Կրեմլում անհանգիստ են ԱՄՆ-ի ֆինանսավորած լաբորատորիաներով

Դեկտեմբերի 17-ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ծավալուն հարցազրույց է տվել «Կոմսոմոլսկայա Պրավդա» լրատվականին, որում անդրադարձել է նաեւ Հայաստանին: ՌԴ արտաքին գերատեսչության ղեկավարը, մասնավորապես, խոսել է Հայաստանում եւ նախկին խորհրդային այլ երկրներում տեղակայված ամերիկյան կենսաբանական լաբորատորիաների մասին: Լրատվականի թղթակից Դարյա Ասլամովան խնդրահարույց էր համարել Հարավային Կովկասում ամերիկյան լաբորատորիաների առկայությունը եւ հետաքրքրվել, թե ինչու է Ռուսաստանը «թույլատրել 2016 թ. երեք ամերիկյան կենսաբանական լաբորատորիաների կառուցումը» ռազմավարական դաշնակից Հայաստանի տարածքում:

Ի պատասխան դրան Լավրովը հայտնել էր, որ Երեւանն ու Մոսկվան մշակում են փաստաթուղթ, որով երաշխավորվելու է օտարերկրացի զինվորականների բացակայությունը Հայաստանի տարածքում:

«Համաձայնագիրը երաշխավորելու է, որ այնտեղ օտարերկրյա զինվորականներ չեն լինելու, եւ այն ամենը, ինչ արվում է այնտեղ, թափանցիկ է լինելու՝ սպառնալիքների եւ ռիսկերի բացակայության երաշխիքների առումով»,- նշել է Լավրովը:

Այդ հայտարարությունը տարընթերցումների առիթ հանդիսացավ, քանի որ տարածվում էր զրույցի ընդհանուր համատեքստից դուրս, եւ տպավորություն էր ստեղծվում, թե իբր խոսքը Հայաստանում օտարերկրյա զինվորականների ներկայությունն արգելող համաձայնագրի մասին է: ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը, մեկնաբանելով Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հայտարարությունը, նշել է, որ խոսքը կենսաբանական լաբորատորիաների մասին է:

Դեկտեմբերի 15-ին մամուլի ասուլիսի ընթացքում այս թեմային անդրադարձավ նաեւ Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը: Պատասխանելով «օտարերկրացի զինվորականների ներկայությունն արգելող» համաձայնագրի վերաբերյալ հարցին՝ Կոպիրկինը նշեց, որ ռուսական եւ հայկական կողմերի միջեւ կա երկխոսություն:

«Ես կցանկանայի մի փոքր փոխել տոնայնությունը, Դուք ասում եք «պայմանագիր», «համաձայնագիր», «արգելող»...  Ո՞վ, ո՞ւմ, ի՞նչ կարող է արգելել։ Խոսքը գնում է երկու սուվերեն, հավասար իրավունքներ ունեցող պետությունների համագործակցության մասին։ Հավատացեք ինձ, հարաբերությունները հենց այս հենքի վրա էլ կառուցվում են։ Որքանով որ ես տեղյակ եմ, ռուսական եւ հայկական կողմերի միջեւ կա երկխոսություն կենսաբանական լաբորատորիայի գործունեության շուրջ»,- ասաց նա՝ հավելելով, որ նախկին խորհրդային այլ երկրներում կենսաբանական լաբորատորիաների խնդիրը «անհանգստացնում է իրենց»:

Նրա խոսքով ՝ հայկական կողմի հետ երկխոսությունը կառուցողական հունով է ընթանում։ ՌԴ դեսպանի ասուլիսից հետո ՀՀ ԱԳՆ խոսնակը եւս մեկ անգամ պարզաբանեց ստեղծված իրավիճակը:

«Ստիպված եմ եւս մեկ անգամ կրկնել, որ խոսքը Հայաստանի սանիտարահամարաճարակային վերահսկողության բարձրացումն ապահովող լաբորատորիաների մասին է, որտեղ աշխատում են բացառապես հայ մասնագետներ: Լաբորատորիաները Հայաստանինն են եւ քաղաքացիական բնույթ են կրում: Հայաստանի պարագայում այստեղ ռազմական ներկայության մասին խոսք չկա», - «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց Նաղդալյանը:

Կրեմլին վաղուցվանից են անհանգստացնում հետխորհրդային տարածքում առկա, ամերիկյան ֆինանսավորմամբ ստեղծված լաբորատորիաները: Անհանգստության պատճառներից է մասնավորապես այն, որ լաբորատորիաները կառուցվել են ԱՄՆ ՊՆ-ի միջոցներով: Մտավախություն կա, որ այդ լաբորատորիաներում գաղտնի հետազոտություններ են կատարվում կենսաբանական զենքի ստեղծման եւ օգտագործման ուղղությամբ:

Այս թեման ակտիվացել էր սեպտեմբերին, երբ Վրաստանի պետանվտանգության նախկին նախարար Իգոր Գեորգաձեն փաստաթղթեր հրապարակեց, որտեղից հայտնի է դառնում, որ Վրաստանում գործող կենսաբանական լաբորատորիաները հնարավոր է զբաղվում են կենսաբանական զենքի մշակմամբ եւ մարդկանց վրա փորձարկումներով:

2008 թ. Հայաստանում ԱՄՆ ֆինանսավորմամբ ստեղծվել են մի քանի լաբորատորիաներ: Դրանք զբաղվում են վիրուսների հայտնաբերման եւ դրանց արագ չեզոքացման հնարավորությունների զարգացմամբ: Այդուհանդերձ, Վրաստանում գործող լաբորատորիաները եւս չէին հայտարարում մարդկանց վրա կատարվող փորձերի մասին:

Ինչ վերաբերվում է Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ պատրաստվող փաստաթղթին, ապա դրա անհրաժեշտությունը բխում է դեռեւս 2016 թ. հոկտեմբերի 14-ին Երեւանում կայացած Հավաքական անվտանգության խորհրդի նիստում կայացրած որոշումներից: Նիստի ընթացքում դիտարկվել է մինչեւ 2025թ. ՀԱՊԿ հավաքական անվտանգության ռազմավարության նախագիծը, որն արձանագրում է «նոր՝ այդ թվում բակտերիոլոգիական զենքերից բխող սպառնալիքների չեզոքացման մեխանիզմների ստեղծման անհրաժեշտությունը»: Դա ենթադրում է ՀԱՊԿ անդամ երկրներում գործող ԱՄՆ ՊՆ-ի կողմից ֆինանսավորվող լաբորատորիաների գործունեության վերաբերյալ իրավական բազայի ստեղծում եւ դրանցում ստուգումներ իրականացնող մարմինների եւ մեխանիզմների կազմավորում:

Հայաստանում այդ մեխանիզմն արդեն որոշակիորեն գործարկվել է: Սեպտեմբերին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Կոմերսանտին» տված հարցազրույցում նշել էր, որ ռուսաստանցի մասնագետներն իր թույլտվությամբ եղել են այդ լաբորատորիաներում եւ համոզվել, որ այնտեղ ոչ մի վտանգավոր բան չկա: Բացի դրանից, Փաշինյանը հայտնել էր, որ պատրաստ է քննարկել այդ լաբորատորիաների համատեղ օգտագործման հարցը:

Ակնհայտ է, որ հայաստանյան լաբորատորիաները, եթե անգամ ինչ-որ տվյալներ են ուղարկում ԱՄՆ, Վրաստանի լաբորատորիաներից տարբերվող գործառույթ են կատարում: Իսկ բազմաթիվ պնդումները, որ դրանք լիովին ՀՀ կառավարության հսկողության տակ են, գրեթե զրոյացնում են դրանցում կենսաբանական զենք ստեղծելու հավանականությունը: Ինչ վերաբերվում է Փաշինյանի՝ լաբորատորիաները համատեղ օգտագործելու առաջարկին, ապա ռուսական կողմն, ամենայն հավանականությամբ, դրական կարձագանքի դրան՝ համապատասխան իրավական բազայի ստեղծումից հետո:

Տպել
1186 դիտում

Ինչպիսին կլինեն տոնական միջոցառումները Գյումրիում ու Երեւանում. ժամանակացույց

Ինչո՞ւ են նախկինները գործում կամիկաձեների դեմ

Մամեդյարովի հետ հանդիպումից առաջ Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Արցախի ԱԳ նախարարի հետ

ԵՄ-ի և ՎԶԵԲ-ի աջակցությամբ Հայաստանում բացվում է մասնավոր բաժնեմասնակցային ներդրումային ֆոնդ` 70 մլն եվրո ներգրավմամբ

Արման Սարգսյանը դիրքեր է ճանապարհել ոստիկանության զորքերի ծառայողներին (տեսանյութ)

Արարատի մարզի Նորամարգ գյուղում այրվել է մոտ 200 հակ անասնակեր

ՀՀ կառավարությունը որդեգրել է նորարարական և ներառական տնտեսություն կառուցելու ուղին. Տիգրան Ավինյան

Հանրայինն ունի իր հայեցողությամբ վերահեռարձակող ընտրելու իրավունք. Արա Շիրինյանի պատասխանը՝ Օղլաղչյանին

Իջեւանում՝ մարզպետարանին հարող կամրջից մինչև հիվանդանոցին հարող կամուրջ կտեղադրվեն լեդ լուսատուներ

Գյումրու դրամատիկականը «Թռիչք»-ով բացեց 154-րդ թատերաշրջանը

Աննա Հակոբյանը տեսակցել է շենքի 6-րդ հարկից ընկած 2․5 տարեկան Արվին Վիքսոմին (լուսանկարներ)

Արցախի Հադրութի շրջանի եւ Ֆրանսիայի Իզեր նահանգի միջեւ ստորագրվել է բարեկամության հռչակագիր. Արցախի ԱԳՆ

Միքայել Մինասյանի ընկերությունը «Առաջին ալիքին» վճարում է մի սերիալի չափ գումար. կոռուպցիոն սխեմայի վտանգ

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Ավստրալիայի խորհրդարանական պատվիրակության հետ

Արցախի նախագահը շնորհավորել է ՀՀ նախագահին՝ Անկախության օրվա կապակցությամբ

Առաջին ազատումը՝ Վալերի Օսիպյանի հրաժարականից հետո. 7-րդ վարչության պետն ազատվել է աշխատանքից

Վայոց ձորի մարզի որոշ դպրոցներում իրավիճակի թեժացման փորձերը մտահոգիչ ենք համարում. ԿԳՄՍՆ

Ամուլսարի պաշտպանության համար Երեւանում մեկնարկել է հանրահավաք

Նիկոլ Փաշինյանն ու Լիբանանի ազգային պաշտպանության նախարարը քննարկել են պաշտպանության ոլորտի փոխգործակցության հարցեր

Ադրբեջանցիները թող պատրաստվեն ջախջախվելու՝ սա իսկական առիթ է. Լեւոն Շիրինյան