ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՑՈւՑՄՈւՆՔԸ (2010-01-27)
Այս մեղադրանքները հիմնվում են նախաքննության մարմնի այն պնդումների վրա, թե Մարտի 1-ի առավոտյան Ազատության հրապարակում կատարված իբր զննության արդյունքում հայտնաբերվել է հրազեն, նռնակներ պայթուցիկ սարքեր: Զննության տեսարանները պատկերող կադրերը հանրահայտ են, եւ զավեշտալի է տեսնել, թե ինչպես են ոստիկանները խոտերի մեջ սնկի պես աճած նռնակ գտնում, կամ թե ինչպես են իրեղեն ապացույց հանդիսացող` իբր տեղում հայտնաբերված ատրճանակը բռնում մերկ ձեռքերով: Որեւէ կասկած չկա, որ այս զենք-զինամթերքը Ազատության հրապարակում իբր զննություն անցկացնող ոստիկաններն են իրենց հետ բերել: Բայց եթե անգամ, ընդունենք, որ այդ առարկաները, ատրճանակները, նռնակը հայտնաբերվել են Ազատության հրապարակում, կրկնում եմ, եթե անգամ ընդունենք դա, հարց պիտի հնչեցնենք. ինչ ապացույցների վրա է հիմնվում նախաքննության մարմինը դրանց այդտեղ հայտնվելը վերագրելով հանրահավաքի կազմակերպիչներին: Արդյո՞ք քրեական գործում առկա է նման առնչությունը հաստատող որեւէ ապացույց: Իհարկե, առկա չէ: Ոստիկանները հին խասիաթի համաձայն սովորել են մարդկանց տները խուզարկության գնալիս իրենց հետ տանել այնտեղ հայտնաբերվելիք հանցանշանները: Այս դեպքում, սակայն, մոռացել են, որ Ազատության հրապարակը ոչ Լեւոն Տեր-Պետրոսյանի ոչ էլ առավելեւս Ալեքսանդր Արզումանյանի, Մյասնիկ Մալխասյանի կամ Նիկոլ Փաշինյանի հողամասը չէ, եւ այնտեղ հայտնաբերված որեւէ բան կոնկրետ ապացույցների բացակայության պարագայում չի կարող վերագրվել ընդդիմության որեւէ ներկայացուցչի: Բացի այս, Ազատության հրապարակի հանրահավաքը հրավիրատոմսերով չի եղել, ոչ էլ տոմսերով: Հանրահավաքի կազմակերպիչները այնտեղ մտնող մարդկանց զննության չեն ենթարկել ու չպիտի ենթարկեին, եւ հանրահավաքի վայր կարող էին ոչ միայն ընդդիմության անկեղծ կողմնակիցներ մուտք գործել, այլեւ ոստիկանության եւ ԱԱԾ քաղաքացիական հագուստով գործակալներ, որոնք դեպքի վայրում կարող էին տեղադրել ցանկացած բան, ինչ կհանձնարարեր իրենց ղեկավարությունը: Եւ ի դեպ, ԱԱԾ երկու աշխատակիցների սադրիչ գործունեությունը բացահայտվեց հենց հանրահավաքի մասնակիցների ջանքերով, եւ հայաստանցիները ցավով արձանագրեցին, որ ԱԱԾ սպաները զբաղված են սադրանքներ կազմակերպելով: Շուրջօրյա հանրահավաքի ողջ ընթացքում Ազատության հրապարակի բոլոր մուտքերն ու ելքերը վերահսկել են ոստիկանները, այդ ընթացքում բաժին են տարել եւ խուզարկության ենթարկել ընդդիմության հարյուրավոր ակտիվիստների, եւ նրանց մոտ որեւէ արգելված իր, նրանց գործողություններում որեւէ ապօրինություն չգտնելով, ստիպված են եղել Ազատության հրապարակ գործուղել իրենց կադրային թմրամոլներին, որ նրանց հեռուստատեսությամբ ցուցադրելով հանրահավաքի մասնակցի հավաքական իմիջ ստեղծեն, իրենց ձեռնտու հավաքական իմիջ: Ի դեպ, հետաքրքիր է, որ մարդկանց գրպանում կես սանտիմետրանոց փաթեթով թմրանյութեր հայտնաբերելու ընդունակություն ունեցող փառապանծ ոստիկանները այդպես էլ չեն կարողացել որեւէ անձ ձերբակալել Ազատության հրապարակ զենք-զինամթերք ու չգիտեմ ինչ ներկրելու պահին: Առավելեւս, մինչեւ օրս նախաքննության մարմինը ոչ մի պատասխան չի տվել այն հարցին, թե իրենց պնդմամբ Ազատության հրապարակում հայտնաբերված կոնկրետ արգելված առարկաները, զենք-զինամթերքը ում են պատկանել, ում կողմից են Ազատության հրապարակ բերվել, երբ եւ ինչպես: Եւ ինչպես նրանք պնդում են, թե այդ զենք-զինամթերքը կապ ունի ընդդիմության հետ, կրկնակի հաջողությամբ մենք կարող ենք պնդել, որ դրանք տվյալ վայրում տեղադրվել են բացառապես իշխանությունների ջանքերով: Ընդ որում, չպետք է մոռանալ, որ այդ զենք-զինամթերքը եւ առգրավված այլ առարկաներ Ազատության հրապարակում «հայտնաբերվել» են այն ժամանակ, երբ այնտեղ են գտնվել բացառապես ոստիկանության աշխատակիցներ, եւ ոչ մի ցուցարար չի եղել:
Եւս մեկ փաստարկ, որ շատ է բարձրաձայնվել, բայց հարկ եմ համարում եւս մեկ անգամ օգտագործել. եթե ընդդիմությունը Ազատության հրապարակում այդ զենք-զինամթերքը կուտակել էր իշխանության դեմ կիրառելու համար, ինչպես պնդում է նախաքննության մարմինը, ինչու ուրեմն Մարտի 1-ի առավոտյան այն չկիրառվեց: Եթե ինչպես նախաքննության մարմինն է պնդում, ընդդիմությունը Մարտի 1-ի երեկոյան զենք այնուամենայնիվ կիրառել է, ուրեմն ինչը նրան պիտի խանգարեր դա անել առավոտյան: Ահա այս պարզ հարցերի համադրումը ակնհայտ է դարձնում, որ Ազատության հրապարակում ընդդիմությունը զենք-զինամթերք չի կուտակել, եւ գործունեության ողջ ընթացքում զենք չի կիրառել: Ո՛չ առավոտյան, ո՛չ կեսօրին ո՛չ երեկոյան:
Հարգելի դատարան, սիրելի ժողովուրդ.
Ազատության հրապարակի շուրջօրյա հանրահավաքները վերածվեցին իսկական համաժողովրդական տոնախմբության: Այդ հանրահավաքների առանցքում ոչ միայն քաղաքական ելույթներն ու քաղաքական պահանջներն էին, այլեւ երգն ու պարը, տոնախմբությունը, որն անշուշտ նույնպես քաղաքական հսկայական նշանակություն ուներ: Այդ տոնախմբության մեջ ժողովուրդը, ՀՀ քաղաքացին վերգտնում էր իրեն, իր ինքնավստահությունը, հաղթահարում էր նախագահական ընտրությունների արդյունքների կեղծման հետեւանքով իր վրա ծանրացած հուսահատությունը, վերգտնում էր հարգանքն ինքն իր նկատմամբ: Այդ հանրահավաքների ընթացքում երկրի քաղաքացու գիտակցության մեջ վստահություն էր սկսում ծնվել Հայաստանի ապագայի վերաբերյալ: Այդ հանրահավաքների ընթացքում մարդիկ սկսել էին վերգտնել մերձավորի նկատմամբ սիրո, հոգատարության, հարգանքի զգացողությունը: Մարդիկ տներից իրենց հետ ուտելիք էին բերում, թեյ, տաք շորեր. Ազատության հրապարակը սկսել էր ապրել որպես համայնք: Վաղ առավոտյան սկսվում էր Ազատության հրապարակը մաքրելու աշխատանքը, եւ մարդիկ ժպտուն դեմքերով, ցախավելները ձեռքներին, մաքրում-մաքրազարդում էին իրենց հրապարակը, իրենց ազատության սիմվոլը, որն այսօր հսկայական ու հուսահատ փոսի տեսք ունի: Վաղ առավոտյան Հանրապետության հիմնադիր նախագահը շուրջպար էր բռնում Սասուն Միքայելյանի, Մյասնիկ Մալխասյանի, Հակոբ Հակոբյանի, Ռազմիկ Պետրոսյանի եւ իրենց արյունը հայրենիքի անվտանգության համար տված բազմաթիվ այլ փառապանծ ֆիդայիների հետ: Երեւանում ապրող բազմաթիվ մարդիկ պարզ գիտակցելով, որ այստեղ պայքար է ընթանում հանուն Հայաստանի ապագայի իրենց ուժերի ներածի չափով սատարում էին Համաժողովրդական այդ շարժմանը: Այդ շարժումը հարազատ էր իրենց համար, եւ այս ամենը արվում էր առանց նվազագույն իսկ շահագրգռության, որովհետեւ մեծագույն ցանկության դեպքում անգամ հնարավոր չէ վերհիշել բոլոր այն մարդկանց, ովքեր աջակցություն են ցուցաբերել: Մոտակայքում գտնվող սուպերմարկետի աշխատակիցները կարող են վկայել, որ տասնյակ տարբեր մարդիկ իրենց նախաձեռնությամբ եւ միջոցներով սուպերմարկետի սայլակները լցրել են, եւ դրանք հրապարակ բերելով հյուրասիրել մարդկանց: Այս տեսարանները յուրաքանչյուր ոք ընկալել է իր պատկերացումներին, ընկալումներին համապատասխան: Ոմանք սրա մեջ հանցագործություն են տեսել, իսկ ինձ համար այդ տեսարանները հուզիչ են եղել, հոգեւոր մեծ իմաստ են պարունակել: Այդ ամենն ինձ հիշեցրել է ավետարանական այն պատկերների մասին, որտեղ Հիսուսը հաց էր բազմացնում, եւ բաժանում իր ժողովրդին: Այսօր էլ այդ ամենը ինձ համար հենց այդ նշանակությունն ունի, եւ եթե որեւէ մեկը դրա մեջ ուրիշ բան է տեսնում, ընդամենը այն պատճառով, որ հենց այդ ուրիշ բաներն ու արժեքներն են դրված իր իսկ կենսակերպի հիմքում:
Այդ հանրահավաքների ընթացքում ՀՀ քաղաքացին սկսում էր շոշափելիորեն զգալ, որ ինքն է իրոք Հայաստանի Հանրապետության բարձրագույն իշխանությունը, որի վճիռները ենթակա են պարտադիր կատարման: Այդ հանրահավաքների ընթացքում ժողովուրդը, քաղաքացին շատ բան չէր պահանջում. ընդամենը հարգել իր կարծիքը, հաշվի նստել իր բարձրագույն իշխանություն լինելու փաստի հետ, հարգել իրեն, իր իրավունքները, արժանապատվությունն ու արժեքները: Քոչարյանասերժական իշխանությունը, սակայն, այս պահանջներին ընդառաջ գնալու նվազագույն ցանկություն անգամ չցուցաբերեց: Ու չնայած շուրջօրյա հանրահավաքները անցնում էին օրենքի տառին համապատասխան, ոստիկանական ապօրինությունները ու սադրանքները դադար չունեին: Գրեթե ամեն օր հանրահավաքի տասնյակ մասնակիցներ բերման էին ենթարկվում ոստիկանության բաժիններ: Նրանք ենթարկվում էին զանազան ապօրինությունների, սպառնալիքների, բռնությունների: Նրանց տներում սպառնալից հեռախոսազանգեր էին հնչում: Կարճ ասած, շարունակվում էր այն ամենը, ինչ տեղի էր ունեցել ընտրություններից առաջ: Շուրջօրյա հանրահավաքների ընթացքում, սակայն, մեկնարկեցին ընդդիմության լիդերների եւ ակտիվիստների ձերբակալություններն եւ էլ ավելի լկտի հետապնդումները:
Մասնավորապես.
- 2008թ. փետրվարի 22-ին ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանին Երեւանի Ազատության հրապարակում հրապարակավ աջակցություն հայտնելուց հետո փետրվարի 23-ին, ժամը 22.00-ին Երեւանի Արգավանդի խճուղու մոտ ապօրինաբար ձերբակալվել են ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանն ու իր եղբայրը` Վարդան Ջհանգիրյանը, որոնց նկատմամբ հարուցվել է ապօրինի զենք պահելու եւ իշխանության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալու շինծու մեղադրանք: Գ. Ջհանգիրյանի բնակարանում իրականացվել է ապօրինի խուզարկություն:
Շարունակելի









Կարծիքներ
Հայտնեք ձեր կարծիքը