«Մի հատ էլ ես լացել՝ աչքերդ կհանեմ»․ մանկապարտեզում երեխաների նկատմամբ բռնության ահազանգով փորձաքննություն է նշանակվել

Երեւանում գործող «Մեր բակը» մանկապարտեզի մի քանի ծնողներ ահազանգել են, որ օրերս մանկապարտեզի աշխատակիցների կողմից իրենց երեխաների նկատմամբ հոգեբանական եւ ֆիզիկական բռնություն է գործադրվել։

Ահազանգին զուգահեռ ծնողները հրապարակել են գաղտնի արված ձայնագրություններ, որոնցում լսվում է, թե ինչպես է մանկապարտեզի աշխատակիցներից մեկն անպատվում երեխաներին՝ անվանելով «ոչխար», «զզվելի», «լակոտ», ինչպես է սպառնում՝ ասելով․ «մի հատ էլ ես լացել, մկրատով, դանակով վիզդ կկտրեմ», «փորձի, մի հատ էլ լացի, տես՝ քեզ ինչ կանեմ, աչքերդ կհանեմ», «եթե լացես, պապայիդ ասելու եմ, որ քեզ ծեծի» եւ այլն։ Այս ամենն ուղեկցվում է ուժեղ հարվածների եւ երեխաների բարձր լացի ձայներով։ Տուժած երեխաներից մեկի ծնողը՝ Լիլիթ Հակոբյանը, «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում պատմեց, որ իր աղջիկը 3 տարեկան է, այդ մանկապարտեզ այցելել է հասցրել միայն 3 օր։ Ձայնագրություններում ճանաչելով թե երեխայի, թե նրա դաստիարակի՝ Գայանեի ձայնը՝ ծնողը նախ մանկապարտեզի ղեկավարությունից է պարզաբանում պահանջել, ապա դիմել է ոստիկանություն։ Մեր զրուցակիցը հայտնեց, որ իր տեղեկություններով՝  ահազանգից հետո շուրջ 20-25 ծնող իրենց երեխաներին հանել են մանկապարտեզից։ Լիլիթ Հակոբյանի կարծիքով՝ եթե դեպքն ամբողջությամբ չբացահայտվի, եւ մեղավորները չպատժվեն, ապա նման արատավոր երեւույթները շարունակական բնույթ են կրելու։ «Ես ոստիկանությունում էլ ասացի, որ եթե այդ դաստիարակին արդարացնեն, մինչեւ Եվրոպական դատարան եմ պայքարելու, թեկուզ տարիներ, բայց պայքարելու եմ, իր նմանները պիտի պատժվեն»,- ասաց նա։

«Մեր բակը» մանկապարտեզը նախակրթական ոչ պետական հաստատություն է, գործունեություն է ծավալում Երեւանի Կենտրոն, Մալաթիա-Սեբաստիա եւ Զեյթուն վարչական համայնքներում։ Ենթադրյալ դեպքը տեղի է ունեցել Զեյթունի մասնաճյուղում։ Մանկապարտեզը ներառված չէ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության պաշտոնական կայքում հրապարակված նախադպրոցական կրթական ծրագրով լիցենզիա ստացած ոչ պետական կազմակերպությունների ցանկում, այսինքն՝ գործում է առանց լիցենզիայի, ինչի պայմաններում գործող օրենքով դրա նկատմամբ վերահսկողական որեւէ մեխանիզմ չկա։ Այս հարցին օրենսդիրը փորձեց որոշակի կարգավորում տալ «Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքում մայիս ամսին փոփոխություններ մտցնելով, որոնք աստիճանաբար պիտի սկսեն գործել մինչ 2023 թվականը։

Մեր զրույցում Լիլիթ Հակոբյանը պատմեց, որ օրեր առաջ մանկապարտեզ է այցելել ամուսնու հետ, ծանոթացել է պայմաններին, հավանել․ ժամերը հարմար են եղել, գինն էլ զեղչել են, որոշել են դեկտեմբերի 1-ից աղջկան տանել այնտեղ։ Սակայն երեք օր անց ծնողներից մեկը իրեն է ուղարկել գաղտնի արված մի ձայնագրություն, որով Լիլիթը ճանաչել է թե իր աղջիկա, թե նրա դայակի՝ Գայանեի ձայնը․ «Դեկտեմբերի 4-ին, երբ ծնողներից մեկը՝ Վիկտորյան, ինձ ուղարկեց ձայնագրությունը, դրանցից առաջինում մի ուրիշ երեխայի էին ծեծում, եւ իմ աղջիկն էլ, կանգնած նրա կողքին, ասում էր՝  հեսա իր պապան գալու է, ջղայնանա, գալու է, սրսկի, այսինքն՝ փորձում էր էդ երեխային պաշտպանել»։ Ձայնագրությունը լսելուց հետո Լիլիթը զանգել է տնօրենին, վերջինս էլ ասել է, որ մեղավորը կպատժվի անպայման․ «Նա ասաց որ մի քիչ խառն է եղել հանդեսի կազմակերպչական հարցերով, բացակայել է մանկապարտեզից, դրա համար տեղյակ չէ, թե այդ օրը, այդ ժամին ինչ է կատարվել, բայց եթե մեղավոր կա, անպայման կպատժվի օրենքի ամբողջ խստությամբ»։

Երկրորդ ձայնագրությունը լսելով՝ Լիլիթը պարզել է, որ հարվածներ են հասցվել նաեւ իր երեխային․ «Իմ բալիկին էլ են խփում եւ միայն նրա համար, որ նա ասում է՝ ուզում եմ մաման գա, անընդհատ կրկնում է, իսկ դաստիարակը խփում է, ասում է՝ ձայնդ կտրի, թե չէ կմտնես այնտեղ, քո պատճառով առավոտից խոսակցություն է գալիս վրաս ու նման բաներ, եւ երբ արդեն իմանում ենք, բալիկիս հարցնում եմ՝ քեզ խփե՞լ են, ասում է՝ հա, քույրիկը թաթիկիս ու թուշիկիս «ախ է արել», բայց մինչ էդ նա չէր ասում»։ Հարցին՝ երեխայի վրա բռնության հետքեր մինչ այդ չե՞ն եղել, ծնողը պատասխանեց, որ այցի երկրորդ օրը, երբ տուն են վերադարձել, աղջկա ոտքի վրա երեք հատ կապույտ կետ է տեսել, բայց մտածել է՝ միգուցե խաղալիքի վրա է ընկել կամ մի տեղ է հարվածել․  «Չեմ ենթադրել, որ կարող է բռնության հետեւանք լինել, հիմա էլ չեմ փաստում, որ դա բռնության հետք է, ենթադրում եմ ուղղակի»։

Լիլիթի խոսքով՝ ձայնագրությունները լսելուց հետո իր ամուսինն է շտապել մանկապարտեզ, որտեղ հավաքված ծնողների ներկայությամբ այդ դաստիարակը խոստովանել է, որ ինքն է ծեծել։ Թե ինչպես է պատճառաբանել, Լիլիթը դժվարացավ ասել՝ նշելով, որ ինքը, ամեն դեպքում, ներկա չի եղել այդ հանդիպմանը, միայն փոխանցեց ամուսնու պատմածը․ «Եթե չեմ սխալվում, նա 1996 թվականի ծնված աղջիկ է, ամուսինս նրան հարցրել է՝ բալիկ ունի՞, ասել է՝ հա, ու ինչքան գիտեմ, 4 տարեկան տղա ունի, հարցրել է՝ Ձեր բալիկի հե՞տ էլ եք նույն ձեւ վարվում, ոչինչ չի ասել, լաց է եղել»։

Ծնողի խոսքով՝ ձայնագրության մեջ այլ աշխատակիցների ձայներ էլ են լսվում, բայց ինքը մյուսներին չի ճանաչում, միայն ձայնագրությունից է հասկանում, որ նրանցից ոչ մեկը չի միջամտում, չի ասում՝ մի խփիր կամ չի զանգում տնօրենին․ «Կամ գոնե զանգեին մեզ, մենք նոր էինք տարել երեխային ու զգուշացրել էինք, որ պետք է ադապտացվի, թող սկզբում մի ժամ մնա, հետո՝ երկու, երեք, խնդրել էինք՝ եթե լացի, մեզ կանչեն»։

Ըստ ծնողի՝ ձայնագրության վերջում, երբ 5-10 րոպե է մնում ծնողների գալուն, դաստիարակը սկսում է երեխաների հետ «սիրալիր» վարվել, նրանց զբաղեցնել․ «Ասում է՝ «արի՝ խաղանք», «արի՝ մազերդ կապեմ», «արի՝ նապաստակին գազար տանք», «իմ գանձ, իմ սիրուն աղջիկ, դու մամային կպատմես, չէ՞, որ մենք խաղացել ենք, որ նապաստակին գազար ենք տվել», սրանք ասում է, որ որ երեխան նախորդ եղածները չպատմի էլ»,- նշեց Լիլիթը՝ հավելելով, որ իր աղջիկն այժմ վատ հոգեվիճակում է․ «Հիմա բալիկս քնի մեջ ասում է՝ քեզ մորթելու եմ, բայց մեր տանը այդպիսի արտահայտություններ չկան ու չեն եղել, կամ վեր է թռնում, ասում՝ մի արա, Վիկան չի ուզում, վախեցած շրջում է անկողնում»։

Տուժած երեխաներից մեկի ծնողն էլ Վիկտորյա Ռստակյանն է, որն այսօր մասնակցեց «Մեդիա կենտրոն»-ում հրավիրված առցանց քննարկմանը։ Հենց նրա կողմից արված գաղտնի ձայնագրությամբ են ծնողներն իմացել, թե ինչ է կատարվում մանկապարտեզում: Նա նախ պատմեց, որ իր երեխաներին տարել է այդ մանկապարտեզ՝ հետեւելով իրեն ծանոթ այն մարդկանց խորհուրդներին, որոնց երեխաները եւս հաճախում են այդտեղ եւ գոհ են։ Ամուսնու եւ երեխաների հետ այցելել է, ծանոթացել շենքային պայմաններին, տեսել, թե որտեղ են երեխաները քնելու, խաղալու, տեղեկացվել է, որ լինելու է օրական 4-անգամյա սնունդ, լոգոպետի՝ շաբաթական երկուանգամյա այց, պար, երգ եւ այլն։ Վճարն էլ հարմար է եղել, 2 երեխայի համար նաեւ զեղչ են արել։ Դրանից բացի մանկապարտեզն իրենց բնակության վայրին մոտ է եղել, եւ նա ենթադրել է, որ եթե երեխաները լացեն կամ ինչ-որ խնդիր լինի, կզանգեն, եւ ինքն անմիջապես կմոտենա։

Վիկտորյան ի սկզբանե որեւէ մտավախություն չի ունեցել, սակայն նրա խոսքով՝ առաջին իսկ օրը երեխաները մանկապարտեզից վերադարձել են այլայլված, հուզված վիճակում։ «Ոնց որ ուրիշի երեխաներ լինեին, նորմալ կոնտակտի դուրս չէին գալիս, ես մտածեցի՝ առաջին օրն է, գուցե սթրեսի մեջ են, թեեւ շփվող երեխաներ են, մտածեցի՝ մի ժամ անցնի, կակտիվանա, բայց մինչեւ գիշեր այդ վիճակում էին, գիշերը հանգսիտ չքնեցին»,- ասաց նա՝ հավելելով, որ կապվել է մանկապարտեզի տնօրենի հետ, ասել, որ եթե նեղվում են, լացում, ապա թող զանգեն, եւ ինքը կգա երեխաների հետեւից, սակայն տնօրենն ասել է, որ ոչ մի խնդիր չկա, կարող են անհոգ լինել․ «Ամսի 2-ին ավելի վատ վիճակում էին, վերցնելիս դայակին էլ հարցրի՝ հո չե՞ն լացում, ո՞նց են քնում, ուտում, որովհետեւ սոված էին գալիս տուն, հարձակվում էին ուտելիքի վրա, ես էլ մտածում էի՝ այնքան են խաղում, էներգիա ծախսում, որ սովածանում են, բայց դայակը նույն բարեհամբյուր ձեւով պատասխանեց, որ ոչ մի խնդիր չկա»։

Երրորդ օրն արդեն ծնողը որոշել է երեխաներին անձամբ հաց տալ եւ մի փոքր ուշ ուղարկել մանկապարտեզ։ Միաժամանակ փորձել է պարզել՝ երեխաները չեն հարմարվո՞ւմ, թե՞ խնդիրն այլ տեղ է․«Եւ ստացվեց այն, ինչ ստացվեց․ եկան տուն, ձայնագրությունը վերցրի, լսեցի, ու ահավոր էր․երեխան երկու ժամ հեկեկում է, ոչ մեկը չի ասում՝ ինչո՞ւ ես լացում, հետո սկսվում է ծեծ ու ջարդը, վիրավորանքը, իրենց հետ չեն զբաղվում, դու ոչ խաղ ես տեսնում, ոչ մի բան, միայն աղմուկ, երեխաների ձայն, վժժոց, լաց ու վիրավորանքներ, նույնիսկ լսվում է, որ ասում են՝ դանակով, մկրատով վիզդ կկտրեմ, կտանեմ մութ սենյակ, ով խելոք չնստի, ընկեր Լուսինեի մոտ կգնա եւ նման այլ բաներ»։

 

«Մեր բակը» մանկապարտեզի Զեյթունի մասնաճյուղի տնօրեն Լուսինե Հայրապետյանը մեր հարցին ի պատասխան հրաժարվեց որեւէ մեկնաբանություն տալ՝ ասելով, որ այս պահին քննություն է ընթանում, եւ դրա շահերից ելնելով՝ ինքը չի կարող մանրամասներ հայտնել։ «Շատ բան ունեմ փաստելու, բայց այս պահին կխուսափեմ խոսելուց, որովհետեւ դեռ փաստաթղթեր չկան ձեռքիս տակ, կլինեն, ես մի քանի օրից ասուլիս կհրավիրեմ, բոլոր հարցերին կպատասխանեմ»,- ասաց նա։

Ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանն էլ մեր հարցին ի պատասխան տեղեկացրեց, որ դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

«Մեդիա կենտրոն»-ում հրավիրված քննարկմանը այսօր մասնակցում էր նաեւ «Հայ օգնության ֆոնդ»-ի երեխաների աջակցության կենտրոնի ղեկավար Միրա Անտոնյանը, որի կարծիքով՝ նման դեպքերի հիմքում համակարգային խնդիրներ են։ «Խնդիրներից մեկը հարմարման պլանի բացակայությունն է․ երբ երեխան մի միջավայրից տեղափոխվում է մեկ այլ միջավայր, սթրես է տանում, եւ խելացի մեծերը պիտի ադապտացիայի պլան մշակեն»,- ասաց նա։ Երկրորդ խնդիրը, ըստ Անտոնյանի, այն է, որ կրթական հաստատություններին ներկայացվող պահանջները հիմնականում արտաքին են, ներքին՝ բովանդակային պահանջները ոչ մեկին չեն հետաքրքրում․ «Պիտի լինի մոնիթորինգի մեխանիզմ, դա մեր երկրում հասկացվում է, որ ժամանակ առ ժամանակ պաշտոնյան կգա, կնայի՝ արդյոք սանիտարական պայմանները բավարար են, եւ վերջ, բովանդակությունը ոչ մեկը չի կարեւորում»։ Անտոնյանի խոսքով՝  բովանդակային պահանջները պիտի ներառեն աշխատուժի մասնագիտական կոմպետենտությանը առաջադրվող պահանջներ, որպեսզի հստակ լինի, թե ով, ինչ կրթությամբ անձինք իրավունք ունեն կամ ի վիճակի կլինեն աշխատել տվյալ հաստատությունում․ «Աշխատուժի ներգրավվման հատուկ չափորոշիչներ պիտի լինեն․ ես գուցե ունենամ կարմիր դիպլոմ, բայց չունենամ համբերություն կամ սեր երեխաների հետ աշխատելու, մյուս կողմից նույնիսկ սիրով անող մարդիկ կարող են մի օր սպառվել, պիտի լինեն հատուկ չափորոիշներ, թե ինչ հաճախականությամբ են հոգեբան հրավիրում հենց մասնագետների հետ աշխատելու»։

Միրա Անտոնյանի խոսքով՝ մեր երկրի լարվածության պայմաններում՝ սկսած անհատական ողբերգություններից մինչեւ երկրի համընդհանուր ողբերգությունը, դաստիարակի նման պահվածքը այրված մարդու սինդրոմ է, պոռթկում, որ ազդադարում է՝ «ես չգիտեմ ինչ անել» կամ «այս փուլում ինձ օգնություն է պետք» կամ «ես այս ոլորտի համար չեմ»։ Նման չափորոշիչների հստակեցումը, ըստ Անտոնյանի, ամբողջությամբ չի չեզոքացնի, բայց գոնե մինիմալի կհասցնի ռիսկերը։

Նշենք, որ քննարկմանը մասնակցելու հրավեր էր ուղարկվել նաեւ ԿԳՄՍ նախարարությանը, սակայն հրավերը չէր ընդունվել՝ պատճառաբանությամբ, որ մասնավոր մանկապարտեզը լիցենզավորում չունի, ինչի պայմաններում իրենք դրա նկատմամբ որեւէ իրավասություն չունեն։ Նախարարությանը ուղղված մեր բազմաթիվ զանգերը եւս այսօր մնացին անպատասխան։

 

Տպել
4932 դիտում

Պրոդյուսրը քաղտեխնոլոգիայի կանոններով պետք է եռագույն շորեր հագցներ․ Սաֆարյանը՝ Բագրատ արքեպիսկոպոսի հանդերձանքի մասին

Հանրապետության հրապարակը 18։20-ի դրությամբ

Տևական ժամանակ կդադարեցվի Քասախ բնակավայրի գազամատակարարումը

Լևոն Քոչարյանը միացել է Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորած շարժմանը

Հանրապետության հրապարակը 17։30-ի դրությամբ

Կոռուպցիայի դեմ պայքարը ՀՀ կառավարության գերակա ուղղություններից է․ Կարեն Կարապետյան

Թուրքիան ուշադիր հետևում է Ուկրաինայում տիրող իրավիճակին. Էրդողան

Հանրապետության հրապարակը 16։45-ի դրությամբ

Թունավորումից Աստրախանում 5 մարդ է մահացել, ևս 14-ը հիվանդանոցում է

Փոխվարչապետն ու Թանոս Արվանիտիսը քննարկել են ՀՀ կառավարության կողմից իրականացվող հարկաբյուջետային քաղաքականությունը

Ովքեր են միացել Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորած շարժմանը. անուններ

Խժդժությունը ընդդեմ ՀՀ-ի, իհարկե, մուրազին չի հասնի, և չի մոռացվի, թե ով էր պատրաստ հետ շրջել պատմության անիվը․ Ոսկանյան

Որ դեպքում ոստիկանությունը ուժ կկիրառի. փոխոստիկանապետը պարզաբանել է

Ոստիկաններն Աբովյանում ճանապարհներ չեն փակել․ ՆԳՆ-ն կոչ է անում չհրապարակել չճշտված տեղեկություններ

Հայտարարեք, թե որն է ՀՀ քաղաքացիներին և հայ ժողովրդին առաջարկած հայրենիքի ձեր տարբերակը․ Արուսյակ Ջուլհակյան

Եռաբլրի հարակից հողատարածքները հանցավոր սխեմայով օտարվել են․ փողերի լվացման՝ ՊՊԾ նախկին պաշտոնյայի գործը դատարանում է

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 9-ին

Բագրատ արքեպիսկոպոսի քայլերթի ընթացքում մեքենան հարվածեց երթը ուղեկցող ոստիկանին

Ինչպես քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին

Անհրաժեշտ է եկեղեցու բարեփոխման խնդիրը, որը հնարավորություն կտա չլինել իշխանության կամ օլիգարխների կցորդը. Բաբաջանյան

Թուրքիայում վայրէջքի ժամանակ պայթել է ինքնաթիռի անիվը. տարհանվել է 190 մարդ

Սահմանադրությունը գրելիս բլեֆ են արել, հիմա էլ կղերին հանել են պայքարի պետության դեմ. Լևոն Շիրինյան

«Լադանիվա»-ն այսօր վառ ելույթով կներկայանա «Եվրատեսիլ 2024»-ին․ բեմադրության մեջ կլինի նաև հայկական վիշապագորգը

Նոր նշանակում քննչական կոմիտեում

Անհապաղ մեկուսացնել հավաքի՝ զենքով մասնակիցներին․ Իոաննիսյանը դիմել է իրավապահներին

Հուսով եմ՝ այս լուրը շատ չի տխրեցնի վերջին օրերի հավաքի կազմակերպիչներին․ Արթուր Հովհաննիսյան

Անձրև, ամպրոպ, հնարավոր է՝ կարկուտ․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Բագրատ արքեպիսկոպոսի երթին Երևանում մասնակցում է 1450 մարդ

Ռուս սահմանապահների դուրսբերումը համաձայնեցվել է Պուտին-Փաշինյան հանդիպմանը, նրանք կմնան 2 կետում. Պեսկով

Վահագն Խաչատուրյանը Կալիֆորնիայի նահանգապետին հրավիրել է Հայաստան

ՀՀ ՊՆ ղեկավար կազմն այցելել է «Հաղթանակ» զբոսայգի, ծաղիկներ խոնարհել Անհայտ զինվորի հուշարձանին

Ժիրայր Սեֆիլյանը միացել է Բագրատ Գալստանյանի գլխավորած երթին

Ռոբերտ Քոչարյանի հարսը կոչ է անում միանալ Բագրատ Գալստանյանի շարժմանը

Պատմության մեջ առաջին անգամ մայիսի 9-ի Հաղթանակի շքերթն ընթացել է ձյան տեղումներով (տեսանյութ)

Սահմանադրական դատարանը մերժել է Թագուհի Թովմասյանի անհատական դիմումը

Ընդունակ են ամեն տիպի ու ձևի քայլերի գնալ. ինչ կլինի, և ինչ հայտարարություններ կհնչեն

Դաշտամիջյան հատվածում մեքենայից իջել է կարիքները հոգալու, անծանոթ տղամարդը դիտողություն է արել և կրակել նրա վրա

Նրանց համար միակ սփոփանքը կլինի, որ «հոգեհանգստի» կարգ անողն իրենց միջից է ու միգուցե զեղչով դա անի. Առաքելյան

Բողոքի ակցիաների ընթացքում հանցավոր արարքների համար քրեական հետապնդում է հարուցվել 16 անձի նկատմամբ․ ՔԿ-ն ամփոփել է

Համբարձման տոնին եկեղեցիներում պատարագ մատուցելու փոխարեն որոշ հոգևորականներ քաղաքական հայտ են ներկայացնում. Դավոյան