Երևան
12 °C
Հայոց ցեղասպանության ճանաչման խնդիրը, ցավոք սրտի, տասնամյակներ շարունակ եղել է միջազգային քաղաքական առեւտրի զինանոցի մի մաս, եւ հիմա այն կրկին օգտագործվում է։
«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը՝ խոսելով ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից ձայների ճնշող մեծամասնությամբ Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 296 բանաձեւն ընդունելու մասին։
Մելքոնյանը իր գնահատականներում ավելի զուսպ է, տեղի ունեցածը պատմական իրադարձություն չի որակում, սակայն կարեւորում է հարցի այն կողմը, որ գերտերություն ԱՄՆ-ի քաղաքական օրակարգում եւ Ներկայացուցիչների պալատի օրակարգում դրվել է Ցեղասպանության ճանաչման խնդիրը, եւ, ըստ էության, ընդունվել է կոնսենսուսով. ե՛ւ հանրապետականները, ե՛ւ դեմոկրատները այս հարցում միասնական են եղել:
«Կարող ենք ասել՝ սա Ներկայացուցիչների պալատի միասնական գնահատական է։ Բայց երբ նայում ենք մի փոքր այլ տեսանկյունից, կարող եմ ասել, որ ընդունման փաստը համընկնում է Թուրքիա-Ամերիկա հարաբերությունների լարվածության, տարածաշրջանային տարբեր խնդիրների հետ, որտեղ Թուրքիան եւ ԱՄՆ-ն գնալով հայտնվում են հակադիր բեւեռներում»,- ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ, մենք, բնականաբար, պետք է ողջունենք բանաձեւի ընդունման փաստը, բայց, միեւնույն ժամանակ, հասկանանք եւ ընկալենք, որ դա պայմանավորված է ԱՄՆ-ի քաղաքական շահերով եւ ամենեւին չի բխում նրա հայանպաստ ու հումանիստական մոտեցումներից:
«Սրանով ամենեւին չենք ստորադասում այն հայամետ կոնգրեսականներին, որոնք նույնիսկ տասնամյակներով են պայքարել հայկական խնդիրների, ցեղասպանության միջազգային ճանաչման համար, եւ նրանց անկեղծությունը չստվերելով՝ կարծում եմ, որ քվեարկության նման պատկերը խոսում է ԱՄՆ-ի պետական շահի առկայության մասին»։
Մելքոնյանը նկատեց, որ բանաձեւի նախնական տեքստում երկու հանգամանք կա, որոնք բավականին ուշագրավ են։ Առաջինն այն է, որ բավական շատ է խոսվում ԱՄՆ-ի դերի մասին եւ բավական քիչ է խոսվում Հայոց ցեղասպանության եւ հայրենազրկման փաստի մասին, մեկուկես միլիոն հայերի նաեւ մշակութային կորստի մասին, եւ երկրորդը, որ նշվում է այդ նույն տարիներին ժողովուրդների կոտորածի հանգամանքը:
«Իհարկե մենք, որպես ցեղասպանությունը դատապարտող առաջամարտիկ պետություն, ընդհանրապես դեմ ենք այդ համամարդկային չարիքին, բայց, այնուամենայնիվ, Հայոց ցեղասպանությունն ունի իր բացառիկությունը, իսկ բանաձեւում նշվում է նաեւ այլ ժողովուրդների կոտորածների մասին։ Սա, կարծում եմ, բացառիկությանը կարող է մի փոքր ստվեր նետել»։
Այնուամենայնիվ, մեր զրուցակցի կարծիքով, բանաձեւի ընդունումը հետաքրքիր իրողություն է այն առումով, որ այն կարող ենք օգտագործել նաեւ քարոզչական տիրույթում, քանի որ ե՛ւ համաշխարհային մեդիայում, ե՛ւ քաղաքական օրակարգում ճանաչման փաստն արդեն որոշակի ներկայացվածություն ունի, եւ մենք կարող ենք այդ փաստը համալրել՝ մեր տեսակետներն ավելի շատ դնելով շրջանառության մեջ.
«Ես այն տեսակետին եմ, որ պետք չէ շատ ոգեւորվել, պետք է զգաստ լինել, գիտակցել, որ այս ամենը իրավական հետեւանք չունի, դրանք ավելի քաղաքական եւ քարոզչական են, ուստի մենք էլ պետք է խաղանք խաղի այդ կանոններով»։
Մեր հարցին, թե ի վերջո ինչպե՞ս պետք է «թղթե շերեփ»-ից անցնենք «երկաթե շերեփ»-ի ու աշխարհաքաղաքական այս «շիլայից» մեր բաժինը վերցնենք, Ռուբեն Մելքոնյանը պատասխանեց.
«Միանշանակ ճիշտ եք նկատում, եւ կարծում եմ, որ տարիներով, տասնամյակներով մեր ժողովրդի համար ամենամեծ խնդիրը եղել է այդ «թղթե շերեփ»-ի ընկալումը եւ վաղուց ժամանակն է «երկաթե շերեփ» ունենալու։ Դրա առաջին գրավականը իրատեսությունն ու հարցերին ռեալիստական մոտեցումն է։ Ըստ իս՝ այս փաստը, ընդհանրապես Հայոց ցեղասպանության խնդիրը մենք պետք է կարողանանք ճիշտ քարոզչական տարրերով ու փաստագրական հենքով, քարոզչական ճիշտ հնարքներով ներկայացնել քաղաքագիտական հանրությանը եւ դրա տակ տեսնել ռեալիստական խնդիրներ, այլ ոչ թե բարոյական հաղթանակներ կամ հոգեբանությունը շոյող գնահատական»։ Մեր զրուցակիցը շեշտեց՝ «երկաթե շերեփ»-ն ու հայ ժողովրդի իրատեսական մոտեցումները զուգահեռներ են։
Մելքոնյանի կարծիքով՝ վերջին շրջանում Սիրիայի հյուսիսում Թուրքիայի գործողությունները եւս այն հանգամանքներից էին, որոնք ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատին այս քայլին դրդեցին.
«Հիմա խոսում ենք թուրք-ամերիկյան հարաբերությունների մասին, եւ Սիրիայի իրադարձությունները առաջնային դրվագներից են այս հարցում։ ԱՄՆ-ի այս քայլն անպայմանորեն Թուրքիային ուղղված մեսիջ ուներ՝ կապված ԱՄՆ-ի հանդեպ նրա վերաբերմունքի հետ։ Չնայած օգտագործվող այս զենքն ունի մի փոքր հնացած վիճակ, բայց, ցավոք, Թուրքիային անընդհատ սպառնացել են Հայոց ցեղասպանության ճանաչմամբ։ Երբեմն կիսաքայլեր են արել, երբեմն՝ թեժացրել քննարկումները»։
Ըստ մեր զրուցակցի՝ Թուրքիայի համար այս քայլն անսպասելի չէր, եւ նրանց պատասխանները խնդիրը ներկայացնում են զուտ որպես ԱՄՆ-ի քաղաքական շահի արձանագրում. Թուրքիան խուսափում է պատմական պատասխանատվությունից, բանաձեւի ընդունումը ներկայացնում որպես պատժիչ գործողություն իրենց նկատմամբ՝ իրենց ինքնուրույն քաղաքականության համար։
Թե այս իրադարձությունից հետո Թուրքիան ինչ վարքագիծ կարող է դրսեւորել, Մելքոնյանի խոսքով՝ նրանց զինանոցի տարրերը նույնպես կանխատեսելի են. ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւի ընդունման առիթով Անկարայում ԱՄՆ դեսպան Դեյվիդ Սաթերֆիլդին կանչել են Թուրքիայի արտգործնախարարություն, թուրքական մամուլն էլ բանաձեւի ընդունումը դիվանագիտական սկանդալ է որակում:
«Մինչ այժմ էլ Թուրքիան դրսեւորել է նմանատիպ վարքագիծ, դիվանագիտական որոշակի քայլեր, հայտարարություններ, նաեւ որոշ տնտեսական բնույթի քայլեր, բոյկոտ, հակաամերիկյան ցույցեր եւ այլն։ Չմոռանանք, որ թուրքական հասարակությունը համարվում է ամենահակաամերիկյան հասարակությունը»,- ասաց մեր զրուցակիցը՝ չբացառելով, որ այս անգամ էլ վիզուալ դրսեւորումներ կլինեն՝ բողոքի հանրահավաքներ եւ այլն։
Ինչ վերաբերում է Թուրքիայում բնակվող հայերի անվտանգությանը՝ Մելքոնյանի կարծիքով՝ նրանք գրեթե միշտ վտանգի տակ են.
«Մենք նկատում ենք, որ ամեն արտաքին ազդակ կարող է վերածվել ներթուրքական զարգացումների, որոնց թիրախը կարող են դառնալ հայերը, եւ դրա օրինակները քիչ չեն, երբ Թուրքիան արտաքին քաղաքականության ինչ-ինչ խնդիրների պատճառով թույլ է տվել ծայրահեղական կազմակերպություններին հարձակվել հայկական դպրոցների, եկեղեցիների վրա։ Կարծում եմ՝ վտանգը հիմա էլ կա»։ Մեր զրուցակիցը նաեւ ասաց, որ գուցե տեղի հայերը իրենց որոշակի անվտանգությունը ապահովելու համար անեն այն, ինչ արել են ողջ 20-րդ դարի ընթացքում՝ զգուշավոր եւ թուրքական իշխանություններին պաշտպանող հայտարարություններ այն կոնտեքստում, որ պետք չէ խառնվել հայ-թուրքական հարաբերություններին եւ այլն։
Այդուհանդերձ, Ռուբեն Մելքոնյանը կարծում է, որ Ներկայացուցիչների պալատի կողմից բանաձեւի ընդունումը կարող է ակտիվացնել Հայոց ցեղասպանության խնդրի լուծումը տարբեր ոլորտներում։
«Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թեւան Պողոսյանը եւս համաձայն է այն տեսակետի հետ, որ բանաձեւի ընդունումը նախ եւ առաջ ԱՄՆ-ի զինանոցի զենքերից մեկն էր։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն ժամանակին ընդունել էր մի բանաձեւ, որտեղ օրենքով պարտադրվում էր, որ ԱՄՆ նախագահն ամեն ապրիլի 24-ին ուղերձով հանդես գա, եւ այդքանը իրենց բավարար էր, որ Թուրքիայի հանդեպ ունենան զսպման գործիքակազմ: «Երբ գալիս էր այդ օրը, թուրքերը պայքարում էին, որ ցեղասպանություն բառը չհնչի, եւ այդ պայքարի ժամանակ ամերիկյան ադմինիստրացիան ինչ խնդիրներ ուներ՝ դեմ էր տալիս Թուրքիային, եւ նա էլ ստիպված ենթարկվում էր։ Իսկ հիմա, երբ ԱՄՆ-ն հասկացել է, որ այդ մի հայտարարությունը բավարար չէ, շատ ուրախ են եղել այս տեսակի շարունակության համար»,- ասաց մեր զրուցակիցը՝ նշելով, որ սա առաջին անգամ չէ, որ մենք հասնում ենք համարյա մինչեւ վերջին կետը, բայց ամերիկյան ադմինիստրացիան, առանց ժխտելու իրողությունը, ասել է, որ դա իրենց այդ պահին պետք չէ։
Պողոսյանի խոսքով՝ բանաձեւի ընդունումը մի մակարդակ բարձրացում էր, ավելի հզոր զինատեսակ՝ Թուրքիայի դեմ։ Մնացյալ հարցերը թուրք-ամերիկյան հարաբերությունների տիրույթում են, եւ մենք արդեն պետք է մեր ճանապարհը անցնենք.
«Այստեղ գալիս է ամենակարեւոր ընկալումը, որ մենք պետք է ոչ միայն ուրախանանք, շնորհակալություն հայտնենք ԱՄՆ-ի ժողովրդին, Ներկայացուցիչների պալատին, մեր սփյուռքյան կառույցներին եւ այս հարցում իրենց լուծման ներդրած յուրաքանչյուր անձի, այլ նաեւ պետք է հասկանանք, որ հենց վաղվանից մենք պետք է ամբողջովին, ավելի մեծ թափով սկսենք աշխատել։ Մենք պետք է ամեն ինչ անենք, որ նաեւ Սենատում հասնենք հաջողության»,- ասաց Պողոսյանը՝ ընդգծելով, որ սրա համար երկար եւ դժվար ճանապարհ կա անցնելու։
Մեր հարցին՝ ի վերջո ո՞ր դեպքում Ցեղասպանության ճանաչման հարցը կդրվի Թրամփի սեղանին, Պողոսյանը պատասխանեց.
«Ինչքան էլ ներկայացվի, որ բանաձեւն ընդունողները սա արել են դրդված բարոյական խնդիրներից եւ այլն, այնուամենայնիվ, երբ այն դառնա օրենք, դառնալու է գործիք, որով ԱՄՆ-ն հարաբերվելու է Թուրքիայի հետ։ Հիմա Թուրքիան վերջին մի քանի ամիսներին ավելի ինքնուրույն քաղաքականություն է վարում, ըստ այդմ՝ կան խնդիրներ։ Եթե առաջ ենթարկվում էր, հիմա ինքնուրույն քաղաքականություն է վարում, հիմա այնպիսին չէ, ինչպիսին կցանկանար ԱՄՆ-ն, եւ այս իմաստով ձուլվում է այս գործիքակազմը, որով պետք է առաջ գնալ։ ԱՄՆ-ն առաջնորդվելու է պետական շահով, յուրաքանչյուր գերտերություն պետք է այդպես անի, մենք էլ մեր հերթին եւ մեր շահերից ելնելով պետք է պայքար տանենք։ Իսկ Ցեղասպանության ճանաչման հարցը կնստի Թրամփի սեղանին այն րոպեին, երբ ԱՄՆ-ն հասկանա` վերջ, մնացել է ճանաչումը, որ Թուրքիան ենթարկվի։ Եթե իրենք մինչ այդ զգան, որ կա հնարավորություն, եւ Թուրքիան հետ է կանգնում իր քայլերից, սկսում է ավելի շատ ենթարկվել, կարող է եւ մինչեւ վերջ տեղ չհասնի փաստաթուղթը. պետք է պայքարենք մինչեւ վերջ։ Սա ճանապարհ է, որը գալու է, հիմա մենք մեր շահերով պետք է առաջ գնանք մեր խնդիրները լուծելու համար»,- եզրափակեց Թեւան Պողոսյանը։
Հիշեցնենք, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 296 բանաձեւի ընդունումը լայն արձագանք ստացավ հայ եւ միջազգային հանրության շրջանում։
Ամերիկյան ժողովրդին ներկայացնող, 435 անդամ ունեցող բարձրագույն մարմինը 90%-անոց վստահությամբ՝ 405 կողմ ձայնով, վերահաստատեց, որ այն, ինչ տեղի է ունեցել նախորդ դարասկզբին, անհնար է որակել այլ բան,քան ցեղասպանություն:
Բանաձեւն, ի դեպ, ընդունվեց Թուրքիայի հանրապետության օրը՝ հոկտեմբերի 29-ին: Քաղաքագիտական տարբեր շրջանակներ այս իրադարձությունը որակեցին իրավամբ պատմական, եւ նույնիսկ՝ հաղթական։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ՊԵԿ-ը ներկայացրել է հունիսի 1-30-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները
Իրանում նավագնացության ծովային կենտրոնը վնաuվել է ԱՄՆ-ի hարվածի հետևանքով
Ավտովթար Նուբարաշեն-Մասիս ճանապարհին. մոտոցիկլը կողաշրջվել է
Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվեն պրոպան և պարարտանյութեր
Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-5 աստիճանով
Ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը. ինչ է այն և ինչպես է կազմակերպվելու
Իրանի Մաշհադ քաղաքում այրել են Դոնալդ Թրամփի՝ LEGO-ից պատրաստված ֆիգուրը. տեսանյութ
Արձակուրդիս առաջին օրը այցելեցի Էրեբունի թանգարան. վարչապետ
Թուրքիան ռուսական S-400-ներ է վաճառելու Պարսից ծոցի երկրներից մեկին
Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը փակ կլինի օգոստոսի 10-31-ը
Որքան է կազմում Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում
Ջերմուկի համայնքային ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարդավառին փակ կլինի տրանսպորտային միջոցների մուտքը Հանրապետության հրապարակ և հարակից փողոցներ
Կոռուպցիոն գործեր հսկող դատախազներն ընտրական հանցագործությունների վերաբերյալ 43 քրվարույթ հանձնել են դատարան
Մարոկկոյի հավաքականի երկրպագուները թիմի պարտությունից հետո Լոնդոնում անկարգություններ են կազմակերպել
Վրաերթ Կոտայքի մարզում. տուժածը տեղում մահացել է
Արձակուրդը՝ արձակուրդ, բայց չենք մոռանում ՀԴՄ-ի մասին. վարչապետ
Կիևյան կամրջի հիմնանորոգումն ընթանում է նախատեսվածից ավելի արագ տեմպերով. տեսանյութ
Ուկրաինան շուտով ԱՄՆ-ից կստանա Patriot համակարգերի համար նախատեսված hրթիռները. Զելենսկի
Բասկետբոլի Հայաստանի Մ20 հավաքականը մեկնել է Բրատիսլավա
Ազատումներ, նշանակումներ, փոխադրումներ. Գլխավոր դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
Ծանրամարտի պատանիների ԱԱ. երկամարտի 301 կգ արդյունքով Հարություն Ավետիսյանը 5-րդն է
AECOM-ի թիմն ու ՀՀ կառավարության գործընկերներն ուսումնասիրել են TRIPP-ի տեղանքը
Տավրոս Սափեյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
Ժաննա Անդրեասյանն ու Ֆրանսիայի ազգային կրթության նախարարը քննարկել են համագործակցության հեռանկարները
«Տեսլա»-ն, Դիլիջանի ոլորաններից մի քանի պտույտ գլորվելով, բախվել է ծառերին և կողաշրջվել․ կան վիրավորներ
Բասկետբոլի Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը C դիվիզիոնի առաջնության կիսաեզրափակիչում է
Ժաննա Անդրեասյանն այցելել է Փարիզի Hôtel Drouot աճուրդային կենտրոն․ ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել
Ռուսաստանն այլևս չի հավատա, որ Արևմուտքը ցանկանում է Ուկրաինայի հարցի բանակցային լուծում․ Լավրով
Ժաննա Անդրեասյանն ու Էլեոնոր Կարուան կարևորել են ֆրանսերենի ու ֆրանկոֆոն արժեքների տարածումը
Մանվել Վարդանյանը` շախմատի Եվրոպայի մինչև 10 տարեկան պատանիների կայծակնային շախմատի փոխչեմպիոն
Բունդեսթագը մերժել է Ուկրաինային անհապաղ աջակցություն տրամադրելու նախագիծը
Ընտրությունների արդյունքները ՌԴ-ի սրտով չեն. ուզում են տնտեսությունը հասցնել ցնցումային վիճակի. տեսանյութ
Վաղարշակ Հակոբյանը չի վերցնի պատգամավորական մանդատը
Լքում են խորտակվող նավը. ռուսաստանցի օլիգարխը ցուցակում պահում է միայն ենթարկվող մարդկանց. տեսանյութ
Արեգնազ Մանուկյանը կալանավորվել է
Բասկետբոլի Մ16 տարեկանների կանանց ընտրանին ԵԱ կիսաեզրափակիչում է
Մարդիկ՝ Ծառուկյանի առյուծների վանդակում. «ամենասպորտսմեն»-ը դարձավ իր իսկ պահարանի «դիակների» զոհը
ՀԾԿՀ պատվիրակությունը մասնակցում է WSIS Forum 2026-ին. Մեսրոպ Մեսրոպյանը ելույթով է հանդես եկել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT