Ինչո՞ւ է Ադրբեջանը խոսում ՀԱՊԿ-ին անդամակցելու մասին

Վերջին շրջանում ադրբեջանական մամուլում կրկին ակտիվացել են խոսակցությունները Ադրբեջանի՝ ՀԱՊԿ-ին հնարավոր անդամակցության վերաբերյալ: Խոսակցություններն ակտիվացան հատկապես այդ թեմայով Բաքվում տեղի ունեցած հասարակական քննարկումներից հետո:

Դրանց ընթացքում ռուս-ադրբեջանական միջխորհրդարանական համագործակցության խմբի ղեկավար Ալի Հուսեյնլին հայտարարել էր, որ նոր աշխարհաքաղաքական իրականությունում չի կարելի բացառել, որ Ադրբեջանը կդառնա ՀԱՊԿ անդամ: Նա իր խոսքում նշել էր, որ Ադրբեջանի՝ ՀԱՊԿ-ին անդամակցելու դեպքում արցախյան հակամարտությունը Ռուսաստանի համար կվերածվի ՀԱՊԿ-ի շրջանակներում երկու գործընկեր պետությունների միջեւ հակամարտության, ինչն էլ իր հերթին կակտիվացնի Ռուսաստանի ջանքերը՝ այն լուծելու ուղղությամբ: Հուսեյնլին, թերեւս, մոռացել էր, որ Մինսկի խմբի համանախագահ երկրները երեքն են, եւ նույն տրամաբանությունից ելնելով՝ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է շտապեն անդամակցել նաեւ ՆԱՏՕ-ին:

Անհասկանալի է նաեւ, թե Ադրբեջանի՝ ՀԱՊԿ մտնելուց հետո ինչպիսին, ըստ ադրբեջանցի պատգամավորի, պետք է լինի կազմակերպության արձագանքը ՀՀ եւ Ադրբեջանի միջեւ հնարավոր պատերազմական գործողություններին, օրինակ՝ նախիջեւանյան ուղղությամբ, որտեղ վերջին շրջանում ակտիվություն է նկատվում Ադրբեջանի կողմից: Բացի այդ, անգամ եթե ռազմական գործողություններ չլինեն, Ադրբեջանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին կխաթարի կազմակերպության բնականոն գործունեությունը, քանի որ անդամ երկրները՝ ընդհանուր անվտանգության տրամաբանությունից ելնելով, միմյանց են տրամադրում ռազմավարական նշանակության տեղեկատվություն, համատեղ զորավարժություններ եւ անվտանգության այլ միջոցառումներ անցկացնում:

Մեկ այլ խնդրահարույց թեմա է այն, թե ինչպես է Բաքուն փորձելու համադրել անդամակցությունը ՀԱՊԿ-ին, որը ռազմաքաղաքական դաշինք է, եւ «Չմիացած երկրների շարժման» կազմակերպությանը, որի անունից միայն պարզ է դառնում կազմակերպության բնույթը:

Անգամ եթե Ադրբեջանը, անտեսելով վերոնշյալ կետերը, այդուհանդերձ, փորձի դառնալ ՀԱՊԿ-ի անդամ՝ նա չի կարող հաշվի չնստել այն հանգամանքի հետ, որ նոր պետության անդամակցության շուրջ որոշումները ՀԱՊԿ-ում կայացվում են կոնսեսուսի հիման վրա, այսինքն, ըստ էության, յուրաքանչյուր երկիր ունի վետոյի իրավունք: Հայաստանն իր վետոյի իրավունքից չօգտվելու առիթ չունի:

Այդուհանդերձ, ՀԱՊԿ-ին անդամակցելու գործնական անհնարինությունը խոչընդոտ չէ դրա մասին բարձրագոչ հայտարարություններ անելու համար: Հնարավոր անդամակցության մասին խոսակցությունների նպատակն այլ է: Ադրբեջանն այդպիսով այլ ազդակ է ուղարկում Մոսկվային: Ըստ ադրբեջանցի փորձագետների՝ Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին կրում է ֆորմալ բնույթ, քանի որ Հայաստանը հեղափոխությունից հետո անխուսափելիորեն շարժվելու է դեպի արեւմուտք, ինչն էլ, վաղ թե ուշ, շրջելու է Ռուսաստանի հայացքը դեպի «տարածաշրջանում միակ իրական դաշնակիցը»՝ Ադրբեջանը: Այս փաստարկն աշխատում է նաեւ Իրանի դեպքում, փոքր-ինչ այլ տեսանկյունից: Բանն այն է, որ «օկուպացված» տարածքները բավական երկար սահմաններ ունեն Իրանի հետ, իսկ «արեւմտամետ Հայաստանի վերահսկողության տակ գտնվող» իրանական սահմանը ուղիղ սպառնալիք է Իրանի անվտանգությանը:

Նմանատիպ հայտարարությունները տեղեկատվական պատերազմի բաղադրիչ մասն են: Դրանցով Ադրբեջանը փորձ է անում հայ-ռուսական որոշակիորեն լարված հարաբերությունների ֆոնին ամրապնդել ռուսական մամուլում առկա տրամադրություններն առ այն, որ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը կատարվել է ընդդեմ Ռուսաստանի եւ դուրս մղել նրան քիչ թե շատ կարգավորված անվտանգային համակարգից:

Միեւնույն ժամանակ ադրբեջանական փորձագիտական շրջանակները եւ մամուլը փորձում են տպավորություն ստեղծել, որ ՀԱՊԿ-ի շրջանակներում Ռուսաստանն առայժմ ունի այն ազդեցությունը Հայաստանի վրա, որով կարող է ստիպել մեզ չօգտվել վետոյի իրավունքից՝ Ադրբեջանի հնարավոր անդամակցության հարցը քննարկելիս: Դա ինքնին պարադոքսալ պնդում է, քանի որ, Հայաստանի Հանրապետության եթե ոչ գլխավոր, ապա գոնե ամենաիրատեսական սպառնալիքը հենց Ադրբեջանն է, ուստի վերջինիս անդամակցության պարագայում ՀԱՊԿ-ն, որպես ռազմաքաղաքական դաշինք, Հայաստանի համար կկորցնի իր իմաստը: Որպես հետեւանք, Հայաստանը ստիպված կլինի անվտանգության այլընտրանքային երաշխիքներ փնտրել՝ արդեն եվրասիական հարթությունից դուրս:

Ինչ վերաբերվում է ՀԱՊԿ-Ադրբեջան համագործակցությանը, ապա առավելագույնը, ինչի հույս կարող են ունենալ Բաքվում, դա ՀԱՊԿ-ում դիտորդի կարգավիճակն է, ինչը եւս անցանկալի, սակայն կախված դրա փոխարեն Հայաստանին տրամադրվող դիվիդենտներից, ընդունելի տարբերակ է:

Տպել
1430 դիտում

Իսկ գուցե պատճառներն ավելի պա՞րզ են

Սեպտեմբերի 21-ին Գյումրիում փակ են լինելու որոշ փողոցներ (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը եղել է Հանրայինի արխիվի նոր մասնաշենքում, լսել Առաջին ալիքի հաշվետվությունը

Գրոզնիում առեւտրի կենտրոն է հրդեհվել. ուժգին կրակն ընդգրկում է 700 քմ տարածք

Եվրախորհրդարանը դատապարտել է Թուրքիայում հիմնարար իրավունքների ու ազատությունների ոտնահարումը

Աղավնատուն գյուղում սպանության փորձի մասնակիցների ինքնությունը հայտնի է․ նոր մանրամասներ

Փոխվարչապետ Գրիգորյանն ընդունել է ԵՀ Հարևանության հարցերով գլխավոր տնօրենի տեղակալին

Սևանի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել (տեսանյութ)

Ոստիկանները բացահայտել են Վահագնի գյուղի հարակից անտառում երկու ծառի անօրինական հատման դեպք

Վթար Երևանի Շիրակի փողոցում. վարորդներից մեկը տեղափոխվել է հիվանդանոց

Ով է հերոս եւ ով՝ հակահերոս. Կառավարությունն արձագանքում է հանրային պահանջին

ՀՀ ԱԽ քարտուղարը նշանակման առթիվ շնորհավորել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդականին

Երեւանի Նոր Արեշ փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է դի

ՀՀ կառավարությունը շահագրգռված է «Բոինգ» կորպորացիայի հետ փոխշահավետ համագործակցությամբ. վարչապետ

Ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարը հանդիպել է Բելառուսի իրավապահների պատվիրակության հետ

Վարչապետն ընդունել է «HSBC International» Եվրոպայի զարգացման գծով տնօրենին

Եվրոպայի չեմպիոն Հարությունյանն ու Եվրոպայի Մ-23 չեմպիոն Թեւանյանն ըմբշամարտի ԱԱ-ից կգան առանց մեդալի

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը գնեց մեծ կտավի իր 100 մասնիկը

Վերահսկվում է հակաանասնահամաճարակային միջոցառումների կատարման ընթացքը ողջ հանրապետությունում. ՍԱՏՄ

Նիկոլ Փաշինյանն այցելել է Հանրային հեռուստաընկերություն (տեսանյութ)