Բարձր մակարդակի պլանավորման նրա խմբին հրավիրում են ստեղծել միջազգային դիտորդական առաքելություն՝ սույն Համաձայնագրի դրույթների իրականացման համար: Ադրբեջանն ու Հայաստանը համաձայնության են գալիս միջազգային դիտորդական առաքելության ստեղծման շուրջ այն ժամանակահատվածի համար, որը անհրաժեշտ է սույն Համաձայնագրի իրականացման համար, բայց ամեն դեպքում ոչ պակաս, քան մեկ տարով: Ադրբեջանն ու Հայաստանը երաշխավորում են.

ա) միջազգային դիտորդական առաքելության եւ նրա սարքավորումների ու տեխնիկայի ազատ տեղաշարժը իրենց  համապատասխան տարածքներում, դրանք կտրել անցնելու, ինչպես նաեւ մեկից մյուսն անցնելու հնարավորություն,

բ) հարգալից վերաբերմունք միջազգային դիտորդական առաքելության անդամների եւ նրանց պահակախմբի նկատմամբ, ինչպես նաեւ նրանց կառույցների եւ սարքավորումների պահպանվածություն,

գ) միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի պահպանում:

հոդված 11

Ադրբեջանն ու Հայաստանը համաձայնում են, որ միջազգային դիտորդական առաքելությունը բաղկացած լինի ԵԱՀԿ անդամ պետություններից, բայց  դրանց կազմի մեջ չեն մտնի Ադրբեջանի Հանրապետությանը  եւ Հայաստանի Հանրապետությանը սահմանակից որեւէ պետության կամ Մինսկի խմբի համանախագահ պետությունների անձնակազմեր:

հոդված 12

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց անմիջապես հետո Ադրբեջանն ու Հայաստանը  բանակցություններ կսկսեն հնարավորինս կարճ ժամանակամիջոցում լիամասշտաբ եւ բնականոն դիվանագիտական հարաբերություններ հաստատելու ուղղությամբ:

հոդված 13

Սույն Համաձայնագիրը ստորագրելուց անմիջապես հետո Ադրբեջանն ու Հայաստանը կստեղծեն համատեղ հանձնաժողով (Համաձայնագրի քաղաքացիական կողմերը) եւ Զինվորական հանձնաժողով (Համաձայնագրի ռազմական կողմերը)՝ դրանցից յուրաքանչյուրին միջազգային դիտորդական առաքելության մասնակցությամբ, նպատակ ունենալով ապահովել իրադրության կարգավորման միջոցառումներ, ներառյալ վստահության ամրապնդման միջոցառումների մշակումը, սահմանամերձ շրջանների, մաքսատների կառավարումը, տրանսպորտային համագործակցությունն ու ուղիղ օդային հաղորդակցության հաստատումը:

հոդված 14

Ադրբեջանի Հանրապետությունն ու Հայաստանի Հանրապետությունը համաձայնում են այն բանի շուրջ, որ սույն հակամարտության կապակցությամբ կալանված բոլոր անձինք պետք է ազատվեն սույն Համաձայնագրի ստորագրումից հետո 30 օրվա ընթացքում, որ  մահացածների աճյունները պետք է վերադարձվեն, որ անհետ կորած անձանց առնչությամբ պետք է հետաքննություններ անցկացվեն՝ նպատակ ունենալով պարզել նրանց անձը, գտնվելու վայրն ու ճակատագիրը: Այս պարտավորության կատարումն ապահովելու նպատակով սույն Համաձայնագրի ստորագրումից անմիջապես հետո պետք է ստեղծվի Համատեղ հանձնաժողով: Ադրբեջանն ու Հայաստանը ԿԽՄԿ-ին, ՓԳԳՀ-ին եւ մյուս միջազգային գերատեսչություններին հրավիրում են աջակցություն ցուցաբերել այս հարցում:

հոդված 15

Ադրբեջանն ու Հայաստանը համաձայնում են ապահովել ազգային հուշարձանների ու կողմերից յուրաքանչյուրի համար մշակութային, պատմական, կրոնական կամ էթնիկ նշանակություն ունեցող վայրերի սպասարկումն ու պահպանությունը: Այս պարտավորության կատարումն ապահովելու նպատակով սույն Համաձայնագրի ստորագրումից անմիջապես հետո պետք է ստեղծվի Համատեղ հանձնաժողով: Ադրբեջանն ու Հայաստանը կրթության, գիտության եւ մշակույթի հարցերով Միավորված ազգերի կազմակերպության գործակալությանը (ՅՈՒՆԵՍԿՕ) հրավիրում են աջակցություն ցուցաբերել այս  հարցում:

հոդված 16

Ադրբեջանը երաշխավորում է Հայաստանի իրավունքը՝ գոյություն ունեցող ճանապարհային եւ երկաթուղային միջանցքների միջոցով պահպանելու տրանսպորտային եւ առեւտրային կապերը Իրանի Իսլամական Հանրապետության հետ, ինչպես նաեւ ապագայում ապրանքների ու սպասարկումների տարանցման համար հաղորդակցության նոր ենթակառուցվածքների ստեղծման իրավունքը: Այդ գործունեությունը կարգավորվում է Ադրբեջանի Հանրապետության ընդհանուր մաքսային եւ տրանսպորտային օրենքներով ու դրույթներով:

հոդված 17

Ադրբեջանն ու Հայաստանը իրար հետ հարաբերություններ կպահպանեն Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության մեջ, Հելսինկիի եզրափակիչ ակտում շարադրված սկզբունքներին եւ միջազգային իրավունքի մյուս համապատասխան դրույթներին համապատասխան: Մասնավորապես, նրանք համաձայնում են լիովին հարգել միմյանց ինքնիշխան իրավահավասարությունը, վեճերը կարգավորել խաղաղ միջոցներով եւ ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից, որոնք սպառնալիքի միջոցով, ուժի կիրառմամբ կամ որեւէ այլ եղանակով ուղղված կլինեն մյուս պետության տարածքային ամբողջականության կամ նրա քաղաքական անկախության դեմ:

հոդված 18

Սույն Համաձայնագիրը ուժի մեջ է մտնում երկու երկրներում հանրաքվեների միջոցով դրա ընդունումից հետո: Ադրբեջանն ու Հայաստանը մինչեւ այդպիսի հանրաքվեների անցկացումը ժամանակին կձեռնարկեն բոլոր անհրաժեշտ քայլերը՝ իրենց սահմանադրություններին ու օրենքներին  համապատասխան, նպատակ ունենալով ապահովել այդ կերպ սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելը: Յուրաքանչյուր կողմը մյուս կողմին կիրազեկի այն մասին, որ այդ քայլերը ձեռնարկված են: Հանրաքվեներն անցկացվում են միաժամանակ: Ադրբեջանն ու Հայաստանը ԵԱՀԿ-ին կխնդրեն միջազգային այլ կազմակերպությունների համագործակցությամբ դիտորդական հսկողություն իրականացնել այդ հանրաքվեների նախապատրաստման եւ անցկացման նկատմամբ: 

Կնքված է------------ում 1999 թ.------- --- ------ին երկու օրինակից, ընդ որում՝ օրինակները համազոր են:

Ադրբեջանի Հանրապետության կողմից------------

Հայաստանի Հանրապետության կողմից------------

ԴԵԿԼԱՐԱՑԻԱ

ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԼՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Մենք՝ ներքոստորագրյալներս, որպես սույն համաձայնության վկաներ հայտարարում ենք Ադրբեջանի եւ Հայաստանի համարձակ ջանքներին մեր լիակատար աջակցության մասին, որոնք շարադրված են սույն Համաձայնագրում, ինչպես նաեւ մեր մտադրության մասին՝ եռանդուն ջանքեր գործադրելու դրա դրույթների ու արարողակարգերի պահպանումն ու կատարումը ապահովելու համար: Մենք ԵԱՀԿ-ին եւ Բարձր մակարդակի պլանավորման խմբին կոչ ենք անում անհապաղ ստեղծել նպատակային խումբ՝ միջազգային դիտորդական առաքելության խնդիրներն ու պարտականությունները սահմանելու համար: Այդ նպատակային խումբը  նոր Զինվորական հանձնաժողովի շրջանակներում Ադրբեջանի ու Հայաստանի հետ  համատեղ կզբաղվի իրենց հայրենիք զորքերի վերադարձի հարցերի մանրամասն մշակմամբ՝ անհրաժեշտության դեպքում ներառելով զինվորական տեսակետից  պայմանավորված անցումային բուֆերային գոտիների ստեղծման հարցը, որոնք գոյություն կունենան սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու պահից վաթսունօրյա ժամանակահատվածի ընթացքում, ինչպես նաեւ այն լրանալուց հետո: Նպատակային խումբը նաեւ ջանքեր կգործադրի երկու պետությունների միջեւ եւ ամբողջ տարածաշրջանում թափանցիկության ու վստահության ամրապնդմանը նպատակամղված՝ անվտանգության ոլորտի համագործակցության նոր ձեւերի առաջքաշման ուղղությամբ եւ կնպաստի ականազերծման միջոցառումների կոորդինացմանը:

Մենք հավաստում ենք մեր պարտավորությունը՝  միջազգային ջանքեր գործադրելու տարածաշրջանի տնտեսական վերականգնմանը անհրաժեշտ աջակցություն ապահովելու նպատակով: Դա կներառի  աշխատանքը միջազգային առաջատար  ֆինանսական հաստատությունների, Միավորված ազգերի կազմակերպության ու նրա մասնագիտացված հիմնարկությունների եւ ոչ կառավարական կազմակերպությունների հետ: Այս կապակցությամբ սույն Համաձայնագիրը ուժի մեջ մտնելուց անմիջապես հետո մենք կապահովենք դոնորների միջազգային խոշոր  խորհրդաժողովի անցկացումը:

Մենք հայտարարում ենք, որ սույն Համաձայնագրի պայմանները, մասնավորապես  միջազգային նոր  սահմանները խախտող ամեն մի գործողություն կդիտարկվի որպես պոտենցիալ սպառնալիք  միջազգային անվտանգությանն ու կայունությանը: Նման գործողությունների դեպքում մենք անհապաղ  քննության կառնենք դրանց էությունը եւ անհրաժեշտ վերաբերմունքը, ներառյալ հնարավոր դիմումը Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդին եւ պատժամիջոցների ու լրացուցիչ  քայլերի  մասին հարցի քննարկումը՝ նպատակ ունենալով հասնել սույն Համաձայնագրի դրույթների կատարմանը:

Սույն Համաձայնագրի ստորագրումից հետո  ԵԱՀԿ գործող  նախագահը կհիմնի նոր մշտական մարմին, որի կազմի մեջ կմտնեն ներկայումս Մինսկի խմբի համանախագահներ հանդիսացող պետությունների ներկայացուցիչները եւ գործող նախագահի ներկայացուցիչը՝  սույն Համաձայնագրի իրականացման մոնիտորինգի եւ դրա իրագործումն արագացնելու եւ ամրապնդելու միջոցառումների քննարկման նպատակով: Այդ մարմինը իր խորհրդակցությունները կանցկացնի ըստ անհրաժեշտության, բայց ոչ պակաս, քան տարին մեկ անգամ: 

Եվ, վերջապես, մենք ԵԱՀԿ-ին  ու Միավորված ազգերի  կազմակերպության անվտանգության խորհրդին հրավիրում ենք ընդունելու բոլոր համապատասխան բանաձեւերը, որոնք կարող են օգտակար լինել այս պատմական հաշտության համաձայնության արագ ու արդյունավետ իրականացումն ապահովելու համար:

Ռուսաստանի Դաշնության կողմից

Ֆրանսիայի կողմից

ԵԱՀԿ գործող նախագահի կողմից

Թուրքիայի Հանրապետության կողմից

Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից

Եվրոպական միության կողմից 

Հ.Գ. Այս փաստաթղթի հրապարակումից հետո, 2008-ի փետրվարի 14-ի համարում հրապարակվել է նաեւ 1999-ին Պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Վաղարշակ Հարությունյանի հարցազրույցը, որում նա ասել է.

«Ես որպես պաշտպանության նախարար այդ փաստաթղթի քննարկումներին մասնակցել եմ: Առաջին անգամ Մեղրին հանձնելու տարբերակի մասին ինձ ասել է Վազգեն Սարգսյանը: Դրանից հետո Սադարակում Ալիեւ-Քոչարյան եւ Աբիեւի ու իմ հանդիպման ժամանակ այդ մասին խոսել է Ադրբեջանի պաշտպանության նախարարը: Այնուհետեւ Ռոբերտ Քոչարյանն է այդ տարբերակն ինձ ներկայացրել եւ ասել է, որ դա լավ լուծում է: Դրանից հետո ես հանդիպել եմ Մինսկի խմբի համանախահների հետ, որտեղ քննարկվել են այն մոտեցումները, որոնք ներկայացված են այդ փաստաթղթում եւ գրված են ձեր թերթում: Մեղրի հանձնման փաստաթուղթը գործել է մինչեւ ինձ եւ Արամ Սարգսյանին (նախկին վարչապետ-խմբ.) պաշտոնանկ անելը»:

ՄԵՂՐԻ.jpg (154 KB)

Տպել
27310 դիտում

Առաջին ձյունը նախընտրական շահարկումների պատճա՞ռ, գործ ունենք նախընտրական քաղաքական սաբոտաժի հետ․ Վանիկ Օհանյան

Միգուցե շատերի համար ես բնավ էլ համարձակ կին չեմ, որովհետեւ իրենց մտքի թռիչքն այլ բան է ուզում. Լուիզա Ներսիսյան

Ստեփանավանի մշակույթի պալատն այսօրվանից կկրի Սոս Սարգսյանի անունը․ Արփի Դավոյան

Ուժի կիրառումը երբեք խաղաղության հասնելու ճանապարհ չի եղել․ Միրզոյանը ելույթ է ունեցել ԱՀԿ նախարարական 28-րդ համաժողովին

Հայաստանի և Էստոնիայի ԱԳ նախարարները անդրադարձել են տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի

Սերգեյ Լավրովն ու Մևլութ Չավուշօղլուն քննարկել են Անդրկովկասում իրավիճակի կայունացման հարցը

Ավտոմեքենան մոտ 8 մ բարձրությունից ընկել է Աղստև գետը․ ուղեւորները հոսպիտալացվել են

Մհեր Գրիգորյանը Մոսկվայում մասնակցել է Երկրորդ եվրասիական համագումարին

ՊՆ վարչական համալիրում ստորագրվել է 2022թ. Հայաստանի և Լիտվայի միջև երկկողմ ռազմական համագործակցության ծրագիրը

Ոստիկանների արարքները պաշտոնեական լիազորություններն անցնելու հանցակազմ չեն պարունակել, վարույթը կարճվել է

Պապիկյանը ԱՄՆ դեսպանին է ներկայացրել է սահմանագոտում առկա իրավիճակը և խնդիրների կարգավորման հայկական կողմի մոտեցումները

Հաագայում տարածվել է ՀՀ հայտարարությունը՝ Արցախում Ադրբեջանի կիրառած քիմիական տարրեր պարունակող զենքի վերաբերյալ. ԱԳՆ

Միրզոյանը Բլինքենին է ներկայացրել ՀՀ ինքնիշխան տարածք ադրբեջանական զինուժի ներթափանցման հետևանքով ստեղծված իրավիճակը

Տեղի են ունեցել «ԵՄ-ն՝ հանուն երիտասարդության» ծրագրի գործողությունների ներկա իրավիճակը և 2022-ի պլանները քննարկում

Կոդավորված դաջվածքի բանալի բառը գտնելով՝ հնարավոր էր կարդալ կնոջ անունը. զոհված հետախույզի կինը գիրք է գրել նրա մասին

Հայաստան կժամանի ՌԴ ԱԻՆ պատվիրակությունը. կանցկացվի Միջազգային գիտաժողով երկրաշարժի 33-րդ տարելիցի կապակցությամբ

Սյունիքի մարզի Սիսիան-Գորիս ավտոճանապարհին մառախուղ է

Փոփոխություն Վանաձորից դեպի Վրաստան և հետադարձ ուղղությամբ երթևեկության սխեմայում

Արարատ Միրզոյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ

Մհեր Գրիգորյանը Մոսկվայում մասնակցել է ԵԱՏՀ խորհրդի նիստին

ՍԱՏՄ-ն ստուգայցեր է իրականացրել Կենտրոն վարչական շրջանի իրացման ցանցում և հանրային սննդի օբյեկտներում

Դոլարն ու եվրոն շարունակում են թանկանալ․ Կենտրոնական բանկը սահմանել է նոր փոխարժեքներ

Արարատի բնակիչը «Ալեն Սիմոնյանի», «Հայկ Սարգսյանի», «Սասի Արտակի» և այլ անուններով սոցցանցերում գրանցել է կեղծ էջեր․ ՔԿ

Քարաթափում է տեղի ունեցել Եղեգնաձոր-Գետափ ավտոճանապարհին

Ճապոնիայի դեսպանատան աջակցությամբ Արմավիրում կբարելավվի կոշտ թափոնների կառավարման համակարգը

«Քովիդ-19»-ի դեմ պատվաստվելուց 7 օր անց անձը կարող է դառնալ արյան դոնոր

ՀԱՊԿ-ում նախագահող Հայաստանի ԱԳ նախարարի համակարգմամբ տեղի է ունեցել անդամ պետությունների ԱԳ նախարարների հանդիպումը

ՀՀ Էկոնոմիկայի նախարարության աջակցությամբ Արաբական Միացյալ Էմիրություններում կկազմակերպվի SSSholidays միջոցառումը

Սահմանվել են հունվարին անցկացվելիք պետական ավարտական քննությունների ժամկետները

Վարչապետի մոտ քննարկվել են քաղաքաշինության ոլորտի խոշորամասշտաբ ներդրումային ծրագրերի առաջարկներ (լուսանկարներ)

Ավարտվել է Ստեփանավանի թիվ 2 դպրոցի տնօրենի և աշխատակիցների կողմից կատարված չարաշահումների գործի նախաքննությունը. ՔԿ

Հեռուստատեսության զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար պարգևատրվել են Հանրայինի աշխատակիցները

Սյունիքում բացվել է առաջին մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիայի բաժանմունքը (լուսանկարներ)

Պարեկներն ուժեղացված ծառայություն են իրականացրել Երևանում (տեսանյութ)

«Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանը կաշխատի ձմեռային ռեժիմով

Երևանի քաղաքապետարանի որոշմամբ՝ Հանրապետության հրապարակի տոնածառը կտեղադրվի

Հաշվեքննիչ պալատի անդամի թափուր տեղի համար «Քաղաքացիական պայմանագիր»-ն առաջադրել է Եղիշե Սողոմոնյանի թեկնածությունը

Սոցիալապես անապահով ընտանիքները քովիդի դեմ կշարունակեն բուժվել պետության հաշվին. նախարար

Կարմիր շուկայի դիրքերից ադրբեջանական կողմը կրակահերթեր է արձակել. Արցախի ՄԻՊ

ԱԺ-ն այս տարի բյուջե է վերադարձնելու մոտ 600 մլն դրամ, դրա մասին ո՛չ խոսում են, ո՛չ գրում. Սիմոնյանը՝ BMW-ի գնման մասին