Վաղուց ժամանակն է, որ մեզնից ամեն մեկը զբաղվի հայրենիքը սիրելով ու խնամելով. դերասանը վերադարձել է տուն և սիրելի թատրոն

Երեւանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում այսօր ուրախ եռուզեռ էր. պարոնյանցիները երեկ մեծ շուքով դիմավորել էին բանակից զորացրված դերասան Սիփան Զադոյանին. տոնական տրամադրությունը դեռ շարունակվում էր:

Հայրենիքի հանդեպ իր պարտքը կատարած երիտասարդը զորացրման անմիջապես հաջորդ օրը շտապել է հարազատ թատրոն: «Թատրոնս ինձ գրկեց, թատրոնիս ողջ անձնակազմը, տնօրինությունը այնքան ջերմ ընդունեցին, որ պարզապես նկարագրել չեմ կարող»,- «Հայկական ժամանակի» հետ զրույցում ժպիտով պատմեց դերասանը, որը մեր այցելության պահին էլ շնորհավորանքներ էր ստանում՝ անփորձանք վերադառնալու համար: Թատրոնի որեւէ աշխատակից անտարբեր չէր: Ով էլ չէր հասցրել Սիփանին երեկ տեսնել, գրկում ու ողջագուրվում էր այսօր:

Դե իսկ Սիփանն էլ եկած-չեկած արդեն անցել էր ստեղծագործական աշխատանքի: Այսօրվանից արդեն փորձերի է. համաշխարհային մյուզիքլներից հատվածներ են սկսել բեմադրել:

Դերասանն անկեղծացավ, որ բանակում անչափ կարոտում էր թատրոնը, թատերական ողջ պրոցեսը: Շատ են եղել պահեր, երբ արդեն չի համբերել՝ երբ է վերադառնալու. «Երբ գիտես, որ քեզ չեն մոռանում, քեզ կարոտում են, թեւեր ես առնում, ուզում ես հետ գալ, որ այդ մարդկանց կողքին լինես ու ցույց տաս, որ դու էլ իրենց ես շատ սիրում ու կարոտում: Ուզում ես հնարավորինս շուտ դա ասել, որովհետեւ չգիտես՝ վաղն ինչ կլինի»:

Սիփան Զադոյանը զորակոչվել է բանակ 2019 թվականի ամռանը: Ծառայության սկզբի ամիսներն անցել են Արցախում՝ Մատաղիսում, ապա զինծառայողին տեղափոխել են Հայաստան՝ ծառայությունն այստեղ շարունակելու համար: Ծառայության վերջին ամիսներին զորամասում նրան հնարավորություն են տվել մասնագիտական հմտությունները զարգացնել. զբաղվել է վոկալով. «Ծառայակից ընկերներս պարողներ էին, ռեժիսորներ, երաժիշտներ: Միջավայրն այլ էր: Կային սպաներ, բարձրաստիճան զինվորականներ, որոնք եւս արվեստի մարդիկ էին»:

Սիփանն ասում է՝ ինչքան էլ փորձում է պատերազմից չխոսել, չի հաջողվում. նոր զորացրված երիտասարդի մտքում այս ամիսներին միայն մեկ բան է՝ ինչով պիտի արժանանա հանուն հայրենիքի իրենց կյանքը տված ծառայակից ընկերների զոհողությանը:

«Սարսափելի էր, երբ պատերազմի առաջին օրերին զորամասի պատվոպահակային վաշտի տղաները Եռաբլուրից հետ եկան: 18-20 տարեկան տղաներ՝ սառած աչքերով, ցավը՝ սրտերում, անհաղորդ, որոնք երկար ժամանակ խոսել չէին ուզում: Այդ տղաներից մեկը հետո պատմեց, որ հերթական զինվորը, որի դագաղն իրենք ձեռքերի վրա տեղափոխում էին Եռաբլուր, իր ընկերն էր. վերջին պահին է պտտվել ու լուսանկարով ճանաչել: Պատերազմում ամեն ինչն է ծանր. ծանր է վերցնել ծառայակցիդ դագաղն ու վերջին ճանապարհը տանել, տանել ամենաբարդ ճանապարհը՝ Եռաբլուր»:

Սիփանի համոզմամբ, իհարկե, պետք չէ հավերժ սգալ, բայց նաեւ պետք չէ մոռանալ այն, ինչ ընդամենը ամիսներ առաջ էր, քանի որ այսօր էլ շարունակում ենք քաղել կատարվածի դառը պտուղները. «Հիշողությունը շատ շուտ ջնջվեց: Պետք չէ մեզ զոհի տեղ դնել, բայց անգամ սա մեզ չստիպեց սթափվել, գալ այն գիտակցմանը, որ Հայաստանը միայնակ է աշխարհում, որ գերտերություններն ամեն մի քայլ անում են՝ սեփական շահից դրդված: Այդ երկրներից որեւէ մեկը չի առաջնորդվում հումանիզմի կամ խղճի թելադրանքով: Մարդը գերագույն արժեք է, բայց պատերազմները վառ ապացույց են՝ հասկանալու, որ մարդն ընդամենը միջոց է ծանր՝ վատ արարքներ քողարկելու համար»:

Պատերազմի օրերին Սիփանն իր ծառայակից մի շարք ըկերների հետ թիկունքն է ապահովել: Որոշակի նկատառումներից ելենեով՝ նա չցանկացավ նշել՝ զորամասում ինչ գործառույթ է իրականացրել. «Ես չեմ եղել առաջնագծում: Հազար փառք ու պատիվ բոլոր այն տղաներին, որոնք եղել են այնտեղ: Նրանց շնորհիվ է, որ ես այսօր շնչում եմ: Իհարկե, ես իմ հասանելիք գործն արել եմ, ձգտել նվազագույնի, բայց դա շատ քիչ է այն ամենի համեմատ, ինչ արել են կամավորները, մեր հերոսները, նրանք, ովքեր ընկան, նրանք, ովքեր կապրեն վիրավորումներով ու պատերազմի հետեւանքով ձեռք բերած հիվանդություններով»:

Սիփանն ասում է՝ բանակից հետո բոլորովին այլ մարդ է դարձել, կարեւոր ձեռքբերումներ շատ է ունեցել, նաեւ՝ ականատես եղել շատ ծանր կորուստների, բայց սովորել է արժեւորել ու գնահատել յուրաքանչյուրն օրն ու ժամը: Նա այն համոզմանն է, որ հայրենիքին շատ բան ունի տալու. իր ոլորտում՝ մշակույթի ասպարեզում:

Սիփանի կարծիքով՝ անկախ այս պատերազմի ելքից՝ հայ զինվորը կրկին իր բարձրակետում է: «Երկու տարի դու ենթակա ես, պիտի հրամաններ կատարես, բայց պատերազմի ժամանակ զինվորը հրամանից ելնելով չէ, որ կռվում է, այլ կռվում է՝ մտքում ունենալով իր ընտանիքի անդամներին, իր ընկերոջը, սիրելիին: Մեր զինվորը հզոր է, բայց զինվորի ոգին պետք չէ կոտրել: Մեզ այս պահին ոգեղենությունը շատ է պակասում: Թե ինչպե՞ս այն նորից պիտի արթնացնենք, ես դեռ լավ չեմ պատկերացնում: Գուցե մշակույթը միջոց դառնա, գուցե՝ այլ գործոններ, բայց շուտ պիտի կազմավորվենք ու հասկանանք»:

Նրա խոսքով՝ մեր խնդիրներից շատերին լուծում չի գտնվում, քանի որ չափից ավելի ենք սկսել երկրում տեղի ունեցող անախորժությունների մեղքը մեկս մյուսի վրա բարդել: «Պատերազմի օրերից մինչեւ օրս մենք նաեւ ներքաղաքական պատերազմի մեջ ենք: Պատերազմն սկսվեց՝ մենք իրար էինք մեղադրում: Պատերազմի սարսափելի ելքից անցել է 8 ամիս, մենք շարունակում ենք նույնն անել: Թե ովքեր էին մեղավոր, գուցե այդպես էլ չիմանանք, կամ գուցե շատ քիչ մարդիկ իմանան, նրանք. ովքեր սրան հանգեցրին: Բայց ոչինչ չանել, նստել ու ասել, որ՝ չէ, ես մեղավոր չեմ, դո՛ւ էիր մեղավոր, այդպես ապրել մի ողջ կյանք, անընկալելի է: Մանավանդ, երբ տեսնում ես, որ այսօր քո երկրի թշնամին նորից անում է զորավարժություններ, տեխնիկա է համալրում, փորձում կրկին առաջխաղացում ունենալ»:

Ասում է՝ չնայած ծառայությունից նոր է վերադարձել, բայց այդ ընթացքում էլ այն աստիճանի կտրված չի եղել արտաքին աշխարհից, որ չիմանա՝ այստեղ ինչ է կատարվում: Մեծ ցավ է ապրում՝ տեսնելով տարանջատված, միմյանց հանդեպ չարությամբ լցված մարդկանց: «Հիմնականում երկու մասի են բաժանվել: Ես չեմ ուզում այդ անձանց պիտակավորող հայտնի բառերն ասել, բայց մի բան կասեմ՝ ով էլ լինի պետության ղեկին, միեւնույն է, այդ նույն մարդիկ են էլի ապրելու այս երկրում՝ բեւեռների բաժանված: Նրանց բոլորին մի մարդ է ղեկավարելու: Չեմ ուզում մոռանանք, որ այդ մարդիկ բոլորը հայ են»,- ասում է նա:

Դերասանի համոզմամբ՝ սովորական քաղաքացին եւս իրավունք չունի անհաղորդ մնալ այն ամենին, ինչ կատարվում է երկրում, քանի որ ապրում ենք շատ բարդ ժամանակներում: Միեւնույն ժամանակ նկատում է՝ վաղուց ժամանակն է, որ մեզնից յուրաքանչյուրը զբաղվի հայրենիքը սիրելով եւ խնամելով. «Շատ փոքր բաներից պիտի սկսենք: Սոս Սարգսյանը ժամանակին ասել է՝ մեր սերունդը հայրենիքն այլ կերպ էր սիրում, մենք ավելի շուտ ծխախոտի մնացորդը կուլ կտայինք, քան փողոց կնետեինք: Ես միշտ մտքումս ունեմ վարպետի այս միտքը»:

Տպել
5223 դիտում

Հանրապետական կուսակցության երիտթևը միացել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը

Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ Մոսկվայում մեկնարկել է ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը (տեսանյութ)

Ռեստորանային համալիրի մոտ՝ կիսախարխուլ փայտե տնակում, տղամարդու դի է հայտնաբերվել

236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրվի. ներկայացվել է Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի ծրագիրը (տեսանյութ)

Մայիսի 9-ին ՄԻՊ-ն արտակարգ ռեժիմով կաշխատի

Հուսամ՝ շարժումը հրապարակ հասնելուց հետո Քոչարյանի խմբակցությունը կպատասխանի տվածս պարզ հարցին. Ալեքսանյան

ԲԿ-ներից մեկում բուժում ստացող կալանավորի սենյակից կասկածելի իրեր են հայտնաբերվել, վերելակի աթոռի տակից՝ թմրանյութ

Նախագահը Սան Ֆրանցիսկոյի և հարակից շրջանների հայ համայնքին է ներկայացրել ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձությունները

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Մեծ Բրիտանիան կարտաքսի ՌԴ ռազմական կցորդին․ ռուսների համար դիվանագիտական ​​վիզաների նոր սահմանափակում կգործի

Նորագյուղում Իվան Պասկևիչի հուշարձանի մոտից հեռացրել են հայկական դրոշը՝ թողնելով միայն ռուսականը. տելեգրամ ալիքներ

Կիրանցում այսօր սահմանազատում չի կատարվում

Կալանավայրում գտնվող քաղաքացին իր ծանոթի հետ կատարել է 152 դրվագ համակարգչային հափշտակություն․ վնասի չափը 102 մլն դրամ է

Եկեղեցին ՀՀ սահմանադրական կարգը տապալելու հայտարարություններ է անում, պետք է իրավական գնահատական տրվի. Առաքելյան

Աղետալի կարկտահարության հետևանքները․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Կարբիից

Դոլարը թանկացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 8-ին

Երևանում առանց պետհամարանիշի ռուսական դրոշներով մեքենաներ են շրջում

«Ամիօ ժամանակաշրջան». կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը

Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության

Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է

Քննարկվել են պարենային անվտանգության ոլորտում փոխադարձ հետաքրքրության հարցեր. հանդիպում ՆԳՆ ոստիկանությունում

Ucom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում

Հրդեհ մայրաքաղաքի Աբովյան փողոցում

Զախարովան մանրամասնել է՝ ինչ են քննարկելու Պուտինն ու Փաշինյանը

Վիտալի Բալասանյանը միացել է Բագրատ սրբազանի գլխավորած շարժմանը

Հայաստանի և այլ երկրների համար ԵԱՏՄ-ին մասնակցությունը լի է առաջին հերթին իրենց համար օգուտներով. Կրեմլ

ՌԴ ԱԳՆ-ն ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպումը Ղազախստանում

Անթույլատրելի է Եկեղեցու՝ ինքնիշխանության դեմ քաղաքական պայքարի «թամադայությունը» ստանձնելու կարգավիճակը. Վարդապետյան

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Մոսկվա (տեսանյութ)

Կրեմլում անհրաժեշտ և սպասված են անվանել Պուտինի և Փաշինյանի առաջիկա բանակցությունները

Մայր Աթոռում քանի՞սն են պատրաստ բարոյական պատասխանատվություն կրել հակապետական քաղաքականության համար. Չախոյան

Ստամբուլի օդանավակայանում արտակարգ դեպք է գրանցվել (տեսանյութ)

«Անկախություն» ու «ազատություն» բառերը քանի՞ անգամ են օգտագործվել. Բաբաջանյանը՝ Գերագույն հոգևոր խորհրդին

Սերբիայի ԱԳ նախարարը լավատես է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարների առումով

Ռուսաստանի և Վրաստանի սահմանին անբարենպաստ եղանակի պատճառով մի քանի հարյուր բեռնատար է կուտակվել

Աստծո անունը քաղաքական կապիտալի վերածելը աստվածահաճո գործ չէ. Ռուբեն Ռուբինյանը՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին

Որոշ շրջաններում կդիտվի -1, -2 աստիճան ցուրտ, անձրևն ու ամպրոպը ՀՀ մի հատվածում կվերածվի կարկուտի

Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

Շվեդիայի եկեղեցու Վեստերիսի եպիսկոպոսն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

17-ամյա անչափահասին դանակահարել են, հափշտակել ոսկյա թևնոցը. կալանավորվել է նրա համադասարանցին