Մեր 4000 գիտնականներից միայն 40-50 հոգին են խնդիր դնող եւ լուծող. Սամվել Հարությունյան

Աճպարարությամբ չի կարելի զբաղվել, եթե իրական արդյունք ես ուզում, չի կարելի գիտնականին 100 հազար դրամ վճարել, պիտի այնպիսի գումար տաս, որ նա կարողանա ընտանիքին կերակրել: ԿԳՄՍ գիտության կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը վստահ է, որ գիտությամբ զբաղվում են մարդիկ, ովքեր «այնքան էլ հասկանալի չեն շրջապատի համար՝ խենթերը», և եթե նրանց տրվի նվազագույնը, որ կարողանան ընտանիք պահել-կերակրել, նրանք Հայաստանից ոչ մի տեղ չեն գնա:

«Այդ մինիմալը մոտ 6 հարյուր դոլարն է: Գիտության մեջ 65-ն անց մարդկանց թիվը 30 տոկոս է, դա պիտի լիներ մոտ 5 տոկոս. իսկ 35-50 տարեկանների թիվը խորը մինիմումն է՝ 10-15 տոկոս: Դա նշանակում է, որ տարեցներից մոտ 200 հոգի ամեն տարի մահանում է, իսկ փոխարինող չի գալիս, մարդ չկա: Եթե այսպես շարունակվի, եթե չլուծենք երիտասարդացման խնդիրը, իսկ դա հնարավոր է միայն բյուջեի մեծացման պարագայում, մենք մի 5-6 տարի հետո ընդհանրապես գիտություն չենք ունենալու: Բյուջեից մեզ հատկացված 12.5 մլրդ դրամը շատ քիչ գումար է, ԱՄՆ մի լաբորատորիայի բյուջեից քիչ է: Այսպես երիտասարդներին պահել հնարավոր չէ»,- ասաց նա:

Բայց գիտության մեջ գումարը ճի՞շտ է բաշխվում, անցյալ տարվանից ներդրվում է գիտությունն՝ ըստ գիտական արդյունքների ֆինանսավորելու մոդելը, ինչպե՞ս է այն աշխատում՝ հարցերին Հարությունյանն արձագանքում է՝ ժամանակի խնդիր է. «Հիմա մենք հիմնարկներից հավաքել ենք տվյալները, ու պիտի մշակենք 16 հազար անուն հոդվածներ: Դրանց մեջ կան ֆեյք ամսագրերում տպագրված հոդվածներ: Կա 16 հազար հոդված, որ պետք է ստուգել, բայց մենք չունենք բավական աշխատուժ: Երբ մենք այս ծրագիրը սկսեցինք, չէինք պատկերացնում բարդության աստիճանը: 2020թ-ին չհասցրինք, բայց 2021-ից հաստատ կգործի»:

Ֆինանսավորման այս՝ վարկանշային ձևը գործում է եվրոպական տարբեր երկրներում, սակայն հայկական տարբերակը, ըստ Հարությունյանի, որոշ առանձնահատկություններ ունի, և բավականին հաջող է: «Մենք գնահատում ենք ոչ միայն՝ ըստ տպագրված հոդվածների քանակի և ամսագրերի վարկանիշների, այլ՝ յոթ տարբեր չափանիշներով, որոնցից են՝ հետազոտման էֆեկտիվությունը, հիմնարկների երիտասարդացումը (օրինակ՝ Մատենադարանի միջին տարիքը 35-ից չի անցնում, էկոլոգոնոոսֆերայինը՝ մոտ 40 տարեկան է): Կարևոր է գիտական աստիճան ունեցող գիտնականների թվաքանակը, որը նշանակում է, որ այս հիմնարկում ռեալ գիտական աշխատանք է արվում, թեկնածուների և դոկտորների հարաբերակցությունը. եթե դոկտորների թիվը մեծ է, նշանակում է՝ պարբերաբար բովանդակային լավ աշխատանքներ են կատարվում: Կարևոր են նյութատեխնիկական բազայի առկայությունը, հիմնարկի ինտեգրվածքությունը համաշխարհային գիտական աշխարհին, կրթական գործունեության իրականացումը, գիտական արդյունքի առևտրայնացման հեռանկարները, ֆինանսական էֆեկտիվությունը՝ քանի գրանտ է կարողացել շահել: Բոլոր այն գործոնները, որ կարող են բարձրացնել հիմնարկի գիտական աշխատանքի էֆեկտիվությունը, բոլորը վերածում ենք միավորների, որոնցով էլ պիտի հիմնարկը ստանա իր ֆինանսավորումը»:

Վերջերս տնտեսագիտականի ուսանողներն իրենց՝ գրագողության մեջ մեղադրվող նախկին ռեկտորի վերադարձը պահանջելիս նշում էին, թե ո՛ւմ աշխատանքն ուզում եք, նայեք, նույնքան և ավելի անբարեխիղճ արտագրություններ կգտնեք. իրո՞ք գիտական աշխատանքների վիճակն ընդհանուր առմամբ այդպիսին է՝ հարցը, ըստ Հարությունյանի, միանգամայն տեղին է. գրագողության ավանդույթը հիմնավորվել է գիտական որոշ ոլորտներում. «Ցավոք, Հայաստանում որոշ ոլորտներում արտագրությունները տրադիցիայով շատ-շատ են՝ հատկապես հումանիտար ոլորտներում, տնտեսագիտության մեջ: Մինչև ԲՈԿ-ի նոր նախագահի՝ Սմբատ Գոգյանի նշանակումը տարեկան պաշտպանվում էր մոտ 500 դիսերտացիա: Հիմա պաշտպանվում են մոտ 200-ը: Դա լավ թիվ է»:

Նա նշում է, որ այս աշխատանքները գրվում են հիմնականում դրամաշնորհներով. «Մենք տարեկան տալիս ենք մոտ 250 գրանտ: Եթե համարենք, որ այդ 250-ով էլ բարձր մակարդակով մեկական դիսերտացիա են պաշտպանվում, նշանակում է 250-ից ավելի դիսերտացիաներ չպիտի պաշտպանվեին: Դա նշանակում է, որ 200-250-ը «բրակ» են եղել՝ հիմնականում, տնտեսագիտության, մանկավարժության, ցավոք՝ բժշկական գիտությունների, իրավագիտության ոլորտներում: Տնտեսագիտությունից տարեկան 120 դիսերտացիա է պաշտպանվել, հետն էլ՝ մոտ 15 դոկտորական: Բա ինչի՞ է մեր տնտեսությունն այսպես վատ վիճակում եղել»:

Գրագողության դեմ պայքարը, գիտնականի խոսքով, շատ բարդ է, քանի որ այլոց՝ վերաշարադրված մտքերը համակարգչային ծրագրերը չեն որսում: «Անտիպլագիատ ծրագրերը չեն գտնում դրանք: Բայց դրա հիմքն ուրիշ տեղ է: Ամեն քայլափոխին հայտարարություններ են՝ գրում ենք կուրսային աշխատանքներ, դիպլոմային աշխատանքներ, բա ԱԱԾ-ն ինչո՞վ է զբաղված: Ինչո՞ւ չի կանխում սա»,- հարցնում է նա:

Այն հարցին, թե որպես ոլորտի համակարգող՝ ի՞նքն ինչ միջոցառումներ է ձեռնարկում, պատասխանում է. «Դա իմ կանոնադրական լիազորությունների մեջ չի մտնում: Եթե մտներ, հերները կանիծեի: Դա ոստիկանության, բուհերի լիազորությունների մեջ է: Մենք ասպիրանտական տեղերի պետական պատվերի առաջարկի ձևն էինք ներկայացրել. այնպիսի փաստաթուղթ, որ նման բաները բացառվեն: Մենք հստակ ունենք հաշվարկ, թե տարեկան քանի ֆիզիկոս է պետք, քանի՝ տնտեսագետ: Եվ հաշվարկն այնպես է դրված, որ 100 տնտեսագետ ընդունելու հավանականությունը դառնում է զրո»:

Ա՞յս հիմքով է փորձ արվում օպտիմալացնել՝ կրճատել գիտական կենտրոնների և գիտաշխատողների թիվը. Հարությունյանը հերքում է. «Գիտաշխատողների թիվը չենք կրճատում. նրանք կշարունակեն աշխատել կից հիմնարկներում: Մեր փոքրիկ, պատերազմող երկրում ունենք ֆիզիկայի 6 ինստիտուտ, որ գրեթե նույն խնդիրներով են զբաղվում, քիմիայի՝ 4, կենսաբանության 4 ինստիտուտ ունենք, հայագիտական՝ լեզվի, պատմության, արևելագիտության ինստիտուտներ ունենք, որ համարյա նույն բաներով են զբաղվում: Նույն ԵՊՀ-ի 19 ֆակուլտետի զգալի մասն իրար կրկնում են՝ օրինակ, ֆիզիկայի և ռադիոֆիզիկայի ֆակուլտետներ. նույն ֆիզիկան է»:

Նա հավաստում է, որ ինստիտուտների միավորումը՝ ղեկավարների, ադմինիստրացիայի, շենքերի պահպանման ծախսերի կրճատման համար, շատ ավելի շուտ էր պետք անել. «Նման առաջարկություն արել եմ բոլոր վարչապետներին: Ցավոք, նախկին իշխանությունները համարձակություն չունեցան լուծել այս խնդիրը: Փառք տանք Աստծուն, որ այս իշխանությունը ստանձնել է այն: Եթե ուզում ենք լուրջ բարեփոխումներ անենք, պիտի մի քիչ ռիսկով լինենք, դուխով՝ ոնց որ ընդունված է հիմա: Եթե գիտես ու ապացուցում ես, որ ճիշտը սա է, պիտի դուխով գնաս ու տանես առաջ»:

Դեռ 2012 թվին, ըստ Հարությունյանի, գիտության կոմիտեն ներկայացրել է գիտության երիտասարդացման ծրագիր, բայց տարբեր պատճառներով այն չի ընդունվել, հիմա գործում են միայն օժանդակ ծրագրեր. «Գրանտային ծրագրերում պետք է լինի նվազագույնը մեկ մինչև 35 տարեկան գիտնական: Եթե չկա մինչև 35 տարեկան, մենք այդ ծրագիրը՝ որպես տեխնիկական բրակ, ընդհանրապես չենք դիտարկում: Ասպիրատներն ու հայցորդները, որ գրեթե պատրաստ են պաշտպանվելու, օգնում ենք, որ մասնակցեն գիտաժողովների, գնեն համակարգիչներ՝ մոտ 1.5 մլն դրամ է տրամադրվում: Ունենք երիտասարդների թիմային ծրագիր՝ 4 հոգուն 2 տարվա համար 13 մլն դրամ ենք տրամադրում. կան այլ ծրագրեր էլ, բայց դրանք ներդրումներ են պահանջում»:

Հարությունյանը թվարկում է ոլորտի խնդիրները. ինստիտուտների ղեկավարների մեծ մասը չունի մենեջարական հմտություն՝ հասարակ բյուջե կազմել չեն կարողանում: Ինչու են շարունակում պաշտոնավարել հարցը վերահասցեագրում է ԳԱԱ ղեկավարին: «Չնայած, կարծես, այս ոլորտում որոշ երիտասարդներ դարձան տնօրեն,- փորձում է հիշել,- ո՞ւմ օրինակ բերեմ՝ Պապոյան Արամը, չնայած ինքն էլ 60 տարեկան է»: Ինստիտուտների ռազմավարական ծրագրերը, նշում է գիտնականը, պիտի մեկը մյուսից բխեն, բայց դրանք շատ հաճախ իրար հակասում են: «Հաճախ նայում ես, ասում ես՝ չեն կարող էս երկուսը լինել նույն պետության ռազմավարական ծրագրեր: Կառավարման համակարգում այսպիսի թերություններ կան»:

Հարցին, թե որքանով է իրատեսական վարչապետի դիտարկումը՝ միայն սուրճ խմող գիտնականների մասին՝ Հարությունյանը պատասխանում է. «Մեր ժողովրդի մի ստվար հատվածը՝ իրենց լուրջ մարդ համարողները, կարևորն ու երկրորդականը չեն տարբերում իրարից: Չեմ հասկանում, Փաշինյանի ասածի մեջ ի՞նչ տարօրինակ բան կար: Սուրճ խմելն այդպիսի վա՞տ բան ա: Իմ բոլոր լավ գաղափարները առաջացել են սուրճ խմելիս, բոլոր լավ հոդվածները գրել եմ սուրճ խմելով ու ծխելով»,- ասաց նա:

Հարությունյանի դիտարկմամբ՝ հնարավոր չէ, որ որևէ երկրի գիտական ոլորտում լինեն միայն լավ գիտնականներ. ամենուր նրանք  գիտական ոլորտի միայն մեկ քառորդն են կազմում. այդպես և մեզ մոտ է: Հայաստանում, ներկայացրեց Հարությունյանը, գիտության պետական կոմիտեում գրանցված է մոտ 6100 աշխատող, որոնցից գիտնական են 4000 հոգին, մյուս 2100-ը տեխնիկական աշխատողներն են՝ պահակներ, հավաքարարներ:

«4000-ի մոտ 25 տոկոսը քիչ թե շատ ակտիվ աշխատող գիտնականներն են, որ պարբերաբար հրապարակվում են, և մեր գիտական հանրույթին ներկայացնում են բավական լավ գիտական արդյունքներ: ԱՊՀ տարածքում մեր գիտաչափական պարամետրերով Հայաստանը բավական լավ արդյունքներ ունի: Բայց դրանցից գիտնական կարելի է համարել շատ քչերին: Սրանք գիտության ոլորտի աշխատողներ են, բայց գիտնական գաղափարը շատ բարդ և պատվաբեր գաղափար է: Վիկտոր Համբարձումյանն ասում էր. «Հազարի միջից, որ գիտության մեջ են, կարող է միայն մեկ-երկուսը լինեն գիտնական»: Գիտնականն այն մարդն է, որ ի վիճակի է խնդիր դնել և լուծել: Խնդիր դնողները շատ քիչ են լինում: Հնարավոր չէ պատկերացնել, որ մեր 4000-ն էլ լինեին խնդիր լուծող. գիտե՞ք ինչ հարուստ երկիր կլինեինք: Գիտության մեջ գոյություն ունի H ֆակտոր, որը ցույց է տալիս քո գիտական աշխատանքների ընթերցվածության աստիճանը: Արտերկրում գիտական շրջանակների կողմից ընդունվելու նվազագույն նշաձողը H ֆակտորի 5 լինելն է. Հայաստանում ունենք այդպիսի մոտ 400 գիտնական, որոնց H ֆակտորը 5 է: Մեր 4000-ից միայն 40-50 հոգին են խնդիր դնող: Բայց նրանց այն մյուսների ֆոնն էլ է պետք: Դա անհրաժեշտ է: Դա կա նաև ԱՄՆ-ում, որտեղ գիտությունը բավական լավ վիճակում է: Այս մյուսները խնդիր դնող մարդկանց ծառայող մարդիկ են: Եվ նրանք գալիս են, կատարում են իրենց հանձնարարականը և գնում են: Եվ նրանց մեջ են նաև այն մարդիկ, որոնց օրը սկսում է սուրճով ու դրանով էլ ավարտվում է. սա նորմալ է: Ամբողջ աշխարհում ընդունված բան է,- ասաց Հարությունյանը՝ եզրափակելով,- լիքը խնդիրներ կան, նստել են կոֆեի բաժակից են խոսում»:

 Կարմեն Մարտիրոսյան

Տպել
7764 դիտում

Գետում ավտոմեքենա է արգելափակվել․ դուրս բերելու համար անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը (տեսանյութ)

Ուժեղ կարկտահարություն է դիտվել Արմավիրի մարզում (տեսանյութ)

Մոսկվան Զելենսկու նկատմամբ հետախուզում է հայտարարել

Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակով Երևանում նոր հեղեղատար համակարգեր կկառուցվեն (տեսանյութ)

ԱԳ նախարարի տեղակալն ու Հնդկաստանի դեսպանն այցելել են Հայաստանի ազգային պատկերասրահ

Եթե ինչ-որ բան լողում է ինչպես բադը, թռչում է, ձու է ածում ինչպես բադը, ապա վստահաբար դա հենց բադ է, որ կա․ Ալեքսանյան

Կառավարությունը հարձակում է իրականացրել Սահմանադրության վրա․ Վրաստանի նախագահը մեղադրող հայտարարություն է արել

«Գոլդ» համարանիշով «Մերսեդես»-ը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ. վարորդն այն թողել է դեպքի վայրում և հեռացել

Որտեղ են հայտնաբերվել Գյումրիում հրդեհից մահացած 3 և 5 տարեկան քույրերը․ մանրամասներ ողբերգական դեպքից (լուսանկարներ)

Բեռլինի պաշտպանական-արդյունաբերական ընկերության գործարանում երեկ բռնկված բռնկված հրդեհը մարել չի հաջողվում

Նիկոլ Փաշինյանը յասամաններ է նվիրել Աննա Հակոբյանին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Ծանրորդ Սամվել Գասպարյանը վիրահատվել է

ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը մեկնել է Կահիրե, նպատակը Գազայի հատվածում հրադադարի բանակցությունները վերսկսելն է

Մենք չենք ճանաչում ինքներս մեզ բառիս բուն և փոխաբերական իմաստով, պետք է դուրս գալ աքսիոմատիկ տրամաբանությունից․ Փաշինյան

Գազայում լայնամասշտաբ սով է․ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ղեկավարը հայտարարություն է արել

Սրբազան կրակը դուրս բերելուց առաջ Երուսաղեմում ուժեղացվել են անվտանգային միջոցառումները․ ովքեր կարող են մտնել տաճար

Անձրևային եղանակը կպահպանվի․ հնարավոր է նաև կարկուտ տեղա

Ես խոսել եմ Շառլ Միշելի հետ․ ինչ է ասել Կոբախիձեն ԵԽ նախագահին «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վերաբերյալ

Վրաերթի ենթարկված հետիոտնը մի քանի մետր շպրտվել, բախվել է կայանված «Մազդա»-ին․ վիրավորը հիվանդանոցի ճանապարհին մահացել է

Ինչպես Բալյանը ստեղծեց Գյումրու հիմնը, և ինչ նամակ էր գրել Շիրազը Ռուբեն Մաթևոսյանին․ «Սիրեմ Գը» այգին նոր անուն ունի

Լոնդոնը պետք է հարմարվի «նոր իրականությանը»․ շոգ օրերի թիվը կտրուկ աճում է

Նման ամպրոպ Երևանում դեռ չէի տեսել․ Սուրենյանը նոր տեսանյութ է հրապարակել

Ֆուատ Օքթայը ԱՄՆ կոնգրեսականների հետ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցեր է քննարկել

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Ֆրանսիացի բժիշկների հետ քննարկվել են համագործակցության հնարավորությունները

Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը (տեսանյութ)

Բրազիլիայի հարավում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 39-ի, 68 մարդ անհետ կորած է համարվում (տեսանյութ)

«Մայրիկ Ֆուդ»-ի տոմատի մածուկի արտադրությունը կասեցվել է

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 4-ին

Գյումրու տներից մեկում բռնկված հրդեհը մարելուց հետո 3 և 5 տարեկան երեխաների դիեր են հայտնաբերվել

ԱՄՆ-ն Հայաստանի կողքին է` իր ինքնիշխանության պաշտպանության ճանապարհին․ Մարկ Քեմերոնը ողջունել է սահմանազատման գործընթացը

Անձրևից հետո Երևանի փողոցները հեղեղվել են ջրով (տեսանյութ)

Անցած գիշերվա Երևանի հեղեղաբեր ամպրոպը․ Գագիկ Սուրենյանը լուսանկար է հրապարակել

Ջրալցումներ, փլուզումներ, ջրում արգելափակված մեքենաներ․ տեղատարափ անձրևի հետևանքները Երևանի վարչական շրջաններում

Փլուզվել է Ողջաբերդ գետի հենապատը․ Նոր Արեշում տներ ու փողոցներ են հեղեղվել (լուսանկարներ)

Տներից մեկի բակում քաղաքացին ընկել է փոսն ու մահացել

Ադրբեջանի ԶՈՒ-ն Տավուշի դիրքերի ուղղությամբ կրակ չի բացել․ ՊՆ-ն հերքել է շրջանառվող տեղեկությունները

Լուրերը, թե ադրբեջանական կողմից Տավուշի հատվածում կրակոցներ են հնչել, կեղծ են

«Հզոր ամպրոպային ամպ»․ Գագիկ Սուրենյանը լուսանկարներ է հրապարակել

Ամիօ բանկը թողարկում է պարտատոմսեր