Հեռացող եռյակը դիմադրում է, Թովմասյանը՝ Բուքիքիոյից նամակ բերում, փաստաբանը հիշեցնում է՝ իշխանության զավթումը պատժելի է

Ձեւակերպված փաստաթղթի սպասելիս

Այսօր պաշտոնապես ուժի մեջ մտան Սահմանադրական դատարանի ճգնաժամի հաղթահարմանն ուղղված Ազգային ժողովի կողմից ընդունված Սահմանադրական փոփոխությունները: Այսպիսով, Հրայր Թովմասյանը զրկվեց ՍԴ նախագահի լիազորությունից՝ պահպանելով դատավորի կարգավիճակը, դադարեցին ՍԴ անդամներ Ֆելիքս Թոխյանի, Հրանտ Նազարյանի եւ Ալվինա Գյուլումյանի լիազորությունները:

Առավոտյան, մինչ բոլորը արձանագրում էին վերեւում նշածը՝ պարզվեց, որ այս փոփոխությունների ուժի մեջ մտնելու նախորդ օրը՝ հունիսի 25-ին Հրայր Թովմասյանն ու ՍԴ մեկ այլ անդամ Արեւիկ Պետրոսյանը արձակուրդ են գնացել: Տեղեկությունը լրագրողներին փոխանցեց ՍԴ աշխատակազմի ղեկավար Էդգար Վարդանյանը՝ չհստակեցնելով արձակուրդի պատճառը եւ տեւողությունը:

ՍԴ անդամներից այսօր առաջինը դատարան եկավ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը. «Սահմանադրության այս փոփոխությունները արդյունավետորեն կյանքի կոչելու դեպքում ճգնաժամը հաղթահարված կլինի»,- լրագրողների հետ զրույցում հայտարարեց նա՝ ընդգծելով, որ այսօրվանից պատրաստվում է մասնակցել դատարանի նիստերին: Իր երդմնակալության պահից մինչ այսօր նա չէր մասնակցել որեւէ նիստի՝ համարելով, որ Սահմանադրական դատարանը նախկին կազմով չի համապատասխանում սահմանադրականության եւ լեգիտիմության պահանջներին:

Մինչ Գրիգորյանը պատասխանում էր լրագրողների հարցերին՝ այդ ընթացքում տարածվեց նրա հայտարարությունը, որում շնորհավորում էր բոլորին՝ ԱԺ ընդունած փոփոխությունների ուժի մեջ մտնելու կապակցությամբ եւ ընդգծում, որ դա Հայաստանի ժողովրդավարության եւ մարդու իրավունքների պաշտպանության համար նշանակալի ու պատմական իրադարձություն է:

Ավելի ուշ բարձր դատարան եկավ նաեւ այլեւս նախկին փոխնախագահ Ալվինա Գյուլումյանը՝ հայտարարելով, թե քանի որ Հրայր Թովմասյանը արձակուրդում է, եկել է փոխարինելու նրան:

ԴԻՄԱԴՐՈՒՄ է, ԲԱՅՑ ՈՒԺՈՎ ՄՆԱԼ Չի ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ

Ես աջակցում եմ սահմանադրական բարեփոխումների իրականացմանը. Հայաստանում հավատարմագրված մի շարք դեսպանների հետ հանդիպմանը այսօր այսպիսի հայտարարություն է արել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը եւ ընդգծել. «Սահմանադրությունը պետք է հավասարակշռված լինի՝ հիմնված զսպումների եւ հակակշիռների մեխանիզմների վրա: Ուրախ եմ, որ կառավարությունը սկսել է այդ ուղղությամբ աշխատանքները»:

Սրանով Արմեն Սարգսյանը եւս մեկ անգամ ըստ էության վերահաստատել է, որ Սահմանադրական դատարանի շուրջ տեղի ունեցած գործընթացում ինքն ամենեւին էլ դիտորդ չէ, ինչպես փորձում են ներկայացնել ընդդիմադիրները:

Ընդդիմադիր Բարգավաճ Հայաստանը այսօր վաղ առավոտյան Սահմանադրական դատարան դիմեց՝ սահմանադրության փոփոխությունները հակասահմանադրական ճանաչելու դիմումով: ԲՀԿ դիմումը ստորագրել էին խմբակցության 25 պատգամավորները եւ խմբակցությունից ավելի վաղ դուրս եկած Տիգրան Ուրիխանյանը:

ԲՀԿ-ն չկարողացավ համոզել «Լուսավոր Հայաստանի» պատգամավորներին՝ ստորագրել իրենց դիմումը: ԼՀԿ-ն թեեւ կողմ էր Սահմանադրական դատարան դիմելուն, բայց որոշել էր դա անել ՍԴ-ում Մարտի 1-ի գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի դիմումի քննությունից հետո:

Սահմանադրության համաձայն՝ ՍԴ դիմելու համար անհրաժեշտ է պատգամավորների ընդհանուր թվի առնվազն 1/5-ի ստորագրությունը, որը գործող ԱԺ-ի դեպքում 27 պատգամավոր է: ԲՀԿ-ի հաշվարկի վերաբերյալ հեգնական գրառումների պակաս չէր զգացվում.

««Բարգավաճ Հայաստանի» մեր գործընկերներին, իրենց քաղաքական անցյալն ու ապագան վերաիմաստավորելուց զատ, վատ չէր լինի կրկնել դպրոցական հանրահաշիվը: 132 բաժանած 5-ի հավասար է 26,4, այսինքն` անհրաժեշտ մեկ հինգերորդը 27 պատգամավոր է, ոչ թե 26»,- ֆեյսբուքում գրեց Առողջապահության նախարարը:

Ամեն դեպքում եռօրյա ժամկետում ՍԴ-ն դիմումատուներին պետք է տեղեկացնի, եթե համարի, որ ստորագրությունների թիվը բավարար չէ այն ընդունելու համար:

Եվ մինչ ԲՀԿ-ն սպասում է Սահմանադրության փոփոխությունների վիճարկման վերաբերյալ ՍԴ արձագանքին, այսօր Սահմանադրության փոփոխությունների իրականացման կապակցությամբ հանրությանը շնորհավորեց ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը:

«Այսօր՝ 2020 թվականի հունիսի 26-ին, ուժի մեջ է մտել Սահմանադրության 213 հոդվածի՝ Ազգային ժողովի նույն ամսվա 22-ին ընդունած փոփոխությունը, որի կապակցությամբ շնորհավորում եմ ձեզ Հայաստանի ժողովրդավարության եւ մարդու իրավունքների պաշտպանության համար այս նշանակալի ու պատմական իրադարձության կապակցությամբ»,- մասնավորապես նշվում էր Գրիգորյանի հայտարարությունում:

Գրիգորյանն ընդգծում էր, որ ինքը ողջունում է Հայաստանի Ազգային ժողովի՝ Սահմանադրական դատարանի ճգնաժամի լուծման համար ընտրած այս տարբերակը:

Ուղիղ մեկ տարի առաջ ընտրվելով ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը մինչ այժմ չէր մասնակցել ՍԴ որեւէ նիստի: Այսօր նա հայտարարեց, որ այսուհետ մասնակցելու է: Լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչո՞ւ էր աշխատավարձ ստանում, եթե չէր կատարում պարտականությունները. «Ես իմ աշխատանքային պարտականությունները չեմ կատարել 2 պատճառով․առաջին, որ Սահմանադրական դատարանի կազմի սահմանադրականությունը լրջորեն կասկածի տակ էր, եւ համարել եմ, որ Հայաստանի Հանրապետության ՍԴ-ն ունի դեմոկրատական լեգիտիմության էական բաց, այդ կազմով նա չի կարող արժանի լինել ՀՀ Սահմանադրական դատարան լինելուն»,- ասաց նա։

Գրիգորյանի խոսքով, սակայն, այդ ժամանակը իզուր չէ անցել, այդ ընթացքում ինքը մշակել է բոլոր այն ընթացակարգային փաստաթղթերի նախագծերը, որոնք  ժամանակի ընթացքում մյուս դատավորների հետ քննարկելով՝ պիտի ընդունվեն։

Գրիգորյանն անդրադարձավ նաեւ ԱԺ-ում ընդունված սահմանադրական փոփոխությունների նախագիծը ՍԴ չուղարկելու մասին հարցին: Ասաց, որ Սահմանադրության նախագծերի նախնական սահմանադրականության ստուգումը կանոն է, բայց այդ կանոնը չի կարող ձեւականորեն, անբովանդակ կերպով կիրառվել այն պայմաններում, երբ անհնար է դրա կիրառումը։

«Այս դեպքում դատավորները ոչ թե կողմնակալ կլինեին, այլ այս դեպքում նրանք հենց կողմ են։ Պատկերացրեք՝ դուք հայցվոր եք, գնում եք դատարան, պատասխանում եք բոլոր հարցերին, այնուհետեւ ավարտվում է ձեր ելույթի շրջանը, դուք նստում եք դատավորի փոխարեն, եւ պատասխանողը Ձեզ պետք է պատմի իր դեպքը։ Գոյություն ունի նաեւ դատավարական էթիկա, եւ ՍԴ դատավորները ավելի զգայուն պետք է լինեն սրա նկատմամբ»,- նշեց Գրիգորյանը։

ԲՀԿ-ի ներկայացրած դիմումի մասին խոսելով՝ Գրիգորյանը նշեց, որ այդ դիմումի հետ կապված դիրքորոշում կհայտնի՝ որպես ՍԴ դատավոր։

Գրիգորյանից հետո դատարան եկավ նաեւ Ալվինա Գյուլումյանը, ում լիազրությունները այսօր պետք է դադարած համարվերին: Գյուլումյանը, սակայն, հայտարարեց.

«Մենք պատկան մարմիններից ակնկալում ենք համապատասխան ձեւակերպված փաստաթուղթ, որը կվերաբերի մեզանից յուրաքանչյուրին»:

Նրա խոսքից հասկացվեց, որ այդ փաստաթղթով պատրաստվում է բողոքարկել իր լիազորությունների դադարումը: Ինչպես հայտնի է՝ Գյուլումյանը պնդում է, որ սահմանադրական փոփոխություններն իրեն չեն վերաբերում, քանի որ ինքը պաշտոնավարել է 12 տարուց քիչ:

Նկատառմանը, թե փոփոխություններում նշված է, որ ընդհանուր տեւողությունն է հաշվվում, Գյուլումյանը պատասխանեց, թե «ընդհանուր տեւողություն» արտահայտությունը վերաբերում է Սահմանադրության փոփոխություններից առաջ եւ հետո ընկած ժամկետներին: Եվ եթե ուզում էին, որ իրեն եւս վերաբերեր, պետք է գրեին՝ բոլոր ժամանակներում պաշտոնավարած արտահայտությունը: Հայտնի է, որ Գյուլումյանը ՍԴ անդամ է նշանակվել 2 անգամ՝ 1996-ին եւ 2014-ին: ՍԴ անդամը պնդում է, որ պետք է հաշվել երկրորդ ժամկետը, իսկ քանի որ երկրորդ նշանակումից հետո 12 տարի չի անցել, ուրեմն ինքը չպետք է հեռանա:

«Օրենքում բերված այն եզրույթը՝ ընդհանուր տեւողություն, վերաբերում է սահմանադրական փոփոխություններից առաջ եւ հետո, բայց ոչ երբեք մեկ ժամկետ առաջ, որը եղել է շուրջ 17 տարի առաջ: Հիմա թող կենսագրությունս պեղեն, կարող է դպրոցում էլ եմ եղել ՍԴ անդամ, էդ էլ գումարեն, ասեն՝ մի բան էլ ավելի ես եղել»,- սարկազմով պատասխանեց ՍԴ՝ արդեն նախկին փոխնախագահը:

Հարցին՝ չի՞ պատրաստվում հրաժարվել պաշտոնից ՝ Գյուլումյանն ասաց, որ դատարանը կոլեգիալ մարմին է եւ եթե համարվի, որ ինքը չպետք է լինի այնտեղ,  ինքը չի պատրաստվում դա ուժով անել:

Ամեն դեպքում դատավորը հիշեցրեց. «Ուկրաինայում հայտնի իրադարձություններից հետո նույնպես այս կարգով հեռացրին, ձեւավորեցին իրենց սրտի ՍԴ-ն, հետո Ուկրաինայում ընտրվեց նոր նախագահ, որը առավել հեղափոխական էր, քան Պորոշենկոն էր ժամանակին, բայց նա գտավ, որ ՍԴ այն անդամների իրավունքները խախտվել են, վերականգնեց նրանց աշխատանքի՝ հեռացնելով մյուսներին»:

Այստեղ նույնը սպասվո՞ւմ է՝ հետաքրքրվեց լրագրողներից մեկը. «Չեմ կասկածում»,- արձագանքեց նա:

Ի պատասխան Գյուլումյանի վերջին հայտարարության՝ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը ֆեյսբուքում գրառմամբ հիշեցրեց, որ Գյուլումյանի 65 տարին լրանալու է մոտ 6 ամսից՝ 2021 թվականի հունվարի 20-ին, եւ նույնիսկ Սահմանադրության նախկին կարգավորումներով նրա պաշտոնավարումը դադարելու էր այդ օրը:

«Ստացվում է, որ տիկին Գյուլումյանը ակնկալում է, որ առաջիկա 6 ամիսների ընթացքում Հայաստանում իշխանափոխություն է տեղի ունենալու։ Ես խնդրում եմ մեր համապատասխան քաղաքական ուժերին մեր ՍԴ նախկին անդամներին նման պատրանքների մեջ չգցել»,- նկատում էր պատգամավորը։

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն էլ հորդորեց խոսելու փոխարեն իրերը հավաքել ՍԴ-ից: «Կարծում եմ՝ ՍԴ նախկին դատավորները քաղաքական դիակների ֆոնին դատարկ հարցազրույցներ տալու փոխարեն լավ կանեն ժամանակն օգտագործեն ՍԴ սենյակները իրենց իրերից ազատելու համար»,- հայտարարեց Սիմոնյանը:

Իրերը չհավաքելու (չհանձնելու) դեպքում վրա հասնող պատասխանատվության մասին դատավորներին հիշեցրեց փաստաբան Տիգրան Եգորյանը: Ըստ նրա՝ պաշտոնավարումը դադարած անձինք ՍԴ շենք կարող են մուտք գործել ընդհանուր կարգով (ոչ որպես ՍԴ անդամ կամ դատավոր), նրանց մուտքն ու ելքը հնարավոր է միայն համապատասխան գրանցման պարագայում։ «Նրանց անձնական գույքի հանձնումն ու ընդունումը պետք է կազմակերպվի արձանագրության միջոցով, ինչպիսի կարգը չպահպանելը կարող է հանգեցնել պատասխանատվության։
ՍԴ պաշտոնաթող անդամները պետք է ծանուցվեն իրենց անձնական իրերի հանձնում ընդունումն իրականացնելու վերաբերյալ։

ՍԴ նախագահի պաշտոնը զբաղեցրած եւ պաշտոնավարումը դադարած Հրայր Թովմասյանը պետք է հանձնի ՍԴ կնիքը, ինչպիսի պարտականությունը չկատարելը կհանգեցնի պատասխանատվության»,- նշում էր նա եւ շարունակում.

«Իշխանությունը զավթելը` ․․․․ , ինչպես նաեւ Սահմանադրությամբ չնախատեսված այլ եղանակով Հանրապետության ․․․ սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալը` պատժվում են ազատազրկմամբ` տասից տասնհինգ տարի ժամկետով (ՀՀ քրեական օրենսգիրք՝ 300-րդ հոդված):

Թյուր կարծիք կա որ սա չի կարող վերաբերվել առանձին մեկ կամ մի քանի դատավորի։ Դա այդպես չէ, քանի որ ինչպես առանձին մեկ դատավոր այնպես էլ մի քանիսը բայց ոչ բոլորը (օրինակ ՍԴ 3 դատավորից բաղկացած կազմը) սահմանված հարցերով եւ կարգով իրականացնում են ՍԴ լիազորություն եւ եթե այդպիսի լիազորություն փորձեն իրականացնել պաշտոնավարումը դադարած անդամներից որեւէ մեկը, ապա դա կհանգեցնի օրենքով սահմանված պատասխանատվության կիրառման»,- իր ՖԲ էջում գրել էր Եգորյանը:

Եվ վերջապես, օրվա ավարտին հայտարարությամբ հանդես եկավ նաեւ Սահմանադրության փոփոխությունների հեղինակ Ազգային ժողովը՝ տեղեկացնելով, որ ուսումնասիրելով ՀՀ Սահմանադրական դատարանի դատավորների (անդամների) անձնական գործերում առկա փաստաթղթերը, որոնք պահվում ու վարվում են Ազգային ժողովում, դադարել է Սահմանադրական դատարանի հետեւյալ դատավորների (անդամների) պաշտոնավարումը.

«Հրանտ Արայի Նազարյան, ում Սահմանադրական դատարանի անդամի կամ դատավորի պաշտոնում պաշտոնավարման ընդհանուր տեւողությունը մինչեւ 2020 թվականի հունիսի 26-ը կազմել է առավել քան 24 տարի:

Ֆելիքս Պապինի Թոխյան, ում Սահմանադրական դատարանի անդամի կամ դատավորի պաշտոնում պաշտոնավարման ընդհանուր տեւողությունը մինչեւ 2020 թվականի հունիսի 26-ը կազմել է առավել քան 22 տարի:

Ալվինա Բալաբեկի Գյուլումյան, ում Սահմանադրական դատարանի անդամի կամ դատավորի պաշտոնում պաշտոնավարման ընդհանուր տեւողությունը մինչեւ 2020 թվականի հունիսի 26-ը կազմել է առավել քան 12 տարի:

ՀՀ Սահմանադրության 213 հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ Սահմանադրական դատարանի երեք դատավորների թափուր տեղերի համար առաջադրումները պետք է կատարվեն հաջորդաբար Կառավարության, Հանրապետության նախագահի եւ դատավորների ընդհանուր ժողովի կողմից երկամսյա ժամկետում, որը սկսում է հոսել 2020թ. հունիսի 27-ից:

Տեղեկացնում ենք նաեւ, որ ՀՀ Սահմանադրության հոդված 213 4-րդ մասի համաձայն՝ դադարել է Հրայր Վարդանի Թովմասյանի պաշտոնավարումը Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնում: ՀՀ Սահմանադրության 13 հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ Սահմանադրական դատարանի նախագահը պետք է ընտրվի Սահմանադրության 166-րդ հոդվածով սահմանված կարգով, ընտրությունը պետք է իրականացվի Սահմանադրական դատարանի դատավորների առաջացած թափուր տեղերը համալրելուց հետո»,- ասվում էր ԱԺ հաղորդագրությունում եւ տեղեկացվում, որ ՍԴ նախագահի լիազորությունները մինչ նոր այդ իրականացնելու է տարիքով ավագ դատավորը՝ Աշոտ Խաչատրյանը:

Հ.Գ. Երեկոյան պարզվեց, որ իր լիազորությունների դադարման նախորդ օրը Հրայր Թովմասյանը նամակ է գրել Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյին: Թե ինչպիսին է եղել այդ նամակի բովանդակությունը՝ ՍԴ-ն չտեղեկացրեց, փոխարեն ՍԴ կայքում տեղադրվեց Բուքիքիոյի պատասխանի թարգմանությունը:

«Ես ուշադիր հետևում էի Հայաստանում սահմանադրական փոփոխություններին վերաբերող զարգացումներին։ Ես ցավում եմ, որ դրանք չեն համապատասխանում Վենետիկի հանձնաժողովի հստակ հանձնարարականներին։ Ես կարող եմ միայն կոչ անել հարգել Սահմանադրությունը։ Դա հանդիսանում է իրավունքի գերակայության սկզբունքի հիմնարար պահանջ»,- ըստ ՍԴ ֆեյսբուքյան էջի՝ Թովմասյանին ասել է Բուքիքիոն:

Ինչպես հայտնի է՝ Վենետիկի հանձնաժողովը խորհրդատվական մարմին է եւ Սահմանադրական փոփոխությունների մասին իր կարծիքում հիմնականում դրական էր արտահայտվել դրանց մասին: Թե ինչու է ՍԴ նախկին նախագահին ուղղված Բուքիքիոյի նամակի թարգմանությունում նշված հանձնարարական բառը, երբ անգլերեն տարբերակում նշված է recommendation, որը թարգմանվում է նաեւ առաջարկություն, թերեւս միայն ՍԴ նախագահը կիմանա:

Տպել
9842 դիտում

Մայիսի 1-ից դեպի Կենդանաբանական այգի կգործարկվի անվճար երթուղի

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով մեկ անձի մեղադրանք է առաջադրվել

«Արդարացում չի լինելու չաշխատելու համար, այդ մարդիկ ուղղակի կփոխարինվեն». Տիգրան Ավինյան

79 անշարժ գույք, 42 տրանսպորտային միջոց, 39 բաժնետոմս. ինչ է պահանջում բռնագանձել Գագիկ Ծառուկյանից դատախազությունը

«Դո՞ւ ես փրկությունը հայ ազգի, դուք ամենամեծ վնաս տվողներն եք»․ քաղաքացին՝ ճանապարհը փակած Գեղամ Մանուկյանին

«Շատ նախաձեռնություններ ունենք, որ պտտվում, պտտվում են ու տեղ չեն հասնում». Ավինյան

Դատախազությունը պահանջում է Գագիկ Խաչատրյանից բռնագանձել շուրջ 200 միավոր անշարժ գույք, մոտ 23 միլիարդ դրամ

25 միավոր անշարժ գույք, 4 միլիոն դոլարի ավանդ արժեթուղթ. դատախազը ներկայացրել է՝ ինչ են պահանջում բռնագանձել Քոչարյանից

Արմավիր-Գյումրի ավտոճանապարհը բացվել է

Նոյեմբերյանում խուլիգանական արարքների կատարման համար մեղադրվող 4 անձից 3-ը կալանավորվել է (տեսանյութ)

Մայրաքաղաքում փակ ճանապարհներ չկան․ ոստիկանություն

Հայտնի է՝ որտեղ կկառուցվի Ալբերտ Ազարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցը և ինչ ժամկետում

Սուրենյանը հայտնել է առաջիկայում սպասվող եղանակային կտրուկ փոփոխության մասին

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն տնօրենի նոր պաշտոնակատար ունի

2 արծաթե, 5 բրոնզե մեդալ. բռնցքամարտի Հայաստանի հավաքականը վերադառնում է Եվրոպայի առաջնությունից

Ադրբեջանում քաղաքացին գլուխը մտցրել է ջրի բաքի մեջ ու չի կարողացել հանել. փրկարարները կտրել են բաքը (տեսանյութ)

Կոլորադոյի հայ համայնքի հետ հանդիպմանը դեսպան Մակունցն անդրադարձել է ՀՀ ներկա մարտահրավերներին

Բլինքենն Ալիևին կոչ է արել ազատել անարդարացիորեն ձերբակալված բոլոր անձանց

Բերքաբերի մոտակայքում տեղի է ունենալու պայթեցման աշխատանք. ՊՆ-ն խնդրում է խուճապի չմատնվել

Երևան-Սևան ավտոճանապարհին «Մերսեդես»-ը հարվածել է երկաթե արգելապատնեշին ու կոտրել այն

Հայաստանում միայն ռուսերեն ուսուցմամբ քանի դպրոց կա, որքան աշակերտներ ունեն և որտեղ են դրանք

Ոսկեպարի շրջանում ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացման մասին լուրը կեղծ է

Փաշինյանն ու Բլինքենը քննարկել են Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացն ու «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Էկոնոմիկայի նախարարը մասնագետների հետ քննարկել է խաղողագործության և գինեգործության ոլորտում առկա մարտահրավերները

Կա՞ր հոգևորական, որ ծպտուն հանեց Հոկտեմբերի 27-ին կամ Մարտի 1-ին, ուժեղ տղերք են դարձել, դասեր են տալիս. Մկրտչյան

«Վարչապետի գավաթն» ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)

Ֆրանսիան Աթենքում հանդիսավոր արարողությամբ ստացել է օլիմպիական կրակը (լուսանկարներ)

Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժած իրանցիներին նվերներ ու ծաղիկներ է տարել

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվել է

Կատարում Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական գրավչությանը նպաստող գործոնները

Արգելակները «չեն պահել», ավտոբուսը կոտրել է պատնեշն ու գլորվել ձորը, բոլոր զոհերն իրանցիներ են. ձերբակալվել է վարորդը

Արևշատ գյուղի կամրջից ավտոմեքենան ընկել է Ազատ գետը. կա տուժած

Ավինյանի որոշմամբ՝ Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցներ» ընկերության տնօրենի պաշտոնից

Վանաձորում վրաերթի է ենթարկվել 13-ամյա երեխա

Միրզոյանը Կատարի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի զարգացումները

Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորում ստացել

Ավտովթար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին. ծանր վիճակում հոսպիտալացվել է 2 տուժած

Երևանում փակ ճանապարհներ չկան, դեպի Գյումրի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է

Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ փոխնախագահին (լուսանկարներ)

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար