Երեխաները վախենում են տներից դուրս գալ. թափառող շները մարզերում շատացել են, մարզպետները ներկայացնում են իրավիճակը

Թափառող շների խնդիրը մեր երկրում շարունակում է չլուծված մնալ: Եթե Երևանում այն թոթափելու համար որոշում կայացվեց ստեղծել «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ը, ապա մարզերում այսպիսի միասնական համակարգ դեռևս գոյություն չունի: Համայնքները քիչ թե շատ իրենք են իրականացնում ստերջացման գործընթացը կամ համագործակցում մայրաքաղաքի հետ:

Մարզերի բնակիչները հաճախ բողոքում են, որ թափառող շները ագրեսիվ են, բազմաթիվ դեպքեր են գրանցվում, երբ նրանք հարձակվում են մարդկանց վրա, հոշոտում նրանց: 

«Հայկական ժամանակը» կապ է հաստատել մարզպետների հետ՝ հասկանալու, թե թափառող շների մասով որ մարզում ինչ իրավիճակ է:

Լոռիի մարզպետ Արամ Խաչատրյանը, մեզ հետ զրույցում անդրադառնալով իրենց մարզում ստեղծված իրավիճակին, ասում է՝ գրեթե ոչնչով չի տարբերվում այլ մարզերից: Նրա խոսքով՝ հարցին լուծում տալու համար պետք է կա՛մ օրենսդրական փոփոխություն իրականացվի, կա՛մ կենդանիների համար կացարաններ կառուցվեն, որտեղ կպահվեն թափառող շները: Վերջինս առավել կողմ է երկրորդ տարբերակին:

«Համայնքները ֆինանսապես այդքան էլ պատրաստ չեն կենդանիների պահման կամ ստերջացման բեռն ամբողջությամբ վերցնելու իրենց ուսերին: Կարող է կենտրոնացված մի կառույց լինել քաղաքներից մեկում, յուրաքանչյուր համայնք էլ իր ներդրումն ունենա այդ գործընթացում»,- ասում է նա:

Մարզպետը չկարողացավ հստակ ասել, թե որ համայնքում ավելի շատ կարելի է հանդիպել թափառող շների, քանի որ բոլոր համայնքներում էլ շատ են: Խաչատրյանի խոսքով՝ շների հարձակման դեպքեր մարզում հաճախակի են գրանցվում. «Երեխաների վրա հարձակում էր եղել, երեխաները վախեցել էին: Մի քանի կծման դեպքեր էլ են եղել»:

Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի փոխանցմամբ էլ՝ մարզում օր օրի ավելի է սրվում թափառող շների խնդիրը: Գրեթե ամեն օր ահազանգեր են ստանում տարբեր համայնքներից ոհմակներով շրջող շների մասին: «Գործիքակազմ չկա այս մասով, որի միջոցով կկարողանանք մեղմել իրավիճակը: Համայնքները ստերջացում իրականացնում են, սակայն դա բավարար չէ՝ խնդիրը հիմնովին լուծելու համար, քանի որ մարզերը կամ համայնքները իրարից բաժանված չեն ցանկապատներով, և տարբեր մարզերից էլ, հարակից համայնքներից էլ շներ են գալիս: Ստացվում է՝ ստերջացման գործընթացը ոչ այդքան արդյունավետ է, կարծում եմ՝ այլ բան պետք է մտածել»,- նշում է մարզպետը:

Մովսիսյանն ընդգծում է՝ խնդիրն այնքան է խորացել, որ ծնողներն արդեն վախենում են իրենց երեխաներին միայնակ թողել դուրս գալ տնից: Վերջինիս փոխանցմամբ՝ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի գլխավորությամբ այս թեմայով քննարկում է տեղի ունեցել, խնդրի լուծման տարբեր եղանակներ են քննարկվել, սակայն վերջնական որոշում չի կայացվել:

«Առաջարկվել են թե՛ օրենսդրական փոփոխություններ, թե՛ թափառող շների հարցով զբաղվող ընկերության մասնակցություն: Համայնքները գումար կհատկացնեն իրենց բյուջեից տվյալ կազմակերպությանը, որն էլ բոլոր աշխատանքները կիրականացնի: Սակայն սրանք դեռ քննարկումներ են, հստակ որոշում չկա»,- ասում է նա:

Հարցադրմանը՝ Արագածոտնի մարզի ո՞ր համայնքում է ամենից շատ խնդիրը առկա, մարզպետը նշում է՝ կոնկրետ վիճակագրություն չունի, սակայն, օրինակ, մարզկենտրոն Աշտարակ քաղաքում օր չի լինում, որ ահազանգ չլինի շների՝ երեխաների վրա հարձակման:

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն էլ ասում է, որ Դիլիջան քաղաքում ծրագիր է իրականացվում՝ ուղղված թափառող շների հավաքմանը և մեկուսացմանը: «Իջևանում, Նոյեմբերյանում ու Բերդում այս պահին ոչ մի ծրագիր չունենք անցկացվող: Բայց համայնքապետները փորձում են միջոցներ հայթայթել հարցին լուծում տալու համար, որովհետև միայն համայնքների միջոցները բավական չեն թափառող շների խնդին վերջ տալու համար»,- շեշտում է մարզպետը:

Ղալումյանը ահազանգերի մասով հստակ տեղեկատվության չի տիրապետում, քանի որ ահազանգերը համայնքապետարաններն են ստանում: Վերջինս, սակայն, ասում է, որ, իր տեղեկություններով, ամենից շատ թափառող շները հենց մարզկենտրոն Իջևանում են: Նա խնդրի լուծումը տեսնում է ագրեսիվ շներին քնեցման միջոցով: Հայկ Ղալումյանի կարծիքով՝ հնարավոր չէ այդքան թափառող շուն հավաքել մի կացարանում:

Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն էլ ասում է, որ թափառող շների հարցը լուծելու ուղղությամբ քննարկումներ մարզում ընթանում են, սակայն դեռ հստակ որոշում և քայլեր չեն ձեռնարկվել: «Մի կազմակերպություն էր հետաքրքրվել, որի անունը այս պահին չեմ կարող մտաբերել, թափառող շների հավաքագրման, բուժման, պատվաստման աշխատանքները տանելու համար: Էջմիածին և Արմավիր քաղաքներն էլ համագործակցում են Երևանի քաղաքապետարանի հետ՝ շների ստերջացման ծրագիր իրականացնելու շրջանակներում, քանի որ համեմատած մյուս համայնքների՝ այս երկուսում թափառող շների քանակն ավելի շատ է»,- ասում է նա:

Խոսելով մարդանց վրա շների հարձակման դեպքերի մասին՝ Հովհաննիսյանը նշում է, որ դրանք այնքան էլ շատ չեն՝ միաժամանակ ընդգծելով, սակայն, որ որտեղ թափառող շներ կան, այդտեղ նման իրավիճակներն անխուսափելի են:

Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանն էլ է նույն պատկերը ներկայացնում՝ խնդիրը մարզում մեծ չափերի է հասնում, պատկան մարմինները տեղյակ են, պետք է հասկանան՝ ինչպես լուծել: «Շների հարձակման դեպքերը շատ են, հատկապես՝ երեխաների շրջանում, որոնք առավոտյան գնում են դպրոց ու հանդիպում շների ոհմակների: Մի քանի օր առաջ Արտաշատ համայնքից էինք ստացել ահազանգ: Սակայն որքան էլ հասկանում ենք խնդրի լրջությունը, միևնույն է, ֆինանսական մեծ բեռ է համայնքների համար ստերջացման գործընթացը: Մասիս քաղաքն է համագործակցում Երևանի քաղաքապետարանի հետ, ինչը թեթևացրել է խնդիրը համայնքում, սակայն ամբողջովին չի լուծել»,- ասում է Թևոնյանը:

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն էլ նշում է՝ խնդիրը կա, քննարկումներ են ընթանում, մտածում են՝ մայրաքաղաքի նման սեփական ՀՈԱԿ ունենալու մասին, որը կզբաղվի թափառող շների հարցով. «Բոլոր համայնքներում էլ խնդիրը կա, չկա շատ կամ քիչ, բոլոր տեղերում հավասար է»:

Դիտարկմանը, որ քաղաքացիները շատ ժամանակ իրենց միջոցներով վերացնում են շներին, մարզպետը վստահեցնում է՝ Գեղարքունիքում նման դեպքեր չեն արձանագրվել. «Դժգոհում են կուտակումներից, հարձակումներից, բայց նման դեպքեր չեն արձանագրվել: Կծելու դեպքեր էլ այս շրջանում չեն եղել մարզում»:

Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանն էլ ընդգծում է՝ մարզում թափառող շները շատ են, սակայն կծելու կամ հարձակվելու դեպքեր վերջերս տեղի չեն ունեցել: «Գրեթե բոլոր համայնքներում էլ արդիական է թափառող շների խնդիրը: Հիմա մրցույթ ենք հայտարարել, որպեսզի մասնավոր ընկերությունները դիմեն, հաղթեն տենդերը ու մարզում կազմակերպեն այս հարցը: Տեսնենք, թե ինչ արդյունք կտա: Այս պահին համայնքները ստերջացում անում են, բայց դա այդքան էլ արդյունավետ չէ»,- նշում է նա:

Մարզպետի խոսքով՝ պետք է աղբահանության վրա էլ ուշադրություն դարձնել, քանի որ շատ թափառող շներ հենց աղբով են սնվում: Դրա՝ փողոցներում բացակայությունը, ըստ Սահակյանի, հնարավոր է բերի թափառող շների նվազմանը: «Օրինակ՝ Աբովյանում վերջերս շատ-շատ են փողոցում հանդիպում թափառող շներ, պետք է փորձենք հասկանալ՝ որտեղից են գալիս: Ավելի հեշտ է մայրաքաղաքին մոտ համայնքների վիճակը: Օրինակ՝ Եղվարդը ու Նոր Հաճնը համագործակցում են Երևանի քաղաքապետարանի հետ, և Եղվարդից բողոքներ քիչ ենք համեմատաբար ստանում: Ավելի խնդրահարույց են մայրաքաղաքից հեռու համայնքները: Հիմա սպասում ենք մրցույթի ավարտին, որպեսզի մեր հետագա անելիքները հասկանանք»,- եզրափակում է Կոտայքի մարզպետը:

Թե ի՞նչ իրավիճակ է Շիրակի, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում, մեզ չհաջողվեց պարզել, քանի որ մարզպետները չպատասխանեցին մեր զանգերին:

Տպել
1959 դիտում

Ոսկեպարի շրջանում ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացման մասին լուրը կեղծ է

Փաշինյանն ու Բլինքենը քննարկել են Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացն ու «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Էկոնոմիկայի նախարարը մասնագետների հետ քննարկել է խաղողագործության և գինեգործության ոլորտում առկա մարտահրավերները

Կա՞ր հոգևորական, որ ծպտուն հանեց Հոկտեմբերի 27-ին կամ Մարտի 1-ին, ուժեղ տղերք են դարձել, դասեր են տալիս. Մկրտչյան

«Վարչապետի գավաթն» ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)

Ֆրանսիան Աթենքում հանդիսավոր արարողությամբ ստացել է օլիմպիական կրակը (լուսանկարներ)

Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժած իրանցիներին նվերներ ու ծաղիկներ է տարել

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվել է

Կատարում Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական գրավչությանը նպաստող գործոնները

Արգելակները «չեն պահել», ավտոբուսը կոտրել է պատնեշն ու գլորվել ձորը, բոլոր զոհերն իրանցիներ են. ձերբակալվել է վարորդը

Արևշատ գյուղի կամրջից ավտոմեքենան ընկել է Ազատ գետը. կա տուժած

Ավինյանի որոշմամբ՝ Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցներ» ընկերության տնօրենի պաշտոնից

Վանաձորում վրաերթի է ենթարկվել 13-ամյա երեխա

Միրզոյանը Կատարի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի զարգացումները

Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորում ստացել

Ավտովթար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին. ծանր վիճակում հոսպիտալացվել է 2 տուժած

Երևանում փակ ճանապարհներ չկան, դեպի Գյումրի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է

Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ փոխնախագահին (լուսանկարներ)

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար

Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ

Շվեդիայում կրկին հրապարակայնորեն այրել են Ղուրանը (լուսանկարներ)

Կիևը գերմանական ընկերությունից պահանջել է ավելի քան 800 Vector անօդաչու թռչող սարք

Սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ և քամու ուժգնացում. կցրտի 7-9 աստիճանով

Սյունիքի մարզպետը և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներին

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել

Բլինքենն ուղևորվելու է Մերձավոր Արևելք

Քաղաքացին Գութանասար բարձրանալիս կոտրել է ոտքը. փրկարարները մոտ 6 կմ-ից իջեցրել են, օգնել հոսպիտալացվել

Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ. որքան է վաճառվել Հայաստանին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Մահացել է ազատամարտի մասին երգեր կատարող Սահակ Սահակյանը

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

Սուրենյանը հայտնել է Երևանում սպասվող գրեթե ռեկորդային տաքության մասին

Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը

4 զոհ և 9 տուժած․ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է