Խաղալիքները կարող են վնասակար լինել երեխայի առողջության համար. դրանց վրա պետք է փնտրել EAC նշանը

27/12/2019 schedule15:12

Խաղալիքների խանութներում եռուզեռը չի դադարում մինչեւ ուշ երեկո: Վաճառողները նշում են, որ ամանորյա տոներին ընդառաջ մարդիկ գնում են առավելապես էժան եւ միջին գների խաղալիքներ, դրանք հիմնականում չինական եւ թուրքական խաղալիքներն են: Հայկական խաղալիքների տեսականին շատ փոքր է, կա ոչ բոլոր խանութներում:

Գույնզգույն տուփիկների մեջ էժան խաղալիքները երբեմն արդեն իսկ կոտրված են, պոկված կամ էլ պոկվում են տուփից հանելիս: Ո՞վ է վերահսկում որակն այն խաղալիքների, որոնցով խաղում են մեր փոքրիկները: Կարելի՞ է երաշխավորել, որ դրանք վնասակար չեն: Ո՛չ, հնարավոր չէ. պարզվեց «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» ՀԿ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանի հետ զրույցում:

Պիպոյանը նշեց, որ էական չէ, թե որ երկրում է արտադրված այդ խաղալիքը, խնդիրն ավելի խորքային է, եւ այն ամբողջապես լուծելու համար անհրաժեշտ իրավակարգավորումները, որոնց մասին խոսվում է տարիներ շարունակ, այդպես էլ չեն ապահովվում: «Առնվազն հանրային դաշտում էլ չի քննարկվում, թե պետական կառույցի կողմից ինչ աշխատանքներ են իրականացվում այս ոլորտում: Կարող ենք խնդիր ունենալ ինչպես չինական, այնպես էլ՝ այլ երկրների արտադրության խաղալիքների պարագայում: Պիտի նայենք, թե մեր երկիրն ինչ է ձեռնարկում՝ խաղալիքների անվտանգությունն ապահովելու համար»,- ասաց նա:

ՀՀ-ում խաղալիքների անվտանգությունն ստուգում է միայն Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը: «Տեսչական մարմինն ստուգումն իրականացնում է փաստաթղթային ուսումնասիրություններով՝ փորձելով հասկանալ, թե այն ապրանքները, որ առկա են, սերտիֆիկացված են, թե սերտիֆիկացված չեն: Սերտիֆիկացումն իրականացնում է համապատասխան մասնավոր ընկերության կողմից, որը, ըստ էության, լիցենզավորված է պետության կողմից: Բայց տարիներ շարունակ փաստել ենք, որ լիցենզավորված կազմակերպությունների կողմից իրականացված սերտիֆիկացման արդյունքում միշտ չէ, որ երաշխավորվում է ապրանքի անվտանգությունը, այսինքն՝ հասկանում ենք, որ բիզնես-պայմանավորվածություններից ելնելով՝ կարող է առանց իրական լաբորատոր փորձաքննության ապրանքի համար տրվի անվտանգության սերտիֆիկատ»,- նշեց Բաբկեն Պիպոյանը:

Տեսողական զննությունը, գինը կարո՞ղ են լինել բավարար կողմնորոշիչներ. «Ես չէի ուզի քաղաքացին կողմնորոշվեր միայն գնով, որովհետեւ շուկայում ապրանքի թանկ կամ էժան լինելը նրա վտանգավորության կամ անվտանգության մասին չպետք է խոսի: Եթե մենք շուկայում ունենալու ենք 300 դրամանոց խաղալիք, դա չի նշանակում, որ այն կարող է լինել վտանգավոր, քանի որ 300 դրամ արժե: Եվ եթե մյուսը թանկ է, ուրեմն անվտանգ է, քանի որ թանկ է: Խաղալիքի գներն անվտանգությամբ չէ, որ ձեւավորվում են: Կարծում եմ՝ խոսուն օրինակ է սա. խաղալիքն ուտելու համար չէ, բայց ինչ-որ արտադրող կարող է արտադրել խաղալիք, որը եթե երեխան պատահաբար ուտի, նրա օրգանիզմը չի վնասվի»:

Սպառողների պաշտպանը խորհուրդ է տալիս խաղալիք գնելիս անձամբ նվազագույնի հասցնել ռիսկերը, մինչեւ պատկան կառույցներն անհրաժեշտ քայլերը ձեռնարկեն: Խաղալիքներ ձեռք բերելիս պետք է ուշադրություն դարձնել մակնշմանը, ստուգել, որ անպայման նշված լինի անվանումը, արտադրող երկրի անունը, ապրանքային նշանը, արտադրման տարեթիվն ու պիտանելիության ժամկետը: Պետք է ուշադիր լինել, թե որ տարիքային խմբի համար է այն նախատեսված, ինչպիսի պահպանման եւ օգտագործման նորմեր է պահանջում: «Պարտադիր պահանջեք անվտանգությունը հավաստող սերտիֆիկատը՝ վստահ լինելու համար, որ խաղալիքը երեխայի համար անվտանգ է եւ չի վնասի նրան,- ասաց Պիպոյանն ու հավելեց,- շատ լավ հասկանում ենք, որ սերտիֆիկատի առկայությունն անվտանգության համար երաշխիք չէ, բայց գոնե ռիսկերը նվազեցնում է»:

Մեր հարցումները խաղալիքների վաճառքի ոչ մեծ կետերում, գետնանցումներում ցույց տվեցին՝ շատ փոքր է հավանականությունը, որ հաճախորդը վաճառողից սերտիֆիկատ կարողանա ստանալ: Սերտիֆիկատի մասին լսելուն պես վաճառողները հրաժարվում են հարցազրույց տալ, հանդես գալ իրենց անունով, նշում են, որ իրենք միայն վաճառում են, սերտիֆիկացմամբ զբաղվում են ներմուծող ընկերությունները: «Սերտիֆիկատը խաղալիքի հետևում գտնվող այս հայերեն թուղթն է»,- ասացին վաճառքի կետերից մեկում: Դիտարկմանը, որ դա հայերեն մակնշումն է, և կա ոչ բոլոր խաղալիքների վրա, վաճառողներն ստիպված համաձայնեցին՝ առարկելով. «Բայց դե մի քանիսի վրա չկա, իսկ մյուսների վրա էլ կա»:

Բաբկեն Պիպոյանը վստահ է՝ քանի դեռ չկա խաղալիքների շուկայում լիցենզավորման գործընթացի պետական վերահսկողություն, մշտապես բախվելու ենք այս խնդրին: Նրա խոսքով՝ առանց պետական վերահսկողության չափելի արդյունքներ ապահովել հնարավոր չէ: 

«Մի շարք իրավակարգավորումների անհրաժեշտություն կա, որ նախատեսում ենք ներկայացնել առաջիկայում»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նշեց Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Արթուր Մկրտչյանը: Նրա խոսքով՝ շուկա մտնող խաղալիքները կա՛մ պիտի ունենան EAC նշանը, որ հավաստում է 2011 թ. ընդունված ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգին համապատասխանության մասին, կա՛մ սերտիֆիկատ ստանան համապատասխան փորձարկման լաբորատորիայում: «ՊԵԿ-ից մենք ստանում ենք՝ ինչ ապրանքներ են ներմուծվել, ռեեստրում ունենք՝ որ ապրանքներն են անցնում համապատասխանության գնահատում, և ստուգման ժամանակ ստուգում ենք փաստաթղթերի առկայությունը, և եթե դրանք կան, մենք համարում ենք, որ տվյալ ապրանքն անցել է համապատասխանության գնահատում՝ փորձարկում, վստահում ենք մեր փորձարկման մարմիններին: Եթե սերտիֆիկատ չի լինում, ապրանքի վաճառքը կասեցվում է, տնտեսվարողին ժամանակ է տրվում՝ փորձարկման լաբորատորիայից սերտիֆիկատ բերելու»,- նշեց Մկրտչյանը:

Նախատեսվում է սահմանել լաբորատորիաների նկատմամբ վերահսկողություն իրականացնելու գործընթաց: «Կառավարությունն ընդամենը երկու ամիս առաջ է վերահսկող լիազոր մարմին ճանաչել Շուկայի վերահսկողական տեսչական մարմինը: Հիմա օրենսդրական դաշտն ենք մշակում, որպեսզի ամբողջական փաթեթը պատրաստ լինելուց հետո սկսենք վերահսկողություն իրականացնել համապատասխանության գնահատման, փորձարկման լաբորատորիաների նկատմամբ: Արդեն ստուգելու ենք նրանց տված սերտիֆիկատների օրինականությունը, մինչև հիմա դա բաց է եղել: Իհարկե, հարյուր տոկոսով չենք կարողանա բացառել ռիսկը, բայց այն կհասցվի նվազագույնի: Որպեսզի մարդը՝ սպառողը, հավատա թղթին՝ սերտիֆիկատին, հավատա, որ այս ապրանքը, իրոք, անցել է փորձարկում, որի արդյունքում է տրվել թուղթ»,- ասաց նա:

Արթուր Մկրտչյանը հաղորդեց, որ, ի թիվս այլ խնդիրների, ՀՀ-ում կան ապրանքներ, որոնք ունեն միայն մի համապատասխանության փորձաքննության մարմին, որ տալիս է սերտիֆիկատ: Եվ այդ պարագայում անարդյունավետ է, օրինակ՝ այդ լաբորատորիային հանձնարարել այն խաղալիքի փորձաքննությունը, որի սերտիֆիկատն ինքը գիտի՝ ինքն է տվել. «Խաղալիքների ոլորտում, եթե ճիշտ եմ հիշում, երկու փորձաքննող մարմին կար, որոնցից մեկի ժամկետը լրացել է, և այն իր հավատարմագրումը չի երկարացրել, և հիմա խաղալիք սերտիֆիկացնող մեկ մարմին կա Հայաստանում»:

Այնուամենայնիվ, համապատասխանության սերտիֆիկատը պահանջելը պարտադիր է խաղալիք գնելուց առաջ: Մկրտչյանը հորդորեց սպառողներին գնել երեքի փոխարեն մեկ խաղալիք, բայց՝ առավելագույնս անվտանգ: Նա հիշեցրեց, որ տարիներ առաջ ապրանքի ժամկետը նայելն էլ ընդունված չէր: «Եթե այսօրվանից ամեն մեկը վաճառքի կետերում պահանջի այս սերտիֆիկատի առկայությունը, երկու-երեք ամիս անց ցանկացած վաճառող դա կունենա: Մեզ մոտ տարածված է՝ տնից դուրս են գալիս, մոտիկ անցումից գնում են խաղալիք, տանում տուն, բայց դա ռիսկ է: Մի նժարին երեխայի առողջությունն ու անվտանգությունն են, մյուսին՝ գումար խնայելն ու նրան հաճելի լինելու ձգտումը»,- ասաց Մկրտչյանը՝ ընդգծելով՝ գերադասելի է նեղացնել երեխային, քան գնել կասկածելի խաղալիք:

Հայերեն մակնշումը ևս հավելյալ երաշխիք է: «Եթե կա այս EAC նշանը, ապա իննսուն տոկոսով կարող ենք վստահ լինել, որ այն անցել է համապատասխանության գնահատում: Թեպետ կարող են լինել ապրանքներ, որ չանցնեն փորձաքննություն, բայց վրաները դրված լինի այդ նշանը: Ամանորի տոները մոտենում են, և մեծ է հավանականությունը, որ ով պահեստում ինչ ունի, հանում է վաճառքի: Մեծ է վտանգը, որ կարող են լինել նաև կասկածելի ապրանքներ: Հորդորում եմ կասկածելի բան նկատելու դեպքում ահազանգել մեզ 010 235600 համարով: Նմանատիպ բոլոր դեպքերի հետևից մենք անպայման գնալու ենք, որ չստացվի այնպես՝ ով ինչ ուզի, վաճառի»,- ասաց նա:

Մանրածախ վաճառքով զբաղվող տնտեսվարողներին էլ Մկրտչյանը խորհուրդ տվեց մեծածախ գնումից առաջ վաճառողից պարտադիր պահանջել և՛ հայերեն մակնշումը, և՛ սերտիֆիկատը: «Աստված չանի, եթե այդ խաղալիքներից մեկի հետ կապված անվտանգության խնդիր լինի, սպառողը ցույց է տալու մանրածախի այն կետը, որից գնել է: Եթե մանրածախի մոտ այդ փաստաթուղթը չլինի, ինչպես պիտի ապացուցի, որ ինքն էլ գնել է մեծածախից»,- փաստեց նա:

Անդրադառնալով կանոնակարգի խախտման համար գործող տույժ-տուգանքներին՝ Մկրտչյանը նշեց, որ մեծածախի համար դա 100-300 հազար դրամ է, մանրածախի համար՝ 50-100 հազար դրամ: «Այս տուգանքները գործում են 1985 թ.-ից, և հիմա տուգանքների ավելացում ենք նախատեսում, որպեսզի տնտեսվարողը զգաստանա: Մի քանի անգամ բարձրանալու են վարչական տուգանքները: Եթե մարդու գրպանին չես հարվածում (անկախ նրանից՝ երեխայի առողջության հարց է, թե՝ այլ), մարդն իր գործին այլ աչքով է նայում»,- ամփոփեց Մկրտչյանը:

Կարմեն Մարտիրոսյան

Տպել
3782 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին