Հայաստան-Գերմանիա. մեծ օրակարգ, որոշիչ փուլ

Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը անցյալ շաբաթ Բեռլինում հանդիպեց իր գերմանացի գործընկեր Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին եւ Գերմանիայի կանցլերի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գլխավոր խորհրդական Քրիստոֆ Հոյսգենին:

Դատելով նրանից, որ Գերմանիան Եվրամիության ամենաազդեցիկ երկիրն է, ՀՀ-ի դաշնակից Ռուսաստանի` սրվող կոնֆլիկտում ԵՄ հիմնական «ֆլագմանը» եւ ԵԱՀԿ-ում նախագահող պետություն, ապա այս հանդիպումները դժվար է անվանել հերթապահ: Համաձայն ԱԳՆ տարածած մամուլի հաղորդագրության, հանդիպումների ժամանակ քննարկվել է հարցերի լայն շրջանակ՝ սկսած ԼՂ հակամտության կարգավորման հեռանկարներից, Մերձավոր Արեւելքում ստեղծված իրավիճակից եւ փախստականների հոսքից մինչեւ հայ-գերմանական եւ Հայաստան-Եվրամիություն հարաբերություններ:

Թեպետ մամուլի հաղորդագրություններում գրված է հիմնականում քննարկված հարցերի շրջանակը՝ առանց որեւէ մանրամասնությունների ներկայացման, սակայն մեկ հարցում արված է կանխատեսելի բացառություն:

«ԵԱՀԿ-ում գերմանական նախագահության համատեքստում… Էդվարդ Նալբանդյանը ԵԱՀԿ գործող նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի ուշադրությունը հրավիրեց առ այն, որ Ադրբեջանը հրաժարվում է կյանքի կոչել հիմնահարցի հանգուցալուծման գործընթացի առաջ մղման նպատակով համապատասխան պայմանների ստեղծմանն ուղղված` Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունները, ավելին` շարունակում է սրել իրավիճակը Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև շփման գծում», - ասել է Նալբանդյանը Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին։

Անգամ, եթե հաղորդագրության մեջ այս մասին չասվեր, դժվար չէր լինի կռահել, որ հատկապես ապրիլյան լայնածավալ մարտական գործողություններից հետո, ՀՀ ԱԳՆ ղեկավարը պետք է ԵԱՀԿ-ում (իսկ կազմակերպությունը պատասխանատվություն է կրում լայն իմաստով Եվրոպայի տարածքում անվտանգության եւ կայունության համար) նախագահող այն էլ Գերմանիայի նման հզոր երկրին հիշեցներ Վիեննայում եւ Սանկտ-Պետերբուրգում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների ձեռք բերած պայմանավորվածությունների մասին: Համաձայն այդ պայմանավորվածությունների

կողմերը պարտավորվում էին պահպանել հրադադարի ռեժիմը, հզորացնել ԵԱՀԿ նախագահի մշտական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի գրասենյակի կարողությունները եւ շփման գծում ներդնել հրադադարի ռեժիմի խախտման հետաքննության մեխանիզմներ:

Մյուս կողմից պարզ չէ, թե ինչ են քննարկել եւ ինչ պայմանավորվածությունների եկել Հայաստանը եւ Գերմանիան նույն ՀՀ-ԵՄ հարաբերությունների, փախստականների հոսքից ծագած խնդիրների կարգավորման եւ այլ հարցերի շուրջ: Ի դեպ, փախստականների հոսքը Հայաստանի համար շատ կարեւոր խնդիր է, քանի որ բնակչության թվաքանակի հետ համեմատած, ՀՀ-ն Եվրոպայում ընդունած փախստականների թվով երրորդ երկիրն է: Օրինակ՝ նույն Թուրքիային Եվրամիությունն ավելի քան երեք միլիարդ եվրո տրամադրեց Սիրիայից ժամանած փախստականների խնդիրների լուծման համար: Մյուս կողմից Եվրամիությունը նույն խնդրով պայմանավորված շատ զգուշավոր, ավելի շուտ վախվորած է արձագանքում Թուրքիայի ներսում ընդդիմադիրների նկատմամբ մոլեգնող բռնաճնշումներին:

Հենց այս խնդիրների համատեքստում գերմանացի քաղաքագետ Ալեքսանդր Ռառը Նալբանդյանի այցը Գերմանիա համարում է «շատ կարեւոր»: «Այստեղ կան մի քանի հանգամանքներ: Առաջինը ԼՂ հակամարտությունն է, որը Գերմանիայի ուշադրության կենտրոնում է: Գերմանիան այժմ նախագահում է ԵԱՀԿ-ում եւ պատասխանատվություն է կրում Եվրոպայի ու հետխորհրդային տարածքում հակամարտությունների համար: Ուստի, ղարաբաղյան խնդիրը շատ մեծ ուշադրության է արժանանում, որպեսզի թույլ չտրվի ապրիլյան արյունալի իրադարձությունների կրկնություն: Սա, իհարկե, դժվար հասանելի հարց է, քանի որ հակամարտող կողմերը բավականին շատ պատճառներ ունեն չկարգավորել հիմնահարցը: Ամեն դեպքում արտաքին ուշադրությունը շատ կարեւոր է», - մեզ հետ զրույցում ասաց նա՝ հիշեցնելով, որ ժամանակին Գերմանիան խոստացել էր աջակցել շփման գծում հետաքննության մեխանիզմների ներդրմանը համապատասխան սարքավորումների տեղադրման տեսքով:

Այս հարցը, վստահ է Ռառը, թեպետ աշխատանքային քննարկումների շրջանակներում բարձրացվում է, սակայն այն դժվար իրականանալի գործընթաց է: «Այնպես չէ, որ կողմերն ամբողջությամբ պատրաստ են այդ մեխանիզմների ներդրմանը: Մինչեւ այժմ անգամ չի իրականացվել Կասպշիկի հանձնախմբի կարողությունների հզորացման հարցը»,- հավելեց փորձագետը:    

Մյուս կողմից, ըստ քաղաքագետի, կարեւոր է Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների ապագան հատկապես վերափոխվող Արեւելյան գործընկերության ծրագրի շրջանակներում: «Արեւելյան գործընկերությունը տապալվեց, քանի որ Բելառուսը չի ստորագրել ԵՄ-ի հետ պայմանագիր, Ուկրաինան թեպետ ստորագրել է, սակայն կյանքի չի կոչում Մինսկի համաձայնությունները, Մոլդովայում մեծ է հավանականությունը, որ իշխանության կգա ռուսամետ քաղաքական գործիչ, Ադրբեջանն ու Հայաստանը եւս չեն ստորագրել Ասոցիացիայի պայմանագիրը: Տարբերվում է միայն Վրաստանը, սակայն այդ երկիրն անգամ չի ստացել ԵՄ-ի հետ ազատ վիզային ռեժիմ: Իսկ Եվրոպան Ռուսաստանի հետ ամբողջությամբ գժտվել է, ինչը մտահոգիչ է: Այժմ եվրաչինովնիկները հարց են տալիս միմյանց, թե նախորդ տարիներին ինչն այնպես չեն արել եւ ինչու նման արդյունք գրանցվեց: Այժմ մենք գտնվում են Արեւելյան գործընկերության վերանայման փուլում», - նկատեց Ալեքսանդր Ռառը:

Նալբանդյանի՝ Բեռլին կատարած այցի կարեւորությունը Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը դիտարկեց Արեւմուտք-Ռուսաստան խորացող հակամարտության շրջանակներում, հատկապես, որ ԱՄՆ-ի նախագահական ընտրություններով պայմանավորված ՌԴ-ի հետ հակամարտության հարցում այժմ ավանգարդի դերակատարում է ստանձնել հենց Գերմանիան: «Սա կարեւոր խնդիր է, քանի որ Ռուսաստանը Հայաստանի դաշնակիցն է, մյուս կողմից Հայաստանը սերտ կապեր ունի Արեւմուտքի հետ: Կողմերի տրամադրություններին առաջին ձեռքից ծանոթանալը կարեւոր է», - մեզ հետ զրույցում ասաց Կիրակոսյանը: Կիրակոսյանի կարծիքով, բացի աշխարհաքաղաքական խնդիրներից, Հայաստանը ԵՄ-ի հետ նոր շրջանակային համաձայնագրի կնքման շուրջ բանակցությունների որոշիչ փուլում ցանկանում է ստանալ Գերմանիայի հստակ աջակցությունը: «Բանակցությունները կարծես մոտենում են ավարտին, եւ ստանալ Գերմանիայի հստակ աջակցությունն այս հարցում ՀՀ-ի համար կարեւոր է»,- եզրափակեց նա:

Տպել
2798 դիտում

Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր ընդգրկելով մոտ 16.2 հա տարածք

Պաշտոնատար անձանց թողտվությամբ ոսկի-բազմամետաղային հանքավայրը տարիներ շարունակ շահագործվել է. քրգործ է հարուցվել

Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ

Ոստիկանության Նաիրիի և Արտաշատի բաժիններում նռնակներ և հրացան է կամավոր հանձնվել (տեսանյութ)

Մարալիկ-Քարաբերդ-Ձիթհանքով վերականգնված ճանապարհին որպես փորձնական մոդել կատարվել է ամառային-ձմեռային պահպանում

Բարձր տնտեսական տրամադրությունը հույս է տալիս, որ 2020-ին կմեծացնենք տնտեսական աճի տեմպերը. վարչապետ

Փաստորեն գիտակցելով էին ձախողում

Արփի լճում բավական ձկնային պաշար կար, ջրթողի հետ ձկնային պաշարներն էլ գնացին. «Արփի լիճ» ազգային պարկի նախկին տնօրեն

Մարվել է «Կեռ Թալա» կոչվող հանդամասում բռնկված հրդեհը. ԱԻՆ

Արմեն Ջիգարխանյանը հիվանդանոցում է

ԱՍՀՆ-ն դիմել է դատախազություն. «ադեկվադ»-ները գիշերօթիկ հաստատություններից մեկում խաբեությամբ նկարահանում են իրականացրել

Մխիթարյանի բացակայությամբ ՀՀ ֆուտբոլի հավաքականի ավագը կլինի Հովհաննես Համբարձումյանը

ՀՀ ֆուտբոլի հավաքականը երանելի վիճակում չէ. գլխավոր մարզիչ

Գործարար Ալիկ Պետրոսյանն ազատ է արձակվել

Հրդեհ է բռնկվել «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում. ԱԻՆ

«Ռազմարդյունաբերության ոլորտի զարգացումը շատ կարևոր է մեզ համար». կայացել է ՀՀ ռազմարդյունաբերական հանձնաժողովի նիստը

Հուսով եմ Ներկայացուցիչների պալատի կատարած սխալը ԱՄՆ Սենատը չի կրկնի. Էրդողանը՝ Թրամփի հետ հանդիպմանը

Գորիսի պարեկայինները 27 խմ փայտանյութով բարձված խոշոր բեռնատար են հայտնաբերել. ոստիկանություն

77-ամյա Լաուրա Հայրապետյանը որոնվում է որպես անհետ կորած

Ո՞վ կփոխարինի Վազգեն Մանուկյանին. խորհրդի 2 նոր անդամի նշանակվելուց հետո վարչապետը ՀԽ նախագահի թեկնածու կառաջադրի