Երևան
12 °C
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում այսօր կայացավ Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի եւ նրա սանիկ Նորայր Փանոսյանի գործով երկրորդ դատական նիստը: Նշենք, որ սա գործով երկրորդ նիստն էր. նախորդ նիստը թեեւ ֆորմալ առումով կայացել էր, սակայն դատավարական գործընթացը չէր սկսվել, քանի որ համավարակի պատճառով Փանոսյանը չէր ներկայացել դատարան:
Հրայր Թովմասյանն ու Նորայր Փանոսյանը, հիշեցնենք, մեղադրվում են ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով՝ անզգուշությամբ ծանր հետեւանքներ առաջացնելով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար: Խոսքը վերաբերում է այն ժամանակաշրջանին, երբ Թովմասյանը եղել է արդարադատության նախարար, իսկ Փանոսյանը՝ արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության պետ: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված երկրից չհեռանալու մասին ստորագրությունը:
Այսօրվա նիստի սկզբում նախագահող դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը հետաքրքրվեց, թե դատավարության կողմերն ինչ դիրքորոշում ունեն դատական նիստերը լրագրողների կողմից տեսա եւ լուսանկարահանելու վերաբերյալ: Մեղադրող դատախազ Արսեն Մարգարյանը որեւէ առարկություն չուներ, մինչդեռ պաշտպանական կողմն ամբողջովին առարկեց:
Մասնավորապես՝ Հրայր Թովմասյանի պաշտպան Միհրան Պողոսյանը կարծիք հայտնեց, որ ՍԴ ցանկացած դատավորի վերաբերյալ քրեական վարույթում պետք է հնարավորինս ապահովվի գաղտնիություն, եւ դա արվի այնպես, որ այդ պրոցեսի լուսաբանումը որեւիցե կերպ դատական իշխանության անկախությունը կասկածի տակ չդնի. «Մենք այդ մասին սույն գործի նախաքննության ընթացքում քննիչին հայտնել ենք, սակայն քննիչը դատախազի լուռ համաձայնությամբ թույլ է տվել, որ այդ նորմը խախտվի, եւ մենք չենք ուզում, որ նույնը դատարանում լինի»,- ասաց պաշտպանը:
Դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը պաշտպանին տեղեկացրեց, որ բոլոր դեպքերում լրագրողները իրավունք են ունենալու դռնբաց դատական նիստը լուսաբանել գրավոր տարբերակով, եւ հարցրեց՝ արդյո՞ք այս դեպքում նա նույն այդ գաղտնիության խնդիրը չի տեսնում, ինչին պաշտպանը պատասխանեց, որ իրենց առարկությունը տեսա եւ լուսանկարահանման դեմ է. «Իսկ լուսաբանումն արդեն լրագրողները ըստ իրենց բարեխղճության են իրականացնում, եւ հանրությունը տեսնում է, թե ով ինչպես, ինչ ծավալի տեղեկատվություն է տարածում»,- ասաց Միհրան Պողոսյանը:
Ամբաստանյալ Հրայր Թովմասյանը միացավ տեսա եւ լուսանկարահանման դեմ առարկությանը՝ հայտարարություն անելով. «Եթե նիստը տեսաձայնագրվի, ապա ես ամբողջ նիստի ընթացքում չեմ նստելու ամբաստանյալի տեղում, եւ կանգնած եմ մնալու, որովհետեւ այս պրոցեսները, որ սկսվել են, ունեն թաքնված այլ նպատակներ՝ ինձ ցույց տալ այս աթոռին նստած»,- ասաց նա:
Դատավորը հետաքրքրվեց՝ արդյո՞ք Թովմասյանը խնդիր կտեսնի, եթե դատարանը լրագրողներին արգելի միայն իրեն տեսանկարահանելը, ինչին Թովմասյանը դրական պատասխանեց. «Ես խնդիր տեսնում եմ ընդհանրապես, հնարավոր չէ, չեք կարող որեւէ կերպ ապահովել, որ ամբողջ նիստը՝ իմ փաստաբանները, իրենց խոսքը նկարահանվի, իսկ ես՝ չէ… Դուք որոշեք, ես ուղղակի հայտարարում եմ, որ այդ դեպքում չեմ նստելու այստեղ»,- ասաց Թովմասյանը:
Լսելով կողմերի կարծիքները՝ դատարանը որոշեց լրագրողներին չթույլատրել իրականացնել տեսա եւ լուսանկարահանում՝ միաժամանակ տեղեկացնելով, որ կարող են նիստն անարգել լուսաբանել գրավոր տարբերակով, ինչով պայմանավորված էլ, ըստ դատավորի, գործի հրապարակայնության սկզբունքը չի խախտվի: Լրագրողներից մեկը դատարանին խնդրեց թույլատրել լուսանկարահանել գոնե մեղադրող դատախազին եւ դատավորին՝ հաշվի առնելով, որ անգամ գրավոր տարբերակով լուսաբանելիս լրագրողը նկարի անհրաժեշտություն է ունենում: Քանի որ մեղադրող դատախազը չառարկեց, դատավորը թույլատրեց նրան լուսանկարել, իսկ ինչ վերաբերում է իրեն, Տաթեւիկ Գրիգորյանն ասաց, որ լրագրողները կարող են այլ նիստերին արված լուսանկարներ գտնել:
Այնուհետեւ քննարկվեց դատավորի ինքնաբացարկի հարցը։ Կողմերը ինքնաբացարկի միջնորդություն չունեին, սակայն Թովմասյանի պաշտպան Միհրան Պողոսյանը դրա վերաբերյալ հայտարարություն արեց. «Ես, որպես Հրայր Թովմասյանի պաշտպան, կարծում էի, որ սույն գործը նախապատրաստելիս Դուք օբյեկտիվորեն բոլոր հնարավորությունները ունեցել եք քրեական գործի վարույթը կարճելու եւ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշում կայացնելու համար, եւ եթե չեք կայացրել, կա՛մ վերաբերմունքի հարցն է, կա՛մ Դուք անտեղյակ եք եղել այն հանգամանքներին, որոնք թույլ կտային նման որոշում կայացնել կամ առնվազն քննարկել դրա հնարավորությունը»,- ասաց նա՝ հավելելով, որ հետագայում քրեական գործին ծանոթանալով՝ ակնհայտ է դարձել, որ դատավորն այդ հնարավորությունը չի ունեցել. «Ինչպես վարույթն իրականացնող մարմինը, այնպես էլ դատախազները սույն գործում չեն ներառել այն փաստական տվյալները, որոնք դատարանին հնարավորություն կտային այդ որոշումը կայացնելու հնարավորությունը քննարկել, մասնավորապես, պարոն Թովմասյանի ՍԴ նախագահ հանդիսանալու վերաբերյալ որեւէ փաստաթուղթ քրեական գործում առկա չէ, ինչը Ձեզ զրկել է գործով ի սկզբանե անօրինական իրականացված գործընթացի վերաբերյալ վերջնական դատական ակտ կայացնելուց»,- դիմելով դատարանին՝ ասաց պաշտպանը եւ տեղեկացրեց, որ հենց դա հաշվի առնելով է, որ իրենք ինքնաբացարկի միջնորդություն չեն ներկայացնում. «Իմ գնահատմամբ՝ Ձեզ մոլորության մեջ են գցել, այլ ոչ թե Դուք եք դիտավորություն ցուցաբերել»,- նշեց նա:
Դատարանն այսօր նաեւ ճշտեց ամբաստանյալների ինքնությունը: Նորայր Փանոսյանը հայտնեց, որ ծնվել է Երեւանում, ազգությամբ հայ է, ՀՀ քաղաքացի, ունի բարձրագույն իրավաբանական կրթություն, իրավաբանական գիտությունների թեկնածու է, աշխատում է Փաստաբանների պալատում, ունի երեք երեխա, որոնցից մեկը՝ անչափահաս, նախկինում դատված չի եղել։ Դատավորի հարցին ի պատասխան՝ Փանոսյանը տեղեկացրեց նաեւ, որ քրոնիկ հիվանդություն ունի, ստացել է մեղադրական եզրակացությունը, իր իրավունքների եւ պարտականությունների վերաբերյալ հուշաթերթիկը: Հրայր Թովմասյանը նշեց, որ ծնվել է Արարատի մարզում, ազգությամբ հայ է, ՀՀ քաղաքացի. «Ունեք բարձրագույն կրթություն, ներկայում աշխատում եք Սահմանդրական դատարանում, նախկինում դատված չեք»,- շարունակեց դատավոր Տաթևիկ Գրիգորյանն ու Թովմասյանից հարցրեց՝ արդյո՞ք նա ֆիզիկապես առողջ է, ինչին Թովմասյանը դրական պատասխան տվեց։ Դատավորի մյուս հարցին ի պատասխան՝ Թովմասյանը նշեց, որ չի ստացել մեղադրական եզրակացության պատճենը եւ իր իրավունքների եւ պարտականությունների մասին հուշաթերթիկը. «Ցավոք, երկուսն էլ չեմ ստացել, մի դեպք է եղել, երբ փոստատարը ինչ-որ նյութ է բերել, բայց երեխաներն են տանը եղել, չեն վերցրել, աշխատանքի վայրում որեւէ այլ ծանուցում չեմ ստացել»:
Մեղադրող դատախազ Արսեն Մարգարյանը պարզաբանեց, որ իրենք դրանք ուղարկել էին, սակայն ծրարը վերադարձվել է. «Դրանից հետո պարոն Պողոսյանին հանդիպել եւ առաջարկել եմ՝ եթե անհրաժեշտություն կա, փոխանցեմ իրեն, ինքն էլ՝ Թովմասյանին, եթե հիշողությունս չի դավաճանում, Պողոսյանը նշեց, որ ինքն ունի, եւ այդ առումով որեէ խնդիր չկա»:
Միհրան Պողոսյանը, արձագանքելով դատախազի այս հայտարարությանը, ասաց, որ ինքը, այո՛, ունեցել է մեղադրական եզրակացությունը, բայց նշեց, որ իր համար հասկանալի չէ, թե ինչ նորմերով ինքը պետք է առաջնորդվեր դատախազության գործառույթը իրականացնելու եւ մեղադրական եզրակացությունը Հրայր Թովմասյանին հանձնելու համար. «Եթե անհրաժեշտություն կա, հիշեցնեմ, թե ինչպիսի ջանասիրությամբ էր քննիչը նախաքննության ընթացքում բաց ծրարներ ուղարկում Հրայր Թովմասյանի աշխատանքի վայր, աշխատակազմ, տան հասցեով կամ փողոցում հանձնում պարոն Թովմասյանին»։
Կողմերը մի քանի րոպե շարունակ քննարկեցին այս հարցը, բաց, ի վերջո, դատավորը դադարեցրեց քննարկումը՝ ասելով, որ փաստն այն է, որ ամբաստանյալը չի ստացել մեղադրական եզրակացությունը, իսկ կողմերի մասնավոր զրույցները դատարանի քննարկման առարկա չեն: Հաշվի առնելով, որ Քրեական դատավարության օրենսգրքի համաձայն՝ ամբաստանյալը պետք է մեղադրական եզրակացությունը ստացած լինի նիստից առնվազն երեք օր առաջ՝ Տաթեւիկ Գրիգորյանը որոշեց հետաձգել այսօրվա դատական նիստը: Հաջորդ նիստը նշանակվեց սեպտեմբերի 7-ին՝ ժամը 16:00-ին:
Ըստ մեղադրական եզրակացության՝ Թովմասյանն ու Փանոսյանը շահադիտական եւ անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ են օգտագործել եւ ԱՆ մի խումբ պաշտոնատար անձանց հետ հանցակցությամբ խոչընդոտել նոտարների կողմից իրենց գործունեության վայրի՝ Երեւանի Բաղրամյան պողոտայի 1-ին փակուղու 14-րդ շենքի 162-րդ հասցեում գտնվող տարածքի նկատմամբ անհատույց օգտագործման իրավունքն իրացնելու գործընթացին: Բացի այդ, նրանք մեղադրվում են նաեւ այն բանում, որ անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով՝ նախարարության մի խումբ պաշտոնատար անձանց հետ համակցությամբ հարկադրել են ՀՀ նոտարական պալատի նախագահին պալատի համար ակնհայտ ոչ ձեռնտու պայմաններով վարձակալել Երեւան քաղաքի Ալեք Մանուկյան 8/1 շենքի 1-ին հարկում գտնվող եւ արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանին փաստացի պատկանող անշարժ գույքը, որով էական վնաս է պատճառվել ՀՀ արդարադատության նախարարության եւ ՀՀ նոտարական պալատի օրինական շահերին, ինչպես նաեւ անզգուշությամբ առաջացրել է նոտարական պալատի համար գույքային վնասի տեսքով ծանր հետեւանքներ։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Քննարկվել է գործարար միջավայրի բարելավմանն ուղղված նախագիծ․ ՊԵԿ-ը փոփոխություններ է մշակել
Ֆրանսերենը միայն լեզու չէ․ այն նաև մշակույթների հանդիպման, երկխոսության, համերաշխության տարածք է․ ԿԳՄՍ նախարար
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ
Պակիստանը պատրաստակամություն է հայտնել հյուրընկալելու ԱՄՆ-ի և Իրանի բանակցությունները
«Քաղաքացիական պայմանագրի» ընտրական ցուցակի ձևավորման 2-րդ փուլի քվեարկությունը տեղի կունենա մարտի 27-ին, 28-ին
Կարապետյանը և մյուսները տիկնիկ են ՌԴ-ի ձեռքում. ուզում են մի ամբողջ պետություն էլ իրենց պես գերի տանեն
90 օրացուցային օր փակ կլինի Արաբկիր վարչական շրջանի Փափազյանից մինչև Վաղարշյան փողոցի խաչմերուկն ընկած հատվածը
Լիբանանի ԱԳՆ-ն «պերսոնա նոն գրատա» է հայտարարել Իրանի դեսպանին
Ախրանիկները զուգարանում ծեծել են ու սպանել մարդուն․ սա՞ է ուժեղության չափանիշը. Հասմիկ Հակոբյան. տեսանյութ
Վանաձոր-Ալավերդի ճանապարհի երկրորդ թունելում մեքենաներ են բախվել․ կա տուժած
Սնանկության ոլորտը կկարգավորվի. Կառավարությունը հանդես է եկել օրենսդրական առաջարկով
Մեր չընտրվելու դեպքում պատերազմ լինելը շանտաժ, ընտրական տրյուկ չէ, դրանում կա լուրջ ճշմարտություն
Իրանն ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածից հետո դադարեցրել է գազի մատակարարումը Թուրքիա
Արարատի մարզում կասեցվել է «Արտյոմ Խաչատրյան Վարազդատի» ԱՁ-ին պատկանող լցակայանի հեղուկ գազի վաճառքը
ՀՀ-ն հաստատակամորեն սատարել է համագործակցության միջոցով առողջապահական նպատակներին հասնելու միջազգային ջանքերը
Արուսյակ Ջուլհակյանը ընտրվել է ԳՐԵԿՈ-ում որպես ԵԽԽՎ ներկայացուցիչ
Դատախազությունը կքննարկի Սամսոնյանի խափանման միջոցը փոխելու՝ դատարանի որոշումը բողոքարկելու հարցը
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի նիստը
Կտրամադրվեն վարկային միջոցներ «Երևանի մաքսային և լոգիստիկ կենտրոն» ծրագրի իրականացման համար
Քննարկվել է կանանց իրավունքների պաշտպանության և տնտեսական հզորացման ուղղություններով համագործակցության ընթացքը
Փոփոխություններ են նախատեսվում «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում
ՆԳՆ պաշտոնական կայքերում հրապարակվել են ԱԺ ընտրություններին վերաբերող կարևոր տեղեկատվությունները
Հայաստանից ԱՄԷ արտահանվող 270 ապրանքներից 217-ի համար կսահմանվի մուտքի արտոնյալ ռեժիմ․ Պապոյան․ տեսանյութ
Գազամատակարարման դադարեցումներ կլինեն Երևանում․ հասցեներ
Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 24-ին
Գորիսի թիվ 4 մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է
Իրանը նոր հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ
Ապարանի համայնքային ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպքեր են բացահայտել
Չմոռանալ, թե ինչ ունեինք. Հարությունյանը նոր լուսանկարներ է հրապարակել
Նարեկ Սամսոնյանի տնային կալանքը փոխարինվել է վարչական հսկողության՝ հրապարակային խոսքի արգելքի պայմանով
Երկրաշարժ Հայաստանի տարածքում
ԱՍՀ նախարարությունը ներկայացրել է պարզաբանումներ՝ սահմանամերձ և այլ բնակավայրերում բնակապահովման ծրագրի մասին
ՀՖՖ մրցավարներն ու տեսուչները ստացել են միջազգային նշանակումներ
Տեխասի նավթավերամշակման գործարանում պայթյուն է որոտացել. տեսանյութ
Ալեն Սիմոնյանը և Կորեայի դեսպանն անդրադարձել են միջխորհրդարանական կապերի զարգացմանը
Ավտովթար Փարպի գյուղի մոտ. մեքենան հրդեհվել է, կան տուժածներ
Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4, Լոռիում, Տավուշում և Սյունիքում՝ 5-7 աստիճանով․ տեղումներ կլինեն
Նախակրթարան հաճախելու հնարավորություն կունենան նաև 4 տարեկան երեխաները. ԿԳՄՍՆ-ն նոր նախագիծ է մշակել
Պաշտպանության նախարարությունում հավաք-խորհրդակցություն է տեղի ունեցել․ ինչ հարցեր են քննարկվել
Վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը Գառնիում գտնվող «գյուղատնտեսական» նշանակության հողամասի նկատմամբ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT