«Այդ ժամանակ իսկապես մտահոգվելու առիթ կունենանք». փորձագետը Կարսից հետո զորավարժություններ է կանխատեսում Նախիջեւանում

Հայաստանի սահմանից ընդամենը հինգ տասնյակ կիլոմետր հեռավորության վրա գտնվող Կարս քաղաքում մեկնարկել են թուրք-ադրբեջանական համատեղ «Ձմեռ 2021» զորավարժությունները:

Դրանք նախատեսված է անցկացնել փետրվարի 1-12-ը: Վերջին շրջանում նման զորավարժություններ Ադրբեջանն ու Թուրքիան անցկացնում են ամեն տարի: Այս տարի այն իր վրա լրացուցիչ ուշադրություն է կենտրոնացրել 44-օրյա պատերազմի պատճառով:

Հիշեցնենք, որ Թուրքիայի եւ Ադրբեջանի նախորդ համատեղ զորավարժություններից կարճ ժամանակ անց երկու երկրները ձեռնարկեցին լայնածավալ հարձակում Ղարաբաղի դեմ: Ըստ փորձագետների՝ հենց հուլիս-օգոստոսի զորավարժությունների ընթացքում էին Թուրքիայից Ադրբեջանի տարածք տեղափոխվել թուրքական զորքերը, F-16 ինքնաթիռները, հատուկ ջոկատայինները եւ այլն:

Այսօր Թուրքիայի Պաշտպանության նախարարությունը Twitter-ի պաշտոնական էջում տեսանյութ է հրապարակել զորավարժության առաջին օրվանից։ Ըստ հաղորդագրության՝ իրականացվել են ականանետից կրակային պարապմունքներ։
Նախատեսվում է, որ զորավարժությանը ներգրավելու են նաեւ տանկային ու հրետանային ստորաբաժանումներ, ուղղաթիռներ, հատուկջոկատայինների ստորաբաժանումներ: Լինելու են նաեւ նոր գործարկման մեջ մտած կամ դեռ չմտած զինտեխնիկայի դաշտային փորձարկումներ:

Ըստ պաշտոնական հաղորդագրությունների՝ այս զորավարժությունների նպատակը երկու երկրների գործողությունները պատերազմականին մոտ իրավիճակում համակարգելն է, խորը ձյան եւ ուժեղ ցրտի պայմաններում մարտական գործողությունների հնարավորությունների եւ ունակությունների փորձարկումը:

Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը վստահ է՝ ներգրավված զինտեխնիկան վկայում է, որ զորավարժությունները հարձակողական բնույթի են:

Կվերաճե՞ն զորավարժությունները նոր պատերազմի, հիմք ունե՞ն հանրության շրջանում տարածված բնական անհանգստությունները. այս հարցերին ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանի պատասխանը միանշանակ չէ.

«Ընդհանրապես պատերազմից հետո դեռ տարածաշրջանը չի հանդարտվել, ռազմական ակտիվությունը դեռ կա եւ այդ ֆոնին իսկապես անհանգստացնող են այս զորավարժությունները: Հատկապես անհանգստացնում է այն փաստը, որ այն ժամանակ, երբ մենք խոսում ենք ճանապարհների ապաշրջափակման մասին, խաղաղ գործընթացներ ենք ձեռնարկում, տեղի են ունենում մեր դեմ պատերազմող երկրների համատեղ զորավարժություններ, այն էլ ոչ ավել ոչ պակաս այն տարածքում, որը շատ ավելի մոտ է ՀՀ սահմանին: Այսինքն այդ գործողությունը ինքնին բարենպաստ չէ հետագա գործընթացների համար՝ նկատի ունեմ ճանապարհների ապաշրջափակում, երկարատեւ խաղաղության հաստատում: Բայց միեւնույն ժամանակ ուզում եմ ասել, որ այդ զորավարժությունները ՀՀ սահմաններին վտանգ չեն ներկայացնում»:

Ավելի մեծ վտանգ Հովհաննիսյանը կանխատեսում է հաջորդ զորավարժություններից, որոնք, նրա ենթադրությամբ, տեղի են ունենալու Նախիջեւանում.

«Կարծում եմ, որ հաջորդ զորավարժությունները, որ պետք է տեղի ունենան Նախիջեւանում, այ այդ ժամանակ մենք իսկապես մտահոգվելու առիթ պետք է ունենանք, որովհետեւ Նախիջեւանի ուղղությունում Ադրբեջանն ու Թուրքիան մտադրություն կունենան որեւէ սադրանքի դիմելու, որ ունենան դիրքային առավելություններ ՀՀ ճանապարհների, գյուղերի, բնակավայրերի նկատմամբ»,- ասաց փորձագետը:

Հարցին, թե իր կանխատեսմամբ ե՞րբ կլինեն այդ զորավարժությունները՝ Հովհաննիսյանն ասաց՝ մարտի վերջին:

«Դրա մասին դեռ չի հայտարարվել, բայց ես ինքս եմ եզրակացնում, որ հնարավոր է պատասխան զորավարժություններ լինեն մարտի վերջին կամ ապրիլի սկզբին»,- շեշտեց նա:

Վերադառնալով Կարսում արդեն իսկ մեկնարկած զորավարժություններին՝ Հովհաննիսյանից հետաքրքրվեցինք, թե ի՞նչ կարծիք ունի այն տեսակետների վերաբերյալ, որ այս զորավարժությունները նաեւ Ռուսաստանի դեմ են կամ Ռուսաստանին ինչ-որ բան ցույց տալու համար:

«Այո, համամիտ եմ, առաջին հերթին Ռուսաստանին են ուզում ցույց տալ, որ մարտունակ բանակ ունեն եւ համատեղ ուժերով կարող են տարածաշրջանում լինել կարեւոր դերակատարում ունեցող պետություններ: Սա առաջին հերթին ուղղված է Ռուսաստանի դեմ, կարծում եմ այնտեղ էլ գիտակցում են սա եւ նույնիսկ փորձագիտական դաշտում սկսել են խոսել այդ մասին»,- ասաց փորձագետը:

Հետաքրքրվեցինք նաեւ, թե իր կարծիքով ի՞նչ պետք է անեն Հայաստանն ու Ռուսաստանը այս պարագայում:

«Հայաստանը պետք է դիվանագիտական բոլոր խողովակներով հասնի նրան, որպեսզի առաջիկա մեկ-երկու տարում բացառվեն Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից ՀՀ սահմանների մոտ որեւէ զորավարժության անցկացումը: Բայց եթե չենք կարողանալու չեզոքացնել զորավարժությունները առաջիկա 1-2 տարվա կտրվածքով, ապա պետք է մենք եւս համատեղ զորավարժություններ անցկացնենք ՌԴ-ի հետ, որոնք կլինեն համարժեք պատասխան Թուրքիային ու Ադրբեջանին»,- նկատեց նա:

Մեր հարցերին պատասխանեց նաեւ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ, ադրբեջանագետ Տաթեւիկ Հայրապետյանը.

- Տիկին Հայրապետյան, ըստ ձեզ՝ այսօր սկսված թուրք-ադրբեջանական զորավարժությունները իրենցից որեւէ վտանգ ներկայացնո՞ւմ են, թե՞ ոչ:

- Ընդհանուր առմամբ զորավարժությունը, այն էլ պատերազմից շատ կարճ ժամանակ հետո, ինքնին որեւէ լավ բանի մասին չի խոսում: Հատկապես երբ Ադրբեջանի ու Թուրքիայի ղեկավարները տարբեր առիթներով փորձում են հավաստիացնել, որ գնում են տարածաշրջանի խաղաղեցման, կայունացման ճանապարհով, նման զորավարժությունների կազմակերպմամբ հակասում են իրենց այդ հայտարարություններին: Այդ տեսանկյունից այս պահի դրությամբ խնդրահարույց է զորավարժությունների կազմակերպումը:

- Ի՞նչ է անում Հայաստանը դրա դեմ:

- Անկախ զորավարժությունների անցկացնել-չանցկացնելուց, այս տարածաշրջանը հաշվի առնելով, մեր հարեւանների գործոնը հաշվի առնելով՝ մեր գերխնդիրն է օր առաջ դուրս գալ պատերազմի շոկից եւ գնալ հզորացման ճանապարհով, այդ թվում ոտքի կանգնեցնել բանակը, փորձել վերականգնել կոտրված մեջքը:

- Ըստ ձեզ՝ այն զորավարժությունները, որոնք սկսվել են այսօր, հնարավո՞ր է կրկին պատերազմի վերաճեն:

- Անկեղծ ասած, ես այս պահին նման ռիսկ չեմ տեսնում, որ դրանք վերաճեն պատերազմի: Հաշվի առնենք նաեւ այն հանգամանքը, որ թեեւ մենք պարտություն ենք կրել, բայց ադրբեջանական կողմը շատ ծանր կորուստներով է դուրս եկել այդ պատերազմից:

- Բայց չէ՞ որ հիմա Թուրքիան է մեծ չափով  ներգրավված այս զորավարժություններում:

- Թուրքիան ո՞ւմ դեմ է պատերազմում. Հայաստանը ՀԱՊԿ անդամ է եւ նաեւ Ռուսաստանի հետ ռազմավարական դաշնակից է: Հարձակումը Հայաստանի Հանրապետության սահմանների վրա՝ նշանակում է հարձակում ՀԱՊԿ անդամ երկրի տարածքի վրա:

- Կխուսափե՞ն նման քայլից:

- Ես կարծում եմ՝ այո:

- Տիկին Հայրապետյան, կան տեսակետներ, որ այս զորավարժություններով Ադրբեջանն ու Թուրքիան ինչ-որ բան են ուզում ցույց տալ: Ո՞ւմ եւ ի՞նչ են ցույց տալիս, ըստ ձեզ:

- Ես կարող եմ ասել, որ այս զորավարժությունները ծառայում են Թուրքիայի եւ Ադրբեջանի համատեղ ծրագրի իրականացմանը տարածաշրջանում: Բազմիցս շեշտել եմ, որ նրանք փորձում են հարցերը լուծել՝ հիմքում դնելով էթնիկ գործոնը: Եվ դրան  է ծառայում թուրանական բանակի ստեղծման նպատակը եւ այլ նպատակներ: Զորավարժություններն ուղղված են տարածաշրջանի եւ տարածաշրջանից դուրս բոլոր երկրներին այն տեսանկյունից, որ նման գործելաոճը սպառնալիք է բոլորի համար:

ՀՀ պաշտպանության նախարարությունից զորավարժությունների վերաբերյալ մեկնաբանություն ստանալ չհաջողվեց: Նախարարության պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրությունների համաձայն՝ այսօր զորամիավորումներում անցկացվել են կրակային պատրաստության պարապմունքներ՝ տարբեր տրամաչափի զենքերի կիրառմամբ, ստուգվել են զինծառայողների կրակային պատրաստության աստիճանը, մասնագիտական կարողություններն ու հաստիքային զենքի տիրապետման հմտությունները։

Բացի այդ՝ առաջադրվող մարտական խնդիրների կատարման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով 5-րդ զորամիավորման կապի ստորաբաժանումների զինծառայողներն անցկացրել են ուսումնական վարժանքներ: 

ՀՀ արտգործնախարարության խոսնակ Աննա Նաղդալյանն օրերս անդրադառնալով զորավարժություններին՝ հայտարարել էր. «ԵԱՀԿ հանձնառությունների խախտումներով Հայաստանի սահմանների մոտ իրականացվող թուրք-ադրբեջանական զորավարժությունները չեն վկայում, որ թուրք-ադրբեջանական ղեկավարությունը խաղաղ մտադրություններ ունի Հայաստանի հանդեպ»:

Տպել
2265 դիտում

Փաշինյանն ու Բլինքենը քննարկել են Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացն ու «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Էկոնոմիկայի նախարարը մասնագետների հետ քննարկել է խաղողագործության և գինեգործության ոլորտում առկա մարտահրավերները

Կա՞ր հոգևորական, որ ծպտուն հանեց Հոկտեմբերի 27-ին կամ Մարտի 1-ին, ուժեղ տղերք են դարձել, դասեր են տալիս. Մկրտչյան

«Վարչապետի գավաթն» ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)

Ֆրանսիան Աթենքում հանդիսավոր արարողությամբ ստացել է օլիմպիական կրակը (լուսանկարներ)

Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժած իրանցիներին նվերներ ու ծաղիկներ է տարել

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվել է

Կատարում Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական գրավչությանը նպաստող գործոնները

Արգելակները «չեն պահել», ավտոբուսը կոտրել է պատնեշն ու գլորվել ձորը, բոլոր զոհերն իրանցիներ են. ձերբակալվել է վարորդը

Արևշատ գյուղի կամրջից ավտոմեքենան ընկել է Ազատ գետը. կա տուժած

Ավինյանի որոշմամբ՝ Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցներ» ընկերության տնօրենի պաշտոնից

Վանաձորում վրաերթի է ենթարկվել 13-ամյա երեխա

Միրզոյանը Կատարի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի զարգացումները

Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորում ստացել

Ավտովթար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին. ծանր վիճակում հոսպիտալացվել է 2 տուժած

Երևանում փակ ճանապարհներ չկան, դեպի Գյումրի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է

Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ փոխնախագահին (լուսանկարներ)

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար

Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ

Շվեդիայում կրկին հրապարակայնորեն այրել են Ղուրանը (լուսանկարներ)

Կիևը գերմանական ընկերությունից պահանջել է ավելի քան 800 Vector անօդաչու թռչող սարք

Սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ և քամու ուժգնացում. կցրտի 7-9 աստիճանով

Սյունիքի մարզպետը և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներին

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել

Բլինքենն ուղևորվելու է Մերձավոր Արևելք

Քաղաքացին Գութանասար բարձրանալիս կոտրել է ոտքը. փրկարարները մոտ 6 կմ-ից իջեցրել են, օգնել հոսպիտալացվել

Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ. որքան է վաճառվել Հայաստանին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Մահացել է ազատամարտի մասին երգեր կատարող Սահակ Սահակյանը

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

Սուրենյանը հայտնել է Երևանում սպասվող գրեթե ռեկորդային տաքության մասին

Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը

4 զոհ և 9 տուժած․ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է

Քաղաքացու օրվա կապակցությամբ մարզերում և Երևանում անցկացվել են մի շարք միջոցառումներ