Ինձ համար կարեւոր են երկրի կառավարման ղեկին գտնվողի նպատակները. Նիկոլ Փաշինյանի նպատակները բարոյական են

ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր, գիտության վաստակավոր գործիչ Հենրիկ Հովհաննիսյանի կարծիքով՝ այսօր Հայաստանում, մտավորականությունը որպես խավ ձևավորված չէ: Ըստ նրա՝ կան առանձին կրթված մարդիկ, և նրանք քիչ են:

Հայաստանում ժողովրդավարության ըմբռնման, տարբեր ուժերի և անհատների կողմից հասարակությանը դասակարգելու և պիտակավորումներ տալու, մտավորականության, կրթության, հեռուստատեսության և այլնի վերաբերյալ մեր զրույցը Հենրիկ Հովհաննիսյանի հետ՝ ստորև.

Հարցազրույցը ներկայացնում ենք մենախոսության ձևաչափով:

Խզել են լեզվի ու բերանի բոլոր կապանքները

Մենք վերջապես հասել ենք ժողովրդավարության, որը շատերը չեն ըմբռնում կամ սխալ են ըմբռնում, հասկանում են սանձարձակություն, ամենաթողություն: Ազատ են թողնվել մարդիկ: Ժողովրդավարությանը անսովոր, ժողովրդավարությունը չըմբռնած հասարակությունը, այո՛, մի վայրիվերո վիճակի է հասել: Միջնադարյան խոսք կա՝ ասված 5-րդ դարում. «Արձակեալ են կապանք բերանի իւրեանց, խզել կապանք լեզվի իւրեանց»: Բոլոր կապանքները խզել են լեզվի և բերանի: Դա շատ տհաճ է և վտանգավոր: Այս առումով ես անհանգիստ եմ, հույս ունեմ՝ գուցե կարգավորվի:

ամեն գնով ձգտում են իշխանության

Ինձ անհանգստացնում է, որ ինչ-որ խումբ է հայտնվել քաղաքական անվան տակ (երեկվա պաշտոնյաներ կլինեն դրանք, թե այլք), որն ամեն գնով ձգտում է իշխանության: Նպատակն իշխանությունն է, ուրիշ որևէ նպատակ չունեն: Նրանք մթնոլորտը լարում են, անհանգստություն են ստեղծում իզուր տեղը և ամեն անգամ գործածում են հետևյալ բառերը՝ «այս վիճակը»: Պարոնա՛յք, նրանց պետք է ասել, այդ վիճակը դուք եք ստեղծում, դուք եք վիճակ սարքել ինքներդ ձեզ համար և այդ վիճակի մեջ խաղում եք: Երկրի տնտեսությունը գործում է նորմալ, տեղի չեն ունեցել գների զգալի բարձրացումներ, դրամի անկում, ուրեմն կյանքը, այսպես ասած, չի համապատասխանում «այս վիճակը» բնութագրումին:

նախկին նախագահները երկրի մասին չեն մտածել

Նախկին նախագահները երկրի մասին չեն էլ մտածել, այլապես ինչո՞ւ պիտի նրանք այդքան հարստանային: Ի՞նչ եք սարքել, ի՞նչ եք ստեղծել, ի՞նչ եք շինել, որ այդքան հարստություն ունեք. Հյուսիսային պողոտա՞ն, իսկ որքա՞ն մարդիկ տներից զրկվեցին: Ո՞ւմ է պետք այդ պողոտան, ո՞ւմ համար է դա: Այդքան մարդ Երևանի կենտրոնում ապրող կորցրեց տունը, և ստացածը ի՞նչ էր: Ինչո՞ւ այդքան մարդու անտուն թողեցիք: Սրանից խոսեք:

պետք է դաժան լինեն զրկողների հանդեպ

Հայրենիքը փրկելու նպատակ ոչ մեկի մեջ ես չեմ տեսնում, հայրենիքը փրկողը չի հարստանա այդքան, միլիարդների չի հասնի: Կողոպտելո՞վ են հայրենիքը փրկում, կաշառակերությունը զարգացնելո՞վ: Ոմանցից ես այսօր լսում եմ, ասում են՝ գիտեք, կարիք չկար կոռուպցիայի դեմ պայքար սկսելու: Ինչպե՞ս. որտեղ կաշառակերությունն է, այդտեղ քաղաքականություն էլ չի կարող լինել, դա արդեն քաղցկեղ է հասարակության օրգանիզմում՝ ամենամանրից՝ ամենախոշորը: Եվ պիտի այստեղ դաժան լինեն այդ մարդկանց հանդեպ: Առաջին հերթին այն դասախոսների հանդեպ, որոնք կաշառքով գնահատական են նշանակում: 

կարևորը նպատակներն են

Ինձ համար կարևոր է՝ երկրի կառավարման ղեկին բարոյակա՞ն մարդ է, թե՞ ոչ: Կարևորը մարդու նպատակներն են: Այդ մարդու (Նիկոլ Փաշինյանի) նպատակները բարոյական են: Մինչդեռ ես լսում եմ խոսքեր, ասում են՝ նա շուլեր է: Ո՛չ, գուցե միամիտ է: Կարող եք չընդունել ղեկավարին՝ ասելով՝ հարմար չէ: Դա կարելի է, այդպես կարելի է խոսել, եթե ունես ավելի հարմար օրինակ կամ քո չափանիշները: Այ սա ուրիշ հարց է: Միշտ կարելի է քննադատել, դա հանցանք չէ, դա բնական է, նորմալ: Ընդդիմության հակադրվելը ես բնական եմ համարում, բայց չշփոթենք ընդդիմությունը թշնամության հետ:

ամոթալի խոսակցություն է

Ի՞նչ է նշանակում ժողովրդի որակյալ և անորակ մասը: Սա ի՛նչ խոսակցություն Է: Կրթված մարդը, քիչ թե շատ դաստիարակված մարդը կարո՞ղ է ասել՝ ինձ ձայն են տվել որակով մարդիկ, իսկ ովքեր՝ ոչ, դրանք անորակ են: Ներողություն, ո՞վ է թույլ տվել ժողովրդին անվանել անորակ, մանավանդ եթե դա վերաբերում է գյուղացիությանը, հողի աշխատավորին: Ո՞վ իրավունք ունի նրան ասելու անորակ: Այսպես խոսելը գռեհկություն է, ծայրագույն գռեհկություն: Չի կարելի մարդուն անորակ անվանել: Անորակը նա է, ով մարդկանց հանդեպ այդ բառը գործածում է: Տգետ է, տհաս ու գռեհիկ: Մարդիկ թող իրենց հաշիվ տան: Ես ուղղակի ցավում եմ, որ նույնիսկ բանաստեղծը կարող է այդպիսի բաժանում անել: Որակով և անորա՞կ: Չկա՛ այդպիսի բան, դա ամոթալի խոսակցություն է: Աշխատավոր մարդը խոհեմ Է, և նրան պիտի ամենից շատ հարգել: Ես հողի աշխատավոր չեմ, մտավոր աշխատանքի մարդ եմ, բայց նա ինձանից ինչո՞վ է պակաս: Նրա փոխարեն վիրավորվում եմ:

լավ է լինել անգրագետ, քան կիսագրագետ

Մենք մտավորականություն չունենք՝ ըստ էության, մենք այդպիսի խավ չունենք, վաղուց եմ ասել: Մենք ունենք առանձին կրթված մարդիկ, որ շատ քիչ են: Ներողություն, պարողը թող պարի, դհոլչին իր դհոլը խփի, բայց արդյո՞ք մենք նրան պետք է ասենք մտավորական: Եվ հետո, այս բառն արդեն իմ մեջ ռեակցիա է առաջացնում: Նրանք, ովքեր հանդես են գալիս մտավորականի անվան տակ՝ մտավորականի տոնով ու դիմակով, իմ կարծիքով՝ սովորական քաղքենիներ են: Կան և, այո՛, գրագետ, կրթված քաղքենիներ, իսկ այնտեղ, որտեղ քաղքենին է հայտնվում, այլևս խոսք չի կարող լինել ո՛չ գիտության մասին, ո՛չ կրթության, ո՛չ արվեստի: Քաղքենին մթնոլորտը ամենից շատն է փչացնում, անգրագետ մարդը մթնոլորտը չի փչացնում: Լա՛վ է լինել անգրագետ, քան կիսագրագետ: Կիսագրագիտությունը սարսափելի բան է: Ես ուզում եմ հիշել Վահան Տերյանի խոսքը՝ կորած նյութականը կարելի է վերականգնել, բայց երբ հոգևորն է կորչում, հնարավոր չէ կամ դժվար է վերականգնել: Ունե՞նք այդ հոգևոր հայրենիքը, որ այդ հոգևոր հայրենիքի համար կռիվ տանք:

«պետք է լավ ապրեմ, որ արդյունավետ աշխատեմ»

Ես չեմ սպասում մեծ բաների, ես սպասում եմ լավ բաների: Ես բոլոր դեպքերում սպասում եմ դրական փոփոխությունների: Դրան ես հավատում եմ: Իհարկե, մարդիկ կան, ում դուր չի գալիս, ուրիշ հարցեր կան, ուրիշ շահեր կան: Ես այդ շահերից դուրս եմ: Կոնկրետ խոսեմ. եթե ակադեմիական ինստիտուտի գիտաշխատողի աշխատավարձը ցածր է, և գիտաշխատողը կանգնած է սոցիալական սանդուղքի նախավերջին աստիճանին, ես դրա վրա բողոք չեմ բարձրացնում: Անձնական հարց չեմ դնում, այն, որ պետք է լավ ապրես, որ լավ աշխատես, լավ արդյունք տաս: Սա քաղքենիական դատողություն է: Աշխարհիս երեսին մեծ գործեր են ստեղծվել նաև աղքատության պայմաններում: Կարող են քո պայմանները շատ լավ լինեն, դու վայելես այդ պայմանները և գործ չանես: Գիտակցության հարց է: Այո՛, լավ կլինի, որ մեր աշխատավարձը բարձրացնեն. չէ՞ որ այսօր գիտության դոկտորի աշխատավարձը ցածր է պետական պաշտոնյայի աշխատավարձից:

վաղը նրանք կոչվելու են «մտավորական»

Կրթությունը պետք է կարգի բերվի, կրթությունն այսօր խայտառակ վիճակում է: Ես մագիստրատուրայի հետ եմ գործ ունեցել այս քանի տարին: Երրորդ դասարանի մակարդակով մարդիկ նստած են, գրում են տառասխալով: Եվ այս մարդիկ ավարտելու են այդպես կիսատ-պռատ, կիսագրագետ, և նրանք վաղը կոչվելու են «մտավորական»: Հետո ի՞նչ: Վճարովի կրթությունը շատ բան փչացրեց: Մարդիկ պետք է վճարեն սովորելու համար, հակառակն են հասկացել. եթե վճարում ես, կարող ես չսովորել. դու արդեն վճարել ես: Ես բախվել եմ այդ իրականությանը Երևանի թատրոնի և կինոյի ինստիտուտում: Պարզվում է՝ այս է ուսանողակենտրոն վիճակը՝ իրենց պատկերացրած մարդու իրավունքների տեսանկյունից:

հեռուստատեսությունը խոսքը փչացնում է

Ամենից շատ հեռուստատեսությունն է խոսքը փչացնում: Մաներաներ են մտել լեզվին օտար: Ոչ մի լեզվի մեջ այդպիսի ինտոնացիաներ չկան, «ը»-ն են շեշտում, օժանդակ բայն են շեշտում. անճոռնի արտասանություն՝ հանդուգն և վստահ: Շատ դեպքերում հեռուստատեսությունը վատթարագույն դեր է կատարում, որովհետև երեխաները լսում են, ընդօրինակում այդ ինտոնացիաները: Կարծում են՝ ճիշտ խոսելակերպը դա է:

թատրոնը՝ քաղաքակրթության չափանիշ

Հանրությունն ինչ պահանջ ունի, ուզում եմ հասկանալ: Հանրությունն այսօր ոչինչ չի պահանջում, հանրություն չկա, հանրությունը վերացել է: Եվ այդ պատճառով նաև թատրոնն է վերացել: Թատրոնը արվեստ լինելուց առաջ հասարակական հաղորդակցում է, հանդիպման վայր է: Ներկայացման միջոցով մարդիկ հաղորդակցվում են: Եվ սա քաղաքակրթության չափանիշ է եղել ժամանակին: Հիմա հասարակական հաղորդակցում գոյություն չունի: Առաջ մարդիկ երեկոյան տնից դուրս էին գալիս, թատրոն էին մտնում, կինոն էին մտնում, և մշակվում էր հասարակական գիտակցությունը: Հիմա հաղորդակցումը տեղի է ունենում համացանցով, և մարդիկ իրար երես չեն տեսնում: Անկումը սա է: Եվ այստեղ տեղի են ունենում մեծ-մեծ սխալներ: 19-րդ դարում սիրո խոստովանությունները նամակներով էին տեղի ունենում, և ժամանակ էր անցնում. նամակը ուշ էր հասնում, այդ ընթացքում մարդը մտածում էր, հետո կողմնորոշվում, և շփումը տեղի էր ունենում դանդաղ: Հիմա շփումը շատ արագ է, մարդը չի հասցնում մտածել և սխալի մեջ է ընկնում: Մի մեծ աղետ էլ այն է, որ գիրք չեն կարդում մարդիկ: Ես տեսնում եմ նույնիսկ դասախոսներ, որ ի վիճակի չեն հաղթահարել 50-ից ավելի էջ: Մարդիկ սովոր չեն գրքի, ձեռքի շարժումից անգամ կարելի է նկատել, էլ չեմ ասում՝ աչքի: Հիմա պահպանողական դիրքերից եմ ես խոսում, դուրս կգա, որ ուզում եմ քարշ տալ 19-րդ դար: Ամենևին:

Տպել
7361 դիտում

Հայտնի են «Եվրատեսիլի» եզրափակիչ անցած առաջին 10 երկրները. Ադրբեջանը չի անցել եզրափակիչ

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը

Լարսը բեռնատարների համար փակ է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ

Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին

Վարչապետը IWF նախագահին վստահեցրել է՝ կարվի ամեն ինչ՝ ծանրամարտի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի

Թուրքիայում ավելի քան 6 տարի ժամկետով 13 քուրդ քաղաքական գործիչ է դատապարտվել

Սրբազանի գլխավորած քարավանը 2 տարի առաջ «ցրցամ են տվել», հիմա կոորդինացնում են «նախկինները». Հարություն Մկրտչյան

Վեհափառն ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, Ռոբերտ Քոչարյանը՝ ստանձնի պաշտոնը. Բաբաջանյանը զրույց է բացահայտել

Հայտնի են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտների ավարտական քննությունների օրերը

Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

Ծանրամարտի աշխարհի 2027-ի առաջնությունն առաջինն է օլիմպիական մարզաձևից, որն անցկացվելու է Հայաստանում. Հարությունյան

Այո՛, ասել եմ՝ ձեռքերս կկտրեմ, այդ վերսիայով փաստաթուղթը չեմ ստորագրի, հիմա շատ կարևոր՝ էական բան է փոխվել. Փաշինյան

Զենքի գործադրմամբ խուլիգանություն Ամերիկյան համալսարանի մոտ. նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնի է մեղադրվողը

Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը

Մենք որդեգրել ենք Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների քաղաքականություն. Սիմոնյանը՝ Իվանա Ժիվկովիչին

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ

Պուտինը հինգերորդ անգամ պաշտոնապես ստանձնեց Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը (լուսանկարներ)