Երևան
12 °C
Իշխանափոխությունից հետո ամենասպասվող իրադարձությունը որոշակի շրջանակների համար քաղբանտարկյալների անհապաղ ազատ արձակումն է:
Բանն այն է, որ համաժողովրդական շարժման ընթացքում այժմ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ քաղբանտարկյալները պետք է օր առաջ ազատ արձակվեն: Իսկ թե ովքեր են համարվում քաղբանտարկյալներ, Փաշինյանը պատասխանել էր, որ այդ հարցի լուծումը պետք է վերապահել մասնագիտացված հասարակական կազմակերպություններին: «Ընկալումը, որպեսզի սուբյեկտիվ չլինի, այդ հասարակական կազմակերպությունները քննարկեն, կգան ընդհանուր եզրակացության»,- ասել էր նա:
Սպասվում էր, որ իշխանափոխությունից հետո Անդրիաս Ղուկասյանի ազատ արձակումը նախադեպ կլինի նաեւ «Սասնա ծռեր» խմբի անդամների համար: Սակայն օրեր առաջ պաշտպանական կողմի՝ ծռերին ազատ արձակելու միջնորդությունը դատարանը մերժեց:
Թե ինչ ընթացակարգով պետք է ազատ արձակվեն «Սասնա ծռեր» խմբի անդամները, դատապարտված Սեֆիլյանը, Սաֆարյանը, Շանթ Հարությունյանն ու մյուսները, մեր զրույցում մանրամասնել է հայտնի փաստաբան, «Սասնա ծռերի» գործով պաշտպան Երվանդ Վարոսյանը:
- Պարոն Վարոսյան, ՀԿ-ները ինչպե՞ս են որոշելու՝ ովքեր են քաղբանտարկյալներ, ովքեր՝ ոչ:
- Ես, ճիշտն ասած, այդ գործընթացի իրատեսականությունը չեմ պատկերացնում ՝ ասեմ ինչու: Քաղբանտարկյալ տերմինն առհասարակ հստակ օրենսդրական ձեւակերպում չունի: Դա տերմին է եւ այդ տերմինին տարբեր իրավաբաններ, հասարակագետներ մոտենում են տարբեր տեսանկյուններից: Չկա կարծրատիպային որոշված մի մոդել, թե ինչ ասել է քաղբանտարկյալ: Մասնավորապես, կա տեսակետ, որ քաղբանտարկյալ կարող են համարվել միայն այն անձինք, ում գործողություններում քրեորեն պատժելի արարքի հատկանիշներ չկան, սակայն նրանց հետապնդում են իրենց քաղաքական հայացքների համար: Կա տեսակետ, որ կարող են լինել նաեւ քրեական օրենսգրքով նախատեսված հանցակազմի տարրեր՝ գործողություններով, բայց այդ գործողությունները ունեցել են միայն ու միայն քաղաքական նպատակ, եւ հետագայում էլ նրանց պատասխանատվության ենթարկելը քաղաքական հաշվեհարդարի տարրեր է պարունակում: Կամ մի այլ տեսակետ, որ անձը առհասարակ սովորական քրեորեն հետապնդելի արարք է կատարել՝ քաղաքականության հետ չկապված, բայց նրան հետապնդում են այն պատճառով, որ նա ունի որոշակի քաղաքական հայացքներ: Եվ այլ պարագայում նրան չէին հետապնդի, կամ հետապնդումը եւ պատիժը արդյունքում չէր լինի այնքան խիստ, որքան եղել է կապված քաղաքական հայացքների հետ: Հիմա, եթե մենք խորանանք այս տեսական վեճի մեջ, թե ինչ ասել է քաղբանտարկյալ, մենք կարող է այդպես էլ վերջում վերջնական լուծումներ չունենանք: Կարծում եմ, որ պետք է փորձ արվի այդ տերմինից հեռանալով, օրինական ճիշտ իրավական լուծումներ տալ բոլոր այն գործերով, որոնցում առկա է քաղաքական ենթատեքստ:
- «Սասնա ծռեր» խմբի անդամներին ազատ արձակելու համար ի՞նչ ընթացակարգեր են նախատեսված, ինչպե՞ս պետք է դա տեղի ունենա:
- Բոլորս քաջ գիտակցում ենք եւ տեղյակ ենք, թե ովքեր են Հայաստանում հետապնդվում քաղաքական ենթատեքստով՝ դա միայն «Սասնա ծռերը» չեն, կան եւ այլ անձինք, որոնց մի մասն արդեն իսկ դատապարտյալ է եւ պատիժ է կրում: Յուրաքանչյուրի պարագայում պետք է անհատական մոտեցում ցուցաբերվի, բայց այդ մոտեցումը պետք է լինի իրավական եւ օրենքի տառին համապատասխան: Հենց իրենց պայքարի նպատակն էլ է եղել այն, որ ի վերջո Հայաստանը դառնա իրավական երկիր եւ Հայաստանում գերակշռի միայն օրենքը: Եթե «Սասնա ծռերի» հարցն ենք վերցնում, ապա առաջնահերթն իհարկե խափանման միջոցի հարցն է: Ակնհայտ է, որ օրենքով նախատեսված հիմքեր չկան նրանց նկատմամբ կալանավորումն այս պահին խափանման միջոց ընտրելու: Առաջնահերթը, իհարկե դա կլիներ, որ նրանք գտնվեին ազատության մեջ, դատական պրոցեսը շարունակվեր եւ իրավական ճիշտ գնահատական տրվեր յուրաքանչյուրի գործողություններին:
- Նաեւ սպանության հոդվածով մեղադրվողների խափանման միջո՞ցը պետք է փոխվի:
- Ես չունեմ պաշտպանյալ, որը մեղադրվում է սպանությունների համար, դրա համար այդ գնահատականներից ես զերծ կմնամ... ինչու եմ ասում, որ յուրաքանչյուրը պետք է առանձին քննարկման առարկա դառնա: Եթե խոսք է գնում սպանության մասին, եւ եթե ապացուցվում է սպանությունը, եթե ապացուցվում են սպանության հանգամանքները, ապա պետք է տրվի այն գնահատականը, որը նախատեսում է օրենքը: Եթե անձի գործողություններում չկա հանցակազմ, եթե անձի գործողություններում կան հանցակազմին նմանվող այնպիսի տարրեր, որոնց համար նույն օրենքն ազատում է նրան քրեական պատասխանատվությունից հանձնվելու պարագայում, կամ զենքը հանձնելու պարագայում, կամ պատանդին ազատ արձակելու պարագայում, ապա պետք է այդ խրախուսական նորմերը կիրառվեն այդ անձանց նկատմամբ: Ես չեմ ուզում հիմա անցնենք դատական վիճաբանությունների փուլ եւ ճառերով հանդես գանք, բայց ի վերջո Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունը ապացուցեց մեկ բան, որ այո՛ Հայաստանում կար վարչախումբ, որն ապօրինի էր եւ վարչախմբին պետք էր հեռացնել: Հիմա վարչախումբ չկա եւ պարզ է՝ նման մոտեցման պարագայում դատարանում կարող է քննարկման առարկա դառնալ նաեւ ապօրինի իշխանության դեմ ապստամբելու իրավունքի հարցը: Ուզում եմ հստակ նշել, որ դրանք բոլորը դատական պրոցեսում քննարկվելիք հարցեր են, որոնք հետագա փուլերում պետք է դատարանում քննարկվեն: Հիմա առաջնայինը նրանց խափանման միջոցի հարցն է, որի լուծումը, կարծում եմ, քաղաքական առումով էապես կթուլացնի առկա լարվածությունը հասարակության մեջ, եւ մենք ի վերջո հերթական փակված էջը կունենանք եւ հնարավորություն կունենանք նոր էջով գնալ ապագա:
- Այսինքն՝ պետք է սկսել խափանման միջոցները փոփոխելո՞ւ գործընթացից:
- Այո, որը կավարտվի ճիշտ քրեաիրավական գնահատականներով՝ վերջնական դատական ակտով:
- Պարոն Վարոսյան, գաղտնիք չէ, որ ՀՀ-ում արդար դատական ակտ շատ քիչ է կայացվում կամ չի կայացվում: Հիմա դա ինչպե՞ս է հնարավոր, կլինի՞ արդար դատական համակարգ:
- Քանի որ տեւական ժամանակ է պահանջվելու առհասարակ ՀՀ-ում արդար դատական համակարգ ստեղծելու համար, այն էլ ապահովելու համար նրա անկախությունը, ես կարծում եմ, որ այս փուլում շատ կարեւոր դեր ու նշանակություն ունի նաեւ դատախազության դիրքորոշումն այս հարցում: Լինելով գործադիր իշխանության մի մասը, դատախազությունն ինքը շատ հարցերում պետք է նախահարձակ լինի եւ իրոք ապացուցի, որ Հայաստանում տեղի է ունեցել իրական հեղափոխություն: Դատախազության դերն այս ամենում ես այսօր շատ եմ կարեւորում, նաեւ կարեւորում եմ այն անձանց հարցերի պարագայում, որոնք արդեն իսկ դատապարտյալ են եւ պատիժ են կրում:
- Այն անձինք, ովքեր դատապարտվել են եւ դատական ակտը ուժի մեջ չի մտել (խոսքը՝ Սեֆիլյանի, Սաֆարանի եւ մյուսների մասին է), եւ այն անձինք, որոնց դատական ակտն ուժի մեջ է մտել, (Շանթ Հարությունյան եւ ընկերներ) ինչպե՞ս են ազատ արձակվելու, եթե իրենք համաներումից, ներումից հրաժարվում են ի՞նչ ընթացակարգ կա:
- Բոլոր այն անձինք, ում դատավճիռները օրինական ուժ չեն ստացել, պետք է ազատ արձակվեն խափանման միջոցի փոփոխմամբ եւ հետո ճիշտ քրեաիրավական գնահատականի արժանանա դատական վերջնական ակտերով: Իսկ այն անձինք, ովքեր դատապարտյալ են, կրում են պատիժը եւ հրաժարվում են ներման խնդրագրով դիմել կամ պայմանական վաղակետ ազատվել՝ այդտեղ, ունենք երկու հնարավորություն՝ մեկը համաներումն է, որը կիրառվում է անկախ անձի ցանկությունից, մյուսը՝ վերանայման վարույթը:
- Վերանայման վարույթ ասելով նկատի ունեք, որ գործը նորից պետք է քննվի՞:
-Այո, դատախազությունը բողոքով դիմում է Վճռաբեկ դատարան՝ (հաշվի առնելով արդարադատության շահը կամ իրենք թող ընտրեն, կարող են ընտրել նաեւ նոր երեւան եկած հանգամանքը, կարող են չընտրել) դիմում են Վճռաբեկ դատարան՝ պահանջով, որպեսզի վերանայվի դատական ակտը: Ես փորձ ունեցել եմ, երբ մեկ օրում Գլխավոր դատախազը բերել է Վճռաբեկ բողոք եւ նույն օրը Վճռաբեկ դատարանը կայացրել է որոշում: Մենք շփվել ենք նաեւ նմանատիպ իրավիճակների հետ եւ չեմ կարծում, որ բարդ մեխանիզմ եմ նախանշում:
- Պարոն Վարոսյան, որպես առաջնային լուծում առաջարկեցիք խափանման միջոցների փոփոխումը, բայց մի քանի օր առաջ դատարանը մերժեց «Սասնա ծռեր» խմբի անդամներին ազատ արձակելու՝ պաշտպանական կողմի միջնորդությունը: Ըստ ձեզ, հիմա ո՞րն է պատճառը՝ դատարանի նման որոշման:
- Ես չեմ ակնկալում, որ մեկ օրում ունենալու ենք անկախ, ինքնուրույն մտածող, օրենքի տառը կիրառող դատավորներ ու դատական համակարգ, ուտոպիա կլինի դրան հավատալը: Այո, բոլորը սպասում էին, որ խափանման միջոցը պետք է փոխվի: Ինչն էր պատճառը, որ դա չեղավ, միանշանակ ասել չեմ կարող: Մեր դատարանները դեռ անկախ չեն, դեռ կաշկանդված են, կաշկանդված են անգամ իրենք իրենց կողմից նախկինում կայացրած որոշումներով, կաշկանդված են նախկինում իրեն տրված ցուցումներից եւ կաշկանդված են այս պահին ցուցումների բացակայությամբ: Բայց խոսքը չի գնում նրա մասին, որ պետք է ապահովել նոր ցուցումներ, մենք պետք է դրանից խուսափենք, դրա համար ես էապես կարեւորում եմ հենց դատախազության դերը: Իսկ օրեր առաջ «Սասնա ծռերին» ազատ չարձակելու որոշումը ես համոզված եմ, որ կամա թե ակամա, անկախ նրանից, դա արվեց դիտավորյալ, թե՝ ուղղակի, առաջին հերթին քայլ էր ուղղված նաեւ Հայաստանի նոր իշխանությունների դեմ, չեմ կարծում նաեւ քաղաքական առումով Հայաստանի ներկա իշխանություններին այս իրավիճակը կարող է ձեռնտու լինել:
Տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի մայիսի 15-ի համարում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Լոռու մարզի մի քանի բնակավայրում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն
Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը
Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ
Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել
Հայաստան է ժամանել Իրանի նախագահի տեղակալ Համիդ Փուրմոհամադին․ տեսանյութ
Տպավորություն կա, որ ԵԱՏՄ-ում խնդիրներ են ստեղծում՝ ընտրությունների արդյունքի վրա ազդելու նպատակով. տեսանյութ
Հայաստանը պատրաստ է COP17-ը դարձնել գործնական արդյունքների և իրական գործողությունների համաժողով․ ՇՄ նախարար
Շաղատ գյուղի ՀԷԿ-ի մոտակայքում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին․ վարորդը մահացել է
Կաշառատու ընդդիմության ուժեղ հանրահավաքը ՍԴ-ի դիմաց․ Չախոյանը լուսանկար է հրապարակել
Գյումրու ղեկավարի մամուլի նախկին խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է
Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ
Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում
Ավինյանը պարգևատրել է 2026-ի Եվրոպայի և աշխարհի գավաթների առաջնություններում հաղթած մարզիկներին և մարզիչներին
«Մեծանուն հայեր. Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակ»․ շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ
Վարչապետն AMAA-ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր
Ներկայացվել է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ընթացքը
«Բայրաքթարի» գործընկերը ճանաչվել է ՀՀ կառավարության մրցույթի հաղթող» հոդվածը ապատեղեկատվություն է․ ՆԳՆ
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
ՓԾ տնօրենը պարգևատրել է Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած մի խումբ փրկարարների
ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է
Նիդերլանդների ծաղիկ արտադրող ընկերություններում քննարկվել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Ազգային ժողովն արտահերթ նստաշրջան կգումարի
Վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը Երևանի Նուբարաշեն 11-րդ փողոցի հողատարածքի նկատմամբ․ վարչապետ
Կոտայքի մարզում 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին նախազգուշացումը կեղծ է․ ՆԳՆ
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա․ անձրևային եղանակը կպահպանվի
«Բոլորին դեմ եմ»-ը ինքնալուծարվում է
Արմեն Մուրադյանը վերընտրվել է ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում
Վազգեն Սաղաթելյանը ներողություն կխնդրի Ալեն Սիմոնյանից
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Հայաստանում իրավիճակը կկայունանա, դրա համար կան նախադրյալներ. Լեբեդև
Կաթնառատ գյուղում կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը
Խաչփար և Նոր Կեսարիա գյուղերի տարբեր բնակիչներ աճեցրել և տանը թմրամիջոց են պահել
ՍԴ-ն որոշել է քննարկման առարկա չդարձնել դատավորներ Սաֆարյանի և Խաչատուրյանի մասնակցության անհնարինության հարցը
Մ-2 ճանապարհի՝ Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
ԱՄՆ գործուն ներգրավմամբ Հայաստանը և Հվ. Կովկասը թևակոխել են խաղաղության, կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է որպես ԱԺ փոխնախագահի թեկնածու
Ինչ խոսք, կրկեսային գործիչների տեղը կրկեսային արենայում է. Չախոյանը՝ ընդդիմության հրավիրած հանդիպման մասին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT