Լայն ճաքած ակնոցներով

16/06/2013 schedule08:59

Ողջ խնդիրը նրանում է, որ ակնոցներս փչացել են: Ցույց չեն տալիս ինչպես հարկն է ու վերջ: Պատահեց դա այն ժամանակ, երբ երեկ երեկոյան պատահական բախվեցի շքամուտքի ժանգոտած դռանը: Ես մի քիչ շատ էի խմել Տելլայի տանն ու ասես նշան բռնած, բա՜խ- բախվեցի այդ գրողի տարած ժանգոտ դռանը: Ակնոցներս ճաքեցին եւ հիմա ես, կարելի է ասել, ունեմ լուրջ պրոբլեմներ: Ու արդեն պարզ է, որ այս կերպ ապրել այլեւս չի կարելի:

Առավոտյան սպասում էի տրամվայի, որը սովորաբար աշխատում է անխափան, բայց այս առավոտ նենգաբար դավաճանեց ինձ: Սկզբում ես մտածում էի, որ հավանաբար տեղի է ունեցել վթար ու տրամվայն ուշանում է միայն այդ պատճառով: Բայց որոշ ժամանակ անց հասկացա հանկարծ, որ մնացած տրանսպորտն ախր նորմալ աշխատում է, երթեւեկությունը խանգարված չէ:

Վերջապես լսեցի տրամվայի ռելսերի ձայնը, ուրախացա: Բայց իզուր: Անցավ ինչ-որ անորոշ-լղոզված շողք, իսկ ոչ մի տրամվայ կանգառում չկանգնեց: Ես փորձեցի շարժել ակնոցս, հանեցի, մաքրեցի, նորից հագա: Ճաքերը խոշոր էին եւ անդուր, այսպիսի ակնոցներով երեւի անչափ անհեթեթ տեսք ունեի: Մնացած մարդիկ փայլփլում էին իրենց լավ մաքրված ակնոցներով:

Սպասեցի հինգ րոպե եւս: Տրամվայ չեկավ: Կանգնեցրեցի տաքսի:

- Մինչեւ քաղաքապետարան,- ասացի:

Տաքսիստը փչեց իր կլոր ակնոցների վրա, մաքրեց, նորից դրեց, հայելու մեջ նայեց վրաս:

- Իսկ դուք այնտե՞ղ եք աշխատում,-հարցրեց:

- Հա, հա,- պատասխանեցի,-խնդրում եմ, արագացրե՜ք:

Տաքսիստը գործի գցեց շարժիչը, սահուն դուրս բերեց մեքենան երրորդ գիծ, մենք սլացանք քաղաքապետարանի ուղղությամբ: Ճանապարհին փորձեցի նայել ասֆալտի վրայի ռելսերին: Ակնոցներս ծակեցին աչքերս: Սուր ցավը խփեց գլխիս:

- Այ դուք, օրինակ, քաղաքապետարանում եք աշխատում ու ձեզ թույլ եք տալիս այդպիսի ակնոցներով տնից դուրս գալ, - քթի տակ ասաց տաքսիստը:

- Դա, թերեւս ձեր գործը չէ, - վրա բերեցի ես` օգտագործելով «թերեւս» բառը: Իմ սիրած բառը: Որքան անփույթ վեհություն եւ ստորի հանդեպ մեծահոգի հանդուրժողականություն է պարունակում այդ խորհրդավոր տառախումբը:

- Դե այսպիսի քաղաքում ենք ապրում, ուր բոլորը կոկիկ են, իսկ քաղաքապետարանի աշխատողն իսկի կարգին ակնոց չունի: Ինչպե՞ս կարող եք ապրել այդպիսի ակնոցներով: Չէ որ կյանքը հաճույք է, այն ապրելուց պետք է հաճույք ստանալ, - ասաց տաքսիստն այնպիսի տոնով` կարծես փորձում էր ներգրավել ինձ ընդհատակյա կազմակերպված կրոնական հանցավոր կազմակերպության մեջ:

Ես նայեցի մեքենայի մեջ, շուրջբոլորս: Իրոք, ես չէի նկատել, թե ուր եմ նստել: Կեղտոտ նստատեղեր, փտած սպունգի միջից դուրս ցցված զսպանակներ, կեղտոտ լուսամուտներ, ղեկի տակից կասկածելիորեն դուրս կախված լարեր...

- Ձեզ իրոք դու՞ր է գալիս ձեր կյանքը, - հարցրեցի ես, - ձեր մեքենան:

- Սա մեքենա չէ, սա իսկական հրթիռ է, - ասաց հպարտությամբ,- քաղաքի ամենալավ ավտոներից է, ոսկու սար էլ տան, չեմ փոխի:

Ես տրորեցի ակնոցներս, նորից հագա: Ճաքերը չէին թողնում կենտրոնացնել հայացքս, սուր ծակող ցավն անընդհատ խաղում էր գլխիս գերզգայուն նյարդերի հետ:

- Էս էլ ձեր քաղաքապետարանը, - ասաց տաքսիստը` վայրենավարի սեղմելով արգելակները,-քաղաքապետին կբարեւեք:

- Անպայման,-ասացի ես, վճարեցի եւ իջա: Մի բան մնաց սակայն անհասկանալի: Նայելով դրամապանակիս մեջ, տեսա, որ տաքսիստին վճարելուց հետո մոտս գրեթե փող չմնաց: Երեւի անիծյալ ակնոցների պատճառով խառնել էի թղթադրամները:

* * *

Քաղաքապետարան մտնելիս նկատեցի թերթի կրպակը: Հետաքրքիր է, որ այն առաջ չէի նկատել: Ինձ ավելի շատ գերեց թարմ թերթի հոտը, ես գնեցի մի երկու համար ու մտա ներս: Ակնոցներիս ճաքերն ինձ նկատելի էին դարձնում ու ես գտնվում էի ցավակցող-զարմացած հայացքների ճնշման տակ:

- Ի՞նչ է պատահել քեզ, բարեկամ:

- Լա՞վ ես, Կասյան:

- Կասյան, դու մեզ բոլորիս ճաքա՞ծ ես տեսնում:

- Կասյան, ոտքերիդ տակ նայիր, չընկնես:

Վերջին ռեպլիկը տեղին էր, քանի որ հենց այդ պահին պետք է սայթաքեի դուրս ցցված մանրահատակի վրա: Երբեք չէի նկատել, որ քաղաքապետարանում մանրահատակ կա: Ինչ-որ բան հուշում էր ինձ, որ ժամանակին կատարվել էր վերանորոգում ու ձեռք էին բերվել իսպանական սալիկներ: Զգացի, որ մատս թմրում է:

- Վերելակը չի աշխատու՞մ,- հարցրեցի ես պատահական մեկի, քանի որ արդեն մի քանի րոպե անդադար սեղմում էի կոճակը: Պատահական մեկն արհամարեց հարցս:

- Չկա՞ վերելակ, - հարցրեցի ես մեկ ուրիշի:

Այս մեկը զարմացած նայեց ակնոցներիս, ուղղեց իր երկար քթի վրա սեփական «խոշորացույցերն» ու հեռացավ:

Բարձրացա ոտքով: Պարզվեց, որ հերն անիծած ակնոցների պատճառով չեմ կարողանում գտնել իմ աշխատասեղանը: Անցնում էի մեծ աշխատասենյակով մեկ, ուրիշների սեղանների արանքով ու չէի կարողանում գտնել իմ սեփականը, հարազատը:

- Միգուցե այն մեկն է, - ասաց անչափ բարի տիկին Ժենյան` ցույց տալով ինչ-որ տեղ` սրահի անկյունում:

- Շնորհակալ եմ, - պատասխանեցի ես ու շարժվեցի դեպի ցույց տված տեղը: Ուրիշ ժամանակ ես նույնպես բարի կգտնվեի ու մեկ-երկու կոմպլիմենտ կանեի, բայց ակնոցներիս այս ճաքերը նրան անճանաչելիորեն այլանդակ էին ցույց տալիս:

Սեղանս զուգարանի մոտ էր: Նկատի ունեմ` զուգարանի դռան մոտ: Ես դա երբեք չէի ֆիքսել: Ու համակարգիչս էլ չմիացավ ու անցկացրեցի ես երկար աշխատանքային ժամեր` մատիտ կրծելով եւ ընդմիջման սպասելով: Լավ է, որ գնել էի թերթերը: Նրանցից մեկում գրվում էր քաղաքի ինձ անհայտ թաղամասում տեղի ունեցած վթարների մասին: Թաղամասի բնակիչները բողոքում էին անորակ ջրից, քանդված ճանապարհներից եւ աղբի կուտակումներից:

* * *

Ընդմիջման ես վազեցի ինքնամոռաց, թեեւ աշխատում էի հնարավորինս շրջանցել ոտքերի տակից դուրս ցատկող մանրահատակը, ճռռացող դռները, պոկվող բազրիքները` աստիճանների վրա, պատռված լինոլիումները եւ այլ խորդուբորդները: Բուֆետն առաջին հարկում էր: Ես ներս մտա մարաթոնյան սուրհանդակի պես, կիսակույր հալովս գտա Պլճյանին ու վերադաս Իսկանդարյանին ու քայլերս ուղղեցի դեպի նրանք:

- Կասյան, վիճակդ ի՞նչ է,- հարցրեց Իսկանդարյանը` փչելով սիգարի ծուխն ուղիղ վրաս: Նրա հաստ կոպերը թարթեցին հաստ ակնոցների հետեւից:

- Ակնոցներս են վնասվել, պարոն Իսկանդարյան, - ասացի, - հարկ կլինի այսօր դիմում ներկայացնել նորը ստանալու համար:

- Իսկ դրանց եռամյակը լրացե՞լ է գոնե, - հարցրեց` դիտմամբ ծանրացնելով ձայնը:

- Եթե եռամյակը լրացել է, ապա նորը դուրս կգրվի առանց խնդրի,-ասաց Պլճյանը: Նրա երկար-ձգված ակնոցները ցավակցող արտահայտություն ստացան:

- Իսկ եթե չի լրացե՞լ, - հարցրեցի:

- Չի լրացել, չե՜ս ստանա, - ասաց ծանր` Իսկանդարյանը:

- Կոնյակ կխմե՞ս, - հարցրեց Պլճյանը:

- Հա, - ասացի ես` առանց մտածելու:

Մթնոլորտը լարվում էր: Հիմա Իսկանդարյանը սպասում էր իմ աղաչանքներին, խնդրանքներին եւ պաղատանքներին, բայց չեմ կարող ախր, չի ստացվում մոտս... Բուֆետի աթոռն էլ չոր է, անհարմար, սեղանն էլ ոնց-որ հեչ սրբած չլինեն:

- Ինչքա՞ն նստեց կարմիր փայտի ձեռք բերումը, - հարցրեց Իսկանդարյանը Պլճյանին փետուրի պես թեթեւ ձայնով` վերադառնալով, հավանաբար, իրենց խոսակցությանը:

- Ընդամենը երեսուն միլիոն ու խնդրեմ` ամենաորակյալ ներքին հարդարմամբ սննդի կետը ողջ տարածաշրջանում, - ասաց Պլճյանն ու տարածեց ձեռքերը:

Իսկանդարյանը խրախուսական ժպտաց: Մատուցողն ինչ-որ բան բերեց:

- Դե վերցրու կոնյակդ, - ասաց Իսկանդարյանը:

Վերջապես ինձ էլ հիշեցին, մտածեցի ես ու չկորցրեցի առիթը.

- Առանց ակնոցների, պարոն Իսկանդարյան...ես չեմ կարող աշխատել առանց ակնոցների, եթե կա գոնե մի փոքր հնարավորություն, խնդրում եմ, օգնեք ձեռք բերել նորը...

Ձեռքս մնաց օդում: Մի քանի անգամ ուզում էի վերցնել կոնյակը, բայց չէի կարողանում: Այն անընդհատ փոխում էր իր դիրքը սեղանի վրա: Պլճյանին դա կարծես զվարճացնում էր:

- Ձեր դեպքում, Կասյան, վախենամ, հնարավորություններ չկան, դուք, այսպես ասած, ինքներդ եք մեղավոր ձեր կոտրված ակնոցի համար:

- Իհարկե ես եմ մեղավոր, - դիմացա ես Իսկանդարյանի ծայրահեղ ծանր առոգանությանը, - բայց այսպես իմ աշխատունակությունը խիստ կընկնի...

- Մի՜ մտածեք Կասյան, որ ձեր աշխատունակությունը երբեւէ բարձր է եղել, համենայն դեպս ոչ քաղաքապետարանում...այլ թերեւս որեւէ փաբում:

«Թերեւս», գրողը տանի...

Կոնյակի անտեր բաժակն էլ չկա: Լարեցի աչքերս սեղանի վրա: Ապակու ճաքերից ցավը խփեց գլխիս կայծակի պես, բայց բաժակը ֆիքսեցի, մեկնեցի ձեռքս ու բռնեցի:

- Անուշ արե՜ք, - ասաց Պլճյանը:

Ես միանգամից քաշեցի գլուխս: Ու հազիվ հետ չտվեցի սեղանի վրա: Խմածս ոչ թե կոնյակ էր, այլ էժանագին օղի: Մեծ վերապահումով` էժանագին օղի, քանի որ դա շատ անգամ վատն էր ամենավատ օղուց անգամ:

- Մերսի, - ասացի ատամներիս արանքով:

- Չկան ակնոցներ, չեն լինի հարբած ու ամենակարեւորը` ավել պակաս զրույցներ քնձռոտ փաբերում, չեն լինի ավել պակաս զրույցներ, կլինեն մի օր նոր ակնոցներ, - ասաց Պլճյանն` ուղղակի պլպլալով իր օֆիսային ժպիտով ու ավելացրեց , - իսկ թերթեր կարդալն, ընդհանրապես, վնաս է տեսողությանը:

- Դուք ինքներդ եք մեղավոր, Կասյա՜ն, - ասաց Իսկանդարյանն ու նշան արեց մատուցողին` հաշիվը բե՜ր;

Հաշիվը բերեցին: Ես ասացի, որ կոնյակիս համար կվճարեմ ինքս: Պարզվեց, որ դա նստեց վրաս դրամապանակիս ողջ պարունակությունը:

* * *

Օրն անցավ զուգարանի կողքը` փչացած համակարգչի առջեւ նստած: Ես թերթում էի թերթերն ու մտածում ընկերուհուս` Տելլային, հանդիպելու մասին:

Եվ տականքային վախը տանջում էր իմ անքաջ սիրտը...

Իսկ եթե Տելլային տեսնեմ ճաքած ակնոցներով,,,

Իսկ եթե նա...

Իսկ եթե հանկարծ...

Կարեւորը նրան չտեսնելն է, որոշեցի ես: Ինչ ուզում է լինի, չտեսնել նրան: Ես չեմ կարող ռիսկի դիմել: Ես պետք է հավատամ նրա գեղեցկությանը, մինչեւ ձեռք կբերեմ նոր ակնոցներ: Եռամյակին շատ ժամանակ չի մնում: Ու փաբերն էլ պետք է թարգել...ավել պակաս խմելն էլ: Իսկ գուցե դուրս գալ աշխատանքից...ու ապրել այն անհայտ թաղամասում…

Ամեն դեպքում կզանգեմ Տելլային:

 

P.S. «Դեն շպրտի՜ր այդ հիմար ակնոցներդ ու հենց հիմա արի՜ ինձ մոտ», - ասաց ինձ Տելլան հեռախոսով: Նա հենց այդպես էլ ասաց` «դեն շպրտի՜ր» եւ «հիմար ակնոցներ»: Իսկ վերջում ավելացրեց` «Ես էլ կհանեմ ակնոցներս»:

Կանգնած եմ դրսի դռան առջեւ: Հիմա ես կբացեմ դուռն ու կգնամ նրա մոտ: Բայց մինչ այդ կհանեմ ակնոցները: Առաջին անգամ` ոչ մաքրելու համար:

Մեկ...երկու...երեք...

Վահե Ղուկասյան

Տպել
1403 դիտում

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ