Ոչ կենացով, ոչ էլ «Եռաբլուր»-ում ցավը ցույց տալով չեն սիրում հայրենիքը, պետք է դուրս գանք այդ կսկիծից. Ռազմիկ Պետրոսյան

30 տարի առաջ՝ 1992 թվականի հունվարի 28-ին, «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության մասին» բանաձև ընդունվեց, որն էլ դարձավ Ազգային բանակի ստեղծման սկիզբը: Հայոց բանակն այսօր 30 տարեկան է։

Բանակի ստեղծման օրվա առթիվ «Հայկական ժամանակ»-ը զրուցել է գնդապետ, «Ապարան» ջոկատի հրամանատար, Արագածոտնի մարզի նախկին մարզպետ Ռազմիկ Պետրոսյանի հետ։

Մենք չգիտեինք, թե ինչ է նահանջը. 2020-ի պարտությունը խոր ուսումնասիրության կարիք ունի

Հայաստանի պատմության մեջ ինձ համար Բանակի օրն այն է, երբ Արցախյան առաջին մարտերի համար սկսեցինք կազմավորել ջոկատներ։ Մինչև Հատուկ գնդի ձևավորումը՝ մենք էինք որոշում, թե որ ուղղությամբ գնայինք։ Հիմնականում հեռուստատեսությամբ կամ լուրերով, երբ ինչ-որ ինֆորմացիա էինք ունենում, շարժվում էինք այդ ուղղությամբ։ Շատ ժամանակ ոչ լեգալ էինք տեղափոխվում, օրինակ՝ երբ օգնություն էին ուղարկում որևէ կողմ, ասենք՝ ալյուրի պարկեր, այդպես մենք էլ տեղաշարժվում էինք։

Այսօր տոնում ենք բանակի ստեղծման 30 տարին։ Բանակի ու հաղթանակի նկատմամբ նույն էներգիան ու հավատը հիմա էլ կա, ինչպես Արցախյան շարժման ժամանակ էր՝ չնայած որոշ ուժեր դա ցանկանում են կոտրել։ Այդ էներգիան մեր տարածքները կրկին հետ բերելու երաշխիքն է։ Ճակատագրի բերումով ես մասնակցել եմ և՛ Արցախյան մարտերին, և՛ Ապրիլյան քառօրյա պատերազմին, և՛ 44-օրյա պատերազմին։ Ադրբեջանի հետ մենք երբեք հավասար զինվածության մակարդակ չենք ունեցել։ Միշտ հետ ենք եղել նրանցից՝ և՛ մարդկային ուժով, և՛ զենք-զինամթերքով։ Բայց մեր և նրանց տարբերությունը հետևյալումն է․ նրանք միշտ ապավինել են ուրիշներին, իսկ մենք՝ մեր սեփական ուժերին։ Դրա համար էլ մեր բանակի ստեղծման գործընթացը դժվարություններով է եղել ուղեկցված՝ մեր մի շարք ընկերների կյանքերի հաշվին։

Ծառայության մեջ կա երեք հրաման՝ հարձակում, պաշտպանություն ու նահանջ։ Մենք չգիտեինք, թե ինչ է նահանջը։ Մերը հարձակվելն ու պաշտպանվելն էր։ Դրա համար էլ մենք կարողացանք արձանագրել հաղթանակ։ Վերջին՝ 2020 թվականի պարտության պատճառների համար պետք է խորքային ուսումնասիրություն լինի։ Մենք երբեք այսքան մոտ չէինք եղել հաղթանակին, ինչպես այս անգամ, ուղղակի մեզ կամք էր պետք՝ սկսածն ավարտին հասցնելու համար։ Այո՛, կար կամքի բացակայություն, պետք է բացահայտել՝ ի՞նչն էր դրա պատճառը։ Ինչպես է լինում, որ մի հատվածում հաղթանակ է լինում, մի հատվածում՝ ոչ։ Նույն զինվորը չէ՞ ամեն տեղ, նույն կամավորն ու զենքերը չե՞ն։ Այս դեպքում պետք է նայել՝ ռազմական ի՞նչ գործողություններ են կատարվել ամեն մի ուղղությամբ, ձախողումն էլ մեր մեջ պետք է փնտրենք, ոչ թե ասենք՝ Ադրբեջանը ուժեղ էր։

Հրամանատարական կազմի թերացումից է եկել պարտությունը։ Այն հատվածում, որտեղ ես եղել եմ, իմ մարտական ընկերներն էին, մենք մի բառից իրար հասկանում էինք, ես գիտեի՝ որ ստորաբաժանումն ինչի՞ է ընդունակ, ում ուժն ինչպե՞ս պետք է օգտագործել։ Զինվորն ինքը կատարող է: Այո՛, խուճապ եղել է, բայց հրամանատարն էլ այնպես պետք է աներ, որ այդ խուճապը չխանգարեր։

Իշխանատենչությունն այսօր մեզ խանգարում է. պետք է դուրս գանք մեր «ես»-ից

Տարածքները հետ բերել հնարավոր է, եթե մենք թողնենք ներքին քաղաքական խաղերը։ Իշխանատենչությունն այսօր մեզ խանգարում է։ Նայում եմ, թե ինչ է կատարվում  խորհրդարանում․․․. այնտեղի մթնոլորտը տարածվում է մեր ազգաբնակչության վրա։ Որքան վատ, այնքան լավ քաղաքականությունը, որը վարում է ընդդիմությունը, սխալ է։ Ընդդիմությունը պետք է ուղղորդի իշխանությանը ճիշտ աշխատել։

Մենք ոչ թե ճանապարհները պետք է գնանք քանդենք, այլ պետք է միասին կառուցենք։ Ընդդիմությունը պետք է օգնի իշխանությանը, որպեսզի րոպե առաջ կարողանանք մեր մեջքն ուղղել, բանակը հասցնել այն մակարդակին, որ ունակ լինի կրկին կերտել հաղթանակներ։ Նոր զենք-զինամթերքի ձեռքբերումը ցույց է տալիս, որ մենք ճիշտ ուղղության վրա ենք. մենք հարձակվողական դիրքերում այլևս պետք է հանդես գանք։ 20 տարի ներդրում չենք արել բանակի վրա։ Ասում են՝ իշխանությունը չփոխվեր, այսպես չէր լինի։ Այո՛, չէր լինի, միանգամից ամբողջ երկիրը կկորցնեինք։

26 տարի Ադրբեջանն ապրել է նույն վիճակով, ինչ հիմա՝ մենք։ Նրանք այդ ընթացքում համբերատար զինվել են։ Հիմա էլ մեր նկատմամբ հոգեբանական ճնշում են գործադրում։ Տեսնում են, որ ՀՀ-ի ներսում ոչ կայուն վիճակ է, նրանք էլ գնում են սահմաններում սադրանքների։ Եթե մեր ներսում չլինեին այս խժդժանքները, մենք հիմա վաղուց գերիների հարցերն էլ էինք լուծել, սադրանքներին էլ էինք պատասխանել։ Ադրբեջանը տեսնում է՝ իրենց կողմից մի քայլ, ու ընդդիմությունը Հայաստանում խաղեր է սկսում խաղալ։

Կայուն վիճակում միայն մենք կկարողանանք մեր կորցրածը հետ բերել։ Սպարապետն ասում էր՝ եկեք էս մի կռիվն անենք-վերջացնենք, չհոգնենք։ Մենք հոգնեցինք, չհասկացանք հաղթանակի արժեքը։ Այս պարտությունը մեզ համար դաս պետք է լինի, պետք է դուրս գանք մեր «ես»-ից, դեմքով նայենք մեր ազգային արժեքներին։ Ամեն մեկս մեզ հայրենիքի զինվոր պետք է զգանք, ոչ թե որևէ անձի կամ քաղաքական թիմի զինվոր, կապ չունի՝ տղամարդ, թե կին։ Հայրենիքի սերը կենացով չեն ցույց տալիս, «Եռաբլուր»-ում ցավը ցույց տալով՝ չեն սիրում հայրենիքը, պետք է դուրս գանք այդ կսկիծից։

«Եռաբլուր»-ը մեզ համար միշտ եղել է խոնարհման ու ուխտի տեղ, պետք է երդվենք այդ տղերքին, որ նրանց գործը շարունակելու ենք, ամեն թափած արյան պատասխանը տալու ենք, դա պետք է լինի մեզ առաջ տանողը, մենք պետք է հպարտ լինենք, իսկ կսկիծով ու ցավով ապրելը մեզ հաղթանակի չի տանի։

Նախարարները փոխվում են՝ ըստ անհրաժեշտության

Ասում են՝ պաշտպանության նախարարներն անընդհատ փոխվում են, դա սխալ է։ Ասեմ՝ աննպատակ ոչ մի փոփոխություն չի արվում։ Փոփոխությունները խորքային խնդիրներ ունեն, ցանկություն կա գնալու դեպի լավը։ Սուրեն Պապիկյանի զինվորական չլինելուց են խոսում։ Ես եղել եմ բանակի ակունքներում, կարող եմ ասել՝ սպարապետն էլ զինվորական չէր։ Ինքն օժտված էր հզոր արժեքներով՝ լսելու հատկություն ուներ, կարողանում էր կոլեգիալ որոշումներ կայացնել, վերջնական որոշողը միշտ ինքն էր, իր հետևից էլ կարողանում էր մարդկանց տանել։ Դրանք այն արժեքներն են, որոնց առկայության դեպքում քաղաքական և ռազմական օղակներում ունենում ես հաջողություններ։ Ես այդ բնավորությունը տեսել եմ Սուրեն Պապիկյանի մեջ։ Նա միշտ պատրաստակամ է լսելու, խորհելու։

18 տարեկան զինվորը չպետք է լինի սահմանին. ո՞վ է ասել

Ես 18 տարեկան «ծեր» մարդ էլ եմ տեսել, 50 տարեկան «երիտասարդ» էլ։ Այստեղ տարիքի մասին չպետք է խոսել։ Այո՛, սահմանին կանգնելու համար առողջություն է պետք։ Պատերազմի ժամանակ պետք է առաջնահերթություն տալ փորձին։ Այս պատերազմին ինձ հետ եկել էր 80 հոգի։ Այդ 80 հոգուց 60 հոգուն ես կարողացա ինձ հետ բարձրացնել սահման, մյուս 20-ի մեջ կային մարդիկ, որոնք ունեին այս կամ այն առողջական խնդիրը։ Բայց այդ 20-նն էլ ներքևում իր գործառույթն էր կատարում։ Նրանք խրամատներ էին փորում, պատգարակներ էին տեղափոխում, ամեն մեկը մի բան անում էր։ Ամեն մարդ իր հնարավորության չափով սահմանում անելիք ունի միանշանակ։

Երեք պատերազմներին մասնակցած զինվորը

Ասեմ ձեզ՝ ես միշտ իմացել եմ, որ չեմ զոհվելու։ Ես միշտ գիտեի՝ իմ մեկ րոպե ուշանալն ինչ-որ մարդու կյանքի հետ է կապ ունենալու։ Ես իրավունք չեմ ունեցել ուշանալու։ Երբ հասել եմ մարտի դաշտ, հասկացել եմ, որ, այո՛, թեկուզ կես ժամ ուշանայի, դա խնդիր էր լինելու։ Դեպք է եղել, գնացել եմ, արդեն որոշակի տարածքներ է հակառակորդը գրաված եղել։ Մտածել եմ, այո՛, որ չուշանայի․․․

Ես միշտ զգացել եմ, որ սահմանին պետք եմ ու անելիք ունեմ։ Մենք՝ ճակատագրի բերումով ողջ մնացածներս, առաքելություն ունենք։ Քաղաքական տարբեր պիտակներով փորձում են հունից հանել, բայց ինձ չեն կարող։ Ես հայրենիքի զինվոր եմ, քաղաքականության մեջ էլ եմ հայրենիքի զինվոր։ 89 թվերին, երբ նոր ջոկատներ էին ձևավորվում, ես այդ ժամանակ քաղաքական պայքարի մեջ էի, բայց ժամանակի ընթացքում, մանավանդ Բաքվի դեպքերից հետո, այս քաղաքական հարթակին զուգահեռ պետք է ձևավորվեր նաև ռազմական հարթակ։

Երբ ոտնձգություններ էին արդեն կատարվում Հայաստանի սահմանում, մենք ջոկատներով սկսեցինք գնալ Կապանի ու Շամշադինի ուղղությամբ։ Տեղեր կային՝ մեզ լավ չէին ընդունում, ասում էին՝ մենք թուրքերի հետ եղբայրներ ենք։ Հետ էինք գնում, հետո մեզ ասում էին՝ եկեք, հասեք։ Լավ գիտեինք՝ դրանք հարևան չեն կարող լինեն։

Ես հասկանում էի, որ քաղաքական ասպարեզում ինձ ավելի շատ մարդ կկարողանա փոխարինել, քան կռվում։ Իսկ հետո, երբ զոհվում էր որևէ մի մարտական ընկեր, ուխտ էի տալիս շարունակել նրա գործը։ Այդ ծանրությունը ավելանում է, նվիրվածությունն ու վրեժը միախառնվել են իրար։ Երբ գնում եմ «Եռաբլուր», տղերքի շիրիմների մոտ ինձ հարց եմ տալիս՝ իրենք ինձ ներե՞լ են։ Ես գնում եմ ու ասում՝ տղերք, ես մինչև վերջ, քանի շնչում եմ, հավատարիմ եմ մեր ուխտին։ Մենք չգիտեինք, թե որ մեկս կզոհվեր։

Եթե ողջ եմ, ուրեմն առաքելություն ունեմ։ Ես չեմ սպասում, որ ինձ հրավիրեն սահման, ես գնում եմ, քանի որ ի վիճակի եմ ու պարտավոր։ Իշխանասարի ուղղությամբ երբ գործողություններ եղան, ես միանգամից շարժվեցի Սիսիան, քանի որ ես զինվոր եմ։ Ես միշտ պատրաստ եմ ծառայելու, ես ապրում եմ դրանով։ Մենք կռվում ենք ու զոհվում հանուն արժանապատվության՝ մեր կանանց, երեխաների, երկրի։ Բոլորս պետք է զինվորի նման սիրենք հայրենիքը, դա է միակ ճիշտը։

Զոհված զինվորները՝ օրինակ պայքարի ու հաղթանակի

Մենք այսքան զոհ տվեցինք, ճանաչեցինք մեր հերոսներին։ Ցավով եմ ասում, բայց սա էլ է դաստիարակության ձև, երբ դու օրինակ ես ունենում քո առջև։ Երիտասարդներն այս պատերազմի հերոսական դրվագները պետք է վերցնեն օրինակ, բայց միայն թե ոչ վախը կամ պարտության սինդրոմը։ Մեր հերոսների կերպարը պահելը պետք է մեր սերունդների դաստիարակության մի մասը դառնա։ Պատերազմը չպետք է տանի վախի կամ բանակից խուսափելու, այլ հակառակը՝ հերոսանալու։ Հերոսանալու ձգտում ունենալը չի նշանակում անպայման զոհվել։ Վախն ավելի շատ մահ է, նույնիսկ կենդանության ժամանակ։ Մենք մեր երգերում էլ ենք դրա մասին բարձրաձայնում՝ «վախկոտն ամեն օր է մեռնում»։ Հերոսները չեն մեռնում։

Երբ մարզպետ եղած ժամանակ մասնակցում էի զոհված զինվորներին նվիրված միջոցառումներին, դրանք ողբի էին նմանվում։ Ես իմ ելույթներով ու զրույցներով դպրոցի տնօրեններին կոչ էի անում միջոցառումներն անցկացնել հերոսներին վայել կեցվածքով։ Դրանք պետք է լինեն մեծարման երեկոներ, ունենան դաստիարակչական բնույթ, ոչ թե ողբի ու լացի երեկո։ Դրանից հետո ես ականատես էի լինում լրիվ այլ երեկոների․ երեխաների երգերը խրոխտ էին, չէին ուղեկցվում լացով։ Ես Ամանորին դիրքերում էի՝ Ջերմուկում։ Հեռուստատեսությամբ փոխանակ մեր դիրքերում ծառայող զինվորներին ցույց տային, ցույց էին տալիս «Եռաբլուր»-ը։ Ոգեղենը սպանում են, թարմացնում զոհված զինվորների ծնողների վերքերը։ Պանթեոնը երբեք չպետք է դառնա քաղաքական ամբիոն։ Դա սրբավայր է, այնտեղ զգույշ պետք է քայլես ու խոսես։

Վերջին ճակատամարտում՝ կա՛մ իրենք, կա՛մ մենք

Ուզում եմ շնորհավորել մեր բոլոր զինվորներին, սպաներին, ֆիդային ընկերներին։ Մենք պետք է պատրաստ լինենք մեր վերջնական հաղթանակին, որը երաշխիքն է լինելու մեր հարատև խաղաղության։ Այս ժամանակավոր հրադադարով ու վերջին պարտությամբ մենք չպետք է կոտրվենք, այլ վեր հառնենք, պատրաստվենք վճռորոշ ճակատամարտում հաղթանակի։ Դրանից մեկ բան է կախված լինելու՝ կա՛մ իրենք, կա՛մ մենք։ Ու ես վստահ եմ, որ մենք հետևություններ արել ենք ու հստակ պատասխան ենք տալու հակառակորդին։

Անյուտա Աթանեսյան

Տպել
2784 դիտում

Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում

Եվրոպական հանձնաժողովը պատրաստ է նպաստել Կառավարության առաջնահերթությունների կատարմանը․ վարչապետն ընդունել է Կոոպմանին

«Քաջարի» զինվորը «բախվել» է «եկեղեցին ասպատակող» լրագրողի հետ. Ստյոպա Սաֆարյան

Լևոն Քոչարյանի թիկանապահը հարվածել է լրագրողին, ԱԺ-ն թող չխառնի «Պոպլավոկ»-ի հետ․ Հովհաննիսյան

Կառավարությունը փոփոխություններ է առաջարկում խաղային ոլորտը կարգավորող օրենսդրությունում

Այն պրոցեսները, որոնցում ներգրավված են նաև հոգևորականները, իրականացվում են ՀՀ պետականության դեմ. Հովհաննիսյան

ՀԿԵ-ում նշվել է Աշխատանքի պաշտպանության օրը

Առաջարկվում է Հարկային օրենսգրքում սահմանել QR կոդի հասկացությունը․ երբ ուժի մեջ կմտնի օրենքը

«Հար-Մա եղբայրներ» ընկերության տոմատի մածուկի արտադրությունը կասեցվել է․ ինչ է հայտնաբերվել

Որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը

Օդի ջերմաստիճանը կնվազի․ ժամանակ առ ժամանակ անձրև և ամպրոպ է լինելու

Սահմանազատման հիմքում նաև իրավական փաստաթուղթ կա, ընդդիմությունը փորձում է կեղծ օրակարգեր առաջ քաշել. Տիգրանյան

16-ամյա տղան Կիևյան կամրջից ցած է նետվել. նրան ողջ են հայտնաբերել

Ռեստորանում ընթրելիս տղամարդը հանել է ատրճանակն ու պատահական կրակել․ կա զոհ

Լևոն Քոչարյանի «ախռանիկը» Ազգային ժողովի շենքի տարածքում հարվածել է Civic.am-ի լրագրողին

Ֆրանսիայի կողմից նվիրաբերված գեներատորները տրամադրվել են ՀՀ ռազմավարական կարևորություն ունեցող կառույցներին

Օպերատիվ իրավիճակը անցած 1 օրում․ բացահայտվել է հանցագործության 86 դեպք, արձանագրվել՝ 10 ճանապարհատրանսպորտային պատահար

ԱԳ նախարարի տեղակալը Ֆրանսիայի Սենատի անդամ Ռոնան Դը Գլյոյին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ը

Ալմա Աթայի հռչակագրով ՀՀ-ն ունի տիտղոս Հայաստանի Հանրապետության ամբողջ ինքնիշխան տարածքի վրա․ Վարդանյան

Ինչը կերաշխավորի Հայաստանի Հանրապետության գոյությունն ու զարգացումը․ վարչապետը հրապարակել է պետության մասին 4-րդ զրույցը

Այս ֆոնին հասկանո՞ւմ եք՝ ինչ լավ է, որ, ի վերջո, Ադրբեջանը համաձայնվել է 1991-ի դրության վիճակին վերադառնալ. Իոաննիսյան

Աշխարհում ձեր նման հակապետական ընդդիմություն գոյություն չունի. Արթուր Հովհաննիսյան

Պաշտպանության բնագավառում ՀՀ-Ֆրանսիա երկկողմ, ինչպես նաև ԵՄ-ի հետ համագործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Քեզ փող են տալիս, անում ես, դու շուն ես. Դավթյանը՝ իր ներկայացման ժամանակ ակցիա իրականացրած երիտասարդին (տեսանյութ)

Մեր հավատքը ձեր բիզնեսին մի խառնեք, Աստծուց վախեցեք. Չախոյանը՝ հոգևորականներին

Պետությունն ունենում է պետական սահման, դուք առաջարկում եք առաջնորդվել շփման գծով, դրա ի՞նչն է պետականանպաստ. Կարապետյան

Այսօր՝ ՀՀ ԱԺ, վաղը «Արմյանսկիյ օբլըստի» ինչ-որ «գարադսկոյ դումայի պատգամավոր կլինեն․Ալեքսանյանը՝ ընդդիմության մասին

Վարչապետն օտարերկրյա պետություններում Սփյուռքի գործերի հանձնակատարներ է նշանակել

Լեգիտիմացնում եք ուժը, երբ այն սկսի գործել, ձեր դաշնակիցները իրենց իրավունքները չեն կատարի. Ռուբինյանը՝ ընդդիմությանը

Օդեսայում հրթիռակոծության հետևանքով զոհեր կան, հրդեհվել է «Կիվալովի ամրոց»-ը․ այսօր սգո օր է հայտարարվել

Բրիտանական ընտանիքի անդամը՝ դքսուհի Սոֆին, այցելել է Ուկրաինա

Ընդդիմության առաջարկած սահմանագծման վերաբերյալ նախագիծը մերժվեց․ «Քաղաքացիական պայմանագիր»-ը դեմ քվեարկեց

Զինված հարձակում է եղել Աֆղանստանի Հերաթ նահանգի մզկիթի վրա․ կան զոհեր

ՆԳՆ փրկարարական ծառայության Երևանի վարչությունն ամփոփել է ապրիլի գործունեությունը

Լիտվացի գործընկերները պատրաստակամություն են հայտնել աջակցել ՀՀ ՆԳ նախարարությունում ընթացող բարեփոխումներին

Ավտոմեքենան բախվել է ձիուն․ հոսպիտալացված տուժածներից վարորդի վիճակը ծանր է

Դոլարը թանկացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 30-ին

Կուրիլյան կղզիների ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել

Խնձորի չափ կարկուտ․ Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին