ԼուրերSyndicate content

Սերժը` ԵԿՄ-ում

Սերժ Սարգսյան
Փետրվարին 18-ին ՄՀՀ-ում տեղի ունենալիք ԵԿՄ 9-րդ համագումարին, մեր տեղեկություններով, կմասնակցի նաեւ Սերժ Սարգսյանը: Համագումարն ընտրելու է մոտ 60 հոգանոց վարչություն, որն էլ իր հերթին ընտրելու է ԵԿՄ նախագահ:

Բնականաբար, գեներալ Մանվել Գրիգորյանը կրկին կվերընտրվի այդ պաշտոնում: Մեր տեղեկություններով, համագումարին որեւէ կուսակցություն հրավիրված չի լինելու, հրավիրվելու են մտավորականներ: Հնարավոր է ԵԿՄ-ն նաեւ անի այն հայտարարությունը, որ 2003 թվականից հետաձգվում է:

Օրակարգ

Սերոբին մերժեցին

Երեկ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը` դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ անփոփոխ է թողել Լոռու մարզի դատարանի վճիռը, որով Սերոբ Տեր-Պողոսյանը մանկապղծության համար դատապարտվել է 15 տարվա ազատազրկման:

Վերաքննիչ վարույթն իրականացվում էր Տեր-Պողոսյանի բողոքի հիման վրա, եւ վերջինս քննությանը մասնակցելու համար դատարան էր բերվել: Տեր-Պողոսյանը «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ից վերջերս տեղափոխվել է «Միքայելյան» վիրաբուժության ինստիտուտ եւ, բժիշկների խոսքով, բուժվում է աղիքային քաղցկեղի դեմ: Տեր-Պողոսյանի փաստաբան Գիվի Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում չբացառեց, որ իրենք առաջիկայում կդիմեն Վճռաբեկ դատարան, սակայն նկատեց, որ դեռ պետք է խորհրդակցի իր պաշտպանյալի հետ:

Այսպիսի բաներ

Սկսել ա (2012-2-4)

Երեկ` օրվա երկրորդ կեսին ՀՀԿ կենտրոնական գրասենյակի մոտ էին հավաքվել մի խումբ կանայք: Խումբն, ի դեպ, բավական մեծ էր: Բոլորը ձեռքներին մեծ-մեծ տոպրակներ կամ պայուսակներ ունեին: Մեր թղթակիցը փորձել է պարզել, թե ինչ հաշիվ է, կանանցից մեկն էլ պարզաբանել է, որ ՀՀԿ կանանց խորհուրդը իրենց երկու օրով տանում է Ծաղկաձոր` հանգստանալու: Թե մինչեւ առաջիկա ընտրությունները էլ ինչ հնարքների կդիմի Հանրապետական կուսակցությունը` հանրության որոշ շերտերի համակրանքը շահելու համար, հայտնի չէ:

Օրվա լրահոսից

Ժրաջան մեղվի պես

ՀՀԿ նախընտրական շտաբը գրեթե ամեն օր նիստ է անում: Երեկ էլ ՀՀԿ էին հրավիրվել ՀՀ բոլոր մարզպետներն ու քաղաքապետերը: Առաջիկա ընտրություններից առաջ նրանք պարբերաբար հրահանգներ են ստանում կենտրոնական շտաբից: Թե երեկ ինչ է քննարկվել ՀՀԿ շտաբի նիստում, դեռ հայտնի չէ:

Օրվա լրահոսից

Լավ, չեք ուզում` մի բերեք

Երեւանի Ավան համայնքի բնակիչներից տեղեկություն ենք ստացել, որ թիվ 104 դպրոցի տնօրենը երեխաներին պարտադրում է դպրոց ներկայացնել բնակության վայրից տեղեկանք եւ ծնողների անձնագրերի պատճենները: Թե սա ինչով է պայմանավորված, նա չի բարեհաճում բացատրել, փոխարենը` ամեն օր երեխաներին հիշեցնում է այդ մասին: Ծնողները մտահոգված են, որ իրենց տվյալները ցանկանում են օգտագործել ԱԺ ընտրությունների հետ կապված: Երեկ զանգահարեցինք թիվ 104 դպրոց: Դպրոցի նորընտիր տնօրեն Հայկանուշ Նիկոյանն ասաց, որ անձնագրերի պատճենը եւ բնակության վայրից տեղեկանքը անհրաժեշտ են` աշակերտների անձնական գործերում տեղադրելու համար. «Գիտե՞ք, ես նոր եմ եկել այս դպրոց, դեկտեմբերի 22-ի ընտրությունից հետո: Երեխաների փաստաթղթերը ուսումնասիրել եմ եւ տեսել եմ, որ ոչ մի աշակերտի գործում այդ փաստաթղթերը չկան: Միգուցե այս դպրոցն այդպես է աշխատել: Բայց երբ որ աշակերտը դպրոց է ընդունվում, ըստ կարգի` այդ փաստաթղթերը պետք է լինեն»: Այդ ո՞ր կարգի` հարցրինք: «Ընդունելության կարգով»,- պատասխանեց, ապա հավելեց, որ եթե չեն ուզում, կարող են չբերել: ՀՀ ԿԳ նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանից հետաքրքրվեցինք` դպրոց ընդունվելու համար ծնողի անձնագրի պատճենը եւ տեղեկանք անհրաժե՞շտ են. «Ոչ: Չկա նման կարգ, որ ծնողի անձնագիրը լինի գործի մեջ»,- ասաց նա: Դե, հիմա կռահեք, թե տնօրենի ինչին է պետք ծնողների անձնագրերի պատճենները:

Լուր

Բանակում

Երեկ հայտնի դարձավ, որ նախօրեին հայկական բանակում մահվան հերթական դեպքն է գրանցվել: ԼՂՀ ՊԲ փոխանցմամբ, փետրվարի 2-ին, ժամը 17.00-ի սահմաններում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային (Հորադիզ) պաշտպանական ուղղությամբ տեղակայված դիրքերից մեկում հրազենային մահացու վիրավորում է ստացել Ստեփանակերտի զինկոմիսարիատից զորակոչված ՊԲ ժամկետային զինծառայող, 1992թ. ծնված Կառլեն Կարոյի Բաղդասարյանը: Դեպքից անմիջապես հետո, զինվորական հոսպիտալ տեղափոխելու ճանապարհին, վիրավորը մահացել է: Դեպքի մասին այլ մանրամասներ դեռեւս հայտնի չեն:

Գտել են

Երեկ տեղեկացանք, որ հունվարի 21-ին Երեւան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանից փախուստի դիմած կասկածյալ Էդմոնդ Ծատուրյանը հունվարի 30-ին կալանավորվել է: Այդ դեպքի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրգործ է հարուցվել ՀՀ քրօրի 315-րդ հոդվածի հատկանիշներով (պաշտոնեական անփութություն): Գործով որպես կասկածյալ անցնում են փախուստի դիմած ձերբակալվածին ուղեկցած 2 ոստիկան` Շենգավիթի բաժնի աշխատակիցներ Գարիկ Գահմանյանը եւ Արմեն Մարտիրոսյանը: Ավելի վաղ հայտնել էինք, որ «Փեթակ» մեծածախ առեւտրի կենտրոնում 1 արկղ սառեցված հավ գողանալու փորձի համար ձերբակալված Էդմոն Ծատուրյանն ու նրա ընկեր Կարեն Թագվորյանը ոստիկանների ուղեկցությամբ տեղափոխվել էին Շենգավիթի դատարան, որտեղ Ծատուրյանը խնդրել էր իրեն զուգարան ուղեկցել եւ պատուհանից դիմել էր փախուստի: Իսկ Կարեն Թագվորյանը նույն օրը կալանավորվել էր:

Հայաստան - 2012

Այսօր տոն է

Այսօր` փետրվարի 4-ին, Հայ Առաքելական եկեղեցին նշում է հատկապես երիտասարդների համար սիրելի Սուրբ Սարգսի տոնը: Այդ օրը, ինչպես նաեւ տոնի նախօրյակին, Հայ Առաքելական եկեղեցին կազմակերպում է մի շարք միջոցառումներ: Երեկ, օրինակ, բոլոր Սուրբ Սարգիս եկեղեցիներում տոնախմբություն է եղել` երգ, պար: Շրջել է նաեւ տոնը խորհրդանշող ձիավորը: Նա, ի դեպ, ինչպես տեղեկացանք Արարատյան հայրապետական թեմի մամլո դիվանից, ամեն տարի հրավիրվում է Երեւանի ձիարշավարանից: Ի տարբերություն նախորդ տարիների, այս անգամ Սուրբ Սարգսի տոնը նշվել է նաեւ Երեւանի երկու զորամասում: Սուրբ Սարգիս զորավարը հայտնի է որպես սիրո բարեխոս, եւ տոնի նախորդ օրը երիտասարդները աղի բլիթ են ուտում` ակնկալելով երազում տեսնել իրենց ապագա կողակցին: Ամեն տարի, մասնավորապես` Սուրբ Սարգիս Առաջնորդանիստ եկեղեցու մոտ, աշխուժանում է աղի բլիթների, մոմերի, հուշանվերների, չորացրած ծաղիկների ու ցորենի հասկերի առեւտուրը: Մամլո դիվանից ասում են, որ եկեղեցին դեմ չէ աղի բլիթ ուտելու ժողովրդական ավանդությանը:

Մարզական լուր

Երեք մասնակից

Այսօր Փարիզում կմեկնարկի ձյուդոյի «Մեծ Սաղավարտի» մրցաշարը, որին կմասնակցեն Հայաստանի երեք ներկայացուցիչներ։ Տղամարդկանց մրցաշարում հանդես կգան Հովհաննես Դավթյանը (60 կգ), իսկ կանանց մրցաշարում` Գայանե Հարությունյանը (48 կգ) եւ Ժաննա Ստանկեւիչը (57 կգ)։ Ավելացնենք, որ Դավթյանը լավ հնարավորություններ ունի Լոնդոնի Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճելու:

Մարզական լուր

Շորթի հաղթանակով

Ջիբրալթարում ավարտվել է 10-րդ անգամ անցկացվող շախմատային մրցաշարը, որին մասնակցում էին Սերգեյ Մովսիսյանն ու Գաբրիել Սարգսյանը: Շվեյցարական մրցակարգով անցկացված 256 շախմատիստների պայքարում հայ շախմատիստները 10 տուրերում հավաքել են հավասար միավորներ` 7-ական. Մովսիսյանը զբաղեցրեց 11-րդ, իսկ Սարգսյանը` 21-րդ տեղը: ԱՄՆ ներկայացնող մեր հայրենակից Վարուժան Հակոբյանը 6 միավորով զբաղեցրել է 51-րդ տեղը: Մրցաշարի հաղթող Է դարձել անգլիացի Նայջել Շորթը: Նա եւ աշխարհի չեմպիոնուհի, չինացի Հոու Հիֆանը վաստակել են 8-ական միավոր: Լրացուցիչ մրցամարտում Շորթն առավելության է հասել 1,5:0,5 հաշվով:

Մարզական լուր

Եգիպտոսին կպատժե՞ն

Փետրվարի 1-ի երեկոյան Եգիպտոսի Պորտ-Սայիդ քաղաքում` տեղի «Ալ-Ահլի» եւ մայրաքաղաք Կահիրեն ներկայացնող «Ալ-Մասրի» ֆուտբոլային ակումբների հանդիպումից հետո տեղի ունեցած արյունահեղության համար, որի ընթացքում զոհվել է 74 մարդ, Եգիպտոսի վարչապետի որոշմամբ` աշխատանքից հեռացվել են երկրի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը եւ ֆեդերացիայում ղեկավար պաշտոն զբաղեցնող բոլոր անձինք: Հիշեցնենք, որ հանդիպումից հետո տեղի են ունեցել զանգվածային անկարգություններ, որոնք հետագայում տեղափոխվել են փողոցներ. դանակներով ու մահակներով զինված տեղի երկրպագուները սպանել, վիրավորել են մրցակից թիմի երկրպագուներին ու պատահական մարդկանց: Եգիպտոսի իշխանությունները արյունահեղության պատասխանատվությունը դրել են նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի կողմնակիցների վրա` մեղադրելով նրանց երկրի հասարակական կյանքն ապակայունացնելու համար:

Օրակարգ

Նաեւ Ճոյտը

Հակոբ Հակոբյան (Ճոյտ)
Ճոյտ մականունով հայտնի Հակոբ Հակոբյանը երեկ համալրել է այն հայտնի դեմքերի շարքը, որոնք ներկա են գտնվել ՃՈ նախկին պետ Մարգար Օհանյանի դատավարությանը: Հակոբյանը դատարանում մնացել է մի կարճ ժամանակահատված:

Հիշեցնենք, որ մինչ այժմ Օհանյանի դատին «երեւացել են» ԱԺ պատգամավոր Հարություն Ղարագյոզյանը (Կարամելի Հարութ), գործարար Արայիկ Հայրապետյանը (Լավանդայի Արայիկ), բռնցքամարտիկ Իսրայել Հակոբկոխյանը: Նրանցից ոչ մեկը, ի դեպ, բացահայտ չի ասել, որ դատարան է գնացել Մ. Օհանյանին զորակցություն հայտնելու:

տես էջ 4

Օրակարգ

Շտաբի պետը

Վարդան Ղուկասյան
Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը կղեկավարի Հանրապետական կուսակցության Շիրակի մարզային նախընտրական շտաբը: Օրերս տեղի է ունեցել ՀՀԿ Շիրակի մարզային խորհրդի նիստ, որտեղ նա ընտրվել է խորհրդի նախագահ:

Ղուկասյանի տեղակալի կարգավիճակը ստացել են Շիրակի փոխմարզպետ Սեյրան Պետրոսյանը եւ մարզի քաղաքաշինական տեսչության պետ Ժորա Միքայելյանը: Մարզային խորհրդի նիստում քննարկվել են նաեւ նախընտրական հարցեր, մասնավորապես, թե կուսակցությունը քանի նախընտրական շտաբ է բացելու, որ տարածքներում, եւ որ շտաբը ով է ղեկավարելու: Վարդան Ղուկասյանը, մեր տեղեկություններով, հատուկ կարեւորություն է տվել թիվ 34 ընտրատարածքում սպասվող պայքարին, որտեղ ՀՀԿ-ի թեկնածու Արման Սահակյանը մրցակցելու է ԲՀԿ-ական Մարտուն Գրիգորյանի հետ:

Օրակարգ

Մե պուճուր նվեր

Գագիկ Խաչատրյան
Լավատեղյակ աղբյուրները պնդում են, որ ՀՀ ոստիկանության պետ Վովա Գասպարյանի` հիմա արդեն հայտնի «G» դասի «Մերսեդես» ջիփը նրան նվիրել է ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը` Գասպարյանի ոստիկանապետ դառնալուց օրեր անց:

Երեկ երբ մեր թղթակիցը լուրի կապակցությամբ մեկնաբանություն է խնդրել ՊԵԿ նախագահի մամուլի քարտուղար Նելլի Մանուչարյանից, որը հարցը լսելուց անմիջապես հետո հերքել է լուրը: Երբ մեր թղթակիցը տարակուսել է հանպատրաստից հերքման կապակցությամբ, դրանից հետո է միայն խոստացել ճշտել ու զանգահարել: Ըստ ամենայնի, ՊԵԿ նախագահի մամուլի քարտուղարը իր հիմնական պարտականությունը համարում է շեֆին ոչ այնքան ձեռնտու տեղեկությունները հերքելը, այլապես ինչպես կարող էր իմանալ, թե Խաչատրյանը ում, երբ, ինչ է նվիրել: Այնուամենայնիվ, Մանուչարյանն ավելի ուշ զանգահարել է եւ Գ. Խաչատրյանի անունից փոխանցել, որ «լուրը, իհարկե, չի համապատասխանում իրականությանը»: Հետաքրքիր կլիներ, եթե ասեր, որ համապատասխանում է իրականությանը. «Մերսեդեսը», որի մասին խոսվում է, կարող է արժենալ 120-150 հազար դոլար:

Տասնյակ միլիոն դոլարների «խաղեր»

Մեր թերթի երեկվա համարում տեղեկացրել էինք, որ կառավարության նիստում քննարկվելու է ՀՀ պաշտպանության նախարարությանը հսկայական տարածք վաճառելու թույլտվության հարցը: Դա կառավարության երեկվա նիստի` չորեքշաբթի օրը հրապարակված օրակարգի 37-րդ հարցն էր: Մեր հրապարակումից հետո` երեկ առավոտյան պարզվեց, որ այդ մութ հարցը անհետացել է օրակարգից եւ չի քննարկվելու: Նախատեսվում էր, հիշեցնենք, ՀՀ պաշտպանության նախարարությանը թույլ տալ 22.5 մլն դոլարով վաճառել Երեւանի Շենգավիթ համայնքում գտնվող իրեն պատկանող հսկայական շենք-շինություններով մոտ 26 հեկտար զբաղեցնող տարածքը: Ըստ մեզ հասած տեղեկությունների, խոսքը «Դողագործ» գործարանի (ավելի հայտնի` «Շիննի») մասին է: Գնորդը մի անհայտ կազմակերպություն է` «Նայթբրիջ» անունով: Մեր տեղեկություններով, բացի «Դողագործից», ՊՆ-ն ուզում է վաճառել նաեւ դրա հարեւանությամբ գտնվող մի քանի այլ փոքր ու մեծ ձեռնարկություններ, որոնք նույնպես պատկանում են պաշտպանության նախարարությանը: Երեկ ՊՆ-ին ուղարկած մեր հարցումը, թե ինչ տարածքների մասին է խոսքը, մնաց անպատասխան: Թե ինչպես է «Դողագործը» դարձել ՀՀ ՊՆ սեփականությունը, հայտնի չէ: Երեկ մեզ այդպես էլ չհաջողվեց գտնել որեւէ պաշտոնական փաստաթուղթ, որով «Դողագործը» դարձել է ՊՆ-ի սեփականությունը: Մի խոսքով, այս թեման պարուրված է խորհրդավորության քողով, ընդ որում` այդ քողի տակ մի քանի տասնյակ միլիոն դոլարների «խաղեր են» տրվելու: Եթե, իհարկե, արդեն չեն տրվել:

Կոչ «Հայկական ժամանակ»-ից

 


Երկ Երե Չոր Հին Ուրբ Շաբ Կիր
 
 
1
 
2
 
3
 
4
 
5
 
6
 
7
 
8
 
9
 
10
 
11
 
12
 
13
 
14
 
15
 
16
 
17
 
18
 
19
 
20
 
21
 
22
 
23
 
24
 
25
 
26
 
27
 
28
 
29
 
 
 
 
 

facebook youtube twitter