Պետք է հնարավորություն չտանք, որ հակառակորդը բաց տեղեր տեսնի. փորձագետը՝ թուրք-ադրբեջանական զորավարժությունների մասին

Այսօրվանից Նախիջեւանում սկսվում են թուրք-ադրբեջանական ցամաքային զորավարժությունները: Թուրքական զորքերը ցուցադրաբար Նախիջեւան են մտել նախօրեին երեկոյան:

Հայ-ադրբեջանական սահմանին հուլիսյան լարվածության եւ Ադրբեջանի սադրիչ գործողություններին Թուրքիայի աջակցող հայտարարությունների ֆոնին այս զորավարժությունները հայ հանրության շրջանում որոշակի հիմնավոր անհանգստության պատճառ են հանդիսացել:

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը եւ զինված ուժերը ուշադիր հետեւելու են Ադրբեջանի եւ Թուրքիայի համատեղ  զորավարժությունների ընթացքին եւ միտումներին:

Թե այս զորավարժություններից որքան են անհանգստացել տարածաշրջանային գերտերությունները՝ դժվար է ասել: Համենայնդեպս փաստենք, որ վերջին կես ամսում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը երեկ երկրորդ անգամ է հեռախոսազրույց ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Առաջին զանգը հենց լարվածության օրերին էր՝ հուլիսի 13-ին: Երեկվա հեռախոսազրույցի ընթացքում, ըստ Կրեմլի տարածած հաղորդագրության՝ երկու երկրների ղեկավարները քննարկել են իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին:

Նույն հաղորդագրության համաձայն՝ Պուտինն ընդգծել է լարվածության աճին նպաստող որեւէ գործողություններ թույլ չտալու կարեւորությունը:

«Ցանկացած գործողություն, որին մասնակցում է Թուրքիան եւ որում ակտիվորեն քննարկվում է տարբեր հակամարտություններում Թուրքիայի  ներգրավվածությունը, այդտեղ ռիսկեր միշտ էլ պետք է տեսնել»,- ՀԺ-ի հետ զրույցում այդ մասին ասաց ռազմական փորձագետ Կարեն Վերանյանը՝ հավելելով, որ դրանից սակայն ոչ թե պետք է աղմուկ բարձրացնել, այլ պատրաստ լինել այդ ամենին հակահարված տալու:

- Պարոն Վերանյան, Թուրքիան ու Ադրբեջանը հուլիսի 29-ից համատեղ զորավարժություններ են անցկացնելու Նախիջեւանում: Սա իհարկե, աննախադեպ չէբայց հաշվի առնելով հայ-ադրբեջանական սահմանին վերջին լարվածությունը եւ մանավանդ Թուրքիայի ագրեսիվ հայտարարությունները՝ ըստ ձեզ ինչքանո՞վ են վտանգավոր այս զորավարժությունները:

 - Դուք ճիշտ նշեցիք, այդ զորավարժությունները պետք է դիտարկել վերջին շաբաթներին սահմանին Ադրբեջանի իրականացրած ռազմական գործողությունների ֆոնին: Այս զորավարժությունների անցկացմամբ Ադրբեջանն ու Թուրքիան ավելի շատ փորձում են տեղեկատվական-քարոզչական, ինչպես նաեւ հոգեբանական դաշտում ճնշում գործադրել  Հայաստանի իշխանությունների, հանրության վրա: Այն տեսանյութը,  որ համացանցում շատ արագ տարածվեց, թե ինչպես է թուրքական ռազմական տեխնիկան մտնում Նախիջեւան, ցույց տվեց, որ սա ավելի շատ դեմոնստրատիվ, քարոզչական նշանակություն ունեցող տեսանյութ էր: Մյուս կողմից Թուրքիան փորձում է պահպանել սահմանին ստեղծված լարվածությունը՝ շարժվելով առաջին հերթին Էրդողանի անձնական նեոօսմանյան հավակնություններով: Այն, որ Թուրքիան ուղղակի կամ անուղղակի կերպով ներգրավված է Հարավկովկասյան տարածաշրջանում տարբեր գործընթացներում, դա միանշանակ մարտահրավեր է Հայաստանի եւ Արցախի անվտանգության տեսանկյունից: Իհարկե չի բացառվում, որ Թուրքան փորձի սրել իրավիճակը այս զորավարժությունների ընթացքում եւ Ադրբեջանի ձեռքով ինչ-ինչ տեղային բախումների գնա, բայց մյուս կողմից էլ ասեմ, որ սա չպետք է լուրջ մտահոգության առիթ լինի հանրության շրջանում,  վախի մթնոլորտ ձեւավորվի, որովհետեւ այդ զորավարժությունները միշտ էլ լինում են: Հայկական կողմն էլ է նման զորավարժություններ անցկացնում: Վերջերս մենք էլ Ռուսասանի հետ համատեղ ՀՕՊ զորավարժություն անցկացրինք, դա նաեւ իր շղթայական ազդեցությունը թողեց Թուրքիայի վրա, որ իրենք եւս նախաձեռնեն: Այնպես որ մեծ աղմուկ պետք  չէ բարձրացնել սրանից, իհարկե զգոնությունը պահել պետք է: Պետք է պատրաստ լինել ցանկացած զարգացման:

- Ձեզ հայտնի՞ են ներգրավվող զորքերի, տեխնիկայի մասշտաբները. կա՞ն ինչ-որ աննախադեպ ցուցանիշներ:

-Չէ, ելնելով Թուրքիայի եւ Ադրբեջանի պաշտոնական հաղորդագրություններից, ինչպես նաեւ թուրքական եւ ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդագրություններից՝ կարող ենք ասել, որ աննախաեպ չեն: Բայց պետք է հաշվի առնենք, որ խոսքը լայնածավալ զորավարժության մասին է, որին ներգրավվելու են ցամաքային զորքերը, ՀՕՊ  համակարգերը, օդուժը: Ըստ իս ուշադրություն կդարձվի մասնավորապես անօդաչու թռչող սարքերի հետ կապված հարցերին: Կփորձեն շտկել վերջին օրերին իսրայելական արտադրության անօդաչուների խոցման առումով Ադրբեջանի կրած խայտառակ պարտությունը, նոր սցենարներ կիրառել՝ առաջին հերթին նաեւ «Բայրաքթար»  ԱԹՍ-ների կիրառման միջոցով: Սա Թուրքիան առաջնակարգ խնդիր է դիտարկում եւ փորձում է իսրայելական արտադրության ԱԹՍ-ները դուրս մղել եւ իր ԱԹՍ-ները վաճառել՝ նաեւ ռազմական որոշակի խնդիրներ իր համար լուծելով:

- Պարոն Վերանյան, որքանո՞վ է հավանական, որ այս զորավարժությունները կարող են քողարկում լինել՝ ռազմական գործողություններ նախապատրաստելու համար:

- Չեմ կարծում Թուրքիան այսօր իր առջեւ խնդիր է դրել Ադրբեջանի ձեռքով անուղղակի ռազմական գործողություններ իրականացնել Հայաստանի դեմ: Իհարկե Ադրբեջանին կարող է հրահրել, որ տեղային որոշակի բախումներ լինեն, բայց անմիջական պատերազմի մասին խոսք չկա: Տեղային բախումները  ձեռնտու են Թուրքիային մի քանի առումով. նախ, Հայաստանի հետ լարվածությունը պահում է ակտիվ, երկրորդ, թուլացնում է Ադրբեջանի իշխանության դիրքերը: Սա շատ լավ հնարավորություն է, որպեսզի Ալիեւի իշխանությունը թուլանա, խարխլվի եւ Թուրքիան փորձի այդ վակուումը անմիջապես լրացնել իր ազդեցութունը բերելով առաջին հերթին Ադրբեջան եւ փորձելով դա ընդլայնել տարածաշրջանի մակարդակով: Այսինքն մի կրակոցով մի քանի նապաստակ խփելու փորձեր է անում Թուրքիան: Սա չպետք է դիտարկել զուտ Հայաստանի դեմ քայլ, Թուրքիայի թիրախը Հայաստանը չէ: Թուրքիայի նպատակները շատ ավելի լայն են, ավելի շուտ Ռուսաստանի հետ դիմակայությունն է՝ տարածաշրջանում ուժային հավասարակշռությունը խախտելու համար: Չեմ կարծում Թուրքիան այսօր փորձի գնալ այդ քայլին. Հարավային Կովկասում ձեւավորված ուժային հավասարակշռությունը՝ ստատուս քվոն, որ այսօր կա, բավական կայուն կերպով պահպանվում է տարածաշրջանի հիմնական խաղացողների միջեւ: Խոսքը Իրանի, Ռուսաստանի մասին է: Մենք Իրանի մասին քիչ ենք խոսում, բայց Իրանն էլ կարեւոր գործոն է, եւ թեեւ հավասարակշռված հայտարարություններով է հանդես գալիս, բայց ամեն դեպքում թույլ չի տա, որ ի հաշիվ այլ ուժերի եւ առաջին հերթին Թուրքիայի՝ այդ փխրուն կայունությունը խախտվի: Դա շատ տեսանելի է եւ Իրանում եւ Ռուսաստանում: Այնպես որ եթե Թուրքիայի համար հնարավորություն ստեղծվեր իրավիճակը փոխել նաեւ Հարավային Կովկասում եւ Հայաստանի սահմանին, հավատացած եղեք՝ օր առաջ Թուրքիան այդ քայլին գնալու էր, բայց այդ հնարավորությունը չկա եւ առաջին հերթին չկա մեր վերջին օրերին տարած փայլուն հաղթանակի տեսանկյունից: Ադրբեջանը ըստ էության փորձելով սադրանքների գնալ, սահմանային լարվածություն ստեղծել, լուրջ խնդիրների առաջ կանգնեց:

- Էրդողանի եւ Պուտինի միջեւ հաճախակի հեռախոսազրույցները խոսո՞ւմ են ինչ-որ անհանգստությունների մասին: Պուտինը փորձում է զսպե՞լ Թուրքիային:

-Տեսեք, Թուրքիայի եւ Ռուսաստանի, եւ առհասարակ տարածաշրջանի խաղացողների միջեւ ժամանակ առ ժամանակ ուղիղ կապը պահպանվում է: Եվ դա շատ օրինաչափ եւ բնականոն երեւույթ է: Բայց ցանկացած գործողություն, որին մասնակցում է Թուրքիան եւ որում ակտիվորեն քննարկվում է տարբեր հակամարտություններում Թուրքիայի  ներգրավվածությունը, այստեղ ռիսկեր միշտ էլ պետք է տեսնել: Պետք է այդ ամենին պատրաստ լինել, բայց շատ մեծ աղմուկ չբարձրացնել: Նման հանդիպումները մի կողմից դրական են, որ անկայունության դրսեւորումները փորձ է արվում մեղմել, թուլացնել, բայց  մյուս կողմից դրանք դիրքերը վերաճշգրտելու համար են: Մեր խնդիրը հստակ է, պետք է պատրաստ լինենք ցանկացած զարգացման:

-Ինչպե՞ս պետք է պատրաստվել: Օրինակ հիմա ինչպե՞ ս պատրաստվեն մեր զինված ուժերը, զուգահեռ զորավարժությո՞ւն անեն, թե՞ մարտական պատրաստության վիճակի բերված սպասեն:

- Մենք  արդեն զորավարժություն արեցինք մարտական գործողություններին զուգահեռ՝ ՀՕՊ համակարգերի ներգրավմամբ եւ ռուսական կողմի հետ համատեղ: Կարծում եմ սա շատ լավ արձագանք էր եւ այն փայլուն հաղթանակի շարունակությունը, որ մենք ունեցանք սահմանին: Առաջին հերթին պետք է մեր զինված ուժերը կազմ ու պատրաստ լինեն, սահմանային անվտանգությունից սկսած՝ թիկունքի պաշտպանությունից վերջացրած պետք է պատրաստ վիճակի բերվի: Թիկունքի պաշտպանություն ասելով նկատի ունեմ շարքային եւ բարձրաստիճան զինվորականության ամենօրյա զգոնության հանգամանքը: Այս ամենը շատ կարեւոր է: Այս փուլում մեր խնդիրը նաեւ Հայաստանի եւ Արցախի պաշտպանական անվտանգային համակարգի ընդհանուր կոորդինացման արդյունավետության բարձրացումն է, որպեսզի կարողանանք արագ եւ օպերատիվ արձագանքել ցանկացած մարտահրավերի: Որովհետեւ գիտենք, որ Ադրբեջանն այսօր չունի հնարավորություններ լայնածավալ գործողություններ իրականացնելու, եւ ընդհանրապես, լայնածավալ գործողություններ ասվածն արդեն վաղ անցյալում է, հիմա ավելի շատ այսպես ասած բլիցկրիգային բախումների տրամանաբանությունն է աշխատում: Եվ դա հասկանալով մենք պետք է ամբողջ սահմանի երկայնքով շատ ամուր համակարգ ստեղծենք եւ հնարավորություն չտանք, որ հակառակորդը բաց տեղեր տեսնի: Գրեթե ամեն ինչ կախված է մեր մոտեցումից մեր դիրքորոշումից, եթե մենք այդ հնարավորությունը չտանք հակառակորդին, հակառակորդը եթե նախաձեռնի էլ որոշ արկածախնդրություն՝ ետ է շպրտվելու եւ լուրջ հաջողության չի հասնելու, եթե ոչ հակառակը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5859 դիտում

Ջերմուկի համայնքային ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի կողմից չստուգաչափված սարքավորումների շահագործման դեպք

Վարդավառին փակ կլինի տրանսպորտային միջոցների մուտքը Հանրապետության հրապարակ և հարակից փողոցներ

Կոռուպցիոն գործեր հսկող դատախազներն ընտրական հանցագործությունների վերաբերյալ 43 քրվարույթ հանձնել են դատարան

Մարոկկոյի հավաքականի երկրպագուները թիմի պարտությունից հետո Լոնդոնում անկարգություններ են կազմակերպել

Վրաերթ Կոտայքի մարզում. տուժածը տեղում մահացել է

Արձակուրդը՝ արձակուրդ, բայց չենք մոռանում ՀԴՄ-ի մասին. վարչապետ

Կիևյան կամրջի հիմնանորոգումն ընթանում է նախատեսվածից ավելի արագ տեմպերով. տեսանյութ

Ուկրաինան շուտով ԱՄՆ-ից կստանա Patriot համակարգերի համար նախատեսված hրթիռները. Զելենսկի

Բասկետբոլի Հայաստանի Մ20 հավաքականը մեկնել է Բրատիսլավա

Ազատումներ, նշանակումներ, փոխադրումներ. Գլխավոր դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ

Ծանրամարտի պատանիների ԱԱ. երկամարտի 301 կգ արդյունքով Հարություն Ավետիսյանը 5-րդն է

AECOM-ի թիմն ու ՀՀ կառավարության գործընկերներն ուսումնասիրել են TRIPP-ի տեղանքը

Տավրոս Սափեյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից

Ժաննա Անդրեասյանն ու Ֆրանսիայի ազգային կրթության նախարարը քննարկել են համագործակցության հեռանկարները

«Տեսլա»-ն Դիլիջանի ոլորաններից մի քանի պտույտ գլորվելով, բախվել է ծառերին և կողաշրջվել․ կան վիրավորներ

Բասկետբոլի Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը C դիվիզիոնի առաջնության կիսաեզրափակչում է

Ժաննա Անդրեասյանն այցելել է Փարիզի Hôtel Drouot աճուրդային կենտրոն․ ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել

Ռուսաստանն այլևս չի հավատա, որ Արևմուտքը ցանկանում է Ուկրաինայի հարցի բանակցային լուծում․ Լավրով

Կարևորելով ֆրանսերենի ու ֆրանկոֆոն արժեքների տարածումը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Էլեոնոր Կարուայի հետ

Մանվել Վարդանյանը` շախմատի Եվրոպայի մինչև 10 տարեկան պատանիների կայծակնային շախմատի փոխչեմպիոն

Բունդեսթագը մերժել է Ուկրաինային անհապաղ աջակցություն տրամադրելու նախագիծը

Ընտրությունների արդյունքները ՌԴ-ի սրտով չեն. ուզում են տնտեսությունը հասցնել ցնցումային վիճակի. տեսանյութ

Վաղարշակ Հակոբյանը չի վերցնի պատգամավորական մանդատը

Լքում են խորտակվող նավը. ռուսաստանցի օլիգարխը ցուցակում պահում է միայն ենթարկվող մարդկանց. տեսանյութ

Արեգնազ Մանուկյանը կալանավորվել է

Բասկետբոլի Մ16 տարեկանների կանանց ընտրանին ԵԱ կիսաեզրափակիչում է

Մարդիկ՝ Ծառուկյանի առյուծների վանդակում. «ամենասպորտսմեն»-ը դարձավ իր իսկ պահարանի «դիակների» զոհը

ՀԾԿՀ պատվիրակությունը մասնակցում է WSIS Forum 2026-ին. Մեսրոպ Մեսրոպյանը ելույթով է հանդես եկել

Սամվել Կարապետյանը կմնա տնային կալանքում

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքներին վերաբերող հարցերը

ՀՖՖ-ն սկսում է Հայաստանի Պրեմիեր Լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույնների քվեարկությունը

«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են․ կիբեռոստիկանություն

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Ֆրանսիայի մշակույթի նախարար Կատրին Պեգարի հետ

Արագածոտնի մարզի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքների նկատմամբ ճանաչվել է հանրության գերակա շահ

Քննարկվել է ՔՀԿ-ների, ԶԼՄ-ների, կուսակցությունների հաշվետվողականության բարձրացման հնարավորությունը

Հայտնաբերվել է 10 կգ մարիխուանա և 1 կգ-ից ավելի մեթամֆետամին․ կան ձերբակալվածներ․ տեսանյութ

Ֆիզիկական անձինք օգտագործել են 12 հազար հատից 8802-ը. Պապոյանը՝ էլեկտրամոբիլների քվոտայի մասին

«Ռենջ Ռովեր»-ը «Բելաջիո» ռեստորանի հարևանությամբ հայտնվել է բաժանարար գոտու գազոնում. կա վիրավոր

Բեյրութի նավահանգստում տեղի է ունեցել ՀՀ կառավարության որոշմամբ Լիբանանին տրամադրված օգնության հանձնումը