Զինվորականի կյանքը գեղեցիկ կյանք չէ, և այդ պակասը եղել է մեր մեջ. «Զինվորի տանը» թիթեռներին հավերժական կայքն են տալիս

Շուրջ երկու տարի է «Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն»-ում («Զինվորի տուն») բուժում ստացող վիրավոր զինվորները Կանադայից ներմուծված թիթեռներին երկրորդ ու այս անգամ երկար կյանք են տալիս կոմպոզիցիայի տեսքով:

Ի սկզբանե այն արտ-թերապիա էր՝ պատերազմից հետո տղաների կենտրոնացման, մատների մոտորիկայի, նյարդերի և մկանների զարգացման համար, սակայն հետագայում դարձավ «Զինվորի տան» առաջին բիզնես նախագիծը:

«Սա սոցիալական ձեռնարկատիրության մոդելով բիզնես նախագիծ է, որը հենց տղաներն են վարում՝ կոմպոզիցիաներ պատրաստելուց մինչև «Beauty by soldiers» ինստագրամյան էջի ՍՄՄ ծառայություն: Նախագիծը երկու հիմնական խնդիր ունի. առաջին հերթին ապահովվել «Զինվորի տան» շահառու հանդիսացող տղաներին հիմնական աշխատանքով ու կայուն եկամտով: Եվ երկրորդը՝ կոմպոզիցիաների վաճառքից ստացված ամբողջ գումարը ուղղվում է «Զինվորի տուն»՝ վիրավոր զինվորների ամենատարբեր խնդիրների լուծման համար»,- «Հայկական ժամանակ»-ին պատմում է «Գեղեցկություն զինվորներից» ծրագրի ղեկավար Սաթեն Միքայելյանը:

Վերջինիս խոսքով՝ առաջին հայացքից հեշտ թվացող այս աշխատանքը մեծ կենտրոնացում է պահանջում. «Թիթեռները ներմուծում ենք չորացված և սառեցված վիճակում, որից հետո հատուկ մշակում են անցնում: Հմտությունն այն է, որ տղաները առանց թիթեռին հպվելու կարողանում են բացել թևերը, մշակել այն և ստանալ վերջնական տեսքը, որը տեսնում ենք կոմպոզիցիաներում: Մանր ոսկերչական աշխատանք է»:

Դեռ երկու տարի չկա, ինչ կազմակերպությունը գործում է, սակայն մարդիկ այն սիրել են, նկատում է զրուցակիցը:

«Որովհետև սա շատ օրիգինալ արվեստ է, աշխարհում քիչ տարածված: Մենք կարողացանք պահանջարկ ստեղծել: Հիմա կորպորատիվ շատ պատվերներ ունենք, և տղաները հատկապես ամանորյա տոներին ընդառաջ օր ու գիշեր աշխատում են: Պատվերներ կան նաև արտասահմանից»,- ուրախությամբ նշում է Սաթենը:

Մասնագիտությամբ էներգետիկ ինժեներ 23 ամյա Հայկ Ժամկոչյանն արդեն երկու տարուց ավելի է՝ բուժվում և զուգահեռ աշխատում է «Զինվորի տանը»:

IMG_1031.JPG (2.94 MB)

Ասում է, որ շատ է սիրում այս գործը, գերլարված և գերհոգնած օրերին անգամ մտնում է աշխատասենյակ ու հանգստանում աշխատելու պրոցեսից: Սիրում է աշխատել հատկապես կանաչ գույնի թիթեռների հետ. «Տղաներն էլ արդեն գիտեն, որ կանաչ գույնի հանդեպ թուլություն ունեմ, հենց կանաչ թիթեռներ ենք ստանում, ինձ են տալիս: Իսկ թե ինչպիսի կոմպոզիցիա կստացվի, կախված է ոչ միայն թիթեռներից ու գույներից, այլ նաև մեր տրամադրությունից և հոգեվիճակից»:

Հայկն անկեղծանում է՝ կան աշխատանքներ, որոնց հետ դժվարությամբ է բաժանվում:

«Սրան (-խմբ. լուսանկարում) հայկական գույներ ենք ասում, որովհետև եթե նայեք, կտեսնեք, որ թիթեռները կարմիր, կապույտ և նարնջագույն երանգներ ունեն: Այս աշխատանքը հայկական գույներն են խորհրդանշում, դրա համար շատ եմ սիրել»,- ասում է Հայկը:

Կոչումով կապիտան, սպա Գևորգ Կարապետյանի մտքով չէր էլ անցնի, որ մի օր զինվորականի խիստ առօրյայի փոխարեն թիթեռներով կոմպոզիցիաներ կպատրաստի։ Ասում է, որ անգամ իր հարազատներն են զարմանում, երբ լսում են, որ այդպիսի գործով է զբաղված, քանի որ Գևորգն իրեն միշտ զինվորականի գործում է պատկերացրել:

Նա ծառայել է Արցախի հարավային զորամասերից մեկում, 44-օրյա պատերազմի առաջին օրերից եղել է մարտադաշտում: Հոկտեմբերի 25-ին վիրավորվել է հակառակորդի ավիահարվածից, որից հետո տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, ապա «Զինվորի տուն»՝ վերականգնողական բուժում անցնելու նպատակով: Հենց այստեղ էլ սկսել է զբաղվել այս յուրահատուկ արվեստով, որի ընթացքում սիրել է թիթեռներին ու նրանց ապրեցնելու նուրբ պրոցեսը:

IMG_1044.JPG (3.17 MB)

«Շատ նուրբ աշխատանք է, թիթեռը բացելուց մինչև վերջնական տեսքի բերելը: Աննշան շեղման դեպքում թիթեռն է վնասվում, ապակին: Այս գործը շատ նրբանկատություն է պահանջում, քանի որ թիթեռը նրբության ու իդեալականության խորհրդանիշ է: Թիթեռներն անթերի են՝ թևերի նախշերի միանմանությունն ու համաչափությունը, գեղեցիկ գույները: Մենք փորձում ենք մեր աշխատանքներն էլ մաքսիմում մոտեցնել իդեալականին: Սա մեզ համար պարզապես աշխատանք չէ, այլ լիցքաթափվելու, ցրվելու, հանգստանալու, ինչպես նաև գեղեցիկին երկրորդ կյանք տալու պրոցես»,- ասում է Գևորգն ու հավելում, որ ովքեր ցանկանում են յուրահատուկ նվերներ անել իրենց հարազատներին, սիրելիներին, ընտրում են թիթեռներով կոմպոզիցիա, քանի որ դրանք շատ յուրօրինակ են և, երկրորդ, նման աշխատանք հնարավոր չէ գտնել:

Գևորգի հետ էր նաև նրա 4-ամյա որդին, որին ևս, հոր խոսքով, «Զինվորի տան» թիթեռներով սենյակը շատ է գրավում. «Շատ է սիրում թիթեռներ: Այն թիթեռները, որոնք շարքից դուրս են եկել, տալիս եմ տղայիս, ինքն էլ է փորձում դրանցով կոմպոզիցիաներ ստանալ»:

31-ամյա նախկին զինվորական Վարդան Վարդանյանը սպա է եղել, 44-օրյա պատերազմի ժամանակ վիրավորվել է հակառակորդի անօդաչուի հարվածից: Նախկինում չի էլ իմացել, որ նման արվեստ կա, սակայն թիթեռների հետ աշխատելու ընթացքում հասկացել է, որ այդ ամենը պատերազմի դաշտում իրենց շատ է պակասում:

IMG_1058.JPG (2.88 MB)

«Լինելով զինվորական՝ միշտ կոպտություն ենք տեսել՝ համազգեստ, ցեխ, զենք, կռիվ, պատերազմի դաշտ: Զինվորականի կյանքը հաստատ գեղեցիկ կյանք չէ, և այս գեղեցիկի պակասը եղել է մեր մեջ: Սկզբում հաճելի էր և որոշակի բուժական պրոցեդուրա էր, սակայն հիմա նաև հիմնական աշխատանք է, որը շատ եմ սիրում»,- ասում է Վարդանը:

Վերջինս նշում է, որ թիթեռների հետ աշխատելիս փորձում է բացասական բաների ու պատերազմի մասին չմտածել, այլ միայն դրական մտքեր ու էմոցիաներ փոխանցել կոմպոզիցիաներին:

«Դրական էներգիա եմ տալիս ու նույնն էլ՝ ստանում, քանի որ կոմպոզիցիայի վերջնական տեսքի վրա միշտ ազդում է մեր հոգեվիճակն ու տրամադրությունը: Երեկ մի հատ կոմպոզիցիա էի պատրաստել, մոտս խառը, բայց դրական տրամադրություն էր, ու ստացվեց խառը գույներով, բայց գեղեցիկ, շա՜տ գեղեցիկ կոմպոզիցիա: Տրամադրությունը շատ է ազդում, թե ինչ գույներով կաշխատես և վերջում ինչ արդյունք կստանաս»,- ասում է Վարդանը՝ հավելելով, որ բազմաթիվ գնորդներից արձագանքներ են լսել, որ կոմպոզիցիան առնելուց հետո տանը դրական աուրա է նկատվել:

Վարդանը շատ է սիրում էքսպերիմենտներ և հաճախ է շեղվում նախօրոք մշակված պլանից. «Գեղեցիկի հետ աշխատելը ու գեղեցիկ բան ստեղծելը ինձ դուր է գալիս: Ինձ տեսնում եմ սրանում»:

Նա հաճախ նաև խոսում է թիթեռների հետ, երբեմն էլ՝ աշխատելու ընթացքում սիրում լսել հանգիստ դասական երաժշտություն, որը ոչ միայն իրեն, այլև, նրա խոսքով, թիթեռներին է դուր գալիս. «Իրենցից հարցրել եմ, իրենք էլ են սիրում դասական երաժշտություն: Խոսում եմ իրենց հետ: Պատմում են, որ ուրախ են, որ եկել են մեզ մոտ: Մեզ հավանել են ու անհամբեր սպասում են, թե ում մոտ են գնալու կոմպոզիցիայի տեսքով»:

Հերմինե Կարապետյան

Տպել
1190 դիտում

Ջերմաստիճանը կշարունակի նվազել, ինտենսիվ անձրևի տեսքով տեղումները՝ պահպանվել

«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում

Կոոպմանը Բաքվում քննարկել է Եվրամիության հետ համագործակցությանն առնչվող հարցեր

«Ինձ հետ դու-ով չխոսեք». իրավիճակը ԱԺ-ում թեժացավ. Արշակյանը Արծվիկ Մինասյանին զրկեց ձայնի իրավունքից, նա լքեց դահլիճը

Ինչո՞ւ եք ահաբեկում կիրանցիներին, անբարոյականի պես գալիս, անընդհատ ստեր եք հորինում. Հովհաննիսյանը՝ ընդդիմադիրներին

Երբ է այս տարի նախատեսված անցկացնել «Վերջին դաս» միջոցառումը. ԿԳՄՍՆ-ն շրջաբերականներ է ուղարկել

ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին

Տպավորություն է՝ դիմապակիների դեմ պատերազմ եք սկսել, պետք չէ մեքենաներ կոտրել․ Արշակյանը՝ ԵԿՄ «ՈՒԱԶ»-ը վնասելու մասին

545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ ՊԵԿ

Հայտնաբերվել է թմրամիջոցների շրջանառության մեղադրանքով շուրջ 10 ամիս հետախուզվող տղամարդը

Վրաստանի վարչապետը Վաշինգտոնի պահանջների պատճառով հրաժարվել է ԱՄՆ այցից

Սամվել Ղուկասյանը նոր պաշտոն ունի

Կենտրոն վարչական շրջանը նոր ղեկավար ունի

Կասեցվել է «Ֆիշեռ» ՍՊԸ-ի ձկնամթերքի արտադրամասի գործունեությունը. ՍԱՏՄ

Երևանի Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել ընթացքի մեջ գտնվող «Մերսեդես»-ում. կան վիրավորներ

Հնդկաստանի քաղաքացիների կողմից խուլիգանության, նրանցից մեկի սպանության վարույթով կալանավորվել են վերջինիս հայրենակիցները

«Մամուլի ազատության ինդեքս 2024» զեկույցում Հայաստանը բարելավել է դիրքը. որ հորիզոնականում են հարևան երկրները

Ռուսական զորքերը Նիգերում տեղակայված են նույն բազայում, ինչ ամերիկյանը. Պենտագոն

Միացյալ Նահանգները Հայաստանի կողքին է իր ինքնիշխանության ամրապնդման գործում. Մայքլ Քարփենթերը՝ ՀՀ ԱԺ պատգամավորներին

Խնդրահարույց է լրագրողների թիրախավորման, նրանց մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու դեպքերի առկայությունը. ՄԻՊ

Թբիլիսիում անհայտ անձինք հարձակվել են ցուցարարների վրա, ծեծել նրանց (տեսանյութ)

Մեքենան հայտնվել է «Գազպրոմ»-ի փորած փոսում

Երևանի և 3 մարզի որոշ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի

Զովունիում երկհարկանի շինության առաջին հարկում հրդեհ է բռնկվել

Կիպրոսը ողջունել է Երևանի և Բաքվի միջև սահմանազատման վերաբերյալ պայմանավորվածությունը

Մեքենան դուրս է եկել Երևան-Գյումրի ճանապարհի երթևեկելի հատվածից ու շրջվել. կան տուժածներ

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ ինչ է քննարկվել

Զինված ավազակային հարձակում Երևանում․ թալանել են կնոջը և դիմել փախուստի, դեպքի վայրում հայտնաբերվել է մարտական ատրճանակ

Մարտի 1-ի գործը ավարտված չէ, նոր փամփուշտներ կան, որոնք ուղարկված են փորձաքննության․ Վարդապետյան

Հնարավոր չէ «սրբազան»-ի տիտղոսի հետևում անվանարկել քաղաքական հակառակորդին՝ ակնկալելով պատասխան Նոր Կտակարանից․ Առաքելյան

Վաշինգտոնում հայ պատգամավորները ներկայացրել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

Վարդահովիտում գետի վարարման հետևանքով քաղաքացիները չեն կարողացել անցնել մյուս ափը (տեսանյութ)

Ալիևը արդարանում է Պուտինի առջև. ինչու է Ադրբեջանի նախագահը անընդհատ խոսում միջնորդներ չլինելու մասին

Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ Գյումրու «Երեխաների տուն» մանկատան սաներն այցելել են Կենդանաբանական այգի (տեսանյութ)

ԱՄՆ-ի կողմից սահմանված պատժամիջոցների ցուցակում ներառվել են նաև Թուրքիան և Ադրբեջանը

15 նոր տրոլեյբուս և 171 նոր ավտոբուս․ Երևանի տրանսպորտային հավաքակայանը կհամալրվի (տեսանյութ)

Հայտնի է ընդունելության միասնական քննությունների 2-րդ փուլի հայտագրման վերջնաժամկետը․ հնարավոր է կիրառվեն մետաղորսիչներ

Տավուշի թեմի առաջնորդի գործառույթը աղոթելն է, ոչ թե ասֆալտին նստելը կամ պառկելը, ՀՀ-ի վրա հարձակում հրահրելը. Սուքիասյան

Բախվել են թիվ 18 երթուղին սպասարկող «Ժոնգ Տոնգ» և թիվ 1 երթուղին սպասարկող «ՄԱՆ» մակնիշի ավտոբուսները․ կա վիրավոր

Դուք չեք պատկերացնի՝ մեզ ինչքան էր պետք․ Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել