Երևան
12 °C
Ֆրանսիացի հայազգի բժիշկ Գեւորգ Աբգարյանը պատրաստվում է ամռանն ընտանիքի հետ միասին մշտական բնակություն հաստատել Հայաստանում: Փարիզից Երեւան տեղափոխվելու որոշումը նրանք կայացրել են թավշյա հեղափոխությունից հետո: Բժիշկը, ի դեպ, հետհեղափոխական շրջանում բուժել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հազը, որին «հաղթել» մասնագետները տեւական ժամանակ չէին կարողանում:
Գեւորգ Աբգարյանն առաջին անգամ Հայաստան է եկել 88-ի երկրաշարժից հետո եւ այդ առիթով՝ մասնագիտության բերումով: Բայց, ասում է, հայրենիքին միանգամից է սիրահարվել: Ու մինչեւ այժմ սերտորեն համագործակցում է տեղի բժիշկների հետ, նաեւ Երեւանի «Նաիրի» բժշկական կենտրոնում ուռուցքաբանության բաժանմունք է հիմնել, որը կրում է վաղամեռիկ կնոջ անունը:
Բժշկի հետ զրուցել ենք ոչ միայն Երեւանում հաստատվելու որոշման պատճառների, այլեւ առողջապահության ոլորտում իրականացվող մի շարք ծրագրերի շուրջ:
- Պարոն Աբգարյան, ինչպես եղավ, որ որոշեցիք մշտական բնակության տեղափոխվել Հայաստան:
- Հետաքրքիր է, չէ, Փարիզը թողնել ու գալ Հայաստան՝ մշտական ապրելու... Ում ասում եմ՝ ասում են` դու գիժ ես: Սա իմ երազանքն էր, որը երկար ժամանակ ի վեր ուզում էի իրականացնել, բայց վախենում էի, որ սխալ քայլ լինի: Ու առիթը հեղափոխությունը եղավ: Մտածեցի, որ ճիշտ ժամանակն է՝ ամեն ինչ պատրաստեմ, թողնեմ ու գամ Հայաստան, որովհետեւ նոր իշխանություններին վստահեցի՝ մանավանդ պարոն Փաշինյանի հետ շփվելով: Դե, ինքը հազում էր, հիշում եք այդ պատմությունը: Ես իր հազը կարծես բուժեցի: Այդ ժամանակ էլ ճանաչեցի: Կնոջս առաջարկեցի՝ ուզո՞ւմ ես գնանք, մեր երեխային մեծացնենք Հայաստանում: Ասացի՝ սա իմ երազանքն է: Կինս ասաց՝ լավ: Ու որոշեցինք, որ ճիշտ ժամանակն է եւ տեղափոխվում ենք: 86 օր մնաց մեր տեղափոխվելուն:
- Շատ բժիշկներ էին փորձել վարչապետի հազը բուժել: Նույնիսկ արդեն բազմաթիվ քաղաքացիներ էին, անհանգստանալով, իրենց դեղատոմսերն առաջարկում: Ձեզ ի՞նչ միջոցով հաջողվեց դա անել:
- Մի բան եմ նկատում Հայաստանում. երբ որ իշխանությունների բժիշկն ես, վախենում ես շատ բաներ անել: Այսինքն՝ արդյոք անտիբիոտիկը երկո՞ւ օր տամ, թե՞ տասներկու: Իսկ մենք չենք վախենում դրանից: Եթե բուժում ես մի հիվանդի, չես նայում՝ վարչապետն է, պրեզիդենտն է, սա է կամ նա է: Իմ արածը միայն այն էր, որ երկարատեւ բուժեցի: Սակայն ես մի լավ ընկեր ունեմ Փարիզում, իրեն զանգեցի, խորհուրդ հարցրի, հետո այստեղի բժիշկների հետ հավաքվեցինք, մեր առաջարկը ասացի իրենց, ընդունեցին՝ հանձին պարոն Քուշկյանի, որը ղեկավարում էր այդ կոնսիլիումը: Պարոն Քուշկյանը միշտ ինձ թիկունք է կանգնում, որ բուժումներս անվախ անեմ: Այդպիսով ստացվեց, վարչապետը բուժվեց, տեսաք: Բուժումը սկսեցինք, երկու օր հետո երկու ժամանոց մի ելույթ ունեցավ պառլամենտի առաջ, ու շատ լավ ստացվեց՝ առանց հազալու: Անշուշտ, ես շատ ուրախացա, որ կարողացանք բուժել:
- Դեռ տարիներ առաջ դուք խոսում էիք ծխելու դեմ պայքարի պետական ծրագրերի անհրաժեշտության մասին՝ նշելով, որ ծխելը քաղցկեղի առաջացման հիմնական պատճառներից է: Այսօր արդեն առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը պատերազմ է հայտարարել ծխելուն: Շատերը նրա մոտեցումները համարում են ծայրահեղական ու ագրեսիվ: Դո՞ւք ինչ եք կարծում:
- Ես կարծում եմ, որ միանշանակ այդ որոշումը, այդ կանոնը պետք է մտնի մեր կյանքի մեջ: 2019 թ. մենք այստեղ բուժել ենք քաղցկեղով 300 հիվանդ: Սրա 30 տոկոսը թոքի քաղցկեղ է: 30 տոկո՛սը: Դա մեծ թիվ է: Մենք տեսնում ենք, որ սա ծխախոտի հետ ուղիղ կապ ունի: Ու հայ ժողովուրդը պետք է հասկանա՝ մեզ թուրքերը կոտորել են, սակայն մենք իրար չկոտորենք: Գնում եք, մի ռեստորանում նստում եք, կողքի մարդը գալիս է, մեկը մյուսի հետեւից սկսում է ծխել: Ու մեր այդ ընթրիքը փչացավ: Մենք դառնում ենք պասիվ ծխող: Երեկ եկա Դուբայից, այստեղ սկսեց կոկորդս այրվել: Այդ պայքարը պետք է տանել: Ով արեց դա, նա հաջողեց: Ֆրանսիայում թոքի քաղցկեղի քանակը հսկայական չափով նվազել է, որովհետեւ մեծ պայքար գնաց: Ոչ մեկը չէր հավատում, որ այդ կանոնը կանցնի, ռեստորանների մեջ ծխելը կարգելվի: Նայում եմ, անգամ Թուրքիայում կա այդ կանոնը: Հայաստանում անպայման պետք է արգելել հանրային վայրերում ծխելը: Պետք է բոլոր հայերն իմանան, որ սա շատ վտանգավոր բան է: ... Ծխո՞ւմ եք:
- Չէ:
- Չծխեք:
- Չարորակ նորագոյացությունների վիրահատությունն ամբողջությամբ պետական պատվերով իրականացնելու ծրագիրը բողոքի ալիք բարձրացրեց (հիմնականում պետական բուժհիմնարկներում աշխատող բժիշկների շրջանում): Ձեր դիտարկումներով՝ ծրագիրն իսկապե՞ս խնդրահարույց է:
- Ես կարծում եմ, որ շատ լավ ծրագիր է: Միայն դա չպիտի լինի: Հուսով եմ, որ քիմիաթերապիան, ճառագայթային բուժումն էլ մի օր ամբողջությամբ անվճար կդառնան: Ֆրանսիայում առաջին կինս հիվանդացավ, այդ րոպեից սկսյալ մենք մի կոպեկ փող չենք ծախսել: Հնարավորությունը ունեի, սակայն ապահովագրությունը 100 տոկոս վերցնում է իր վրա: Դրա համար նորից շնորհավորում եմ ու շնորհակալ եմ Արսեն Թորոսյանին, որ այսպիսի քայլ արեց: Անշուշտ, մի քանի բժիշկ գոհ չպիտի մնա, որովհետեւ ինքը մի քիչ փող էր աշխատում: Էլի մեր ժողովուրդը իր բժշկին միշտ լավ կպահի: Մեր ժողովուրդը այդպես եկել է, այդպես էլ կգնա: Ես գնահատում եմ այդ ծրագիրը եւ ցանկանում եմ, որ շարունակությունը լինի:
Ուրիշ մի լավ բան արեց կառավարությունը ինսուլտների դեպքում: Երեկ 35 տարեկան մի աղջկա ինսուլտից փրկեցին: Այդ նոր դեղը որ սրսկում են, իսկապես շատ լավ արդյունք տվեց, աղջիկը փրկվեց: Նախկինում գալիս էին, ամբողջ ծախսերը մնում էին հիվանդանոցի, իրենց ընտանիքների վրա: Հիմա անվճար այդ թանկարժեք դեղը սրսկում են եւ վերջ: Հսկա քայլ է դա: Ոչ մեկը չի խոսում այդ մասին: Պետք է խոսել, պետք է շնորհավորել կառավարությանը, վարչապետին, նախարարին, որովհետեւ այս հիվանդության պատճառով Հայաստանում շատ մարդկանց տների ծուխը մարում էր:
- Նախարարությունն առողջության համապարփակ ապահովագրություն է առաջարկում վեց տոկոս հարկի դիմաց: Դա եւս որոշակի դիմադրության է հանդիպում: Դուք ինչպես եք գնահատում, կհաջողվի՞ ներդնել այդ ծրագիրը կամ ներդնելուց հետո կաշխատի՞:
- Մեծ հույսեր եմ կապում Հայաստանի նոր իշխանությունների հետ: Նախկինում դա էլ չկար: Ոչ մի բան չկար: Պետպատվեր ունեինք, երկու ամիս հետո փողը պրծնում էր, ու վերջ: Հիվանդը ամեն քայլին վճարում էր: Եթե նա իմանա, որ իր աշխատավարձի վեց տոկոսը պիտի տա, ու այն իրեն պիտի վերադարձնեն, երբ որ հիվանդանա, դա մեծ քայլ է: Այսինքն՝ եթե դուք հարցնեք ինձ՝ սփյուռքահային, որ Փարիզում է բնակվում, ապահովագրության համար ես մուծում եմ իմ աշխատավարձի 10-12 տոկոսը, ինձ համար վեց տոկոսը շատ քիչ է: Ես շատ սիրով տալիս եմ դա, որովհետեւ գիտեմ՝ երբ հիվանդանամ, ոչ մի կոպեկ չպիտի մուծեմ: Այսինքն՝ դա պետք է ռեալ լինի: Հիմա ապահովագրական մասնավոր ընկերություններ կան, չէ, այստեղ: Երբ մարդը քաղցկեղով հիվանդանում է, քիմիաթերապիայի կարիք է ունենում, ապահովագրությունը ասում է՝ չէ, դա չի փոխհատուցվում...
- Շատերը ոչ այնքան կասկածում են, թե այդ ծառայությունները չեն ստանա, այլեւ ասում են, որ իրենց սոցիալական բեռն է ծանրանալու: Մարդիկ առանց այդ էլ վատ են ապրում:
- Ամեն նորություն, մանավանդ Հայաստանում, մի դժգոհություն առաջացնում է: Նայում եմ՝ բոլորը շատ բաներից դժգոհ են, սակայն երբ որ տեղը գալիս է, գոհ են: Օրինակի համար այս ինսուլտի ծրագիրը: Ասացին՝ գի՞ժ եք, ինչ եք, փողերը տալիս եք այդ ծրագրին: Շատ լավ են անում: Օրինակ, մեքենաների բալային համակարգից շատ մարդ դժգոհ պիտի լինի, աղմուկ պիտի բարձրացնեն, հնարավոր է նաեւ ցույցեր անեն: Ամբողջ աշխարհում այդպես է: Բայց նայեք՝ ոնց եք մեքենա վարում: Ապահովագրության համար էլ նույն բանն է: Ես կարծում եմ, որ դա պետք է ռեալ անել: Այս իշխանություններին ես վստահում եմ, կարող են հասցնել: Ու շատ բաներ տեսնում եմ, հասցնում են:
- Կա՞ մի բան, որ կառավարությունը, Ձեր կարծիքով, ճիշտ չի անում կամ դանդաղում է:
- Այո: Շատ բաներ կան, որ բիզնես մթնոլորտի մեջ տեսնում եմ: Ես բիզնեսից չեմ հասկանում, սակայն սանիկ ունեմ, որ հեղափոխությունից հետո Գերմանիայում ամեն ինչ թողեց ու ընտանիքն առավ, եկավ այստեղ: Եվ ինքն ուզում է «Գուգլը» բերել Հայաստան: Ուր որ դիմեց՝ դանդաղ են շարժվում: Դանդաղ: Եթե մի քիչ արագություն լինի, շատ հարցեր կլուծվեն:
Կուզեի նաեւ, որ Հայաստանում մշտական բնակության տեղափոխվող սփյուռքահայերի համար առանձնահատուկ պայմաններ ապահովվեն: Սփյուռքահայն այնտեղ տունը փակում, գալիս է: Իմ օրինակը՝ ունեմ գույք, ուզում եմ բերել այստեղ, որի համար արդեն հարկը մուծել եմ Փարիզում: Հիմա եթե տեղափոխեմ, մեկ անգամ եւս պետք է մուծեմ: Կամ 12 տարվա մեքենա ունեմ: Ինչ պիտի անեմ այդ մեքենան: Եթե կարողանամ դա բերել առանց մաքսատուրքի, հրաշալի կլինի: Այն հրեան, որ վերջնական գնում է Իսրայել, ոչ մի մաքս չի մուծում: Եվ իրեն մի հատ էլ տուն են նվիրում: Անշուշտ՝ ծայրամասերում: Ես տուն չեմ ուզում: Գոնե մեքենաս առանց հարկի կարողանայի տեղափոխել այստեղ:
ՀԳ - Բժշկի հետ զրուցել ենք հունվարի սկզբին: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Ազգային ժողովի պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը համապատասխան նախագիծ է մշակել, որն առաջիկայում կանցնի սահմանված ընթացակարգերով:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին
Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել
Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը
Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի
ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր
Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում
Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում
Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել
Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը
Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև
Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները
24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային
«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել
Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից
Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ
Starlink-ը ՀՀ-ին նվիրաբերել է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունության ամրապնդման ևս 56 սարքավորում
Հիմնանորոգվում է Սառնաղբույր բնակավայր տանող ճանապարհը. Խուդաթյան․ տեսանյութ
Վարչապետը հայցեր է ներկայացրել Էդմոն Մարուքյանի և նախկին պատգամավոր Սոֆիա Հովսեփյանի դեմ
Դեյվիդ Ալենը ամառային պրակտիկայի ծրագրի մասնակիցներից տեղեկացել է Հայաստանում ձեռք բերած նրանց փորձի մասին
«Արարատցեմենտ»-ն աշխատում է ողջ հզորությամբ․ Պապոյանը տեսանյութ է հրապարակել
Նախատեսվում է միավորել Վանաձոր և Փամբակ համայնքները, ձևավորել մեկ համայնք՝ 22 բնակավայրով
ՄԻՊ-ը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի լիագումար նիստին
Մայակովսկի բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել
Պատրաստվում եմ դատական հայցեր ներկայացնել․ հետո չասեք մամուլին ճնշում են, դուք եք սկսել․ Հարությունյան
Օրը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Եղեգնաձորում մեքենաներ են բախվել․ կան վիրավորներ
Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում
Անդալուզիա նահանգում եռօրյա սուգ է հայտարարվել. Իսպանիայում անտառային հրդեհը 12 մարդու մահվան պատճառ է դարձել
Ֆրանսիայի ամենաերկար գետը շոգի պատճառով գրեթե չորացել է․ լուսանկար
Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ ահաբեկչության դեմ պայքարի գագաթնաժողով կանցկացվի
Սալոնիկ-Մեմինգեն չվերթի օդանավի ապակին կոտրվել է, ուղևորները փրկել են կիսով չափ բաց օդում հայտնված տղամարդուն
Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում
Կայացել է COP17-ի կազմակերպման և անցկացման նպատակով ստեղծված կազմկոմիտեի նիստը
ՊՆ ռազմական ոստիկանությունում տեղի է ունեցել խորհրդակցություն․ Աշոտ Զաքարյանը հանձնարարականներ է տվել
Փարիզում քննարկվել են Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները
Հրաժարվել եմ պատգամավորի մանդատից. Լոռու մարզպետ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT