«Հայաստանը դրախտի տեղն է, և այստեղ մարդիկ պիտի ապրեն ինչպես դրախտում». Դավիթ Գյուրջինյան

25/10/2019 schedule20:50

Մշտական երջանկությունը, կարծում եմ, անբնական է: Եթե ասեմ, որ ես երջանիկ եմ, չի նշանակում, թե տխուր պահեր, ձախողումներ, հիասթափություններ չեմ ունենում: Մենք ընդհանուր գնահատական ենք տալիս մարդկային երջանկությանը:

Այո՛, ես ունեմ երջանկության բաղադրիչները` լավ ընտանիք, զբաղվում եմ իմ սիրելի գործով: Բայց կուզենամ, որ շրջապատումս մարդիկ նույնպես երջանիկ լինեն, որովհետև անհնարին է երջանիկ լինել մի միջավայրում, որտեղ մարդիկ հոգսաշատ են, տխուր են կամ դժբախտ են: Ես պատկերացնում եմ, որ այդ վիճակը` երջանկությունը, բաղկացած է փոքրիկ ուրախություններից, ինչ-ինչ հաջողություններից առաջացած բերկրանքի պահերից: Չենք կարող ասել, թե այս մեկը միշտ երջանիկ է. այդպես չի լինում: Դրանք պահեր են: Օրինակ, երեխայի ատամը ծկթեց: Ծնողի համար դա անասելի ուրախություն է, որովհետև մտածում է, որ երեխայի աճը բնական է: Մի պահ էլ թվում է, թե համալսարան ընդունվելը երջանկության վերին սահմանն է, որից այն կողմ էլ բան չես ուզի: Մտնում ես համալսարան, հասկանում ես, որ բոլորովին այդպես չէ, տխրում ես, թե ինչո՛ւ էի այդպես թռչկոտում: Հետո ուրիշ նպատակ ես ունենում, որին հասնելուց հետո այդ երանությունը քեզ մի պահ երջանկության զգացողություն է հաղորդում: Մի պահ, բայց անկրկնելի, անմոռաց:

Լեզվաբան Դավիթ Գյուրջինյան.

Անձնական երջանկություն.

Երբ նորից ու նորից բացահայտում եմ իմ երկիրը, անասելի երջանկություն եմ ապրում: Վերջերս Մեղրիում էի: Երանությամբ եմ հիշում այդ օրերը, որովհետև այնտեղ տեսա մի բնաշխարհ, որի նմանը չէի տեսել: Բերքառատ ծառերի ճյուղերը դուրս էին եկել ցանկապատերից, կախել ճաքած նռները: Երևանից գնացած ուխտավորները պոկում էին և վայելում: Ժպիտով ու բարեկամաբար ասում եմ` «Մի՛ արեք, դուք ուխտի եք եկել, բայց փոքրիկ գողություն եք անում»: Ասացին` «Ո՛չ, փողոցի վրա եկած բարիքն անցորդինն է»: Պատասխանը դուրս եկավ:

Վերջերս կնոջս հետ եղա Արևմտյան Հայաստանում` Անի, Կարս, Վան, Վանա ծովակում լողացա, Ալաշկերտ, Մուշ...  Ուրախություն էր և տխրություն, բայց երազանքներիցս մեկը կատարվեց: Ես տեսա իմ հայրենիքի մի մասը, որն այսօր, դժբախտաբար, իմը չէ: Հիմա երջանիկ եմ, որ գոնե տեսել եմ, վայելել...

Մանկության տարիներին երբ գնում էի Տավուշ` տատիկիս գյուղ, քթիս մեջ զգում էի հասած թթի, քամած մածնի տոպրակի, նոր թխված հացի բույրեր: Ու գիտեի, որ սկսվում է երանությունը, որի անունն այլ կերպ երջանկություն է: Գնում էի մի տեղ, որ մոտ է բնությանը, որտեղ մարդիկ պարզ են, պայմանականությունները՝ քիչ, խոսակցության նյութը բոլորովին այլ է. կարճ ասած` ուրիշ մոլորակ էի գնում:

Երբ տեսնում եմ սայլակների մեջ իրենց փոքրիկների հետ զբոսանքի դուրս եկած ծնողներին, ահա այդ տեսարանից երջանկություն եմ ապրում: Չգիտեմ, երևի մեծանալու հետ է կապված. թոռնիկներ ունեմ, մեկն էլ շուտով պիտի ծնվի:

Երեխայի ծնունդը, քնի մեջ նրա ժպտալը, առաջին հնչյունը, առաջին քայլը մարդկային պարզ ու ցանկալի երջանկություն են: Ես դրանք վայելել եմ և շարունակում եմ վայելել:

Մասնագիտական երջանկություն.

Դպրոցական ժամանակ ուզում էի պատմաբան դառնալ: Հետո հանգամանքներն այնպես դասավորվեցին, որ դարձա լեզվաբան-բանասեր. չգիտեմ, թե ինչպե՛ս կհնչի` հաջողակ եմ իմ գործի մեջ: Նախ` նվիրումով եմ անում իմ գործը, սիրում եմ դասավանդելը, սիրում եմ հետազոտական աշխատանքը: Ես համարյա հասակակից ուսանողներ ունեմ, շատ երիտասարդ տարիքից եմ սկսել դասախոսական աշխատանքս: Գիտեմ, որ ուսանողներս ինձ հիշում են, սիրում ու գնահատում են: Դա գոհունակություն է պատճառում ինձ, ես երջանիկ եմ: Ես էլ ուսանողներիս եմ անուններով հիշում (բնականաբար, երբեմն նաև մոռանում եմ): Իմ և ներկա ու նախկին ուսանողներիս միջև ջերմ, մարդկային կապ է ստեղծվել: Եվ մեզ միավորողը հայերենն է: Մանկավարժի իմ խնդիրն է եղել միշտ ոչ միայն հայերեն սովորեցնելը, այլև մեր սքանչելի լեզվին սիրահարեցնելը: Երբ հաջողում ես, հաղթանակ է: Իսկ հաղթանակը երջանկություն է` ճիշտ այնպես, ինչպես հաղթանակած մարզիկներն են երկրի դրոշը ծածանում կամ գավաթը վեր պարզում, կանգնում պատվանդանի վրա:

Հայերեն խոսելը, հայերեն մտածելը, հայերեն գրելը, հայերեն լսելը, հայերենն ուսումնասիրելը իմ մեծագույն երջանկությունն են: Մեծ երջանկություն եմ ապրում նոր բառեր բացահայտելիս: Հիմա մի գիրք եմ գրում (մեծ մասն արդեն արված է). ուսումնասիրում եմ այն գրաբարյան բառերը, որոնք էական իմաստափոխությամբ հիմա էլ գործածվում գիտության և տեխնիկայի ոլորտում: Օրինակ, զարմանալի է, որ տիեզերագնաց բառը 5-րդ դարում գործածել է Մովսես Խորենացին: Իհարկե, Խորենացին այս բառը գործածել է իբրև ածական` «դեպի ուրիշ աշխարհներ, այլ երկրամասեր գնացող» իմաստով: 10-րդ դարում Նարեկացին գործածել է օդաչու բառը՝ դարձյալ իբրև ածական` «օդում թռչող» իմաստով: Ագաթանգեղոսն էլ 5-րդ դարում գործածել է լուսանկար բառը, երբ նկարագրում է, թե ինչպես Գրիգոր Լուսավորիչի աչքի առաջ պայծառ լույսով գծվեց տաճարը` «լուսանկար Մայր տաճարը»: Իսկապե՜ս գեղեցիկ: 19-20-րդ դարերում՝ տեխնոլոգիական իրողությունների ի հայտ գալուց հետո, այս բառերը վերցրել ենք հին հայերենի գանձարանից:

Հիմա ղեկավարում եմ լեզվի բնագավառը տնօրինող պետական մարմինը՝ Լեզվի կոմիտեն: Կրկին գործս հայերենի հետ է, բայց բավական տարբեր:

Եթե հաշվեմ, որ երազներս էլ հայերեն են, բավական տևական երջանիկ վիճակ է: Հրճվանք, բերկրանք, խնդություն, ցնծություն. այս բոլոր հոմանիշները համապատասխանում են հայերենով զբաղվելու իմ զգացողությանը: Երբեմն ուղղակի սքանչացում… Եվ ուզում եմ հայերենին առնչվելու այս զգացողությունս փոխանցել շատերին: Հայերեն խոսելու, գրելու, մտածելու, հայերեն լսելու վայելքը անընդհատ պիտի զգանք:

Հանրային երջանկություն.

2018-ին ատելի վարչակարգին հրաժեշտ տալն ինձ համար երջանկություն էր, նույնիսկ անձնական և ընտանեկան երջանկություն: Մի շրջան մարդիկ շատ հուսահատ էին, անգամ կանխատեսում էին, թե այդ վիճակը երկու-երեք հարյուր տարի կձգվի: Ասում էի`«Այդպիսի բան մի՛ ասեք, սիրտս կկանգնի, ուրեմն ես չպիտի՞տեսնեմ մեր երկիրն ազատ այս իսկապե՛ս ատելի վարչակարգից»: Եվ տեսանք: Դա մեծ ցնծություն էր: Գիտեմ, որ դրանից հետո դժվար է և դեռ դժվար կլինի: Բայց եթե մեզ հաջողվեց ազատվել այդ վարչակարգից, մյուսն էլ կանենք` կկերտենք այն երկիրը, ուր մարդիկ կդադարեն մտածել ճամպրուկները հավաքելու մասին: Մարդն իր երկրո՛ւմ պիտի ապրի երջանիկ:  

1988-ի զգացողություններն այլ էին: Այն ժամանակ երիտասարդ էի, մասնակցում էի բոլոր հանրահավաքներին, որքան էլ ինձ ասում էին, որ զգույշ լինեմ, շուտով ատենախոսություն պիտի պաշտպանեմ և այլն: Բայց ես ու ապագա կինս շարունակում էինք մասնակցել հանրահավաքներին ու երջանիկ էինք ազգային զարթոնքով:

Իսկ 2018-ին մասնակցության իմ ուրիշ տեսակի բաժինն ունեմ. հիմնական գործն արեցին երիտասարդները, և տարիների իմ երազանքն ու պայքարը իրականություն դարձավ: Իրականում այն, ինչ եղավ 2018-ին, հրաշք էր` անցնցում, խաղաղ ու այդքա՜ն գեղեցիկ հաղթանակ: Ժողովուրդը ոտքի կանգնեց և հաստատեց իր իրավունքը: Հրաշքներ փաստորեն լինում են, և մենք դրա ականատեսն ու մասնակիցը եղանք:

Երջանիկ երկիր, երջանիկ հասարակություն.

Հայաստանն ունի երջանիկ երկիր լինելու հնարավորություններ: Մենք երբեմն չենք զգում, թե ի՜նչ լավ երկրում ենք ապրում: Իսկ օտարն անմիջապես հասկանում է, որ սա այն երկիրն է, որտեղ կարելի է լավ ապրել: Այստեղ չկա աշխատանքային խելագար վազք, այստեղ հնարավոր է գիշերը հանգիստ և ապահով զբոսնել քաղաքում, բնությունն ու քաղաքները կարծես ձուլված են իրար: Խորհրդավո՜ր երկիր է: Գնում եմ հեռու գյուղեր, տեսնում եմ` մեկի տունը եկեղեցուն կիպ կպած է: Մտածում եմ` ի՞նչ հետաքրքիր բան է. այս մարդը 21-րդ դարում ապրում է 5-6 դարի եկեղեցուն կից տարածքում, ամեն օր առնչվում է հազարամյա պատմությանը և չի էլ զգում, չի էլ մտածում այդ մասին, որովհետև ինքը հենց պատմության մեջ է:

Բայց... Դժբախտաբար, այդ գյուղերում և ավաններում հաճախ մարդիկ բարեկեցիկ չեն ապրում: Սա ողբերգություն է. դրախտային բնություն` միահյուսված մարդու կյանքին, ամեն քայլափոխի հազարամյա պատմության հետքեր, հզոր ավանդույթներ, ստեղծարար ոգի, բայց մարդիկ վատ են ապրում: Հետևողական քաղաքականությամբ մարդկանց ծուլացրել են, աղքատի հոգեբանություն ներարկել...

Պիտի կարողանանք տնտեսական կյանքը կարգավորել: Պիտի սովորենք Աստծուց տրված չքնաղ բնությունը չաղտոտել, չփչացնել, պիտի սիրենք մեր գողտրիկ երկիրը: Հայաստանը դրախտի տեղն է, և այստեղ մարդիկ պիտի ապրեն ինչպես դրախտում…

Դաժան փորձությունների միջով անցանք, սակայն բարեբախտաբար ժողովրդի նկարագիրն ընդհանուր առմամբ չխաթարվեց: Առօրյայում կարող ենք ականատես լինել անհաշվենկատ բարության, ուշադրության, ջերմության հարյուրավոր դեպքերի: Հայաստանը լավ երկիր է: Ուղղակի չենք կարողանում այնպես անել, որ մեր ժողովուրդն իր երկրում լավ ապրի: Նախկին իշխանավորներն օտարի նման անզուսպ թալանել ու քանդել են երկիրը: Այնինչ, եթե մի քիչ բարոյականություն ունենային, «իրենց կես օրվա ճամփեն» խաղաղ կանցնեին ու կգնային. կհասկանային, որ եթե շուրջդ բարօր վիճակ չէ, չես կարող երջանիկ լինել: Հայտնի խոսք կա` աղքատ հասարակության մեջ հարուստ լինելն անբարոյականություն է:

Զրույցը պատրաստեց Մարինա Բաղդագյուլյանը

Տպել
4758 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին