ՄիջազգայինSyndicate content

Դժգոհ է

Միխայիլ Սահակաշվիլի
Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին դժգոհ է Հայաստանի իշխանությունների պահվածքից. նրան նախ դուր չի գալիս, որ Հայաստանի քաղաքական վերնախավի բառապաշարում օգտագործում են Աբխազիան անկախ ճանաչող ձեւակերպումներ:

Բացի այդ, Սահակաշվիլին դժգոհություն է հայտնել, թե ապրիլի 9-ին Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությանը ներկա են եղել Բաղրամյանի անվան գումարտակի ներկայացուցիչներ, որոնք վրաց-աբխազական պատերազմի տարիներին կռվել են վրացական բանակի դեմ:

տես էջ 7

Էլի՞ ճգնաժամ

Կարծես՝ չեն արդարանում լավատեսական այն սպասումները, որ միջազգային շուկայում հումքի գների նվազումը շուտով կդադարի: Հայաստանի համար խիստ կարեւոր նշանակություն ունեցող պղնձի գինը շարունակում է կտրուկ նվազել:

Երեկ գործարքների վերջում Լոնդոնի ֆոնդային բորսայում պղնձի մեկ տոննայի գինը գրեթե հասավ 7 հազար դոլարի: Փետրվարին այդ ցուցանիշը 8 հազար 300 դոլար էր: Արդեն 2.5 ամիս պղնձի գինը նվազում է: Սա կարող է հիմք տալ պնդելու, որ աշխարհը կրկին թեւակոխում է ճգնաժամի փուլ այնպես, ինչպես 2008-ին: Այդ տարի ընդամենը 6 ամսվա ընթացքում պղնձի գինը 8.5 հազար դոլարից նվազեց մինչեւ 3 հազար դոլարի: Իհարկե, պղինձը հետագա 7-8 ամիսների ընթացքում վերականգնեց իր գինը, սակայն դա բավարար եղավ, որպեսզի կործանիչ ազդեցություն ունենա ՀՀ տնտեսության վրա: Եւ դրա պատճառն այն է, որ մեր տնտեսությունը չափազանց մեծ կախում ունի պղնձի միջազգային գներից: Հայաստանի թե արդյունաբերության եւ թե արտահանման մեջ հանքարդյունաբերության մասնաբաժինը հսկայական է:

Այսպիսի բաներ

Հայաստանը պատրաստ է

Հայաստանը միշտ պատրաստ է հարաբերությունների կարգավորմանը Հունգարիայի հետ, բայց այդ ուղղությամբ Հունգարիան պետք է համապատասխան քայլեր կատարի: Երեկ նման հայտարարություն է արել ՀՀ արտգործնախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Թյորբյորն Յագլանդի հետ համատեղ ասուլիսի ժամանակ: Նալբանդյանը, սակայն, չի կոնկրետացրել, թե Հայաստանն ինչ քայլեր է ակնկալում Բուդապեշտից: Հայաստանի եւ Հունգարիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունները կասեցվել են անցյալ տարվա օգոստոսին, երբ Հունգարիան Ադրբեջանին էր արտահանձնել 2004 թվականին Բուդապեշտում հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարելով սպանած` ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովին, որին Ադրբեջանում ներում էին շնորհել եւ ազատ արձակել:

Այսպիսի բաներ

Կարող է օգնել Հայաստանին

Վրաստանը կարող է օգնել Հայաստանին եւ Ադրբեջանին իրենց խնդիրների լուծման հարցում: Երեկ Բրյուսելում նման հայտարարություն է արել Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապաթուրայը` Վրաստանի խորհրդարանական պատվիրակության հետ հանդիպման ժամանակ: «ՆԱՏՕ-ն ողջունում է Վրաստանում իրականացվող բարեփոխումները: Դրանք ընթանում են ճիշտ ուղղությամբ: Այն, ինչ տեղի ունեցավ անցած տարվա հոկտեմբերի 1-ին, երկրի ժողովրդավարացման ճանապարհին մեծ քայլ է: Վրաստանը կմնա մեզ համար որպես հուսալի գործընկեր, որը վճռականորեն ձգտում է դեպի ՆԱՏՕ եւ կարող է մեծ ավանդ ներդնել տարածաշրջանի անվտանգության մեջ, կատարել այն դերը, որ կօգնի Հայաստանին եւ Ադրբեջանին իրենց խնդիրների լուծման հարցում,-ասել է Ապաթուրայը:

Տարածաշրջան

ԼՂ-ում զոհվածների անունները

Ադրբեջանում որոշել են մեկ առ մեկ հրապարակել ղարաբաղյան հակամարտության ընթացքում զոհվածների անունները: «Ադրբեջանի զինվորների հավաքագրման եւ զորակոչի հարցերով պետական ծառայությունը» երեկ տեղեկացրել է, որ մտադիր է հրապարակել Ադրբեջանի այն քաղաքացիների անունները, որոնք զոհվել են ղարաբաղյան պատերազմի ընթացքում կամ էլ դրան հաջորդած ժամանակաշրջանում` հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով: Խոսքը վերաբերում է միայն անձանց, որոնք զոհվել են ԼՂ-ում եւ հայ-ադրբեջանական զորքերի շփման գծի այլ հատվածներում զինվորական ծառայության եւ ռազմական օպերացիաներին մասնակցելու ընթացքում: Այսինքն, հակամարտության ընթացքում մահացած քաղաքացիական անձանց անունները ցուցակում չեն ընդգրկվելու: Այս կերպ փորձ է արվում ճշտել ղարաբաղյան պատերազմում կրած մարդկային զոհերի իրական թիվը:

Տարածաշրջան

Ճանաչեք ցեղասպանությունը

Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցի նախաշեմին, Վրաստանում գործող հայկական աշխարհիկ ու կրոնական կազմակերպությունները Հայոց ցեղասպանության ճանաչման պահանջով դիմել են Վրաստանի խորհրդարանին: «Մենք` ներքոստորագրյալ Վրաստանի հայ համայնքի աշխարհիկ եւ կրոնական կազմակերպություններս, հանուն արդարության եւ ժողովրդավարական արժեքների նվիրվածության, կոչ ենք անում` միանալ աշխարհի քաղաքակիրթ հասարակության նախաձեռնություններին եւ Վրաստանի խորհրդարանում կազմակերպել քննարկում Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի վերաբերյալ»,- նշվում է երեկ տարածված հայտարարության մեջ: Նախկինում եւս վիրահայ կազմակերպությունները Հայոց ցեղասպանության ճանաչման պահանջով բազմիցս դիմել են Վրաստանի խորհրդարանին ու կառավարությանը, սակայն նման բոլոր փորձերը հաջողությամբ չեն պսակվել:

Տարածաշրջան

Դժգոհություն ՀՀ իշխանություններից

Միխայիլ Սահակաշվիլի

Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին հերթական անգամ մի շարք մեղադրանքներ է հնչեցրել Հայաստանի իշխանությունների հասցեին: Այսպես, ապրիլի 16-ի երեկոյան «Ռուսթավի» հեռուստաընկերության «Դիրքորոշում» հաղորդման ժամանակ Սահակաշվիլին մասնավորապես դժգոհել է, թե Հայաստանի քաղաքական ղեկավարությունը օգտագործում է «Աբխազիայի նախագահ», «Աբխազիայի կառավարություն» ձեւակերպումները: Կոնկրետ անուններ նա չի նշել, սակայն նրա ակնարկից կարելի է ենթադրել, որ խոսքը Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի մասին է: «Մեր վարչապետը ոչ ոքի հետ այնքան չի հանդիպել, որքան իր հայ գործընկերոջ հետ: Սակայն վերջին շրջանում Հայաստանի քաղաքական ղեկավարության բառապաշարում հայտնվել են այնպիսի տերմիններ, ինչպիսիք են` «Աբխազիայի նախագահ», «Աբխազիայի կառավարություն», իսկ մեր կառավարությունը, արտաքին գործերի նախարարությունը նման փաստերի ոչ մի կերպ չեն արձագանքում»,-դժգոհել է Սահակաշվիլին:

Այսպիսի բաներ

Ճանաչեք Հայոց ցեղասպանությունը

ԱՄՆ Կալիֆոռնիայի նահանգում նախօրեին Հայոց ցեղասպանությանը նվիրված միջոցառում է տեղի ունեցել: Միջոցառման ընթացքում Կալիֆոռնիայի օրենսդիր մարմինը Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւ է ընդունել: Ըստ այդմ, այս տարվա ապրիլի 15-19-ը ընկած ժամանակահատվածը հռչակվել է որպես «Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման շաբաթ»: Փաստաթղթով նաեւ ԱՄՆ նախագահին եւ Կոնգրեսին կոչ է արվում ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

Այսպիսի բաներ

Առանց վիզայի

Ուրուգվայը կդառնա ԱՊՀ-ից դուրս երկրորդ երկիրը, ուր ՀՀ քաղաքացիները կարող են մուտք գործել առանց մուտքի վիզայի: ՀՀ ԱԳՆ-ի առաջարկով` ՀՀ կառավարության ապրիլի 18-ի նիստի օրակարգ է մտել ՀՀ եւ Ուրուգվայի կառավարությունների միջեւ համապատասխան համաձայնագրի կնքմանը հավանություն տալու հարցը: Ըստ այդմ կողմերից մեկի պետության քաղաքացիները իրենց սովորական անձնագրերով կարող են մուտք գործել, դուրս գալ, տարանցել եւ մնալ մյուս կողմի պետության տարածքում` առանց մուտքի արտոնագրի, եւ մնալ այնտեղ տարվա ընթացքում առավելագույնը 90 օր ժամկետով` պայմանով, որ չի իրականացվելու վարձատրվող գործունեություն: Ավելի վաղ մուտքի վիզաները վերացվել են Արգենտինայի հետ:

Առաջընթաց չկա

Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում որեւէ առաջընթաց չի նկատվում: Ըստ Ադրբեջանական «APA» գործակալության` երեկ նման հայտարարություն է արել Ադրբեջանի Միլլի մեջլիսի փոխնախագահ Զիյաֆեթ Ասքերովը: «ԼՂ հարցի վերաբերյալ բանակցությունները չեն կարող այս ոգով շարունակվել: Մենք միշտ ասել եւ այսօր էլ պնդում ենք` ԵԱՀԿ-ի Մինսկի խումբը պետք է ուժեղացնի ճնշումը Հայաստանի նկատմամբ: Այդ հարցում հապաղելը առաջին հերթին սպառնում է Մինսկի խմբի գործունեությանը,-ասել է Ասքերովը: Վերջինս նշել է, թե հասարակության շրջանում այնպիսի տպավորություն է, որ Մինսկի խմբի առաքելությունը սահմանափակվում է տարածաշրջանային այցերով եւ որ նրանք ոչինչ չեն կարողանում ձեռնարկել:

Տարածաշրջան

Ասիան ցնցվում է

Երեկ` ժամը 14.44-ին Իրան-Պակիստան սահմանային գոտում՝ Խաշ քաղաքից 90 կմ դեպի արեւելք, տեղի է ունեցել 7.5 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 9-10 բալ, հիպոկենտրոնը գտնվում է 20 կմ խորության վրա: Հայտնի է 40-ից ավելի զոհերի եւ մեծ թվով վիրավորների մասին: Ավերվել է 1200-ից ավելի շինություն: Ցնցումները զգացվել են նաեւ հարեւան երկրներում: Օրինակ` Դելիում երկրաշարժը իսկական խուճապ է առաջացրել` Հնդկաստանի մայրաքաղաքի բնակիչներին ստիպելով ժամեր շարունակ մնալ փողոցում: Ցնցումները զգալի են եղել նաեւ Արաբական Միացյալ Էմիրություններում: Դուբայում գտնվող աշխարհի ամենաբարձր շենքը` Բուրջ Խալիֆան եւս ցնցվել է եւ երկնաքերի ներսում գտնվողները շտապ տարհանվել են: Քիչ անց` 16.27-ին, Ռուսաստանի Մախաչկալա քաղաքից 33 կմ դեպի հարավ-արեւելք տեղի է ունեցել 4.9 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 6-7 բալ, հիպոկենտրոնը գտնվում է 20 կմ խորության տակ: Նախնական տվյալներով` զոհեր եւ ավերածություններ չկան:

Տարածաշրջան

Գուլիեւը կվերադառնա Բաքու

Երեկ Բաքվում տեղի է ունեցել 14 ընդդիմադիր կուսակցություններ միավորող «Ժողովրդավարական ուժերի խորհրդակցական մարմնի» նիստը, որի ժամանակ քննարկվել է Ադրբեջանում ստեղծված ներքաղաքական իրավիճակը: Նիստին որոշվել է ապրիլի 28-ին կազմակերպել հանրահավաք, որին մասնակցելու է Ադրբեջանի Միլլի մեջլիսի նախկին նախագահ (1993-ի նոյեմբեր-1995-ի նոյեմբեր) Ռասուլ Գուլիեւը: Նախկին նախագահ Հեյդար Ալիեւի վարած ներքին եւ արտաքին քաղաքականության հետ անհամաձայնության պատճառով` 1995-ին նա հրաժարական է տվել, ապա հետապնդումներից խուսափելու համար հեռացել եւ քաղաքական ապաստան է ստացել ԱՄՆ-ում: Գուլիեւը ներկայումս ԱՄՆ-ից ֆինանսավորում է ադրբեջանական ընդդիմադիր ուժերին եւ բացահայտորեն կոչ է անում տապալել Իլհամ Ալիեւի ռեժիմը: Մի քանի օր առաջ Ռասուլ Գուլիեւը «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությանը տված հարցազրույցում հայտնել է Ադրբեջան վերադառնալու եւ այս տարվա հոկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մտադրության մասին: Սպասվում է, որ Գուլիեւի վերադարձը Ադրբեջան շիկացնելու է Իլհամ Ալիեւի ռեժիմի դեմ պայքարը:

Միջազգային

Առաջինը 2001-ի սեպտեմբերից հետո

2001 թվականի սեպտեմբերի 11-ին Նյու Յորքում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո առաջին անգամ ԱՄՆ-ում կրկին պայթյուններ են որոտացել: Ապրիլի 15-ին` կեսգիշերին մոտ (երեւանյան ժամանակով), Բոսթոնում ընթացող ամենամյա մրցավազքի ավարտին երկու հզոր պայթյուն է որոտացել: Պայթուցիկ սարքերը տեղադրված են եղել եզրագծից ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա: 13 վայրկյան ընդմիջումով իրար հաջորդած պայթյունների պահին վազորդների մի մասն արդեն հատել էր եզրագիծը: Վերջին տվյալներով` պայթյունների հետեւանքով 3 մարդ զոհվել է, 144 մարդ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ստացել: Նրանցից 42-ի վիճակը ծանր է:

Չնայած տուժածների մեծ թվին, ԱՄՆ-ի իշխանությունները կատարվածը դեռեւս պաշտոնապես` ծրագրված ահաբեկչություն չեն որակել: Պայթյուններին հաջորդած արտակարգ ճեպազրույցում ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ամերիկացիներին կոչ է արել ձեռնպահ մնալ հապշտապ եզրակացություններ անելուց:

Համաշխարհային սպորտ

Արյունոտ մարաթոն

Աշխարհը ցնցվեց հերթական ահաբեկչական գործողությամբ. ապրիլի 15-ին աշխարհի հնագույն մարզական միջոցառումներից մեկի՝ Բոստոնի մարաթոնի ժամանակ, հնչել են պայթյուններ, որոնց հետեւանքով կան զոհեր, վիրավորներ:

Շատ վերլուծաբաններ արդեն պնդում են, որ Բոստոնի մարաթոնը՝ որպես ահաբեկչական ակտի նպատակ, հատուկ է ընտրվել ու այն կարող է դեռ զարգացումներ ունենալ: Ընդ որում, երեկ արդեն մի քանի պետությունների ղեկավարներ հրահանգել են ուժեղացնել առաջիկա օրերին մեկնարկող մարզական միջոցառումների անվտանգությունը: Մեծագույն ուշադրության են արժանանում առավելապես Բոստոնի մարաթոնի հետ ուղղակի կապված մարզական միջոցառումները, իսկ այսպիսիք շատ են առաջիկայում:

1897 թվականից ԱՄՆ-ում, ապրիլի 15-ին անցկացվում է վազքի մարաթոն՝ ի նշանավորումն նույն օրը նշվող «Հայրենասերի օրվան»: 42 կմ 195 մետր երկարությամբ վազքարշավը տարիների ընթացքում հսկայական մասսայականություն է ստացել ու ներկայումս համարվում է աշխարհի ամենապատվավոր մարաթոններից մեկը. վերջին տասնամյակում մասնակիցների քանակը մշտապես անցնում է 20 հազարից, իսկ հանդիսատեսները քանակը գերազանցում է կես միլիոնի սահմանը: Բոստոնյան մարաթոնի շրջանակներում տեղի է ունենում նաեւ հաշմանդամ վազորդների մարաթոն, ինչը այս մրցաշարը դարձնում է բացառիկ:

Այսպիսի բաներ

Էլեկտրաէներգիայի պակա՞ս ունենք

Թուրքմենստանը էլեկտրաէներգիա է մատակարարելու Հայաստանին: Այդ մասին նշվում է «Թուրքմենստանի էներգետիկ ոլորտի զարգացման 2013-2020 թվականների հայեցակարգում»-ում, որը օրերս հաստատվել է այդ երկրի նախագահ Ղուրբանղուլի Բերդիմուհամեդովը: Փաստաթղթում ասվում է, որ նշված ժամանակաշրջանում Թուրքմենստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն աճելու է 5 անգամ եւ արտահանվելու է այնպիսի երկրներ, ինչպիսիք են Հայաստանը, Տաջիկստանը, Պակիստանը եւ այլք:

Կոչ «Հայկական ժամանակ»-ից

 


Նիկոլ Փաշինյանի անձնական էջ

Երկ Երե Չոր Հին Ուրբ Շաբ Կիր
 
 
1
 
2
 
3
 
4
 
5
 
6
 
7
 
8
 
9
 
10
 
11
 
12
 
13
 
14
 
15
 
16
 
17
 
18
 
19
 
20
 
21
 
22
 
23
 
24
 
25
 
26
 
27
 
28
 
29
 
30
 
31
 
 
 

facebook youtube twitter