ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունն ագրեսիվանում է. Stratfor-ի վերլուծությունը

Ամերիկյան հեղինակավոր Strategic Forecasting Inc. (Stratfor) հետախուզա-վերլուծական ընկերությունն իր վերջին վերլուծությունում անդրադարձել է ԱՄՆ-ի՝ Ռուսաստանի դեմ տարվող պայքարի ռազմավարությանը: «Միացյալ Նահանգները կենտրոնանում է Ռուսաստանի սահմանամերձ շրջանների վրա» հոդվածում նշվում է, որ ԱՄՆ-ն, փորձելով ճնշում գործադրել Ռուսաստանի վրա, ձգտելու է ամրապնդել կապերը նախկին խորհրդային տարածքում գտնվող երկրների հետ՝ Արեւելյան Եվրոպայից մինչեւ Կովկաս եւ Կենտրոնական Ասիա:

Տարածաշրջանների ընտրությունը բացատրվում է նրանով, որ պատմականորեն հենց այդ տարածքների նկատմամբ վերահսկողությունն է առանցքային ազդեցություն ունեցել Ռուսաստանի՝ որպես տարածաշրջանային եւ համաշխարհային տերություն կայանալու վրա:

Stratfor-ի վերլուծաբանների կարծիքով՝ նշված տարածաշրջաններում գտնվող արեւմտամետ երկրների հետ ԱՄՆ-ն խորացնելու է համագործակցությունը անվտանգության ոլորտում՝ զենքի վաճառքի եւ զորավարժությունների միջոցով, իսկ «Մոսկվայի ուղեծրում գտնվող երկրներին» փորձելու է տնտեսական խթաններ եւ անվտանգության երաշխիքներ առաջարկել՝ նրանց կախվածությունը Ռուսաստանից թուլացնելու համար:

Ըստ Stratfor-ի՝ 2018 թ. ընթացքում Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ լարվածությունը գործնականում չի թուլացել, իսկ ԱՄՆ-ի վերջին քայլերը հուշում են, որ հաջորդ տարի թուլացում եւս չի նախատեսվում:

Կենտրոնական Ասիայում որպես ԱՄՆ հետաքրքրությունների թիրախ առանձնացվում են Ղազախստանն ու Ուզբեկստանը: Նշվում է, սակայն, որ լուրջ փոփոխություններ չեն սպասվում: Հոդվածում առանձին դիտարկվում է Ուզբեկստանի օրինակը եւ նշվում, որ թե՛ ԱՄՆ-ն, թե՛ Ռուսաստանն ու Չինաստանը հավասարապես են ազդելու այդ երկրի վրա, ուստի վերջինին կհաջողվի պահպանել «փխրուն հավասարակշռությունը»:

Արեւելյան Եվրոպայի ամենաթեժ կետը շարունակելու է մնալ Ուկրաինան: Հոդվածում նշվում է, որ Միացյալ Նահանգները աջակցելու է Ուկրաինային՝ Ազովի ծովում ռազմածովային ուժերի ամրացման աշխատանքներում, քանի որ դա Ռուսաստանի հետ հակամարտության հնարավոր թեժ կետերից է: Stratfor-ի կանխատեսման համաձայն՝ դեպքերի նման զարգացումը, կխաթարի խաղաղ բանակցային գործընթացը եւ կնվազեցնի հակամարտության կարգավորման եւ ՄԱԿ խաղաղապահների տեղակայման հավանականությունը:

Ըստ Stratfor-ի վերլուծության՝ Հարավային Կովկասը եւս հարուստ է լինելու իրադարձություններով: Միացյալ Նահանգները կենտրոնանալու է Հայաստանի հետ հարաբերությունները բարելավելու վրա:

«Հայաստանն ավանդաբար Ռուսաստանի ամենամոտ եւ հավատարիմ դաշնակիցներից էր՝ Մոսկվայի ղեկավարած ԵԱՏՄ-ի եւ ՀԱՊԿ ռազմական բլոկի անդամ, սակայն ապրիլյան թավշյա հեղափոխության արդյունքում ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո մի քանի ամսվա ընթացքում քաղաքական լարվածություն առաջացավ Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ», - ասված է հոդվածում:

Հիմնվելով դրա վրա՝ Stratfor-ի փորձագետները պնդում են, որ ԱՄՆ-ն հույս ունի օգտագործել այդ լարվածությունը՝ հայ-ռուսական հարաբերությունների մեջ սեպ խրելու համար, ինչպես արդեն փորձել են անել, երբ ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը Երեւանում հայտարարեց Հայաստանին զենք վաճառելու հնարավորության մասին:

Հայ-ռուսական հարաբերություններում լարվածության զգալի անկումը, եթե չասենք վերացումը, ըստ երեւույթին, վրիպել է Stratfor-ի վերլուծաբանների աչքից: Այդուհանդերձ, դա չի նշանակում, որ ԱՄՆ-ն չի փորձելու սեպ խրել Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ: Զենքի վաճառքի վերաբերյալ Բոլթոնի հայտարարության նման մտքերը բավական մեծ վտանգ են պարունակում հայ-ռուսական հարաբերությունների համար՝ նախ եւ առաջ հենց Մոսկվայի տեսանկյունից: Բացի զինտեխնիկայի, ըստ էության, մենաշնորհային դիրքը կորցնելու վտանգից՝ Ռուսաստանին սպառնում է իսպառ զրկվել տարածաշրջանում ունեցած իր ազդեցությունից:

Ինչեւէ, Stratfor-ի մասնագետները եւս չեն կարծում, որ Հայաստանը կհրաժարվի Ռուսաստանի հետ ռազմավարական դաշնակցությունից, թեեւ նշում են, որ քաղաքական խմորումները երկու դաշնակիցների միջեւ կարող են հնարավորություն տալ Միացյալ Նահանգներին՝ զրկել Ռուսաստանին առանցքային դաշնակցից:

Հոդվածում անդրադարձ կա նաեւ Ադրբեջանին: Ըստ Stratfor-ի՝ Ադրբեջանը գրավում է ԱՄՆ-ին Իրանի դեմ պայքարի տեսանկյունից:

«Ադրբեջանի եւ նրա հարավային հարեւանի միջեւ հարաբերությունները լարված կլինեն, քանի որ կառավարությունը ձգտում է պահպանել արտաքին հավասարակշռությունը՝ ընդունելով ԱՄՆ-ի՝ Թեհրանին զսպելու ռազմավարությանը», - ասված է հոդվածում:

Միեւնույն ժամանակ նշվում է, որ ԱՄՆ-ն կմեծացնի տարածաշրջանում Եվրամիության եւ ՆԱՏՕ-ի հետ ինտեգրացիոն գործընթաց իրականացնող միակ երկրին՝ Վրաստանին տրամադրվող աջակցությունը:

Ըստ հոդվածի հեղինակների՝ Ռուսաստանը ԱՄՆ-ի քայլերին պատասխանելու է Արեւմուտքի դեմ հիբրիդային պատերազմ վարելով՝ նպատակ ունենալով «խաթարել Եվրոպայի եւ ՆԱՏՕ-ի միասնությունը»: ՌԴ-ն, համաձայն Stratfor-ի, «միջամտելու է արեւմտյան եւ արեւմտամետ երկրների ներքին քաղաքականությանը, քարոզչություն է տարածելու, կիբերհարձակումներ եւ գաղտնի գործողություններ իրականացնելու»:

Stratfor-ն իրեն դիտարկում է որպես աշխարհաքաղաքական հետախուզության եւ խորհրդատվական ընկերության, սակայն ունի «ստվերային ԿՀՎ»-ի համբավ: Այս ընկերության կանխատեսումները հաճախ են իրականություն դառնում, ուստի ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության վերաբերյալ հոդվածը ոչ այնքան կանխատեսում է, որքան կարող է հստակ ազդակ հանդիսանալ` ԱՄՆ-ի հաջորդ տարվա ագրեսիվ արտաքին քաղաքականության:

Տպել
1657 դիտում

Զինված խմբի պարագլուխ համարվող Արթուր Վարդանյանը դատի է տվել Էդուարդ Շարմազանովին

Սիրիայում 4 երեխա է զոհվել, 9-ը՝ ծանր վիրավորում ստացել, իր տունը հարկադրված լքել է 70 հազար երեխա. ՅՈՒՆԻՍԵՖ

Երեւանի աղբահանության հիմնարկի բաժիններից մեկի պետը դուրս է գալիս աշխատանքից

Զորավարժությունների արդյունքում մեր վստահությունն ավելացել է մեր ԶՈՒ-ի և հավաքական ուժի նկատմամբ. վարչապետ

Գյումրիում այրվել է մոտ 10 հա խոտածածկ տարածք և 20 պտղատու ծառ

Շուշի քաղաքում բացվել է հայ-իրանական գիտամշակութային կենտրոն

Երևանում և ևս 7 մարզում այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն

Թել Աբյադ քաղաքի հայ ընտանիքները երեկ Հալեպ են հասել, Ղամիշլիում իրավիճակը համեմատաբար հանդարտ է․ Զարեհ Սինանյան

Սպանդանոցները ունեն համապատասխան հզորություններ և պատրաստ են մատուցելու անհրաժեշտ ծառայությունները

«Երևան Մոլ»-ի ավտոկայանատեղիում կոտրել են Lexus-ի ապակին և հափշտակել մոտ 6 մլն դրամ

ՍԴ-ն խուսափում է կատարել իր վրա դրված Սահմանադրական առաքելությունը․ Վարդանյանը՝ ԱԺ դիմումը վարույթ չընդունելու մասին

Բալթյան պաշտպանական քոլեջի դեկանն այցելել է Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան

Հակատանկային ստորաբաժանումներում կազմակերպվել են գործնական պարապմունքներ

Հայ ականազերծողների և բժիշկների մարդասիրական առաքելության նոր խումբը մեկնել է Սիրիա

Բակո Սահակյանը խորհրդակցություն է անցկացրել ԱԳՆ-ի ղեկավար կազմի եւ արտերկրում մշտական ներկայացուցիչների հետ

Զոհեր և 100-ի հասնող ծանր վիրավորներ. ռազմական գործողությունները Սիրիայում շարունակվում են. օր 6-րդ

Ալավերդու ԲԿ տնօրենի պաշտոնի շուրջ աղմուկը կարող է հասնել դատարան. հավակնորդը մրցութային կարգի իր մեկնաբանությունն ունի

«Հրազդան» ՔԿՀ ծառայողները նկատել են հիմնարկ նետված դեղահաբերը

Բոլոր մարզերի կողմից կներկայացվեն մարզը զբոսաշրջիկների համար հետաքրքիր դարձնող ծրագրեր. Պապիկյան

Փլուզում Մեծարենցի փողոցում. փլուզվել է տան արտաքին պատերից մեկը, ճաքճքել են մյուսները