Չի բացառվում, որ Հայաստանում նույնպես պատվաստումները դառնան պարտադիր. ԱՆ պաշտոնյա

«Ցավոք, շարունակվում է կարմրուկի, կապույտ հազի հաղթարշավը... գրանցվեց կարմրուկով 15-րդ հիվանդը, կապույտ հազի 31-րդը... դարձյալ չպատվաստվածներ... Կանխատեսվում է, որ այս շքերթին կմիանան նաեւ խոզուկի վիրուսը, դիֆթերիայի բակտերիան ու պապիլոմավիրուսն էլ կողքից կուրախանա: Բա հո մենակ չէ՞ր մնալու: Սարսափելի կլինի, եթե այս հաղթարշավը եզրափակեն հենց դիֆթերիան ու պոլիոմիելիտը... Վերջապես կհիշենք 1994 թվականի Հայաստանն ու 2010-ի Տաջիկստանը: Հետեւանքներն իրոք սարսափելի կլինեն: ԺՈՂՈՎՈՒՐԴ ջան վա՞տ էր, մամաներ ջան, գոհ չէի՞ք, որ ապրում էիք՝ մոռացած էս հիվանդությունները, վա՞տ էր, որ երեխաների առողջությունը վտանգված չէր, վա՞տ էր, որ նույն ձեւով քաղցկեղի մի տեսակ հնարավոր էր վերացնել»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարարության իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը:

Թեման շարունակելով՝ նա ավելացրել է. «Իսկ ու՞ր են այն ՉԱԿԵՐՏԱՎՈՐ հանրային առողջության մասնագետները՝ անալիտիկ-վերլուծաբան, գրող-հրապարակախոս, մաթեմատիկ-հանրային առողջության մասնագետ ձեւացող, փաստաբան, ֆինանսիստ-բանկիստ, լրագրող, պատգամավոր, վայ բժիշկ.....էլ արդեն հաշիվն ու ցանկն էլ խառնել եմ: Դարձել էիք իմունիզացիայի կարկառուն դեմքեր: Բա ու՞ր եք, դուրս ելեք վիրուսների ու բակտերիաների դեմ կռիվ տվեք: Ինչո՞ւ շահարկեցիք մի ոլորտ, որն իրոք էս խղճուկ երկրում կայացել էր, ո՞րն էր ձեր շահը, որը վեր էր հանրայինից: Ինչո՞ւ քաղաքականացրիք, ինչո՞ւ խեղճ ժողովրդին մոլորեցրիք... Տխուր է, շատ տխուր... 10 տարի պահանջվեց, որ քայլ առ քայլ առաջ գնանք, բայց շատ կարճ ժամանակում՝ մեծ լոնքերով հետ գնացինք... դեպի անգրագիտություն»:

Բավական կարճ ժամանակ առաջ՝ ընդամենը այս տարեսկզբին, Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավարը նշում էր, որ մասնավորապես կարմրուկի մեծ տարածման ռիսկ Հայաստանում չկա՝ ի տարբերություն մի շարք երկրներում, այդ թվում` հարեւան Վրաստանում դիտվող իրավիճակի: Նա հիմնավորում էր, որ այդ լավատեսությունը պայմանավորված է պատվաստվածների մեծաքանակ լինելով: «Հայկական ժամանակ»-ի հարցին, թե ինչ է փոխվել հիմա, Գայանե Սահակյանը պատասխանեց, որ իր հրապարակած թվերը, իհարկե չեն խոսում զանգվածային հիվանդացության մասին, սակայն միտումները կարող են վտանգավոր լինել: «Մեր անհանգստության պատճառն այն է, որ անցյալ տարվանից հակապատվաստումային քարոզի շնորհիվ 97 տոկոս ընդգրկման ցուցանիշը նվազեց 95 տոկոսի, այսինքն՝ 2 տոկոսով: Եթե այս միտումները շարունակվեն, եւ բնակչության շրջանում նույն մտավախությունները տիրեն, ու մենք դա չկանխենք, յուրաքանչյուր հաջորդ տարի երկու տոկոսով նվազելու դեպքում մենք կհետեւենք Վրաստանի օրինակին, ոչ թե Վրաստանը՝ մեր»,- նկատեց Գայանե Սահակյանը:

Պատվաստումներում ընդգրկվածության մեկ-երկու տոկոս նվազում է դիտվել առհասարակ բոլոր պատվաստումների դեպքում եւ բոլոր տարիքային խմբերում: Հաշվի առնելով իրավիճակը՝ պոլիկլինիկաներին ու ամբուլատորիաներին հրահանգվել է, եթե տարածքում կան այս կամ այն հիվանդանդությամբ վարակված մարդիկ, պատվաստվելու հնարավորություն ընձեռել նրա հետ շփում ունեցած բոլոր անձանց, ինչպես նաեւ վերջիններիս հետ շփվածներին, եթե այդ մարդիկ պատվաստված չեն կամ չեն հիշում իրենց պատվաստումային կարգավիճակը ու գիտեն, որ նախկինում չեն հիվանդացել:

«Պարզապես մեզ համար այս միտումը շատ ամոթալի է այն առումով, որ Հայաստանը միշտ հպարտացել է, որ սահմանափակ միջոցներ ունեցող երկիր լինելով, վարակիչ հիվանդությունների տարածումը կանխելու հարցում կարողացել ենք ավելիին հասնել, քան բազմաթիվ հարուստ երկրներ»,- ասաց նախարարության պաշտոնյան:

Նա չբացառեց, որ Հայաստանը նույնպես կարող է հետեւել արեւմտյան բազմաթիվ երկրների օրինակին եւ պատվաստումները դարձնել պարտադիր: Գայանե Սահակյանի խոսքով, լրիվ կամ մասնակի պարտադրանք կա Իտալիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, ԱՄՆ մի շարք նահանգներում եւ այլն: «Առողջապահության նախարարությունում քննարկումներ եղել են, վերջերս նույնպես նման հարց առաջ է քաշվել, բայց որ ասեմ՝ նախագիծ է դարձել կամ շրջանառվել է, այս պահի դրությամբ նման բան չկա: Սակայն եթե այս միտումները շարունակվեն, երեւի մենք էլ ստիպված լինենք գնալ այդ քայլին: Բոլոր երկրները, որոնք պարտադրող սկզբունքներ են մտցրել, դա արվել է այդ երկրներում իրավիճակը վատթարանալու պատճառով: Այսինքն՝ հրաժարումների տոկոսը շատացել է, տեսել են հիվանդության դեպքերի վերադարձ, ստիպված անցել են պարտադրանքի»,- ընդգծեց մեր զրուցակիցը:

Անդրադառնալով ֆեյսբուքյան գրառման մեջ հիշատակված 1994 թվականին Հայաստանում եղած իրավիճակին, նա պարզաբանեց. «Ավելի շուտ նկատի եմ ունեցել դիֆթերիայի բռնկումը Հայաստանում: Մենք մահվան բազմաթիվ դեպքեր ունեցանք: Զանգվածային պատվաստումների շնորհիվ ընդամենը կարողացանք իրավիճակը վերահսկել: Այսօր ես մտավախություն ունեմ, որովհետեւ եվրոպական երկրներում, նաեւ մեր հարեւան երկրներում դիֆթերիան նույնիսկ բռնկումների ձեւով է գրանցվում: Եթե հարուցիչը մտնի Հայաստան (այս պահին շրջանառություն չունենք), հաստատ բավական մեծ թվով ընկալ օրգանիզմներ կգտնի ու հիմնականում այդ վտանգին կենթարկվի մեծահասակ բնակչությունը, որովհետեւ մեծահասակ բնակչությունը մասսայաբար հրաժարվում է դիֆթերիայի պատվաստումներից: Դա այն պատվաստումն է, որ յուրաքանչյուր տասը տարին մեկ պահանջում է կրկնում: Այսինքն՝ իմունիտեի տեւողությունը առավելագույնը տասը տարի է»:

Հ.Գ. Կարմրուկի գրանցված դեպքերը բաշխվում են հետեւյալ տարիքային խմբերի միջեւ. մինչեւ 15 տարեկան՝ 7 հիվանդ, նրանցից 5-ը՝ չպատվաստված, 2-ը՝ թերի: 20-26 տարեկան՝ 3 հիվանդ, որից 2-ը չպատվաստված, 1-ը՝ թերի (ըստ հիվանդի խոսքերի՝ ունի մեկ դեղաչափ, փաստաթղթային չկա), 40-44 տարեկան՝ 5-ը, բոլորը՝ չպատվաստված: Ընդհանուր՝ 15 հիվանդ, որից՝ 12-ը չպատվաստված, 3-ը՝ թերի:

Կապույտ հազի դեպքերը, ընդհանուր առմամբ՝ 31-ն են: 23-ը՝ մինչեւ 1 տարեկան երեխաներ, որոնցից 17- չպատվաստված, 6-ը՝ թերի, մնացածը՝ մինչեւ 9 տարեկան են: Հիվանդներից 19-ը բոլորովին պատվաստված չեն: Կապույտ հազի դեպքում ակտիվացումը պարբերական է եւ վարակի շրջանառությունը հանրապետությունում չի դադարել:

Տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի ապրիլի 7-ի համարում:

Տպել
5205 դիտում

Երկրի ճակատագրի հետ խաղալը անընդունելի է. Ալեն Սիմոնյանը՝ Վանեցյանի հայտարարությունների մասին

Շումախերի ընտանիքը որոշել է ոչինչ չպատմել նրա առողջական վիճակի մասին

Վարակը կանխելու համար ԿԳՄՍՆ-ն գնել է 3000 պաշտպանիչ եւ 60 ռեսպիրատոր դիմակ, 1500 պաշտպանիչ ձեռնոց, 2 ջերմաչափ

Վերջին զանգից՝ վերջին պար. 114 դպրոցի ղեկավարության համար կձեռնարկենք ամենախիստ միջոցները. նախարար

Ինձ որևէ զենք կրող մարդ չի ուղեկցում և չի ուղեկցել. Հակոբ Արշակյանը՝ լուսանկարներում զինված քաղաքացու մասին

Դատական համակարգում առկա խնդիրը օր առաջ լուծման անհրաժեշտություն ունի. Ալեն Սիմոնյան

Երեկ գիշեր դանակահարություն է տեղի ունեցել Երեւանում. ավագ եղբայրը ձերբակալվել է՝ կրտսեր եղբորը դանակահարելու համար

Բելառուսի նախագահը նոր վարչապետ է նշանակել

Պացիենտից վարակված բժիշկն այսօր դուրս է գրվել

Բակո Սահակյանը պատասխանել է Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի հարցերին. հանձնաժողովի աշխատանքի ժամկետը սպառվեց

ԱԺ-ն չընդունեց մեկուսացման նպաստ սահմանող նախագիծը. այն ուղարկվեց առաջարկների ստացման փուլ

«Մշակութային ժառանգություն» դարձած կրպակը ապամոնտաժվեց տնտեսվարողի հետ բանակացությունների արդյունքում. Կուբատյան

Պաշտպանության նախարարությունը հրավիրում է դիմել «1991 ստորաբաժանման» շրջանակում անցկացվող դասընթացներին

Արմավիրի մարզում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 717 դեպք, առողջացել՝ 287-ը

Վրաստանում անցած 1 օրում կորոնավիրուսով վարակման 1 դեպք է արձանագրվել

Բանկերն ու վարկային կազմակերպությունները վարկային արձակուրդ են տրամադրել 550 հազար ֆիզիկական անձանց․ վարչապետ

Պարող կինը դպրոցի տնօրենն է. վարչապետը հրապարակել է դպրոցներից մեկում «Վերջին զանգ»-ի տեսանյութը

Բյուջետային ծրագրերի ֆինանսավորման համար ԱՄՀ-ից 315 մլն դոլար վարկային միջոցներ կներգրավվեն․ Ջանջուղազյան

Ընդդիմությունը մեզ հետ խրամատ փորելու փոխարեն պահանջում է Արսեն Թորոսյանի հրաժարականը․ Հրաչյա Հակոբյան

ՀՀ նախագահի 2020թ. մրցանակակիրների անունները հայտարարելու գործընթացը հետաձգվում է