Երևան
12 °C
Մարտի 1-ի գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանին 2 միլիարդ դրամ գրավի դիմաց ազատ արձակելու Վերաքննիչ դատարանի որոշումը պաշտպանական եւ տուժող կողմերը բողոքարկել են Վճռաբեկ դատարան: Ավելի վաղ նույն որոշման դեմ վճռաբեկ բողոք էր ներկայացրել նաեւ Գլխավոր դատախազությունը:
Հիշեցնենք՝ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ, հունիսի 18-ին մասնակի բեկանել էր Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի որոշումը և Քոչարյանին ազատ արձակել 2 միլիարդ դրամ գրավի դիմաց: Որոշման մյուս մասը, որով Առաջին ատյանի դատարանը մերժել էր Քոչարյանին ազատ արձակել Հայաստանի եւ Արցախի Հանրապետությունների նախկին վարչապետների անձնական երաշխավորությամբ, Վերաքննիչ դատարանը թողել էր անփոփոխ:
«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանն ասաց, որ իրենց բողոքի գլխավոր փաստարկն այն է, որ չկային հիմքեր՝ Քոչարյանի նկատմամբ առհասարակ որեւէ խափանման միջոց ընտրելու. «Խափանման միջոցը կիրառվում է, եթե դատարանը գտնում է, որ անձը առանց դրա կարող է խոչընդոտել գործի քննությանը, թաքնվել վարույթն իրականացնող մարմնից կամ հանցանք գործել. տվյալ դեպքում որեւէ մեկը չի ասում, որ պարոն Քոչարյանը արող է հանցանք գործել, անգամ դատախազությունը այդպիսի միտք չի արտահայտել, իսկ Առաջին ատյանի դատարանը գտել է, որ չկան հիմքեր, որ նա կարող է թաքնվել, եւ միակ հիմքը, որ քննարկվել է, այն է՝ արդյո՞ք նա կարող է խոչընդոտել գործի քննությանը»: Ըստ Ալումյանի՝ այդպիսի հավանականությունը բացակայում է. «Մենք մատնանշել ենք, որ երբ պարոն Քոչարյանն առանց որեւէ խափանման միջոցի ազատ էր արձակվել 2018 թ օգոստոսի 13-ին, ընդ որում՝ քննության ամենաակտիվ փուլում, որեւէ մեկը չի կարող ասել, որ նա խոչընդոտելու մտադրություն է ունեցել կամ փորձ կատարել»:
Պաշտպանական կողմն իր բողոքում նաեւ նշել է, որ եթե անգամ իրենց համար անընդունելի պատճառաբանությամբ դատարանը գտնի, որ կան խափանման միջոց կիրառելու հիմքեր, ապա ըստ իրենց՝ այդ դեպքում պետք է կիրառվի անձնական երաշխավորությունը: Մեր հարցին, թե Վերաքննիչ դատարանն ինչ հիմնավորմամբ է մերժել նախկին վարչապետների երաշխավորությամբ ազատ արձակելու միջնորդությունը, պաշտպանը պատասխանեց. «Դատարանը գտել է, որ երաշխավորները չունեն այն աստիճան ազդեցություն պարոն Քոչարյանի նկատմամբ, որ կարողանան ապահովել նրա կողմից քննությանը չխոչընդոտելը, եթե նա այդպիսի վարքագիծ դրսեւորել ուզի»:
Վճռաբեկ բողոքի երրորդ փաստարկն էլ վերաբերում է գրավի չափին, որը, ըստ պաշտպանի, աննախադեպ է: Թե որքան կարող էր այն կազմել իրենց գնահատմամբ, պաշտպանական կողմը բողոքում չի մատնանշել, սակայն պնդել է, որ 2 միլիրադ դրամ գրավին մոտ թիվ երբեւէ չի եղել. «Դրանից բացի որոշման մեջ նաեւ թվարկվում են տարբեր տեսակի գույքեր, որոնց սեփականատերը պարոն Քոչարյանն ու նրա մերձավորներն են, բայց դատարանը գրավի չափը որոշելիս հաշվի չի առել, որ դրանք մեծամասամբ գտնվում են կալանքի տակ»,- նշեց Ալումյանը:
Ինչ վերաբերում է կորոնավիրուսի համատեքստում իրենց պնդումներին, Ալումյանի խոսքով՝ Վերաքննիչ դատարանը դրան անդրադարձել է որոշման պատճառաբանական մասում՝ ուշադրություն դարձնելով նաեւ Մարդու իրավունքների պաշտպանի՝ Քոչարյանի վերաբերյալ կայացրած որոշմանը, ըստ որի՝ քաղաքացիական հիվանդանոցում գտնվելու ժամանակ էլ կային հանգամանքներ, որ պետք էր դիտարկել իրավունքի խախտում, սակայն դա որպես այդպիսին ազատ արձակման հիմքում չի դրվել:
Մարտի 1-ի գործով տուժողներ Անդրանիկ Հարությունյանի եւ Սուրեն Հովհաննիսյանի ներկայացուցիչ, փաստաբան Արա Ղարագյոզյանը, սակայն, մեր զրույցում պնդեց, որ իրենց գնահատմամբ՝ գրավի որեւէ չափ ի զորու չէ կանխել Ռոբերտ Քոչարյանի՝ գործի վրա անօրինական ազդեցություն գործադրելու մտավախությունը, որի հավանականությունը մեծ էր գնահատել նաեւ Առաջին ատյանի դատարանը:
Վճռաբեկ բողոք ներկայացնելով՝ տուժող կողմը մատնանշել է Եվրոպական դատարանի մի նախադեպ, ըստ որի՝ եթե անձը մեծ գումարի դիմաց է ազատ արձակվում, ապա այդ գումարի չափը կարող է մեծ դեր խաղալ նրա կողմից ենթադրյալ ոչ իրավաչափ վարքագծի հարցում. «Մենք գտնում ենք, որ այդ նախադեպը կիրառելի է Ռոբերտ Քոչարյանի գործով, քանի որ նրա նկատմամբ բավականին մեծ գրավ է ընտրվել»:
Ըստ Ղարագյոզյանի՝ Վերաքննիչ դատարանը պետք է հաշվի առներ, որ մարտիմեկյան սպանությունների վերաբերյալ նախաքննությունը ՀՔԾ-ում շարունակվում է, Քոչարյանի եւ մյուսների գործով որեւէ ապացույց հետազոտված չէ, եւ որեւէ տուժող կամ վկա հարցաքննված չէ. «Եթե մենք լինեինք այն փուլում, որ նրանք հարցաքննված լինեին, դատարանի մոտ կարող էր նման կարծիք ձեւավորվել, բայց ընդհանուր առմամբ, դատարանը չի գնահատել Քոչարյանի ունեցած կապերը, այն, թե ովքեր են սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման մեջ ներգրավված եղել, ինչպես են պարկուճները փոխվել, ինչպես իրական ապացույցներ չեն ներկայացրել կամ բանակը ներքաշել են քաղաքական պրոցեսներում»:
Փաստաբանի խոսքով՝ Առաջին ատյանի դատարանը, անդրադառնալով կորոնավիրուսի համատեքստում պաշտպանների պնդումներին, գտել էր, որ այդ ռիսկը չեզոքացվում է, քանի որ Քոչարյանը գտնվում է քաղաքացիական հիվանդանոցում (նա այնտեղ էր տեղափոխվել ապրիլ ամսին՝ հետվիրահատական հետազոտության, ավելի ուշ նաեւ վիրահատվել էր,- խմբ.), իսկ Վերաքննիչ դատարանը գտել է, որ դա բավարար չէ, եւ հաշվի առնելով նրա տարիքն ու առողջական խնդիրները՝ արձանագրել է, որ առողջության պահպանման տեսակետից գրավը կարող է զսպող ուժ լինել, ինչին տուժող կողմը դարձյալ համաձայն չէ:
Ինչ վերաբերում է մեղադրող դատախազներին, նրանց գնահատմամբ՝ գործը գտնվում է դատական քննության այնպիսի փուլում, երբ զգալիորեն մեծ են ամբաստանյալի՝ ազատության մեջ լինելու դեպքում քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու միջոցով գործի քննությանը խոչընդոտելու ռիսկերը, ուստի դատախազության կարծիքով՝ կալանքից բացի որևէ այլ խափանման միջոց ի զորու չէ չեզոքացնելու ամբաստանյալի պատշաճ վարքագծի ռիսկերը: Նշենք, որ դատախազության բողոքը Վճռաբեկ դատարան է ստացվել հուլիսի 6-ին: Վճռաբեկ դատարանի քրեական պալատի գրասենյակից մեր հարցին ի պատասխան տեղեկացրին, որ բողոքի վերաբերյալ որեւէ որոշում, այդ թվում՝ այն վարույթ ընդունել-չընդունելու մասին, առայժմ չկա:
Ռոբերտ Քոչարյանը, հիշեցնենք, մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու եւ առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու համար: Նրա եւ նախկին մյուս պաշտոնյաների վերաբերյալ քրեական գործը դատարանում է ավելի քան մեկ տարի, սակայն բուն դատաքննությունը մինչ օրս չի սկսվել: Նախկին փոխվարչապետ, նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գեւորգյանը մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու եւ փողերի լվացման, ՀԱՊԿ նախկին քարտուղար, Երեւանի կայազորի նախկին պետ Յուրի Խաչատուրովը եւ ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը՝ սահմանադրական կարգը տապալելու համար։ Նրանք եւս կալանքի տակ չեն:
Նյութը տպագրվել է «Հայկական ժամանակ»-ի հուլիսի 16-ի համարում
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Խիստ անհասկանալի են զինվորների քվեարկության առնչությամբ ընդդիմության հիստերիան և դրանից բխած ԿԸՀ որոշումները
Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել ՀԱՊՀ հիմնադրամի Երևանի ԳՏՃԱՄ հիմնական դպրոցի տարեվերջյան միջոցառմանը
Մեքսիկայում մեկնարկել է ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման արարողությունը․ տեսանյութ
Սյունիքի մարզի 35/65 ընտրական տեղամասի ընտրական արդյունքներն անվավեր են ճանաչվել
Անվավեր են ճանաչվել Երևանի 10/51 ընտրատեղամասի քվեարկության արդյունքները. ԿԸՀ նախագահ
Աշխատանքներ են տարվում կայծակից կամրջի փլուզման հետևանքների վերացման ուղղությամբ․ տուժածներ չկան
Չեղարկել եմ Իրանում նախատեսված հարվածները, ռմբակոծությունները․ Թրամփը բանակցություններից մանրամասներ է հայտնել
Բուլղարիայում ափամերձ գոտում հայտնաբերված ԱԹՍ-ի մնացորդներ են ոչնչացվել
Անձրև․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Ուժեղ կարկուտ Գավառում․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Սուսուփուս մանդատները վերցնելու են, գնան ԱԺ. դրսից գալ ընտրել գնալը անբարոյականություն է. տեսանյութ
Կայծակի հարվածից Երևան-Սևան ճանապարհին կամուրջ է փլուզվել․ վնասվել են ավտոմեքենաներ
Նարեկ Կարենովի՞չ, ուզուք եք արդարացնե՞լ ձեր մանդատ վերցնելը․ Ալեն Սիմոնյանը տեսանյութ է հրապարակել
Փորձում են յուրայիններին հավատացնել՝ իբր պայքարում են, թե բա դիմել ենք ԿԸՀ, որ չեղյալ հայտարարեն արդյունքները
Առաջիկա ժամվա ընթացքում որ քաղաքներում կդիտվեն հորդառատ անձրևներ և կարկուտ
Մոսկվան նոկաուտի մեջ է, պլան Բ չունեն. ճանապարհ են փնտրում իրավիճակից դուրս գալու. Հոխիկյան. տեսանյութ
Առանձնահատուկ ուշադրության են արժանի քրեակատարողական համակարգում գենդերազգայուն մոտեցումների զարգացման հարցերը
Աղբատար «Կամազ»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին և բախվել թիվ 6 երթուղին սպասարկող ավտոբուսին
Բուլղարիայի վարչապետը սերտ համագործակցության ակնկալիք է հայտնել․ Ռումեն Ռադևը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի ևս մեկ թեկնածու կկալանավորվի․ Թավաքալյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել
Բելգիան շարունակում է հանձնառու մնալ ՀՀ-ի հետ գործընկերության ամրապնդմանը․ վարչապետը շնորհավորել է Փաշինյանին
Քաղաքական հաշվեհարդար չկա․ ինչու են ԵՊՀ-ում ամբիոնները խոշորացվում
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը հրաժարական է տվել
Հունիսի 10-11-ը Գյումրու օդերևութաբանական կայանում 1 ժամում գրանցվել են 17 մմ տեղում և 10 մմ տրամագծով կարկուտ
Կոնվերս Բանկի և Mastercard-ի նոր առաջարկը՝ մինչև 10% քեշբեք և 5000 դրամի պրոմոկոդ Yandex Go-ում
«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանին կալանավորելու որոշում է կայացվել
Ամիօ փաթեթները համալրվել են ևս մեկ առավելությամբ
Որ երկրների առաջնորդներն են արդեն շնորհավորել Նիկոլ Փաշինյանին հաղթանակի առիթով
Գագիկ Խաչատրյանի կալանքի մերժման ակտը ստանալուց հետո Գլխավոր դատախազությունը կբողոքարկի
Կրկին ստացած այս մանդատը արտացոլում է Ձեր առաջնորդության նկատմամբ Հայաստանի ժողովրդի վստահությունը․ Գեորգիևա
Ձեր վերընտրությունն արտացոլում է ՀՀ ժողովրդի հավատն ու վստահությունը. Պակիստանի վարչապետը՝ ՀՀ գործընկերոջը
«Ուժեղ Հայաստանի» պատգամավորի թեկնածու Հայկ Ավագյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում
Լիովին հավատացած եմ՝ խաղաղության ռազմավարական Ձեր տեսլականը հաջողությամբ ավարտին կհասցվի. Էրդողանը՝ Փաշինյանին
Զինծառայության համար ոչ պիտանի ճանաչված զինծառայողները կկարողանան կրկին դիմել պայմանագրային ծառայության համար
Դատարանը մերժել է ՊԵԿ նախկին նախագահին կալանավորելու միջնորդությունը
«Մարգարա» անցակետը 10 օրով կբացվի. Հայաստանից Լիբանան մարդասիրական բեռներ են ուղարկվելու
Քաղաքացիները մտահոգվելու առիթ չունեն. Խուդաթյանը՝ գազի սակագնի հնարավոր բարձրացման մասին
Գագիկ Ծառուկյանի քրգործը կապված է վառելիքի ներմուծման ոլորտում թաքցրած հարկերի հետ. ՊԵԿ նախագահ
Վիգեն Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը, հայտարարվել է հետախուզում
Եթե մանդատները չվերցնեն, գոնե կունենանք 100 տոկոս լեգիտիմ խորհրդարան. Փաշինյան
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT