Խոստացել են մատչելի հանգիստ եւ շորթել 100-ավոր քաղաքացիների գումարները. հյուրանոցները պնդում են, որ դրա հետ կապ չունեն  

Հարսանիքի նախօրեին Արման Սահակյանը համենայն դեպս կրկին զանգել է հյուրանոց՝ համոզվելու համար, որ ամեն բան պայմանավորվածի պես է, եւ իր մեղրամիսը տուրիստական գործակալության միջնորդությամբ կազմակերպված է: Պարզվել է՝ ոչ, հյուրանոցը նախատեսում է չեղարկել հարս ու փեսայի անունով ամրագրումը, քանի որ գործակալությունը գումարը ժամանակին չի փոխանցել: «Խոսեցի իրանց մենեջերի հետ, զեղչեցին 8.000 դրամ/օրը, ստիպված էի վերցնել, որովհետեւ մեղրամիսս էր, անգամ առաջին օրը հաշվեցին, որ սովորաբար հյուրանոցները չեն հաշվում, որովհետեւ գիշերը 12-ից հետո ես մտնում հյուրանոց»,- նշել է քաղաքացին «Beauty of Armenia Tour/ Ոչ անպատժելիությանը» ֆեյսբուքյան խմբում:

Այս խումբը բացել են Beauty of Armenia տուրիստական գործակալությունից տուժած քաղաքացիները՝ իրենց իրավունքների համար միասին պայքարելու համար: Խումբը 200-ից ավելի անդամ ունի, եւ տխուր պատմություններ կան կես գնով հանգստանալու հույսով սկսված, բայց կրկնակի արժեցած կամ ընդհանրապես ձախողված արձակուրդից: Նորաբաց այս գործակալությունը մի քանի անգամ տուրիստների է ուղղորդել Հայաստանի մի քանի հյուրանոց, վճարումները կատարել սահմանված կարգով՝ հյուրանոցների մենեջերների կողմից ճանաչվելով՝ որպես գործընկեր: Դրանից հետո այն նախաձեռնել է 2+2 ակցիան, որի շրջանակում իր հաճախորդներին առաջարկել է վճարել իր միջնորդությամբ հյուրանոցային հանգստի երկու օրվա համար եւ նույնքան ծառայություն էլ ստանալ անվճար: Այսպես, փաստորեն, մարդիկ կարող էին հանգստանալ իրենց նախընտրած հյուրանոցներում 50 տոկոս զեղչով: Ակցիայի մեկնարկի նախօրեին տնօրեն Վահե Շահվերդյանը դարձել է անհասանելի թե ֆեյսբուքում, թե բջջայինով:

«Ակցիայի մասին իմացա ընկերուհուցս, բայց այնքան անհավանական թվաց, որ որոշեցի զանգել-ճշտել: Ես էլ զանգեցի հյուրանոց, ինքն էլ զանգեց, մեզ ասացին, որ այս գործակալության հետ աշխատում են, իրենց շատ են հյուրեր ուղարկում: Հետո գործակալության էջը նայեցինք՝ բավական շատ դրական կարծիքներ կային, մարդիկ գրում էին՝ մենք հիմա այստեղ ենք, շատ լավ է. չգիտեմ՝ ինչպես էին կազմակերպել, գուցե հենց իրենք էին գրել այդ feedback-երը: Ինչեւէ, երբ տեսանք այդ ամենը, հյուրանոցից էլ ասացին՝ աշխատում են իրենց հետ, ArCa-ով վճարումն անելիս էլ համակարգը բերեց այդ անուն-ազգանունը, որով ինքը ներկայացել էր, էլ կասկած չմնաց: Մենք մեր վճարման կտրոնները վերցրինք, իսկ ինքը հաջորդ օրը պիտի աներ ամրագրումը ու մեզ ուղարկեր թղթերը: Հաջորդ օրն առավոտյան արդեն իր հեռախոսահամարը չկար, ֆեյսբուքից իր էջն էր ջնջած, չէին արձագանքում նաեւ գործակալության մյուս հեռախոսահամարները»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում պատմեց Օֆելյա Մանուկյանը:

Չվճարելու պատճառով չեղարկված ամրագրումների մասին քաղաքացիներից ոմանք իմացել են հյուրանոցային համալիր ժամանելուց հետո միայն, ոմանք՝ նախորդ օրը, ոմանք էլ՝ Beauty of Armenia-ի անհետանալու մասին լսելուց հետո են զանգել-ճշտել ու պարզել, որ իրենց անունով ամրագրումներ չեն եղել: Հայաստանյան հյուրանոցներում հանգստանալու համար շատերը վճարել են իրենց՝ տարվա ընթացքում հավաքած խնայողություններից. հիմա, երբ արդեն ավարտին է մոտենում տարեկան արձակուրդը, իրենց վճարած գումարները չկան, այլ խնայողություններ էլ չունեին, Beauty of Armenia-ի գործունեությունից տուժած քաղաքացիները դիմում են այն հյուրանոցներին, որտեղ նախատեսում էին անցկացնել իրենց հանգիստը՝ խնդրելով տրամադրել նախատեսվածի կարգի՝ 50 տոկոսով մատչելի  ծառայություն, որի համար իրենք հիմա կրկին պիտի վճարեն: Հյուրանոցները հրաժարվում են՝ երբեմն առաջարկելով մոտ 10 տոկոս զեղչ:

«Մենք ոչ մեկից ողորմություն չենք խնդրում, ուղղակի կարծում ենք, որ այս խարդախության մեջ իրենց մեղքի բաժինն ունեն նաեւ հյուրանոցները՝ չենք բացառում, որ ոչ միտումնավոր, բայց նույնիսկ այդ հանգամանքը չի ազատում հյուրանոցներին պատասխանատվությունից։ Ախր շատ են կասկածելի հանգամանքները… Ո՞րն էր հյուրանոցի շահագրգռվածության պատճառը։ Արդյո՞ք 2+2 ակցիայի շրջանակներում հյուրանոցի եւ «Բյութի օֆ Արմենիա» տուրիստական գործակալության նախկին համագործակցությունները օրինական են եղել հարկային վճարումների տեսանկյունից, քանզի հետո հյուրանոցները սկսեցին իրենց պարզաբանություններում նշել, որ այլեւս չեն համագործակցում «Բյութի օֆ Արմենիա» տուրիստական գործակալության հետ պարտքերի պատճառով։ Այս ի՞նչ «ՆԻՍՅԱ»-ով աշխատելաոճ է»,- նշել է Ինգա Սաղաթելյանը:

Ինչո՞ւ են հրաժարվում հյուրանոցները քաղաքացիներին նույն 2+2 ակցիայի տիպի ծառայությունները մատուցել թեկուզեւ առանց Beauty of Armenia-ի միջնորդության. «Հայկական ժամանակ»-ը փորձեց այս հարցի պատասխանը ստանալ «Ոչ անպատժելիությանը» խմբում քաղաքացիների նշած հյուրանոցներից:

«Թեժ լեռ ռեզորթ»-ից մեզ խնդրեցին զանգահարել 2 ժամ անց, 2 ժամ անց խնդրեցին էլի սպասել՝ խոստանալով, որ մենեջերն ինքը կզանգի: Նա այդպես էլ չզանգեց:

«Ջերմուկ հոթել ընդ սպա» հյուրանոցից մեր հարցերին ի պատասխան հաղորդեցին, որ նշված խնդրի մասին իրենց դիրքորոշումն արտահայտված է «Ջերմուկի զբոսաշրջության զարգացման կենտրոն»-ի տարածած հաղորդագրության մեջ: Ինչպես տեղեկանում ենք նշված հայտարարությունից՝ կենտրոնը հաղորդում է, որ Beauty of Armenia-ի՝ «նվազագույնը անպատասխանատու, առավելագույնը հանցավոր» գործողությունների մասին տեղյակ է եւ հորդորում է քաղաքացիներին զգույշ լինել:

«Էլեգանտ հոթել»-ի մենեջեր Խաչատուր Մովսիսյանը նշեց, որ Beauty of Armenia-ի հետ պայմանագիր չեն ունեցել, իսկ ակցիայի մասին տեղեկացել են հետագայում՝ համացանցից: «Մեզ զանգում էր ինչ-որ մեկը՝ Վահե անունով, եւ ասում էր՝ այս օրվանից մինչ այս օրը ազատ սենյակներ ունե՞ք, արժեքն էր հարցնում, ասում էր՝ լավ, ամրագրումը դրեք, ես վճարումը հետո կանեմ՝ հյուրի ժամանումից առաջ»,- պատմեց Մովսիսյանը:

Չե՞ք իմացել 2+2 ակցիայի մասին, չգիտեի՞ք, որ փաստացի 50 տոկոս զեղչով եք սենյակները տրամադրում. հարցին ի պատասխան նա նշեց. «Ոչ, սենյակները ամրագվել են մեր նշած արժեքներով, վճարումները պիտի կատարվեին հյուրերի ժամանումից 3 օր առաջ: Բայց հետո այդ տղան անհետացավ: Մենք նրա հետ պայմանագրով չենք աշխատել, նա ֆիզանձ է եղել, որ ուղղակի արժեքներն է հարցրել ու ամրագրում կատարել»:   

Հարցին, թե քանի ամրագրում է եղել՝ Մովսիսյանը պատասխանեց. «Դրված է եղել մի ամրագրում, որի համար վճարված չէր, մենք հետո հանեցինք: Իսկ արդեն հետո ստացանք բազմաթիվ զանգեր, թե մեզ մոտ պիտի որ դրված լինեին ամրագրումներ, բայց նման բան չկար: Դրանց համար նա նույնիսկ չէր էլ զանգել մեզ»:

Մովսիսյանը նշեց, որ իրենց որեւէ քաղաքացի չի զանգել՝ ճշտելու, որ իր ամրագրումը 2+2 ակցիայով է, նա ընդգծեց. «Զարմանալի է, ինչպես կարելի էր նման ակցիա ունենալ: Դա կասկածելի էր: Հիմա նման բան ոչ մի հյուրանոց կամ տուրիստական չի կարող անել, քանի որ ստացվում է, որ 2 օր մնալու դեպքում կա՛մ 2 օր պիտի հյուրանոցն անվճար սենյակ հատկացնի, կա՛մ տուրիստականն իր գրպանից վճարի 2 օրվա գումար: Ոչ մի հյուրանոց տուրիստականի այդքան էժան սենյակ չի տրամադրում, այն էլ՝ հիմա: Նախ հիմա համարվում է տուրիզմի բարձր սեզոնը, եւ ամրագրումները շատ էին, եւ ոչ ոք հիմա գները չի իջեցնում: Երկրորդ, կորոնավարակից հետո հյուրանոցային բիզնեսը վերականգնելու խնդիր կա, եւ ոչ մի հյուրանոց նման էժան գներով հնարավոր չի, որ սենյակ տար: Եվ մի բան էլ, այդ ակցիայում գին չէր նշվում, այսինքն՝ որքան ուզեիր, կարող էիր վերցնել, նույնքան էլ հանգստանալ անվճար. ոլորտին ծանոթ մարդն անմիջապես կհասկանար, որ դա խելամիտ բան չէ»:

«Ալպինա Ծաղկաձոր հոթել»-ի մենեջեր Ռուզաննա Խաչատրյանը եւս իր խոսքն սկսեց նրանից, որ Beauty of Armenia-ի հետ պայմանագիր չեն ունեցել: «Վահեն մեզ մոտ ամրագրել է սենյակներ այնպես, ինչպես կարող եք ամրագրել Դուք, ցանկացած քաղաքացի. թե ինքն այնտեղ ի՞նչ է արել, մեզ հայտնի չէ: Նա, օրինակ, ամրագրել է 5 օրվա համար. մինչեւ հյուրերի գալը փոխանցում է կատարել մեզ, մենք ընդունել ենք այդ երեք հյուրերին: Բայց թե մենք ինչ ակցիա ենք արել, դրա հետ կապ չունենք»:

Դիտարկմանը, որ քաղաքացիները նշել են, որ զանգահարել են հյուրանոց, ճշտել են, որ տեղյակ եք ակցիայի մասին, որ այդ օրերի համար են կատարված իրենց ամրագրումները, Խաչատրյանը հակադարձեց. «Անհնար է: Թե հյուրն ինչ ակցիայի շրջանակում է գալիս, մենք դրա հետ կապ չունենք: Մարդը կապվում է մեզ հետ, ամրագրում, եւ մինչեւ հյուրի գալը մեկ օր առաջ կանխավճարի փոխանցումը կատարում. ես այլեւս չեմ հետաքրքրվում՝ ինքն ակցիա ունի-չունի: Նա տուրիստականով չի վերցրել, կանխիկով է միշտ աշխատել: Ինքը, եղել է, որ կանխիկով մտել է, գիշերակաց է արել, վեր կացել-գնացել: Ես իրեն դեմքով ճանաչում եմ, բայց իր հետ տուրիստականով չենք աշխատել. այդ արժեքները լրիվ ուրիշ են: Եթե քաղաքացին ունի ձայնագրություն, որ ինքը զանգահարել-ասել է՝ դուք միանում եք ակցիային, մենք ասել ենք՝ հա… դա անհնար է»: Հարցին, թե իրենց հյուրանոցը կարո՞ղ է 2+2 ակցիայի նման որեւէ հանգստի տարբերակ առաջարկել խաբեության արդյունքում իրենց գումարները կորցրած քաղաքացիներին՝ Խաչատրյանը բացառեց. «Ոչ, այս տարի մենք նման ակցիաներ չենք անում: Մենք այս տարի նույնիսկ BigLemon-ում ակցիաներ չենք ունեցել»:

«Արզնի ռեզորթ» առողջարանի մենեջեր Սմբատ Մահտեսյանը մեր զրույցում ասաց. «Մենք նման պայմանավորություն չենք ունեցել ոչ տուրստականի հետ, ոչ էլ հաճախորդի: Մենք ունենք մեր սակագները: Եթե տուրիստականն է մեզ ուղարկում հաճախորդին, ստանում է իր 10 տոկոս միջնորդավճարը: Beauty of Armenia տուրիստականը մեզ ուղարկել է 1 կամ 2 հաճախորդ, կատարել է գումարի ամբողջական փոխանցումը, մենք գումարը տեսել ենք, ու նոր հաճախորդին ընդունել ենք, քանի որ նոր տուրիստականների հետ այդպես ենք աշխատում: Հիմա, ունեինք հաճախորդներ, որ ամրագրումներ ունեին այդ տուրիստականով դրված, նրանք այս օրերին զանգահարել են անձամբ ինձ, ասել են, որ այդ տուրստականը բոլորին խաբել է, գումարները շորթել-փախել, մենք կարո՞ղ ենք գալ-հանգստանալ գոնե զեղչով, մենք ընդառաջել ենք, ասել ենք՝ այո, եկեք, 10 տոկոս զեղչ կանենք: Նրանք վաղը-մյուս օրը գալու են: Հիմա նրանք մեր հաճախորդն են, եթե տուրիստականով են գալիս, տուրիստականի հաճախորդն են: Ես չեմ հերքում, որ իրենք զանգել-հարցրել են՝ ամրագրում կա, թե ոչ, բայց չենք իմացել, որ ինչ-որ ակցիայի շրջանակում է, չէր էլ կարող մեր առողջարանի հետ կապված նման ակցիա լինել՝ 50 տոկոս զեղչ կամ 2+2»:

Ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչությունից մեզ հաղորդեցին, որ Beauty of Armenia տուրիստական գործակալության՝ քաղաքացիներից գումար վերցնելու եւ ծառայություններ չտրամադրելու մասին բողոքներ ստացվել են, հարուցված է քրեական գործ:

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Ռիմա Եգանյանը հաղորդեց, որ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում՝ քննվում է «Բյութի օֆ Արմենիա տուր» տուրիստական գործակալության տնօրենի կողմից խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով քաղաքացիներից գումարներ հափշտակելու դեպքերի վերաբերյալ քրեական գործը, որի նախաքննության ընթացքում ՀՀ ոստիկանությունից վարույթն իրականացնող մարմին են ստացվել 11 քրեական գործ, որոնք միացվել են մեկ վարույթում։ Թե ի՛նչ գումարի մասին է խոսքն ընդհանուր առմամբ. որքանո՛վ են հյուրանոցներն իրականում անմասն այս «ինքնատիպ» ակցիայից. որքա՛ն անկեղծ են, երբ ասում են, թե ճանաչել են Վահեին, ով որպես ֆիզանձ իրենց մոտ պարբերաբար ամրագրումներ է պատվիրել, իրենց հաճախորդներ է ուղարկել, սակայն նրա հետ աշխատանքային-համագործակցության որևէ պայմանագիր չեն ունեցել, եւ եթե նույնիսկ դա այդպես է, ապա որքանո՛վ է դա տնտեսապես իրավաչափ, հուսանք, որ քննությունը կպարզի շուտով՝ և այս դեպքում իրավապահ մարմինները տուժած քաղաքացիներին կվերադարձնեն այս տարի հանգստանալու հնարավորությունը: 

Տպել
2567 դիտում

Երևանում հսկա ծառն արմատից պոկվել ու ընկել է՝ կոտրելով գազատար խողովակներ, էլեկտրալարեր, լուսավորման սյուն

Արարատում հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր հրացանը

Սխալ են հաշվարկել, Գարեգին Բ-ն հիմար չէ, խնդիր չէ մի քանի հոգևորականի «փուռը տալը». Ստյոպա Սաֆարյան

Երկու տարեկան աղջնակը տաք թեյը լցրել է վրան. նրան տեղափոխել են հիվանդանոց

ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ

Կուսակցական ժողովների ժամանակ չմոռանաք ալբանացի սրբազանին «Հայր մեր»-ը սովորեցնեք. Չախոյանը՝ հոգևորականներին

Ապուշությունն էլ մի սահման պիտի ունենա, չէ՞, սրանք հասկանո՞ւմ են, թե ինչ վտանգի տակ են դնում Հայաստանը. Վահրամ Աթանեսյան

Ականջներիդ օղ արեք՝ իշխանության բռնազավթման ակտ չի լինելու, ով դեմ է՝ լքեք երկիրը, Մոսկվան կանչում է. Մկրտչյան

Մայիսի 9-ին Վագների 12.000-ի հանրահավա՞քն է լինելու հայոց պետության ոչնչացման նպատակով, դա է ասել անհայրենիքը. Սաֆարյան

Շատ խորհրդանշական է Ուղղափառ եկեղեցու Զատիկի օրով միութենական քայլերթի մեկնարկը. Անի Խաչատրյանը լուսանկար է հրապարակել

Արքեպիսկոպոսը քայլերթ է սկսել. Վանեցյանը, Աշոտյանը, Միհրան Պողոսյանը ողջունել ու միացել են նրա գլխավորած շարժմանը

Գետում ավտոմեքենա է արգելափակվել․ դուրս բերելու համար անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը (տեսանյութ)

Ուժեղ կարկտահարություն է դիտվել Արմավիրի մարզում (տեսանյութ)

Մոսկվան Զելենսկու նկատմամբ հետախուզում է հայտարարել

Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակով Երևանում նոր հեղեղատար համակարգեր կկառուցվեն (տեսանյութ)

ԱԳ նախարարի տեղակալն ու Հնդկաստանի դեսպանն այցելել են Հայաստանի ազգային պատկերասրահ

Եթե ինչ-որ բան լողում է ինչպես բադը, թռչում է, ձու է ածում ինչպես բադը, ապա վստահաբար դա հենց բադ է, որ կա․ Ալեքսանյան

Կառավարությունը հարձակում է իրականացրել Սահմանադրության վրա․ Վրաստանի նախագահը մեղադրող հայտարարություն է արել

«Գոլդ» համարանիշով «Մերսեդես»-ը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ. վարորդն այն թողել է դեպքի վայրում և հեռացել

Որտեղ են հայտնաբերվել Գյումրիում հրդեհից մահացած 3 և 5 տարեկան քույրերը․ մանրամասներ ողբերգական դեպքից (լուսանկարներ)

Բեռլինի պաշտպանական-արդյունաբերական ընկերության գործարանում երեկ բռնկված բռնկված հրդեհը մարել չի հաջողվում

Նիկոլ Փաշինյանը յասամաններ է նվիրել Աննա Հակոբյանին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Ծանրորդ Սամվել Գասպարյանը վիրահատվել է

ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը մեկնել է Կահիրե, նպատակը Գազայի հատվածում հրադադարի բանակցությունները վերսկսելն է

Մենք չենք ճանաչում ինքներս մեզ բառիս բուն և փոխաբերական իմաստով, պետք է դուրս գալ աքսիոմատիկ տրամաբանությունից․ Փաշինյան

Գազայում լայնամասշտաբ սով է․ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ղեկավարը հայտարարություն է արել

Սրբազան կրակը դուրս բերելուց առաջ Երուսաղեմում ուժեղացվել են անվտանգային միջոցառումները․ ովքեր կարող են մտնել տաճար

Անձրևային եղանակը կպահպանվի․ հնարավոր է նաև կարկուտ տեղա

Ես խոսել եմ Շառլ Միշելի հետ․ ինչ է ասել Կոբախիձեն ԵԽ նախագահին «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վերաբերյալ

Վրաերթի ենթարկված հետիոտնը մի քանի մետր շպրտվել, բախվել է կայանված «Մազդա»-ին․ վիրավորը հիվանդանոցի ճանապարհին մահացել է

Ինչպես Բալյանը ստեղծեց Գյումրու հիմնը, և ինչ նամակ էր գրել Շիրազը Ռուբեն Մաթևոսյանին․ «Սիրեմ Գը» այգին նոր անուն ունի

Լոնդոնը պետք է հարմարվի «նոր իրականությանը»․ շոգ օրերի թիվը կտրուկ աճում է

Նման ամպրոպ Երևանում դեռ չէի տեսել․ Սուրենյանը նոր տեսանյութ է հրապարակել

Ֆուատ Օքթայը ԱՄՆ կոնգրեսականների հետ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցեր է քննարկել

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Ֆրանսիացի բժիշկների հետ քննարկվել են համագործակցության հնարավորությունները

Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը (տեսանյութ)

Բրազիլիայի հարավում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 39-ի, 68 մարդ անհետ կորած է համարվում (տեսանյութ)

«Մայրիկ Ֆուդ»-ի տոմատի մածուկի արտադրությունը կասեցվել է

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 4-ին