Երևան
12 °C
Կորոնավիրուսի կանխարգելման միջոցառումների շրջանակում ՀՀ բոլոր դատարաններին հատկացվել են տեսախցիկներ եւ պրոյեկտորներ՝ քաղաքացիական գործերով նիստերի հեռահար անցկացման համար: ՀԺ-ի հետ զրույցում այս մասին երեկ հայտնեց Բարձրագույն դատական խորհրդի անդամ Գրիգոր Բեքմեզյանը: Ինչ վերաբերում է քրեական գործերին, որոնք վերջին շրջանում շարունակ հետաձգվում են, օրենքն էլեկտրոնային դատավարության հնարավորություն չի տալիս. «Ամեն դեպքում, կփորձենք հասկանալ, թե իրավական ինչ մեխանիզմներ կան քրեական գործերով էլ այդ հարցը լուծելու համար»,- նշեց Բեքմեզյանը:
Դատական նիստերի հետաձգումների եւ դրանցով պայմանավորված հնարավոր խնդիրների մասին մեր զրույցը՝ ստորեւ.
- Պարո՛ն Բեքմեզյան, թեպետ ԲԴԽ-ն դատավարության մասնակիցներին կոչ է արել հնարավորինս օգտվել հեռահար հաղորդակցման միջոցներից, նվազեցնել քաղաքացիների մասնակցությունը դատական նիստերին, սակայն փաստացի մեկ շաբաթ է, ինչ նշանակված նիստերը հիմնականում չեն կայանում, ընդ որում՝ թե՛ դատավորների, թե՛ փաստաբանների նախաձեռնությամբ: Այս հետաձգումների մասին ԲԴԽ-ն ի՞նչ կարծիքի է:
- Ճիշտն ասած՝ առաջին շաբաթն էր, երեւի մտահոգությունները մի քիչ ավելի շատ էին, իհարկե, կային նաեւ նիստեր, որ կայանում էին: Միշտ այդպես է, չէ՞, երբ ինչ-որ բան է կտրուկ փոխվում, սկզբնական պահը խուճապի պահն է, որը թույլ չի տալիս գործողություններն ավելի հստակ կատարել: Ամեն դեպքում, կարծում եմ՝ այս շաբաթ դատական գործընթացներն ավելի կկայունանան: Ես, օրինակ, տեղեկություն ունեմ, որ անցյալ շաբաթ դատական նիստերը հետաձգած դատավորներից ոմանք այս շաբաթվա նիստերն անելու են: Իսկ ինչ վերաբերում է հետաձգումներին, հատկապես քաղաքացիական դատավարության մեջ դրանք կողմերի կարծիքներից են կախված, եւ եթե կողմերը դեմ չեն հետաձգելուն, եւ դատավորն էլ, ընդառաջելով նրանց, հետաձգում է, մեղադրելու որեւէ բան լինել չի կարող: Մեր խնդիրն այն է, որ գործի ժամկետները պահպանվեն, եւ կողմերը բողոքներ չունենան դատավորների կողմից դատական գործընթացների ձգձգման մասով:
- Քաղաքացիական գործերով, այո՛, ավելի ճկուն է, բայց քրեական գործերով շարունակական հետաձգումների արդյունքում ողջամիտ ժամկետի քննության կամ անձի ազատության սահմանափակումների խնդիրներ առաջ չե՞ն գա:
- Միանշանակ կգան, բայց ես, ինչքանով տեղյակ եմ, քրեական գործերով դատավորների կողմից չի եղել դատական նիստերը հետաձգելու նախաձեռնություն, նկատի ունեմ՝ առանց օրինական պատճառների, որովհետեւ կարող է լինել հիվանդություն եւ այլն... Իսկ եթե կողմերից որեւէ մեկը չի ներկայանում, եւ այդ հիմքով է նիստը հետաձգվում, ապա դա մտնում է կողմի գործողությունների իրավասության տակ, այսինքն՝ մեր խնդիրն այնպես անելն է, որ քրեական գործերով անձի իրավունք չխախտվի, եւ այն նիստերը, որոնցով պետք է անհապաղ որոշումներ կայացվեն, չհետաձգվեն մարդու ազատության հաշվին, իսկ դա մենք կարող ենք ապահովել միմիայն դատավորների պատշաճ մասնակցությամբ, բայց եթե կողմն ինքն է հրաժարվում գալ, ԲԴԽ-ն կամ դատական իշխանությունը որեւէ բան չեն կարող անել:
- Մյուս կողմից էլ, եթե նայենք, արդեն իսկ ծանրաբեռնված դատավորների տեսանկյունից նոր կուտակումներ չե՞ն առաջանա:
- Իհարկե, կառաջանան: Երբ դատավորները նախապես են նշանակում նիստերը, գործերի ողջամիտ քննության համար նաեւ պլանավորում են այդ հետաձգումները: Հիմա եթե ինչ-որ գործով նիստը տեղի չի ունենում, այն պետք է նշանակվի մեկ այլ հերթի՝ խոչընդոտելով այլ գործի քննությանը: Դրա համար մենք խորհուրդ ենք տվել՝ եթե դատական վեճը հասել է իր ավարտին, կամ կան անհետաձգելի գործողություններ, ցանկալի է, որ այդ նիստերը տեղի ունենան եւ հնարավորինս քիչ մարդկանց մասնակցությամբ:
- Հետաձգումների պատճառով դատավորների կողմից դժգոհություններ եղե՞լ են:
- Չեն եղել, եղել են նամակներ, զանգեր դատավորներից, որոնք, ընդհակառակը, մտածել են, որ պետք է ավելի կտրուկ քայլերի դիմել, դատական նիստերը հետաձգել, ինչին մենք տվել ենք բացասական պատասխան, որովհետեւ նման լիազորություն չունենք, եւ օրենքն էլ պարտադրում է, որ դատական իշխանությունն աշխատի բնականոն հունով՝ իհարկե, հաշվի առնելով որոշ օբյեկտիվ հանգամանքներ:
- Հնարավո՞ր է՝ հետաձգված նիստերի վիճակագրություն ունենաք:
- Ո՛չ, ցավոք, չունենք, բայց հետաքրքիր հարց եք տալիս, ինձ թվում է՝ 1-2 շաբաթ հետո կփորձենք նման վիճակագրություն ունենալ: Դա շատ դժվար կլինի, ես հիմա չեմ պատկերացնում, թե ինչպես կանենք, բայց փորձենք:
- Պարո՛ն Բեքմեզյան, օրինակ՝ ՌԴ գերագույն դատարանը ցուցում է տվել դատարաններին կայացնել միայն անհետաձգելի դատական նիստերը: Մեր օրենսդրությամբ ԲԴԽ-ն, եւ, առհասարակ, որեւէ մարմին նման լիազորությամբ օժտված չէ, հակառակը, օրենքն ասում է, որ արտակարգ դրության ժամանակ դատարանները շարունակում են բնականոն գործունեությունը: Այս իմաստով օրենսդրական բաց տեսնո՞ւմ եք:
- ԲԴԽ-ն եւս տեղյակ է ՌԴ գերագույն դատարանի որոշմանը, նույնիսկ եղել է դատավոր, որ այն ուղարկել է մեզ՝ հասկանալու՝ արդյոք մենք ե՞ւս կարող ենք նման բան անել: Մեր օրենսդրությունը դա թույլ չի տալիս, եւ եթե իմ անձնական տեսանկյունից նայենք, ես գտնում եմ, որ արդարադատությունը չի կարող ընդհանրապես կանգնել: Մենք պետք է գտնենք դրա լուծման ճիշտ տարբերակները, այն է՝ փորձենք ավելի արագ զարգացնել էլեկտրոնային արդարադատությունը, որ կողմերը կարողանան առանց դատարան հաճախելու էլեկտրոնային միջոցներով մասնակցել դատական նիստերին: Միակ բացը, որ կարող եմ ասել, գուցե այն է, որ դանդաղել ենք, եւ էլեկտրոնային արդարադատությունն ամբողջովին ներմուծված չէ մեր իրականություն: Մենք այդ ծրագրերի վրա հիմա էլ աշխատում ենք, փորձարկում ենք դրա մի բաղադրիչը, նոր սկաներներ ենք տվել դատարաններին, եւ արդեն մի քանի ամիս է՝ աշխատում ենք այն ուղղությամբ, որ թղթաշրջանառությունը դատարանների միջեւ ավելի արագ կազմակերպվի, եւ գործը մի դատարանից մյուսին ուղարկելն այլեւս ժամանակ չխլի: Բացի այդ, Կառավարության հետ համատեղ ուզում ենք ստեղծել, այսպես կոչված, դատակենտրոն, որի իմաստը կլինի հետեւյալը. կունենանք մեկ դատակենտրոն-սերվեր, որն էլեկտրոնային կարգով բոլոր դատարաններին կմատակարարի համապատասխան ինֆորմացիա: Նյութը կստացվի, անմիջապես կսկանավորվի, կմակագրվի կոնկրետ դատավորի, կդրվի նրա էլեկտրոնային դարակում, եւ դատավորն այնտեղից արդեն կտնօրինի նյութերին օրենքով նախատեսված կարգով: Կարծում եմ՝ այս արտակարգ դրությունը եւ կորոնավիրուսը բոլորիս հուշում են, որ պետք է ավելի արագացնել: Ամեն դեպքում, շատ կարեւոր է ֆիքսել, որ ԲԴԽ-ն, Դատական դեպարտամենտն ամեն ինչ արել են եւ անում են, որ դատարաններն ապահովված լինեն անհրաժեշտ կանխարգելիչ նյութերով, որոնք կարող են բացառել կամ նվազեցնել վարակման ռիսկը: Հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ մարդիկ, դրսեւորելով սոցիալական իրավագիտակցություն, կխուսափեն դատական նիստերին մասնակցելուց, չեմ կարծում, թե դատական նիստերը կարող են վարակի տարածման առումով վտանգվել: Խնդիրը փաստաթղթաշրջանառությունն է, որ ֆիզիկապես է իրականացվում, բայց այդ դեպքում էլ կարելի է ձեռնոց օգտագործել, ձեռքերն անընդհատ լվանալ կամ օգտվել սկանավորված տարբերակներից:
-Մինչ էլեկտրոնային դատավարությանը հասնելն առկա իրավիճակից ի՞նչ ելք եք տեսնում, հնարավո՞ր է՝ դիմեք պարետին՝ նրա հետ այս հարցերը քննարկելու համար:
- Նման հարց չենք քննարկել, անհրաժեշտությունը չի եղել, միակ խնդիրն այն է, որ նվազեցնենք մարդկանց հոսքը դատարաններ:
- Նշեցիք, որ առաջիկայում դատական գործընթացներն ավելի կկայունանան: Վարակակիրների թվի աճը չի՞ խոչընդոտի դրան:
- Եթե վարակակիրները լինեն այն անձանց կազմից, որոնք արդեն իսկ մեկուսացված են, կարծում եմ՝ որեւէ կերպ խուճապ չի առաջացնի, իսկ եթե՝ ոչ, չեմ կարծում, որ դատական իշխանությունը չի աշխատի, ուղղակի պիտի փորձենք ինչ-որ բան մտածել, ավելի խիստ հրահանգներ տալ կարգադրիչներին, որպեսզի ուժով արգելեն մարդկանց մուտքը դատարաններ, որին մենք չենք ուզում գնալ, որովհետեւ դա էլ նրանց իրավունքն է, բայց նման դեպքերում պիտի դիմենք ծայրահեղ միջոցների, արդեն կարիք կլինի նաեւ պարետին դիմելու, որ վերջինս որոշումներ կայացնի, եւ մեր գործողությունները լինեն իրավական հիմքի վրա:
- Հետաքրքիր է՝ դատավորների մեջ կամ Դատական դեպարտամենտից վարակակիրներ կա՞ն:
- Մեր տեղեկություններով՝ նման դեպք չկա: Ամեն դեպքում, մենք ուշադիր ենք այն դատավորների նկատմամբ, որոնք այս ժամանակահատվածում արտասահմանյան գործուղումներից են եկել, եւ նրանց հանձնարարական ենք տվել տանը մնալու:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում
Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց
ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը
Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները
Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ
Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը
Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ
Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել
Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել
Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ
Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու համար․ մանրամասներ
Թրամփը լրացուցիչ 50 տոկոս մաքսատուրք է սահմանել կանադական որոշ ապրանքների ներմուծման համար
Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար մեղադրվող Արեյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը դատարանում են
Վենետիկում ՀՀ պատվավոր հյուպատոսարանում քննարկվել է ՀՀ-Իտալիա տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարը
ՌԴ-ն հարվածել է Ուկրաինայի ԶՈՒ-ի կողմից օգտագործվող ուկրաինական նավահանգիստներին, Սումիի «Էպիկենտրոն»-ին
ՄԻՊ-ն այցելել է Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր, առանձնազրույցներ են ունեցել բուժառուների հետ
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնած Էդվարդ Միլիբենդին
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ ինչ եղանակ է կանխատեսվում
Դատարան են հանձնվել «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի ընտրակաշառքի քրվարույթի նյութերը
Սարիկ Մինասյանը դադարեցրել է Գյումրու ավագանու անդամի լիազորությունները
Ձկան և ձկնամթերքի արտահանման նոր հնարավորություն․ արտադրողները հրավիրվում են առցանց հանդիպման
Հորդառատ անձրևները հեղեղել են Թբիլիսին․ տեսանյութ
ՀԷՑ-ը 2026-ի 1-ին կիսամյակում 2025-ի նույն ժամանակաշրջանի համեմատ շուրջ 62%-ով ավել հարկ ու տուրք է վճարել
ՖԻՖԱ-ն հետաքննում է արգենտինացիների պահվածքը ԱԱ-2026-ի եզրափակչից հետո․ կկիրառվեն խիստ պատժամիջոցներ
ՊԵԿ-ը շարունակում է իրականացնել հարկ վճարողների իրազեկման և աջակցման ծրագիրը
Քաղաքացիները տարբեր վայրերում զենք-զինամթերք են թողել, զանգել ոստիկանություն, հայտնել դրանց տեղերը
Գագիկ Ծառուկյանը ոստիկանության մեքենայով բերվել է Քննչական կոմիտե
Մեքենան բախվել է ավտոբուսին, ապա էլեկտրասյանը․ վարորդը Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում է
6.7 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում․ հասցեներ
Ով է Երևանում հանդիպակաց երթևեկող վարորդը և ինչու է դիմել նման քայլի. ՆԳՆ-ից պարզաբանում են
Հունիսի 1-ից հուլիսի 19-ը ՀՀ-ից արտահանվել է 7654 տոննա ծիրան․ Իսպանիա, նաև Պորտուգալիա արտահանում չունենք
Բարձր եմ գնահատում Բելգիայի աջակցությունը ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանը․ վարչապետի ուղերձը Բարտ դե Վևերին
Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը պաշտոնը ստանձնելուց հետո հայտնել է կառավարութան կազմը
Կոտայքի մարզի բազմաթիվ բնակավայրերում գազ չի լինի
Մալիշկա գյուղի համայնքային նշանակության հողատարածքում ապօրինի արդյունահանվել է հրաբխային բազալտ․ տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT