Սեւանում 3800 ապօրինի շենք-շինություն կքանդվի. Ռոմանոս Պետրոսյան

Սեւանա լճի ափամերձ հատվածներում ապօրինի շենք-շինությունների ապամոնտաժումը գործնական փուլում է։ Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը երեկ «Հայկական ժամանակ»-ի հայտնել է, որ 10 օրից մրցույթ կհայտարարվի:

Հաղթողին, ըստ նախարարի՝ պետությունը կպատվիրի 32 համայնքային եւ պետական սեփականության շենք-շինությունների քանդման աշխատանքներ, որոնք գտնվում են թույլատրելի կառուցապատման 1905 մետր նիշից ցածր: Այդ շենք-շինությունների մեջ հիմնականում ներառված են պոմպակայաններ, ինչպես նաեւ Նկարիչների միության Սեւանի հանգստյան տան մի մասնաշենքը: Պետրոսյանն ասաց, որ առնվազն 1.5-2 ամսից դրանց քանդման աշխատանքները պաշտոնապես կմեկնարկեն:

Նշենք, որ Սեւանա լճի բնության հատուկ պահպանվող՝ ափամերձ տարածքներում՝ թույլատրելի կառուցապատման 1905 մետր նիշից ցածր հատվածներում կառուցված ապօրինի ընդհանուր 3800 շենք-շինություններ ենթակա են ապամոնտաժման եւ քանդման։

Մեր տեղեկություններով, այդ 3800 շենք-շինությունների մեջ ներառված են նաեւ մի շարք նախկին եւ ներկա պաշտոնյաների՝ մասնավորապես՝ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի, ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի առանձնատների վերոնշյալ նիշը գերազանցող հատվածը:  

Ռոմանոս Պետրոսյանն ընդգծեց՝ Կառավարությունը ցանկանում է կարգի բերել Սեւանա լճի առափնյա շրջանների քաղաքաշինական եւ հողաշինական անընդունելի իրավիճակը: Նա հավելեց, որ Սեւանա լիճը բնության եւ Աստծո կողմից տրված պարգեւ է ժողովրդին ու պետությանը եւ բնա՛վ արժանի չէ այն վիճակին, որում այսօր գտնվում է:

Ռոմանոս Պետրոսյանի հետ մեր զրույցը ստորեւ.

- Պարո՛ն Պետրոսյան, այս պահին ի՞նչ փուլում է ափամերձ տարածքներում թույլատրելի կառուցապատման նիշից ցածր հատվածներում կառուցված 3800 ապօրինի շենք-շինության քանդման եւ ապամոնտաժման աշխատանքները

- Այս պահին Սեւանա լճի առափնյա ողջ հատվածում գույքագրում ենք անում 3 կատեգորիայի՝ շենք-շինություն, տաղավարներ՝ դասակարգելու, թվերը հստակեցնելու համար եւ ապա նաեւ դրանք քանդելու, ապամոնտաժելու կամ 1905 մետր նիշից բարձր դեպքերում օրինականացնելու նպատակով:

Առաջին կատեգորիան այն է, որ 1905 նիշից ցածր է եւ գտնվում է «Սեւան» ազգային պարկի հողատարածքների վրա առանց որեւէ իրավական կարգավիճակի: Այսինքն՝ նույնիսկ կառուցապատման եւ վարձակալության պայմանագրեր չունեն: Այդ շենք-շինությունների, տաղավարների քանդման եւ ապամոնտաժման աշխատանքները այս պահին ընթանում են: Արդեն 4-5 այդպիսի շենք-շինություններ քանդվել են. խոսքը թեթեւ կոնստրուկցիաների մասին է: Իմ տվյալներով՝այդպիսի միջին չափի եւ ավելի մեծ շինությունները 130-ն են: Մանրերը տասնյակներով են, եթե ոչ 100-ն անց եւ հընթացս քանդվում են:

Երկրորդ կատեգորիան այն շենք-շինություններն են, որոնք գտնվում են առափնյա գոտում, բայց իրենց կառուցապատման եւ վարձակալության պայմանագրերը կա՛մ պետական գրանցում չունեն, կա՛մ դրանց ժամկետներն արդեն ավարտվել են: Այդպիսիք քանդվելու են ծանուցումներից հետո. արդեն իսկ դրանց ծանուցումները սկսվել են: Հընթացս դարձյալ գույքագրվում են այն շինությունները, որոնք գուցե դեռ հաշվառված չեն:

Երրորդ կատեգորիան նրանք են, որոնք որ ունեն կառուցապատման իրավունքներ, վարձակալության իրավունքներ, պետական գրանցում են ստացել, բայց առանց շինթույլտվության, առանց ՇՄԱԳ-ի դարձյալ կառուցապատել եւ հագեցրել են իրենց տնօրինման տակ գտնվող տարածքները: Դա եվս ենթակա է ծանուցման՝ իրավական գործընթացների, որից հետո դարձյալ ձեռնամուխ կլինենք դրանք միջնաժամկետ պլանում քանդելու եւ ազատելու այդ ափերը նման կառուցապատումներից:

Նաեւ ուզում եմ շեշտել, որ այս պահին «Սեւան» ազգային պարկի տեխնիկական հնարավորությունները շատ-շատ սուղ են: Այս պահին 150 աշխատող ունեցող «Սեւան» ազգային պարկը նույնիսկ 1 գործունակ մեխանիզացիա չունի՝ տրակտորների կամ բեռնատարների տեսքով՝ այդ աշխատանքներն իրականացնելու համար. ստիպված պետք է վարձակալեն դրանք: Այժմ՝ ես մյուս տարվա մեր պետական բյուջեի նախագծի արդեն նախնական ներկայացված հայտերի փոփոխության գործընթաց եմ սկսել նախարարությունում եւ ցանկանում եմ Կառավարությանն ու Ազգային ժողովին ներկայացնել նախագիծ, որով «Սեւան» ազգային պարկի տարածքների մաքրման աշխատանքներին հատկացվող հաջորդ տարվա 204 մլն դրամը վերաբաշխվի ու այդ գումարով ուղղակիորեն ֆինանսավորվի «Սեւան» ազգային պարկը: Դրա միջոցով մենք կմեծացնենք պարկի կարողությունները՝ ձեռք բերելով համապատասխան տեխնիկա՝ մրցութային գնով, ինչպես սահմանված է օրենքով: 

- Չկա՞ն արդյոք կառուցապատման նիշից ցածր, սակայն օրինական շինություններ:

- 2008 թ. եղել է Կառավարության որոշում, որտեղ հստակ նշված է, որ 2008-ից հետո պետք է «Սեւան» ազգային պարկի տարածքներում կառուցապատման եւ վարձակալության իրավունքները տրվեն ոչ ավելի, քան 3 տարով: Ահա այս պարագայում ունենք խնդիրներ, երբ այդ ժամկետները խախտվել են եւ ավելի մեծ ժամկետներով են տրամադրվել ու հետագայում արդեն այդտեղի կառուցապատումները օրինականացվել եւ սեփականության վկայական են ձեռք բերել: Այսինքն խնդիրը պետության կողմից ճանաչված սեփականության վկայականների առկայությունն է սեփականատերերի ձեռքին: Քանի որ սեփականության իրավունքը երաշխավորված է նաեւ Սահմանադրությամբ, այստեղ արդեն իրավական գործընթացների խիստ կարիք կա: Այսինքն՝ «օրինական են» ասելը, կարծում եմ, այդքան էլ տեղին չէ, քանի որ կարգավորում կա, համաձայն որի՝ չպետք է այդպես լիներ: Բայց նաեւ ունենք փաստ, որ այո՛, կան շենք-շինություններ՝ այդ թվում նաեւ առանձնատներ այդ գոտում, որոնք ունեն սեփականության վկայական: Բայց բոլոր պարագաներում 1905 նիշից ներքեւ բոլոր շենք-շինությունները միանշանակորեն ենթակա են քանդման:

- Կլինե՞ն դեպքեր, որ շինությունների տերերը փոխհատուցում կստանան:

- Չեմ կարող այս պահին այդ մասին խոսել, քանի որ դեռեւս գույքագրման եւ ուսումնասիրության փուլում ենք:

- Նախկինում մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ հասցրել են  առանձնատներ կառուցել, կխնդրեի հանրությանը հայտնի մարդկանց անուններ նշեք, որոնց շինությունները ենթակա են քանդման:

- Ես ավելի շատ անուններ չեմ հնչեցնի, այլ կհնչեցնեմ նիշը՝ 1905 մետրից ներքեւ բոլոր շենք-շինությունները ենթակա են անխտիր քանդման եւ ապամոնտաժման՝ անկախ նրանից, թե ով է դրա սեփականատերը:

- Եթե սովորական քաղաքացին այդ ապօրինի շինությունը գնել է՝ առանց պատկերացնելու, որ դրանք հետագայում կարող են քանդվել, ի՞նչ է լինելու այս պարագայում:

- Եթե բարեխիղճ գնորդի նորմը կա, ապա պետք է հասկանանք ինչ մեխանիզմներով են դրանք քանդվում: Այստեղ շատ կարեւոր է նաեւ դրա սկզբնաղբյուրը, թե երբ է սեփականության իրավունքը գրանցվել եւ այդ սեփականության իրավունքը գրանցելու պահին առաջնային տիրապետողը ինչ իրավունքներ է ունեցել: Կարող եմ պարզապես կանխատեսել, որ այդպիսի դեպքեր շատ քիչ են լինելու: Բոլոր պարագաներում թեեւ գործում է բարեխիղճ գնորդի նորմը, բայց եթե սկզբնաղբյուրի սեփականության իրավունքը տրամադրելու հիմքերը ապօրինի եղան, ապա այս դեպքում քրեաիրավական պատասխանատվության որոշակի գործընթացներ կկիրառվեն առաջնային տիրապետողի նկատմամբ:

- Գաղտնիք չէ նաեւ, որ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն իր տան տարածքում եկեղեցի է կառուցել, դա է՞լ է քանդվելու:

- Իմ տվյալներով, սեփականության այդ հատվածի առափնյա մասն է 1905 մետր նիշից ցածր, ու այդ մի հատվածը անպայմանորեն ենթակա է քանդման: Եթե չեմ սխալվում տիրապետողն ինքն է անձամբ հանրային խոսքում նշել, որ պատրաստակամ է կարգավորումներին համապատասխան իրականացնել այդ աշխատանքը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
11740 դիտում

Մեծ Բրիտանիան ուրախ է աջակցել Հայաստանի հետ ռազմավարական գործընկերության իրականացմանը․ Քոուլ

Նեթանյահու-Թրամփ հեռախոսազրույց է տեղի ունեցել

Ընտրվել եմ ՔՊ խմբակցության ղեկավարի թեկնածու, շնորհակալ եմ վստահության համար․ առջևում պատասխանատու գործ ունենք

Ուժեղ տեղատարափ անձրև Գյումրիում. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Սեղանի թենիս ԳՇ պետի հետ՝ նորակառույց մասնաշենքում․ Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

Թեհրանի օդային տարածքը հուլիսի 6-ին ամբողջությամբ կփակվի՝ Ալի Խամենեիի հուղարկավորության թափորի համար

ԵՄ-ն 450-միլիոնանոց շուկայի դռներն է բացում ՀՀ-ի առաջ. ՌԴ-ն մեզ ընկալում է որպես իր ազդեցության գոտի

Դավիթ Խուդաթյանը մասնակցել է ՀՀ համայնքների միության ժողովին, անդրադարձել առաջիկա ՏԻՄ ընտրություններին

Սյունիքի մարզպետը կմեկնի արձակուրդ․ ով կփոխարինի Ռոբերտ Ղուկասյանին

Անահիտ Մանասյանն այցելել է Խարբերդի մասնագիտացված մանկատուն, ուսումնասիրել շենքային պայմանները

Սահմանադրական դատարանը հուլիսի 4-ին կհրապարակի ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ որոշումը

Հաստատվել են 2026 թվականի 3-րդ՝ լրացուցիչ փուլի միասնական քննությունների օրերը

Ջրային պարեկներն ու փրկարարներն հանրային լողափերում անցել են ուժեղացված ծառայության

ՀԱՊԿ-ը ՀՀ-ին կհեռացնի իր շարքերից. ՌԴ-ն արդեն որոշել է, որ մենք իր համար թշնամի ենք. Քոչինյան

Դպրոցների ենթակայության փոփոխության մասին քննարկումներ են տեղի ունեցել Վայոց ձորի և Սյունիքի մարզերում

Ավարտվել է ՇՄ նախարար Համբարձում Մաթևոսյանի աշխատանքային այցը Կորեա

ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները

Վանաձորի գազալցակայաններից մեկում պայթյուն է եղել․ կա տուժած

Սևանի գերեզմանատանը մեքենայում երիտասարդ տղայի դի է հայտնաբերվել

Դավիթ Խուդաթյանը մասնակցել է Չարենցավանի «Ծիծեռնակ» մանկապարտեզի հիմնանորոգված մասնաշենքի բացմանը

Մեռելոց օրերը լինելու են աշխատանքային․ պարզաբանում

«ԱԼԵՔՍ 33» ՍՊԸ-ն թերլիցքավորման համար տուգանվել է

Հայաստանն առաջին անգամ կընդունի բասկետբոլի Եվրոպայի մինչև 16 տարեկանների C դիվիզիոնի առաջնությունը

Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով․ առանձին հատվածներում հորդառատ անձրևներ կլինեն

Լավագույն պայմաններ մեր զինծառայողների համար․ Պապիկյանը լուսանկարներ է հրապարակել

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 3-ին

Վարչապետը մասնակցել է Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությանը

Համաձայնագիրը կնպաստի Հայաստան-Ղազախստան երկկողմ քաղաքական երկխոսությանը և համագործակցության խորացմանը

Սպանվելուց 4 ամիս անց կհուղարկավորեն Ալի Խամենեիին. որտեղ և ինչպես է պահպանվել մարմինը, ովքեր են մեկնել Իրան

Աննա Հակոբյանն ու «Libra Group»-ի գործադիր նախագահը քննարկել են համագործակցության հնարավորությունները

Մեռելոցի օրերը կմնան աշխատանքային. տոնացույցում ավելացել են Մաշտոցի օրը, Նավասարդն ու մարզերի օրերը

ԱԺ պատգամավորների երդման տեքստը փոխվեց. նոր խորհրդարանում այլ տողերով կերդվեն

ՀՀ բոլոր բնակավայրերի մուտքի մոտ Հայաստանի դրոշներ կտեղադրվեն

ՎԶԵԲ-ը Հայաստանում տեղաբաշխում է 5 մլրդ դրամի լողացող արժեկտրոնով պարտատոմսեր

Դե ինչ, պատմություն կերտեցինք միասին. Ալեն Սիմոնյանի վերջին ելույթը ԱԺ նախագահի պաշտոնում

ԱԺ-ն ընդունել է ՀՀ-ից տևական ժամանակ բացակայած քաղաքացիների ընտրական իրավունքը սահմանափակող օրինագիծը

Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 2595-ի. հայտնի է ավելի քան 12 հազար տուժածի մասին

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 14 վագոն ցորեն

Հիմա պատեհ չէ, ժամանակը չէ. Ռուբինյանը՝ ԱԺ աշխատակազմում փոփոխություններ անելու մասին

Ես Թուրքիայում համալսարան չեմ գնացել, թուրքական դիպլոմ չունեմ, չկա մարդ, որ ինձ այնտեղ դաս է տվել. Ռուբինյան