Երևան
12 °C
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ օրերս կայացել է ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի գործով դատական նիստը:
Գրիգորյանը կրկին առողջական վիճակի պատճառով նիստին չի մասնակցել, եւ ըստ էության, գործի բուն քննություն տեղի չի ունեցել: Սակայն դատարանն իր նախաձեռնությամբ մի ընթացակարգային որոշում է կայացրել:
«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Մանվել Գրիգորյանի պաշտպան Գուրգեն Գրիգորյանը տեղեկացրեց, որ Գրիգորյանին պատկանող որոշակի գույք դատարանի որոշմամբ հանձնվել է երրորդ անձի՝ ԵԿՄ-ի տնօրինմանը: Խոսքը մեքենաների, նրա առանձնատանը հայտնաբերված հագուստի, կենցաղային իրերի մասին է. «Դրանց մեջ կա գույք, որ մեղադրական ծավալի մեջ ներառված չէ, մեղադրանքի հետ կապ չունի, եւ ապրանք, որ ժամկետանց է, բայց դատարանը գտավ, որ այս միջանկյալ փուլում կարող է դրանք տնօրինել, հանձնել երրորդ անձի. սա իրավունքի ոչ մի նորմի, ոչ էլ տրամաբանության մեջ չի տեղավորվում, ես նման շեդեւր առաջին անգամ եմ տեսնում»:
Պաշտպանի դժգոհությունը պայմանավորված է նաեւ նրանով, որ այդ մեքենաների մեջ կային այնպիսիք, որոնց սեփականատերերը այլ անձինք են, եւ ըստ նրա՝ ստացվում է, որ դատարանը, առանց լսելու նրանց կարծիքը, դրանք հանձնել է շահագործման. «Այդ մեքենաները ներառված են մեղադրանքի մեջ, բայց գույքը, որը դեռեւս նախաքննության փուլում արված փորձաքննության համաձայն՝ կապ չունի ոչ բանակի, ոչ երկրապահի հետ, ոչ էլ նման օգնություն է եկել, խորհրդային տարիների արտադրության է, եւ հայկական բանակն իր ստեղծման օրվանից նման գույք չի ունեցել, ուր մնաց՝ ԵԿՄ-ն ունենար, որն ավելի ուշ է ստեղծվել»: Ինչ վերաբերում է կենցաղային ժամկետանց իրերին, պաշտպանի խոսքով՝ դրանց մեջ ներառված է նաեւ մթերք՝ կաթ, պահածոներ, որոնք, իրենց համոզմամբ, ոչնչացվելու են. «Դրանք ոչ մեկին պետք չեն, դեռ այն ժամանակ պետք չեն եղել, բայց դատարանը ուշադրություն չդարձրեց, որ փորձաքննության համաձայն՝ ամբողջ ցուցակի մեջ 1 միլիոն 300 հազար դրամի ծավալ է, մնացած մասը իրենից արժեք չի ներկայացնում, որովհետեւ նույնիսկ մեղադրանք առաջադրելու ժամանակ արդեն ժամկետանց է եղել»:
Ըստ Գուրգեն Գրիգորյանի՝ այդ իրերն իրենց հետագայի համար ապացուցողական նշանակություն էին ունենալու, իսկ այս դեպքում դրանց ապացուցողական հետքերը կորչելու են. «Հիմա որ հանձնվեն օգտագործման, դրանք վերանալու են, էլի բան կա, որ ես, պաշտպանական մարտավարությունից ելնելով, ասել չեմ կարող, բայց իրավունքի տեսանկյունից սա անթույլատրելի է»: Հարցին՝ դատարանը նշված խնդրի վերաբերյալ միջնորդությո՞ւն էր ստացել, Գրիգորյանը պատասխանեց. «Այո, գրություն է ստացել եւ իր նախաձեռնությամբ քննել այդ հարցը»: Նա վստահ չէր, բայց ենթադրում էր, որ գրությունը հավանաբար ԵԿՄ-ից է եղել. «Խնդիրը դա չէ, ստանդարտների մեջ է: Թողնենք Մանվել Գրիգորյանի անձը, այսօր իրավունք ենք իրականացնում. եթե նրա դեպքում սա թույլատրելի է, հասարակ քաղաքացու դեպքում էլ է թույլատրելի լինելու, եւ գալու է մի իրավիճակ, երբ ունենալու ենք այն, ինչից փորձել ենք խուսափել»: Հարցին՝ ինչո՞ւ է դատարանը որոշել հենց այս նիստում անդրադառնալ այդ գույքերի տնօրինմանը, պաշտպանն ասաց, որ էթիկայի կանոններից ելնելով՝ պատասխանել չի կարող:
Նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանը ՀԺ-ի հետ զրույցում պարզաբանեց, որ ինքը նման որոշում է կայացրել սեփական նախաձեռնությամբ, առանց որեւէ դիմումի կամ գրության՝ պահպանելով օրենքի պահանջները: Խոսքը Քրեական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածի մասին է, ըստ որի՝ նախքան քրեական գործով վարույթի ավարտը քրեական վարույթն իրականացնող մարմինը, տվյալ դեպքում՝ դատարանը, կարող է սեփականատիրոջը կամ օրինական տիրապետողին վերադարձնել այն իրեղեն ապացույցները, որոնք շուտ փչացող են, կենցաղում օգտագործելու համար անհրաժեշտ առարկաներ են (որոնց վրա օրենքով բռնագանձում չի կարող տարածվել), ինչպես նաեւ՝ ավտոմեքենաներն ու տրանսպորտային միջոցները, եթե դրանց վրա քաղաքացիական հայցը, դատական ծախսերը կամ հնարավոր գույքային բռնագանձումն ապահովելու համար կալանք դրված չէ: Դատավորի խոսքով՝ տվյալ դեպքում որեւէ ավտոմեքենայի վրա կալանք չի եղել, իսկ տնօրինմանը հանձնված ապրանքներն էլ եղել են պիտանի եւ դասվել են շուտ փչացող ապրանքների շարքին. «Ապացույցների հետազոտման կարգ սահմանելիս մենք որոշել էինք այդ իրեղեն ապացույցները, ի թիվս այլոց, ավելի շուտ հետազոտել, դրանց ճակատագիրը որոշել, նոր վարույթը շարունակել, բայց քանի որ նիստերը շարունակ հետաձգվում են, եւ հիմա նաեւ այս համաճարակը եղավ, իսկ ամբաստանյալի բացակայության պայմաններում դատարանը բազմիցս քննարկել է նրա խափանման միջոցի հարցը, իրավաչափ համարեց նաեւ իրեղեն ապացույցների հարցը քննարկել՝ լսելով կողմերի կարծիքները եւ լուծելով այն»:
Ըստ դատավորի՝ ստեղծված իրավիճակում անհրաժեշտություն է առաջացել առաջին հերթին տնօրինել ՈՒԱԶ մակնիշի այն տասը մեքենաները, որոնք Շտապ օգնության մեքենաներ են, եւ որոնք, ըստ մեղադրանքի, հափշակվել են ԵԿՄ-ից. «Այսինքն՝ դրանց օրինական տնօրինողը ԵԿՄ-ն է, դրա համար է նրան մեղադրանք առաջադրված»: Դատավորն ընդգծեց, որ արգելադրված մեքենաների մեջ կան այնպիսիք, որոնք եւս իրենց հարմարություններով այսօրվա դրությամբ օգտակար կարող են լինել, բայց քանի որ դրանք մեղադրանքի ծավալում ներառված չեն, այսինքն՝ դրանց օրինական տնօրինողը ԵԿՄ-ն չէ, դատարանը դրանց հետ որեւէ գործողություն չի իրականացրել. «Ընդ որում, այդ իրերը դեռեւս նախաքննության փուլից ի պահ էին հանձնված ԵԿՄ-ին, այսինքն՝ իրենց պահեստում մեքենաները կանգնած են, եւ պատկերացրեք՝ մեկ էլ կորոնավիրուսի հետ կապված խնդիր է ստեղծվել, ԵԿՄ-ն էլ զինվորականներին աջակցություն ցուցաբերելու առումով ինչ-որ գործողություն պիտի անի, բայց մեքենա չունի, իսկ եղածներն էլ պահեստում կանգնած են, եւ գուցե դրանցում հենց անհրաժեշտ սարքավորումներն են, այս է խնդիրը»: Ինչ վերաբերում է պաշտպանի այն պնդմանը, որ դատարանը դրանք հանձնել է երրորդ անձի տնօրինման՝ առանց սեփականատերերին լսելու, Մնացական Մարտիրոսյանն ասաց. «Այո, դրանց սեփականատերերը տարբեր մարդիկ են, բայց նրանք նախաքննության փուլում հարցաքննվել են եւ ասել, որ դրանք իրենց մեքենաները չեն, պարզապես գրանցված են իրենց անունով, այսինքն՝ մենք գործի նյութերում ունենք այդ մարդկանց կարծիքը, բայց հերթը դրանց հետազոտմանը չի հասել»:
Անդրադառնալով ԵԿՄ-ի տնօրինմանը հանձնված սննդամթերքին՝ Մնացական Մարտիրոսյանը շեշտեց, որ խոսքը բացառապես օգտագործմանը պիտանի մթերքների մասին է, որոնք եղել են «զինվորի բաժին» գրությամբ. «Դատարանը գրել է՝ տնօրինմանը հանձնել պիտանի սննդամթերքները, օրինակ, մակարոնեղեն կա, որ մինչ 2022 թվականը պիտանի է, եւ որպեսզի խնդիր չառաջանա, հանկարծ որեւէ մեկը չթունավորվի, գրությանը կից ներկայացրել է նաեւ փորձագետի՝ 230 թերթանոց եզրակացությունը, որում գրված է, թե որ ապրանքն է փչացած, որը՝ ենթակա օգտագործման»: Նույն եզրակացության մեջ ներառված են նաեւ հիշյալ մեքենաների փորձագիտական արժեքը, համարանիշները, որոնք եւս ուղարկվել են ԵԿՄ-ին՝ ապրանքների տնօրինումը ճշգրիտ կազմակերպելու համար: Ինչ վերաբերում է ժամկետանց մթերքներին, դատարանը դրանք ոչնչացնելու որոշում չի կայացրել, բայց եթե անգամ ոչնչացվեին, ըստ դատավորի, որեւէ ապացուցական արժեք չէր կորի, քանի որ այդ մթերքները եւս դեռեւս նախաքննության փուլում փորձագիտական գնահատականի են արժանացել, ինչը պաշտպանական կողմը չի բողոքարկել:
Հարցին՝ իրեղեն ապացույցների հետազոտման փուլին հասնելիս ԵԿՄ-ի տնօրինմանը հանձնված ապացույցների բացակայությունը խոչընդոտ չի՞ լինելու գործի քննության համար, դատավոր Մնացական Մարտիրոսյանը պատասխանեց. «Ինչ էլ արվի, խոչընդոտ չի լինելու, գնալու ենք ԵԿՄ, տեղում զննենք, բայց եթե անգամ վերցնենք այն ծայրահեղ տարբերակը, որ այդ իրեղեն ապացույցը ոչնչացվի, մենք ունենք ՈՒԱԶ-ի՝ ԵԿՄ-ին նվիրաբերվելու փաստը, այսինքն՝ դրանք ի սկզբանե նվիրաբերված են եղել ԵԿՄ-ին, ունենք փորձագետի եզրակացության փաստը, եւ կարող ենք նաեւ այդ մեկ ապացույցը հանել, մնացածով փորձել մեղադրանքը ապացուցել կամ հերքել»: Մեր մյուս հարցին՝ եթե օրինակ, դատաքննության ավարտին պարզվի, որ տնօրինման հանձնված գույքը եղել է օրինական, պաշտպանական կողմը վնասի փոխհատուցման հնարավորություն ունենալո՞ւ է, Մարտիրոսյանը դրական պատասխանեց՝ շեշտելով, որ այս պահին խոսքը ենթադրյալ հանցագործության մասին է. «Այդ մեքենաներից յուրաքանչյուրի գնահատված արժեքը 7-9 միլիոն դրամ է, եւ եթե կպարզվի, որ դրանք իրականում նրան էին պատկանում, իսկ մեքենաների գինն էլ, օրինակ, իջած կլինի, պաշտպանական կողմը կարող է վիճարկել իր կրած վնասները, այսինքն՝ իրավաբանական առումով կառաջանա վնասը փոխհատուցելու պետության պարտավորություն»:
Դատավոր Մնացական Մարտիրոսյանը մեզ տեղեկացրեց նաեւ, որ դատական նիստից առաջ ստացել էին պաշտպանների գրությունը, որի առաջին օրինակը հասցեագրված էր Առողջապահության նախարարին. «Դրանով պաշտպանները նախարարից խնդրել էին տալ եզրակացություն այն մասին, որ ՀՀ-ն ի վիճակի չէ իրականացնել Մանվել Գրիգորյանին անհրաժեշտ բուժումները, որպեսզի հետագայում Եվրոպական դատարանի միջոցով կարողանան ՀՀ-ին պարտավորեցնել նրան երկրից դուրս թողնել»: Պաշտպանները դատարանին միջնորդել էին իր հերթին մասնագիտական հարցում անել նախարարին եւ քննարկել Մանվել Գրիգորյանին Ֆրանսիա թողնելու հարցը. «Բայց քանի որ նման խնդիր Մանվել Գրիգորյանի դեպքում չկա, միջնորդությունը քննարկվեց եւ մերժվեց»,- եզրափակեց դատավորը:
Գործով հաջորդ դատական նիստը նշանակվել է մայիսի 26-ին:
Հիշեցնենք՝ Մանվել Գրիգորյանը դատարանի՝ հունվարի 15-ի որոշմամբ ազատ արձակվեց կալանքից: Այժմ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը: Նա սեփական դիմումի համաձայն դուրս է գրվել հիվանդանոցից, գտնվում է իր տանը: Գրիգորյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով. մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու, առանձնապես խոշոր չափերով յուրացման կամ վատնման, ինչպես նաեւ հարկը կամ տուրքը չվճարելու, առանձնապես խոշոր չափերով շորթման, դրանք կազմակերպելու կամ կազմակերպման օժանդակելու համար:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Համոզված եմ, որ նա պատվով կշարունակի մեր միասին սկսած գործը. Սիմոնյանը շնորհավորել է Ռուբինյանին
Ադրբեջանից Հայաստան է տեղափոխվում բենզին և դիզելային վառելիք
Բախվել են բուժառուին հիվանդանոց տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու «Տոյոտա»-ն
Իսրայելի ԱԳ նախարարը կառավարության քննարկմանը կներկայացնի Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձև
Ռուսաստանն ամբողջությամբ սահմանափակել է Հայաստանից ձկնային արտադրանքի ներմուծումը
Մոտենում է հերթական տեղումնաբեր ցիկլոնը. հունիսի 27-ին սպասվում են անձրևներ, ջերմաստիճանի անկում. Սուրենյան
Արմեն Մելիքբեկյանը մտադիր չէ առաջադրվել ՀՖՖ նախագահի ընտրություններում
Սերդար Քըլըչը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
Թրամփի անվան Խաղաղության ինստիտուտում ստորագրվել է ԱԲ ոլորտում Հայաստան-ԱՄՆ համագործակցության հայտարարություն
Ովքե՞ր կարող են օգտվել կաթի արտադրության սուբսիդավորման ծրագրից, ինչպես գրել դիմում․ մանրամասներ
Գյումրիում ճգնաժամը շինովի է, ըստ Առաքելյանի՝ այն ստեղծում է իշխանությունը․ ինչու ՔՊ-ն չեկավ ավագանու նիստին
Սիրելի´կանայք, լավ նորություն ունեմ ձեզ համար․ Անահիտ Ավանեսյանը տեսանյութ է հրապարակել
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին
Կարապետյանի ունեցվածքն ու կյանքը վտանգի տակ են. Կարապետյանն ու Քոչարյանը ՌԴ-ի գրպանում են․ Ռուբեն Գալչյան
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով
Շնորհավորում եմ իմ գործընկեր Ռուբեն Ռուբինյանին, վստահ եմ՝ կկատարի աշխատանքը մեծ պատասխանատվությամբ․ Կոնջորյան
Մարտունիում բժշկական ամբուլատորիա կկառուցվի
Մարգարիտա Սիմոնյանը ինչո՞ւ է հայի ազգանուն կրում. ԱԺ-ում ունենալու ենք ընդդիմադիր գործակալների խմբակ
Կառավարությունը մեղմում է գյուղատնտեսական ծրագրերի շահառուների վարկային բեռը՝ երկարաձգելով մարման ժամկետները
Քաղաքական որոշումը կայացված է, շոյված եմ արդյունքից․ Ռուբինյանը՝ ԱԺ նախագահի թեկնածու ընտրվելու մասին
ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը
Տեղի է ունեցել «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության փակման հանդիսավոր արարողությունը․ տեսանյութ
Դավիթ Համբարձումյանի խափանման միջոցը փոխվել է
Կայացել է Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական Միություն անվտանգային և պաշտպանական խորհրդակցությունների նիստը
Թուրքիայի նախագահի խորհրդականն ու Մագդալենա Գրոնոն քննարկել են Ադրբեջան-Հայաստան խաղաղության գործընթացը
Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանավորված
Երևանում և ՀՀ խոշոր բնակավայրերում ավելի քան 1500 շքամուտքի էլեկտրամատակարարման ցանց կարդիականացվի
Ընտրությունները վերահաստատել են ՀՀ հավատարմությունը ժողովրդավարական արժեքներին և սահմանադրական գործընթացներին
Դատախազը Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրհետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու դիմում է ներկայացրել ԿԸՀ
Բլոգեր Արամ Ավետիսյանը բռնության է ենթարկվել. հարվածողի նկատմամբ հայտարարվել է հետախուզում. ՆԳՆ
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը մասնակցել է Ուկրաինայի վերականգնման համաժողովին
Կանդազի խափանման միջոցը փոխվել է
Դատախազությունը կբողոքարկի Աջապահյանի խափանման միջոցի փոփոխության որոշումը
ՄԹ թագավոր Չարլզ III-ի հրավերով ՇՄ նախարարը Սենթ Ջեյմսի պալատում բարձր մակարդակի ընդունելության է մասնակցել
«Apple» ընկերությունը առանց նախազգուշացման «App Store»-ից հեռացրել է «VK» խմբի հավելվածները
Միքայել Աջապահյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը վերացվել է
Շարունակում եմ ներկայացնել «Կրթվելը նորաձև է» շարժման ռազմավարական ծրագիրը. Աննա Հակոբյան
ՆԳ նախարարը պարգևներ է հանձնել Վահե Մելքոնյանին և Փամբակում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակներին
Անգրավ բիզնես վարկ՝ մինչև 15 մլն դրամ
Պետք է սովորենք՝ մենք պետք է գնանք Թուրքիա, իրենք գան Հայաստան. Փաշինյան
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT