Ապրել հանուն հերոսների. կոչ Գյումրու դրամատիկական թատրոնից

12/02/2021 schedule19:00

2020-ի սեպտեմբերն էր, ու Գյումրու դրամատիկականը պատրաստվում էր 155-րդ թատերաշրջանի բացմանը: Թատերական օրվա պտտվող անիվը, սակայն, կանգ առավ. երկրում պատերազմ էր, մարդկանց մտքում ու հոգում՝ քաոս:

Դրամատիկականից ռազմաճակատ մեկնեցին և՛ դերասաններ, և՛ վարչական մասի աշխատակիցներ: Դադարը քարի պես ծանրացավ, բայց երկար չտևեց: Աճեմյանցիներն իրենց մեջ ուժ գտան, թատրոնը նորից շնչեց:

Բայց եթե համավարակն անցնցում հաղթահարել հաջողվեց, պատերազմը՝ ոչ: Յուրաքանչյուրը, իր սրտում վիշտը պահած, կորցրած հարազատին ամեն լուսաբացի հետ իր հուշերում վերակենդանացնելով՝ Գյումրու դրամատիկականի դերասաններն ու աշխատակազմը սկսեցին կյանքին ընդառաջ քայլել:

Հստակ համոզվածությամբ և վստահ մեկ կոչով՝ երբեք չընկճվել, չհուսահատվել, իրավունք էլ չկա: Լինել ավելի ամուր, առավել միասնական, ուժեղ ու ապրելու ցանկությամբ լցված: Պարտավորություն է սա, հանուն այն նահատակների, որոնք անմահացան մեր այսօրվա և վաղվա մեր խաղաղ օրերի համար:

Սեփական ձեռքերով 2000-ից ավելի գլխարկ կարեցին աճեմյանցիներն ու Արցախի մշակույթի նախարարության աջակցությամբ ուղարկեցին զինվորներին, պատերազմի թեժ օրերին 155-րդ թատերաշրջանը բացվեց Վարդան Պետրոսյանի «Վերելք» ներկայացմամբ, որի ողջ հասույթը փոխանցվեց «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին»:

«Գումարային տեսքով Գյումրու դրամատիկականը 2 մլն 400.000 դրամ է փոխանցել «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին», «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ 650.000 դրամ, գլխարկները չհաշված: Դրանք հիմա էլ ենք կարում, քանի որ կա պահանջը»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրուցում ասաց թատրոնի տնօրեն Լյուդվիգ Հարությունյանը:

Պատերազմի օրերին հիմնականում մանկական ներկայացումներ են խաղացվել, այս հունվարին Ամանորի հեքիաթ են նվիրել փոքրիկներին, որոնց թվում շատ արցախցի երեխաներ են նաև եղել: Փետրվարին ևս դրամատիկականի դահլիճը փոքրիկներինն է: Կրկին մանկական ներկայացումներն են բեմում:

«Մենք Ամանորին «Իմ քայլը» հիմնադրամի հետ մեկտեղ անվճար ներկայացումներ խաղացինք Արցախից եկած երեխաների համար և ընթացքում էլ համագործակցում ենք տարբեր կազմակերպությունների հետ, որոնք աշխատում են այդ ընտանիքների հետ, որովհետև մենք միշտ պետք է նրանց կողքին լինենք ու օգնենք ինչով հնարավոր է»,- ասաց Լյուդվիգ Հարությունյանը:

Չնայած 2020-ը բարդ ու դժվարին տարի էր, սակայն թատրոնը կարողացել է հանդիսատեսին հուսախաբ չանելու քայլեր ձեռնարկել:

Համավարակի օրերին ծնվել է «Քո հեքիաթը» նախագիծը: Գյումրու թատրոնի աջակցության հիմնադրամը մասնակցել է ԿԳՄՍՆ-ի հայտարարած դրամաշնորհային ծրագրին: Երաժշտական-թատերական նախագծի շրջանակներում նախարարության աջակցությամբ նկարահանվել է 20 մանկական երաժշտական-ներկայացում: Շեշտը հատկապես ազգային հեքիաթների վրա է դրվել: Օնլայն հարթակում երեխաները կարողացել են լսել Թումանյան, Խնկոյան, Մխիթար Գոշ, Այգեկցի, ինչպես նաև ժամանակակից հեղինակների ստեղծագործություններ։

Դրանից հետո ստեղծվել է մի քանի ներկայացում, մեկն էլ հենց թատրոնի տնօրենն է բեմադրել: Մարտի 7-ին Դրամատիկականում պրեմիերա է լինելու. Լյուդվիգ Հարությունյանը հանդիսատեսի դատին կհանձնի գյումրեցի երիտասարդ դրամատուրգ Բաբկեն Զաքարյանի պիեսի հիման վրա բեմադրված «Քեյս» ներկայացումը:

«Շատ հետաքրքիր թեմա է ընտրված, կարծում եմ՝ հանդիսատեսն այն կսիրի և կընկալի: Թեմաները, որոնց մասին խոսում ենք, այսօրեական են: Ես մի բան հաստատ գիտեմ. հանդիսատեսը միշտ գալու է թատրոն՝ անկախ հանգամանքներից: 88-ի աղետից մեկ տարի անց այս թատրոնում ներկայացում է խաղացվել, ու դահլիճը լեփ-լեցուն է եղել: 2021-ին ՀՀ ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանը պատրաստվում է նոր ներկայացում սկսել, ես շարունակելու եմ ռեժիսորներ հրավիրել, և հույս ունենք, որ 2 նոր բեմադրություն նրանք կներկայացնեն գյումրեցի հանդիսատեսին»,- ասաց Հարությունյանը:

«Քեյս» ներկայացմամբ Գյումրու թատրոնն արդեն կանցնի բնականոն աշխատանքի, դռները բաց կլիեն նաև երեկոյան հանդիսատեսի առաջ: Տնօրենը հույս ունի, որ նախկինի նման հաջողելու են մեկ ամսում 15-ից 18 ներկայացում խաղալ: Սա նաև անհրաժեշտություն է, քանի որ թատրոնն ինքնուրույն նաև պետք է կարողանա իր ծախսերը հոգալ: 2020-ին ԿԳՄՍՆ-ն դրամատիկականին ո՛չ մենակ է թողել, ո՛չ խնդիրներ առաջացրել, աշխատավարձերը վճարել է, թատրոնն էլ կարողացել է ոչ մի աշխատակցի չկրճատել:

«2021-ին պետք է կարողանանք մեր ուժերով հաղթահարել դժվարությունները, քանի որ պետությունն ավելի կարևոր խնդիրներ ունի լուծելու: Անկախ հանգամանքից. մշակույթը միշտ է կարևոր»,- ընդգծում է Հարությունյանը:

Ավելին՝ ներքին հարդարման աշխատանքներ են սկսել, նաև Մհեր Մկրտչյան փոքր բեմն է վերանորոգվում, ձևափոխվում: Մուտքից սկսած՝ մինչև զարդասենյակ. առաքելությամբ երիտասարդական բեմը նաև տեսքով պետք է լինի երիտասարդական: Շիրակի մարզի 31.000 աշակերտ դպրոցական ցերեկային և երեկոյան աբոնեմենտ ունի, որով ներկայացումներ Է դիտում: Այս տարի արդեն ավելացել է ուսանողական աբոնեմենտը:

2021-ին նույնպես խաղացանկում շեշտադրում ենք հայ հեղինակի ներկայությունը: Թատրոնը մշտապես մեծ ուշադրություն է դարձրել պատանի հանդիսատեսին: 10 տարի շարունակ թատերախումբն աշխատում է դպրոցների հետ, և ուսումնասիրում ենք, թե ինչ ծրագրեր են անցնում: Եթե ուսումնասիրում են հայ հեղինակի, պետք է նրա ստեղծագործությունները բեմում տեսնեն նաև: Այս առումով դրամատիկականը ճկուն խաղացանկ ունի:

2021-ին կարևոր է համարվում նաև երկու անլուծելի խնդրի լուծման ճանապարհի որոնումը. թատրոնի հսկա պատուհանները վթարային են, մեծ վտանգ են ներկայացնում և անհապաղ փոխելու կարիք կա: Եվ երկրորդ, թատրոնի ճեմասրահում 2016 թվականից անորոշ ճակատագրով կանգնած  է հայ նշանավոր գեղանկարիչ Հակոբ Հակոբյանի «Սարերում» որմնանկարը: Որմնանկարը թատրոն բերելու որոշումը եղել է ՀՀ կառավարությանը: Այն այստեղ է տեղափոխվել նախկին «Ստրոմմաշինա», ներկայիս «Քարհատմեքենա» գործարանի կիսաքանդ ճաշարանի պատից: Որմնանկարի պահպանության առումով երկու լուրջ խնդիր կա թատրոնում: Նախ, անհնար է միատոն կայուն ջերմաստիճան ապահովել, քանի որ հսկա որմնանկարը դրված է ճեմասրահում: Երկրորդ խնդիրն անվտանգությունն է: Հատկապես ներկայացումների օրերին մեծ լարվածություն է առաջանում թատրոնի աշխատակիցների մոտ, քանի որ ամեն վայրկյան պետք է որմնանկարի մոտ հսկողություն իրականացվի, որպեսզի այն չվնասվի:

Լյուդվիգ Հարությունյանը հույս ունի, որ տարվա ընթացքում դերասաններին բնակարաններով ապահովելու ծրագիրը կշարունակվի, նաև 2020-ի համար նախատեսված արտերկրի հյուրախաղերը կկարողանան կազմակերպել: Կարևորն այս պահին բոլորը կրկին աշխատանքային ընթացքի մեջ են: Հիասթափված չեն, կոտրված չեն, հույսով, հավատով են լցված. խաղաղ ենք ապրելու:

Իսկ վերջում՝ շնորհակալություն աճեմյանցիներին: Տնօրենը և՛ հուզված է, և՛ հպարտ:

«Շնորհակալություն այս մեծ կոլեկտիվին, որովհետև և՛ համավարակի, և՛ պատերազմի ընթացքում ամբողջ խումբը մեկ անգամ ևս ապացուցեց, որ սկզբունքային ու նվիրված է, յուրաքանչյուրը, ունենալով իր անձնական ցավն ու վիշտը, շարունակել է աշխատել, լինել զինվորի կողքին: Սա ավելի է ոգևորում որպես պատասխանատուի մնալ ու աշխատել նրանց կողքին»,- զրույցը եզրափակեց դրամատիկականի տնօրենը:

Տպել
5986 դիտում

Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

Շվեդիայի եկեղեցու Վեստերիսի եպիսկոպոսն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

17-ամյա անչափահասին դանակահարել են, հափշտակել ոսկյա թևնոցը. կալանավորվել է նրա համադասարանցին

Միասնական ջանքերով կարող ենք զարգացնել համագործակցությունը․ Միրզոյանը՝ Սերբիայի ԱԳ նախարարին

Փոփոխություններ երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու և տեղափոխելու կարգում. ԿԳՄՍՆ

Դատախազության կողմից պետությանը վերադարձված 1 հա մակերեսով երկու հողամասն ամրացվել է Պետգույքի կառավարման կոմիտեին

Գողացել է փողոցում նվագողի՝ մետաղադրամներով լցված արկղը և դիմել փախուստի

Վրաստանի պետական ​​անվտանգության ծառայությունը նախազգուշացրել է՝ ցուցարարների շարքում կան «վճարվող սադրիչներ»

Մայիսյան հաղթանակներով ոգեշնչված՝ մենք կրկին կապրենք ազգային վերելքներ․ Սասուն Միքայելյան

Կառավարությունը 1 միլիարդ 12 միլիոն դրամ գումար հատկացրեց 21 սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար

Ժաննա Անդրեասյանը մեկնել է Իսպանիա

Զինծառայողը մահացու վիրավորումը ստացել է կզակի հատվածում, հարցաքննվել են բոլորը, նախաձեռնվել է վարույթ

1 օրում ՀՀ տարածքում արձանագրվել է 10 տրանսպորտային պատահար. տուժել է 17 մարդ

Քաջարանից Սիսիան 118 կիլոմետր ճանապարհը կկրճատվի, այն կդառնա 60 կիլոմետր. Սանոսյան

Որքան զբոսաշրջիկ է ապրիլին այցելել Հայաստան

Կսահմանվի որոշակի դասընթացների ցանկ, որոնց մասնակցելը պարտադիր կդառնա բուժաշխատողների համար (տեսանյութ)

Փակ բաժնետիրական ընկերությանը պատճառվել է 80 մլն դրամի վնաս (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը մեկնել է Մոսկվա. նախատեսվում է հանդիպում Պուտինի հետ

Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել հարակից ձորակը. կան տուժածներ

Բագրատ սրբազանը «ազատության, արդարության, համերաշխության» փոխարեն առաջարկում է «Աստված, եկեղեցի, թագավոր» կոնցեպտը

Խոշոր չափի մեթամֆետամին՝ ներծծված գուլպաների մեջ. դատապարտյալին այցի եկած անձը ներկայացվել է քննությանը

Շարժման առաջնորդները կարող է հարցնեն՝ ինչո՞ւ են որոշ մարդիկ երես թեքել եկեղեցուց և աղանդավոր դարձել. Բաբկեն Թունյան

Պատկերացում կա՞, թե ինչ հարված է հասցվում Հայ եկեղեցուն. Բաբաջանյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը պարունակում էր հայեցակարգային շեշտադրումներ. Մարգարյանը մանրամասնել է

Հայկ Սարգսյանն ակտիվորեն աջակցում է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը

Սիսիանում և Ջերմուկում ձյուն է տեղում (տեսանյութեր)

Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահը կժամանի Հայաստան

Ալեն Սիմոնյանը Ռուբեն Ռուբինյանին գործուղում է Ալմաթի

Սա ձյուն չէ, այլ կարկուտ. Սուրենյան

Ջերմուկում ձյուն է տեղում. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Վարչապետը թվարկել է՝ որոնք են ՀՀ ժողովրդի ազգային արժեքները

Հայտնի են «Եվրատեսիլի» եզրափակիչ անցած առաջին 10 երկրները. Ադրբեջանը չի անցել եզրափակիչ

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)