Ինչ է կատարվում Երևանի կենդանաբանական այգում․ տնօրինությունն ու կառավարման խորհուրդը հակադրություններ ունեն

Երեւանի կենդանաբանական այգում կրկին խառն իրադրություն է: Ժամանակ առ ժամանակ այստեղ խռովություններ են առաջանում:

Այգին կենդանասերների ու լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է հայտնվում անցանկալի իրադարձությունների պատճառով. կենդանիների հանկարծակի անկումներ, ենթադրյալ թունավորման դեպքեր եւ այլն, ինչի համար էլ հաճախ բողոքի ակցիաներ են իրականացվում, որոնց մասնակցում են Այգու նախկին աշխատակիցներից:

Որքան էլ զարմանալի թվա, Կենդանաբանականի նախկին աշխատակիցները տեղյակ են Այգու հիմնական անցուդարձին, օրինակ, թե որ կենդանին է կուշտ, որը՝ սոված, որի ազատավանդակն ինչ անհարմարություններ ունի եւ այլն: Ավելին՝ նրանցից ոմանք հաճախ պարբերական ռեժիմով լուսանկարներ են ստանում, որոնցում արտացոլվում է, որ տվյալ կենդանին հիվանդ է կամ պատշաճ չի խնամվում:

Վերջին «թարմ» տեղեկությունը լուսանկարի տեսքով ստացել էր Այգու նախկին աշխատակից, բողոքի ցույցերի ակտիվ մասնակից Մանուկ Մանուկյանը: Նա, «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում տեղադրելով մուֆլոնի լուսանկարը, մասնավորապես գրել էր. «Հիվանդ մուֆլոնին խնամելու եւ բուժելու փոխարեն աղբի պես շպրտել են փղի ազատավանդակի հետեւում, որ սատկի: Մեր երկրի Կարմիր գրքում ներգրավված, հազվադեպ կենդանատեսակներից է․ հայկական մուֆլոն։ Սրանցից բնության մեջ քարը տրաքի մի 200-250 գլուխ հազիվ գտնես։ Իմ աշխատած տարիներին մենք մուֆլոններին աչքի լույսի պես էինք պահում»:

Մուֆլոնի հետ կապված հրապարակման մասին «Հայկական ժամանակ»-ը մեկնաբանություն խնդրեց Երեւանի կենդանաբանական այգուց: Ի պատասխան՝ մեզ հայտնեցին, որ ֆեյսբուքյան ամեն օգտատիրոջ գրածին չեն կարող պաշտոնապես արձագանքել, հատկապես «մարդկանց մտքի թռիչքներին»: «Եթե ապացույց ունի տվյալ մարդը, թող ներկայացնի, հատկապես լուսանկարի նոր լինելու առումով»,- նշեց Այգու մամուլի խոսնակ Լիանա Բրյանը:

Այգու շուրջ աղմուկը թվում էր, թե պիտի դադարեր նախկին տնօրեն Ռուբեն Խաչատրյանին պաշտոնից ազատելուց հետո, քանի որ այն ժամանակ ասում էին, թե Խաչատրյանը, կամայական ցանկություններից դրդված, ազատել է բազմամյա փորձ ունեցող աշխատակիցների, որոնք էլ, իբր, նրա դեմ ուղղված արշավ են իրականացնում, ինչը կենդանիների կյանքեր է արժենում: Խաչատրյանը հեռացավ, սակայն խնդիրը չվերացավ:

Ելնելով անհասկանալի իրադրությունից՝ Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արման Անտոնյանն անգամ նոր նախագիծ էր ներկայացրել, առաջարկել կանոնադրության փոփոխություններ, որոնց միջոցով պիտի ավելի թափանցիկ ու դյուրին դառնար Այգու կառավարումը:

Երկու տարի տանել-բերելուց հետո այդ նախագիծը հաստատվեց. 10 հոգուց բաղկացած կառավարման խորհրդի գործունեության ժամկետը 5 տարի է: Հիմնական նպատակն է մշակել Կենդանաբանական այգու զարգացման ռազմավարություն, դրա գործունեության հիմնական ուղղությունների մասին Երեւանի քաղաքապետին ներկայացնել մասնագիտական առաջարկություններ եւ վերահսկել Այգու տնօրենի գործունեությունը:

Մասնագիտացված խմբից զատ՝ կանոնադրության պահանջի խորհրդի կազմում են Երեւանի ավագանու բոլոր խմբակցությունների կողմից առաջադրված մեկական ավագանու անդամ թեկնածուներ:

Ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը, որը եւս խորհրդի կազմում է, «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնեց, դուրս է գալու: Նա նշեց՝ հնարավոր է՝ իրենց խմբակցությունից փոխարինող չներկայացնեն: Հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված իր դուրս գալը, Խաժակյանը մանրամասնեց. «Եթե աշխատանքները լինեին հստակ, գծված, խորհուրդն էլ գոնե իմ նախնական պատկերացմուների համապատասխան գործեր, գուցե ես կարողանայի մնալ: Բայց հիմա ես տեսնում եմ, որ Այգու խնդիրները խորքային հասկանալու համար բավականին շատ ժամանակ է անհրաժեշտ: Ցավոք սրտի, սա իմ ուղղվածությունը չէ, խորհրդում ինձնից շատ ավելի տեղեկացված մասնագետներ կան, որոնք, բարեբախտաբար, պատրաստ են իրենց ժամանակի մի մասն անցկացնել Կենդանաբանական այգում»:

Խաժակյանի խոսքով՝ իրենց կարծիքը տեղ կհասցնեն ավագանու նիստերի ու քաղաքապետարանի միջոցով:

«Եղել են դեպքեր, երբ տնօրինությունը զգուշացրել եւ ցանկն է ներկայացրել այն կենդանիների, որոնց առողջական վիճակից ելնելով՝ վերջիններս պետք է էֆթանազիայի ենթարկվեին, սակայն եղել է մասնագիտական կարծիք, որ պետք է թողնել կենդանիներն իրենց բնական մահով անկեն»,- ասաց Խաժակյանը:

Ըստ ավագանու անդամի՝ Կենդանաբանական այգու կառավարման խորհուրդ-տնօրեն համագործակցությունը դեռեւս չի հաջողվում, ինչը, ըստ Խաժակյանի, ունի ե՛ւ օբյեկտիվ, ե՛ւ սուբյեկտիվ պատճառներ: «Կառավարման խորհրդում ներգրավված են մարդիկ, որոնք ոլորտում ունեն փորձ, հեղինակություն: Տնօրենը եւս փորձառու է, կառավարչական փորձառություն ունի, բայց երբ երկու մասնագետ միմյանց հետ քննարկում են մեկ հարց, նույն հարցի շուրջ երկուսն ունենում են տարբեր մոտեցումներ: Այստեղ էլ այդ տարբեր մոտեցումների խնդիրն է»,- նկատեց Խաժակյանը:

Խորհրդի կազմում գտնվող Երեւանի ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մանրիկյանն էլ մեզ հետ զրույցում նշեց՝ կենդանիների ենթադրյալ թունավորման դեպքերն իրեն արժանահավատ չեն թվում: Ըստ Մանրիկյանի՝ տպավորություն է, թե Այգու տնօրենը միշտ մեղավորներ է փնտրում։

«Պարոն Արման Անտոնյանը բազմիցս բարձրաձայնել էր, որ առաջին քայլը պետք է լինի Այգում տեսախցիկների տեղադրումը, սակայն, ինչպես տեսնում ենք, մինչեւ հիմա էլ Այգու շատ հատվածներում դրանք բացակայում են: Իմ ունեցած տեղեկություններով՝ այն մկնդեղը, որը նկարել ու «Ֆեյսբուք»-ով ակտիվ տարածում էին Այգու աշխատակիցներն ու տնօրինությունը, հենց այն հատվածում էր, որտեղ տեսախցիկներ չկային»,- ասաց նա:

Մանրիկյանը նաեւ հայտնեց՝ Այգու տնօրինության եւ կառավարման խորհրդի միջեւ հակադրություն կա, որը բերում է ճգնաժամի. «Դե ֆակտո տնօրինությունը չի համագործակցում կառավարման խորհրդի հետ: Մեր մասնագետները փաստաթղթեր են պահանջել, բայց դրանց տրամադրումն անընդհատ ինչ-որ անհիմն պատճառաբանություններով ձգձգում են: Ես դիմել եմ Հրաչյա Սարգսյանին, որ համապատասխան միջոցներ կիրառենք:

Ըստ Մանրիկյանի՝ առաջին քայլը պիտի լինի Կենդանաբանական այգու տնօրենի պաշտոնակատար Արեւիկ Մկրտչյանի լիազորությունների ժամանակավոր դադարեցումը, որպեսզի արդար հետաքննություն իրականացվի:

Ավագանու անդամը նաեւ հայտնեց՝ խորհուրդը խնդրել էր, որ նեղ մասնագետներից եւս մասնակցեն մոտ մեկ շաբաթ առաջ անկած յագուարի դիահերձմանը, սակայն Այգուց չեն կանչել, արագ տեմպով, առանց իրենց են արել: «Սրանք քայլեր են, որոնք հավատ չեն ներշնչում»,- ասաց նա:

Հիշեցնենք՝ Կենդանաբանական այգու յագուարին մոտ մեկ շաբաթ առաջ առավոտյան գտել էին անշարժացած: Կենդանու մոտ որեւէ կլինիկական ախտանշան վերջին 3-4 օրվա ընթացքում, բացի դժվարաշնչությունից, չէին նկատել: Կերից հրաժարվել էր միայն նախորդ օրը երեկոյան: 10 տարեկան կենդանու հանկարծակի մահվան պատճառն առայժմ հայտնի չէ:

Իսկ ահա Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Սերգեյ Ապրեսյանի կարծիքով՝ Կենդանաբանական այգում ոչ մի արտառոց բան էլ չի կատարվում: «Եթե վերցնենք անցյալ տարվա վիճակագրությունն ու այս տարվանը, ապա կտեսնենք, որ գրեթե չեն տարբերվում: Պարզապես հիմա դրա մասին պարզ ասվում է, իսկ նախկինում չէր ասվում, կամ էլ նման աղմուկ չէր բարձրանում: Եթե նայեն տարիների վիճակագրությունը, կհամոզվեն՝ կենդանիներն անկել են, անկում են ու անկելու են, ինչպես ծնվել են, ծնվում են ու ծնվելու են»:

Ինչ վերաբերում է Այգու նախկին աշխատակիցների՝ պարբերական բնույթ կրող բողոքի ցույցերին, Ապրեսյանն ասաց. «Հետեւում եմ ուշադիր, բայց որեւէ կոնկրետ բան չեմ լսել իրենց ասածներում, որը կարելի կլիներ քննարկման առարկա դարձնել»:

Անդրադառնալով Այգու կառավարման խորհրդի աշխատանքին՝ ասաց, որ դեռ վաղ է գնահատականներ տալը, քանի որ յուրաքանչյուր ամիսը մեկ կայանում են նիստերը, ժամանակ է հարկավոր: «Նորաստեղծ մարմին է, ակնթարթային արդյունքներ ակնկալել պետք չէ»,- եզրափակեց նա:

Երեւանի կենդանաբանական այգու տնօրենի պաշտոնակատար Արեւիկ Մկրտչյանից եւս մեկնաբանություն խնդրեցինք կառավարման խորհրդի հետ աշխատանքների ու վերոնշյալ անհամաձայնությունների վերաբերյալ:

Նրա խոսքով՝ Կառավարման խորհուրդը ձևավորվել է 2021 թվականի հունիսից, և իր նշանակումից ի վեր ամսական հանդիպումներ են կազմակերպվում կա՛մ Երևանի կենդանաբանական այգում, կա՛մ Երևանի քաղաքապետարանում:

«Կառավարման խորհրդին առաջնահերթության կարգով ներկայացվել են Այգու՝ հրատապ լուծում պահանջող խնդիրները, ծեր, տարիքով, քրոնիկ առողջական խնդիրներ ունեցող կենդանիների վերաբերյալ տեղեկատվություն, խոսվել է նաև Այգու զարգացման տեսլականի մասին, ի թիվս այլ հարցերի, քանի որ ինչ-ինչ պատկերացումներ, բնականաբար, կարող են և պիտի տարբերվեն՝ հետագայում օպտիմալ որոշումներ կայացնելու համար»,- ասաց նա:

Մկրտչյանը նաեւ նկատեց՝ համագործակցության խնդիր անձամբ չի տեսնում գործող ԿԽ անդամների հետ, սակայն ստիպված է նշել, որ ԿԽ որոշ անդամներ ընդհանրապես չեն ներկայանում նիստերին:

«Ներկայումս մշակվում է աշխատանքային կանոնակարգ, ձեւավորվում են աշխատանքային խմբեր, որոնք պիտի աշխատեն հստակ առաջադրանքների ուղղվածությամբ, սակայն խնդիրների մեծ մասն առաջ են գալիս, երբ փաստացի պարզվում է, որ պահանջվող թղթաբանությունը, ինչի ուղղությամբ ԿԽ անդամները պիտի աշխատեն, Այգում բացակայում է»,- եզրափակեց նա:

Տպել
1730 դիտում

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ ինչ է քննարկվել

Զինված ավազակային հարձակում Երևանում․ թալանել են կնոջը և դիմել փախուստի, դեպքի վայրում հայտնաբերվել է մարտական ատրճանակ

Մարտի 1-ի գործը ավարտված չէ, նոր փամփուշտներ կան, որոնք ուղարկված են փորձաքննության․ Վարդապետյան

Հնարավոր չէ «սրբազան»-ի տիտղոսի հետևում անվանարկել քաղաքական հակառակորդին՝ ակնկալելով պատասխան Նոր Կտակարանից․ Առաքելյան

Վաշինգտոնում հայ պատգամավորները ներկայացրել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

Վարդահովիտում գետի վարարման հետևանքով քաղաքացիները չեն կարողացել անցնել մյուս ափը (տեսանյութ)

Ալիևը արդարանում է Պուտինի առջև. ինչու է Ադրբեջանի նախագահը անընդհատ խոսում միջնորդներ չլինելու մասին

Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ Գյումրու «Երեխաների տուն» մանկատան սաներն այցելել են Կենդանաբանական այգի (տեսանյութ)

ԱՄՆ-ի կողմից սահմանված պատժամիջոցների ցուցակում ներառվել են նաև Թուրքիան և Ադրբեջանը

15 նոր տրոլեյբուս և 171 նոր ավտոբուս․ Երևանի տրանսպորտային հավաքակայանը կհամալրվի (տեսանյութ)

Հայտնի է ընդունելության միասնական քննությունների 2-րդ փուլի հայտագրման վերջնաժամկետը․ հնարավոր է կիրառվեն մետաղորսիչներ

Տավուշի թեմի առաջնորդի գործառույթը աղոթելն է, ոչ թե ասֆալտին նստելը կամ պառկելը, ՀՀ-ի վրա հարձակում հրահրելը. Սուքիասյան

Բախվել են թիվ 18 երթուղին սպասարկող «Ժոնգ Տոնգ» և թիվ 1 երթուղին սպասարկող «ՄԱՆ» մակնիշի ավտոբուսները․ կա վիրավոր

Դուք չեք պատկերացնի՝ մեզ ինչքան էր պետք․ Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Մարզային փրկարարական վարչությունների ղեկավարներին կարգադրվել է մարտական հաշվարկում ընդգրկել նաև ամենագնացները

Թուրքիան դադարեցրել է առևտրային հարաբերություններն Իսրայելի հետ

ՀՀ-Ադրբեջան սահմանազատման հանձնաժողովների վերջին պայմանավորվածությունն առաջընթաց է խաղաղության օրակարգում․ Բայրամով

Եղբայրները գումարային հարցի շուրջ վիճաբանել են 3 անձի հետ, որոնք հարվածներ են հասցրել, հետո դանակահարել նրանցից մեկին

Արարատ Միրզոյանի հետ հեռախոսազրույցից հետո Ուկրաինայի ԱԳ նախարարը գրառում է արել

Ինչեր են հայտնաբերվել կալանավորվածներից մեկի գուլպայից, մյուսի էլ՝ ծխախոտի տուփից

Ղրղզստանի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին խորհուրդ է տվել չմեկնել Ռուսաստանի Դաշնություն

Նոյեմբերին Ադրբեջանում խորհրդարանական ընտրություններ են անցկացվելու

Հայաստանը պետություն է, պետք է հասկանալ, որ մի խումբ անձինք չեն կարող խանգարել սահմանազատման գործընթացին. Իոաննիսյան

«Լադանիվա»-ի երկրորդ փորձը եվրատեսիլյան բեմում (լուսանկարներ)

Խոշոր բրենդներն անընդհատ ահազանգում են․ վարչապետին է ներկայացվել Մտավոր սեփականության գրասենյակի 2023-ի հաշվետվությունը

Արծվի թևեր կոչվող հատվածում նոր արագաչափ է տեղադրվել․ երբ կգործարկվի այն

Ուսուցիչը բռնություն է կիրառել տարրական դասարանների աշակերտների նկատմամբ․ Տիգրան Ավինյանը տեղեկությունը փոխանցել է ՔԿ-ին

Կենտրոն վարչական շրջանի ղեկավարն ազատվել է պաշտոնից

Արարատ Միրզոյանն ու Ուկրաինայի ԱԳ նախարարը տարածաշրջանային հարցեր են քննարկել

Երևանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

«Ուրալ»-ի վթարից տուժած 20 զինծառայողներից 8-ը դուրս են գրվել հոսպիտալից․ ինչ վիճակում են մյուսները

Գյումրիում մեկ ապաստարան կվերանորոգվի և կվերազինվի․ համագործակցության փաստաթուղթ է ստորագրվել

Տեղյակ լինելով «Ուրալ»-ի տեխնիկական խնդիրներից՝ թույլատրվել է մեքենայի երթը. զորամասի 2 պաշտոնատար անձ է կալանավորվել

Չայնիի ոլորաններում մեքենա է այրվել

Անթալիայում մեքենաներ են բախվել․ ինչով են զբաղված եղել տուժած զբոսաշրջիկները վթարի պահին

ԼՂ-ից բռնի տեղահանվածներին պետք է աջակցություն տրամադրել ոչ թե ըստ կարգավիճակի, այլ ըստ խոցելիության. Նանա Սկաու

ԵՄ-ն բարձր է գնահատում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրականացվող սահմանազատման առաջընթացը․ Պյոտր Միխալկո

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 2-ին

Ամերիկյան կողմը պատրաստակամ է շարունակել աջակցությունը ՀՀ պաշտպանական բարեփոխումներին. Քվինը՝ Պապիկյանին

Ավտովթար Երևանում. բախումից հետո մեքենաներից մեկը կողաշրջվել է