Մեզ ցանկանում են լռեցնել ու լուսանցքում թողնել. եռացող Թուրքիան ու հայերի խնդիրները

Վերջին շրջանում Թուրքիայի մասին հիմնականում լսում ենք այլ պետությունների հետ Անկարայի հարաբերությունների հերթական լարվածության մասին լուրերից: Սակայն շատ ավելի հետաքրքիր է, թե ինչ է տեղի ունենում հարեւան պետության ներսում, որի հետ Հայաստանը չունի դիվանագիտական հարաբերություններ, բայց բավական ակտիվ առեւտուր է իրականացնում: Անկարան նաեւ շրջափակման մեջ է պահում ՀՀ-ին: Թուրքիայից պաշտոնական Երեւանը պահանջում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

Եթե կարճ ձեւակերպենք, ապա Թուրքիան եռում է: Ներսում վիճակը շատ անհանգիստ է: Այսօրվա Թուրքիան եռում է սուննի սիլամի ու ազգայնականության վերելքի խառնարանում, որտեղ ավելի ու ավելի քիչ են հիշում Եվրամիության հետ ինտեգրման մասին, այսինքն՝ հետին պլան են մղում մարդու իրավունքների, ազատությունների եվրոպական չափանիշները: Թուրքիան դառնում է ավելի ագրեսիվ, որը չի կարող չանհանգստանել տարածաշրջանային պետություններին, հատկապես՝ Հայաստանին: Ավելորդ է ասել, թե որքան անցանկալի են այդ երկում ազգային փոքրամասնությունների՝ հատկապես քրդերի ու հայերի խնդիրներին վերաբերող բարձրաձայնումները:

Ճնշումներն ամենուր են

Այս խնդիրներին ավելանում են նորերը, որոնց առանցքում տնտեսական դժվարություններն են՝ զուգընթաց ազգային արժույթի՝ լիրայի կտրուկ արժեզրկմամբ: Այստեղից սնուցվում են նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի իշխանության նկատմամբ աճող հասարակական դժգոհությունները, որոնց արձագանքն առաջին անգամ լրջորեն նյութականացվեց վերջերս տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում: Էրդողանի «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը «կորցրեց» երեք խոշոր քաղաքներ՝ Անկարան, Իզմիրն ու անգամ խոշորագույն մեգապոլիս Ստամբուլը:

Իշխանությունն այդ դժգոհություններին պատասխանում է բռնաճնշումների ուժեղացմամբ, քաղաքական հալածանքներով ու ազգայնականներին ու կրոնական իսլամի կողմնակիցներին ոգեւորող պոպուլիստական հայտարարություններով: Բռնության ենթարկվեց ընդդիմադիր, քեմալական «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն: Հենց նրա կուսակցությունն էր ՏԻՄ ընտրություններում հաղթել վերը նշված երեք քաղաքներում:

Ճնշումներն ամենուր են, մեզ հետ զրույցում նշում է Ստամբուլում բնակվող փաստավավերագրական ֆիլմերի հեղինակ, ռեժիսոր Ռեյան Տուվին՝ նշելով, որ սահմանափակումները նաեւ տարածվում են արվեստի ու կրթության ոլորտում:

Խնդրի մասին Ռեյան Տուվիի, հայազգի պատգամավոր Կարո Փայլանի ու թուրք իրավապաշտպանների հետ կարողացանք զրուցել վերջերս Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառումներին մասնակցելու նպատակով Ստամբուլ այցի ժամանակ, որը կազմակերպել էր Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (AGBU) եւ (EGAM) European Grassroots Antiracist Movement-ը:

«Անգամ վավերագրական ֆիլմեր նկարողները հայտնվում են բանտերում, հատկապես քրդական խնդրի մասին ֆիլմեր արտադրողները: Իմ ընկերներից մեկը, որ ֆիլմ էր նկարում քրդական խաղաղ գործընթացի մասին, նույն բախտին արժանացավ: Թեպետ նա նկարահանում էր խաղաղ գործընթացի մասին, սակայն քաղաքական քամիները փոխվեցին եւ դրանից հետո անգամ նման ֆիլմը համարվեց ահաբեկչության պրոպագանդա», - նշում է նա՝ հավելելով, որ Թուրքիայում Հայոց ցեղասպանության մասին դեռեւս կարելի է խոսել, սակայն քրդական խնդիրը, ընդհանրապես, տաբուի է վերածվում:

Ռասիզմ, ցեղասպանություն, քրդեր

«Քրդական խնդիրն այս կառավարությունը համարում է իրենը եւ ավելի ցավոտ է վերաբերվում այդ խնդրի մասին ցանկացած բարձրաձայնման: Նույնը չէ Հայոց ցեղասպանության մասով: Թուրքիայի ներկայիս իշխանությունները, այո, պաշտոնապես այն հերքում են, սակայն ինչ-որ առումով հանգիստ են նայում, երբ դրա մասին խոսում են, ֆիլմեր են նկարում, քանի որ համարում են այն նախորդ իշխանությունների, ոչ թե իրենց խնդիրը», - նշում է մեր զրուցակիցը, որի հետ չեն համաձայնում թուրք իրավապաշտպանները:

Նրանք նշում են, որ Ցեղասպանության եւ հայկական հարցը թիվ մեկ խնդիրներից են Թուրքիայում: Ռասիզմը եւ ժխտողականությունը շատ պինդ է նստած պետական քաղաքականության հիմքերում: Մինչեւ օրս կան ծպտյալ հայեր, որոնք վախենում են բարձրաձայնել իրենց ինքնության մասին, եւ դա, նշում են իրավապաշտպանները, առկա ռասիստական քաղաքական մթնոլորտի արդյունք է: Հայերը որպես թիրախ թուքական ռասիզմի առաջին տեղերում են՝ քրդերի հետ:

Ասվածը նյութականացվեց ու հաստատվեց արդեն պրակտիկայով, երբ ապրիլի 24-ի Ցեղասպանության հիշատակի միջոցառումները Ստամբուլում անցկացվում էին ոստիկանության ու անվտանգության ուժերի խիստ վերահսկողության տակ: Չթույլատրվեց անգամ երթ իրականացնել: «Այս ագամ ավելի խիստ էր ամեն ինչ», - իր տպավորություններով է մեզ հետ կիսվում Թուքիայի հայ համայնքի ներկայացուցիչ, երիտասարդ ակտիվիստ Ալեքս Կալկը: «Ցանկանում են չխոսենք, ճնշում են, մեզ ուղղակի ցանկանում են քաղաքական լուսանցք մղել, որ լռենք», - նշում է նա:

Թուրքիայում հայերն ընդհանրապես ոչ նախանձելի վիճակում են: Հայ համայնքը, որ Թուրքիայի քաղաքացիներ են, կազմում է շուրջ 60 հազար մարդ: Նրանք էլ միատարր չեն իրենց ներսում՝ անգամ ազգային խնդիրների վերաբերյալ: Օրինակ, Պոլսո Հայոց պատրիարքարանը հարում է Հայոց Ցեղասպանության վերաբերյալ Թուրքիայի պաշտոնական տեսակետին: Այսինքն՝ չի գործածում «ցեղասպանություն» տերմինը՝ կիրառելով «ընդհանուր ցավ» բառակապակցությունը կամ Եղեռն տերմինը: Այլ դիրքորոշման են հանրային եւ քաղաքական կյանքում ակտիվ հայերը, խոսքը «Ակոս» թերթի աշխատակազմի, Կարո Փայլանի գաղափարակիցների ու ակտիվ հայ երիտասարդների մասին է:

Բացի Թուրքիայի քաղաքացի հանդիսացող նշված 60 հազարից, տարբեր հաշվարկներով, այդ երկրում են ապրում մինչեւ 10 հազար Հայաստանից մեկնած հայեր: Նրանք համայնքային կյանքին գրեթե չեն մասնակցում ու նրանց քանակն է, որը Էրդողանը հնչեղության համար հաճախ բազմապատկում է տասով ու սպառնում արտաքսել Թուրքիայից: Կան նաեւ ծպտյալ հայեր, որոնք նոր են հայտնում իրենց ինքնության մասին կամ դեռեւս վախենում են դրա մասին խոսել:

Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը նշում է, որ այն, ինչ տեղի է ունենում, խոսքի ազատության, իշխանության տարանջատման ու ժողովրդվարության խնդիրների խորացման հետեւանք է: Քաղբանտարկյալների թիվը գնալով ավելանում է, մեզ հետ զրույցում նշում է Փայլանն ու որպես օրինակ մատնացույց անում թուրք գործարար եւ բարեգործ Օսման Կավալայի ձերբակալությունը: Կավալան «Անադոլու կուլտուր» հաստատության նախագահն է եւ մեծ հարգանք է վայելում ինչպես Թուրքիայում, այնպես էլ նրա սահմաններից դուրս:

«Եթե Օսմանը բանտում է, ապա յուրաքանչյուր ոք կարող է լինել այնտեղ: Մեդիան վերահսկվում է Էրդողանի կամ նրա ընկերների ու ենթակաների կողմից: Դատական համակարգը դադարել է լինել գործադիր իշխանության հիմնական հավասարակշռողը, վերահսկվում է, իսկ խոհրդարանը ոչ ֆունկցիոնալ վիճակում է հայտնվել», - նշում է Կարո Փայլանը:

ԻՆչ վերաբերում է Ցեղասպանության հետ կապված խնդիրների բարձրաձայնումներին, այստեղ եւս վերջին տարիներին նկատվող դրական զարգացումներից հետքայլ է կատարվում: Հիշատակի միջոցառումները քիչ-քիչ դուրս են մղվում քաղաքի կենտրոնից ու տեւում են շատ կարճ:

«Թեպետ շատերը Թուրքիայում պատրաստ չեն այն անվանել Ցեղասպանություն, բայց պրոցեսը գնում է: Էլի լավ է: Ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանության ճանաչմանը, ապա դա Թուրքիայի համար ռոմանտիկ երազ է, դրա համար պետք է ռոմանտիկ միջավայր, պայմաններ: Իսկ պայմաններն այժմ լրիվ այլ են Թուրքիայում: Միջավայրը շատ կոշտ է ու մահերով լի», - նշում է Փայլանն ու հավելում՝ Էրդողանը չի վարանում նաեւ ընտրական ցիկլերից առաջ ոչ միայն ազգայնականության հռետորաբանությունը սաստկացնել, այլեւ հագուրդ տալ ռասիստական տրամադրություններին ու ռազմական պրովոկացիաներին՝ երկրի ներսում վախ տարածելու համար:

«Ահաբեկիչների են սպանում, «Իսլամական պետության» դեմ կռիվներում թուրք զինծառայողներ են զոհվում: Նա քաղաքական դիրքերը փորձում է ամրապնդել արյան վրա, մեծ սպանությունների վրա», - ընդգծում է Փայլանը:

Հաշտվե՞լ է Էրդողանը Ստամբուլը կորցնելու փաստի հետ

Փայլանը դեռեւս վստահ չէ, որ Էրդողանը համակերպվել է Ստամբուլը կորցնելու հետ, քանի որ իշխանական կուլիսներում պտտվում են խոսակցություններ առ այն, որ կարող են անցկացնել նոր ընտրություններ:

«Էրդողանը մի քանի օր առաջ թվիթերում գրեց, որ կարեւորը ազատ եւ արդար են անցկացվել ընտրությունները, որը հույս է տալիս, որ նա ընդունել է ընտրությունների արդյունքները: Բայց որքան ես գիտեմ՝ Ստամբուլի ընտրությունների վերաբերյալ որեւէ վերջնական որոշում չկա: ԱԶԿ-ում կան ուժեր, որ հորդորում են ընդունել ընտրությունները, եւ կան շատ ազդեցիկ ուժեր, որ ցանկանում են վերտընտրություններ կազմակերպել, քանի որ Ստամբուլը կորցնելը նրանց համար նշանակում է՝ միլիարդներ կորցնել: Իսկ Էրդողանը օպորտունիստ առաջնորդ է, իրեն միայն հետաքրքրում է իշխանությունը պահելը, նա պատրաստ է գնալ ցանկացած քայլի»,- նշում է հայազգի պատգամավորը՝ հավելելով, որ եթե Ստամբուլում նոր ընտրություններ նշանակվեն, իրենց քրդամետ «ժողովուրդների դեմոկրատիա» կուսակցությունը որոշել է բոյկոտել դրանք:

Միեւնույն ժամանակ իրավապաշտպանները դրական ազդանշան են տեսում Ստամբուլի ընտրություններում Էրդողանի կուսակցության պարտության մեջ: «Մարդիկ ուղղակի ցույց տվեցին, որ պատրաստ չեն հանձնվել ու հանձնել աշխարհիկ պետությունը: Սա լավ ազդանշան է, եւ վկայում է իշխող կուսակցության դիրքերի թուլացման մասին: Մարդիկ ուղղակի դեմ դուրս եկան Էրդողանի՝ սուլանաթ կառուցելու ծրագրերին, սակայն պետք էլ չէ գերագնահատել տեղական ընտրությունների նշանակությունը, քանի որ գործադիր իշխանությունը Էրդողանի ձեռքում է կենտրոնացված», - նշում են նրանք:

Ամեն դեպքում, նրանք սպասում են Թուրքիայում բռնաճնշումների նոր շրջափուլի, որը դժվար թե կարողանան կանխել անգամ արտաքին ուժերը՝ ԵՄ-ն ու ԱՄՆ-ն: «Տնտեսական վիճակն է վատանում երկրում: Նախկինում տնտեսական հաջողություններով Էրդողանը կարողանում էր արդարացնել կամ կոմպենսացնել քաղաքական կոշտ մեթոդները: Այժմ դա էլ չկա: Մենք սպասում ենք քաղաքական բռնությունների նոր շրջանի, քանի որ մարդկանց բողոքն աճում է, իսկ իշխանությունն ասելիք չունի ու իր գործողությունները հիմնավորել չի կարող, բացի բիրտ ուժ կիրառելուց», - նշում է Փայլանը:

«Սպասվող բռնությունները դժվար կլինի կանխել: Թուրքիան առաջվա նման չի ձգտում ԵՄ, Թուրքիան ներսից տրանսֆորմացվում է եւ փոխվում: Պետք է հասկանալ, որ Թուրքիայի վրա կարող է ազդել ուժը, ոչ թե արժեքների մասին խոսակցությունը կամ բանակցությունները: Բայց ուժի հարցում էլ խնդիր կա, քանի որ ԵՄ-ն այդքան զորեղ չէ, որպեսզի փոխի քաղաքական զարգացումների ընթացքը Թուրքիայի ներսում: Անգամ չի կարող ազդել ԱՄՆ-ն», - նշում է Տուվին:

Մյուս կողմից կա Սիրիայից փախստականների հարցը, որում ԵՄ-ն ու Թուրքիան գործարքի են գնում: Ուստի, Թուքիան եւս ազդեցություն ունի ԵՄ-ի վրա եւ կարող է ազդել նաեւ Եվրամիության անդամ պետություններում ներքին իրավիճակի վրա՝ հաշվի առնելով այնտեղ ապրող թուրքական համայնքների ազդեցությունը: «Բանն այն է, որ Եվրամիությունը հեղինակազրկվել է նաեւ Թուրքիայի հասարակության աչքում: Վերջին 25 տարում փոխվել է քաղաքական մենթալիտետը: Թուրքիայի քաղաքացին եւս զգում է իր մեծ ու հզոր լինելը՝ հաճախ քամահրանքով վերաբերելով նաեւ ԵՄ-ին», - նշում է Տուվին:

Թուրքիան վերածվում է մեծ բանտի

Մյուս մեծ խնդիրը, որն էլի առաջացել է վերջին շրջանում բռնաճնշումների հետեւանքով, կրթությունն է: Մեծ համալսարաններում ու կրթական հաստատություններում որակավորված պրոֆեսորների կարիք կա, քանի որ ակադեմիական ազատությունները շատ են սահմանափակվում Թուրքիայում: «Որակավորված պրոֆեսորները դառնում են գործազուրկ, եթե նրանք ստորագրում են խաղաղության մասին ինչ-որ հայտարարություն կամ ուղղակի սկսում քննադատել իշխանություններին: Հարց է ծագում՝ ո՞վ է փիլիսոփայություն կամ այլ խորն ու դժվար դիսցիպլիններ դասավանդելու համալսարաններում», - հարց է հնչեցնում կինոռեժեսորը:

Սակայն ճնշումների շղթան չի սահմանափակվում միայն կոնկրետ անձանց բանտ ուղարկելով: Տուժում են նաեւ նրանց ընտանիքները: Նրանք եւս փաստացի դառում են բանտարկյալ, բայց նրանց համար բանտ է դառնում ողջ երկիրը: «Նրանցից խլում են անձնագրերը, թույլ չեն տալիս տեսակցել իրենց հարազատին բանտում, բայց չեն էլ թույլ տալիս երկրից դուրս գալ՝ փաստացի վերածելով Թուրքիան իրենց համար մի մեծ բանտի: Վախն ու հանրային բեւեռացվածությունն արդեն վաղուց դարձել են քաղաքական կատեգորիաներ Թուրքիայում», - եզրափակում է Տուվին:

Տպել
3519 դիտում

Հարվածել է, այնուհետ լվացրել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը

Սպանդարյան, Տոլորս և Տաթև ջրամբարներում ձկնապաշտպան կառույցների նախագծում. հայտարարվում է մրցույթ