Դատախազի ճռռիկները ստրիպտիզ կլուբում
Երեկ աշխատանքից ազատվել է Արմավիրի դատախազության դատախազ Դավիթ Բարոյանը: Մինչ այս մասին հայտնի կդառնար, էլեկտրոնային լրատվամիջոցներում լուրեր տարածվեցին, որ նախօրեին Բարոյանը բավական բուռն երեկույթի է մասնակցել: Ըստ այդ լուրերի, փետրվարի 16-ի գիշերը Մաշտոցի 50 հասցեում գտնվող գիշերային ակումբում անկարգություններ է սարքել, ամբողջովին մերկացել է, բարձրացել բեմի վրա եւ մերկապարի համար նախատեսված ձողի մոտ պարել, հետո էլ ջարդել է ակումբի գույքը: Ակումբի աշխատակիցները ոստիկանություն են կանչել, ինչից հետո նա դուրս է եկել փողոց եւ, ականատեսների վկայությամբ, սկսել սեռական բնույթի գործողություններ կատարել եւ հայհոյել: Երեկ օրվա երկրորդ կեսին ՀՀ գլխավոր դատախազությունը հաղորդագրություն տարածեց, որով ըստ էության հաստատեց միջադեպի փաստը: «2012 թվականի փետրվարի 17-ին ստացվել է ահազանգ Արմավիրի մարզի դատախազության աշխատակցի կողմից դատախազին ոչ հարիր վարքագիծ դրսեւորելու վերաբերյալ, ինչը հաստատվել է: Պարզվել է, որ Արմավիրի դատախազության դատախազ Դավիթ Բարոյանը 2012 թվականի փետրվարի 16-ի լույս 17-ի գիշերն ընկերոջ հետ միասին գնացել է իր բնակության վայրին մոտ գտնվող գիշերային ակումբ, որտեղ չարաշահել է ալկոհոլը եւ թույլ տվել դատախազին ոչ հարիր վարքագիծ: Այդ հանգամանքը հաստատել է նաեւ Դ. Բարոյանը եւ զղջացել կատարվածի համար: ՀՀ գլխավոր դատախազի հրամանով, 2012 թվականի փետրվարի 17-ին նա հեռացվել է դատախազության համակարգից»,- նշված է հաղորդագրության մեջ: Ի դեպ, Բարոյանը իր պահվածքի հետեւանքով քրեական հետապնդման չի ենթարկվի: Եւ ոստիկանությունից, եւ Հատուկ քննչական ծառայությունից հայտնեցին, որ միջադեպի կապակցությամբ նյութեր չեն նախապատրաստվում, քրեական գործ չի հարուցվել:







Կարծիքներ
- Vagarshak, 1 year 13 շաբաթ առաջ
Ողբամ քեզ Հայաստան!!!