Բացի հաղորդում տված անձի ցուցմունքից, Հեբոյանի կողմից կաշառք պահանջելու որեւէ ապացույց չկա. հրապարկվեցին ճառերը

06/11/2019 schedule23:40

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում դատավոր Տաթեւիկ Գրիգորյանի նախագահությամբ այսօր շարունակվեց կաշառք ստանալու մեջ մեղադրվող դատավոր Գագիկ Հեբոյանի եւ կաշառք ստանալուն օժանդակելու  մեջ մեղադրվող փաստաբան Վահագն Դանիելյանի գործով դատական նիստը: Այս գործը դատարանում է մայիս ամսից, եւ այժմ պաշտպանական ճառերի փուլն է:

Ըստ մեղադրական եզրակացության՝ Գագիկ Հեբոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, զբաղեցնելով ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնը, հանդիսանալով դատական իշխանության մարմնի ղեկավար աշխատող և մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, Բենիկ Հարությունյանի օգտին իր լիազորությունների շրջանակում գործողություն կատարելու համար 2019 թվականի մարտի 6-ին նրանից անձամբ պահանջել և 2019թ.մարտի 27-ին ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Վահագն Դանիելյանի օժանդակությամբ ստացել է առանձնապես խոշոր չափերի կաշառք: Վահագն Դանիելյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան, խոչընդոտներ վերացնելու և հանցավոր ճանապարհով ձեռք բերված միջոցները թաքցնելու եղանակով օժանդակել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Հեբոյանի կողմից առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալուն: Գագիկ Հեբոյանի նկատմամբ ի սկզբանե ընտրված է խափանման միջոց կալանավորումը, իսկ Վահագն Դանիելյանի նկատմամբ ընտրված կալանավորումը հետագայում փոխարինվել է չհեռնալու մասին ստորագրությամբ: Նրանք առաջադրված մեղադրանքները չեն ընդունում:

Այսօրվա դատական նիստին ճառով նախ հանդես եկավ ամբաստանյալ Վահագն Դանիելյանի պաշտպան Հենրիկ Մաղաքյանը: Վերջինս իր ճառի սկզբում նշեց, որ նախորդ դատական նիստին մեղադրողն իր մեղադրական ճառում գործի փաստական հանգամանքներով ձեռք բերված ապացույցների վերաբերյալ որեւէ բառ չասաց՝ կենտրոնանալով գործով հարցաքննված վկայի ցուցմունքների վրա. «Ինչպես գիտենք, Բենիկ Հարությունյանը (գործով առանցքային վկա, ում հաղորդման հիման վրա հարուցվել է այս քրգործը-խմբ.), ըստ իր ցուցմունքների, որոշել էր արդարությունը վերականգնել եւ դիմել ԱԱԾ, որպեսզի Գագիկ Հեբոյանին բռնեն: Իր ցուցմունքներից մեկում Բենիկ Հարությունյանը պատմել է՝ ինքը Վահագն Դանիելյանին ասել է, որ պայմանավորվածը անեն, իր խիղճը հանգիստ լինի, որովհետեւ մի քանի օրով գուցե բացակայի: Իր այս բառերով՝ Բենիկ Հարությունյանը իր պռովոկացիան է ուզում առաջ տանել, որպեսզի անձին կարողանա ներգրավել իր մտադրության մեջ եւ համոզի, որ նրան գումար տա. եթե մեկը որոշել է կաշառք տալ, էլ ի՞նչ խիղճը հանգիստ լինելու մասին է խոսքը»,-ասաց Մաղաքյանը:

Նա ընթերցեց գործի նյութերից մի դրվագ, որում ասվում է, որ երբ Վահագն Դանիելյանը գալիս է փաստաբանի գրասենյակ, Բենիկ Հարությունյանը նրան է դիմում՝ ասելով. «Էդ գումարը մոտս ա, ոնց պայմանավորվել էինք էլի, տամ՝ բան կանե՞ս թե՞ ոնց, Հեբոյանն ասաց, որ քեզ մոտենամ»: Ըստ գործի նյութերի՝ սրան ի պատասխան՝ Վահագն Դանիելյանը հարցրել է՝ արդյո՞ք դա պետտուրքի գումար է, ապա մոտենալով պատուհանին՝ սկսել է դուրս նայել. «Մեղադրող կողմը այս դուրս նայելը դիտում է որպես անհանգստություն ցույց տալ, ու այդ ենթադրությունը ցանկանում է որպես ապացույց դնել գործի նյութերում, որովհետեւ այլ ապացույց չկա, սակայն ես առաջին անգամ եմ տեսնում, որ անձի վարքագիծը որպես  ապացույց դիտվի: Եթե վարքագիծը, այդ անհանգստությունը ցույց են տալիս, պիտի նաեւ դրա շարունակությունը, հետեւանքը ցույց տային»,-նշեց պաշտպանը:

Նա ընդգծեց, որ մեկ այլ դրվագի համաձայն էլ՝ Վահագն Դանիելյանն ասում է, որ Բենիկ Հարությունյանը գումարը մեքենայի պատուհանից ներս գցի, սակայն, ըստ պաշտպանի, այդ ձայնագրության մեջ բնավ չի լսվում, թե ով է ում հետ խոսում, այդ դրվագը, ըստ նրա, կտրտված է եւ շատ բան չի երեւում. «Եվ այս իրադարձության մասին ցուցմունք տալիս իմ պաշտպանյալը նշել է, որ ինքն ասել է գումարը մեքենայի մեջ է գցել՝ իմանալով, որ դա պետտուրքի գումար է, եւ ինքը որեւէ առնչություն դրա հետ չունի, սակայն նյութերում նշված է, որ Բենիկ Հարությունյանը պատուհանից ինչ-որ բան է գցում ներս: Այսինքն՝ սրանով չի էլ հաստատվել, որ գցածը գումար է, վարույթն իրականացնող մարմինը արձանագրել է, որ դա ինչ-որ բան է»:

Անդրադառնալով ապացույցների արժանահավատությանը՝ պաշտպանը մեջբերեց Վճռաբեկ դատարանի նախադեպային մի որոշում, որով դատարանը, մատնանշելով Քրեական դատավարության օրենսգրքի 25-րդ հոդածը, ըստ որի՝ դատավորը կամ հետաքննուրթյան մարմինը ապացույցները գնահատում են իրենց ներքին համոզմամբ, սակայն ոչ մի ապացույց նախապես հաստատված ապացույցի ուժ չունի, գտել է, որ մի կողմից պետք է լինի հետազոտվող ապացույցների բավարար համակցություն, մյուս կողմից անկողմնակալ դիտորդի մոտ պետք է առաջանա այն վստահությունը, որ ապացույցները հետազոտվել են արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, ինչը, ըստ պաշտպանի, այս դեպքում առկա չէ:

Պաշտպան Հենրիկ Մաղաքյանը կարեւորեց նաեւ այն հանգամանքը, որ սկզբնապես մեղադրանք է առաջադրվել նաեւ Բենիկ Հարությունյանին, սակայն հետագայում նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է հանցակազմի բացակայության հիմքով: Ըստ պաշտպանի՝ այստեղ գործել են երկակի ստանդարտներ. «Բենիկ Հարությունյանի դեպքում գումար տալը դիտվել է որպես «լավության դիմաց ինչ-որ բան անել, փոխհատուցել», իսկ մյուսների դեպքում դիտվել է որպես կաշառք»:

Պաշտպանական ճառով հանդես եկավ նաեւ ամբաստանյալ Գագիկ Հեբոյանի պաշտպան Արմեն Նադիրյանը: Վերջինս ընդգծեց, որ սույն քրեական գործով նախաքննությունը կատարվել է ոչ օբյեկտիվ՝ իր պաշտպանյալի նկատմամբ բացառիկ մեղադրական թեքումով եւ իրավունքների խախտմամբ. «Քրեական գործի  նյութերի համաձայն՝ 2019 թվականի մարտի 20-ին Բենիկ Հարությունյանը ԱԱԾ տնօրենին հասցեագրված դիմումով հայտնել է, որ դատական գործընթացի հետ կապված իրենից կաշառք են պահանջում: Նշված դիմումի վրա առկա՝ ԱԱԾ տնօրենի աշխատակազմի դրոշմակնիքի դրոշմի եւ դրանում առկա գրառումների համաձայն՝ դիմումը մուտքագրվել է հաջորդ օրը՝ մարտի 21-ին, սակայն հատկանշական է, որ դրա վրա որեւէ մակագրություն չկա: Առավել հատկանշական է այն,որ նման բովանդակությամբ՝ տվյալ պահին շարունակվող առանձնապես ծանր հանցագործության մասին տեղեկություն պարունակող դիմում ստանալուց անմիջապես հետո ԱԱԾ ծառայողները ձեռնամուխ չեն եղել դրանում ներկայացված հանգամանքները պարզելու ուղղությամբ որեւէ գործողություն ձեռնարկելուն, եւ միայն չորս օր անց ՝ մարտի 25-ին է Բենիկ Հարությունյանից հանցագործության մասին հաղորդում ընդունվել»: Նադիրյանը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ ոչ քրեական գործ հարուցելու մասին որոշման եւ ոչ էլ հետագայում կայացված դատավարական որոշումներում քրեական վարույթն իրականացնող մարմինները Բենիկ Հարությունյանի՝ վերոհիշյալ դիմումի առկայությանը չեն անդրադարձել եւ այն անգամ որպես այլ փաստաթուղթ ապացույց չեն ճանաչել. «Սա պաշտպանության կողմի մոտ ողջամիտ կասկած է առաջացնում առ այն, որ այդ դիմումը հետին ամսաթվով է գրվել՝ առանձնապես խոշոր չափով կաշառք տալու համար Բենիկ Հարությունյանին քրեական պատասխանատվությունից զերծ պահելու նպատակով, եւ պետք է փաստել, որ քրեական գործի նախաքննության ընթացքում այդ կասկածները փարատելու ուղղությամբ ընդհանրապես քննություն չի կատարվել, մինչդեռ դա շատ կարեւոր էր, հատկապես որ Բենիկ Հարությունյանի նախաքննական եւ դատաքննական ցուցմունքներում հակասական տեղեկություններ կան Գագիկ Հեբոյանի կողմից իրենից կաշառք պահանջելու մասին»:

Ինչ վերաբերում է առաջադրված մեղադրանքի հիմքում դրված ապացույցներին, ըստ Արմեն Նադիրյանի՝ օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում ստացված նյութերը ձեռք են բերվել ոչ իրավաչափ ճանապարհով. «Պաշտպանության կողմի մոտ առաջացել է ողջամիտ կասկած առ այն, որ այդ նյութերը ձեռք են բերվել առանց դատարանի թույլտվության: Սրա տեղիք է տվել այն հանգամանքը, որ թույլտվություն ստանալու վերաբերյալ միջնորդությունը դատարան է ներկայացվել մարտի 26-ին, եւ նույն օրը ոչ միայն քննարկվել եւ դրանց հիման վրա որոշումներ են կայացվել, այլեւ համաձայն քրեական գործի՝ որպես կաշառք օգտագործվող թղթադրամները քիմիական մշակման են ենթարկվել եւ փոխանցվել Բենիկ Հարությունյանին 11:30-12:50  ընկած ժամանակահատվածում, իսկ գործով մեղադրյալի նկատմամբ հեռախոսային խոսակցությունների վերահսկում օպերատիվ-հետախուզական միջոցառումն իրականացվել է 11:31-ից, ինչը իրատեսական չէ: Եվ սրանից բացի, ի պատասխան իմ հարցման՝ Ընդհանուր իրավասության դատարանից տեղեկացրել են, որ օպերատիվ հետախուզական միջոցառումներ անցկացնելու վերաբերյալ միջնորդությունների քննությունը տեւել է 10 րոպե, եւ նախորդ ու հաջորդ դատական նիստերի միջեւ անգամ 1 րոպե ընդմիջում չի եղել»:

Արմեն Նադիրյանը եւս կարեւորեց Բենիկ Հարությունյանի դատավարական կարգավիճակների փոփոխությունը, նրա ներկայացրած հաղորդումն ու ցուցմունքները, որոնք, ըստ պաշտպանական կողմի իրարամերժ են. «Բացի Բենիկ Հարությունյանի ցուցմունքներից 2019 թվականի մարտի 6-ին Հեբոյանի կողմից Հարությունյանից կաշառք պահանջելու եւ այդ կապակցությամբ մարտի 18-ին վերջիններիս միջեւ խոսակցության տեղի ունենալու հանգամանքը հիմնավորող որեւէ ապացույց ձեռք չի բերվել, իսկ Գագիկ Հեբոյանին առաջադրված մեղադրանքը հիմնվել է միայն ապացույցներով չհաստատված, գործով շահագրգռված վկա Բենիկ Հարությունյանի եւ ամբաստանյալ Վահագն Դանիելյանի  իրարամերժ եւ անարժանահավատ ցուցմունքներով, մինչդեռ այդ կապակցությամբ Վճռաբեկ դատարանը իրավական դիրքորոշում է հայտնել առ այն, որ գործի ելքով շահագրգռված անձանց ցուցմունքներն առանց դրանք հաստատող օբյեկտիվ ապացույցների առկայության բավարար չեն հանգելու այն հետեւությանը, որ հանցագործության նման դեպք է տեղի ունեցել»:

Այսպիսով, ավարտվեց պաշտպանական ճառերի փուլը: Հավելենք, որ դրանից հետո Արմեն Նադիրյանը դարձյալ միջնորդեց դատարանին իր պաշտպանյալ Գագիկ Հեբոյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխարինել գրավով, ինչին առարկեց մեղադրող դատախազ Արթուր Չախոյանը: Լսելով կողմերին՝ նախագահող դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը որոշեց մերժել միջնորդությունը: Նա միաժամանակ բավարարեց պաշտպան Արմեն Նադիրյանի մեկ այլ միջնորդություն եւ ամբողջովին վերացրեց Գագիկ Հեբոյանի տեսակցությունների վրա դրված սահմանափակումները:

Գործով հաջորդ դատական նիստը նշանակվեց նոյեմբերի 13-ին՝ ժամը 12:30-ին:

Միլենա Խաչիկյան

Տպել
875 դիտում

Կառավարությունը մարում է հին պարտքերը. լուծվում է Ադրբեջանից բռնագաղթած ընտանիքների բնակարանային խնդիրը

«Դոլմամա» ռեստորանի հրդեհի բարդության աստիճանը բարձրացվել է «Թիվ-3»-ի, 10 հրշեջ խումբ է աշխատում (լուսանկարներ)

Ադրբեջանցի բլոգեր ներկայացած այդ անձը պատկառելի հեռավորության վրա էր հարց տալիս, ամեն բան վերահսկելի էր․ Կարապետյան

Երեւանում խոշոր հրդեհ է բռնկվել. այրվում է «Դոլմամա» ռեստորանը, հրդեհ է նաեւ կողքի շենքի տանիքում

ՀՀ վարչապետն ու տիկինը այցելել են Միլանի կաթոլիկ տաճար (տեսանյութ)

Սեմյոնովկա գյուղի գոմում բռնկած հրդեհի հետևանքով 70 ընտանի կենդանի է սատկել

ՀՀ-ում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպանն այցելել է Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան

Ուրիշի անվամբ ձևակերպել և ստացել է վարկ. ՔԿ-ն փնտրում է (լուսանկար)

Կոտայքի մարզի զինկոմիսարիատում քաղաքացին դանակով հարվածել է քաղծառայողի դեմքին

Երեւանի «Հակոբ Կոջոյան» կրթահամալիրը ենթակա է ապամոնտաժման. գործը ձգձգվում է (լուսանկարներ)

Ազդեցիկ ադրբեջանցին Եվգենի Պետրոսյանին ասել է, որ կարող է նրան գաղտնի Ադրբեջան տանել՝ հոր գերեզմանին

Տավուշի ոստիկանները 4 տարի առաջ կատարված ոսկե շղթայի գողություն են բացահայտել (տեսանյութ)

Արմեն Սարգսյանը Կատարի ղեկավարին հրավիրել է պաշտոնական այց կատարել Հայաստան

ՀՀ տարածքում ճանապարհներն անցանելի են. Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի մեքենաների համար

Նոյեմբերի 28-ը կնշվի՝ որպես Հատուկ քննչական ծառայողի օր

Կենդանաբանական այգու տնօրենի ազատման դիմումը ստորագրվել է. Իրանից հրավիրված փոխտնօրենը ՀՀ քաղաքացիություն կստանա

Հեղափոխակա՞ն է 2020 թվականի բյուջեն, թե՞ ոչ. պատգամավորի կարծիքով՝ քաղաքացին իր կաշվի վրա կզգա դա

Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր 2020 թվականի ձմեռային զորակոչ եւ զորացրում կատարելու մասին

ՀՀ վարչապետը Միլանում հանդիպել է Լոմբարդիայի շրջանի փոխնահանգապետի հետ (տեսանյութ)

Ադրբեջանից բռնագաղթած, ժամանակավոր կացարանում փաստացի բնակվող 112 ընտանիքի համար ձեռք կբերվեն բնակարաններ