Գումարը ողորմելի է եղել, դաստիարակը չի ընդունել, հիմա պետք է լրացնեն. ահազանգում է ծնողը

Վիրտուալ տիրույթում վերջին օրերին թեժ քննարկվող թեմաներից մեկը վերաբերում էր Երեւանի N68 մանկապարտեզին: Ծնողներից մեկի՝ այդ քննարկումները հարուցած գրառումը նաեւ պատճառ էր դարձել, որ այսօր մանկապարտեզում ժողով հրավիրվեր:

Ծնողը, որի անունը լայն հասարակության համար հրապարակված գրառումներում ջնջված է, տեղեկացրել էր.

«Նախկին տնօրենը անտանելի դրամահավաքներ էր անում ու շատ անօրինական քայլեր: Իրեն հեռացրեցին, նոր տնօրենը արգելեց դրամահավաքները, բայց ուսուցչի տոնին, երբ շնորհավորեցին, ընդունեց: Մեր պարտեզում շնորհավորելու համար ֆիքսված թվեր կան, օրինակ դաստիարակ՝ 35 000, դայակ՝ 25 000: Ամանորին խմբում հավաքվել էր 30 000 դրամ: Կիսեցինք երկու մասի, տվեցինք, բայց դաստիարակը նեղվել էր 15 000 ողորմելի թվից ու չվերցրեց՝ ասելով՝ ոնց որ մյուս խմբերում, այնպես էլ ինձ: Հիմա դիմացը Մարտի 8 է, ու մեր կոմիտեն (ծնողական խորհրդի նախագահը-խմբ.) ասում է՝ 50 000՝ դաստիարակ՝ Նոր տարին էլ հետը, 40 000 դայակ՝ ծնունդ ու Մարտի 8, + տնօրեն, մանկավարժ, բուժքույր, երգ, ֆիզկ.: Ու ասում է դրվածքը դա է, ոնց մյուս խմբերում, այնպես էլ մենք: Ասածս այն է՝ ոնց անենք, որ էդ դրվածքը չլինի»:

Ծնողը նաեւ նկատել էր, որ տարվա մեջ մի քանի տոն ու առիթ է լինում, իսկ դա նշանակում է, որ իրենց ուսերին բավական մեծ ֆինանսական բեռ է ընկնում:

Այսօր մանկապարտեզում հրավիրված ժողովի ժամանակ կրտսեր խմբի ծնողները ու հատկապես ծնողական խորհրդի նախագահ Անժելա Սարգսյանը պնդում էր, որ գումարը հավաքելիս որեւէ պարտադրանք չի եղել, եւ իրենք ընդամենը ցանկացել են շնորհակալ լինել՝ երեխաների նկատմամբ հոգատար վերաբերմունքի համար: Գումարը, սակայն, չի ընդունվել, ու հետեւաբար քննարկելու պատճառ էլ չկա: Ծնողները հերքում էին, թե փողով ծրարը մերժելու պատճառը պարունակությունը քիչ լինելն է:

Նրանք նաեւ սվիններով էին ընդունում ժողովին ի դեպ անսպասելի ներկայացած Երեւանի ավագանու ԵԼՔ խմբակցության անդամ, կրթության, մշակույթի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանի դիտարկումը, թե գումար նվիրելն անօրինական է ու կաշառք: «Ժողովուրդ ջան, ինչպես եք պատկերացնում, այս կեղծիքով ինչ երեխա եք դաստիրակելու»,- հարցնում էր նա, իսկ ծնողները հավատացած էին, որ կեղծիք չկա, իսկ իրենց երեխաներին էլ, այդպիսով, շնորհակալ լինել են սովորեցնում:

Հերքումների ճանապարհն ընտրած ծնողներին ու աշխատակազմին Արայիկ Հարությունյանը հայտնեց, որ խնդրով կզբաղվի ոստիկանությունը:

«Ծնողներն իրենք են մոտեցել ու առաջարկել, որ ինչ-որ կերպ շնորհավորենք Նոր տարին: Կան մարդիկ, ովքեր աշխատում են, որոշեցինք գումար տալ, որը պրակտիկ է ու վերահսկելի: Հետո՝ նախասիրության հարց է: Բայց գումարը տալու վայրկյանին, ծրարը երբ որ դրեցինք, (դաստիարակը-խմբ.) շատ բարկացավ, հետ վերադարձրեց ծրարը: Մինչեւ խումբ մտնելը դաստիարակը բարկացած էր: Ասաց՝ ես շտապում եմ, պիտի բարձրանամ վերեւ, բարկությունս ձեզ վրա չթափեմ հանկարծ»,- մեզ հետ զրույցում ասաց կրտսեր խմբի ծնողական խորհրդի նախագահը:

Ծրարը փորձել են դաստիարակին փոխանցել դեկտեմբերի 27-ին՝ «Դիմակահանդեսի» օրը: «Արդեն շատ խառնաշփոթ վիճակ էր, ինքն էլ շատ բարկացած, ու մենք էլ առիթը օգտագործելով, որ խառնաշփոթ է, ծրարը թողեցինք, դուրս եկանք: Դրանից հետո, երբ որ իմ տարած անձնական զարդարանքները վերադարձրեց, ծրարը նորից մեջն էր դրած»,- մանրամասնեց Անժելա Սարգսյանը:

Չընդունված գումարը, սակայն, նա դեռ չի վերադարձրել ծնողներին: Մեր զրուցակիցը պարզաբանեց, թե նախ իր երեխան արձակուրդից հետո առաջին օրն է մանկապարտեզ հաճախել, եւ հետո ինքը պարբերաբար մյուս ծնողներից հետաքրքրվել է, թե ինչպես վարվի այդ գումարի հետ: Որոշվել է դեռ պահել, իսկ հետագայում հնարավոր է փոխանցել «Օգնիր մանկապարտեզիդ» կայքին:

Ժողովի ժամանակ չհերքվեց, որ ծնողները գալիք Մարտի 8-ի համար եւս մտադիր են փող հավաքել: Բայց եթե մանկապարտեզում դա սկզբունքորեն մերժվում է, ուրեմն ինչու նորից նման քայլի գնալ: Անժելա Սարգսյանը մեր այս հարցին պատասխանելով՝ ասաց, թե այս անգամ ցանկանում են որեւէ նվեր գնել: «Հաճելի է, ամեն դեպքում, երբ որ տոնին դիմացինիդ շնորհավորում ես՝ լինի մտերիմ, դաստիարակ, թե հարազատ ինչ-որ մեկը»,- արձանագրեց նա:  

Ժողովի ժամանակ բազմաթիվ ծնողներ ասում էին, որ նախկինում ընկեր Լարիսայի խումբ են հաճախել նաեւ իրենց ավագ երեխաները: Անժելա Սարգսյանը նույնպես երկրորդ երեխային է ուղարկում N68  մանկապարտեզ: Այդ դեպքում հարց է առաջանում՝ միթե սեփական փորձով իրենք արդեն չգիտեին, որ գումարը մերժելի տարբերակ է: «Նախորդ երեխայի փորձից ելնելով... Ես այդքան չեմ հաճախել նախորդի ժամանակ: Ես այդ ընթացքում նաեւ աշխատել եմ, այդքան չեմ հասցրել: Ծնողերի մեծ մասն, այնպիսի դրվածք է, որ մի քանի երեխա ունեն: Կուզեն անհատական մոտեցում ցուցաբերել, ասենք՝ փոքր ծաղկեփունջ առնել, բայց հնարավորությունը կարող է չների, իսկ ցանկությունը կա: Դրա համար որոշեցինք այս անգամ ընդհանրական անենք: Իսկ նախորդ խմբում ես ծաղկեփունջ եմ նվիրել, քաղցր եմ դրել, քաղցրը հետ է վերադարձրել»,- պատասխանեց ծնողխորհրդի նախագահը:

Տնօրեն Նառա Պետրոսյանը ժողովից հետո մեր զրույցում ասաց, թե ինքը միայն ուրբաթ օրն է իմացել այս պատմության մասին, երբ այն արդեն հանրային արձագանք էր ստացել. «Պարտադիր դրամահավաքություն չի եղել: Իմ աշխատելու առաջին իսկ օրվանից ես դա խիստ դրել եմ: Ես տեղյակ չեմ եղել, որ ծնողները հավաքել են: Ես իմացել եմ, երբ որ ուրբաթ օրը դա արձագանք է ստացել»:

Նա վստահեցրեց, թե մանկապարտեզի կրտսեր խմբից բացի, այլ խմբերում աշխատողներին ծնողները փող չեն նվիրել: Բացառեց, որ այս դեպքի պես հնարավոր է վրիպել է իր ուշադրությունից. «Չէ, ես զգուշացրել եմ իրենց, չեմ կարծում, որ կվերցնեին: Միանշանակ ես պնդում եմ: Իմ առաջին իսկ օրվանից ես այնպես խիստ եմ դրվածքը դրել, որ դա բացառվում է»: Հարցին, թե եթե անգամ պարտադրանք չի եղել, երեւույթը նորմա՞լ է, երբ տվյալ դեպքում կրտսեր խմբի ծնողները գումար են հավաքում եւ ծրարով փոխանցում դաստիարակին, թե՛ տնօրենը եւ թե՛ նրա աշխատասենյակում գտնվող դաստիարակը բացասական պատասխան տվեցին:

«Իհարկե ոչ, եւ ես հրաժարվել եմ»,- ասաց տիկին Լարիսան՝ շարունակելով. «Գիտեին, որ պետք է խոսեմ, այնքան աննկատ էին դա հավաքել, որ ես չեմ նկատել: Եթե ես նկատեի, նորից կարգելվեր: Ես ամեն անգամ իրենց հիշեցնում եմ, որ դա չպետք է լինի, չի կարելի, որովհետեւ հենց ուսումնական տարվա սկզբից նշել եմ, որ տնօրենը շատ խիստ ձեւով արգելել է: Աղջիկնե՛ր, ասել եմ, եթե առաջներում եղել է, հիմա չպետք է լինի»: Այսինքն՝ տնօրենի փոփոխությունից հետո՞ է արգելվում: «Չէ, այն ժամանակ էլ է արգելվել, միշտ էլ արգելվել է»,- մեր դիտարկմանն արձագանքեց դաստիարակը: Այդ դեպքում ծնողները պիտի իմանային, որ փողն ի սկզբանե չընդունվող տարբերակ է: Սրան ի պատասխան էլ դաստիարակն ասաց. «Գիտե՞ք, միայն այստեղ չէ, բոլոր տեղերում էլ կա»:

Այսպիսով, որքան էլ այսօր բարձրաձայնվեց N68 մանկապարտեզում դրամահավաքության մասին, խնդիրը գրեթե զանգվածային բնույթ է կրում: Երեւանի ավագանու ԵԼՔ խմբակցության անդամ Արայիկ Հարությունյանից հետաքրքրվեցինք, թե երեւույթը վերացնելու կամ գոնե նվազագույնի հասցնելու ինչ ճանապարհներ է տեսնում, որն է հարցի լուծման իր պատկերացրած տաբերակը:

«Քանի որ ակնհայտ է, որ իշխանությունների համար այս երեւույթի առկայությունը նպատակ է հետապնդում «իրենց» մարդկանց ապահովել ֆինանսով, ինչպես նաեւ նրանց պահել վերահսկելի դաշտում, իշխանությունն այս երեւույթի դեմը չի առնելու: Ավելին, երբ արդեն բանը բանից անցնում է եւ նման երեւույթի առկայությունը կոնկրետ մանկապարտեզներում ակնհայտ է դառնում, քաղաքային իշխանությունները սահմանափակվում են միայն այդ տնօրենին կամ կարգազանց աշխատակցին աշխատանքից հեռացնելով: Հիմա պետք է այնպես անենք, որ «ջինը շշից դուրս գա», այսինքն ծնողները զանգվածաբար սկսեն բարձրաձայնել սրա մասին ու հրաժարվեն այդ գումարները վճարելուց: Այսօրվա իմ գործողությունը միտված էր դրան՝ ով գումար վերցրեց, պետք է իմանա, որ բացահայտվելու է: Ամենափոքր գումար վերցնելն էլ պետք է դարձնել հանրության սեփականություն»,- պատասխանեց Արայիկ Հարությունյանը:

Տպել
7984 դիտում

Այդ գումարը ես պետք է ինչ-որ մի տեղից վերցնեմ, ես կյանքում պարտքեր չեմ արել. Ռոբերտ Քոչարյան

Վրաստանում հարցվածների 49 տոկոսի կարծիքով երկիրը զարգանում է ոչ ճիշտ ուղղությամբ. NDI

Պաշտպանը միջնորդեց չհեռանալու մասին ստորագրությամբ կամ գրավով ազատ արձակել Քոչարյանին

Երեկվա տոտալ ճնշումները ՍԴ-ի հանդեպ ուղիղ մեսիջ էին այսօրվա դատավորին․ Լեւոն Քոչարյան

Արմեն Սարգսյանն ընդունել է միջազգային փորձագետներ և վենչուրային ներդրողներ Լուիջի Ամատին և Բրիջիթ Բոումենին

Երեք տասնամյակ՝ նկուղում

Հայտարարություն մրցույթի մասին

Ղեկավարում եմ Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիան, բնակվում եմ Ֆրանսիայում, սակայն անձնագիրս հայկական է. Էմմիյան

Հայաստանն ընտրել է միջուկային էներգիայի անվտանգ և խաղաղ օգտագործման թափանցիկ և բաց քաղաքականություն. նախարար

Ռոբերտ Քոչարյանը կմնա կալանքի տակ. դատարանը հրապարակեց որոշումը

Վանաձորում փրկարարները բացել են բնակարանի դուռը և լոգարանում հայտնաբերել կնոջ դի

Մոլդովայի նախագահը Երևանում կմասնակցի ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին

Մեր արձագանքը համարժեք է խնդիրներին. վարչապետն Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել

Սիրիայի հակամարտությունից մինչեւ ռազմական համագործակցություն. ինչի՞ մասին են խոսել Պուտինը, Ռոհանին ու Էրդողանը

Մենք չենք միանում այդպիսի նախաձեռնություններին․ պետք է կոնկրետ հիմք լինի․ Պետրոսյանը՝ «Իմ քայլի» որոշման մասին

ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղն Ալեքսանյանին ու Չալյանին անվճար կրթություն է առաջարկում

Սխալ տողադարձումներով պաստառներ Գյումրիում. Անկախության տոնակատարությունները համակարգում է ՀՀ վարչապետի աշխատակազմը

Թրամփը որոնում է երկրի տնտեսական աճը բարձր պահելու միջոցներ

Համացանցում տարածվել են Ջիգարխանյանի ու նախկին կնոջ լուսանկարները. նորից միասին են

Հայաստանի լրագրողները Լիտվայի ֆուտբոլային մրցաշարում գրավել են 2-րդ տեղը