Երևան
12 °C
Լուսանկարում՝ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիի հետ, Բրյուսել, 21.02.2018
Տարածքների վերադարձը կարգավորման տարրերից մեկն է: Այս մասին երեկ Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լիագումար նիստի քննարկման ընթացքում հայտարարել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, որը աշխատանքային այցով մեկնել էր Բրյուսել: Նիստին նախորդեց ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիի հետ հանդիպումը, որի ընթացքում ստորագրվեց ԵՄ-Հայաստան գործընկերության առաջահերթությունների իրագործման մասին փաստաթուղթը:
Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լիագումար նիստի քննարկման ընթացքում ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավարը նախ ելույթ ունեցավ, ապա պատասխանեց խորհրդարանականների հարցերին:
Ելույթում Նալբանդյանը հիմնականում կրկնեց Մյունխենի անվտանգության համաժողովի ընթացքում Սերժ Սարգսյանի արտահայտած մտքերը, թեև արտգործնախարարի խոսքում ավելի մեծ տեղ էր հատկացված Հայաստան-ԵՄ հարաբերություններին ու համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին: Նալբանդյանը հերթական անգամ հայտարարեց, որ Հայաստանը պատրաստվում է ՀԸԳՀ վավերացման գործընթացն ավարտել ապրիլ ամսին:
Եվրոպայի հետ գործընկերությանն առնչվող մասը Նալբանդյանը եզրափակեց տարածաշրջանում համագործակցության մթնոլորտի ձևավորմանն ուղղված Հայաստանի ջանքերին հակադրելով առկա հակամարտություններն ու բաժանարար գծերը: Նա ևս հիշեց Բեռլինի պատի անկումը և դրանից գրեթե երեսուն տարի անց փակ մնացող հայ-թուրքական սահմանը: «Հայաստանը նախապայմանների լեզվով չի խոսում, բայց չի էլ ընդունի որևէ մեկի կողմից նախապայմանների առաջադրումը» - հայտարարեց Նալբանդյանը:
Նախարարն, իհարկե, չէր կարող շրջանցել նաև Լեռնային Ղարաբաղի խնդիրը: Մինչ Ապրիլյան պատերազմի և դրա ընթացքում Ադրբեջանի վայրագությունների մասին խոսելը, Նալբանդյանը նշեց, որ «1999թ. Եվրախորհրդարանի ընդունած բանաձևում ամրագրվում էր, որ Լեռնային Ղարաբաղը հռչակել է իր անկախությունը՝ հետևելով նմանօրինակ հայտարարություններին, որոնք արվել են նախկին խորհրդային հանրապետությունների կողմից»: Երկար տարիների ընդմիջումից հետո նման բարձր ամբիոնից կրկին հնչեց «Լեռնային Ղարաբաղը երբևէ չի եղել անկախ Ադրբեջանի կազմում» արտահայտությունը: Սա կարևոր դիտարկում է, քանի որ միջազգային հարթակներում՝ անմիջականորեն Արցախի խնդրով չզբաղվող մասնագետների շրջանում հաճախ կարելի է հանդիպել կարծիքի, թե իբր «հայկական զինյալները գրավել են ադրբեջանական տարածքներ»: Իհարկե, դա անմիջական ազդեցություն չի ունենում խնդրի կարգավորման գործընթացի վրա, սակայն նպաստում է հասարակական կարծիքի խեղաթյուրմանն ու որպես հետևանք բացասական ֆոն է ստեղծում հայկական կողմի համար: Բացի դրանից, նման մոտեցման պարագայում հիմնախնդրի կարգավորման հիմքում դրված, առաջին հայացքից իրարամերժ՝ տարածքային ամբողջականության և ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման իրավունքի սկզբունքները պարզ լուծում են ստանում. Լեռնային Ղարաբաղը առնչություն չունի Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ:
Վերջում նախարարը նշեց, 2009թ. դեկտեմբերին Աթենքում կայացած նախարարական համաժողովի ընթացքում ԵԱՀԿ մասնակից բոլոր պետությունները, այդ թվում՝ Ադրբեջանը, հավանություն են տվել Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման երեք սկզբունքներին և դրանց ամբողջակնությանը:
Այսքանով ավարտվեց Էդվարդ Նալբանդյանի ելույթը, որի ընթացքում նախարարի մոտ նկատվում էր որոշակի կաշկանդվածություն: Ելույթին հետևեցին Եվրոպացի խորհրդարանականների արձագանքներն ու հարցերը:
Լեռնային Ղարաբաղ
Մի քանի խորհրդարանականներ անդրադարձան Լեռնային Ղարաբաղի խնդրին, ինչին ի պատասխան Նալբանդյանը ևս մեկ անգամ ներկայացրեց պաշտոնական Երևանի դիրքորոշումը, նշելով, որ ՀՀ-ն ակնկալիքներ չունի բարեկամ, գործընկեր կամ այլ երկրներից՝ Հայաստանի դիրքորոշումը անվերապահորեն կիսելու: Նախարարի խոսքով «դա չի կարող խոհեմ մոտեցում լինել»: Փոխարենը նա կոչ արեց ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահ երկրների դիրքորոշումը կիսելու և դրան սատար կանգնելու: Այստեղ Նալբանդյանը ցավով նշեց, որ այսօր Լեռնային Ղարաբաղի կարգավորումը եզակի հարթակներից է, որտեղ ԱՄՆ-ի Ֆրանսիայի և Ռուսաստանի կարծիքներն ու աշխատանքը ընդհանուր են:
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի կարգավորման երեք սկզբունքներին, Նալբանդյանը ևս մեկ անգամ նշեց, որ դրանք հանկարծակի չեն ձևավորվել և արդյունք են տարբեր մակարդակներով անցկացված տասնյակ հանդիպումների: Այդ սկզբունքներն ամբողջական են և դրանք իրարից առանձնացնելը կբերի փակուղու: Նախարարը խոսեց ոչ միայն սկզբունքների, այլև դրանց տարրերի մասին: Ըստ նրա առաջին տարրը, առաջարկված համանախագահների կողմից, այն է, որ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը պետք է որոշվի Լեռնային Ղարաբաղի բնակչության ազատ կամարտահայտման միջոցով, որը ունենալու իրավական ուժ:
Երկրորդ տարրը Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակին նախորդող միջանկյալ կարգավիճակի տրամադրմանն է վերաբերվում: Նախարարի մեկնաբանությամբ՝ միջանկյալ կարգավիճակը ենթադրում է, որ այն ամենին, ինչն այժմ կա Լեռնային Ղարաբաղում՝ իշխանություններ, պաշտպանական ուժեր և այլն, գումարվելու է միջանկյալ կարգավիճակի միջազգային ճանաչումը:
Երրորդ տարրը Հայաստանի հետ կապի ապահովումն է՝ Լաչինի միջանցքով: Այստեղ Նալբանդյանը փոքրիկ պատմական էքսկուրս կատարեց եվրոպացի խորհրդարանականների համար, ներկայացնելով, թե ինչպես Ղարաբաղը դարձավ անկլավ Խորհրդային Ադրբեջանի կազմում՝ ուղղակիորեն և արդարացիորեն մեղադրելով բոլշևիկյան կուսակցությանն ու Ստալինին:
Չորրորդ տարրը բազմաշերտ անվտանգության երաշխիքներն են, ներառյալ խաղաղապահ առաքելությունների և ուժերի առկայությունը Լեռնային Ղարաբաղի շուրջը:
Հինգերորդ՝ բոլոր փախստականների և տեղահանված անձանց վերադարձը:
Շեշտելով բոլորի հանգամանքը, նախարարը, թերևս, նպատակ էր հետապնդում հասկացնելու, որ դա վերաբերվում է ոչ միայն Հայաստանի Հանրապետությունից և Արցախից հեռացած ադրբեջանցիներին, այլև Ադրբեջանից տեղահանված հայերին:
Վեցերորդ տարրը տարածքների վերադարձն է:
Նալբանդյանը նշեց, որ հայկական կողմը բազմիցս ներկայացրել է իր պատրաստակամությունը աշխատել այս սկզբունքների և դրանց տարրերի շրջանակում, սակայն Ադրբեջանը ձգտում է դուրս հանել երեք սկզբունքների դաշտից միայն մեկը՝ տարածքային ամբողջականությունը, այն էլ սեփական մեկնաբանությամբ, և թվարկած տարրերից մեկը՝ տարածքների վերադարձը:
Տարածքների վերադարձը հայ հասարակության համար շարունակում է անընդունելի մնալ: Բայց եթե մինչ այս հայտարարությունը մենք կարող էինք ակնկալել, որ խոսքը վերաբերվելու է բոլոր, այդ թվում Արցախի Հանրապետության Շահումյանի, Մարտակերտի և Մարտունու շրջանների օկուպացված տարածքներին, ապա այժմ, ելնելով Ադրբեջանի՝ վեցերորդ տարրի հանդեպ ունեցած հատուկ շահագրգռվածությունից, կարող ենք ենթադրել, որ Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքների վերադարձի հարցը բանակցությունների սեղանին դրված չէ:
ԵՄ, թե՞ ԵԱՏՄ
Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամներին հետաքրքրում էր երկու ինտեգրացիոն գործընթացների մեջ ներառված լինելու բարդությունները, եղած հնարավոր ճնշումները ԵՄ կամ ԵԱՏՄ կողմից, իսկ Լիտվայի ներկայացուցիչ Պյատրաս Աուշտրյավիչյուսը ուղղակիորեն հարցրեց, թե ի՞նչ արդյունք կտա Երևանում, կամ մեկ այլ հայկական քաղաքում անցկացված «ԵՄ, թե՞ ԵԱՏՄ» բնույթի հարցումը: Նալբանդյանը կրկնեց Սերժ Սարգսյանի՝ Մյունխենում արած հայտարարությունը, որ «կա՛մ, կա՛մ»-ի սկզբունքը դրվել էր հենց ԵՄ-ի կողմից: Նա նաև որոշակի մանրամասներ ներկայացրեց Մաքսային միությանն անդամակցելու որոշմանը հաջորդած Բրյուսել կատարած իր այցից: Պարզվում է, որ Հայաստանին մերժել են ԵՄ հետ ասոցացման պայմանագրի հարցով, պատճառաբանելով, որ Խորը ու համապարփակ ազատ առևտրի պայմանագիրը անհամատեղելի է Մաքսային միության և ԵԱՏՄ-ի հետ: Դրան հետևել է նախարարի ճշտումն առ այն, որ ԵԱՏՄ-ն դեռևս կազմավորված չէ, որին էլ հետևել է կարճ՝ «անհնար է» պատասխանը:
Հետագայում այդ դիրքորոշումը փոխվեց, «կա՛մ, կա՛մ»-ից դառնալով «և՛, և՛», ինչը համապատասխանում էր Հայաստանի սկզբնական դիրքորոշմանը: Նախարարը հավելեց, որ այդ դիրքորոշումը դրական գնահատականի է արժանանում թե՛ Եվրոպական Միության, թե՛ Եվրասիական միության կողմից: Հարցին Նալբանդյանն այդպես էլ չպատասխանեց:
Թուրքիա
Անդրադառնալով Թուրքիայի հետ կապված խնդրին, Նալբանդյանը խորհրդարանականների ուշադրությունը հրավիրեց այն զարմանալի փաստի վրա, որ հարաբերությունների կարգավորման գործընթացում նախապայման առաջադրողը ոչ թե Հայաստանն էր, այլ Թուրքիան, նկատի ունենալով, թերևս, Հայոց ցեղասպանության փաստը և դրա շարունակական ժխտումը Թուրքիայի կողմից:
Ռուսաստանի ռազմական ներկայությունը ՀՀ-ում
Սլովենացի Իվո Վայգլին հետաքրքրեց Ռուսաստանի ռազմական ներկայությունը մեր երկրում և արդյո՞ք Հայաստանի ինքնիշխանությունը կախված է այդ ներկայությունից: Պատասխանելով նրա հարցին, Նալբանդյանը պարզաբանեց, որ Ռուսաստանի ռազմական ներկայությունը ստիպողաբար չի եղել: Ռուսաստանի ռազմաբազան Հայաստանում է հայկական կողմի հրավերով: Նախարարը հիշատակեց նաև 2010 թ. պայմանագրի 5-րդ արձանագրությունը, որում ասվում է, որ Ռուսաստանը ՀՀ ԶՈւ-ի հետ միասին Հայաստանի անվտանգության երաշխավորն է: Դրանից հետո Նալբանդյանը ներկայացրեց իրավիճակը մեր տարածաշրջանում՝ շեշտը դնելով Ալիևի վերջին միլիտարիստական հայտարարությունների վրա, դրանով փորձելով համոզել, որ ռուսական ռազմական ներկայությունն անհրաժեշտ է տարածաշրջանային անվտանգության և կայունության պահպանման համար:
ԵԽ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի այս քննարկման ընթացքում ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին հաջողվեց խորհրդարանականների կարևորագույն հարցերին սպառիչ պատասխաններ տալ: Ելույթի ընթացքում նկատվող կաշկանդվածությունը հօդս ցնդեց. հարցերին պատասխանելու ընթացքում նախարարը վստահ էր խոսում: Նրա մտքերի վստահ ընթացքն ընդհատեց Բելգիայում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանը, հիշեցնելով, որ նախարարը ուշանում է ինքնաթիռից:
Վլադիմիր Մարտիրոսյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ըմբիշ Սամվել Տերտերյանը՝ ԵԱ Մ20 չեմպիոն
ԲՀԿ-ի այն պնդումը, որ ընդամենը 153 ձայն է պակասել, որպեսզի ԱԺ-ում ներկայացված լինի, բավարար փաստարկ չէ․ ՍԴ
«Մշակութային վերջին զանգ» միջոցառմանը հաղթող է ճանաչվել 22 դպրոց՝ 2-ական դպրոց յուրաքանչյուր մարզից և Երևանից
Նիդեռլանդներն Ուկրաինայի հետ համաձայնագիր է ստորագրել անօդաչու թռչող սարքերի համատեղ արտադրության վերաբերյալ
Շնորհակալ եմ այն պարեկներին, որոնք նպաստում են Ոստիկանության բարեփոխումների իրականացմանը․ ՆԳ նախարար
Սարգիս Խանդանյանը վերընտրվել է ԵԱՀԿ ԽՎ հանձնաժողովի նախագահի պաշտոնում
Ժաննա Անդրեասյանը կմեկնի արձակուրդ․ ով կփոխարինի նախարարին
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ
Էնքան պլոճիկ չունեն, որ հրաժարվեն մանդատից. 100 մլն դոլար են ծախսել, որ ՔՊ-ն չդառնա իշխանություն. տեսանյութ
Մանդատները վերցնելով` ընդդիմությունն ընդունեց, որ հունիսի 7-ի ընտրությունները լեգիտիմ են․ Ստեփանյան
Գագիկ Ծառուկյանի գործով հանցավոր խմբի ևս մեկ անդամ կալանավորվել, ևս մեկն էլ ձերբակալվել է
ՔԿ-ն կադրեր է հրապարակել Գագիկ Ծառուկյանի առանձնատան խուզարկությունից և նրա ձերբակալությունից
Գագիկ Ծառուկյանը կալանավորվել է
Հեքիաթ է, թե ՌԴ-ն մեր փրկիչն է. ՔՊ-ի թևերը հնարավոր չէ կտրել. ՔՊ-ի թևերը, զենքը ՀՀ ժողովուրդն է. տեսանյութ
Հայաստանում կարգելվեն պլաստիկե տոպրակներն ու սպասքը
Վերահաստատվել է Լիբանանին աջակցելու ՀՀ կառավարության պատրաստակամությունը
Էգ առյուծի՝ քնեցումից չարթնանալու հանգամանքները կդարձվի քննության առարկա․ ՔԿ
Նախօրեին տեղափոխված էգ առյուծը քնեցումից չի արթնացել․ Կենդանաբանական այգին հայտնել է պատճառը
Ի գիտություն առաջին դասարան հաճախող երեխաների ծնողների․ ԿԳՄՍՆ-ն իրազեկում է
Վարչապետին է ներկայացվել Գյումրիում նախատեսվող ներդրումային առաջնահերթությունների պլանը․ ինչ է քննարկվել
Դատախազությունը միջնորդել է դադարեցնել Սևանա լճի ափամերձ՝ 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքը
Դատախազական ներգործության արդյունքում վերականգնվել է շուրջ 30 միլիոն դրամի վնաս
Քննարկվել են Հայաստան-Ինդոնեզիա առևտրատնտեսական և գործարար համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցերը
Կայծակի հարվածից վնասված կամուրջը վերականգնվել և բացվել է երթևեկության համար․ տեսանյութ
Ծանրացնող հանգամանքներով գողություններ կատարելու համար մեղադրվող անձը հանձնվել է Գերմանիայի իրավապահներին
Դիլիջանում գիշերը գետը վարարել, դուրս է եկել հունից․ քաղաքի ջրամատակարարումը դադարեցվել է․ տեսանյութ
Հայաստանն ու ԱՄԷ-ն վարորդական վկայականները փոխադարձաբար ճանաչում են․ ուժի մեջ է մտել փոխըմբռնման հուշագիրը
Կոնվերս Բանկը ավարտել է ՎԶԵԲ-ի պարտատոմսերի տեղաբաշխումը
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Երևանում և Գյումրիում Կառավարության ներդրումային առաջնահերթությունները
Ծառուկյանի կալանքի հարցով նիստն ավարտվել է․ դատարանը խորհրդակցական սենյակում է
Էդվարդ Ասրյանն այցելել է հատուկ բանակային զորամիավորում, անձնակազմին ներկայացրել նորանշանակ հրամանատարին
Օձունում ավտոգազալցակայանի գործունեություն է կասեցվել
Տեղեկատվություն՝ ի գիտություն մասնագիտական ուսումնական հաստատության դիմորդների
Էդուարդ Սպերցյանը փոխել է ակումբային գրանցումը՝ համալրելով սաուդյան «Ալ-Ահլիի» շարքերը. պաշտոնական
Թրամփը ժամանել է Անկարա. նրան դիմավորել է Էրդողանը. տեսանյութ
Շղթայական ավտովթար Մարտունիում. մեքենաներից մեկը հայտնվել է ծառերի մեջ. կան տուժածներ
Պետությանը կվերադարձվի 2 մլն 490 հազար դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել է
ՀՀ-ից բուսասանիտարական ենթահսկման առևտրային խմբի բեռների արտահանումը ֆիզիկական անձանց կողմից արգելվում է. ՍԱՏՄ
Զելենսկին ժամանել է Անկարա՝ ՆԱՏՕ-ի երկօրյա գագաթնաժողովին
Սպասվում են անձրև և ամպրոպ. մի քանի օրից ջերմաստիճանը զգալի կբարձրանա
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT