«Վարչապետը պիտի վստահի մեզ, մենք՝ իրեն. ա'յ, այս միասնությունից է միայն սարսափում այդ խառնամբոխը»

03/10/2019 schedule14:12

Հանկարծ բանաձևն իմանայի ու ասեի, պատկերացնու՞մ եք…Չնայած ժամանակակից աշխարհը, պարզվում է, հորինել է «սիրո քիմիան». ես ամենայն լրջմիտ պատասխանատվությամբ եմ ասում «հորինել» բայը, որովհետև ինչքան էլ գիտնականները պեղեն կեսաբանության խորխորատները, կյանքը վերջին շնչում անգամ ցանկալի լինելու առեղծվածն է: Այս ցանկալին առեղծվածի հետ մտորումի նոր տեսադաշտ է բացում, և նույնիսկ երջանկությունը կարող ես գաղտնազերծել այնպիսի արդարացումով, իբր այն անբացատրելի է: Հակառակ դեպքում հիմա, իրոք, կասեի համընդհանուր ընդունված բանաձևը և ոչ թե հերթական՝ ինձնից առաջ ու հետո՝ որմիլիոներորդ անգամ, կփորձեի գոնե հարգանք ներշնչող պատասխան գտնել: Ես, օրինակ, դեմքի լուրջ արտահայտությամբ կարող եմ փորձել ներկայացնել, թե սոցիալական ո՛ր խավի ներկայացուցչի համար երջանկության «կոնստրուկցիան» մոտավորապես ինչպիսին է… Բայց արժե՞… Ուրեմն՝ սահմանափակվեմ կարճ դիտարկումով՝ երջանկության զգացումը արժևորվում է միայն նրա գիտակցումով ու գնահատանքով՝ ա՛յդ պահին, ա՛յդ ժամին կամ ժամանակին: Թե չէ թևաթափ անող նախադասություն կա՝ «Ցավոք, նոր եմ միայն հասկանում, թե ինչքա՜ն երջանիկ էի այն ժամանակ…»:

Եվս մի դիտարկում. բանական մարդը, ում ընտանիքը, աշխատանքը, հոգևոր ու զգացմունքային կյանքը առավելապես համապատասխանում է երջանկության ի՛ր ստեղծած մոդելին, չի կարող բավարարվել այդքանով, եթե նրա կողքին կա մեկը, ում երեխան սոված է քնում:

Անձնական երջանկություն.

Եթե համեմատեմ ուսանողական տարիներիս ու այսօրվա զգացողությունս… Կյա՞նքն է մեզ փոխում, թե՞ ինքներս՝ մեզ: Կամ ո՞վ ասաց, որ փոխվում ենք, եթե անձնական կոչված  երջանկության սպասումը և որպես հետևանք՝ ոգևորությունը կամ հիասթափությունն ընդամենը ավելացնում են կենսափորձդ կամ դեմքիդ դառնում կնճիռ, և արդեն կարևոր չէ՝ ծիծաղի՞ց, թե՞ լացից է առաջացել այդ կնճիռը: Թե՞ կարևոր է… գոնե քեզ համար:

Ընդհանրապես, խուսափում եմ նման թեմաներով խոսելուց. կամ պիտի անչափ անկեղծանաս /ինչն անլուրջ է/, կամ՝ չափավոր խաղաս /ինչն անընդունելի է, հարգանքս լսարանի հանդեպ՝ քննարկման ենթակա չէ, աքսիոմա է/: Հիշեցի իմ Սարոյանին՝ «այնտեղ, ուր ես ծնվել եմ, մարդիկ բարեկիրթ են»,- մոտավորապես այսպես: Ուրեմն՝ շա՜տ անձնականը պահեմ իմ խոստովանասնդուկում, իսկ որպես միջին վիճակագրական-անձնական` այսպես բանաձևեմ. «Գիշերվա այն ժամը, երբ գիտեմ, որ իմ ամենահարազատները խաղաղ քնած են: Մորս ձայնն էլ լսափողի մեջ, ինչպես միշտ, առույգ էր ու խաղաղ: Ու հիմա կարող եմ նստել սպիտակ թղթի առաջ»:

Մասնագիտական երջանկություն.

Կարծում եմ` այդ երջանկության հիմքը պիտի լինի իմացությունն ու գիտելիքը: Հենց այնպես չեն ասում՝ սովորել ամբողջ կյանքում: Կասեի՝ ամեն օր: Եթե տիրապետում ես աշխատանքային «դաշտին», գիտես նրա որոգայթները, դժվարությունները, հնարավորություններն ու հեռանկարները՝ քո հենարանը վստահությունն է: Երևի սա է Ձեր ասած մասնագիտական երջանկության բանաձևը:

Եվս մի դիտարկում՝ որքան ավելանում է իմացությունդ, այնքան ավելի ես գնահատում դիմացինի իմացությունը: Այս նախադասության մեջ նշանային բառը գնահատելն է: Երջանկության բաղադրիչներից մեկը գնահատել կարողանալն է: Երբ լավ ներկայացում եմ տեսնում կամ մեր գրողներից մեկի լավ վեպը կամ բանաստեղծական շարքն եմ կարդում և անկեղծորեն ուրախանում-հիանում եմ, ուրեմն մի շնչում քաղաքի կեսին պիտի տեղեկացնեմ այդ մասին, մի լավ շունչ քաշեմ, որպեսզի քաղաքի մյուս կեսին էլ ասեմ: Ասածս չափազանցված պատկերավոր ստացվեց քաղաք իմաստով, բայց իրականության դեմ մեղանչում չկա:

Մասնագիտական երջանկության մյուս բաղադրիչը նախանձի բացակայությունն է: Պիտի կարողանաս չնախանձել: Քեզ պիտի շրջապատես շնորհալի, տաղանդավոր մարդկանցով: Իհարկե, քո ներսում լա՜վ թաքնված մեկը կարող է մտավախություն ունենալ, թե նրանք քեզնից առաջ կանցնեն… Այդ լա՜վ թաքնվածին պետք է կարողանաս լռեցնել, իսկ վախը չեզոքացնես մրցակցությամբ, բայց՝ ազնիվ մրցակցությամբ: Նախանձն իր բոլոր դրսևորումներով`անձնական, մասնագիտական ու էլ ինչ իմանամ՝ ինչպիսի, պիտի տեղ չունենա քո կյանքում, եթե ուզում ես հաշտ ապրել ինքդ քեզ հետ: Սարսափում եմ նախանձ մարդկանցից: Չէ, ես էլ շատ լավ կարող եմ նախանձել, բայց ինձ թույլ չեմ տա, որովհետև գիտեմ, որ դրանից հետո այլևս չեմ կարողանա գրել: Սա իմ կյանքի օրենքներից մեկն է:

Երբ նոր պիես են բերում «Դրամատուրգիա» հանդեսի համար, այնպե՛ս եմ ուրախանում, եթե պիեսն իրոք լավն է: Ուրախանում եմ որպես հանդեսի հիմնադիր ու խմբագիր, ուրախանում եմ որպես դրամատուրգ, որովհետև միայն լավ պիեսների առկայությունը մեր թատերական ու գրական դաշտում կարող է նաև ինձ խթանել՝ նոր, ավելի լավ գործ գրելու համար: Տարիներ առաջ մեր գրողներից մեկն անկեղծ զարմանքով հարցրեց, թե ինչո՞ւ ամեն համարում ինձնից բացի այլ կին գրողների պիեսներ եմ դնում, չէ՞ որ այնտեղ կարող եմ միայն ես լինել ու դրա հնարավորությունը ունեմ որպես խմբագիր: Սարսափեցի այդպիսի հեռանկարից, որովհետև դաշտն ամայացնողը այդ նույն դաշտը ծաղկեցնող չի կարող լինել՝ սա էլ բումերանգի օրենք է:

Այո, կին դրամատուրգները քանակով զիջում են, բայց միայն քանակով: Եվ սա ասում եմ հպարտությամբ: Աննա Պետրոսյան, Անահիտ Թոփչյան, Արմինե Նալբանդյան, Աստղիկ Սիմոնյան, Հասմիկ Չարենց, Սոֆի Միրզոյան, Սուսաննա Հարությունյան, Անահիտ Արփեն, Անուշ Ասլիբեկյան, Արմենուհի Սիսյան, Սառա Նալբանդյան… պարզապես պետք է կարդալ նրանց գործերը /օգտվեմ պատեհ առիթից և տեղեկացնեմ՝ կարող եք կարդալ tatron-drama.am կայքում - Կ.Խ./ և հավատացեք` ձեր ոգևորությունն իմինից պակաս չի լինի: Ի դեպ, մի քանի ամիս առաջ, երբ Արմենուհի Սիսյանն ուղարկեց «Ագռավն ասաց» մոնոպիեսը, կարդալուց հետո` կեսգիշերն անց, ոգևորված նրան գրեցի, որ պիեսը ոչ միայն կտպագրվի, այլև անպայման կբեմադրվի: Եվ բեմադրվե՛ց:

Հանրային երջանկություն.

Դուք նկատե՞լ եք, որ վերջին ժամանակներս մենք, կարծես, ազատվել ենք մի սարսափից. դեռ անցյալ տարի ամեն առավոտ բացում էի համակարգիչը, և առաջին միտքը՝ գիշերը սահմանին հանգի՞ստ էր: Իմ ամեն առավոտն սկսվում էր այդ սարսափով: Աչքով չտամ, հիմա, կարծես, սահմանում համեմատաբար հանգիստ է: Պատկերացրեք` առավոտյան արթնացել ես, տունդ խաղաղ, երկինքը` կապույտ, իսկ դու կարդում ես՝ սահմանին էլի զոհ... Վերջացա՛վ: Օրը չսկսված` արդեն վերջացավ: Մենք, թեկուզ չհայտարարված, բայց պատերազմի մեջ ենք, և հանրային երջանկության գրավականը մեր խաղաղ սահմանն է: Առիթն օգտագործեմ ու հարցնեմ՝ ժողովուրդ, երբ հերթական զինվորական ճաշարանն են բացում, դուք է՞լ, նախապես զննելով սնունդի առատ տեսականին, այդ օրը մի փոքր ավելի հանգիստ խղճով եք ճաշակում ձեր հանապազօր հացը:

Հիմա օրակարգային է դարձել Ամուլսարը: Մի քանի օր առաջ տեսանյութ էի նայում ու հանկարծ մտածեցի՝ այս սարը որքան հարստություն ու միաժամանակ վտանգ է պահում իր ընդերքում, նույնքան գայթակղություն ու աղետ է տարածում ոչ միայն շրջակա միջավայրի՝ ամբո՛ղջ երկրի վրա: Հիմա արդեն «Սար, թե հանք» չէ հարցադրումը, այլ՝ վաղվա օրը ինչպիսին կլինի՝ զարգացող, կանաչ տնտեսությամբ, բարձր տեխնոլոգիաների երկի՞ր, թե՞ հանքահենությամբ հետընթաց նահանջով օտարին հումք մատակարարող տարածք՝ ապականվող ու ամայացող: Հաջորդ վտանգն այն է, որ թացն ու չորը խառնվել է. երկրի ապագայով տագնապած ու պայքարող ազնիվ տեսակին է «միացել» անձնական շահով առաջնորդվող խառնամբոխը՝ օտարին սպասարկու և ծախու: Միամիտ չենք՝ ամեն օր ականատես ու վկա ենք դառնում՝ ինչ խարդավանքներ են հյուսվում մեզ համար կյանքի խնդիր դարձած խնդրի շուրջ: Ամուլսարը, ժառանգվելով նախորդ վարչակարգից, փորձաքար է դարձրել մեր երկրի, մեր հեղափոխության, մեր վարչապետի համար: Որ հաղթահարելու ենք՝ համոզված եմ, նույնիսկ կարծում եմ` գիտեմ՝ ինչպես: Վարչապետը պիտի վստահի մեզ, մենք՝ իրեն. ա'յ, այս միասնությունից է միայն սարսափում այդ խառնամբոխը: Թավշյա հեղափոխության նպատակը մեկ անձի հեռացումը չէր, այն մեր ազատ, ժողովրդավար, հուսալի երկրի ստեղծման հույսն ու հավատն էր: Գիտեմ, ծանր է լինելու որոշում ընդունելը, բայց գիտեմ նաև, որ միասնական կամքի դեմ անզոր են անգամ աշխարհի հզորները:

Հանրային երջանկության չափանիշը արդարությունն է և օրենքի գերակայությունը: Եթե ես իմանամ, որ այս մի օլիգարխը /խոսքը գործարարների մասին չէ, այլ հե'նց օլիգարխների. թե՞ հիմա ասում են, որ օլիգարխ չկա - Կ.Խ./, այս պատգամավորը, այս գյուղացին և ես նույն իրավիճակում հայտնվելով նույն հանգուցալուծումը կստանանք օրենքի կողմից՝ ես հանգիստ կապրեմ:

Հիմա շատ է ասվում, թե չարությունն ավելացել է, մարդիկ ուզում են վրեժխնդիր լինել: Այսպիսի օրինակ բերեմ` տասնյակ տարիներ`ամեն ընտրության ժամանակ, իմ հարևանն իմ աչքի առաջ փող է բաժանել, իր չափով մասնակցել ընտրությունները կեղծելուն, իսկ ես ամեն անգամ գնացել եմ ընտրելու՝ նախապես իմանալով պարտված լինելս: Անարդարացի՛ պարտված լինելս: Որի մեջ իր «արդար» բաժինն ուներ այդ հարևանս: Ինչքան էլ ինձ համոզեի, նրան մերձավորիս հանգույն սիրել չէի կարող: Վերջին ընտրություններին նա «գործազուրկի» կարգավիճակում էր: Ես՝ իմ ձայնի տերը: Հիմա ընտրակաշառք բաժանող հարևանիս կողքով անցնում եմ հանգիստ, անչար:

 

Երջանիկ երկիր, երջանիկ հասարակություն.

1995 թ. «Գարունը» փակվելու եզրին էր, ֆինանսական աղետալի վիճակ էր: Խմբագրության կողմից գործուղվեցի ԱՄՆ՝ Լոս Անջելես, «Գարունի» համար բարեգործական երեկույթ կազմակեպելու համար: Համայնքի գործուն մասնակցությամբ առաքելությունս բարեհաջող արդյունք ունեցավ: Այդ ընթացքում հասցրեցի ծանոթանալ և' նոր գնացած, և' վաղուց այնտեղ ապրող հայերի հետ, ինչ-որ չափով կարողացա հայտնաբերել այն Ամերիկան, որն ամեն օր ապրում ու ստեղծում է մարդու կյանքն ավելի բարեկեցիկ դարձնելու համար, որտեղ երեխան, ծերն ու հաշմանդամը պետության ամենա-ամենա ուշադրության կենտրոնում են. պատկերացրեք  պատերազմի սպիները դեռ չամոքած, հովհարային անջատումներով ու շուկայական ջունգլիներում դեգերող երկրից եկածիս էմոցիաները: Ես տեսա, թե ինչ հրաշալի երկիր է Ամերիկան: Բայց մի վայրկյան մտքովս չանցավ մնալ այնտեղ, թեպետ աշխատանքի առաջարկ էլ ստացա: Ինչո՞ւ վերադարձա՝ որովհետև Ամերիկան շատ լավ երկիր է այնտեղ ծնված ամերիկացու համար: Այսքան երկար-բարակ ինչո՞ւ պատմեցի. եթե ուզում ես ապահովության զգացողությունն ունենալ, քո երկրից, քո հողից ես զգալու: Եթե դեռ չկա այդ ապահովությունը, ուրեմն դու պիտի ստեղծես: Իմ ծննդավայրը Ախալքալաքն է` փոքր հայրենիքս, որտեղ իմ հայրական տունն է, իմ ազգականներն են, հորս գերեզմանն է, և ունեմ մեծ հայրենիք` Հայաստանը, որտեղ իմ կյանքն եմ ապրում: Ես աշխարհի քաղաքացի եմ, աշխարհի որ երկրում ասես՝ ինձ հանգիստ ու ներդաշնակ եմ զգում: Կես ժամում էլ ճամպրուկս կհավաքեմ ու կթռչեմ հերթական երկիրը, բայց մեկ պայմանով` պիտի վերադառնամ: Սա պաթոս չէ: Ես այսպես ապրում եմ: Սա իմ կյանքն է: Ամուսինս ծառայությունից հետո Պետերբուրգում բնակարան ստացավ: Ես այդ տուն ոտք դրած չկամ, թեպետ փառատոնի էի գնացել Պիտեր՝ Ագնեսա Շահնազարյանը խաղաց իմ «Պենելոպեն» /անզուգական բեմադրությունը՝ Վահե Շահվերդյանի Կ.Խ./ և գերեց ոչ միայն հանդիսատեսին, այլև վախենալու չափ խստապահանջ ժյուրիին: Բայց չշեղվեմ: Ինձ հետաքրքիր չէ այդ բնակարանը, այն չի կարող իմ տունը դառնալ, որովհետև հարազատներս, ինձ թանկ մարդիկ այստեղ են, իմ գործն է այստեղ:

Ու թեպետ ես բաց եմ աշխարհի առաջ, աշխարհն էլ` իմ առաջ, միևնույն է` ինձ համար կարևորը իմ Հայաստանն է, իմ Երևանն է: Գավառի դրամատիկական թատրոնում իմ «Արամն այստեղ է ապրում» պիեսն էին բեմադրել: Ներկայացման ավարտին գլխավոր հերոսի հարևանուհին հանդիսատեսներին նոր թխած հաց էր բաժանում. ռեժիսորի մտահղացումն էր: Էլ որտե՞ղ այսպիսի թատրոն կարող է լինել: Նաև դրա համար ես այստեղ եմ. առանց որևէ պաթոսի:

Զրույցը պատրաստեց Մարինա Բաղդագյուլյանը

Տպել
4041 դիտում

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա