ՀՀ քաղաքացիների եւ ոստիկանության հարաբերությունները պետք է լինեն բարձր մակարդակի վրա․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է ՀՀ ոստիկանության կոլեգիայի ընդլայնված նիստին, որի շրջանակում ամփոփվել են ՀՀ ոստիկանության ծառայությունների եւ տարածքային մարմինների 2018 թ. օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները:

ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը նախ ներկայացրել է 2018 թ. հասարակական կարգի եւ անվտանգության ապահովման ուղղությամբ կատարված աշխատանքները: Նրա խոսքով՝ 2018 թ., ունենալով ներքաղաքական առումով պայմանավորված ծանրաբեռնված օրակարգ, ոստիկանությունն ընդհանուր առմամբ կատարել է իր առջեւ դրված խնդիրները. օրենքով վերապահված լիազորությունների շրջանակում ձեռնարկված միջոցառումների շնորհիվ վերահսկել է ընդհանուր օպերատիվ իրավիճակը: Ապրիլ-մայիս ամիսներին ոստիկանության գրեթե բոլոր ստորաբաժանումները ներգրավված են եղել ներքաղաքական զարգացումների ընթացքում հասարակական կարգի պահպանության եւ հասարակական անվտանգության ապահովման աշխատանքներում: Բացի այդ, պատկան մյուս գերատեսչությունների հետ համատեղ ոստիկանության ծառայողները ներգրավված են եղել նաեւ 2018 թ. համապետական եւ միջազգային նշանակության զանգվածային միջոցառումների պատշաճ կազմակերպման եւ անցկացման աշխատանքներում: Ոստիկանության զորքերի ծառայողները 2018 թ. օգոստոսից ներգրավվել են մարտական հերթապահության ՀՀ պետական սահմանի պահպանության գործում:

ՀՀ ոստիկանապետը զեկուցել է 2018 թ. հանրապետությունում օպերատիվ իրավիճակի, հանցավորության շարժընթացում առկա հիմնական միտումների, հանցագործությունների բացահայտման վիճակի եւ աշխատանքների արդյունավետության, այդ նպատակով ներդրված նոր մեխանիզմների, ինչպես նաեւ ոստիկանությունում օրինականության պահպանման ուղղությամբ ձեռնարկված քայլերի վերաբերյալ: Վ. Օսիպյանը նշել է, որ ոստիկանությունը, հաշվի առնելով հանցավորության շարժընթացում առկա խնդիրները, հանդես է գալու գողությունների, այդ թվում՝ բնակարանային, կանխարգելման եւ բացահայտման աշխատանքների բարելավմանն ուղղված համալիր ծրագիր մշակելու նախաձեռնությամբ՝ քննարկումներում ներգրավվելով բոլոր գերատեսչությունները: Ծրագիրը վերջնական տեսքի բերվելուց հետո կներկայացվի կառավարության քննարկմանը:

Վարչապետ Փաշինյանը ներկայացրել է իր դիտարկումները ոստիկանության վերջին ամիսների աշխատանքի վերաբերյալ. «Ընդհանուր առմամբ կարող եմ ասել, որ ոստիկանությունը կատարում է իր առջեւ դրված խնդիրները, եւ կարող ենք արձանագրել մի քանի արդյունքներ, որոնք տեղի են ունեցել այդ թվում ոստիկանության կարեւոր մասնակցությամբ։

Առաջին՝ մայիսից այս կողմ Հայաստանում տեղի ունեցած ընտրությունների եւ ընտրական գործընթացների բացառիկ որակը, եւ պետք է արձանագրեմ, որ այս հարցում իսկապես ոստիկանությունը շատ կարեւոր դերակատարում է ունեցել, մասնավորապես, ընտրակաշառքների մեխանիզմի հնարավոր կանխարգելման գործում: Մենք չգիտենք՝ 100 տոկոսով ենք այդ խնդիրը լուծել, թե ոչ, բայց որ որպես համակարգային պրոբլեմ մեզ հաջողվել է հաղթահարել ընտրակաշառքի միջոցով եւ ընդհանրապես ընտրական գործընթացում քաղաքացիների կամքի աղավաղումը, դա փաստ է եւ այդտեղ ոստիկանության դերը չափազանց մեծ է:

Երկրորդ՝ ոստիկանության զորքերի ծառայությունը աջակցությունը Հայաստանի զինված ուժերին պետական սահմանի պահպանության գործում: Ես սա իսկապես համարում եմ հեղափոխական նշանակության փոփոխություն եւ ուզում եմ եւս մեկ անգամ հատուկ շնորհակալություն հայտնել ոստիկանության զորքերին, այն ծառայողներին, ովքեր ստանձնել են հայրենիքի սահմանները պաշտպանելու, պահպանելու այդ կարեւոր պարտականությունը:

Կարծում եմ, որ ոստիկանության եւ հանրության հարաբերություններում հսկայական տեղաշարժեր են տեղի ունեցել, եւ հանրության վերաբերմունքը նաեւ այս գործընթացների արդյունքում կարող ենք գնահատել որպես դրական»,- նշել է կառավարության ղեկավարը:

Խոսելով համակարգային խնդիրների մասին՝ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունները շոկային ազդեցություն ունեցան նաեւ ոստիկանության համակարգի վրա, եւ նոր իրավիճակում, նոր Հայաստանում ոստիկանության դերը, գործառույթները, պահվածքի եւ վարվելակերպի կանոնները պետք է հստակեցվեն․ «Կցանկանայի ընդգծել 2 սահման՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը չի կարող լինել սեփական քաղաքացիների նկատմամբ բիրտ ուժ կիրառող մարմին, մյուս կողմից՝ ոստիկանությունը չի կարող դիտորդի նման հետեւել, թե ինչպես են տեղի ունենում իրավիճակներ, երբ քաղաքացիների իրավունքները սահմանափակվում են: Այստեղ հստակ բանաձեւեր չկան, բայց հանրային քննարկումների արդյունքում պետք է հասնենք մի իրավիճակի, որտեղ ոստիկանությունը լինի հստակ իրավակարգի երաշխավորը, եւ դրանում չլինի քաղաքական կողմնակալության որեւէ էլեմենտ: Շատ կարեւոր է իրավապահ համակարգի կայունության որոշակի երաշխիքներ ստեղծելը», - ընդգծել է վարչապետը: Այս համատեքստում կառավարության ղեկավարը կարեւորել է ոստիկանության կարգավիճակի հարցը:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ համակարգային լուրջ փոփոխություններից է ՃՈ-ում նախատեսվող ռեֆորմը. «Առաջիկայում մեր ամենակարեւոր բարեփոխումներից մեկը Ճանապարհային ոստիկանության բարեփոխումն է՝ Պարեկային նոր ծառայության հիմնադրումը, որը բազմաֆունկցիոնալ կլինի: Դա շատ կարեւոր բարեփոխում է, որը հսկայական ֆինանսական միջոցներ է պահանջում, բայց մենք որոշել ենք գնալ այդ ճանապարհով, քանի որ բարեփոխումները կիսատ-պռատ չպետք է լինեն. պետք է լավագույն տեխնիկական եւ կազմակերպչական ապահովվածություն լինի, որպեսզի բարեփոխումն իր նպատակին ծառայի»: 

Կառավարության ղեկավարն ընդգծել է նաեւ ոստիկանության ծառայողների վարձատրության համակարգում այս տարի նախաձեռնված փոփոխությունների կարեւորությունը: «Այս հարցի հետ կապված տարբեր տեսակետներ եւ կարծիքներ կարող են լինել հանրության, փորձագիտական շրջանում, սոցիալական ցանցերում, բայց կարծում եմ՝ սա հստակ եւ ճիշտ ճանապարհ է, որովհետեւ եթե մենք հանցավորության եւ կոռուպցիայի դեմ պայքարում ցանկանում ենք երկարատեւ արդյունքներ ունենալ, պետք է գնանք այդ թվում նաեւ ոստիկանության ծառայողների վարձատրության չափերի շարունակական աճի ճանապարհով: Ընդ որում՝ այդ աճն իրենց վրա պետք է զգան առաջին հերթին շարքային կազմի ծառայողները, որոնք, ըստ էության, հանցավորության դեմ պայքարի առաջնագծում են: Հույս ունեմ, որ այն փոփոխությունները, որ մենք այս առումով ձեռնարկում ենք, իրենց դրական արդյունքը կտան»,- նշել է վարչապետը՝ միաժամանակ կարեւորելով կառուցվածքային բարեփոխումների իրականացումը, ինչը թույլ կտա բարձրացնել ոստիկանության գործունեության արդյունավետությունը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է՝ պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացումը անկյունաքարային նշանակություն ունի երկրի հետագա զարգացման համար:

Երկրի ղեկավարն ընդգծել է, որ ամենակարեւոր առաջնահերթությունն արտաքին եւ ներքին առումով անվտանգության ապահովումն է: «Ընդ որում ներքին անվտանգություն ասելով մենք չենք հասկացել երբեք ու երբեւէ չենք հասկանալու քաղաքացիների իրավունքների եւ ազատությունների սահմանափակում, ընդդիմության գործունեության սահմանափակում եւ այդպես շարունակ: Անվտանգություն ասելով նկատի ունենք իրավակարգը՝ բառիս բուն իմաստով, եւ կարծում եմ, որ վերջին 9 ամիսները ցույց են տվել, որ մեր կառավարությունն ամենեւին ոչ միայն հակված չէ, որպեսզի Հայաստանի զինված ուժերը, ոստիկանությունը, մյուս իրավապահ մարմինները ներքաշվեն քաղաքական գործընթացների մեջ եւ դառնան քաղաքական իրադարձությունների կողմ, այլ, հակառակը, կարողացել ենք ապահովել, որ նման բան տեղի չունենա, եւ սա ամենակարեւոր արձանագրումն է:

Ընդհանուր առմամբ, ոստիկանության առջեւ դրվող խնդիրը կարելի է ձեւակերպել հետեւյալ կերպ. ոստիկանությունը պետք է լինի ուժեղ, պետք է գործի օրենքի տառին համապատասխան, եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները պետք է համոզված լինեն, որ ոստիկանության ծառայության միակ նպատակը իրենց իրավունքները, անվտանգությունը եւ ազատությունները ապահովելն է: Շատ կարեւորում եմ ոստիկանության ուժեղ լինելու հանգամանքը, բայց ուզում եմ ընդգծել, որ ուժեղ չի նշանակում բիրտ, ապօրինություններ, ամենաթողություն գործող, ուժեղ նշանակում է քաղաքացիների նկատմամբ հարգալից, օրենքի նկատմամբ խիստ եւ քաղաքացիների իրավունքների նկատմամբ հավասարակշռված վերաբերմունք ցույց տվող:

Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիները միջազգայնորեն ազատ, արդար, ժողովրդավարական եւ օրինական ճանաչված ընտրություններով ձեւավորված կառավարություն ունեն, եւ այդ կառավարության թիվ մեկ պատասխանատվությունն է երկրում բնականոն կյանքն ապահովելը եւ մարդկանց ազատությունները եւ իրավունքները ապահովելը: Մարդիկ կարող են իրենց կարծիքները բարձրաձայնել, Հայաստանում խոսք անգամ լինել չի կարող հավաքների, երթերի, ցույցերի ազատության սահմանափակման վերաբերյալ, բայց դա չի նշանակում, որ ով ում հետ ինչ խնդիր ունի, պետք է միջպետական մայրուղիներ փակեն, մաքսակետեր փակեն: Այսինքն՝ մարդիկ մաքսանենգություն իրականացնելու իրենց իրավունքը պաշտպանելու համար ճանապարհ են փակում, ասում են՝ մեզ չեք թողնում, որ մենք մաքսանենգությամբ զբաղվենք: Իհարկե, չենք թողնում եւ չենք թողնելու»,- շեշտել է վարչապետ Փաշինյանը:

Այս համատեքստում կառավարության ղեկավարն անդրադարձել է ժողովրդավարական կառավարման վերաբերյալ ձեւավորված կարծրատիպին. «Շատերին թվում է, թե ժողովրդավարությունն այն է, որ ով երբ ինչ ուզում է՝ պետք է անի: Ժողովրդավարությունն ամենախիստ իրավակարգ ունեցող համակարգն է, որովհետեւ օրենքի գերակայությունը ժողովրդավարության առանցքային պայմաններից է. այնտեղ, որտեղ չկա օրենքի գերակայություն, չի կարող լինել ժողովրդավարություն, այնտեղ, որտեղ չկա օրենքի գերակայություն, ժողովրդավարության տանիքի ներքո մենք շատ արագ կբախվենք ամենաթողության հետ:

Մենք այս ուղերձը պետք է շատ հստակ հղենք, ՀՀ քաղաքացիների եւ ոստիկանության հարաբերությունները պետք է լինեն բարձր մակարդակի վրա, պետք է ունենանք փոխադարձ վստահության աճող դինամիկա, բայց մյուս կողմից որեւէ մեկը չպետք է մտածի, որեւէ մեկի մտքով չպետք է անցնի, թե ժողովրդավարությունը թուլություն է. այն չէ եւ չի կարող լինել թուլություն, առավել եւս՝ այսօրվա Հայաստանում: Սրանք շատ կարեւոր արձանագրումներ են, եւ հույս ունեմ, որ իրական կյանքում դրանց արտահայտումը շատ արագ կտեսնենք, ինչի արդյունքը կլինի ոստիկանության եւ հանրության փոխադարձ ըմբռնման, իրավակարգի, անվտանգության մակարդակի բարձրացումը, հանցավորության մակարդակի նվազումը, բացահայտումների բարձր եւ բարձրացող մակարդակը եւ դինամիկան»:

Վարչապետն ընդգծել է նաեւ՝ կոռուպցիոն երեւույթների դեմ պայքարը շարունակական է լինելու. «Ուզում եմ շատ հստակ արձանագրենք, որ կոռուպցիոն երեւույթների նկատմամբ լինելու է զրո հանդուրժողականություն: Հույս ունեմ, որ ոչ ոք չի մտածում, թե մենք կարող ենք այդ ցիկլի մեջ մտնել, որ մեկ, երկու, երեք ամիս հետո ամեն ինչ կվերադառնա ի շրջանս յուր: Ոչ մի բան ոչ մի տեղ չի վերադառնալու, մենք գնալու ենք առաջ»:

Տպել
3365 դիտում

Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության

Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է

Քննարկվել են պարենային անվտանգության ոլորտում փոխադարձ հետաքրքրության հարցեր. հանդիպում ՆԳՆ ոստիկանությունում

Ucom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում

Հրդեհ մայրաքաղաքի Աբովյան փողոցում

Զախարովան մանրամասնել է՝ ինչ են քննարկելու Պուտինն ու Փաշինյանը

Վիտալի Բալասանյանը միացել է Բագրատ սրբազանի գլխավորած շարժմանը

Հայաստանի և այլ երկրների համար ԵԱՏՄ-ին մասնակցությունը լի է առաջին հերթին իրենց համար օգուտներով. Կրեմլ

ՌԴ ԱԳՆ-ն ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպումը Ղազախստանում

Անթույլատրելի է Եկեղեցու՝ ինքնիշխանության դեմ քաղաքական պայքարի «թամադայությունը» ստանձնելու կարգավիճակը. Վարդապետյան

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Մոսկվա (տեսանյութ)

Կրեմլում անհրաժեշտ և սպասված են անվանել Պուտինի և Փաշինյանի առաջիկա բանակցությունները

Մայր Աթոռում քանի՞սն են պատրաստ բարոյական պատասխանատվություն կրել հակապետական քաղաքականության համար. Չախոյան

Ստամբուլի օդանավակայանում արտակարգ դեպք է գրանցվել (տեսանյութ)

«Անկախություն» ու «ազատություն» բառերը քանի՞ անգամ են օգտագործվել. Բաբաջանյանը՝ Գերագույն հոգևոր խորհրդին

Սերբիայի ԱԳ նախարարը լավատես է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարների առումով

Ռուսաստանի և Վրաստանի սահմանին անբարենպաստ եղանակի պատճառով մի քանի հարյուր բեռնատար է կուտակվել

Աստծո անունը քաղաքական կապիտալի վերածելը աստվածահաճո գործ չէ. Ռուբեն Ռուբինյանը՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին

Որոշ շրջաններում կդիտվի -1, -2 աստիճան ցուրտ, անձրևն ու ամպրոպը ՀՀ մի հատվածում կվերածվի կարկուտի

Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

Շվեդիայի եկեղեցու Վեստերիսի եպիսկոպոսն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

17-ամյա անչափահասին դանակահարել են, հափշտակել ոսկյա թևնոցը. կալանավորվել է նրա համադասարանցին

Միասնական ջանքերով կարող ենք զարգացնել համագործակցությունը․ Միրզոյանը՝ Սերբիայի ԱԳ նախարարին

Փոփոխություններ երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու և տեղափոխելու կարգում. ԿԳՄՍՆ

Դատախազության կողմից պետությանը վերադարձված 1 հա մակերեսով երկու հողամասն ամրացվել է Պետգույքի կառավարման կոմիտեին

Գողացել է փողոցում նվագողի՝ մետաղադրամներով լցված արկղը և դիմել փախուստի

Վրաստանի պետական ​​անվտանգության ծառայությունը նախազգուշացրել է՝ ցուցարարների շարքում կան «վճարվող սադրիչներ»

Մայիսյան հաղթանակներով ոգեշնչված՝ մենք կրկին կապրենք ազգային վերելքներ․ Սասուն Միքայելյան

Կառավարությունը 1 միլիարդ 12 միլիոն դրամ գումար հատկացրեց 21 սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար

Ժաննա Անդրեասյանը մեկնել է Իսպանիա

Զինծառայողը մահացու վիրավորումը ստացել է կզակի հատվածում, հարցաքննվել են բոլորը, նախաձեռնվել է վարույթ

1 օրում ՀՀ տարածքում արձանագրվել է 10 տրանսպորտային պատահար. տուժել է 17 մարդ

Քաջարանից Սիսիան 118 կիլոմետր ճանապարհը կկրճատվի, այն կդառնա 60 կիլոմետր. Սանոսյան

Որքան զբոսաշրջիկ է ապրիլին այցելել Հայաստան

Կսահմանվի որոշակի դասընթացների ցանկ, որոնց մասնակցելը պարտադիր կդառնա բուժաշխատողների համար (տեսանյութ)

Փակ բաժնետիրական ընկերությանը պատճառվել է 80 մլն դրամի վնաս (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը մեկնել է Մոսկվա. նախատեսվում է հանդիպում Պուտինի հետ

Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել հարակից ձորակը. կան տուժածներ

Բագրատ սրբազանը «ազատության, արդարության, համերաշխության» փոխարեն առաջարկում է «Աստված, եկեղեցի, թագավոր» կոնցեպտը

Խոշոր չափի մեթամֆետամին՝ ներծծված գուլպաների մեջ. դատապարտյալին այցի եկած անձը ներկայացվել է քննությանը